23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 4-ը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, կոչումով գնդապետ Ս.Ա.-ն, ուժեղացված մարտական հերթապահության մեջ գտնվելու պայմաններում խախտել է մի շարք նորմատիվ իրավական ակտերով սահմանված մարտական հերթապահություն կրելու կանոնները։ Մասնավորապես, Ս.Ա.-ն 2020 թվականի սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի և իր կողմից հրավիրված այլ հյուրերի` պաշտպանության բանակի շուրջ 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք՝ հացկերույթ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից ստացել է առաջնագծում և հակառակորդի թիկունքում ուժերի և միջոցների տեղաշարժերի ու կուտակումների, մարտական գործողությունների անցման վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։ Այդ պայմաններում, վերջինս ի պաշտոնե պարտավոր է եղել որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, մինչդեռ որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ։
Ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 06:10-ից, իր ենթակա զորամասի պահպանության բնագծում հակառակորդի կողմից դեպի առաջնագիծ տանկերի, զրահատեխնիկաների և անձնակազմի առաջ շարժվելու պայմաններում ի պաշտոնե պարտավոր լինելով իր նախաձեռնությամբ որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին վերադաս հրամանատարին զեկուցելու համար, շարունակել է դրսևորել անգործություն և չի կատարել իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններն ու իր վրա դրված պարտականությունները, որի պայմաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` ժամը 07:10-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և հաջորդող ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն, ինչն էլ հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ:
Ս.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին, այն է՝ մարտական հերթապահություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն): Նույն օրը որոշում է կայացվել Ս.Ա.-ին ձերբակալելու մասին և միջնորդություն ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
2022թ. հուլիսի 29-ին Ս.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ադրբեջանը վերակառուցում է իր բանակը թուրքական մոդելով, գրում է Eurasianet-ը։
Բաքուն սկսել է մի շարք նոր ռազմական բարեփոխումներ, ներառյալ ծախսերի ավելացումը, նոր ստորաբաժանումների ստեղծումը, ազգային պաշտպանության նոր համալսարանը եւ հատուկ նշանակության ուժերի թվաքանակի ավելացումը: Եվ այս ամենը պետք է հիմնված լինի թուրքական մոդելի վրա։
Բարեփոխման հիմնական առաջնահերթությունը կարծես թե հատուկ նշանակության ջոկատների արագ զարգացումն է։ 2022 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտնել է, որ «Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանը կրկնապատկել է իր հատուկ նշանակության ուժերի թիվը»։ Սա ներառում է 2020 թվականից հետո ստեղծված նոր հատուկ նշանակության ստորաբաժանումը, որը կոչվում է «կոմանդոս» եւ հիմնված է թուրքական նույնանուն ստորաբաժանումների վրա։
Այս պահին Ադրբեջանը հայտարարել է հինգ «կոմանդոս» ստորաբաժանում ստեղծելու մասին։ Պաշտոնյաները չեն հրապարակել, թե ներկայումս քանի «կոմանդոս» կա Ադրբեջանում, սակայն, Ալիեւի խոսքով, դրանց թիվը հասնում է «հազարների»։
Այդ ստորաբաժանումները կգործեն անմիջապես ցամաքային զորքերի նոր հրամանատարության ներքո, որը նույնպես ուղղակի ներմուծված է Թուրքիայից։ Հրամանատարությունը ստեղծվել է 2021 թվականին, եւ դրա առաջին հրամանատարը եղել է գեներալ-լեյտենանտ Անվար Աֆանդիեւը, որն ավարտել է Թուրքիայի ռազմական ակադեմիան։ Նոր հրամանատարությունն այժմ կհամակարգի բոլոր ցամաքային գործողությունները. նախկինում ցանկացած տարածքում բոլոր ռազմական գործողությունների ղեկավարումն իրականացվում էր Գլխավոր շտաբի կողմից։
Նոր Ազգային պաշտպանության համալսարանը, որը հիմնադրվել է 2022 թվականի մարտին, գործում է թուրքական մոդելով, որի չափանիշները հիմնված են Թուրքիայի պաշտպանության համալսարանի չափանիշների վրա: Ադրբեջանը նաեւ ավելացրել է իր զինվորականների թիվը, որոնք վերապատրաստվում են հենց Թուրքիայում։ Ներկայումս Թուրքիայում վերապատրաստվում են ավելի քան 200 սպաներ եւ պայմանագրային զինծառայողներ։
Այնուամենայնիվ, Ադրբեջանում թուրքական ռազմական ազդեցության սահմաններ կան: Թեեւ 2020 թվականի պատերազմի սկսվելուց հետո տարածված տեղեկություններ կային, որ Թուրքիան կարող է ռազմաբազա հիմնել երկրում, Ալիեւը հայտարարեց, որ «այդ տարբերակը Թուրքիայի հետ չի քննարկվել»։ Ադրբեջանի ռազմական դոկտրինան թույլ չի տալիս օտարերկրյա ռազմակայաններ տեղակայել երկրում։ «Եթե Ադրբեջանը մեծ վտանգի առաջ կանգնի, մենք կօգտվենք այս հնարավորությունից, քանի որ Թուրքիան մեր դաշնակիցն է»,-ասել է նա։
Ադրբեջանի զինված ուժերի վրա թուրքական ազդեցության թերեւս ամենահայտնի տարրը սպառազինությունն է։ TB2 Bayraktar անօդաչու սարքերը վճռորոշ դեր են խաղացել 2020 թվականի պատերազմում։ Մյուս վերջին ձեռքբերումները ներառում են Dragoneye էլեկտրաօպտիկական սենսորային համակարգ, Cobra II զրահամեքենաներ, TRG-300 բազմակի արձակման հրթիռային համակարգեր, TRLG-230 լազերային կառավարվող հրթիռներ, T-122 Sakarya բազմակի արձակման հրթիռային համակարգ եւ այլն:Լուրեր
Ադրբեջանը Հայաստանի և Արցախի ուղղությամբ կրակել է Թուրքիայի հրահանգով: Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին, որպեսզի թուլացնի Սիրիայում և Իրաքում իր վրա ճնշումները: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը: Նկատենք, որ հարաբերական անդորրից հետո Ադրբեջանը վերջին երկու օրերին կրակել է Հայաստանի և Արցախի ուղղությամբ:
Ըստ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի՝ Ադրբեջանն իր սադրանքներն իրականացրել է Թուրքիայի նախաձեռնությամբ:
Զրուցակցի խոսքով՝ Հարավային Կովկասում՝ ներառյալ Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, Թուրքիան համեմատաբար շահեկան վիճակում է, ուստի Ադրբեջանին որպես գործիք է օգտագործում, որպեսզի մեղմի Սիրիայում և Իրաքում իր վրա ճնշումները.
«Թուրքիան Սիրիայում և Իրաքում լուրջ խնդիրներ ունի։ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիան ստիպված համաձայնվել է, որ Սիրիայում չի պայքարելու ահաբեկչական խմբավորումների դեմ, եթե սրան էլ գումարենք, որ Իրաքում սկսվել հակաթուրքական և հակաարևմտյան շարժում, որը ցանկացած պահի կարող է վերածվել զինված հարձակման, ապա Թուրքիան իր համար ավելի շահեկան տարածքում, որտեղ ինքը ավելի ուժեղ է, որոշակի լարումներ է առաջացնում, այսինքն, եթե այնտեղ թույլ է, հարվածներ է ստանում, հիմա հարվածում է այնտեղ, որտեղ ուժեղ է»,-ասաց Նահապետյանը:
Ընդ որում՝ Ադրբեջանը կրկին սադրանքից առաջ հող է նախապատրաստում դրա համար, քանի որ երեկ ադրբեջանական կողմն էր ապատեղեկատվություն տարածել, թե ՀՀ ԶՈՒ-ն և Արցախի ՊԲ-ն կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը հետո հերքվեց մեր ՊՆ-ի կողմից:
Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ աա ընդունված գործելաոճ է Ադրբեջանի կողմից և պետք չէ զարմանալ.
«44-օրյա պատերազմից առաջ և հետո Ադրբեջանը փորձում էր հիմնավորել, որ հայկական կողմն է հարձակվել, իսկ իրենք ընդամենը պաշտպանվել են, իհարկե, այս հիմնավորումն առ ոչինչ էր, քանի որ Ադրբեջանը սահմանին կենտրոնացրել են հարձակվողական տեխնիկա, որը հայկական կողմը չէր արել, միայն այս փաստը բավարարել է ապացուցելու, որ հարձակումն Ադրբեջանի կողմից է եղել: Հիմա էլ կարող է հարձակվել, սադրանքներ իրականացնել և ասել, թե պաշտպանվող կողմն է, Ադրբեջանը նման բաներ արել է և կանի»,-ասաց նա:
Մեր խնդրանքով զրուցակիցը մեկնաբանեց նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաևի հայտարարությունը, որ «Մոսկվան դեմ չէ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացում նոր դերակատարների ներգրավմանը, կարևորը` թաքուն խաղեր թույլ չտալն է»:
Ըստ Հայկ Նահապետյանի սա հստակ ուղերձ էր Թուրքիային, որ ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին պետք չէ ներգրավել մի գործընթացի մեջ, որտեղ Ռուսաստանը դեմ է.
«Ռուսաստանը մեսիջ է տալիս, որ բանակցությունները պետք է բաց լինեն, ցանկացած պետություն, որն ունենա գաղտնի պայմանավորվածություններ այլ երկրների հետ, ինքը բացահայտելու է և դա ընդհանուր խաղի կանոնների խախտում է լինելու»,-ասաց Նահապետյանը:
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հուլիսի 26-ին Ղրղզստանում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու ընդունող երկրի պատվիրակությունների մասնակցությամբ տեղի ունեցած թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների կոնֆերանսի ժամանակ հնչած ելույթներին։
«Հուլիսի 26-ին Ղրղզստանում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու ընդունող երկրի պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների կոնֆերանսը:
Նիստում ելույթ ունեցած Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար, գեներալ-գնդապետ Ալի Նագիեւն իր ելույթում մասնավորապես ասել է` Հայաստանի ռեւանշիստական ուժերը չեն հրաժարվել իրենց մտադրությունից, հայաստանյան ընդդիմադիր ուժերը լուրջ փորձեր են կատարում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորելու դեմ ու հավելել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների աչալրջության արդյունքում կկանխվեն սրա հետ առնչվող յուրաքանչյուր քայլ ու գործընթաց:
Կոնֆերանսում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի ելույթը հայաստանյան ներքաղաքական զարգացումներին ուղղված բացահայտ միջամտություն է, որի նախադեպը երբեւիցե չի եղել:
Վստահությամբ կարող ենք փաստել, որ հիշյալ կոնֆերանսում Ալի Նագիեւի հանդուգն ելույթը բնորոշ չէ իրեն, բացառապես պայմանավորված է Հայաստանի այսօրվա ծանր վիճակով, ինչպես նաեւ այն գիտակցմամբ, որ իր ոչ կոռեկտ ելույթին Հայաստանի իշխանությունների կողմից համարժեք պատասխան չի տրվելու:
Ալի Նագիեւն այն անձն է, ով պարբերաբար մասնակցելով ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների մասնակցությամբ համաժողովներին` աչքի էր ընկնում հայաստանյան պատվիրակության ներկայությունից կաշկանդված իր պահվածքով` ակնհայտ էր, որ նա կոմպլեքսավորված էր պարտվողի սինդրոմով (մոտ ապագայում մեր հրատարակելիք գրքում նաեւ անդրադառնալու ենք, թե ադրբեջանական պատվիրակությունների մասնակցությամբ ինչ մթնոլորտում էին անցնում նման հանդիպումները):
Հետաքրքիր է, որ 2005-2011 թվականներին զբաղեցնելով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը` Ալի Նագիեւին հաջողվեց խուսափել քրեական պատասխանատվությունից այն դեպքում, երբ նրա ղեկավար, գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովն ու համակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ քննության տակ հայտնվեցին բանդիտիզմի մեղադրանքով: Դժվար է պատկերացնել, որ նման բարձր պաշտոն զբաղեցրած անձը կարող էր զերծ լինել համակարգի վերին էշելոններում առկա հանցավոր երեւույթներից: Զավեշտն այն է, որ այսօր Հայաստանի ընդդիմության հասցեին սպառնալիքներ է հնչեցում նման հանցագործությունների մեջ ներքաշված կառույցի ղեկավարը:
Նման փաստերին չարձագանքելով` հեղինակազրկվում է երկիրը»,- նշվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանը այս պահին իրականացնում է առնվազն 35 թունելի, 10 ավտոճանապարհի ու 2 երկաթուղու կառուցում Արցախի գրավյալ տարածքներում, որոնք ամբողջության մեջ օղակ են ստեղծում հայկական վերահսկողության տակ մնացած տարածքների շուրջ։ Եթե ուշադրություն դարձնեք Sputnik Արմենիա-ի հրապարակած գրաֆիկական քարտեզին, կնկատեք, որ առնվազն 4 ճանապարհ ուղղակիորեն մոտենում ու հատվում է ՀՀ արևելյան առաջնագծին՝ Սյունիքի մարզին և Ջերմուկին։ Ադրբեջանի կողմից կառուցվող բոլոր ավտոճանապարհները նախևառաջ ունեն ռազմական նշանակություն, կառուցվում են այդ չափանիշներով, և դրանց շինարարությունը հիմնականում իրականացնում են թուրքական ու բրիտանական ընկերությունները։ Բոլոր ճանապարհների շինարարության վերջնաժամկետ է նշված 2025-ի ամառը՝ ռուս խաղաղապահների առաքելության առաջին ժամկետի ավարտից 4-5 ամիս առաջ։ Ռուսաստանը չի թաքցնում, որ 2025-ից հետո մնալու է Արցախում, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական ճանապարհներ են կառուցում Արցախի ու Սյունիքի շուրջը։ 2025-ից առաջ, սակայն, կա ևս առնվազն 2,5 տարի։ Սյունիքի ուղղությամբ ռազմական ագրեսիան հայերի համար կարող է տեղի ունենալ նույնքան անսպասելի ու հանկարծակի, ինչպես եղավ 2020-ի պատերազմը։
Նաիրի Հոխիկյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր՝ Հայաստան մուտքն արգելելու վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․«Նիկոլ Փաշինյանի համակարգի կողմից Հայաստան մուտքս արգելելուց երկու շաբաթ անց ցավով հաստատում եմ, որ իշխանության այս որոշումը իրավական ոչ մի լուրջ հիմք չունի: Հայտնի պատճառներով Թուրքիայում և Ադրբեջանում ճանաչված լինելով որպես անցանկալի անձ «անցանկալի» եմ նկատվել նաև Հայաստանումիշխանությունների կողմից չհիմնավորված պատճառներով: Առաջին բացատրությունը ԱԱԾ-ն մերժել էր տալ
hայտնելով, թե մուտքիս արգելքը երկիր առնչվում է անձնական կյանքիս:
Ապա, անդրադառնալով կացության ծիծաղելիությանը, հուլիսի 22-ին վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ արգելքի պատճառը 2021-ի հունիսի 1-ին, Փարիզում, Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ցույցին մասնակցությունս է, և տվյալ ցույցը կազմակերպելը: Բայց նշյալ թվականից մինչև 2022-ի հուլիսի 13-ը 4 անգամ անարգել մուտք եմ գործել Հայաստան: Ավելին, Հայաստանի պատկան մարմինները ոչ մի բողոք չեն ներկայացրել ֆրանսիայի իշխանություններին՝ 2021-ի հունիսի 1-ի ցույցի մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ: Որևէ իրավական պետության հիմնարար սկզբունքներ՝ անմեղության կանխավարկածը և խոսքի ազատությունը բռնաբարելով, Հայաստանի կառավարությունը առանց դատական որևէ հիմնավորման որոշել է Հայաստան մուտքս արգելել 2022-ի հուլիսի 13-ին: Եվ իրողությունն այն է, որ ես ոչ մասնակցել եմ այդ ցույցին, ոչ էլ կազմակերպել եմ այն: Տարբեր տեսակետ ունենալը միակ սկզբունքն է, որը մղել է Նիկոլ Փաշինյանին նման որոշում կայացնելու` բռնատիրական վարչակարգին վայել կեցվածքով:
Մերժում եմ այս որոշումը և պահանջում եմ Հայաստան վերադառնալու իրավունքս: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ` ոչ էլ իր վարչակարգինը: Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է, ուր կարող է մուտք գործել յուրաքանչյուր հայ, նույնիսկ եթե ընդդիմադիր է իշխանությանը: Եվ այս պատճառով է, որ որոշել եմ իրավական առումով վերականգնել իրավունքս, որի համար դատական պաշտպանությունս վստահել եմ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ներկայացնելու անձս, և փաստաբան Սիրանուշ Սահակյանին, որոնց լիազորում եմ կատարելու հարկն ու պատշաճը: Արծվիկ Մինասյանը հուլիսի 25-ին արդեն իսկ այս մասին նամակ է ուղարկել ԱԱԾ-ին՝ պահանջելով վերանայել տվյալ որոշումը: Օրինական առումով ԱԱԾ-ն 5 օր ժամանակ ունի պատասխանելու նամակին, որի հիման վրա մենք կորոշենք թղթածրարի հետագա հոլովույթը:
Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել Հայաստանից ու Սփյուռքից, քաղաքական տարբեր դիրքորոշումների տեր անձանցից, որոնք բոլորն էլ ընդվզել են Փաշինյանի հակաժողովրդավար որոշման դեմ: Նման որոշմանը ընդդիմանալը բխում է Հայաստանի նկատմամբ սիրուց և մերժումն է ժողովրդավարությունից կառավարության շեղման, ինչպես նաև իրավական պետության հիմնարար սկզբունքների հիշեցումն է` Հայաստանը պետք է վերադառնա իրավական պետության իր կոչումին:
Հուսկ, իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար»:
Հիշեցնենք, որ Փաշինյանի աշխատակազմը պարզաբանել էր․ թե ինչու է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:
Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է»:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը նախապայման չի համարում:
Հիշեցնենք՝ Էրդողանը, մասնավորապես, հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանն իրենց համար «կարմիր գիծ է» և Ադրբեջանի խնդիրները լուծելուց հետո նոր Անկարան կբացի սահմանները:
Հովիկ Աղազարյանը, սակայն, կարծում է, որ Էրդողանի այս հայտարարությունը ներքին լսարանի համար է արված և պետք չէ այն որպես նախապայման դիտարկել.
«Իրենք չեն էլ թաքցնում, որ մեկ-ազգ, մեկ-պետություն են, հետևաբար, պետք է միմյանց շահերը հաշվի առնեն, բայց այդ շահերը հաշվի առնելու ճանապարհին՝ ի՞նչ խնդիրներ կլուծվի, դա այլ խնդիր է: Ես այդտեղ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում և կարծում եմ, որ մենք չպետք է դոգմա ընդունենք Էրդողանի ասածները, շատ հանգիստ կարող է մեկ ամիս հետո այլ բան ասի: Ես սա նախապայման չեմ կարող համարել, քանի որ չգիտեմ՝ ի՞նչ նկատի ունի, ինքն Ադրբեջանի հետ կապված ինչ լուծումներ է ակնկալում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ Թուրքիան ակնկալում է խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքում Հայաստանի և Ադրբեջանի միջև, Հովիկ Աղազարյանն արձագանքեց.
«Խաղաղության պայմանագիրը շատ ուշ է կնքվելու, դա տարիների հարց է, եթե Էրդողանն ասի՝ մինչև խաղաղության պայմանագիր չկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, մենք սահմանները չենք բացի, ինքը կընկալվի ո՛չ լուրջ քաղաքական գործիչ, ո՛չ լուրջ ղեկավար,երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթաց սկսվի, դա արդեն այլ հարց է, թե չէ խաղաղության պայմանագիրը երկարատև գործընթաց է, հատկապես, հաշվի առնելով մեր և Ադրբեջանի միջև առկա խնդիրները, հետևաբար, պետք է համարենք, որ այս պահին ներքին լսարանին կամ քաղաքական ինչ-որ շրջանակների կերակրելու համար արված հայտարարություն էր սա և պետք չէ ընդունել որպես նախապայման կամ վերջնական որոշում»,-ասաց նա:
Իսկ թե ամեն օր հնչող սպառնալիքների և նախապայմանների ներքո ինչպե՞ս է պատկերացնում խաղաղության գործընթացն այս երկու երկրների հետ, Աղազարյանն ասաց, որ առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ համակեցության մենք չենք կարող ապրել մի տարածաշրջանում.
« Խաղաղության օրակարգը, որն այսօր դրված է քննարկման սեղանին, դա անխուսափելի է, բայց սա չի նշանակում, որ մենք չպետք է մեր հույսը դնենք միայն խաղաղության վրա և հաշտվենք այն մտքի հետ, որ Ադրբեջանը և Թուրքիան նույնպես այդպիսի տրամադրվածություն ունեն և ամեն ինչ «օքեյ» է, մենք զուգահեռաբար պետք է ուժեղացնենք, մեր պաշտպանողականությունը, որպեսզի մեր խոսքն ավելի ծանրակշիռ լինի, անկասկած, մեր խոսքը ծանրակշիռ է միջազգային հանրության համար, բայց պետք է այնպես անենք, որ ծանրակշիռ լինի նաև մեր հարևանների համար»,-ասաց նա:
Հովիկ Աղազարյանը նաև նշեց, որ այնքան էլ վստահ չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են խաղաղության գնալ մեզ հետ.
«Ես շատ վստահ չէի լինի այդ հարցում, դրա համար եմ ասում, բոլոր հնարավոր միջոցներով պետք է ուժեղացնենք մեր պաշտպանողունակությունը՝սպառազինության ձեռքբերումը, բանակի մարդական ոգին բարձրացնելը, բանակում այնպիսի բարքերի ձևավորումը, որ այն դառնա ամբողջ հայ ժողովրդի բանակը»,-ասաց Աղազարյանը:
Անցյալ շաբաթ գրել էի մի աղմկահարույց դեպքի մասին, երբ հայ պաշտոնյաները թույլ չէին տվել ֆրանսահայ համայնքի ղեկավար Մուրադ Փափազյանին, որն իր կյանքը նվիրել է Հայ դատի պաշտպանությանը, մուտք գործել Հայաստան՝ Երևանի օդանավակայան ժամանելուց հետո։ Չնայած օդանավակայանում Փափազյանի բազմիցս հնչեցրած հարցերին, թե ինչու են հայ պաշտոնյաներն արգելում իր մուտքը երկիր, նրան այդպես էլ պատասխան չեն տվել։ Այժմ մեկնաբանեմ այս գործի վերջին զարգացումները։
Սկզբում պետական պաշտոնյաները լրատվամիջոցներին ասացին, որ չեն կարող բացահայտել Փափազյանի վտարման պատճառը՝ նրա անձնական կյանքի իրավունքը չխախտելու համար։ Երբ Հայաստանի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին առաջին անգամ հարցրին, թե ինչու են Փափազյանին արգելել մուտք գործել երկիր, նա ասաց, որ գաղափար չունի։ Սինանյանը այնուհետև սխալմամբ պնդեց, որ Փափազյանի գլխավորած կազմակերպությունը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF), իրավունք չունի ներկայացնելու ամբողջ ֆրանսահայ համայնքը, քանի որ այն ընդամենը մեկ կազմակերպություն է։ Հակառակ Սինանյանի հայտարարության՝ CCAF-ը ոչ թե մեկ կազմակերպություն է, այլ շուրջ 60 ֆրանսահայ կազմակերպությունների համախմբում։
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անանուն օգնականներից մեկն անցած շաբաթ ծավալուն հարցազրույց տվեց ,Արմենպրեսե գործակալությանը՝ պնդելով, որ Փափազյանին արգելել են մուտք գործել Հայաստան՝ ,Օտարերկրացիների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի ,1.գե և ,1.զե կետերը խախտելու համար։ Օգնականը շարունակեց՝ պնդելով, որ Փափազյանն այն անձանցից էր, որը 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում հարձակվել է Փաշինյանի ավտոշարասյան վրա: Ի՞նչ պատահեց կառավարության սկզբնական պատճառաբանությանը, որ չի կարող բացահայտել Փափազյանի վտարման պատճառը՝ պաշտպանելու համար նրա անձնական կյանքի իրավունքը: Նրա վտարման իրական պատճառը վարչապետի անհանդուրժողականությունն է յուրաքանչյուրի նկատմամբ, ով կհամարձակվի ընդդիմանալ իր վարչակարգին։
Ահա իրական փաստերը. ես ճշտեցի, որ Փափազյանը ներգրավված չի եղել Փաշինյանի ավտոշարասյան վրա որևէ հարձակման մեջ, քանի որ նա այնտեղ չի եղել։ Բողոքի ակցիան իրականացվել է մի խումբ երիտասարդների կողմից, որոնք ցավոք լոլիկ են նետել Փաշինյանի ավտոշարասյան վրա։ Օտար հողում պատշաճ չէ նման բան անել Հայաստանի ղեկավարի նկատմամբ։ Այնուամենայնիվ, անցյալ տարվա միջադեպը Հայաստանի կառավարությունն այնքան անկարևոր էր համարել, որ Փարիզում Հայաստանի դեսպանությունը նույնիսկ բողոք չէր ներկայացրել Ֆրանսիայի իշխանություններին։
Երկրորդ՝ շատ տարօրինակ է, որ 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում տեղի ունեցած ավտոշարասյան միջադեպից հետո Փափազյանը չորս տարբեր առիթներով այցելել է Հայաստան, և Երևանի օդանավակայանում ոչ ոք չի խոչընդոտել նրա մուտքը։ Եթե վարչապետի օգնականը լուրջ է վերաբերվում Փափազյանին ուղղված իր անհիմն մեղադրանքին, ապա ինչո՞ւ կառավարությունը չի արգելել նրա մուտքը Հայաստան մեկ տարի շարունակ, այլ՝ միայն նրա հինգերորդ այցի ժամանակ։ Վարչապետի օգնականը, այսպիսով, ընդունում է, որ Հայաստանի պաշտոնյաներն այնքան անձեռնհաս են, որ նույնիսկ չեն կարողանում պատշաճ կերպով իրականացնել իրենց սեփական որոշումները։
Ավելին, Փաշինյանի օգնականը կեղծորեն պնդել է, որ մամուլում կան հրապարակումներ Փարիզի միջադեպի մասին, այդ թվում՝ տեսանյութեր համացանցում, որոնք ցույց են տալիս Փափազյանի և մյուսների բողոքը։ Փաստն այն է, որ նման տեսանյութ չկա, որը ցույց կտա Փափազյանի մասնակցությունն այդ բողոքի ակցիային, զուտ այն պատճառով, որ նա այնտեղ չի եղել: Եթե նման տեսանյութ լիներ, ապա Հայաստանի կառավարությունը այն լայնորեն կտարածեր՝ Փափազյանի մեղքն ապացուցելու համար։
Քանի որ վարչապետի օգնականը Փափազյանին ուղղված իր մեղադրանքը հիմնավորել է ,Օտարերկրացիների մասինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի ,1.գե և ,1.զե կետերով, ինձ հետաքրքրեց, որ նույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետում նշված են հետևյալ միակ պետական պաշտոնյաները, որոնք կարող են մուտք գործել՝ Հայաստան մուտքի արգելք ունեցող անձանց սև ցուցակը՝ ,Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ, Ազգային անվտանգության գործակալությունը, ոստիկանության լիազորված պաշտոնյաները, ԱԳՆ պաշտոնյաները, դատարանները և դատախազությունըե: Կարևոր է, որ ոչ անձամբ վարչապետը, ոչ էլ նրա օգնականները չկան այն պաշտոնյաների ցուցակում, որոնք իրավասու են մուտք գործել սև ցուցակը: Փաշինյանի օգնականը որտեղի՞ց է իմացել, որ Փափազյանի անունը սև ցուցակում է, և ինչո՞ւ է արգելվել նրա մուտքը երկիր։ Սա օրենքի ակնհայտ խախտում է, այն նույն օրենքի, որը մեջբերել է Փաշինյանի օգնականը՝ արդարացնելու Փափազյանի մուտքի արգելքը։ Կարգին ժողովրդավարական երկրում այս օգնականը և նրա վերադասները քրեական պատասխանատվության կենթարկվեին օրենքը խախտելու համար: Այն, ինչ նրանք արել են Փափազյանի նկատմամբ, իշխանության չարաշահում է։ Հայաստանը Փաշինյանի սեփական տունը չէ, որ նա որոշի, թե ում ներս թողնել, ում արգելել։
Վերջապես, մինչ կառավարությունը զբաղված է մի ազգայնասեր հայի մուտքը երկիր արգելափակելով, սոցիալական ցանցերում լայնորեն տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է թուրք ծայրահեղականը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լեզուն դուրս հանած, գայլի պես ոռնում, հիստերիկ քրքջում, ծաղրում Հայոց ցեղասպանությունը և թուրքական ,Գորշ գայլերե ահաբեկչական խմբավորման ձեռքի շարժումն անում՝ կրելով թուրքական ֆուտբոլային ակումբի դրոշը, որի վրա պատկերված են կիսալուսինն ու աստղը՝ Թուրքիայի Հանրապետության խորհրդանիշը։ Թեև ոստիկանությունը միշտ չէ, որ կարող է կանխել նման այլանդակ միջադեպերը, սակայն եթե հայ պաշտոնյաներն այդքան զբաղված չլինեին իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելով, նրանք ավելի շատ ժամանակ կունենային զբաղվելու հայ ազգի իսկական թշնամիներով։ Որքա՜ն հեգնական է, որ հայ ազգայնասերին արգելում են մուտք գործել Հայաստան, միևնույն ժամանակ թուրք ծայրահեղականին թույլ են տալիս մուտք գործել երկիր և վիրավորել Ցեղասպանության նահատակների հիշատակը։
Շատ ավելի լավ կլիներ, որ հայ պաշտոնյաներն ասեին ճշմարտությունը՝ խոստովանելով, որ չպետք է Փափազյանին վտարեին Հայաստանից, այլ ոչ թե իրենց սկզբնական սխալը կոծկելու համար նոր ստեր հորինեին։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Թեհրանյան հանդիպումը լուրջ փոփոխություններ է մտցնելու նաև ռեգիոնալ քաղաքականության մեջ։ Թուրքիան առնվազն վերջին 30-ամյակում հասել է իր հզորության գագաթնակետին և հավակնում է ոչ միայն ռեգիոնալ տերության կարգավիճակի, այլև՝ համաշխարհային պետության։ Միևնույն ժամանակ, ռեգիոնալ տերության կարգավիճակի հավակնորդ է նաև Իրանը, ինչով էլ պայմանավորված են այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որոնցում ընդգծվում էր Իրանի ակնհայտ անհամաձայնությունը մեր տարածաշրջանում Թուրքիայի հեգեմոն դիրքին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Այստեղ Հայաստանի դերը կարևոր է այնքանով, որ Հայաստանը Ռուսաստանի համար մեր տարածաշրջանում հանդիսանում է վերջին հենակետը, որտեղ ունի ռազմական ներկայություն, և Արևմուտքն ու Թուրքիան ամեն կերպ փորձելու են դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից։ Ի դեպ, Թուրքիան բավական հետաքրքիր խաղ է խաղում՝ այս փուլում փորձելով Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել՝ ընդ որում, եթե նախկինում թաքցվում էր նախապայմանների հարցը, ապա երեկ Էրդողանը բացահայտ հայտարարեց, որ հնարավոր չէ Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորել առանց Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման։ Սա ուղիղ խոստովանություն էր առ այն, որ կան նախապայմաններ»,-ասում է քաղաքագետը և այստեղից հետևություն անում, որ ուրեմն ռեգիոնալ մակարդակում կա ստատուս քվո՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առնչությամբ, ինչը Թուրքիային տալիս է նման ձևով խոսելու ինքնավստահություն։
Արա Պողոսյանը հիշեցնում է՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների ոչ առաջին, ոչ էլ հաջորդող հանդիպումների ժամանակ նախապայմանների մասին խոսք չկար, ավելին՝ շեշտվել էր, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների պիտի լինի։ Միևնույն ժամանակ, թեհրանյան հանդիպումներից հետո ակնառու է, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրն» առաջ մղելու միտում։
«Հիմա, փաստորեն, իրավիճակ է փոխվել։ Կարծում եմ՝ դրա վրա էականորեն ազդել է Արևմուտքը։ Գործընթացի թիվ մեկ շահառուն Միացյալ նահանգներն են։ Ինչո՞ւ, քանի որ Ռուսաստանի հետ հակադիր բևեռում գտնվելով՝ ԱՄՆ-ն շահագրգռված է , որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը վերանա։ Դա հնարավոր կլինի միայն դրա համար լեգիտիմ հիմք ստեղծելով, իսկ դա կարող լինել բացառապես այն դեպքում, երբ ՀՀ-ն պաշտոնապես հայտարարի, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ որևէ խնդիր չունի՝ այդ թվում գոյաբանական։ Հասկանալի է, որ այս պահին ռուսական զորքերի՝ ՀՀ-ում գտնվելու միակ լեգիտիմ հիմքն այն է, որ Թուրքիան հայ ժողովրդի համար գոյաբանական սպառնալիք է ներկայացնում»,-շեշտում է քաղաքագետը։
Փորձագիտական շրջանակներում շրջանառվող այն թեզը, թե Թուրքիան որպես Ռուսաստանի հակակշիռ դիտարկելը Հայաստանին ձեռնտու կարող է լինել, Պողոսյանը բացարձակապես չի կիսում։ Ավելին՝ նա համոզված է, որ այդ դեպքում Հայաստանը, անկասկած, կբաժանվի զուտ ազդեցության գոտիների և այդ ճանապարհն անխուսափելիորեն կհանգեցնի պետականության կորստի։
Անդրադառնալով թեհրանյան հանդիպումների ժամանակ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հնչեցված կարևոր ուղերձներին՝ Պողոսյանը ընդգծում է, որ դրանք ուղղված էին առաջին հերթին Թուրքիային և Ռուսաստանին, բայց և պետք է նկատել՝ բացի այդ երկու երկրներից, դրանք ուղղված էին, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի» բացմամբ և տարածաշրջանային փոփոխություններով շահագրգռված մյուս կողմերին ևս։
«Իրանական ուղերձները վերաբերում են հատկապես ճանապարհներին և, չնայած դրանք ՀՀ-ում մեծ ոգևորություն են առաջացրել, ինքս այդտեղ նաև մարտահրավեր եմ տեսնում։ Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է լինելու, եթե Իրանին առաջարկվի երաշխավորված ճանապարհ՝ իր դիրքորոշումը փոխելու համար։ Բոլոր դեպքերում, եթե մե՛նք չենք մեր իրավունքների, մեր շահերի պաշտպանը, մյուս կողմերը մեր իրավունքների և շահերի հաշվին կատարելու են միջազգային առևտուր»,-ասում է Արա Պողոսյանը։
Այն, որ թեհրանյան հանդիպումներից և այնտեղից հնչած հայտարարություններից հետո ակտիվորեն առաջ են մղվում, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի», Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերը, մեր զրուցակցի գնահատմամբ, դրան խանգարող հնարավոր գործընթացները կանխելու նպատակ ունեն։ Ամեն դեպքում, հասկանալի է, որ Իրանի՝ տարածաշրջանային գործոն ու դերակատար լինելը ձեռնտու չէ, նախ և առաջ, ԱՄՆ-ին։
«Իրերի ներկա վիճակը ձեռնտու չէ Արևմուտքին և հատկապես ԱՄՆ-ին , ու պատահական չէ, որ նրա մերձավոր դաշնակից Իսրայելը թեհրանյան հանդիպումից ընդամենն օրեր առաջ ՊԲ հրամանատարի շուրթերով հայտարարեց, թե այլևս հնարավոր չէ Իրանի հետ միջուկային խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով և Իսրայելը պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել խնդիրը»,-նշում է քաղաքագետը։
Արցախից միշտ էլ հրավերներ եղել են, բայց ցավոք սրտի, ոչ միշտ է, որ ՀՀ իշխանություններն արձագանքում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթոյւր Մոսիյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրապարակավ հրավեր է ուղարկել Հայաստանի ԱԺ բոլոր խմբակցություններին՝ մասնակցելու Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության տարեդարձին:
«Ավելին, միշտ սեպտեմբերի 21-ին Հայաստանի կողմից է հրավեր եղել Արցախի իշխանություններին, բայց վերջին անգամ միայն համերգի հրավիրեցին Արցախի ԱԺ նախագահին, որը չմասնակցեց, եկավ Եռաբլուր և վերադարձավ:
Այս պահին Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև կապ, որպես այդպիսին, չկա: Կա Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան անձնական կապ: Նրանք միջպետական հարաբերությունները վերածել են աննական հարաբերությունների: Ոչ ԱԳՆ-ի, որ խորհրդարանի, ոչ Անվտանգության խորհրդի մակարդակով որևէ հարաբերություն չկա, բացի հումանիտար 1-2 խնդրի լուծման համար կապից»,-ասաց Մոսիյանը:
Նա նկատեց, որ Արցախի ԱԺ նախագահն անուղղելի լավատես է այդ հարցում, որովհետև տասնյակ հրավերներ են եղել և բացի ընդդիմադիր խմբակցություններից, որևէ մեկն Արցախ չի գալիս:
Դիտարկմանը, թե սեպտեմբերի 2-ին Արցախ չայցելելով, ՔՊ-ականները գուցե որոշակի մեսիջ են հղում Բաքվին, Մոսիյանն արձագանքեց. «Մինչև Ադրբեջանին մեսիջ ուղարկելը մեր ՔՊ-ական իշխանությունն, ավելի լավ է, դրական մեսիջներ փոխանցի Արցախին և ցույց տա, որ Արցախի այս ծանր, վիրավոր վիճակում ինքը Արցախի կողքին է: Ես ոչ թե հոռետես եմ, այլ տառապանքս փորձ ունի: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու ՀՀ իշխանությունները չեն այցելում Արցախ: Ես ավելի քան վստահ եմ, որ որևէ մեկը բարձր մակարդակով չի այցելի: Ավելին, կարող է նորից ցանկ տան, որ ընդդիմադիրներն էլ չայցելեն»:
ՀՅԴ-ական պատգամավորը նաև հավելեց. «Վերջին ժամանակներս Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի արած արտահայտությունները Արցախի վերաբերյալ փոքր տարբերություններով, չեն տարբերվում»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.