29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այս սարսուռ առաջացնող երկտողը գտել են ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակի բաժնի ձերբակալվածների պահման վայրում ապրիլի 30-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած Կոշ գյուղի բնակիչ, 21-ամյա Մանուկ Բադալյանի մոտ:
Բադալյանն իր երեք ընկերների հետ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը Կոշ գյուղում, ամուսնության նպատակով, առևանգել էր 16-ամյա մի աղջկա:
Ապրիլի 30-ին, քննիչի միջնորդությամբ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բադալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը: Դատավորը բավարարել էր միջնորդությունը: Դատարանից 21-ամյա երիտասարդին տեղափոխել են ՁՊՎ-ի մենախուց, որտեղ էլ, սավանով կախվելու միջոցով, նա ինքնասպան է եղել: Այդ պահին Մանուկ Բադալյանը խցում մենակ է եղել:
Այս հոգեցունց դեպքը, երբ նորապսակի սպիտակ հագուստ երազող պատանին, սիրած աղջկա ձեռքերի փոխարեն, պարանոցին է օղակում սավանը, մեր իրավապահ համակարգի անկատարության, օրենքի չոր տառի կիրառման հետևանքն է, երբ իրավապահը հարցը լուծում է մարդկայնության ոտնահարմամբ, մորթապաշտի կամակատարությամբ:
Մեկ տարուց ավելի ազատազրկում ենթադրող հոդվածի դեպքում քննիչը կարող է միջնորդել կալանավորել անձին՝ սա ամրագրված է օրենքով, սակայն կարող է և կալանք չմիջնորդել: Այս դեպքում քննիչն, իհարկե, կատարել է օրենքի պահանջը, այսինքն` պահպանել է չոր տառը՝ հավանաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղջկա ծնողները վրդովված են, կարող են բողոքել (աղջկա հայրն աշխատում է ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում): Երևի նաև՝ շառից-փորձանքից հեռու մնալու նպատակով. Կարող էր, չէ՞, վերադասը շահարկել որոշումը, թե` կաշառք է վերցրել… Իսկ դատարանը ոչ միայն առաջնորդվել է նույն սկզբունքով, այլև՝ աչքերը փակ, «կտրոն դակողի» մակարդակով չափն անցել է: Մի խոսքով, կոպիտ ասած, բոլորն իրենց վրայից գցել են (հետո՞ ինչ, որ մարդկային ճակատագիր է խորտակվում, հետո՞ ինչ, որ երիտասարդ կյանքեր են կործանվում, կարևորն այն է, որ իրենք խնդիրներ չունենան)՝ 21-ամյա տղային թողնելով իր կատարած քայլի համար աչքի առաջ 10 տարուց ավելի պատժաժամկետ ունենալու փաստին դեմ հանդիման:
Մարդու առևանգման Քրօրի 131 հոդվածը (4-8 տարի), թերևս, ամենախիստ հոդվածներից է: Սակայն, մինչ օրենքի բարեփոխումները, այս հոդվածում կար ամուսնության նպատակով առևանգում, որը կարծեմ թե ենթադրում էր երկու տարվա ազատազրկում, նույնիսկ բողոքի, կողմերի չհաշտվելու դեպքում մեղմ էր լինում մոտեցումը: Սակայն, որպես կանոն, կրքերը հանդարտվելուց հետո, աղջկա կողմը չէր բողոքում, ի վերջո՝ հարցը փակվում էր: Հայտնի չէ, թե որ «խելոք բարեփոխիչի» կամքով՝ հոդվածի այդ մասը հանել են: Ու հիմա ունենք այն, ինչ ունենք: Այսինքն, մարդուն կառևանգեն գումար կորզելու, տանջելու թե այլ նպատակների համար՝ նույնացրել-հավասարեցրել են ամուսնության նպատակով առևանգմանը:
Ի դեպ, դեպքի օրը Մանուկ Բադալյանի հետ եղած 3 ընկերների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երևանի ավագանու խորհուրդն այսօր պետք է հաստատեր քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումներից մեկը, որով «Թիվ 4 բուժսանմաս» և «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-երը միացման ձևով վերակազմակերպվելու էին: «Թիվ 4 բուժսանմաս»-ը նախկին Կաուչուկի պոլիկլինիկան էր, որի տարածքը, պարզվեց, «Նաիրիտ» գործարանը վիճարկում է դատական կարգով: Որոշման հիմքում ասված է. ««Թիվ 4 բուժսանմաս» ՓԲԸ ձևավորվել է «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ-ի և Շենգավիթ
համայնքի (նախկին Լենինյան շրջան) տարածքում գործող գործարանների
աշխատակիցների պրոֆքննություններ իրականացնելու համար։
ՀՀ անկախացումից հետո գործարանների մեծ մասը դադարեցրեց իր
գործունեությունը, բուժսանմասի հետագա աշխատանքները շարունակելու համար
Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ ամբուլատոր—պոլիկլինիկական սպասարկման համար կցագրվել է թվով 4200 ազգաբնակչություն (2 թերապևտի տեղամաս)։ «Թիվ 4 բուժսանմաս» ՓԲԸ-ն ի սկզբանե իր գործունեությունն իրականացրել է «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ-ի հաշվեկշռում ներառված Թամանցիների 58 հասցեում գտնվող շենքում։ Շենքն ընկերության հաշվեկշիռ ընդգրկելու համար կայացել է ՀՀ կառավարության 12.09.2001թ. հ.841, 06.05.2004թ. հ.667-Ն և Երևանի քաղաքապետի 25.03.2001թ. հ.261 որոշումները, որոնք տարբեր պատճառներով չեն իրականացվել։ «Նաիրիտ» ԳԱ ՓԲԸ-ի տնօրինության կողմից վերջնաժամկետ է ներկայացվել ընկերությանը՝ մինչև 01.01.2011թ. ազատել առանց իրավական հիմքի զբաղեցրած տարածքը, Երևանի քաղաքապետարանի կողմից պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածքն ազատել մինչև 2011թ. հունիս ամիսը։
Հարկ ենք համարում նշել նաև, որ սպասարկվող ազգաբնակչության փոքր քանակը,
ըստ ՀՀ ԱՆ կողմից հաստատված չափորոշիչների, թույլ չի տալիս իրականացնել
նախատեսված բոլոր նեղ մասնագիտական և լաբորատոր—գործիքային
հետազոտությունների ամբողջ ծավալը։
Ազգաբնակչության սպասարկման տարածքային առումով մոտ է «Թիվ 13
պոլիկլինիկա» ՓԲԸ—ն, որն ունի անհրաժեշտ բոլոր պայմանները մեծահասակ և
մանկական ազգաբնակչությանը ՀՀ ԱՆ չափորոշիչներով սահմանված բժշկական
օգնություն ցուցաբերելու համար, հագեցած է բարձր որակավորում ունեցող բժիշկ—
մասնագետներով։
Ելնելով վերոգրյալից` ավագանու քննարկմանն ենք ներկայացնում «Թիվ 4
բուժսանմաս» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու հարցը»։
Թվում էր` ամեն ինչ հասկանալի է, բայց ավագանու անդամներից ոմանք սկսեցին հանդես գալ «Թիվ 4 բուժսանմաս»-ի պաշտպանությամբ:
«Եկե´ք վարձակալենք այդ տարածքը «Նաիրիտից»,- ասաց անդամներից մեկը:
Է~դ էր մնացել` սուպեր-մենեջեր Կարեն Կարապետյանը փող ծախսեր նման բաների վրա. քաղաքապետը միանգամից մերժեց սա:
«Եթե տարածքը մերն է եղել, եկեք հե´տ վերցնենք դա` «Նաիրիտը» մեզ ինչքա~ն պարտք ունի»,- շարունակեց պաշտպանությունը ավագանու անդամներից մյուսը:
«Նաիրիտը բանկրոտ ա, մեզ պարտք ա, ՀայՌուսգազարդին պարտք ա, ով էդ շենքի չորս կողմը պտտվել ա, պարտք ա: Անհուսալի պարտքի դիմաց տարածք տալը բանկրոտստվա ա, մենք էդ ցուցակի մեջ 1000-րդն ենք, գալու ա ՀայՌուսգազարդը…»,- թեման էլի փակեց Կարապետյանը:
«Էս «Նաիրիտը» լրիվ փորձանք դառավ մեր գլխին, հա~»,- նկատեց մեկ ուրիշ ավագանու անդամ:
Իսկ թե ինչպե՞ս կարող էր Խորհրդային Միության մասշտաբով կաուչուկի հսկան վերածվել «փորձանքի», ամենալավը կիմանա երևի թե ՀՀ վարչապետը, նա էլ խիստ գաղտնապահ է…
Այն բանից հետո, երբ իրեն պատկանող «Էրեբունի» բժշկական կենտրոնում փորձարկեց ֆինանսավորման համավճարային կոչվող սկզբունքը և համարեց, որ դա իրեն լիովին արդարացնում է, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը որոշեց՝ արդեն ժամանակն է, որ մյուս բուժհաստատություններն էլ հետևեն իր օրինակին: Երևանի ավագանու այսօրվա նիստում ավագանու խորհուրդը պետք է ընդամենը մեխանիկորեն համաձայնություն տար նախարարի որոշմանը, եթե… Խանգարողըն էլ, պարզվեց, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արայիկ Մինասյանն էր: Եվ պարզվեց՝ ոչ բոլոր դեպքերում է, որ բուժհաստատության ղեկավարը կարող է հլու-հնազանդ կատարել նախարարի հրամանները:
Որ «համավճար» կոչվածը սկսեց կիրառվել` խուսափելու համար կոռուպցիայից, միանգամայն ճիշտ է. որոշվեց «լևի» ու «պռավի» տրվող գումարները մեկտեղել. եթե նախկինում բժիշկները, բուժքույրերը, սանիտարները, հիվանդանոցի վերելակավարները, պահակներն ու մյուսներն ասում էին, թե պետությունն իրենց քիչ է վարձատրում, բայց իրենք շատ են չարչարվում, ուստի արժանի են հիվանդների կողմից լրացուցիչ վարձատրության, որոշվեց այլևս «ոչ» ասել ուզվորությանը, այլ կազմակերպել այդ ուզվորությունն օրինականորեն. բուժհիմնարկը էն գլխից կվերցնի որոշված մի գումար, որի մեջ կմտնի տվյալ ծառայության իրական արժեքը: Ենթադրվում էր, որ դրանից հետո պետք է գոհ ու երջանիկ լինեն բոլորը` թե´ բուժանձնակազմը, որ կձերբազատվի ուզվորությունից, թե´ հիվանդներն ու նրանց հարազատները, որ կազատվեն ուզվորների հարձակումներից:
Բայց պարզվում է, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ: Համավճարի դեպքում, ասում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արայիկ Մինասյանը, գործում է «շատին` շատ, քչին` քիչ» սկզբունքը, ավելանում է նրանց աշխատավարձը, ովքեր առանց դրա էլ շատ էին ստանում` անեսթեզիոլոգ, վիրաբույժ… մինչդեռ բուժքույրերը, սանիտարները մնում են դարձյալ նույն չնչին աշխատավարձի և հիվանդների` իրենց գրպանը խցկած գումարների հաշվին:
Քաղաքապետը փորձեց պաշտպանել կառավարության իր գործընկերոջ հրամանը: «Եթե կա մի մեխանիզմ, որը բոլորին չի երջանկացնում, բայց մի մասին երջանկացնում է, չարժի՞ անել»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:
«Համավճարի կիրառումը կառավարության որոշում ա եղել, քաղաքապետի որոշում ա եղել»,- շեֆի ասածը սկսեց փաստարկել քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Ուրիխանյանը:
Մինասյանը որոշել էր գնալ մինչև վերջ:
«Ըստ իս, սա այդքան էլ պարտադիր չի, մենք Փակ բաժնետիրական ընկերություններ ենք, ճիշտ չի վերևից հրամայել` սրան էսքան տուր, նրան` էնքան: Ես, օրինակ, նախարարի հրամանից հետո տվել եմ մի շարք հրամաններ, որոնցով կարգավորել եմ ամեն ինչ: Ես հիմնարկի մինիմալ աշխատավարձը հասցրել եմ 60-70 հազարի, նոր մյուսներինը բարձրացրել եմ: Ես կարող եմ Ձեզ տրամադրել այդ հրամանների կույտը, ուսումնասիրեք և տեսեք, թե ինչպես կարելի է անել, որ գերածախս չտանք»,- ահա այսպես սովորեցրեց Մինասյանը, թե ինչպես կարելի է շրջանցել նախարարների հրամանները:
Վերջապես կլուծվի՞ այս հարցը, կընդունե՞ն մնացյալ բուժհաստատությունների ղեկավարները Մինասյանի առաջարկը, դեռ հայտնի չէ: Բայց, որ մեր բուժհաստատություններ մտնողը փոշմանում է այնտեղ մտնելուց հետո, և արդարացի չէ, որ 10 տարի սովորած բժիշկը հիվանդի ձեռքին նայի՝ փաստ է:
Ի դեպ, Մինասյանը ոչ պաշտոնական զրույցում ավելի գունեղ ներկայացրեց նախարարի հրամանը. «Տո՛, սաղ հենց սրան են սպասում, ասում են, ըհը´, լա´վ ա, հա´մ ըսենց կստանանք, հա´մ ընենց»:
Հունիսին լրանում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի եռամյա պաշտոնավարումը: Այսօր պաշտոնապես հաստատվեց տեղեկությունը, որ տիկին Յովանովիչը չի շարունակի հայաստանյան պաշտոնավարումը և Պետդեպարտամենտում կզբաղվի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով:
ԱՄՆ դեսպանը կարևոր մարդ է հյուրընկալ երկրներում, մանավանդ` Հայաստանի կարգի պետություններում, որոնցում ավանդաբար արտաքին գործոնները նշանակալի դեր են խաղում:
Տիկին Յովանովիչին, անշուշտ, պետք է դասել ամենաակտիվ դեսպանների շարքին: Նա հաճախ էր հանդես գալիս լսարանների առջև, հարցազրույցներ տալիս, ներկայացնում իր դիրքորոշումները հայաստանցիներին հուզող խնդիրների վերաբերյալ:
Նրա հրապարակային ելույթներում կարմիր թելի պես անցնում է քաղաքացիական հասարակության արժեվորման թեզը: Հաճախ դեսպանի հայտարարությունները միանշանակ արձագանքի չեն արժանացել Հայաստանի իշխանության էլիտայի ներկայացուցիչների կողմից, թեև տիկին Յովանովիչը, կարծես թե, հնչեցնում էր աքսիոմատիկ ճշմարտություններ:
Տեսանելի էր, որ ԱՄՆ այս դեսպանի համար Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարևոր է: Պատահական չէ, որ կառավարման որակի պրոբլեմների պատճառով` Հայաստանում կասեցվեց «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործունեությունը:
Ի դեպ, տիկին Յովանովիչը հեռանում է շատ կարևոր մի ժամանակ, երբ մամուլում քննարկվում է մի վարկած, ըստ որի՝ նա է նպաստել իշխանություն — ՀԱԿ երկխոսության կայացմանը: Երեկ այս կարծիքը հնչեցրեց նաև «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: Կարելի՞ է համարել, որ Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումը Յովանովիչի կարևոր առաջնահերթություններից մեկն է, ու նա Հայաստանից հեռանում է` առաքելությունը կատարածի վաստակով: Այս հարցի պատասխանը կտա ժամանակը: Գուցե նաև դա էր պատճառը, որ Վաշինգտոնը ևս երեք տարով չերկարաձգեց իր դեսպանի պաշտոնավարումը:
Մարի Յովանովիչի պաշտոնավարման տարիներին կարևոր փուլ մտան նաև հայ-ամերիկյան հարաբերությունները. Հայաստան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
ԱՄՆ դեսպանի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է նաև այն պատճառով, որ այդ երկիրն ակտիվ դերակատարություն ունի ԼՂ կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում: Երկու խնդիրներն էլ առաջնահերթություն են Վաշինգտոնի արտաքին քաղաքականության տեսանկյունից: Պատահական չէ, որ այս թեմաներին էր նվիրված գործող դեսպանի հարցազրույցների մի զգալի մասը:
Ինչևէ, շուտով Հայաստան է գալու ԱՄՆ նոր դեսպանը, իսկ դա նշանակում է այդ երկրի քաղաքականության որոշակի սրբագրումներ: Ինչպիսի՞ն կլինեն դրանք` դարձյալ ցույց կտա ժամանակը:
Թե ո՞վ, ինչի՞ համար, հանուն ինչի՞, ու՞մ խաթր, ի՞նչ նպատակով` հստակ հայտնի չէ, բայց հայտնի է, որ քաղաքապետարանում ինչ-որ մեկը որոշել էր հերթական նվերը մատուցել Հայաստանի երեք մեծահարուստի:
Մեր երկրում որևէ մեկը չի կարող պնդել, որ նոտարը մեծահարուստ մարդ չէ. Հայաստանում նոտար դառնալու համար անգամ բարձրաստիճան պաշտոնյայի մերձավոր լինելը բավական չէ: Սա փակ գոտի է, և այնտեղ մուտքի իրավունք ունեն միայն եզակիները: Նոտար դառնալու համար կազմակերպվող քննություններն ընթանում են խիստ կանոնակարգված ձևով, որի արդյունքում միայն եզակիներին է հաջողվում ստանալ Հայաստանի ամենաապահովված փեշակի հավաստագիր: Այսպես, վերջին քննությանը, որ տեղի ունեցավ 2010 թ. վերջին, մասնակցեց Աստված գիտի քանի հոգի, բայց նոտար դարձան ընդամենը 4-ը, որոնց մեջ էին վարչապետ Տիգրան Սարգսյանի և այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի զարմուհիները, նաև մոսկովյան հայտնի բիզնեսմեն Ն. Թևանյանի հարսը, իսկ ահա արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանի կինը չանցավ: Չանցան նաև դատախազության և բազմաթիվ այլ կառույցներում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողների ուստրերն ու դուստրերը:
Այսինքն` կասկածից վեր է, որ նոտարները Հայաստանի եզակի բախտավոր մարդիկ են, որ նստած տեղը, այսպես ասած, մի «պեչատ» խփելով կարողություն են դիզում: Եվ ահա Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգի մի կետով Երևանի Մ. Բաղրամյան պողոտա 1-ին փակուղի հ. 14 շենքի հ. 162 հասցեում գտնվող 136,1 քմ տարածքը պետք է անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեր նորտարներ Ալվարդ Մելքոնյանին, Էմմա Շաբոյանին և Նունե Սարգսյանին: Այս որոշման մեջ կարդում ենք. «Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի հ.162-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը և 2009 թվականի դեկտեմբերի 23-ի հ.55-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետը…». կարելի է ենթադրել, որ հիշյալ նոտարներին ձրի տարածք տալու որոշումը հղացվել է դեռևս անցյալ տարվա նոյեմբերին, այն ժամանակ, երբ քաղաքապետ էր Գագիկ Բեգլարյանը, որը նման լավություններ քիչ չի արել, ինչպես հայտնի է:
Այսօր Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Մենք ընդհանրապես չենք ուզում որևէ մեկին անհատույց բան տանք, ուր մնաց թե՝ նոտարներին», և հարցը դուրս եկավ օրակարգից` նոտարներին դնելով ծանր կացության մեջ, քանի որ նրանք արդեն, ուզած-չուզած, պետք է դիզած կարողության գումարներից ծախսեն տարածք գնելու համար:
Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվելուց, իսկ ապա նաև ռեկտոր ընտրվելուց հետո Դերենիկ Դումանյանի վիճակը, ինչպես երևում է, ծանրացել է:
Հաշվի առնելով, որ Հայաստանն արժանավոր կադրերի առատությամբ աչքի չի ընկնում, կարելի է առանձնացնել մի քանիսի, որոնք տեղ են զբաղեցնում միաժամանակ մի քանի մարմիններում: Դերենիկ Դումանյանն այդ շարքում առաջիններից է: Առողջապահության փոխնախարար աշխատած, հետո Առողջապահության ազգային ինստիտուտը գլխավորած դոկտոր-պրոֆեսոր Դումանյանը նաև Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի, նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է: Դումանյանը 2009 թ. հունիսին ընտրվեց նաև Երևան քաղաքի ավագանու խորհրդի անդամ և դարձավ այս խորհրդում ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Դումանյանը նաև Հանրային խորհրդում պաշտոն ունի. նա այս խորհրդի առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն է: Եվ հետաքրքիրն այն էր, որ Դերենիկ Դումանյանը, լինելով պարտաճանաչ անձնավորություն, մշտապես կատարում էր իր բոլոր պարտականությունները բոլոր ֆրոնտներում` առանց խտրականություն դնելու:
Բայց ահա այն օրից, ինչ դարձավ Գոհար Քյալյանի փոխանորդը, Դումանյանն այլևս չի ներկայանում Երևանի ավագանու խորհրդի նիստերին, այլ կերպ ասած` ՀՀԿ խմբակցությունն այստեղ արդեն աշխատում է անգլուխ` առանց խմբակցության ղեկավարի:
Դումանյանն ավագանու նիստերին, որպես կանոն, ներկայանում էր ընկերոջ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արայիկ Մինասյանի հետ: Այսօրվա նիստին Մինասյանը դարձյալ մենակ էր և ընկերոջ բազմազբաղության վերաբերյալ մեր դիտարկմանն արձագանքեց իրեն հատուկ հումորով. «Դումանյանի բատարեյկեքը նստել են: Արդեն նիհարել ա, հա~: Դե, բա չի հասցնում էլ: Համ էլ գիտի` լավ չաշխատի` բանակ ենք տանելու:
Ի դեպ, Բժշկականի ռեկտորի հավանական թեկնածու էր համարվում հենց ինքը` Մինասյանը: Հավանաբար, հենց գլխի գալիքը ժամանակին հասկանալը զերծ պահեց Մինասյանին՝ բժշկականի ռեկտոր դառնալու գայթակղությունից:
«Դե, բա ես գիտեի, բա, ինձնից էլ բա~ն չէր մնա, ինձ բա պետք է՞ր, մի քանի տարի ա մնացել, մեծ մարդ եմ, հանգիստ ինձ համար աշխատեմ»,- ռեկտոր չդառնալու պատճառն այսօր այսպես գաղտնազերծեց Արա Միխայլիչը:
Արաբական հեղափոխությունները ներպաղեստինյան համաձայնության խթան հանդիսացան: Մի քանի օր առաջ պաղեստինյան երկու խմբավորումները` ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը, Եգիպտոսի միջնորդությամբ, համաձայնության եկան ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու շուրջ:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Պաղեստինի ինքնավարությունը կորցրեց իր ամբողջականությունը. նախագահ Աբբասի ՖԱԹՀ շարժումը վերահսկում է Արևմտյան ափը, Իրանի և Սիրիայի կողմից հովանավորվող ծայրահեղական ՀԱՄԱՍ-ը` Գազայի հատվածը:
Պաղեստինցիները և նրանց միավորման ջատագովները հույս ունեն, ար այս համաձայնությունն էապես կօժանդակի Պաղեստինի միջազգային ճանաչման գործընթացին:
Իսրայելը դրան առարկում է` պնդելով, որ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական խմբավորում է և, բացի այդ, չի ճանաչում Իսրայել պետության գոյությունը: Թել Ավիվում պնդում են, որ ներպաղեստինյան համաձայնությունը վտանգում է կարգավորման գործընթացը, թեև մի շարք հրեա դիվանագետներ այլ կարծիքի են և ասում են, որ բանակցային գործընթացում Իսրայելը ստանալու է ռազմավարական առավելություն` Պաղեստինի ակնկալվող կոշտ դիրքորոշման համատեքստում:
Մյուս կողմից, ներպաղեստինյան համաձայնության բացակայությունն որակական առաջընթաց չապահովեց բանակցային գործընթացում: Թե Իսրայելի և թե միջնորդ երկրների մայրաքաղաքներում քաջ գիտակցում էին, որ իսրայելա-պաղեստինյան ցանկացած համաձայնություն չի ունենա անհրաժեշտ լեգիտիմություն, որովհետև միևնույն է` չի ընդունվելու Գազայի հատվածում, որը վերահսկվում է արմատական ծայրահեղականների կողմից:
Նույն պարադոքսն է նաև Պաղեստինի միջազգային ճանաչման հարցում: Իհարկե, ներպաղեստինյան համաձայնությունը հեշտացնում է Ինքնավարության ֆորմալ ճանաչման գործընթացը: Մյուս կողմից, աշխարհի շատ երկրների համար դժվար է ճանաչել անկախությունը մի երկրի, որի կառավարության մի զգալի մասը, եթե ոչ` մեծամասնությունը, զբաղեցնում են ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները:
Այնպես որ` բարդ ժամանակներ են սպասվում թե՛ իսրայելա-պաղեստինյան կարգավորման գործընթացին, թե՛ միջնորդ վեցնյակին:
Այսօր ավարտվում է մայիսի 3-ին Գեղարվեստի ազգային կենտրոնի Մանկական պատկերասրահում մեկնարկած «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամի բացմանը նվիրված ցուցահանդես-վաճառքը, որտեղ ներկայացված են Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջի սաների աշխատանքները: Ողջ հասույթը կտրամադրվի «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամին: Վաճառվել է վեց նկար, ընդհանուր առմամբ հավաքվել է 151 000 դրամ:
Ցուցահանդեսին հրավիրված էին արտասահմանյան դիվանագետներ, տեղի պետական պաշտոնյաներ: Դիվանագետները եկել էին, մեր անտարբեր պաշտոնյաները՝ ոչ:
«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը ստեղծվեց եզակի դեպքից՝ քաղցկեղով հիվանդ կնոջ համար դրամահավաք կազմակերպելու նպատակով: Սակայն խնդիրը գլոբալ է, և հիմնադրամը որոշել է շարունակել իր գործընթացը:
Ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Մինչ այդտեղ գալը, նրանք տեղյակ չէին հիմնադրամի գոյության մասին:
Եկել էր նաև Արմինե Հովհաննիսյանը:
— Ի՞նչ կասեք ակցիայի մասին, նաև պրոբլեմի, որ հիմնադրամը բարձրացնում է, ինչ-որ բանի կարո՞ղ է հասնել՝ օրենսդրական փոփոխությունների, անվճար տրամադրվող դեղորայքի ցանկի վերանայման, ի վերջո՝ բարեգործության մշակույթի ձևավորման:
— Էս դեպքում ամենաշատը դա պետք է երեխաներին, ովքեր այս նկարները նկարել են: Նրանք փոքրուց սովորում են բարեգործություն անել, շատ կարևոր է, որ երեխաները էս տարիքից սովորեն, որ յուրաքանչյուրն իր ձևով, իր շնորհքով, իր համեստ ներդրումով կարող է ուրիշի ցավը` մեծ կամ փոքր, ինչ-որ չափով դարմանել: Ես դա եմ կարևորում ամենից շատ: Դա լավ է բոլորիս համար, հյուրերի համար, որ առիթ ունենք այսպիսի գեղեցիկ աշխատանքներ տեսնել, նվիրատվություն անել, որ ինքներս մեզ լավ զգանք, ու իհարկե, այն մարդկանց,համար, ովքեր բուժօգնության կարիք ունեն. որպեսզի նրանք կարողանան իրենց ծախսերը մի փոքր թեթևացնել:
Յուրաքանչյուր հասարակության մեջ առաջին հերթին պետք է բարձրաձայնվի, խոսվի դրա մասին, չպետք է տաբու դրվի այդ հարցի վրա: Եթե հարցը կա, ուրեմն՝ պետք է բարձրաձայնվի: Այս ակցիան նաև նրանով է գեղեցիկ, որ յուրաքանչյուր երեխա ունի մայր, քույր, տատիկ, մորաքույր, որոնք շատ հնարավոր է, որ ունենան այս հիվանդությունը: Շատ ողջունելի նախաձեռնություն է ու պետք է որ հաջողություն ունենա:
«Փարիզյան սուրճ»-ի տնօրեն Աշխեն Վալերին՝ կազմակերպել էր շնորհանդեսի հյուրասիրությունը: Իմ հարցին, թե ինչո՞ւ է այսօր այստեղ, ասաց. «Սյուզին եկավ ինձ մոտ: Ես համարում եմ, որ սա շատ լավ պրոյեկտ է հայ կանանց համար: Ես էլ եմ ունեցել այդ հիվանդությունը, բարեբախտաբար՝ ես Ֆրանսիայի քաղաքացի եմ, ու բուժումս եղել է անվճար՝ պետությունը բուժել է ինձ, շատ լավ պայմաններով, հոգացել է բոլոր ծախսերը: Արդարացի չէ, որ ես կարող եմ բուժվել, իսկ Սյուզիի մաման՝ ոչ: Ես ցավում եմ, որ պետությունը միջոցներ չի ձեռնարկում կամ չի կարող: Ես վստահ եմ, որ եթե այսօր լիներ պետական կամք, այսինքն՝ պետականորեն մենք կարողանայինք՝ և՛ Հայաստանը, և՛ սփյուռքահայությունը, պայքարել այս հիվանդության դեմ, հաջողություն կունենայինք: Ինձ ասում են, որ պետությունը չունի այդպիսի փողեր: Կարծում եմ՝ եթե բարի կամք ունենանք, մանավանդ սփյուռքը, մենք նույնիսկ պետական այդ գումարների կարիքը չենք ունենա: Հայաստանում այնքան բան կա անելու, այնքան պրոբլեմներ, կարիքներ կան: Առաջնահերթը պետք է լինի մարդու կյանքի փրկությունը: Ամեն մեկը պետք է ընտրություն անի ու որոշի՝ որտե՞ղ է իր նվիրավությունն առավել անհրաժեշտ՝ կյանք փրկե՞լ է ուզում, թե՞ ուզում է ճանապարհի կառուցմանը նպաստել: Ես անձամբ կանանց հետ եմ»:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնդսլեյը ևս եկել էր ողջունելու ակցիան. «Ողջունելի է այն, ինչ արել են երեխաները: Ես հենց նոր գնեցի մի մայրիկի նկար, որը պիտի կախեմ իմ գրասենյակում, շատ գեղեցիկ նկար է: Հայաստանում կանայք շատ խնդիրներ ունեն ընդհանրապես, և մասնավորապես այս պրոբլեմը, նմանատիպ ակցիաները կարևորում եմ, քանի որ դրանք նպաստում են կանանց քաղաքացիական և հասարակական ակտիվացմանը: Ողջունում եմ հատկապես, երբ կանայք, ընդհանրապես մարդիկ իրե՛նք են նախաձեռնում ինչ-որ բան, ինչ-որ բան ուզում են փոխել հասարակության մեջ: Երբ երկիրն ունի շատ խնդիրներ և սահմանափակ հնարավորություններ, չի կարողանում հասցնել ամեն ինչ: Մեր երկրում առողջապահական ու սոցիալական վիճակն իհարկե ավելի լավ է, բայց մենք էլ, շատ դեպքերում, ունենք թանկ դեղորայքի հասանելիության խնդիր: Պետք է ձգտել՝ իհարկե, որ մաքսիմալ հասանելի լինի բուժօգնությունը, և որքան հնարավոր է՝ անվճար: Կարևորը պրոբլեմի մասին բարձրաձայնելն է, ամեն ինչ սկսվում է դրանից: Մեր երկիրը նույնպես միշտ սոցիալապես ապահով չի եղել, մենք էլ ենք պայքարել ամեն մի փոփոխության համար: Սա շատ լավ սկիզբ է: Հուսանք՝ կբերի որոշակի քայլերի հօգուտ այն կանանց, որոնք հայտնվում են նմանատիպ իրավիճակներում»:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, որ ընդհանրապես կարծում էր, թե ակցիան քաղցկեղի հետազոտություններ անցկացնելու համար գումար հավաքելու նպատակ ունի, նկատելի զարմացած էր. «Կրծքագեղձի քաղցկեղը մեծ պրոբլեմ է ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Գոյություն ունեն բուժման տարբեր մեխանիզմներ, զանազան դեղորայքներ, «Հերցեպտին»-ով բուժումը դրանցից մեկն է, և դա անհրաժեշտ է ոչ բոլորին: Կարևորը, որ անհատական մոտեցում ապահովվի յուրաքանչյուր կնոջ համար: ԱՄՆ կառավարությունը շատ բաներ է անում Հայաստանում կանանց հիմնախնդիրների լուծման համար, մասնավորապես՝ կրծքագեղձի քաղցկեղի ոլորտում: Որքան գիտեմ, կանանց հիմնախնդիրներով զբաղվող հ/կ-ներն էլ են զբաղվում այդ հարցի լուծումները փնտրելով»:
«Հայաստանը դեռևս չի կարողանում տրամադրել կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ողջ դեղորայքն անվճար: Ավելին, մեզ նման նոր զարգացող երկրի համար սահմանվել է վաճառքի նույն գինը, ինչ զարգացած երկրներում. օրինակ՝ ԱՄՆ-ում, ուր պետությունն է հոգում այդ ծախսերը: Արդյո՞ք դա արդարացի է»,- հարցին տիկին Յովանովիչը պատասխանեց. «Ցավոք՝ ոչ, բայց առայժմ ունենք այն, ինչ ունենք: Այդ պրոբլեմը համաշխարհային է»:
Ակցիան ոգևորել էր նկարիչ երեխաների մայրերին. Հակոբյան Մերիի մայրը` Հասմիկը, խոստովանեց որ ինքը չի իմացել՝ ինչի համար են նկարում երեխաները.
«Մենք չգիտեինք ճիշտն ասած՝ ինչի համար են նկարում, բայց երեխաները գիտեին: Իմ աղջիկն ուղղակի ամեն ինչ չի ասում: Երեխաներն, իհարկե, հասկանում են, որ իրենք օգնում են ինչ-որ մայրիկի, որ բուժվի: Շատ գեղեցիկ ակցիա է, երեխաներին կօգնի ճիշտ մարդ մեծանալ: Ճիշտ կլիներ, որ դեռ դպրոցից երեխաները հիվանդությունների մասին տեղյակ լինեին, կանխարգելման ագիտացիա տարվեր: Ինչքան գրագետ լինես, էնքան պիտանի կլինես ընտանիքիդ, հասարակությանը: Իսկ եթե ձեր նախաձեռնությամբ կարողանաք օգնել գոնե մեկին՝ էլի լավ կլինի»:
Այսօր կառավարությունը յուրահատուկ հյուր ուներ: Հինգշաբթի օրով, կառավարության նիստի օրով, այն էլ` այն ժամին, երբ գործադիրի անդամները ներկայանում են նիստի, թղթապանակը թևի տակ, բավականին լավ տեսքով արագ-արագ աստիճաններից իջավ և քայլերը դեպի դուռն ուղղեց Հայաստանի երկու վարչապետերի եղբայրը` Արմեն Սարգսյանը: Բնական էր, որ Սարգսյանի համար կառավարության շենքը ժամանակին ջրի ճամփա եղած կլիներ. Սարգսյանների ընտանիքը Հայաստանի այն եզակի ընտանիքն է, որը միանգամից երկու վարչապետ տվեց, ընդ որում, վարչապետերից մեկը պատմության մեջ մտավ ոչ թե պարզապես շարքային վարչապետ, այլ՝ սպարապետ-վարչապետ:
«Պարո՛ն Սարգսյան, կարո՞ղ է Ձեզ պաշտոն են տալու, որ եկել եք կառավարություն»: Արմեն Սարգսյանը ժպտաց. «Չէ´, ես էդպես չեմ էլ ձգտում, ուղղակի երբեմն այցելում եմ, գալիս, բարևում եմ ընկերներիս»:
Բարևելու համար կառավարության շենք եկած Արմեն Սարգսյանը, նկատելով իրեն լուսանկարելը, ինչպես նաև նախարարների շարժը, որ շտապում էին նիստի, ոտքը կախ գցեց: Գործադիրի կաբինետից Սարգսյանին առաջինը մոտեցավ և բարևեց Վերահսկիչ պալատի փոխնախագահ Լևոն Յոլյանը: Ծանոթ-ընկերները ջերմ բարևեցին իրար, «ոնց ես-ոնց չես» ասացին, որից հետո «ջանսաղություն» մաղթեցին, և Յոլյանը քայլերն ուղղեց վերև:
Սարգսյանը դարձյալ պատրաստվեց հեռանալ, մեկ էլ տեսավ, որ Պաշտպանության նախարարն է շարժվում դեպի շենք, և էլի ոտքը կախ գցեց: Հաջորդ բարևողը Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն էր: Վարդանյանը գնաց, Սարգսյանը դարձյալ մնաց Սեյրան Օհանյանին սպասելով, որը հակառակի նման հենց կառավարության շենքի դռների մեջտեղում միջադեպի մեջ ընկավ զոհվածներից մեկի հոր հետ: Հայրը հավանաբար բորբոքված էր, ինչը նախարարին դրդեց կանգնել և առաջարկեց անցնել ավելի մեկուսի տեղ` խնդրի պարզաբանման համար: «Ռազբորկան» ահագին երկար տևեց. Սարգսյանը կանգնած սպասում էր` նայելով անցնող, բայց արդեն չբարևող կառավարության անդամներին, ինչը ևս հասկանալի էր:
Նոր նախարարներից քչերը կարող էին Վազգեն Սարգսյանի հետ ծանոթ եղած լինել. այդպես, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանն անցավ և չբարևեց, չբարևեց նաև Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որը, բնականաբար, հաստատ կճանաչեր Արմեն Սարգսյանին, բայց Երիցյանի չբարևելու պատճառներն էլ ուրիշ կարող էին լինել. կամ՝ թիկնապահի բռնած անձրևանոցի տակ անձրևից պաշտպանվող և կառավարության շենք նոր-նոր մտած նախարարը պարզապես խառն էր և չնկատեց Սարգսյանին, կամ՝ չի բացառվում նաև, որ լավ ոստիկան Արմեն Երիցյանը պարզապես չցանկացավ նկատել ազատություն ստացած նախկին հանցագործին:
Ի տարբերություն վարչապետ-եղբայրների, Արմեն Սարգսյանն էլ պատմության մեջ մտավ, բայց արդեն ոչ թե որպես բարձրաստիճան պաշտոնյա, այլ իբրև Հանրային հեռուստախորհրդի առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու: Դատարանը ապացուցված համարեց այն փաստը, որ Սարգսյան-կրտսերը 75 հազար դոլար էր տվել` Նաղդալյանին սպանությունը կազմակերպելու նպատակով: Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, սակայն 2008 թ. սեպտեմբերին վաղաժամկետ պայմանական ազատություն ստացավ: Ի դեպ, Սարգսյանին ազատություն շնորհվեց հենց Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, ում հետ բարևելու համար էլ, հավանաբար, այսօր կառավարություն էր եկել, ըստ դատավճռի, նախկին հանցագործը: Ի դեպ, Արմեն Սարգսյանին ազատ արձակելուց հետո Նաղդալյանի ընտանիքը բավական բողոքեց, և հավանաբար որպես փոխհատուցում՝ Նաղդալյանի կինը` Դիանա Մնացականյանը, նշանակվեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար, որոշ ժամանակ աշխատեց, հետոտեղափոխվեց այլ աշխատանքի, բայց, անկախ ամեն ինչից, Արմեն Սարգսյանը մնաց ազատության մեջ:
Սարգսյանին բարևող վերջին անձնավորությունն արդեն Սեյրան Օհանյանն էր. սպասումն արդարացավ, Սեյրան Օհանյանը մոտեցավ, տեսնելով Սարգսյանին՝ զարմացախառն ժպտաց, ողջագուրվեց՝ «տեսա գալիս ես, ասի` բարևեմ, նոր դուրս գամ»-ին պատասխանեց՝ «ո՞նց ես, ախպեր ջան»-ով, մի երկու խոսք փոխանակեց, որից հետո Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբոր ոդիսականը կառավարության շենքում ավարտվեց:
Հետո էլ ասում են, թե Հայաստանում ընդդիմությանը հալածում են, ասում են, թե Հայաստանում անհանդուրժող են: Ինչպես տեսնում ենք, Հայաստանում հանդուրժող են ոչ միայն հանցագործների, սպանություն պատվիրողների նկատմամբ, այլև ընդդիմության առաջնորդների հարազատների հանդեպ (Արամ Զավենի Սարգսյանն անհաջող վարչապետությունից հետո տեղափոխվեց ընդդիմության շարքերը, հիմա էլ, չնայած «Հանրապետություն» կուսակցությունից մնացել են երևի թե միայն Արամ Սարգսյանն ու նրա տեղակալը, բայց Վազգեն Սարգսյանի եղբայրը շարունակում է բոցաշունչ ելույթներ ունենալ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներում և համարվում է ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող առանցքային կուսակցություններից մեկի լիդերը): Ցավոք, այդ հանդուրժողությունը ոչ միշտ է բոլորի վրա տարածվում. որպես կանոն, դա դրսևորվում է բացառությունների ձևով: Ի դեպ մեր տեղեկություններով Արմեն Սարգսյանի հետ վերջերս հանդիպել է նախագահ Սարգսյանը: Ասում են եղել է պաշտոն ստանձնելու առաջարկ, թե ինչ կլինի պատասխանը դեռևս հայտնի չէ, բայց Դուբայում հյուրանոց, Հայաստանում ոչ պակաս կարողություններ ունեցող Սարգսյանը կարծես թե հակված չէ մտնելու պաշտոնի «լծի տակ»:
Իշխանության և ՀԱԿ ներդաշնակ քայլերից հետո մամուլում հաճախ են հայտնվում տարբեր վարկածներ, ոմանք անում են հեռու գնացող հետևություններ:
Ընդ որում, քննադատության թիրախ են դարձել թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Գործող նախագահին մեղադրում են` ասելով, թե ընդդիմության պահանջների կատարումը իշխանության թուլության նշան է: Եթե հետևենք այս խոտոր տրամաբանությանը, ապա ուժեղ է համարվում այն իշխանությունը, որը պահպանվում կամ վերարտադրվում է տոտալ կեղծիքների, մարդկանց գնդակահարության, հարյուրավորներին ազատազրկելու միջոցով, մի խոսքով` ժողովրդի կամքին հակառակ:
Առաջին նախագահին մեղադրում են իբրև թե սկզբունքներից շեղվելու, իր համակիրներին խաբելու, իշխանության հետ գործարքի գնալու հարցերում: Դարձյալ չի բերվում որևէ բանական արգումենտ: Տեր-Պետրոսյանը երբեք տուրք չի տվել հեղափոխական հռետորաբանությանը, ավելին՝ միշտ կարևորել է իշխանության հետ երկխոսության անհրաժեշտությունը` գլխավոր նախապայման համարելով քաղկալանավորների ազատարձակումը: Արդ, ի՞նչ սկզբունք է դավաճանել ՀԱԿ առաջնորդը: Եթե իշխանության վերջին շրջանի քայլերի համատեքստում` նա հրաժարվեր երկխոսության գաղափարից, ապա այդ ժամանակ հնարավոր կլիներ նրան մեղադրել անսկզբունքայնության, անհետևողականության համար:
Սխալ է նաև այսօրվա գործըթացների և մի քանի տարվա վաղեմության մի քանի դրվագների մեխանիկական զուգահեռը:
Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը և էլի մի քանի գործիչներ իշխանությանն ինտեգրվել են ադրկուլիսյան բանակցությունների, հասարակության առջև չհնչեցված, հետևաբար` նրա կողմից հավանության չարժանացած պահանջների բավարարման արդյունքում: Օրինակ, երբ 2008-ին ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը ընտրակեղծիքների թեմայով բոցավառ ելույթ էր ունենում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների կազմակերպած հանրահավաքում, նրա կուսակցական շեֆը զուգահեռաբար բանակցում էր Բաղրամյան 26-ում` իր ընտրողների թիկունքում ստանալով Անվտանգության խորհրդի քարտուղարի բաղձալի պաշտոնը: Այ, սա գործարք է, որն ընդհանուր ոչինչ չունի այդ պահին ընթացող քաղաքական, հասարակական գործընթացի հետ:
Երբ գործընթացին ակտիվ մասնակցում է հասարակությունը, ընդդիմության պահանջները ձևակերպվում են նրա ներկայությամբ ու համաձայնությամբ, և իշխանությունը արձագանքում է դրանց, արդեն խոսք կարող է լինել ոչ թե գործարքի, այլ` երկխոսության մասին:
«Պետք է գնահատել, ոչ թե ռևերանսներ անել, խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին: Ո՛չ, գնում է բաց դիալոգ: Մենք մեր պահանջները, մեր խնդիրները, մեր ծրագրերը բաց ներկայացնում ենք իշխանություններին և հասարակությանը, և իշխանությունն էլ բաց պատասխաններ է տալիս դրան: Իհարկե` ոչ այնքան կոնկրետ և ուղիղ, ինչպես մենք ենք ասում, այլ ավելի մշուշապատ և այլն, բայց քայլեր են արվում, դա չի կարելի անտեսել», — այսօր նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այս բառերը լավագույնս բնութագրում են այսօրվա քաղաքական գործընթացը: Ամեն բան ասված է շատ պարզ ու հանրամատչելի, ու դժվար է դրան հակադրվելը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.