23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մենք այցելել ենք Ջերմուկի սահմանային հատվածներ, մեր աչքով ենք տեսել այն, ինչ կա ու հետևում ենք սահմանային աշխատանքներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Տեղեր կան, որ թշնամու դիրքերը երևում են և՛ հեռադիտակով, և՛ անզեն աչքով, այո, դիտողականություն կա, բայց այն հատվածից, որտեղ սահմանը ավարտվում է։ Բոլոր տեղերից էլ երևում են, Խոզնավարում տեղ ունենք, որտեղ դիրքերի տարբերությունը մի քանի մետր է, զինվորների դեմքերը երևում են»,- ասաց Խաչատրյանը։
Անդադառնալով Բերձորում Ադրբեջանի կողմից ռազմաբազա կառուցելուն և հնարավոր սպառնալիքներին, Խաչատրյանը ասաց․
«Սպառնալիքներ միշտ էլ կան, Ադրբեջանը այսօր այնպիսի ռազմական առավելություն ունի, որ արդեն սպառնալիք է ՀՀ-ի համար, ռազմաբազայի կառուցումը մեծ բան չի փոխում, ռազմական հավասարակշռությունը ի սկբանե խախտված է»։
Արմեն Խաչատրյանը նկատեց, որ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնող ԵՄ դիտորդները արձանագրել են, որ Ադրբեջանի կողմից օկուպացիա է եղել, ինչը կունենա իրավական հետևանք։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնազավթված Շուշիում, ելույթ ունենալով զինծառայողների առջև, նոր սպառնալիքներ է հնչեցրել՝ ուղղված հայկական կողմին։ Նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ՝ սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցած գործողությունից հետո, Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են հիմնական ռազմավարական բարձունքներում։
«Այսօր այդ ռազմավարական բարձունքներից կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, մեր տեսադաշտում է նաև Սևանա լիճը»։ Ալիևն ասել է, որ հայակական կողմը պետք հասկանա, թե դա ինչ է նշանակում։
Ալիևը անդրադարձել է նաև Արցախում տեղակայացված ռուս խաղաղապահներին։
«Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավորապես են տեղակայված։ Նրանց տեղակայման ժամկետը հստակ նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրում, և եթե նրանք որևէ մեկի հետ դեռ հույս են կապում, ապա միևնույն է, նոր ողբերգության կբախվեն»,- հայտարարել է Ալիևը։
Վարչապետի աշխատակազմը չի ասում, թե որքան գումար է ծախսվել մասնավոր ինքնաթիռ վարձակալելու համար, որով սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը թռել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: Աշխատակազմը որպես հիմնավորում նշել է պետական գաղտնիքը, սակայն «Հետքը» պարզել է, թե ՀՀ պետբյուջեից ենթադրաբար որքան գումար է հատկացվել օդանավի վարձակալությանը։
Երեւան-Նյու Յորք
Սեպտեմբերի 21-ին Ն. Փաշինյանը Երեւանից թռավ Նյու Յորք: Նա օգտվել է մալթայական «AirX Charter» ավիաընկերության բիզնես դասի օդանավի ծառայություններից: Խոսքը բրազիլական արտադրության «Embraer Lineage 1000» ինքնաթիռի մասին է (մալթայական գրանցումը՝ 9H-FAB, տես գլխավոր լուսանկարում):
Դրա նախորդ օրը՝ ամսի 20-ին, վարչապետը որոշում էր կայացրել ՀՀ կառավարական պատվիրակություն ԱՄՆ գործուղելու մասին: Դրանով աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հանձնարարվել էր կազմակերպել չվերթ՝ Երեւան-Նյու Յորք (սեպտեմբերի 21-ին) եւ Նյու Յորք-Երեւան երթուղով (սեպտեմբերի 24-ին)։ Այս հարցում Հարությունյանին պետք է աջակցեր ՀՀ քաղավիացիայի կոմիտեն:
Թե ինչու է ընտրվել մալթայական «AirX Charter» ընկերությունը, վարչապետի աշխատակազմը չի ասում: Փաստ է, որ դրա «Embraer Lineage 1000» ինքնաթիռը սեպտեմբերի 21-ի գիշերը գերմանական Դյուսելդորֆից ժամանել է Երեւան՝ ՀՀ պատվիրակության հետեւից: Վարչապետի վերոնշյալ որոշումից բխում է, որ ամսի 21-ին Երեւանից Նյու Յորք է թռել 9 հոգի: ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետը դեռ սեպտեմբերի 14-ին էր մեկնել ԱՄՆ: Բացի դրանից՝ ԱՄՆ-ում հայկական պատվիրակությանն էին միանալու այդ երկրում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Հարկ է նկատել, որ պատվիրակության անդամների ցանկում ներկայացված չեն ԱԱԾ պետական պահպանության ծառայության աշխատակիցների անուններ, բայց դժվար է հավատալ, որ Փաշինյանին թիկնազոր չի ուղեկցել:
Ամեն դեպքում, ինչպես կարելի է տեսնել «AirX Charter»-ի պաշտոնական կայքում, «Embraer Lineage 1000»-ը նախատեսված է 19 ուղեւորի համար, այսինքն՝ պաշտոնապես հաստատված պատվիրակության կազմից ավելի տարողունակ է:
Սեպտեմբերի 21-ի գիշերը «Զվարթնոց» ժամանելուց մոտ 1,5 ժամ անց 9H-FAB-ը Երեւանից թռել է իռլանդական «Շանոն» օդանավակայան:
ԱՄՆ մեկնող շատ ինքնաթիռներ այս օդանավակայանն օգտագործում են վառելիքի վերալիցքավորման համար: Փաշինյանին տեղափոխող բորտը Իռլանդիայում վայրէջք է կատարել ամսի 22-ի լույս գիշերը, իսկ հետո Ատլանտյան օվիկանոսի վրայով ուղղություն վերցրել դեպի Նյու Յորք՝ Քենեդու անվան միջազգային օդանավակայան, որտեղ հասել է Նյու Յորքի ժամանակով ամսի 22-ի լույս գիշերը (Երեւանի ժամանակով՝ սեպտեմբերի 22-ի առավոտյան):
Հայկական պատվիրակությանն այստեղ թողնելուց մոտ 1 ժամ անց օդանավը թռել է Ֆիլադելֆիա, որը Նյու Յորքից հեռու է 130 կմ:
Ամսի 22-23-ին Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ում, սեպտեմբերի 22-ին նաեւ ելույթ է ունեցել Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում:
Ոչ թե Նյու Յորք-Երեւան, այլ Ֆիլադելֆիա-Փարիզ
Սեպտեմբերի 24-ին ՀՀ պատվիրակության հետադարձ չվերթը մեկնարկել է Ֆիլադելֆիայից: Գործուղման մասին վարչապետի վերոնշյալ որոշումը հուշում է, որ վերադարձող պատվիրակության կազմում եղել է 7 հոգի (կրկնենք՝ թիկնազորի մասին ինֆորմացիա չկա): Այստեղ նորից պիտի հիշեցնենք, որ «Embraer Lineage 1000»-ը նախատեսված է 19 հոգու համար, այսինքն՝ կրկնակի-եռակի ավելի տարողունակ, քան 7-9 հոգուց բաղկացած պատվիրակության կազմը: Վարչապետի աշխատակազմը չի ասում, թե ինչու է վարձակալվել ավելի մեծ տարողությամբ օդանավ, քան պատվիրակության անդամների թիվն է: Նկատենք, որ բիզնես դասի օդանավերը լինում են ամենատարբեր տարողության:
Վերեւում ասվեց, որ սեպտեմբերի 24-ի հետադարձ չվերթը պետք է լիներ Նյու Յորք-Երեւան ուղղությամբ: Սակայն Ֆիլադելֆիայից մեկնած 9H-FAB-ը սեպտեմբերի 25-ի լույս գիշերը «Շանոնում» վերալիցքավորվելուց հետո ոչ թե Երեւան է եկել, այլ թռել է Փարիզ՝ «Լե Բուրժե» օդանավակայան:
Փաստորեն, սեպտեմբերի 25-ին՝ կիրակի օրը, Փաշինյանը եղել է Փարիզում, սակայն այն, որ նա աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա ու հանդիպելու է նախագահ Էմանուել Մակրոնին, հանրությանը հայտնի դարձավ միայն հաջորդ օրը՝ երկուշաբթի։ Ընդ որում՝ հանդիպման մասին առաջինը հայտնեց Ելիսեյան պալատը, ապա՝ Փաշինյանի աշխատակազմը: Դատելով նախապես ծրագրված (վարչապետի որոշման մեջ նշված) երթուղու փոփոխությունից՝ կարող ենք ասել, որ Փաշինյան-Մակրոն հանդիպման շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ից հետո:
Սեպտեմբերի 26-ի գիշերը հայկական պատվիրակությունը Փարիզից վերադարձել է Երեւան: Բայց այս անգամ վարչապետին ու նրա ուղեկցիներին տեղափոխել է ոչ թե մալթայական «Embraer Lineage 1000»-ը, այլ ՀՀ կառավարական բորտը՝ «Airbus A319»-ը:
Կառավարական օդանավն ավելի քան 2 օր սպասում էր ՀՀ պատվիրակությանը
Ընդ որում՝ ՀՀ կառավարական օդանավը դեռ սեպտեմբերի 24-ի կեսօրին էր Երեւանից մեկնել «Լե Բուրժե» ու մինչեւ ամսի 26-ի գիշեր սպասում էր այնտեղ:
Հայտնի չէ՝ արդյոք «Airbus A319»-ը ուղեւոր է տեղափոխել Փարիզ՝ Փաշինյան-Մակրոն հանդիպման համար (ինչ-որ մեկին Ֆրանսիա գործուղելու մասին վարչապետի համապատասխան որոշում չի եղել այդ ընթացքում), թե մեկնել է դատարկ՝ զուտ ԱՄՆ-ից վերադարձող պատվիրակությանը Հայաստան տեղափոխելու համար: Անկախ ամեն ինչից՝ 2 օրից ավելի օդանավակայանում կայանելն ու այդ ընթացքում թռիչքային անձնակազմի կեցության ապահովումը ենթադրում է համապատասխան ծախսեր ՀՀ պետբյուջեից:
Սա գրում ենք այն պատճառով, որ երբ 2019-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կրկին վարձակալված բիզնես դասի օդանավով մեկնել էր ԱՄՆ ու զուտ վարձակալության համար ծախսել շուրջ 350.000 դոլար, ինչը մի շարք հարցեր առաջացրեց, օրինակ՝ թե ինչու երթուղու մի մասը չի իրականացրել ՀՀ կառավարական ինքնաթիռը (Հայաստանից մինչեւ Արեւմտյան Եվրոպայի որեւէ օդանավակայան, որտեղից տրանսատլանտիկ չվերթը կկատարեր այլ ինքնաթիռ), հիմնավորումն այն էր, որ կառավարական բորտը պետք է այդ տարանցիկ օդանավակայանում սպասեր պատվիրակության վերադարձին, միաժամանակ հարկ կլիներ ապահովել թռիչքային անձնակազմի կեցությունն այդ ընթացքում: Ստացվում է, որ հիմա արվում են այնպիսի քայլեր, ինչպիսիք նախկինում ծախսատար էին համարվում:
Բայց սա նախկին ու ներկա գործելաոճի միակ ու գլխավոր տարբերությունը չէ:
3 տարի առաջ կարելի էր պետական գաղտնիքը հանրայնացնել, հիմա ո՞չ
Ինչպես ասվեց, 2019-ի սեպտեմբերին վարչապետ Փաշինյանն իր պատվիրակությամբ մեկնել էր ԱՄՆ: Այն ժամանակ հայկական կողմը «Gulfstream G550» տիպի բիզնես դասի ինքնաթիռ էր վարձակալել ավստրիական «Avcon Jet» ավիաընկերությունից (օդանավի ավստրիական գրանցումը՝ OE-ISN):
Ու՞մ օդանավով է Փաշինյանը թռել ԱՄՆ, կամ ովքե՞ր են կլորիկ գումար աշխատել վարչապետի ուղեւորությունից
Հիշեցնենք, որ 2019 թ. սեպտեմբերի 21-26-ին «Gulfstream G550»-ը հետեւյալ երթուղով էր անցել՝ Գյումրի-«Շանոն»-Լոս Անջելես-Սան Խոսե-Նյու Ջերսի-Երեւան: Այսինքն՝ թե՛ անցած ճանապարհն էր բավական երկար, թե՛ Փաշինյանի պատվիրակության տրամադրության տակ լինելու օրերն էին ավելի շատ, քան այս անգամ: Նկատենք նաեւ, որ այս «Gulfstream G550»-ը եւս նախատեսված էր 19 հոգու համար:
Ընդ որում՝ երբ հայկական մամուլում այն ժամանակ տեղեկություններ հայտնվեցին, որ ավստրիական ընկերությունից օդանավի վարձակալությունն արժեցել է 300.000-400.000 դոլար, Փաշինյանի այն ժամանակվա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարել էր. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄՆ կատարվել է չարտերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի (մոտ 350 հազ. դոլար- հեղ.)»: 2019-ին մենք վարչապետի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հարցրել էինք, թե պետբյուջեից որքան գումար է հատկացվել՝ զուտ «Gulfstream G550» ինքնաթիռը վարձակալելու համար: Հարցմանը պատասխանել էր աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը, ում տեղեկացմամբ՝ ինքնաթիռի վարձակալության ծախսը կազմել էր 165.945.000 դրամ (մոտ 350 հազ. դոլար):
Ինչու՞ Փաշինյանը չէր կարող ԱՄՆ մեկնել կառավարական ինքնաթիռով, որն ունակ է հատել օվկիանոսը
Դրանից 3 տարի անց մենք նույնատիպ հարց էինք ուղղել վարչապետի աշխատակազմի ներկա ղեկավար Արայիկ Հարությունյանին, ու այս անգամ էլ հարցմանը պատասխանել է տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
Խնդրում եմ հայտնել, թե ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակներում պետբյուջեից ընդհանուր որքան գումար է հատկացվել Երեւան-Նյու Յորք (21.09.2022) եւ Նյու Յորք-Երեւան (24.09.2022) չվերթերի կազմակերպման համար:
Ի՞նչ հիմնավորմամբ է որպես փոխադրող ընտրվել մալթայական «AirX Charter» ավիաընկերությունը եւ կոնկրետ «Embraer Lineage 1000» տիպի օդանավը, որը նախատեսված է 19 հոգու համար, իսկ վարչապետի 20.09.2022 թ. 1086-Ա որոշման հավելվածում հաստատված ՀՀ պատվիրակության կազմը ավելի փոքր է:
Տվյալ ավիաընկերությունից փոխադրման ծառայություն գնելու համար ի՞նչ ընթացակարգ է կիրառվել: Եթե կիրառվել է մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, ապա ի՞նչ հիմնավորմամբ:
Եթե 2019-ին օդանավի վարձակալության գումարի չափը գաղտնիք չէր, հիմա աշխատակազմն ու վարչության պետ Արմեն Խաչատրյանը հիշել են, որ դրա հանրայնացումը կհակասի օրենքին:
Այսպես՝ Ա. Խաչատրյանը հայտնել է, որ 2016 թ. ընդունված «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է հետեւյալը. «Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են … «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման … ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները»: Մյուս կողմից՝ 2003 թ. ընդունված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի վերոնշյալ դրույթը սահմանում է պետական պահպանության օբյեկտները, որոնց թվում է ՀՀ վարչապետը: Այսինքն՝ վարչապետի արարողակարգային ծախսերով ձեռք բերվող ապրանքներն ու ծառայությունները, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման ծառայությունները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, որոնք հրապարակման ենթակա չեն:
Հարց է ծագում՝ ինչպե՞ս եղավ, որ Փաշինյանի նախկին խոսնակ Վ. Կարապետյանն ու նույն Ա. Խաչատրյանը 2019-ի աշնանը պետական գաղտնիք էին բացահայտում՝ չհիշելով «Գնումների մասին» օրենքի կարգավորումների մասին: Արդյոք պատճառն այն ժամանակ վարձակալության գումարի չափ հրապարակած մամուլին հակադարձելն էր, կամ որ ավելի կարեւոր է՝ նոր իշխանությանը ժողովրդավար, թափանցիկ ու հաշվետու ցույց տալը: Ի՞նչ է փոխվել այս տարիներին:
2018-ին էլ Սերժ Սարգսյանի աշխատակազմն էր հղում անում նույն օրենքին
Նման արձագանք ստանալուն պես մտաբերեցինք 2018-ի փետրվարին այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմից ստացած պատասխանը:
2018-ի փետրվարին գրել էինք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւանից Ցյուրիխ է մեկնել (Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու համար) իր ընկեր եւ սանահայր, գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Gulfstream G650» տիպի բիզնես դասի ինքնաթիռով (գրանցված է Մալթայում՝ 9H-SSK), որի շահագործողը մալթայական «Emperor Aviation» ընկերությունն է:
Վարչապետը չի հերքում, որ ընդունել է Սամվել Կարապետյանի մատուցած ծառայությունը՝ խախտելով օրենքը
Կարեն Կարապետյանը չէր պատասխանել մեր հարցերին ու չէր հերքել, որ շահերի բախում է թույլ տվել եւ խախտել է «Հանրային ծառայության» մասին օրենքը, որով հստակ սահմանվում էր՝ «հանրային ծառայողին եւ բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է իր ծառայողական պարտականությունների առնչությամբ այլ անձանցից ստանալ նվերներ, գումարներ կամ ծառայություններ»: Բացի դրանից՝ Կ. Կարապետյանը չէր ասել, թե արդյոք ինքն իր գրպանից վճարել է ծառայության դիմաց՝ հաստատելով պնդումը, որ օդանավը նրա պատվիրակությանը սպասարկել է անվճար:
Այդ հրապարակումից հետո «Հետքի» ընթերցողներից մեկը մեզ հուշել էր, որ Սամվել Կարապետյանի նույն օդանավը տեսել է 2017-ի ամռանը, երբ հեռուստացույցով դիտում էր նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իրան կատարած այցի մասին ռեպորտաժը: Եվ իսկապես, 2017-ի հուլիսին Ս. Սարգսյանը եւս օգտվել էր գործարար Ս․ Կարապետյանին պատկանող «Gulfstream G650»-ի ծառայություններից: Նախագահականից մեզ փոխանցել էին, թե քանի որ ՀՀ նախագահական/կառավարական ինքնաթիռը («Airbus A319») տեխնիկական պատճառներով հնարավոր չի եղել շահագործել, Իրան մեկնելիս Սարգսյանն օգտվել է այլ օդանավից:
Սամվել Կարապետյանի օդանավը փոխադրել է նաեւ Սերժ Սարգսյանին
Դժվար էր հավատալ, որ Սամվել Կարապետյանն ու օդանավը շահագործող մալթայական ընկերությունը գումար են աշխատել Սերժ Սարգսյանի թռիչքի կազմակերպման համար: Այդուհանդերձ, մեր հարցին, թե որքան է վճարվել «Gulfstream G650»-ի մատուցած ծառայության համար, նախագահականից հայտնել էին. «Նկատի առնելով, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց (Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի) արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման մասին տեղեկությունները, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները, ի թիվս այլ տեղեկությունների, ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում՝ Ձեր կողմից հայցվող եւ օրենքի վերոնշյալ հոդվածի կարգավորման ներքո գտնվող այդ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»:
Այսինքն՝ իշխանության գալուց 4 տարի անց Փաշինյանի աշխատակազմը ինֆորմացիա չի հանրայնացնում՝ բերելով այն նույն հիմնավորումը, ինչ մինչ այդ արել է Սարգսյանի աշխատակազմը: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանն ամբողջապես ու բավականին հարմարավետ տեղավորվել է ընդդիմադիր եղած ժամանակ իր կողմից բազմիցս քննադատվող նախկին իշխանությունների ու «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումի» մեջ:
Հուշանվերների ձեռքբերման ծախսերը եւս հրապարակման ենթակա չեն, մնացածն արժեցել է 24 մլն դրամ
Սեպտեմբերի 20-ի որոշմամբ Ն. Փաշինյանը հանձնարարել էր Նյու Յորք մեկնող 9-հոգանոց պատվիրակության գործուղման, ինչպես նաեւ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը հոգալ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներից (իսկ արդեն ԱՄՆ-ում գտնվող ԱԳՆ աշխատակցի գործուղման ծախսերը՝ նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին), իսկ հուշանվերների ձեռքբերման ծախսերը՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցներից:
Ի պատասխան մեր հարցին, թե ԱՄՆ մեկնած պատվիրակության գործուղման համար ընդհանուր որքան գումար է հատկացվել, Փաշինյանի աշխատակազմը հայտնել է, որ հուշանվերների ծախսերն իրականացվել են վարչապետի արարողակարգային ծախսերի հաշվին, ինչը նշանակում է, որ դրանք ներառվել են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ու հրապարակման ենթակա չեն: Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը աշխատակազմը պետական գաղտնիքի հիմնավորմամբ չի հայտնել, թե որքան գումար է ծախսվել «Embraer Lineage 1000» ինքնաթիռի վարձակալության եւ հուշանվերների ձեռքբերման համար:
«Ինչ վերաբերում է պատվիրակության անդամների գործուղմանն առնչվող մյուս ծախսերին (օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտի վարձակալություն, ճաշ), հայտնում ենք, որ ընդհանուր գումարը կազմում է 23.913.169 դրամ»,- փոխանցել են վարչապետի աշխատակազմից: Ներկայում այս թիվը հավասար է մոտ 60 հազ. դոլարի կամ 62 հազ. եվրոյի:
Որքա՞ն կարժենար «Embraer Lineage 1000»-ի վարձակալությունը
Նիկոլ Փաշինյանին եւ նրա պատվիրակությանը Երեւանից Նյու Յորք եւ Ֆիլադելֆիայից Փարիզ է տեղափոխել «AirX Charter» ավիաընկերության «Embraer Lineage 1000» տիպի ինքնաթիռներից 9H-FAB գրանցումով բորտը: Ըստ մալթայական փոխադրողի կայքի՝ վերջինիս շարժակազմում նման 3 օդանավ կա (9H-FAB, 9H-FCM, 9H-NYC): Սրանցից առաջին երկուսը «երկվորյակներ» են: Նրանց տեխնիկական պարամետրերը նույն են: 9H-FAB-ի ու 9H-FCM-ի թռիչքի առավելագույն տեւողությունը 9 ժամ է, տեղավորում են մինչեւ 19 ուղեւոր, ունեն 1-2 բորտ-ուղեկցորդ:
Ինքնաթիռի սրահում կա արբանյակային հեռախոսակապ, միկրոալիքային վառարան, տաքացուցիչ (սնունդ տաքացնելու համար), հեռուստացույց, ժամանցային համակարգ, թույլատրվում է տնային կենդանիներ մտցնել սրահ։
Վարչապետին տեղափոխած օդանավը, համաձայն ավիացիոն տեղեկատուների, բրազիլական գործարանից դուրս գալուց հետո 2014-ի ապրիլին հանձնվել է չինական «Minsheng International Jet»-ին (չինական գրանցումը՝ B-3219): Երկու տարի անց՝ 2016-ին, դրա շահագործող է դարձել մեկ այլ չինական ավիաընկերություն՝ «Yalian Business Jet»-ը: Նույն տարվա ընթացքում այս «Embraer Lineage 1000»-ը հանձնվել է չինական «Sparkle Roll Jet»-ին («SR Jet»): Վերջինիս կազմում օգտագործվելիս ինքնաթիռը ներկվել է հոլիվուդյան հայտնի դերասան Ջեքի Չանի դեղնակարմիր «ֆիրմային» վիշապի պատկերով: Ինքնաթիռը սպասարկել է Չանին, ով բրազիլական «Embraer»-ի ապրանքանիշի դեսպանն է: Ընդ որում՝ Չանն այս արտադրողի այլ տիպի օդանավեր էլ ունի:
2019-ի դեկտեմբերին B-3219-ը դուրս է եկել չինական ռեգիստրից եւ գրանցվել Մալթայում՝ «AirX Charter» ավիաընկերության կազմում որպես 9H-FAB:
Այն բանից հետո, երբ վարչապետի աշխատակազմը պետական գաղտնիքի պատճառաբանմամբ մերժեց հայտնել, թե որքան գումար է պետբյուջեից հատկացվել այս օդանավի վարձակալության համար, մենք դիմեցինք սփյուռքահայ գործարարներից մեկին, ով մեր խնդրանքով «AirX Charter»-ից պարզեց, թե ինչ կարժենա «Embraer Lineage 1000»-ի վարձակալությունը, եթե այն թռչի Երեւան-Նյու Յորք, իսկ 2 օր անց՝ Նյու Յորք-Փարիզ երթուղով, օդանավում լինի 10 ուղեւոր, եւ ամբողջ ճամփորդության ընթացքում այն լինի պատվիրատուի տրամադրության տակ: Այսինքն՝ գրեթե այն նույն պայմանները, ինչպիսիք եղել են ԱՄՆ մեկնած եւ այնտեղից Փարիզ թռած ՀՀ պատվիրակության պարագայում:
Հայ գործարարին «AirX Charter»-ն առաջարկել է 9H-FAB-ի «երկվորյակին»՝ 9H-FCM-ը, որը, ինչպես վերեւում նշեցինք, ունի նույն տեխնիկական ցուցանիշները։ Վերը նշված պայմանների պարագայում մալթայական փոխադրողի գնային առաջարկը Երեւան-Նյու Յորք-Փարիզ թռիչքի համար 235.000 եվրո է (ներառյալ՝ վերալիցքավորումը իռլանդական «Շանոն» օդանավակայանում Երեւան-Նյու Յորք չվերթի ժամանակ), ինչը հավասար է մոտ 90 մլն դրամի: Այստեղ, սակայն, պետք է հաշվի առնել, որ ՀՀ պատվիրակությանը տեղափոխած ինքնաթիռը «Շանոնում» տեխնիկական կանգառ է կատարել նաեւ ԱՄՆ-ից վերադառնալիս: Հետեւաբար, կարող ենք ասել, որ 235.000 եվրոն Փաշինյանին տեղափոխած օդանավի վարձակալության մոտավոր նվազագույն գինն է:
Իսկ եթե օդանավի վարձակալության արժեքին գումարենք նաեւ պատվիրակության անդամների օրապահիկի, գիշերավարձի, տրանսպորտի վարձակալության ու ճաշի համար վճարված շուրջ 24 մլն դրամը, կստացվի, որ վարչապետի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ գործուղման համար ՀՀ պետբյուջեից վճարվել է շուրջ 114 մլն դրամ, ինչն այս պահին հավասար է մոտ 294 հազ. դոլարի կամ 296 հազ. եվրոյի: Սրան էլ պետք է գումարել հուշանվերների ձեռքբերման արժեքը, որը վարչապետի աշխատակազմը կրկին չի հանրայնացրել:
Երբ իրանը հայտարարում է, որ սահմանների փոփոխությունն իր համար կարմիր գիծ է, դա զսպող հայտարարություն է, բայց ես չեմ տեսնում, թե ինչպես Իրանը կարող է գնալ ռազմական գործողությունների: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, «Տարածաշրջանային զարգացումներ. Արցախ-Հայաստան» խորագրով քննարկման ժամանակ նշեց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
«Այո դա առճակատում է անմիջապես Թուրքիայի հետ, բայց ավելի կարեւորն այն է, որ դա անմիջապես կօգտագործվի Արեւմուտքի կողմից, որպեսզի Իրանին ներքաշի պատերազմի մեջ, ուժասպառ անի եւ ռեժիմը փոխի: Արեւմուտքն արդեն պատրաստվում է հարված հասցնել Իրանին: Գուցե Իրանը մեզ ինչ-որ զինատեսակներ տա, խորհրդատուներ ուղարկի, բայց կանոնավոր ռազմական ուժերը չի բերի»,-ասաց նա:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ հավելեց, որ պրակտիկորեն դժվար է պատկերացնել, թե Իրանն ինչպե՞ս կարող է ռազմական գործողությունների գնա, ասենք Նախիջեւանի տարածքում, կամ Հայաստանի տարածքում. «Բացառությամբ այն դեպքի, եթե մենք հրավիրենք, ասենք՝ եկեք Սյունիքում ռազմական գործողություններ իրականացրեք Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ, որոնք կարող են Սյունիքը կտրելու քայլերի գնալ»,-ասաց նա:
Ռուսաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը երկու երկրների միջեւ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք նախկինի պես կոչ ենք անում երկու երկրներին ձեռնպահ մնալ որեւէ գործողությունից եւ քայլից, որոնք կարող են հանգեցնել լարվածության խորացման»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում արձագանքել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված փոխհրաձգության մասին լուրին։
Մինչ այդ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական ԶՈւ-ին մեղադրել էր երկուշաբթի գիշեր սահմանին հայկական դիրքերը գնդակոծելու մեջ։
Ապօրինի գույքը ձեր այս «Հինգերորդ ալիքի» սեփականատիրոջն է, մենք ամեն ինչ ձեռք ենք բերել բիզնեսով, ձեր սեփականտերը՝ գող, ավազակ, կյանքում ոչ մի բան չի արել այս երկրի համար, ոչ մի բիզնեսի մեջ չի եղել, միլիարդավոր դոլարներ ունի: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին և իր շրջապատին:
«Գնացեք այդ միլիարդները բերեք: 400-500 ընտանիք մնացել են առանց բնակարանի, Հյուսիսային պողոտան կառուցվել է»,- ասաց նա և նշեց, որ այդ մասին իրեն մյուս նախագահը՝ Սերժ Սարգսյանն է ասել, որ 320 ընտանիք առանց բնակարան է մնացել: «Ապօրինի գույքը ձեր և ձեր շրջապատինն է, ձեր քաղաքական համակարգինն է, նրանց զավակներինն է»,- ասաց նա:
Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ մտավախություն ունի, որ երկրորդ, երրորդ նախագահների, շատ պետական նախկին պաշտոնայների ունեցվածքը «ապօրինիով կգնա»:
Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազության կողմից դատական կարգով վիճարկվող Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, նա ասաց, որ իրենք ամեն ինչ օրենքով են անում: «Մենք՝ որպես ընտանիք, գույքը, նյութականը մեզ համար այդքան կարևոր չէ, մեզ համար կարևոր են այն գործիքները, որոնք հնարավոր է օգնեն ՀՀ-ն զարգանա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է շենքը նպատակին ծառայելուն, ապա Խաչատուր Սուքիասյանը պարզաբանեց, որ նպատակին չի ծառայել, քանի որ շուկայական հարաբերություններ կան:
Ինչ վերաբերում է հարցին, թե դատախազության կողմից այս նախաձեռնության մասին քննարկում ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նա ասաց. «Բացառված է՝ ես Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենամ, դա նշանակում է, որ մյուս օրվանից ես Խաչատուր Սուքիասյանը չեմ, և Նիկոլ Փաշինյանն էլ Նիկոլ Փաշինյանը չէ»:
Ադրբեջանի և Թուրքիայի համար այսօր Իրանը դարձել է մեծ գլխացավանք։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ–քրդագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Տաս տարի առաջ Ադրբեջանի համար գլխացավանք էինք մենք, իսկ Թուրքիայի համար՝ քրդերը, հիմա առաջնային պլան է եկել Իրանի գործոնը։
Թուրքիան և Ադրբեջանը արդեն հստակ գիտակցում են, որ իրենց դիրքերի ուժեղացմանը այս տարածաշրջանում խանգարում է մի պետություն՝ Իրանը։
Այնպես չէ, որ սա նոր բան է, պարզապես իրադարձությունների փոփոխությունները առավել ցցուն դարձրեցին Իրանի դիրքորոշումները, որոնց մասին միայն ենթադրվում էր փորձագիտական , վերլուծական դաշտերում։
Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ կանգնած են նոր կոնֆլիկտի առջև, որը կարող է պայթել դրսի ուժերի դրդմամբ, կամ ուղղորդմամբ։
Ադրբեջանի իշխանությանը այս պահին կարծում եմ Թուրքիայի իշխանությունն է հետ պահում Իրանի հետ կոշտ հարաբերվելուց, քանի որ Թուրքիան առվել իրատես է և շատ լավ գիտի, թե ինչի կվերածվի տարածաշրջանը, մասնավորապես Ադրբեջանը, եթե Բաքվի բռնшպետը նման քայլի գնա․․․
Ալիևը , ով տարված է հաղթանակի դափնիները իրեն վերագրելու գործով, չի էլ գիտակցում, որ 44-օրյա պատերազմի ադրբեջանական կողմի հաջողությունները բոլորովին կապ չունեն իր անձի, առավել ևս ադրբեջանական անվանումով արհեստածին միավորման հետ»,- գրել է նա։
Իմ տղաներ, մեզ մոտ՝ երկրի վրա, մարդիկ մի քիչ շփոթված են, ձեզ փնտրում են գերեզմաններում, մահացածների մեջ: Ձեզանից մի քանսի ծնողները վշտից խելագարվել են, ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից, խրամատավորվել են Եռաբլուրում, ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Աջ լուսանկարում Տարոն Անդրեասյանն է: 2020 թվականի պատերազմի ժամանակ Տարոնը 26 տարեկան էր, դրանից առաջ տեւական ժամանակ ապրում եւ աշխատում էր Ռուսաստանի Դաշնությունում:
Պատերազմը սկսվելուն պես նա վերադարձել է Հայաստան եւ կամավորագրվել հայրենիքի պաշտպանությանը: Ձախ լուսանկարում, ըստ հարազատների վկայությունների, կրկին Տարոն Անդրեասյանն է:
Ձախ լուսանկարը ստոպ-կադր է հայտնի տեսանյութից, որտեղ Տարոնը կանգնած է ադրբեջանցի մի խումբ զինվորականների դեմ դիմաց՝ միայնակ, տվյալ դեպքում՝ ոչ թե միայնակ, այլ իր ինքնաձիգի հետ:
Նրան առաջարկում են գերի հանձնվել՝ խոստանալով որեւէ երրորդ երկիր փոխանցել, վստահեցնում են, որ չեն սպանի, ծեծի չեն ենթարկի, համոզում են հանձնվել: Տարոնը չի հանձնվում, ինքնաձիգը պարզում է ադրբեջանցիների ուղղությամբ, սկսում է կրակել: Եւ սպանվում է:
Մենք պատերազմի դաշտում մեր զինվորների՝ այսպիսի եւ բազմաթիվ այլ սխրանքների մասին վկայություններ շատ ենք լսել: Դրանք պատմել են արցախյան բոլոր պատերազմների մասնակիցներն իրենց մարտական ընկերների մասին:
Տարոն Անդրեասյանն այս բոլոր պատմությունների, մեր բոլոր հերոս տղաների հավաքական դեմքն է, այն պարզ պատճառով, որ նրա սխրագործությունը վավերագրված է, եւ մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է տեղի ունենում այն, ինչի մասին այդքան շատ լսել ենք, բայց թերեւս երբեք էլ գործողության մեջ չենք կարողացել պատկերացնել:
Սիրելի Տարոն, իմ հարազատ, իմ հայրենակից, իմ արյունակից, իմ եղբայր, իմ որդի, իմ քրոջ որդի, իմ եղբոր որդի, իմ հերոս: Դու գիտես, դու չես կարող չիմանալ, թե ես քանի անգամ եմ դիտել տեսանյութը եւ ինչպես եմ փորձել հայտնվել քո մարմնում, քո մտքում, քո գլխում: Ինչպես եմ ձգտել լինել «դու» եւ զգալ այն ամենը, որ դու զգում ես քո կյանքի վերջին րոպեների ընթացքում: Վստահ եմ, որ այդ ամբողջ ընթացքում եւ հիմա, երբ ես այս տողերն եմ ուղղում քեզ, դու տեսնում ես իմ հոգու ամենավերջին բջիջն անգամ, զգում ես ինձ, ինչպես ես եմ զգում քեզ: Յուրաքանչյուր նման պահի, ինչպես նաեւ հիմա, մենք միասին ենք, ես քեզ հետ եմ, ես քեզ մենակ չեմ թողնում թշնամու դիմաց: Ես կլանում եմ քո յուրաքանչյուր միլիշարժումը, քո ձայնի յուրաքանչյուր երեւէջը: Ես զգում եմ, թե դու ինչպես ես խոսում այդ մարդկանց հետ՝ ուղղակի, հենց այնպես՝ ժամանակ շահելու համար, որովհետեւ որոշումն արդեն կայացրել ես: Ես զգում եմ, թե ոնց ես ամեն մի բառով եւս մեկ վայրկյանով ուղղակի երկարացնում այս աշխարհը՝ դեշտերն ու երկինքը, ծառերն ու թփերը, հողն ու ասֆալտը, մարդ արարծներ՝ թեկուզ թշնամու զինվոր տեսնելու, նրանց հետ հաղորդակցվելու, ինչ-որ բան ասելու, ինչ-որ բան լսելու, ինչ-որ բան զգալու հաճույքը: Ես իմ յուրաքանչյուր բջիջով զգում եմ այն պահը, երբ դու շատ թույլ հավանականություն ես տեսնում հավատալու քո դիմաց կանգնած մարդկանց խոսքերին, եւ միլիմիլիմիլի վայկյան տեւողությամբ միտք է այցելում քեզ՝ իսկ գուցե արժե փորձել: Բայց ո՛չ, դու վստահ ես, որ նրանք ստում են: Դու գիտես նաեւ, որ քո ժամանակը խիստ սահմանափակ է, որ կամ դու պետք է կրակես, կամ քեզ պետք է կրակեն: Եւ դու ինքդ ես առաջինը զենքը բարձրացնում եւ սեղմում ձգանին:
Խոսքը այստեղ հայրենիքի մասին չէ: Հայրենիքը այդ պահին քո զոհվելով կամ գերի հանձնվելով չէ, որ պարտվելու կամ հաղթանակելու էր, եւ դու դա իհարկե հասկանում ես: Խոսքը քո, անձամբ քո՛ արժանապատվության մասին է: Մինչեւ վերջին շունչը սեփական ոտքերի վրա ամուր կանգելու, ողնաշարը ձիգ պահելու, չծնկելու, չստորացվելու, ծնողներիցդ, մանկապարտեզից եւ դպրոցից քեզ փոխանցած արժեքներին, հավատամքներին, համոզմունքներին չդավաճանելու մասին է:
Սա ոչ այլ ինչ է, քան ընտրություն, գիտակցված ընտրություն:
Ես անընդհատ, պարբերաբար կնայեմ այս տեսանյութը, նորից ու նորից կհայտնվոմ քո մտքում ու քո հոգում, քո մաշկի տակ ու կկիսեմ քեզ հետ քո ընտրությունը: Քո կողքին չեմ եղել այդ պահին՝ քո վերջին ընտրության պահին, այդ դժվար, շատ դժվար ընտրության պահին, բայց եթե այդ մի քանի րոպեն քո կյանքում մեկ անգամ էր՝ եղավ-ավարտվեց, ինձ համար կլինի անընդհատ, էլի ու էլի, կրկին ու կրկին:
Դա կլինի իմ հատուցումը քեզ, իմ գնահատականը քեզ, իմ հիացմունքի արտահայտությունը, քեզ հետ լինելու իմ միակ ուղին: Դա կիլնի իմ պատիժը: Դա կլինի իմ խոստումը՝ երբեք, ոչ մի պարագայում չտատանվել, չգայթակղվել, ամեն պահի ընտրություն կատարելիս հավատարիմ մնալ, չդավաճանել քեզ, քո կատարած ընտրությանը:
Իմ հարազատ Տարոննե՛ր, Աբաջյաննե՛ր, Մխիթարնե՛ր, Ալբերտնե՛ր, Ալեննե՛ր, Արսեննե՛ր, Կյաժե՛ր, Գոռե՛ր, Ազատնե՛ր, Գեւորգնե՛ր, Կարեննե՛ր, Խաչատուրնե՛ր, Աշոտնե՛ր, Արմեննե՛ր, Արեննե՛ր, Ժորանե՛ր: Ի՛մ տղաներ:
Դուք բոլորդ, անխտիր բոլորդ կատարել եք մի պարզ ընտրություն, այնպիսի ընտրություն, որին բախվում է յուրաքանչյուր մարդ գրեթե ամեն օր: Դուք, ձեր ծնողները, ձեր ընտանիքները՝ կանայք, մայրերն ու հայրերը, ընտրել եք ազնվությունը, քաջությունը, արդարությունը, ձեր ընտանիքների եւ ձեր հայրենիքի հանդեպ սերը, ի վերջո արժանապատվությունը: Դուք չեք փախել երկրից, չեք փախել մարտի դաշտից, եւ ես յուրաքանչյուրիդ հետ կիսում եմ ձեր ընտրությունը՝ այսօր եւ հավերժ:
Իմ տղաներ, մեզ մոտ՝ երկրի վրա, մարդիկ մի քիչ շփոթված են, ձեզ փնտրում են գերեզմաններում, մահացածների մեջ: Ձեզանից մի քանսի ծնողները վշտից խելագարվել են, ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից, խրամատավորվել են Եռաբլուրում:
Դուք գիտեք, որ ես այս երկու տարվա ընթացքում երկու անգամ եմ եղել Եռաբլուրում, բայց ես իմ ամեն օրը ապրել եմ ձեզ հետ: Ես ձեր մասին մտածելիս գլուխս չեմ կախում եւ սեւ հողին չեմ նայում: Ձեր մասին մտածելիս ես գլուխս բարձրացնում եմ եւ երկնքին եմ նայում, տիեզերքն եմ տեսնում:
Ես ուզում եմ նաեւ, որ դուք իմանաք, որ շատ դժվար է պատերազմին մասնակցած եւ չզոհված բոլոր տղաների համար, հաշմադամություն ստացած բոլոր տղաների համար. նրանք միաժամանակ ե՛ւ ապրում են, ե՛ւ չեն ապրում: Նրանք մեղքի մեծ զգացում ունեն, որ ողջ են մնացել, որովհետեւ նրանք տեսել են ձեզ զոհվելիս եւ չեն կարողացել ոչինչ անել: Նրանք, որոնք կատարել են նույն ընտրությունը, ինչ-որ դուք, անցել են նույն դժոխքի միջով ինչ-որ դուք, բայց ողջ են մնացել, ամաչում են ողջերի համար»,- գրել է նա:
Արցախի Հանրապետության դատախազությունը պարզաբանում է տարածել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Ա․Հ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ:
«Ս․թ․ հոկտեմբերի 31-ին Արցախի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությունը (https://bit.ly/3zBU7AH) լրատվամիջոցներում ստացել էր լայն արձագանք և դրա շուրջ տարածվել էին տարբեր բնույթի մեկնաբանություններ, այդ պատճառով ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը անհրաժեշտ է համարում տրամադրելու հավելյալ պարզաբանում։
Դատախազության կողմից հրապարակված տեղեկությունը վերաբերում է 2022թ. մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Ա․Հ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործին , որի նախաքննության ավարտի ու մեղադրական եզրակացությամբ դատախազություն ուղարկելու մասին հաղորդել էր նաև ԱՀ Քննչական կոմիտեն ։
Ցանկանում ենք իրազեկել նաև, որ գործունեության բնույթը և առանձնահատկությունները հաշվի առնելով՝ Ներկայացուցչությունը ձեռնարկել ու շարունակաբար ձեռնարկում է բոլոր միջոցները Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանը սպառնացող երևույթները վեր հանելու, չեզոքացնելու կամ դրանք կանխելու ուղղությամբ: Իրավապահ մարմինների կողմից հայտարարված դեպքը նույնպես բացառություն չէ, որի բացահայտման ու դեպքի բոլոր հանգամանքների հանգամանալից հետազոտությանն իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաև Ներկայացուցչությունը՝ իրավապահ մարմինների հետ ապահովելով պատշաճ համագործակցություն»,- ասվում է հաղորդագրությունում:
Մի՛ հավատացեք Կարո Փայլանին, որևէ կապ չունի Հայաստանի շահերի հետ, մի՛ տարածեք թուրքական թեզեր։ Ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը․
«ՄԻ՛ ՀԱՎԱՏԱՑԵՔ ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ, ՄԻ՛ ՏԱՐԱԾԵՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵԶԵՐ
Այն, որ Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականությունը շատ բազմաշերտ է, լավ մշակված և ակտիվ կիրառվող հայտնի փաստ է, բայց որ այդ քաղաքականությունը երբեմն կիրառվում է նաև ծագումով հայ կերպարների միջոցով հայաստանյան հասարակությանը օբյեկտիվ պատճառներով, թերևս, այդքան էլ հայտնի չէ:
Տարիներ շարունակ և քանիցս խոսել եմ թուրքական այդ գործելաոճի մասին, որի նորօրյա հերոսներից է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը, ով կրկին այցելել է Հայաստան: Այն, որ Կարո Փայլանը որևէ կապ չունի Հայաստանի շահերի հետ շատ բնական է և օրինաչափ, սակայն նաև փաստ է, որ նրա՝ հաճախ սխալ և թերի, ընկալումը հայաստանյան հասարակության մեջ կարող է դրական ազդել Թուրքիայի շահերի առաջ մղելու հարցում նույնպես փաստ է:
Հայաստանում շատերը նրան ընդունում են զգացական ուրախությամբ, որը սակայն որևէ ռացիոնալ հիմնավորում չունի: Նա հանդիպում է քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ և եթե սա ունի Թուրքիայի մեսիջները փոխանցելու նպատակ, ապա նորմալ է. այսինքն՝ Կարո Փայլանին պետք է ընդունել որպես թուրքական մեսիջաբեր:
Իսկ հայաստանյան հասարակության պարագայում Կարո Փայլանի կերպարի նման սխալ և զգացական ընկալումը շատ վտանգավոր է հատկապես ներկայումս, երբ մեր հասարակությունը դարձել է գրեթե անպաշտպան թուրքական «փափուկ ուժի» նման քայլերի դեմ: Մինչդեռ, եթե մի փոքր ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, թե ինչ թեզեր է առաջ քաշում թուրքական պառլամենտի պատգամավորը՝ «մինչև 1915-ը հայերն ու թուրքերը եղբայրաբար են ապրել» (սա կատարյալ կեղծիք է), «հիմա կա խաղաղության պատուհան» (իրականում՝ խաղաղություն թուրքական նախապայմանների ներքո), «Արցախի հայերի անվտանգության հարցն է կարևոր» (որևէ խոսք չկա Արցախի անկախության և ինքնորոշման մասին), «թշնամանքը պետք է դադարեցնել և կառավարել», «ազգայնականությունը և ռևանշիզմը խոչընդոտ է» և այլն:
Այս նույն թեզերը, գրեթե բառացի նմանությամբ էլ ովքե՞ր են ասում. ճիշտ է՝ Թուրքիայի նախագահը, արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Հայաստանում այս պահի իշխանության որոշ և որոշակի ներկայացուցիչներ, մերձիշխանական քարոզիչներ և օվկիանոսի այն կողմից երբեմն Հայաստան այցելող մի նախկին պաշտոնյա: Ի դեպ, արդյո՞ք պատահական են նույն ժամանակահատվածում Հայաստանում գտնվում Կարո Փայլանը և Ժիրայր Լիպարիտյանը:
Ինձ համար՝ որպես թուրքագետի սա մասնագիտական ուսումնասիրության խնդիր է, ինչ-որ տեղ սպասելի և կանխատեսելի, սակայն հայաստանյան հասարակության համար ևս մեկ հարված է իր առանց այդ էլ թուլացած զգոնությանը և այդ հարվածը գալիս է հասարակության մեջ որպես «մեր Կարո» ընկալվող մեկից:
Խորհուրդս և խնդրանքս լրատվամիջոցներին, հասարակական տարբեր շերտերի ներկայացուցիչներին՝ հնարավորինս անտեսեք Թուրքիայի պառլամենտի պատգամավոր Կարո Փայլանի և՛ այցը, և՛ կոչերը, և՛ կիրառվող հակահայաստանյան թեզերը, մի՛ հավատացեք նրան, դյուրահավատ մի՛ եղեք, տուրք մի՛ տվեք ազգային զգացմունքայնությանը: Կարո Փայլանը եղել և մնում է Թուրքիայում նեղ և սահմանափակ մտածողության՝ ձախակողմյա գաղափարախոսության կրող և նրա վերջին ելույթներում շատ հստակ տեսանելի է այդ ամենից չձերբազատված, կեղծ խաղաղասիրական և ժողովրդավարական կլիշեներով առաջնորդվող քաղաքական գործչի կերպարը, ով այդպես էլ չհասկացավ հայերենում ազգայնական և ազգայնամոլ բառերի իմաստային ու գաղափարական տարբերությունը:
Ես՝ որպես հայ թուրքագետ, ինձ պատասխանատու եմ համարում այս ամենը իմ հասարակությանը ասելը, ուստի խոսքս ոչ այնքան քաղաքական է, որքան քաղաքացիական:
Հ.Գ. Առաջիկա օրերին հասարակության լայն շրջանակներին փաստարկված և գիտականորեն կներկայացնեմ «խաղաղության դարաշրջանի» կեղծ գաղափարախոսական հենքի և դրա կերտողների մասին իմ թուրքագիտական վերլուծությունը՝ գրավոր և բանավոր»,-գրել է թուրքագետը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.