29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Հանրային խորհուրդը պետք է նոր ստատուս ստանա»,- այսօր հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ Հանրային խորհրդի երկու տարվա աշխատանքներն ամփոփող ընդլայնված լիագումար նիստում:
Պարոն Մանուկյանին մարդկայնորեն, իհարկե, կարելի է հասկանալ. Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը առավելագույնն է, որ նա կարող է ակնկալել իր քաղաքական կենսագրության մայրամուտին: Բնականաբար, ԱԺՄ նախագահը ձգտում է մեծացնել այն մարմնի կշիռը, որն ինքը ղեկավարում` թերեւս գիտակցելով, որ Հանրային խորհուրդն անգործունակ մի մարմին է, որում հավաքված են քաղաքական «թոշակառուները» եւ իշխանության ցանկացած նախաձեռնություն ողջունող մտավորականները:
Սակայն պարոն Մանուկյանի ամբիցիաները բավարար չեն, ըստ էության գոյություն չունեցող մարմնին օրենսդրական կարգավիճակ տալու համար ավելի հիմնավոր պատճառներ են պետք:
Հանրային խորհրդի ստեղծման գաղափարը ծնվեց նախագահական ընտրություններից հետո, երբ իշխանությանն անհրաժեշտ էր սեփական լեգիտիմության ճգնաժամի հաղթահարման իմիտացիա ստեղծել: Բնականաբար, այդ մարմնում հասրակությունը` իր տաբեր խմբերով, չներկայացվեց: Այնտեղ մենք տեսանք հին ու չմոռացվող քաղաքական դեմքերի, ազգի դարդով «տառապող» մտավորականների: Բայց դե` իշխանությունը Հանրային խորհրդով լուծում էր իր հարցերը` թմբկահարելով, որ ընդդիմությունը եւս մեկ անգամ մերժեց երկխոսության առաջարկը, մաս չկազմեց Հանրային խորհրդին եւ այլն:
Հիմա ժամանակները փոխվել են, իշխանությունը որոշել է երկխոսություն վարել իրական ընդդիմության հետ: Միջանկյալ, իմիտացիոն մարմինների ավելորդությունն առավել քան ընդծված է երեւում:
Ստեղծված իրավիճակում Վազգեն Մանուկյանը պետք է հանդես գար առաջարկով, սակայն դրա բովանդակությունը պետք է հանգեր իր ղեկավարած կառույցի լուծարմանը: Երբ իշխանություն-հասրակություն երկխոսության գոնե տեսական հնարավորություն կա, իմիտացիոն մարմինները կարող են միայն վնասել գործին, ի չիք դարձնել այն դրական միտումները, որ նկատվում են վերջին շաբաթներին:
Քրեական գործ է հարուցված «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ: Սա պաշտոնապես հաստատված միակ տեղեկությունն է մայիսի 4-ին տեղի ունեցած այս միջադեպի մասին:
«Սպայկա» ընկերության անունը վաղուց ի վեր կապվում է Քոչարյանների որդու` Սեդրակ Քոչարյանի անվան հետ: Թե ինչ հանցանքի մեջ են կասկածում Ղազարյանին, Պետեկամուտների կոմիտեն չի հայտնում: Լուրեր են տարածվում, որ խոսքը փաստաթղթերի կեղծման մասին է: Ձեռնարկությանը մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ պատճառը խոշոր մաքսային խախտումներն են, որոնք հնարավոր չի եղել պարտակել: Ըստ դրանց, երեկ Դավիթ Ղազարյանը ձերբակալված է եղել կարճ ժամանակով, իսկ այսօր արդեն գլխավոր տնօրենին բաց են թողել:
Ձեռնարկությունում, որը հիմնվել է 2001 թվականին և ի սկզբանե պատկանել է այդ նույն Դավիթ Ղազարյանին, չեն կասկածում, որ տնօրենը ջրից չոր է դուրս գալու, և ոչ անհիմն: Բանն այն է, որ այս նույն Դավիթ Ղազարյանը, որը «Սպայկայի» նախկին տերն էր, 2007թվականին բռնվել էր ապօրինի ճանապարհով Հայաստան 2 — 3 տոննա մոլիբդենի փոշի ներկրելու գործում: Այն ժամանակ Ղազարյանը կարողացավ խուսափել պատժից: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Դավիթ Ղազարյանին այս կերպ փորձում էին դուրս մղել մոլիբդենի շուկայից այդտեղ վերահսկողություն իրականացնող Քոչարյանները: Վերջիններիս փայատեր դարձնելու արդյունքում Ղազարյանին հաջողվեց ոչ միայն պահպանել, այլեւ ծաղկացնել իր բիզնեսը, իսկ ճաղավանդակների հետևում հայտնվեց նրա աշխատողը`մոլիբդենի փոշի տեղափոխող բեռնատարի վարորդը:
«Վստահ եմ, որ անկախ իրավիճակից` արտահերթ նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը»,- այսօրվա ասուլիսում նման հայտարարությամբ հանդես է եկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Հայտարարությունը խիստ բնական է հնչում, որովհետև տրամաբանական է. եթե բանը հասնի արտահերթ ընտրություններին, ապա ընտրական գործընթացի ֆավորիտը կլինի հենց այն գործիչը, ով ղեկավարել է շարժումը:
Խնդիրն այստեղ այլ հարթության մեջ է: Այս հայտարարությունը մի տեսակ ժամանակավրեպ է հնչում և նմանվում է կոնկրետ պատասխանից խուսափելու փորձի: Նման հայտարարություններ նույն Լևոն Զուրաբյանն անում էր նաև 2008-2010 թթ.-ին, սակայն այդ ժամանակ մարդիկ դրանք ավելի իրատեսական էին համարում: Հիմա շատ քչերն են հավատում, նույնիսկ` ՀԱԿ համակիրների շրջանում, որ այս երկրում հնարավոր են արտահերթ ընտրություններ: Հետևաբար, այդքան էլ ակտուալ չէ խոսել կոնկրետ թեկնածուի մասին` արտահերթ ընտրությունների համատեքստում:
Չգիտեմ` հերթական ընտրությունների պարագայում արդյո՞ք Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Հավանաբար` ոչ
Մեր երկրի առաջին նախագահը պրագմատիկ գործիչ է, միշտ ընդունում է հաշվարկված որոշումներ, չի տրվում զգացմունքներին, այլոց խորհորդներին: 2013 թ.-ին գուցե նա ունենա ավելի բարձր վարկանիշ, քան` ենթադրյալ որևէ մրցակից: Սակայն 2013-ին միանգամայն այլ է լինելու քաղաքական իրավիճակը. տարբերվելու է հնգամյա վաղեմության պատկերից:
Մասնավորապես, այլևս չի գործելու Տեր-Պետրոսյանի վերադարձի, նրա խորհրդավորության էֆեկտը: Պատկերավոր ասած, երկու տարի հետո նա` քաղաքական համակարգը փոխողի փոխարեն, ունենալու է նույն այդ համակարգի, թեկուզև ազդեցիկ, գործոնի կարգավիճակ: Ըստ այդմ, նրա վարքագիծն ավելի կանխատեսելի է լինելու նրա պոտենցիալ հակառակորդների, էլեկտորատի համար:
Բացի այդ, եթե Տեր-Պետրոսյանին չհաջողվի հասնել արտահերթ ընտրությունների, նա կորցնելու է իր էլեկտորատի այն մասը, որն ավելի արմատական է տրամադրված ու ակնկալում է արագ փոփոխություններ: Իհարկե, ադեկվատ չէ համեմատությունը, սակայն հիշենք, որ 2003 թ.-ի ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն արդեն 2007 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կորցրել էր իր ընտրողների զգալի մասին:
Եթե ՀԱԿ-ին չհաջողվի հասնել նախագահական արտահերթ ընտրությունների, նրա օրակարգում հայտնվելու են մի քանի հարցեր.
Եթե հերթական ընտրություններին մասնակցելու է Տեր-Պետրոսյանը, ո՞րն է լինելու նրա քաղաքական նոր այցեքարտը: Եթե ընդդիմության ղեկավարությունը կանգնելու է այլ թեկնածության վրա, ո՞րն է երաշխիքը, որ նա կարող է ժառանգել Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածը կամ անվիճարկելի առաջատար լինել ընդդիմության ճամբարում, նամանավանդ որ` իրենց թեկնածությունն առաջադրելու մասին արդեն հայտարարել են Րաֆֆի Հովհաննիսյանը և Արամ Կարապետյանը:
Կարծում եմ, լրագրողներն ու հասարակությունն առավելապես այս հարցերի պատասխանն են ակնկալում ՀԱԿ համակարգողից:
Սոցիոլոգիական ծառայությունները վկայում են, որ անցած մեկ-երկու օրվա ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշն ավելացել է 9 տոկոսով: Այսպես է հասարակությունն արձագանքել աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենի սպանությանը:
Չնայած սրան, մասնագետները պնդում են, որ գալիք նախագահական ընտրություններում Օբամայի վերընտրությունը երաշխավորված չէ, որովհետև հասարակությունը խիստ դժգոհ է նրա տնտեսական քաղաքականությունից, իսկ ընտրողներին մեկուկես տարի անց կարող է հետաքրքրել ոչ թե Բեն Լադենը, այլ` իրենց կենցաղային, աշխատանքային հարցերը: Բայց ամերիկացիներին հանգիստ թողնենք իրենց դարդերի հետ ու խոսենք վարկանիշներից, դրանց նկատմամբ քաղաքական գործիչների վերաբերմունքից:
Քաղաքակիրթ աշխարհում քաղաքական գործիչները շատ զգայուն են սոցիոլոգիայի, վարկանիշների նկատմամբ, որովհետև նրանց իշխանության կամ քաղաքական գործունեության աղբյուրը հասարակությունն է` իր քվեով, ցանկություններով, սպասումներով, նաև` հիասթափություններով: Մարդիկ ուշադիր հետևում են, թե ժողովուրդն ինչպես է արձագանքում իրենց այս կամ այն քայլին, դրանից հետևություններ անում, սրբագրումներ անում իրենց քաղաքականության մեջ:
Ավտորիտար երկրներում միանգամայն այլ պատկեր է. իշխանավորները թքած ունեն հասարակական կարծիքի, հետևաբար նաև` վարկանիշների ու սոցիոլոգիայի վրա: Մեր տիպի երկրներում ժողովրդի քվեն այնքան էլ կարևոր չէ իշխանության ձևավորման հարցում: Իշխանությունը վերարտադրում է ինքն իրեն:
Եթե Երևանի փողոցներում հարցում անցկացնենք, կպարզվի, որ մեր հասարակության չսիրած մասնագիտություններից մեկը հենց սոցիոլոգիան է: Դրա պատճառն այն է, որ սոցիոլոգների մի գերակշիռ մասը, համենայնդեպս` նրանք, ովքեր անընդհատ հայտնվում են հեռուստաէկրանին, չեն զբաղվում գիտական վերլուծությամբ` ցույց տալու համար հասարակական իրական տրամադրությունները, այլ` փորձում են այդ տրամադրությունները ներկայացնել իշխանության ճաշակին ու քաղաքական ամբիցիաներին համապատասխան:
Մարդը գիտի, որ ինքը, հարևանները, ամբողջ շենքը չեն վստահում իշխանությանը, սակայն լսում է Ահարոն Ադիբեկյանին, ով հավաստիացնում է, որ, ասենք, իշխանության վստահության պաշարը հիսուն տոկոս է: Այդ խեղճ հեռուստադիտողին թվում է, որ իրենց շենքը երկրից կտրված է, կամ էլ որ` Ահարոնն այլ երկրի մասին է խոսում:
Բայց ավտորիտար երկրներում միայն սոցիոլոգիան չէ արժեզրկված: Այդ վիճակում է ցանկացած գիտություն, որը կապ ունի հասարակական հարաբերությունների, քաղաքականության հետ: Կնշանակի, որ ստեղծված վիճակը կարող է շտկվել քաղաքական գործիքներով: Միայն այդ ժամանակ սոցիոլոգն ու քաղաքագետը գիտությունը կգերադասեն քաղաքական գրդոնից:
Եթե չլինեին իշխանության եւ ՀԱԿ-ի ներդաշնակ քայլերը, մեր քաղաքական դաշտում մտքի մերօյա փայլատակումներին չէինք հանդիպի:
Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց գոյությունը, իրենց քաղաքական կեսունակությունը պատկերացնում են միայն իշխանություն-ընդդիմություն հակադրության պայմաններում: Այդ ժամանակ հակադրության կողմերից մեկը կօգտվի նրանց ծառայություններից:
Մրցակցության եւ երկխոսության միջավայրն այս ուժերին խուճապի է մատնում, որովհետեւ նրանք անմիջապես կորցնում են մի դեպքում` հաճախորդի, մյուս դեպքում` հեղափոխականի կարգավիճակը:
Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած կառույցը տարաձայնություններ ունի ՀԱԿ-ի հետ ու սա նույնիսկ նորմալ է, որովհետեւ ազատամարտի հրամանատարներից մեկը չի կարող համաձայնել, օրինակ, ԼՂ հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած տեսկետների հետ: Բայց առնվազն անհեթեթ է, որ «Սարդարապատ» շարժումը հակադրվում է ՀԱԿ-ի որդեգրած մարտավարությանը` պնդելով, թե «ժողովրդի միակ պահանջը ոչ ընտրություններով բռնապետության տապալումն է։ Ընդդիմության որևէ շեղում այս ընթացքից ուղիղ ճանապարհ է դեպի քաղաքական լուսանցք՝ մարգինալացում»: Անհեթեթ է, որովհետեւ Սեֆիլյանի կոմնակիցների այս պնդումն որեւէ կապ չունի քաղաքականության հետ: Քաղաքական գործիչները, եթե նույնիսկ փոփոխությունների են հասնում հեղափոխության ճանապարհով` դա անպայման լեգալացնում են ընտրությունների ճանապարհով: Այդ ուղին անցել է Հայաստանը 1990թ-ին, ավելի ուշ` Ուկրաինան եւ Վրաստանը:
Բնական է նաեւ «Ժառանգություն» կուսակցության մոտեցումը, որը համարում է, որ ինքնուրույն ձեռագիր ունի եւ չի ուզում տարալուծվել ՀԱԿ-ի մեջ: Ի վերջո, խորհրդարանական կուսակցությունն այլ որոշում չէր էլ կարող կայացնել: Բայց ծիծաղելի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական պահանջները միշտ հաջորդում են Տեր-Պետրոսյանի պահանջների հրապարակմանը, ավելին` նույնիսկ պահանջների թիվն է նույնը: Ընդ որում, Հովհաննիսյանն ավելի շատ կապկում է ձեւի, ոչ թե` բովանդակության առումով:
Տիգրան Կարապետիչը ընդդիմադիր հայտ ներկայացրեց շատ հավակնոտ մի ծրագրով: Նա հավակնում էր «երրորդ ուժ» ձեւավորել` ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ընկերակցությամբ, նրան օգնում էին, որպեսզի մարդաշատ հանրահավաքներ կազմակերպեր: Բայց հենց վերացավ հակադրությունը իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ, Ժողովրդկական կուսակցության նախագահի կողքին մնաց մի քանի տասնյակ թոշակառու, «երրորդ ուժից» մնաց «հայրենասիրական ուժերի միություն» ստեղծելու մտադրությունը, ընդ որում` այդ միությունում Կարապետիչը չի կարողանում նշել իրենից զատ այլ անուն:
Մեր քաղաքական ուժերը չեն հասկացել, որ դաշտում տեղ ունենալու, համակիրներ ձեռք բերելու համար` միայն քննադատելը բավարար չէ: Հեշտ է քննադատել, անարգանքի սյունին գամել դիմացինին, բայց պետք է ունենալ նաեւ ասելիք, արժեքների համակարգ, որի շնորհիվ ընտրողը իր քվեն կտա կոնկրետ ուժի: Անցել են ժամանակները, որ քաղաքական դիվիդենտ կարող է բերել միայն Սերժին կամ Լեւոնին հայհոյելը: Հիմա, դա նույնիսկ անհետաքրքիր է:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է իր նվաճումները: ՀՀ վարչապետը որոշել է տիրույթներ նվաճել վիրտուալ տարածքում: ՀՀ վարչապետի նվաճողական քաղաքականությունն ավելի քան խորհրդանշական է, թեև, եթե խոսքը գնում է պետական գործիչ վարչապետի մասին, ոչ մի բան, բնական է, չէր կարող պատահական լինել:
2008թ-ից ի վեր Տիգրան Սարգսյանի վարչապետությունը խոսում է մի բանի մասին. ի դեմս Սարգսյան վարչապետի, Հայաստանի Հանրապետությունն ունեցավ ոչ թե երկրային, այլ հենց վիրտուալ վարչապետ. Տիգրան Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց Հայաստանի տնտեսության առաջխաղացման որևէ հստակ, իրատեսական ծրագիր մշակել և իրականացնել. միակ բանը, որ լավ հաջողվում է Սարգսյանի կաբինետում, դա վիրտուալ ծրագրերի մշակումն է, իսկ հետո արդեն` դրանց չիրականացումը. Գյումրին այդպես էլ չդարձավ նավահանգստային քաղաք, չդարձավ ավիաշինության կենտրոն… իսկ ցածր տոկոսադրույքներով գյուղացիներին տրվող վարկերն էլ մնացին միայն գյուղնախարար Սերգո Կարապետյանի ելույթներում և հայրապետական աղոթքներում, որոնցով սակայն գյուղացիներին առ օրս չի հաջողվում վարկեր ստանալ: Սերմացուի հերթական ներուծումը որով պարծենում էր վարչապետը պարզվեց ընդամենը քաղաքակիրթ երկրներում մերժված ԿՎՕ պարունակող կուլտուրաներ են, և այսպես կարելի է երկար շարունակել…
Այսօր Տիգրան Սարգսյանի վիրտուալ նվաճողական քաղաքականությունը պսակվել է ևս մեկ հաղթանակով. Տիգրան Սարգսյանը հերթական տիրույթն է նվաճել վիրտուալ աշխարհում` բացելով իր անձնական կայքը: ՀՀ վարչապետն առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ բլոգ էր վարում livejournal-ում, ուներ իր էջը facebook սոցիալական ցանցում, կառավարությունն իր հերթին ունի երկու կայք, որտեղ առաջատար դերում, բնականաբար, վարչապետն է և հիմա, փաստորեն, ինչպես երևում է, դրանք քիչ են թվացել վիրտուալ աշխարհի հայաստանյան տիրակալին և նա որոշել է ձեռքի հետ մի հատ էլ անձնական կայք բացել:
Կայքը, ի դեպ, բավական ռոմանտիկ է ստացվել` էրոտիկ նրբերանգներով պարուրված. կայքի վերևի հատվածում Տիգրան Սարգսյանի գլուխն է և ձեռքի մի հատվածը, որով բարձրացված է վարագույրը և տղամարդը վարագույրի հետևից դուրս է նայում. թե ու՞մ է հետևում տղամարդը վարագույրի հետևից, ու՞մ հետևից է բազմանշանակ և զուսպ ժպիտով նրբագեղորեն ժպտում վարչապետը, ու՞մ է ճանապարհ դրել և հիմա էլ չի կարողանում հագենալ այդ հանդիպումից և շարունակում է վերջին վայրկյաններին ևս վայելել այդ առեղծվածային էակի ներկայությունը… Տիգրան Սարգսյանը թողել է առանց մեկնաբանության և թույլ տվել իր նկարները վայելել ազատորեն` երևակայության անսահմանության շրջանակներում ցանկալի սցենարներ գծելով:
«Բարեկամներ»,-գրել է Տիգրան Սարգսյանն իր կայքում և խոստովանել նորանոր վիրտուալ տարածքներ նվաճելու բուռն տենչանքի մասին,- «այսուհետև շարունակելու եմ իմ շփումը Ձեզ հետ նաև www.tigransargsyan.am կայքի միջոցով: Նման որոշման համար հիմք հանդիսացավ «նոր վիրտուալ տարածքներ յուրացնելու» ցանկությունը»: Միաժամանակ Սարգսյանը տեղեկացրել է, որ բոլոր գրառումները արտացոլվելու են նաև կենդանի մատյանի իր էջում (խոսքը livejournal-ի մասին է):
Ինչպես տեսնում ենք, կան պետություններ, որոնց վարչապետերը ձգտում են նոր շուկաներ, ազդեցության նոր գոտիներ նվաճել և այլն, Հայաստանի վարչապետն էլ ուզում է վիրտուալ նոր տարածքներ նվաճել: Դե, մարդը որ ուզում է, հո չե՞ն թողնի ցանկությունն անկատար մնա: Իսկ կայքում նույն Տիգրան Սարգսյանն է իր «Մի կյանք արժե մի համբույրը աղջկա, առանց կնոջ, առանց սիրո կյանք չկա» շիրազյան պոռթկումով, անձնական նկարներով, որտեղ պատկերված է Տիգրան Սարգսյան-ամուսինը, Տիգրան Սարգսյան-հայրը, Տիգրան Սարգսյան-հավատացյալը, Տիգրան Սարգսյան-կիթառահարը և այլն: Կայքում ՀՀ վարչապետը նաև խորհուրդներ է տալիս, թե ինչ կարելի է կարդալ, ինչ երաժշտություն կարելի է լսել և այդպես շարունակ` միաժամանակ ցուցադրելով նաև, թե որ գիրքը ումից է նվեր ստացել (սրանից երևում է, որ մեր պետության վարչապետին, փաստորեն, կարելի է նաև գրքեր նվիրել, այդպես Սարգսյանի նախընտրած գրքերից երկուսը նվիրել է Ռուբեն Վարդանյանը, մեկը` Շավարշ Քոչարյանը, մեկը` Բակո Սահակյանը, մեկն էլ Պյոտր Շեդրովիցկին):
Թե դեռ ինչ նվաճումներ կունենա իր հետագա պաշտոնավարման ընթացքում ՀՀ վարչապետը, դեռ կերևա, այսօրվա տվյալներով, միանշանակ կարելի է փաստել, որ ինչ-ինչ, բայց Տիգրան Սարգսյանի վիրտուալ նվաճումներն իսկապես խոսուն են:
Հայրս ասում է. «Լրագրողները ստիպված են լինել էս աշխարհի ամենակեղտոտված մարդիկ, հասարակության սանիտարները, նրանք ամեն ինչից «նյութ» են ստանում, և «աստղերի» կեղտոտ ներքնաշորերից, և կով կթող ազնիվ գյուղացի կանանցից, մի արա էդ գործը, սոված չես, քանի ես կամ»:
Հա, կա, բայց ես ինքս եմ ուզում քառասունս անց ինձ ապահովել, դրա համար էլ պոլիտեխնիկ ավարտած գրող լինելով, լրագրություն եմ անում, ու չգիտեմ ինչով կվերջանա իմ հերթական շփումը լրագրողական աշխարհի հետ:
Դեռ թարմ են հիշողությանս մեջ օրերը, երբ վաղամեռիկ Գայանե Բաբայանը բողոքում էր իր աշխատատուից, կարող եմ անունն էլ տալ, բայց կարիքը չկա, բոլորն էլ կիմանան ում մասին է խոսքը, որ գրում է թերթի համար, բայց չի վճարվում: Ասում էր. «Լուսո, մի տարի ա մատս «ռեդիալի» վրա ա մնացել, մեռա դրան զանգելով. հա ցրում ա էդ անամոթը, մի տարի ա, ասում ա էգուց, էդ դրա էգուցը ե՞րբ ա, որ չի գալիս»: Մի կերպ, ընկերներին խառնելով էդ պատմությանը, նրան հաջողվեց իր հալալ քրտինքով վաստակած փողերի գոնե մի մասը ստանալ: Հետո գնաց ուրիշ լրատվամիջոցներում աշխատեց, ու ասում էր,որ ամեն ինչ նորմալ էր, չնայած հիմա էլ բողոքում էր, թե` «Լուսո, դառել եմ նյութապաշտ, ուր նայում եմ, նյութ եմ ման գալիս»:
Գայանեի անկրկնելի, անբռնազբոս լոռեցու ոճը եթե չլիներ, ոչ մի նյութ էլ հոդված չէր դառնա, որովհետև էս երկրում կամ ոչինչ տեղի չի ունենում, կամ էլ էնքան իրար նման բաներ են տեղի ունենում, որ եսիմ ինչ հնարքներ պիտի բանացնես, որ նյութդ կարդացվող դառնա: Մենք ոչ Ռուսաստանի նման մեծ ու խելառ ենք, ոչ Եվրոպայի նման քաղաքակիրթ ու ազատամիտ, ոչ էլ Ամերիկայի նման բազմազգի ու խառուխշտի կերպարներով լիքը երկիր, որ նյութը պրոբլեմ չլինի: Ինչ «նյութ» կա, բոլորի մասին բոլորն արդեն գրել են, «էքսկլյուզիվի» մասին երազում են բոլորը: Հենց մենակ իմ հետ, երբ ես «նյութ» էի, Գայանեն բոլոր երեք թերթերի համար էլ, ուր գրել ա հարցազրույց էր արել:
Հիմա ինքը չկա, բայց իմ համար «նյութ» ա: Այսինքն ինքը չէ, էն երեույթը, որն իմ հուշերը դեպի նա բերեց: Իսկ երևույթը կոչվում է «քցոցի»: Ու ինչքան էլ տարօրինակ թվա, լրագրողն էսօր նույնքան «քցվելու» տարբերակներ ունի, ինչքան պոռնիկը, որին տանում են, չգիտի ուր, ու թեև գիտի, ինչի համար են տանում, միևնույնն է, էլի չի կարա իմանա գլխին ինչ կգա, ինչ կպահանջեն իրենից, և ինչքան փող կտան, կամ էլ` չեն տա: Երկու դեպքերում էլ մարդն անպաշտպան է, քանի որ ոչ մի տեղ օրինական աշխատանքային պայմանագիր չկա: Լրագրության մեջ նկատի ունեմ դեպքերը, երբ մարդուն, ասենք, վերցնում են էսպես կոչված «փորձաշրջանով», կամ` «տեսնենք ոնց ես գրում»-ով, կամ «ոնց թերթն առաջ կգնա»-ով, երբ չկա կոնկրետ պյամանավորված հաստիք կամ հոնորար:
Չնայած էդ դեպքերում էլ «քցոցին» հնարավոր է, որովհետև մեր էսօրվա և տպագիր, և ինտերնետային մամուլը հիմնականում բացվում է ինչ-որ մեկի փողերով և ուղղված է ծառայելու կոնկրետ նպատակի, հիմնականում` քաղաքական, այստեղ դա նախապատրաստական աշխատանք է ընտրություններից շատ ամիսներ, նաև տարիներ առաջ, կարդացվող լրագրողների հոդվածների վրա լսարան հավաքելու և հետագայում իներցիայով կայք մտնելու կամ թերթ առնելու սովորության վրա այն պահելուն: Նաև կարող են լինել գրական շրջաններում ինչ-որ մեկին ասպարեզ բերելու ու հետո նրա անվան վրա զանազան նախագծեր աշխատացնելու նպատակներ հետապնդող կայքեր ու ամսագրեր, ինչ-որ ՀԿ-ի, կամ բիզնես-պլանի համար դրսից ֆինանսավորում «կպցնելու», առողջապահական կայքերն ու պարբերականները` դեղորայք կամ բժշկական հաստատություններ գովազդելու, և այլն, և այլն, և այլն…
Եվ էս ամենի մեջ, լրագրողն ամենաանշահավետ դերում է գտնվում, որովհետև երբ նա արդեն պետք չի լինում, նրան ուղղակի դուրս են շպրտում առանց վճարելու, պատճառաբանելով, որ հովանավորն այլևս փող չի տալիս, իրենք մեղավոր չեն, լավագույն դեպքում տալիս են խոսացածի չնչին մասն ու մնաս բարով ասում: Վերջին դեպքն իմ ընկերուհիներից մեկի հետ էր, որ մի ամբողջ տարի աշխատակցել էր թերթին, իսկ վերջում ստացել իր հասանելիքի միայն 1/3-ը, հիմա հենց խոսք եմ բացում ինչ-որ տեղ գրելու մասին, ասում է. «Մինչև պայմանագիր չլինի` չեմ գրի, հոգնել եմ ձրի աշխատելուց»:
Խաբեության մեխանիզմը շատ լավ մշակված է, ու հայտնի է բոլորին: Կարող եք հարցնել, ապա ինչո՞ւ են դեռ որոշ լրագրողներ գնում էդ քայլին, նախապես իմանալով ինչ է սպասվում: Եսի՞մ: Վստահում են, հավատում են, ասում են` «Մեզ հետ տենց չի լինի », մտածում են, որ ինչ ուզում է լինի, աշխատատուն էլ մարդ է, մանավանդ եթե քո աշխարհից է։ Բայց էդ դեպքում էլ կարա լինի. խմբագրին, տնօրենին էլ կարող են «քցել» իրական տերերը, երբ համարեն, որ նպատակին հասել են: Էս պարագայում ապահով տարբերակը երևի թե մնում է միայն «առավոտը` փողը, երեկոյան` աթոռները» սկզբունքով աշխատելը, այսինքն` վճարում են, հետո գրում տալիս ես:
Թե ինչքա՞ն է լրագրողն ինքը իրեն գնահատում գնային սանդղակով, և ինչքանով է դրան համաձայնվում աշխատատուն, դա արդեն «տետ-ա-տետ» է որոշվում: Եթե դրան գումարենք այն, որ շատ դեպքերում այդ նույն հաստիքային լրագրողին կարող են առաջարկել քաղաքական կամ գովազդային հոդվածներ գրել (դե, հաստիք է, մերժես` ամոթ է), և քանի ամիս կունենաս էդ աշխատանքը, ապա լրագրողը նույնիսկ ամենալավ պայմաններով աշխատանքի ընդունվելու դեպքում մեկ է, մնում ա խոցելի, քանի որ չունի նորմալ արհմիություն։ «Ժուռնալիստների միությունը» և իր անվամբ, և աշխատաոճով մնացել է սովետի մակարդակին, չկա մեկը, որ պաշտպանի լրագրողի շահերը, որ գիրը նաև գին ունենա, որովհետև դա ուղեղի գերլարվածություն պահանջող աշխատանք է, լրագրողների ընտանիքներն ապրում են նրանց «նյութերի» հետ, լրագրողը իրադարձությունները հեչ, նա մարդկանց է սկսում «նյութ» ընկալել, ընկերներին, եթե օրաթերթի հաստիքային աշխատող է, և «էջ լցնելու» խնդիր ունի, ի վերջո վեր է ածվում «գռդոնչու», կորցնում է որակը, վեր է ածվում «պապարացի»-ի, վատագույն դեպքում դեգրադացվում է, լավագույն դեպքում` հեռանում լրագրության կեղտոտ աշխարհից:
Ո՞րն է լրագրողի գինը, ինչպե՞ս, ո՞վ է դա որոշում: Ո՞վ է լրագրողի պաշտպանը:
«Հայկական Վարկած»-ը նախաձեռնություն է սկսում` լրագրողական արհմիությունների եւ ասոցիացիաների ստեղծման, գործողների` եթե կան այդպիսիք Հայաստանում համախմբնան եւ ուժեղացման վերաբերյալ: Հրավիրում ենք բոլոր լրագրողներին, ֆոտոլրագրողներին, բոլոր այն մարդկանց, ովքեր շահագրգռված են լրագրողի իրավունքների իրազեկման եւ պաշտպանության հարցերում, ցուցաբերել աջակցություն: Միասին մենք շատ բան կարող ենք փոխել: Եթե պետք է երկրում ինչ-որ բան փոխել, ապա ինչո՞ւ չսկսել այն ոլորտից, որում ինքներս ենք գործում: Առաջարկեք Ձեր վարկածը
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել: Այս անգամ օմբուդսմենի «սերվիսը» ԶԼՄ դաշտին է առնչվում: Հիմնադրվել է Տեղեկատվական վեճերի խորհուրդ, որի նպատակն է լինելու «պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև անձի արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը` այդ իրավունքների իրացման ընթացքում ծագող դատական վեճերի դեպքերում փորձագիտական եզրակացություններ հրապարակելով, որոնք հիմնված են ՀՀ օրենսդրության, միջազգային իրավական ակտերի և էթիկայի նորմերի վրա»: Ամեն դեպքում, նպատակների նման շարադրանք ենք կարդում հիշյալ խորհրդի ստեղծման վերաբերյալ տարածված տեքստում:
Թե ինչպես է ձևավորվել խորհուրդը, անորոշ է. ասված է միայն, որ ստեղծվել է ՄԻՊ գրասենյակում կազմակերպված «Մամուլի ազատություն» երկօրյա ֆորումի ընթացքում: Անդամներ են ընտրվել Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը և «Արմմեդիա» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը: Օմբուդսմենն ասել է, որ խորհրդի հինգ անդամներն էլ հեղինակություն են վայելում լրագրողական և իրավաբանական շրջանակներում, ինչն էլ լրագրողներին թույլ կտա ապահովված և պաշտպանված զգալ:
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են ընտրվել այս մարդիկ, ի՞նչ չափանիշներով, ինչպե՞ս են առաջադրվել: «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը հայտնեց, որ իրեն, օրինակ, առաջադրել է Բորիս Նավասարդյանը, իսկ թե ով է առաջադրել Նավասարդյանին՝ Աբրահամյանը չգիտեր: «Եթե Կարեն Անդրեասյանը նման խորհուրդ ստեղծելու միտք է ունեցել, արդեն իսկ լավ է»,- մեր զրույցի հենց սկզբում նկատեց Աբրահամյանը:
Հիմա տեսնենք, թե ի՞նչ է իրականում այս խորհուրդը, ի՞նչ կարող է լինել և, ընդհանրապես, ու՞մ շահերն է պաշտպանելու: Լավ «սերվիս» մատուցելու մասնագետ Կարեն Անդրեասյանն այս խորհրդի կազմում, փաստորեն, ընդգրկել է Հայաստանի լրագրողական դաշտի, այսպես ասած, բոսերին, որոնք պետք է իրենց հեղինակավոր կարծիքը հայտնեն տարբեր դատական վեճերի ժամանակ, որոնցով, ի դեպ, մեր դատարաններն այսօր բավական ծանրաբեռնված են` հենց շնորհիվ «սերվիսի» գերագույն մասնագետ Կարեն Անդրեասյանի հեղինակած օրենքի, որով ապաքրեականացվեց զրպարտությանը վերաբերող հոդվածը: Ենթադրվում է, որ «վիրավորանք է, արժանապատվությանը վնասող ոտնահարում է, թե ոչ՝ հոդվածում թույլ տրված ձևակերպումը» հարցին պատասխանելու են հենց այս խորհրդի հարգարժան անդամները: Դատավորն էլ վճիռ կայացնելիս, հավանաբար, հենվելու է այս խորհրդի տված եզրակացությանը՝ որոշ առումով ինքն իր վրայից գցելով պատասխանատվությունը: Չի բացառվում, որ նման խորհուրդ ստեղծելով՝ Կարեն Անդրեասյանը ևս փորձում է իր ուսերից աստիճանաբար ցած նետել լրատվամիջոցներին խոցելի դարձրած օրենքի հեղինակի պատասխանատվությունը: Արամ Աբրահամյանը նույնպես հայտնեց, թե խորհրդի` արդարացնել կամ չարդարացնելու վերաբերյալ կարելի կլինի դատել միայն մեկ-երկու գործի քննությունից հետո, երբ երևա խորհրդատվական որոշման որակը, և թե որքան է այդ եզրակացությունն ազդելու դատական որոշման վրա:
Բայց ովքե՞ր են այն մարդիկ, որոնք պետք է քննեն ու եզրակացություն տան, և որքանո՞վ կկարողանան զերծ լինել կանխակալությունից, ազդեցությունից և այլն: Նրանք, ի տարբերություն Հայաստանի արդար և անկաշառ դատավորների, ինչպես տեսնում ենք, պարզապես շարքային մարդիկ են, սուբյեկտիվ դիրքորոշում ունեցողներ, ընդ որում, տարբեր զբաղմունքների տեր: Առաջին երկուսը` Շուշան Դոյդոյանը և Բորիս Նավասարդյանը, ընդամենը դրամաշնորհներով տարբեր ծրագրեր իրականացնելու գործում են մասնագիտացած, վերջին երկուսը` Արա Ղազարյանը և Մանանա Ասլամազյանը, Աստված գիտե` ովքեր են: Եվ միակ մարդն այս խորհրդում, որ դեռ լրագրողներից չի օտարացել՝ «Առավոտ» օրաթերթի խմբագիրն է: Այսինքն, անկախ իրենց մարդկային, բարոյական բարձր կամ ցածր հատկանիշներից, խորհրդի անդամները մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ որոշակի տեսակետ, որը կարող է չհամընկնել այլոց տեսակետի հետ: Եվ ուրեմն, ի՞նչ երաշխիք, որ այս մարդկանց տված գնահատականը լինելու է անկողմնակալ:
Երբ նույն Արամ Աբրահամյանը «պոլի փետ» էր անվանում Ազգային ժողովի պատգամավոր դարձածին, հիշյալ պատգամավորը նույնպես փորձ արեց պատիվ պահանջել հեղինակավոր խմբագրից, թե ինչպես է նա թույլ տվել նման արտահայտություն անել: Խմբագիրը հաջորդ խմբագրականում սկսեց շարադրել իր` նման արտահայտություն գրելու դրդապատճառները, թե կապ չունի` ինչ է անվանել` «պոլի փետ», թե «թթվի քար», նման արտահայտությունը վիրավորանք չէ, ընդամենը երևույթի գնահատում է և այլն: Կարողացա՞վ Արամ Աբրահամյանը համոզել տվյալ պատգամավորին, թե չի վիրավորել, այդքան էլ էական չէ, բայց մարդը, փաստորեն, կարծիք էր ունեցել և հայտնել էր այդ կարծիքը, ինչին մյուսը համամիտ չէր և կարող էր նաև դատական հայց ներկայացնել: Այլ հարց է, որ մարդուն «պոլի փետ» կամ «թթվի քար» անվանելը, իհարկե, վիրավորական է: Այլ հարց է, որ Արամ Աբրահամյանն այս դեպքում պատճառաբանել էր, թե ինչու է նման կերպ անվանել տվյալ անձնավորությանը, որ «քավ լիցի, ոչ մի դեպքում չի ցանկացել վիրավորել…» և այլն:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ դարձյալ համարելով, որ իրեն վիրավորել են: Այս թերթը փետրվար ամսին տպագրված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրու՞մ» հոդվածում գրում է. «Իսկ Քոչարյանը, որքան էլ առանձնանում է գավառականությամբ ու արյունռուշտությամբ, առանձնակի փայլում է անմտությամբ: Ուղղակի մտածում ես՝ ՀՀ նախագահի աթոռին թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ չէ…»: Սա վիրավորակա՞ն է արդյոք, թե՞ ոչ. ահա թե ինչ է պարզելու դատարանը քննության վերջում:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը, ըստ ամենայնի, այս հայցի հետ կապված արդեն ստիպված կլինի եզրակացություն տալ: Ի դեպ, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն այսօր հայտարարել է. «Բավական է աբսուրդ մարմիններ ձևավորեն, մեր գլխին փորձեն դատական նոր ատյաններ ստեղծել, մամուլի նախարարություններ ձևավորեն: Այդ հասարակական կազմակերպությունները տասնյակ տարիներ շարունակ մամուլի համար Հայաստան մտնող գումարները ծախսելով են զբաղված, հիմա էլ երևի ծախսելու նոր ձև են գտել», և կոչ է արել լրագրողներին՝ հեռու մնալ այդ խորհուրդներից: Հիմա, եթե այս խորհրդի հարգարժան անդամներին առաջարկեն հիշյալ դատական հայցի շրջանակներում փորձագիտական եզրակացություն տալ, ի՞նչ պետք է ասեն: Խորհրդի հիշյալ անդամներին երևի թե նախանձել չարժե, նրանք ընկնելու են երկու քարի արանքը: Եթե խորհուրդը հայտարարում է, թե կոչված է պաշտպանելու լրագրողներին, ապա հենց այս դատական հայցի շրջանակներում, օբյեկտիվ գնահատականի դեպքում, երևի թե պետք է տա բացասական եզրակացություն. Այսինքն՝ պետք է ասի, որ ասվածը վիրավորական է, ինչին, ի դեպ, չհամաձայնել այդքան էլ չի կարելի: Իհարկե, վիրավորական է Ռոբերտ Քոչարյանին նման որակումներ տալը, ընդ որում, երկրորդ նախագահի հասցեին «անմտություն» որակումն ավելի քան անհիմն կարելի է գնահատել հենց ի սկզբանե` անգամ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ բացասաբար տրամադրվածների տեսանկյունից. անմիտ մարդը չէր կարող 10 տարի իր ձեռքում կենտրոնացնել մի ամբողջ պետություն և դեռ պաշտոնավարումից հետո էլ շարունակեր պահել իշխանական լծակները:
Արամ Աբրահամյանին երբ հայտնեցինք «Հրապարակ»-ի խմբագրի վերոգրյալ կարծիքը, շատ հանգիստ պատասխանեց, թե նրա ենթադրությունը կարող է շատ ճիշտ լինել, ավելին, չբացառեց, որ խորհուրդը կարող է լրատվամիջոցների նկատմամբ շանթարգելի դեր կատարել: Ընդամենն ավելացրեց. «Եթե տեսնեմ՝ լրագրողների նկատմամբ ճնշում է լինում, դուրս կգամ»: Այսինքն, հենց սկզբից կարող ենք արձանագրել, որ խորհրդի անդամներն էլ են զգում իրենց խոցելի կարգավիճակը: Համենայն դեպս, լրագրողական դաշտին ամենամոտ կանգնած խորհրդի անդամն զգում է:
Եվ այսպես, դժվար է միանշանակ ասել, թե ինչպիսի՞ն կարող է լինել հիշյալ խորհրդի դիրքորոշումը լրագրական սուբյեկտիվ որակումների դեպքում: Ամենայն հավանականությամբ, գործ ենք ունենալու դարձյալ սուբյեկտիվ դիրքորոշման հետ: Իսկ ի՞նչ կարող է անել խորհուրդը, օրինակ, այն հարցերում, երբ վիճարկվում է տպագրվածի իսկությունը: Լրագրողը հայթայթում է խիստ գաղտնի տեղեկությունը, որը բացի իրենից, ասենք, գիտեն եզակի անհատներ, համարձակությունը ներում է դրանք գրելու, և ահա կողմը, ում մասին գրվել է, հերքում է պահանջում և ասում, որ դա ծայրից ծայր սուտ է:
Ի՞նչ կարող է անել խորհուրդն այս հարցում: Խորհրդի անդամներից և ոչ մեկը չի կարող իմանալ եղելությունը, իմանալու դեպքում էլ՝ չի կարող ապացուցել: Օրինակ, Հովիկ Աբրահամյանի հետ կապված ցանկացած տեղեկատվություն ԱԺ լրատվականը հերքում է, ասում, որ նման բան չկա: Այդպիսի տեղեկությունները հիմնականում դժվար է ապացուցել, տեղեկություն տրամադրողների հասցեներն էլ լրագրողները, հաշվի առնելով էթիկան ու աղբյուրի գաղտնիության պահպանումը, ոչ մի դեպքում չեն հայտնի: Այսինքն, դարձյալ լրագրողը հայտնվում է խոցելի վիճակում: Լրագրողը խոցելի է իր հրապարակումների հասցեատերերի հարձակումներից, լրագրողին կարող է «ժերտվա տալ» նաև խմբագիրը` կա´մ վախենալով հրապարակման հասցեատիրոջից, կա´մ ուղղակի գերադասելով դրամագլուխ կուտակել` որպես ահաբեկվելուց խուսափելու այլընտրանք: Իսկ հիմա՝ քիչ էր, որ լրագրողներին հարվածում էին լրագրական դաշտից դուրս գտնվողները, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, ստացվում է, լրագրողները ձեռք են բերում ևս մի մարմին, որտեղ կարող է հարված լինել ներսից`անկախ այն բանից՝ բարեկամի, թե թշնամու, բայց «ներսից»` լրատվական դաշտից:
Այսօր կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ցույցն էր: Այսօրվա ցուցարարների բողոքի պատճառը պոմիդորն էր: Ջերմոցային տնտեսություն ունեցող առնվազն քսան ձեռներեցներ հավաքվել և բողոքում էին այն փաստի դեմ, որ Թուրքիայից չմաքսազերծված բանջարեղեն է ներմուծվել: Այս մարդիկ ասում են, թե ջերմոցային տնտեսությամբ զբաղվելը բավական թանկ զբաղմունք է, և որ դրա համար 24 տոկոսանոց վարկեր են վերցրել, ընդ որում, ժամանակին վերցրել են 305 դրամ փոխարժեքով, սակայն հիմա դոլարը 370 է, և քանի որ վարկը վերադարձնում են դրամով՝ տուժում են, որովհետև բանկը հաշվարկները կատարում է ի վնաս իրենց:
Ըստ այս մարդկանց, Հայաստանում արտադրվող լոլիկի ինքնարժեքը 700 դրամ է, իսկ թուրքական լոլիկը՝ մաքսազերծման դեպքում, կարժենա 800 դրամ, մինչդեռ այսօր լոլիկ է վաճառվում 500 դրամով: Այսինքն, ինչ-որ մեկը լոլիկ է ներկրել և հաջողեցրել է չմաքսազերծել: Եվ հիմա հայաստանյան լոլիկի շուկայի մատակարարները բողոքում են դրա դեմ:
Սա հերթական և սովորական բողոքի ակցիա է: Բայց ուշադիր լինելու դեպքում սրա մեջ էլ քիչ հարցեր չկան թաքնված:
Նախ՝ բողոքի նյութի մասով. լոլիկն այսօր վաճառվում է 1000 դրամով, սակայն շուկա է մտել 500 դրամանոց լոլիկ. Լա՞վ է սա, թե՞ վատ: Սպառողի, ՀՀ քաղաքացու տեսանկյունից միանշանակ լավ է. ինչ-որ մեկը մտածել է ՀՀ քաղաքացու մասին և որոշել՝ ավելի քիչ խփել նրա գրպանին, ավելի մատչելի գնով լոլիկ հրամցնել: Այլ հարց է, որ դա երկսայրի գործողություն է և, նպաստավոր լինելով սպառողներին, աննպաստ է ստացվել արտադրողների համար: Դրանից բացի, չի բացառվում, որ ներկրվող, էժան լոլիկը լինի ԿՎՕ` կենդանի վերափոխված օրգանիզմ, որը շատ ավելի էժան է միջազգային շուկայում, քան, ասենք, 500 դրամն է, սակայն ԿՎՕ-լոլիկի օգտագործումը կարող է վնասել մարդուն: Կամ՝ իրոք այդ տարբերակն է, կամ…
Հարց է ծագում, թե ո՞վ կարող էր առանց մաքսազերծման լոլիկ ներկրել և հետո էլ նման ցածր գներով հանել վաճառքի: Իհարկե՝ նա, ով վայելում է ՊԵԿ հովանավորությունը և կարողացել է նման հաջող գործարք կազմակերպել: Այս առումով բողոքի հասցեն որոշ առումով ճիշտ էր ընտրված, այլ հարց է, թե անգամ կառավարությունում ի զորու՞ են չմաքսազերծված ապրանք ներկրած և վաճառած անձնավորությանը սաստել: Հազիվ թե…
Իսկ հիմա տեղական արտադրողների մասին: Գյուղմթերքների վաճառքը Հայաստանում դարձել է վերավաճառողների մենաշնորհը, որոնք իրենց ցանկալի գներն են թելադրում` առանց հաշվի առնելու այնպիսի մանրուք, ինչպես օրինակ` գնորդի վճարունակությունն է: Հայաստանն այն երկիրն է, որտեղ բնակչության մի ստվար զանգված գործազուրկ է, մի ստվար հատված աշխատում է 50-100 հազար դրամ աշխատավարձով, բայց այստեղ խնձորն արժե 1000 դրամ, կարտոֆիլը` 350, սոխը` 600, իսկ պոմիդորը, ինչպես տեսնում ենք՝ 1000: Մեղքի բաժին ունե՞ն ջերմոցատերերը գնային նման քաղաքականության հաստատման՝ հայաստանյան եկամուտների և սպառողական զամբյուղի նման անտրամաբանական զուգահեռի հարցում: Իհարկե՝ ունեն. բայց իրենք, ինչպես տեսնում ենք, ասում են՝ չունեն, և ամբողջ մեղքը գցում են բանկային վաշխառուների վրա, որոնք, բնական է, նույնպես մեղավոր են:
Եվ ուրեմն, ինչ կարող են այս մարդիկ սպասել կառավարությունից, իմաստ ունի՞ այս երկրում նման բողոքի ակցիաներ կազմակերպել: Երբեմն կարող են և իմաստ ունենալ: Հնարավոր է, որ Տիգրան Սարգսյանը որոշի հերթական փիառ ակցիան կազմակերպել իր օգտին՝ ցույց տալու համար, թե ինչքան մտահոգ է տեղական արտադրողներին պաշտպանելու հարցում, և պայմանավորվի լոլիկ ներկրած ու չմաքսազերծած օլիգարխի հետ` կանգնեցնել այս օպերացիան և իր լոլիկը ևս վաճառել բարձր գնով: Հնարավոր է, որ նման ձևով բողոքավորները հասնեն իրենց ուզածին: Բայց ի՞նչ կշահի դրանից հանրությունը: Պարզ է՝ ոչ մի բան: Այնպես որ, խոշոր հաշվով կառավարության շենքի դիմաց կազմակերպված ցանկացած ակցիա կարելի է անիմաստ համարել, քանի որ դրանք ամենաշատը կարող են հասնել այսրոպեական արդյունքների, մինչդեռ խնդիրների խորքային պատճառներն այդպես էլ կմնան չլուծված: Ինչու՞: Քանի որ դա ձեռնտու չէ լուծողներին:
Վերջին շրջանում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հարաբերությունները նկատելիորեն լարվել են: Չի կարելի ասել, թե նախկինում Սարգսյանն ու Երիցյանը սրտակից ընկերներ էին, սակայն, ամեն դեպքում, ՀՀ ոստիկանապետն ու նախկին փոխոստիկանապետը միմյանցից չէին խորշում: Հիմա, եթե որևէ մեկը փորձի Երիցյանին գովել Սարգսյանի մոտ կամ հակառակը, ապա կարող է հայտնվել այս երկուսից մեկնումեկի սև ցուցակում:
Թե ի՞նչն է պատճառ դարձել հարաբերությունների նման կտրուկ փոփոխության, դժվար է ասել: Կարելի է ընդամենը ենթադրություններ անել:
Նախկինում՝ ոչ պաշտոնական հարաբերություններում երկու փորձառու ոստիկան-ղեկավարները միմյանց հետ շփվում էին «ախպեր ջան»-ով: Այդպես, 2010 թ. սեպտեմբերի 4-ին` Փրկարարի օրը, ՀՀ ոստիկանապետն իր ղեկավարած համակարգի բարձրաստիճան ոստիկանների հետ ԱԻՆ-ի առանձնահատուկ հյուրերի շարքում էր, և պետք է ասել, որ նախկին «զամի» տոնին Ալիկ Սարգսյանը ներկայացել էր լավագույնս պատրաստված: «Շնորհավորում ենք, ախպե´ր ջան»-ին հաջորդեց Երիցյանի պարգևատրումը. ԱԻ նախարարին շնորհվեց «Ոստիկանության հետ համագործակցության համար» մեդալ:
Իր հերթին, Արմեն Երիցյանը պաշտոնական հարցումներում` հատկապես ոստիկանապետի հնարավոր փոփոխության հետ կապված, մշտապես հերքում էր իր հավակնությունները և գոնե իր շրջապատում հարգանքով էր արտահայտվում Սերգեյիչի մասին: Իսկ հիմա «ախպերների» ջրերն այլևս նույն առվով չեն հոսում: Ինչու՞:
Հավանական պատճառներից մեկը Երիցյանի` ոստիկանություն տեղափոխվելու հավանականությունն է: Որքան էլ Երիցյան-նախարարը համեստություն անի և ամեն անգամ հայտարարի, թե իր բաղձալի երազանքը լավ փրկարար դառնալն է, փաստն այն է, որ Ազգային անվտանգության խորհրդի անդամ ՀՀ ոստիկանապետն ու «Օրինաց երկիր» կուսակցության պորտֆելատենչ պահանջները բավարարելու միտումով ձևավորված Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի աթոռը համարժեք անվանել հնարավոր չէ: Ինչ-ինչ, բայց յուրաքանչյուր ոստիկան երևի թե երազում է դառնալ ոստիկանապետ, իսկ Արմեն Երիցյանը, ասում են, լավ ոստիկան է:
Երկու նախարարների հարաբերությունների վատթարացման պատճառ կարող է լինել նաև այն, որ նույնիսկ ոստիկանությունից հեռանալուց հետո՝ Երիցյանն իր ձեռքում է պահում համակարգի որոշ լծակներ: Հայտնի է, որ Ալիկ Սարգսյանը ոստիկանապետ է այնքանով, որքանով… թեպետ սիրում է «խոստովանել», թե կապ չունի համակարգում պտտվող գումարների հետ, սակայն ներքևի օղակները պնդում են, որ նա մասամբ է ճիշտ. այս հարցը «կարգավորում է» Սերգեյիչի եղբայրը: Իրոք, այս կառույցում «ասողները» և «հարց լուծողները» ոստիկանապետից ավելի ցածր աստիճանի վրա են. Արմեն Երիցյան, Հունան Պողոսյան, Ներսիկ Նազարյան…
Ալիկ Սարգսյանը երեք տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ այս երեքից վերցնել «հարցեր լուծելու» մեխանիզմները: Իսկ ենթադրել, թե նրան դեռ կհաջողվի երկար պաշտոնավարել ոստիկանությունում և համակարգի ղեկն իսկապես վերցնել ձեռքը, այսօրվա դրությամբ այնքան էլ իրատեսական չէ:
Ինչ վերաբերում է Սարգսյան-Երիցյան հակասությանը, ապա չարժե մտահոգվել այս առնչությամբ` աչքի առաջ ունենալով իշխանական վերնախավում պաշտոնյաների` միմյանց դեմ մշտապես դավեր նյութելու սովորությունը: Այնպես որ, եթե մանրազնին քննության ենթարկենք ՀՀ ղեկավարության առաջին էշելոնում գտնվողների հարաբերությունները, ապա բարձրաստիճան պաշտոնյաների հարաբերությունների սրվելու փաստերից այդքան էլ պետք չէ զարմանալ. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը միմյանց պարզապես ատում են, վերջերս լարվեցին նաև Ներսիկ Նազարյանի և ոստիկանապետի հարաբերությունները:
Այս ցուցակը կարճ չէ. ա՛յ, թե նման կարգի հարաբերությունները ինչքանով են նպաստում երկրում օրենքի գերակայություն ստեղծելու և իրավապահ համակարգը բարեփոխելու առումով, արդեն իսկ խնդիր է, ինչը պետք է անհանգստացնի «Բաղրամյան 26»-ին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.