29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Անցյալ շաբաթ Արտաշատի մարզադպրոցի հրապարակի նորոգման ժամանակ հատված ծառերից մեկի բնի վրա խաչ էր հայտնաբերվել, որի մասին գրվեց մամուլում, և հեռուստատեսային ռեպորտաժներ պատրաստվեցին: Արդեն մի քանի օր է աժիոտաժը խաչի շուրջ չի դադարում: Այստեղ են գալիս հրաշքի կարոտ մարդիկ: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, որին «գեներալ», նաև «Լոնդիկ» են անվանում, Մեծ հաղթանակի օրն իր շքախմբի` մարզպետարանի մանր ու միջին պաշտոնյաների հետ նույնպես այցելեց Արտաշատի մարզադպրոց, բայց ոչ թե խաչը տեսնելու, այլ Արարատ-Արտաշատ երիտասարդական ֆուտբոլային թիմերի հանդիպումը դիտելու: Օգտվելով առիթից՝ հարցրեցինք, թե ինչ կարծիքի է այդ «հրաշքի» մասին: Պատասխանեց, թե այդ նշանն իր համար առայժմ անհասկանալի է, և, հավանաբար, պետք է հարցնել հոգեւորականներին: «Իսկ ձեր կարծիքով՝ ինչու՞ էր պետք, որ հենց Արարատի մարզի բնակիչները տեսնեին այդ սուրբ նշանը»,- հարցրեցինք գեներալին: «Սա նախազգուշացում է մարդկանց, որովհետև ավելացել են հանցագործությունները»,- մեջ ընկավ լրատվության բաժնի պատասխանատուն: «Էս ի՞նչ ես ասում, Քրիստինե,- վրդովվեց մարզպետը,- էս լրագրողներն էլ կմտածեն, որ մեր մարզում են հանցագործություններ կատարվում: Դու աշխարհի, Բեն Լադենի հանցանքները թողած, Արարատից ե՞ս խոսում»:
Քանի որ օրվա թեման ոչ թե խաչն էր, այլ ֆուտբոլային հանդիպումը, Բարսեղյանին հարցրեցինք, թե ո՞ր թիմի երեխաներին է երկրպագում` Արարատի՞, թե Արտաշատի: «Ինձ համար մեկ է՝ ով ում գոլ կխփի: Ես կապանցի եմ»,- պատասխանեց մարզպետը:
Ի դեպ, արտաշատցիները նկատել էին, որ գեներալն այս անգամ կրում էր իր բոլոր մեդալներն ու շքանշանները, և ասում էին՝ հեռվից հայրենական մեծ պատերազմի սովորական վետերանի է նման:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սակավախոս է, մանավանդ` պաշտոնավարումից հետո նա գրեթե միշտ խուսափում է հարցազրույցներից կամ հայտարարություններից:
Չնչին բացառություններ են լինում, երբ Քոչարյանն իր ազդեցությունը կորցնելու վտանգ է զգում: Նման դեպքերում նա միշտ գերադասում է գործ ունենալ լրատվական կոնկրետ գործակալության հետ: Հենց այդ լրատվամիջոցից էլ մենք ծանոթանում ենք երկրորդ նախագահի կարծիքներին` հնարավորություն չունենալով նրան ուղղել մեզ հուզող հարցերը:
Այսօր կրկին Ռոբերտ Քոչարյանը նույն ոճով հարցազրույց է տվել. իհարկե, խոստովանենք` այս անգամ նա իր ընդդիմախոսներին անվայելուչ բառերով չի «պատվել», նրանց չի համեմատել իր որսասիրության թիրախ հանդիսացող կենդանիների հետ: Սա արդեն առաջընթաց է:
Բայց բովանդակային առումով` երկրորդ նախագահի շեշտադրումները չեն փոխվել: Նրա քննադատության թիրախը մնում է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, ընդ որում` այս անգամ երկրորդ նախագահը հնչեցրել է անգամ քրեական մեղադրանք: «Դա ՀՀՇ-ի իշխանության օրոք էր, որ սպանում էին անցանկալի ընդդիմադիրներին: …Ի դեպ, եթե ընդդիմության առաջնորդը տանը նստելու փոխարեն փորձեր սանձել հենց իր կողմից գրգռած ամբոխին, ապա, վստահ եմ, հնարավոր կլիներ խուսափել զոհերից»,-ասում է Քոչարյանը: Միայն մի բան է անհասկանալի. եթե ՀՀՇ պաշտոնավարման տարիներին եղել են անցանկալի ընդդիմադիրներին վերացնելու դեպքեր, ինչու՞ ժամանակին Քոչարյանը դրանց չի անդրադարձել, երբ հանրապետության ամենազոր ղեկավար էր, ուներ անսահմանափակ ազդեցություն իրավապահ մարմինների վրա: Կա երեք վարկած. կամ նա հումանիստ է եղել, կամ` իր նշած հանցագործությունների մեղսակից, կամ էլ` հիմա զրպարտում է:
Ռոբերտ Քոչարյանը տողատակով «հարվածներ» է հասցնում նաև գործող նախագահին: «Ակնհայտ է, որ վերջին տարիներին մարդկանց կյանքի մակարդակը զգալի անկում է ապրել, ու անկախ այդ անկման օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից, մարդիկ այսօր հակված են համեմատություններ անել: Եվ որքան շատ են հասարակ մարդիկ համեմատում, այնքան ավելի ջանասիրաբար են փորձում վարկաբեկել ինձ վարձու ընդդիմախոսները: Ցավոք, այդպիսին է այսօրվա ներքին գործընթացների տրամաբանությունը, որը շատ փոքր կախում ունի իմ ակտիվության աստիճանից: Վստահ եմ, ժողովուրդն այնքան միամիտ չէ, որ չհասկանա այս ամենը»,- ասում է նա` փորձելով շեշտել իր պաշտոնավարման որակական առավելությունն այսօրվա նկատմամբ:
Հարցազրույցի բուն իմաստն այն է, որ Քոչարյանը փորձում է իր վրայից գցել Մարտի 1-ի պատասխանատվությունը` դա դնելով Տեր-Պետրոսյանի վրա: Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ասում է. «Պարտված թեկնածուն հայտարարեց, որ հենց ինքն է ընտրված նախագահը և պատրաստվում է գրավել նախագահական պալատը»: Առաջին նախագահի նույնիսկ մոլի հակառակորդները կարող են վկայել, որ նա պալատներ գրավելու կոչեր չի արել, հակառակը` սանձել է իր այն թիմակիցներին, ովքեր ավելի վճռական գործողությունների ակնարկներ են արել:
Նույն անհամոզիչ փաստարկներով երկրորդ նախագահը փորձել է պաշտպանվել: «Կարող եմ միանշանակ ասել, որ մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Համենայն դեպս, ինձ դրա վերաբերյալ որևէ փաստ հայտնի չէ»,- ասել է նա, կամա թե ակամա մոռացության տալով այն փաստը, որ Փաստահավաք խումբ հրավիրված գրեթե բոլոր բարձրաստիճան սպաները պնդել են, որ իրենք ընդամենը հրաման կատարող են: Բարձրաստիճան սպաները հրաման կարող էին ստանալ մեկ կենտրոնից, ու բոլորս գիտենք, թե որն է այդ կենտրոնը:
Այս հարցի պատասխանն էլ Քոչարյանը, կարծես թե, յուրովի ունի. «Ակներև է, որ բացառությամբ ներքին զորքերի կապիտանի, մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա, ճիշտ այնտեղ, որտեղ մեքենաներ էին վառում և խանութներ էին թալանում: Այնտեղ իրավիճակը գործնականում ոչ ոք չէր վերահսկում. ոչ ոստիկանությունը, ոչ էլ ընդդիմության առաջնորդները: Ես չգիտեմ, թե վերջին երեք տարում հետաքննությունն ինչքանով է առաջ շարժվել, բայց ենթադրում եմ, որ հենց այդ հանգամանքն է, որ լրջորեն դժվարացնում է քննչական մարմինների աշխատանքը, առավել ևս, որ քաղաքի այդ մասում դիտարկման խցիկներ գրեթե չեն եղել` իրադարձությունների պատկերի հետագա վերականգման համար: Բոլոր 8 քաղաքացիական անձինք հասարակ մարդիկ էին, որոնք որևէ կերպ չէին դրսևորել իրենց քաղաքականության մեջ: Նրանցից չորսը զոհվել են հրազենային վնասվածքներից: Ո՞ւմ կարող էր պետք լինել միտումնավոր կրակ բացել նրանց վրա: Դա կամ հանգամանքների ողբերգական համադրություն էր, կամ էլ ոմանց գիտակցված գործողություն` իշխանություններին վարկաբեկելու նպատակով:
Այն հանգամանքը, որ ընդդիմության քիչ թե շատ ակնառու ներկայացուցիչներից և ոչ մեկը որևէ կերպ ֆիզիկապես չի տուժել, խոսում է այն մասին, որ ընդդիմադիր շարժման «գլխատմանն» ուղղված որևէ միտումնավոր գործողություն նույնպես չի եղել»,-ասում է նա: Մի խոսքով, նա ակնարկում է, որ ընդդիմությանը ոչնչացնելու ծրագիր չի ունեցել, բայց չի էլ համարձակվում պնդել, որ 10 մարդ զոհվել է ընդդիմության մեղքով, որովհետև «այնտեղ իրավիճակը գործնականում ոչ ոք չէր վերահսկում. ոչ ոստիկանությունը, ոչ էլ ընդդիմության առաջնորդները»:
Այդ դեպքում` հասկանալի չէ, թե ինչո՞ւ են կալանավորվել ընդդիմության տասնյակ գործիչներ: Եթե հետևենք Քոչարյանի մտքի տրամաբանությանը, ապա դա եղել է ոչ թե քննությամբ պայմանավորված անհրաժեշտություն, այլ` քաղաքական որոշման հետևանք: Նա խոստովանում է, որ քննությանը կոնկրետ ընդդիմությանը պատժելու հրահանգ է տրվել` ասելով. ««Մարտի 1-ի» գործով հետաքննությունը վարվում է ոչ թե արտակարգ դրության ռեժիմ մտցնելու իրավական հիմքերի, այլ մարդկային զոհերի հանգեցրած զանգվածային անկարգությունների փաստերի մասով»:
Հայտնի է, որ Քոչարյանի պաշտոնավարման մի տևական շրջան Հայաստանն, ըստ էության, զրկված էր ընդդիմությունից: Արդ, Քոչարյանի այսօրվա հարցազրույցի վերջին հատվածը վերաբերում է ոչ այնքան այսօրվան կամ ապագային, այլ` նման է սեփական կառավարմանը տրված ինքնախոստովանական ճառի: «…Եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին (համապատասխան պարգևատրման դիմաց), ապա դա, թերևս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է: Դա, ի դեպ, ուղիղ ճանապարհ է դեպի լճացում և կոռուպցիայի աճ, քանի որ ընդդիմությունն անմիջապես դադարում է կատարել իր հիմնական առաքելությունը, դրդել իշխանություններին ավելի լավ աշխատել և զսպել ախորժակը: Այդ գործարքի գինը ժողովուրդն է վճարելու` իր առանց այդ էլ սակավ միջոցներից»,- ասում է նա` առավել, քան որևէ մեկը, ճշգրտորեն բնորոշելով իր կառավարման հետևանքը: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:
Անցյալ դարի 80-ականների վերջին — 90-ականների սկզբին նախկին միութենական հանրապետություններում առաջացան դեմոկրատական շարժումներ, որոնցից մի մասն ուներ «Ժողովրդական ճակատ» անվանումը: Այդ շարժումները հիմնականում դնում էին անկախության խնդիր, և բնական է, որ փորձում էին իրենց շուրջ միավորել հասարակության ավելի լայն շերտերի:
«Ժողովրդավարական ճակատներ» կային, օրինակ, Ադրբեջանում և Բելառուսում: Մեր հարևան երկրում այդ շարժումը կարճ ժամանակ հաջողություն ունեցավ, իսկ նախագահ Էբուլֆազ Էլչիբեյի անփառունակ պաշտոնավարումից հետո այլևս մաս չկազմեց իշխանությանը` դառնալով Ադրբեջանի ոչ այնքան ուժեղ ընդդիմադիր շարժման երկու առանցքային կուսակցություններից մեկը: Ավելի թույլ և ոչ նշանակալից դերակատարություն էր վերապահված բելառուսական «ժողովրդականներին»:
Ինչևէ, այն բանից հետո, երբ սովետական հանրապետություններն անկախացան, տարբեր շարժումներն ու ճակատներն իրենց տեղը զիջեցին կուսակցություններին, որովհետև հասարակությունը շերտավորվեց` քաղաքական և սոցիալական հատկանիշներով, առաջացան տարբեր, հաճախ` իրարամերժ շահեր: Եվ սա բնական է, ճանապարհ, որը տանում է բազմակուսակցականության, այլընտրանքային մոտեցումների:
Հիմա «Ժողովրդական ճակատ» է ուզում ստեղծել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը` նպատակ ունենալով իր «Եդինայա Ռոսիա» կուսակցության շուրջ միավորել տարբեր քաղաքական, սոցիալական, երիտասարդական շարժումներ:
Պուտինյան կոնցեպցիան և «Ժողճակատը» որևէ աղերս չունեն բելառուսականի կամ ադրբեջանականի հետ:
Շատերը կարծում են, որ Պուտինը նախապատրաստում է իր վերադարձը Կրեմլ, մյուսներն ասում են, որ վարչապետի նախաձեռնությունը միտված է խորհրդարանական առաջիկա ընտրություններին: Իբրև թե` նա ուզում է «Եդինայա Ռոսիա» արժեզրկված բրենդը փոխարինել ավելի գրավիչ, մարդկանց սրտերը գերող անունով:
Իրականում, Վլադիմիր Վլադիմիրովիչը ոչ մի նոր բան չի հնարել թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով:
Սովետների ժամանակ շատ տարածված էր «կոմունիստների ու անկուսակցականների ամուր դաշինքի» թեզը: Պուտինի արածը նման մի բան է և դարձյալ միտված է իշխանության պահմանմանը, իշխանության շուրջ հասարակական համաձայնության իմիտացիայի ստեղծմանը: Միայն թե` հիմա ԽՄԿԿ-ի դերում հանդես է գալիս ոչ թե կուսակցություն, այլ հենց Պուտինի անձը՝ «նացլիդերի» նրա կերպարը:
Պուտինի իշխանությունը նշանավորվեց խորհրդային քաղաքական հոռի մշակույթի ռեստավրացիայով: Այս նախաձեռնությունն այդ շարքից է:
Մի տարբերություն, այնուամենայնիվ, կա: Եթե կոմունիստներն անկուսակցականների հետ միավորվում էին ինչ-որ գաղափարների շուրջ, թեկուզև` իմիտացիա ստեղծելու նպատակով, հիմա եդինառուսներին ու մյուս մահկանացուներին միավորում են բացառապես իշխանության բարիքները:
Առավոտյան երևան եկած հարցազրույցին, որտեղ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշ բաներ է պարզաբանել, օրվա ընթացքում պատգամավորներից որևէ մեկը չցանկանկացավ արձագանքել: Որպես կանոն, նախկին նախագահների հայտարարություններն անարձագանք չեն մնում, սակայն դրանց արձագանքման համար պատասխանի մշակման ու համապատասխան հրահանգավորում ստանալու համար ժամանակ է պահանջվում:
Ռոբերտ Քոչարյանին «բան ասող» սակայն գտնվեց և պարզվեց, որ «բան ասողը» հանրապետական ճամբարից չէ: Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը սեփական հաշիվներն ուներ Քոչարյանի հետ: Դալլաքյանին «բան էր ասել» Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը. Դալլաքյանը սլաքը դարձյալ ուղղեց Քոչարյանի վրա` թարմացնելով իր բոլոր նախկին հայտարարությունները.
«Հրահանգավորելով մարտի 1-ը Քոչարյանը փորձեց կատարել իր մինիմում ծրագիրը` ունենալ խոցելի իրավահաջորդ: Ստեղծված կացության մեջ Սերժ Սարգսյանը միակ գործիչն էր, որին բացարձակապես ձեռնտու չէր մարտի 1-ը, որովհետև արյան պատասխանատվությունն ի վերջո ընկնելու էր իր վրա»:
«Կազմակերպելով մարտի 1-ը` Քոչարյանին թվում էր, թե հասել է իր նպատակին` խոցելի իրավահաջորդ ունենալու և ստվերային կառավարողի դերում մնալու երազանքին: Սակայն, Քոչարյանի հաշվարկում հաշվի չէր առնվել, որ Սերժ Սարգսյանը դիմակայող գործիչ է և Քոչարյանի ակնակալած թույլ իրավահաջորդը չէ»:
«Եթե չլիներ մարտի 1-ը, ի դեմս Սերժ Սարգսյան—Լևոն Տեր—Պետրոսյանի միանգամայն հնարավոր «ուժեղ իշխանություն—ուժեղ ընդդիմություն» բանաձևի` սկիզբ կդրվեր Հայաստանում իրական բարեփոխումներին»:
«Մարտի 1-ի «ճարտարապետը», հոգևոր և ֆիզիական հայրը Ռոբերտ Քոչարյանն է. նա է պատասխանատավություն կրում մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների համար»:
«Քոչարյանի քաղաքական վերակենդանացման ջատագովներին հիշեցնեմ, որ նրա իշխանության օրոք են տեղի ունեցել 1999-ի հոկտեմբերի 27-ը, հենց Քոչարյանի հրամանով են իրականացվել 2004-ի ապրիլի 12-ի և 2008-ի մարտի 1-ի հանցագործությունները»:
Վիկտոր Սողոմոնյանը Դալլաքյանի հենց այս մտքերին էր պատասխան տվել. «Պնդել, թե «մարտի 1»-ը ձեռնտու էր միայն պաշտոնից հեռացող նախագահին, կարող է միայն մեկը, ում մտածելու համար տրված օրգանում ոչ մի գրամ համապատասխան նյութ չկա: Թերևս իջեցված պատվերի պայմաններն այնքան շքեղ են եղել, որ Դալլաքյանը համաձայնել է նման անհեթեթություն դուրս տալ»:
Դալլաքյանը այս անգամ միայն հիշեցնելով և իր նախորդ ասածները կրկնելով չբավարարվեց: Հայտարարությունը պատգամավորն ավարտեց բազմանալու կոչով.
«Այսպիսով, 2008-2011-ի իմ ելույթներում բազմիցս նշել եմ, որ մարտի 1-ի կնքահայրը Քոչարյանն է, որը իմ տված քաղաքական այդ գնահատականը փորձել է ընկալել միայն այսօր` 3 տարի հետո: Գիրք կարդալ չսիրողի համար դա ռեկորդային ցուցանիշ է: Մխիթարվենք այդքանով: Ընդհանրապես սակավամտության և սկլերոզի հանրագումարի մասին է թերևս ասել Մարկեսը. «Բազմացե´ք կովեր, կյանքը կարճ է»:
Կգնահատվի՞ արդյոք սակավամտության և սկլերոզի մասին մարկեսյան ակնարկը երկրորդ նախագահի կողմից ըստ արժանվույն և արդյո՞ք իրավաբանական կրթություն ունեցող Դալլաքյանն էլ կհամալրի Ռոբերտ Քոչարյանի կողմից դատարանում պատասխանատվության կանչվողների ցուցակը, կերևա առաջիկայում: Ի դեպ, պատգամավորի հավաստիացմամբ, իր հայտարարությունն ուղղակի պատահականորեն է զուգադիպել Քոչարյանի հարցազրույցի հետ:
Ազգային ժողովի աշխատանքները հերթական անգամ սկսվեցին պատգամավորների շվարած դեմքերի «ներքո»: Ինչպես հայտնի է, ԱԺ հերթական քառօրյան դարձավ եռօրյա, քանի որ մեկ շաբաթով հետաձգվեց` անհրաժեշտ աշխատանքներ կազմակերպելու նպատակով: Այս անգամ աշխատանքները տեխնիկական էին, պետք է բարելավվեին պատգամավորների աշխատանքային պայմանները` նիստերի դահլիճի տեխնիկական հագեցվածության կատարելագործման շնորհիվ:
Պատգամավորներն ընդառաջեցին Հովիկ Աբրահամյանի առաջարկին և համաձայնեցին մեկ շաբաթ ավելի դիմանալ տանը և մայիսի 10-ին նվիրվել օրինաստեղծ գործունեությանը: Իսկ քանի որ օրինաստեղծ գործունեությունը չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների գերակշիռ մասի մոտ սահմանափակվում է լոկ կոճակ սեղմելով, կարելի է ասել ուրեմն, որ եռօրյայի հենց սկզբից, կորեացիների ներդրած տեխնիկայի պատճառով, քիչ էր մնում ՀՀ օրենսդիր մարմնի գործունեությունը տապալվեր: Իսկ պատճառը դարձյալ նույնն էր, ինչն արդեն մեկ անգամ արձանագրվել էր Ազգային ժողովի նիստերի դահլիճի վերանորոգումից հետո. մեր օրենսդիրները չէին կարողանում գլուխ հանել կոճակներից:
Նախկինում տեղադրված մոնիթորները նախատեսված էին հենց քվեարկության համար: Էկրանին գրվում էր` դեմ, ձեռնպահ, կողմ, պատգամավորը մատը դնում էր իր ցանկալի ընտրության վրա, և քվեարկությունը տեղի էր ունենում: Այն ժամանակ դարձյալ քաոս առաջացավ ԱԺ-ում, խառնաշփոթը շարունակվեց նաև այս անգամ: Հիմա քվեարկության գործն ավելի է հեշտացել` պատգամավորների դիմաց տեղադրված մոնիթորներն այլևս կապ չունեն քվեարկության հետ. քվեարկությունը կազմակերպվում է հատուկ կոճակների միջոցով, որի հենց կողքն ամրացված թղթի վրա գծապատկերով ցույց է տրված, թե ինչը ինչպես անել:
«Եվրոստան» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանն արժանացավ ԱԺ նախագահի նկատողությանը. «Մի 10 րոպե շուտ գայիք, պարապեիք»: Չէր անցել մի երկու րոպե, դարձյալ իրարանցում սկսվեց. պատգամավորներից ոմանք դարձյալ գլուխ չէին հանում և դժգոհության բացականչություններ էին արձակում: Այս անգամ Հովիկ Աբրահամյանի զայրույթն ուղղվեց Միշա Ստեփանյանին. մարտունեցի զոոտեխնիկ Ստեփանյանը մոլորվել էր կոճակների «մատույցներում» և իր վրդովմունքն արտահայտեց, որ իր նման օրենսդիրին տանջում են նման գործողություններով:
«Ձեր մուննաթները թողեք ուրիշ տեղ, պարո´ն Ստեփանյան»,- այլևս չդիմացավ ԱԺ նախագահը:
Եվ մինչ հայազգի օրենսդիրներն իրար խառնված փորձում էին գլուխ հանել, թե դեմ քվեարկելու համար որ կոճակն է հարկավոր սեղմել, կողմ քվեարկելու համար` որը, ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալված եվրոպական պատվիրակության անդամները՝ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի գլխավորությամբ, ժպտում էին և հեգնախառն կատակներ փոխանակում: Չի բացառվում, որ եվրոպաներում շուտով սկսեն անեկդոտներ պատմել հայ պատգամավորների և նրանց բացառիկ ունակությունների մասին:
Մայիսի 20-ից «Հայկական վարկած» էլեկտրոնային թերթի (armversion.com կամ armversion.am) շրջանակներում գործելու է «Ընտրություն» մամուլի ակումբը:
Ակումբի աշխատանքները համակարգելու եմ ես, ինչպես նաև` վարելու եմ ասուլիսներն ու բանավեճերը:
Պատահական չեն ընտրված ոչ ակումբի անունը և ոչ էլ բացման օրը:
Չնայած քսանամյա գոյությանը` մեր պետությունը կանգնած է ընտրության առաջ, հասարակությունը նույնպես կողմնորոշումների փուլում է:
Ընտրությունը գլոբալ հասկացություն է և վերաբերում է թե՛ երկրի ընթացքին, թե՛ յուրաքանչյուրիս կողմնորոշումներին:
Բայց ընտրությունը նաև կոնկրետ դրսևորում է, եթե նկատի ունենանք, որ 2012-2013 թթ.-ը մեր երկրի համար ընտրական են: Բնականաբար, այդ գործընթացը գտնվելու է մեր նորաստեղծ ակումբի ուշադրության կենտրոնում:
Մայիսի 20-ն էլ պատահական ամսաթիվ չէ. 21 տարի առաջ այդ օրը, դեռևս Խորհրդային Հայաստանում, անցկացվեցին առաջին այլընտրանքային խորհրդարանական ընտրությունները: Հենց դրա մեջ է ընտրության իմաստը, փիլիսոփայությունը:
Մեր ակումբում հյուրընկալվելու են պետական, քաղաքական, հասարակական հայտնի գործիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ:
Մենք պատրաստ ենք պատասխանելու ցանկացած հարցի, որ մեր ընթերցողը կհասցեագրի ակումբին: Յուրաքանչյուր ասուլիսից կամ բանավեճից մի քանի օր առաջ «Հայկական վարկած» կայքէջում կներկայացնենք հյուրին, կստանանք ձեր հարցերը, իսկ ասուլիսից հետո մեր կայքում կարող եք ընթերցել ձեզ հուզող հարցերի պատասխանները:
Տարիներ առաջ մի սեմինարի ժամանակ մասնակիցներից մեկը հետաքրքիր հարց հնչեցրեց: Նա հարցնում էր, թե ո՞վ է հաղթել համաշխարհային պատերազմում: Շատերին այս հարցը տարօրինակ թվաց, շատերը տարակուսեցին: Սակայն հարց տվող փորձագետը խոսում էր հետպատերազմյան շրջանի իրողությունների մասին և, կարծես թե, հիմնավորում էր, որ պատերազմի էֆեկտը ոմանց համար արժեզրկվել է, պարտվողները դասեր են քաղել, ճիշտ հետևություններ արել:
Վերջին տարիներին ես էլ նույն հարցն եմ տալիս ինձ, հատկապես` Հաղթանակի տարեդարձի օրերին:
Ո՞վ հաղթեց երկրորդ համաշխարհային պատերազմում:
Զուտ ռազմական տեսանկյունից` հարցի պատասխանը հստակ է, հասու՝ անգամ դպրոցականին: Հաղթել է սովետական բանակը:
Բայց արդյո՞ք այդ հաղթանակը բովանդակություն ստացավ սովետական մարդու համար, ով այդքան զոհողությունների գնաց, կորցրեց որդուն, եղբորը, ամուսնուն: Իհարկե` ոչ: Սովետական ժողովուրդը, աշխարհի այլ ժողովուրդների հետ, կանխեց նացիզմի հաղթանակը, տոտալիտար այդ գաղափարախոսության համաշխարհային տիրապետության վտանգը, բայց հայտնվեց նրան չզիջող, ոչ պակաս մարդակուլ բոլշևիկյան տոտալիտարիզմի ճիրաններում:
Սովետական մարդու համար հաղթանակը շուտով արժեզրկվեց, որովհետև չբերեց ազատություն, բարեկեցություն: Հաղթանակն առաջին հերթին ճանապարհ է դեպի ազատություն, Հաղթանակի նպատակը մարդն է, նրա իրավունքները:
Կոմունիստական էլիտան սեփականաշնորհեց հաղթանակը` հպատակի կարգավիճակում պահելով միլիոնավոր մարդկանց: Մայիսի 9-ը շատ շուտով սովետական ղեկավարության համար կորցրեց հաղթանակի նշանակությունը` դառնալով միլիտարիզմը խորհրդանշող օր: Նույն պատկերացումներն ունի նաև Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը, որի համար ռազմական շքերթը, իր ռազմական պոտենցիալի ցուցադրական մատուցումը դարձել են գերխնդիր:
Պատերազմից միանգամայն այլ հետևություններ արեց Գերմանիայի նոր ղեկավարությունը, որը, արևմտյան դաշնակիցների օժանդակությամբ, դրեց դեմոկրատական, քաղաքացուն արժեվորող պետության հիմքերը, քաղաքակրթական անհանդուրժողականություն ձևավորեց տոտալիտար որևէ գաղափարախոսության նկատմամբ:
Պատերազմում հաղթած ԽՍՀՄ-ը զարգացրեց տոտալիտարիզմը` մարդու, նրա ազատության հաշվին, ի վերջո` գերտերությունից վերածվելով չգոյության, պատմության: Պատերազմում պարտված Գերմանիան դասեր, հետևություններ արեց` կառուցելով քաղաքացուն արժեվորող, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվող, ապագային ձգտող երկիր:
Հաղթանակն իմաստալից է, եթե ինստիտուցիոնալիզացվում է, դառնում է ազատության խորհրդանիշ: Հակառակ պարագայում` հաղթանակը դառնում է իշխող վերնախավի քարոզչական տրյուկ, սեփական իշխանությունն ամրապնդելու, մարկանց հպատակեցնելու միջոց:
Պարտությունը բարդույթավորում է պետություններին, ժողովուրդներին, եթե նրանք անհրաժեշտ հետևություններ չեն անում: Գերմանիան, նրա հետպատերազմյան ղեկավարությունն արեց այդ հետևությունները:
Նույնը վերաբերում է Շուշիի ազատագրմանը: Այդ իրադարձությունը կդառնա հաղթանակ, եթե ծառայի հայաստանցու, արցախցու ազատությանը, բարեկեցիկ կյանքին:
Արցախյան պատերազմում հաղթել է դեմոկրատական Հայաստանը: Այսօր մենք չունենք այդպիսի Հայաստան, ուրեմն` մսխում ենք մեր հաղթանակը: Պետք չէ շարունակ հույս տալ մեզ, թե Ադրբեջանն էլ դեմոկրատական չէ: Եթե մենք կորցնում ենք ժողովրդավարության, ազատության մեր ռեսուրսը, առաջին պլան է գալիս հարևանների նավթը` դառնալով կարգավորման գործընթացի գործոն:
Ղարաբաղյան պատերազմի ամենամեծ ձեռքբերումները պետք է լինեն ազատ Հայաստանը, ազատ քաղաքացին: Սա է մայիսի 9-ի ամենամեծ խորհուրդը, նաև գրավականը, որ տասնամյակներ անց մեզ չհարցնեն, թե ո՞վ է հաղթել արցախյան պատերազմում:
ԵԿՄ-ն շարքային հասարակական կազմակերպություն չէ, այն առանցքային դեր է խաղացել մեր երկրի պատմության մեջ, մասնավորապես՝ մեծ է այս կազմակերպության ավանդը արցախյան պատերազմում, բանակաշինության գործում:
Երկրապահի գնահատման հարցում հասարակության մոտեցումները հակասական են:
Գրեթե բոլորն ընդունում են կամավորականների մեծ ավանդն արցախյան պատերազմում: Եթե չլինեին այդ մի քանի հազար նվիրյալները, այսօր չէինք ունենա փաստացի անկախ Արցախ, Հայաստանի անվտանգ սահմաններ: Հայկական բանակը նույնպես կազմավորվեց երկրապահ ջոկատների հենքի վրա: ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանին հաջողվեց գտնել երկրապահների եւ Ռուսաստանից հայրենիք վերադարձած սովետական բանակի հայազգի սպաների ներդաշնակ գործունեության բանձեւը:
Այլ է հետպատերազմյան Երկրապահի հասարակական ընկալումը: Այստեղ արդեն բացակայում է միանշանակությունը, մեծարման խոսքերի կողքին կարող ենք լսել քննադատություն, արժեւորման հետ միասին՝ հանդիմանություն:
Այս հարցում, սակայն, ԵԿՄ-ին չէ, որ մեղադրում եմ, այլ, առաջին հերթին՝ իշխանությանը, որը պատերազմի ավարտից հետո՝ չկարողացավ արդյունավետ մեխանիզմներ գտնել՝ երկրապահներին հասարակական հարբերություններում ինտեգրելու համար: Փոխարենը, պետությունը գնաց իրավիճակային լուծման՝ ռազմաքաղաքական էլիտայի ստեղծման ճանապարհով: Սա հանգեցրեց նրան, որ ԵԿՄ ներսում առաջանա սոցիալական բեւառացում՝ էլիտայում հայտնված փոքրաթիվների եւ այդ շրջանակից դուրս գտնվող հազարների միջեւ: Այս հանգամանքն էապես անդրադառնում է երկրապահների միասնականության վրա՝ դժվարացնելով նրանց կողմից միասնական խնդիրների ձեւակերպումը:
Մյուս կողմից, ԵԿՄ վերնախավը՝ կազմակերպչական, ֆինանսական, վարչական ռեսուրսների միջոցով, կարողանում է վերահսկելի պահել հազարավոր երկրապահների վարքագիծը:
Վազգեն Սարգսյանի եղերական մահից հետո՝ ԵԿՄ-ի գործոնն ավելի թուլացավ: Երկրապահներն այդպես էլ չգտան Վազգենին փոխարինող խարիզմատիկ գործիչ, մի մարդու, ով կկարողանար պահել Երկրապահի ֆենոմենը՝ նրան հեռու պահելով քաղաքական ինտրիգներից: Արդյունքում, ԵԿՄ-ն կռվախնձոր դարձավ իշխանության եւ ընդդիմության համար, հատկապես՝ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Երկրապահի էլիտան վերջնականապես կորցրեց իր միասնականությունը. նրա մի մասը հավատարիմ մնաց իշխանությանը՝ պահպանելով դիրքերը բանակում, ընդդիմադիր հրամանատարները հայտնվեցին ճաղերի հետեւում, գեներալ Մանվելը գնաց թոշակի՝ կանխորոշելով ԵԿՄ այսօրվա պասիվությունը:
Բայց այսօր տոն է, եւ մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի համար նահատակված հազարավոր երկրապահների անմար հիշատակի առաջ:
Հազար փառք ու պատիվ սպարապետ Վազգեն Սարգսյանին, Երկրապահին, որ կերտեցին մեր ժողովրդի պատմության հերոսական էջը, Հաղթանակը դարձրին իրականություն, պետության կայացման եւ զարգացման գրավական:
Երեկ ներկա էի «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնության սոցիալական էջի նախաձեռնած «Ծառափրկիչ» հերթական ակցիային, նախկին մանկապարտեզի տարածքում: Տեսել էի, քանի հոգի էին ընդունել մասնակցության հրավերը, եւ քանի հոգի էին ներկա բուն ակցիային: Գրիգոր Ղազարյանին` մոդերատորներից մեկին խնդրեցի պատմել նախաձեռնության մասին, նաև՝ զրուցեցինք մեզ երկուսիս հուզող նույն հարցի ՝ ֆեյսբուքյան նախաձեռնությունների իրական դաշտ տեղափոխվելու բարդության մասին.
— Սովոր եմ տեսնել քեզ «Մեր քաղաքը» էջի լոգոյով, Գրիգոր, կյանքում ինչո՞վ ես զբաղվում: Ի՞նչ նպատակ է հետապնդում նախաձեռնությունը:
— Նախաձեռնությունը հանրային է, և նույնացնել նախաձեռնողներից որևէ մեկի հետ սխալ կլիներ: Բոլորս էլ համամասնակից ենք: Ես լեզվաբան եմ, թարգմանիչ, զբաղվում եմ միջմշակութային հաղորդակցության խնդիրներով, նշանագիտությամբ, նաև՝ դասավանդում եմ: Թեև «Մեր քաղաքի» ստեղծման հիմնական նպատակը հայ հասարակության և հատկապես երևանցիների համար քննարկման պլատֆորմի ձևավորումն էր, վիրտուալ այս խմբում ներգրավված անձինք դիմում են նաև իրական քայլերի: Քայլերը միտված են կոնկրետ հարցերի շուրջ հասարակական կարծիքի վերհանմանն ու լուսաբանմանը:
«Մեր քաղաքի» մոդերատորները էջում տեղադրում են Երևանի քաղաքաշինական, բնապահպանական, սոցիալական բնույթի սուր հարցեր շոշափող լրատվական, վերլուծական և անհատական /ֆեյսբուքային/ նյութեր: Խմբի ֆեյսբուքային էջում դրա գործունեության և նպատակների բնորոշումը Ֆեյսբուք սոցիալական ցանցից օգտվողներին թույլ է տալիս պատկերացնել «Մեր քաղաքի» հիմնական առաքելությունը, այն է՝ նպաստել քաղաքացիական հասարակության ձևավորմանը:
— «Մեր քաղաքը» էջի մոդերատոր ես դարձել ֆեյսբուքում, որ պահպանես մեր քաղաքը, որքանո՞վ են արձագանքում համաքաղաքացիները, չի՞ մնում արդյոք դա ֆեյսբուքյան տարածքի վրա, մի բան ստացվո՞ւմ է:
— Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է մոտիվացիայից և իրադարձության կարևորությունը ճիշտ ներկայացնելուց: Արձագանքներ շատ են լինում, բայց հարցի ձևակերպմամբ ճիշտ նկատեցիք, որ հաճախ վիրտուալից իրական կյանք տեղափոխվելու խնդիր է առաջանում:
— Քանի՞ քաղաքապահպան միջոցառման հրավեր եք սարքել, որքա՞ն մարդ է ընդունել հրավերը, և որքանն են դրանցից ներկայացել ակցիաներին:
— Մոտ կես տարվա պատմություն ունեցող այս կիբեր-նախաձեռնության ներցանցային քննարկումների արդյունքում մինչ այժմ կազմակերպվել են իրական հանդիպումներ, քննարկումներ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամների հետ, ինչպես նաև «Ծառափրկիչ», «Առանց ծառերի՝ քաղաքը ապագա չունի» և «Ուրբաթօրյակ բնապահպանական» ակցիաները, ինչը չի նշանակում որ «Մեր քաղաքի» ընկերները քննարկում և գործողություններ են ձեռնարկում բացառապես բնապահպանական խնդիրների առնչությամբ: Հետագայում ակնկալում ենք խնդիրների սպեկտրի ընդլայնում. հնարավոր է նաև լիազորված մոդերատորների միջև բաշխվեն երևանցիներին հուզուղ խնդիրների հիմնական ոլորտները և ստեղծվեն համապատասխան ենթաբաժիններ:
Իսկ ֆեյսբուքահայերը… տարբեր են լինում արձագանքները, ընթացքում պատահում են հրավերը ընդունողներ, ովքեր, իրենց մեկնաբանմամբ, «հոգեպես աջակցելու» միտումով են ընդունում հրավերը, սակայն քիչ չեն նաև իրական մասնակիցները: Որպես այս սոցիալական էջի մոդերատոր՝ ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր կարողանում են հաղթահարել պատնեշը վիրտուալի և իրականի միջև:
— Պետք է երևի ֆեյսբուքում առաջարկել ավելացնել «Հոգեպես աջակցում եմ» կոճակը…
— Այո, դա միանշանակ կհստակեցնի իրադարձության իրականանալիության ընդհանուր պատկերը:
— Ես էլ եմ հաճախ նախաձեռնություններ սկսում, ու բախվում եմ նույն խնդրի հետ՝ մարդիկ կարծես արձագանքում են, իսկ իրական գործողությունների շատ դժվար է լինում մղել նրանց, ինչի՞ց է դա, ի՞նչ եք կարծում:
— Կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ մենք՝ հայերս, չափազանց պրագմատիկ ենք. միշտ ցանկանում ենք տեսնել լույսը թունելի վերջում, բյաց նաև, որ թունելն էլ կարճ լինի: Հավանաբար, եթե հստակ նպատակ և խրախուսական միջոցներ սահմանվեն, շատերը կներկայանան:
— Բնապահպանական ակցիաները պետք է, որ բոլորին համամասնակից դարձնեն, ամեն գաղափարախոսության, համոզմունքների, քաղաքական ու կրոնական հայացքների տեր մարդու պիտի որ անհանգստացնի շրջակա միջավայրի վիճակը, մենք հո ինքնասպաններ չե՞նք, ինչո՞ւ են մարդիկ պասիվ, ինչո՞ւ են հապաղում, ինչն՞է պատճառը, որ մինչև գործը իրենց անձամբ չի հասնում տեղից չեն շարժվում:
— Ես միանգամայն համոզված եմ, որ այս բարդույթը ազգային մտածելակերպի մակարդակում է. մենք բնույթով ու գենետիկորեն՝ վերապրուկներ ենք. ֆիզիկական գոյությունը պահպանելու ճանապարհին հայերս այնպիսի մեխանիզմներ ենք մշակել, որ հիմա դրանց ձեռքը կրակն ենք ընկել /հուսով եմ՝ ոչ անվերադարձ/: Խոսքս նրա մասին է, որ մեր հասարակությունն առաջնորդվում է «առաջ քո ծառը ջրիր, հետո ուրիշինը» մտակաղապարով ու «իմը»-«ուրիշինը» սահմանագծերը թույլ չեն տալիս, որ ստեղծվի առողջ փոխկապակցված, գործուն հասարակություն:Եվ սա տարածվում է մարդկային գործունեության բոլոր ոլորտների վրա:
— Անշուշտ, ես կասեմ նույնիսկ ավելին, թեկուզ եթե վերցնենք ֆեյսբուքյան նախաձեռնությունները: Օրինակ՝ մենք քաղցկեղով հիվանդ կնոջ համար գումար ենք հավաքում, մի այլ տեղ, նույն օրը մեր միջոցառումից առաջ բնապահպանական միջոցառում են կազմակերպում, ես էդ էջում դնում եմ մեր հրավերը, ջնջում են, ասելով, որ դա իրենց ֆորմատի մեջ չի: Բայց ի՞նչը կարող է լինել առավել նույն թեմայի մեջ եթե ոչ էկոլոգիան ու քաղցկեղը: Սա միայն մի օրինակ բերեցի, իրականում ֆեյսբուքյան նախաձեռնությունների «իմը»-«ուրիշինը» նույն կերպ է գործում, ինչպես իրականության մեջ:
— Ու նորից վերադառնում ենք ծայրահեղ պրագմատիզմի խնդրին, որը բացառում է ինքն իրեն. այսինքն՝ մարդիկ երկրորդական են դասում այն, ինչը առաջնային է կամ ուղղակիորեն կապված է առաջնայինի հետ:
— Իսկ քաղաքային իշխանությունները, նրանք ինչ-որ կերպ արձագանքո՞ւմ են ակցիաներին, գուցե ի գիտություն են ընդունում, կամ կոնկրետ քայլեր ձեռնարկում, կա՞ արձագանք:
— Ի վերջո՝ այս ամենը պետք է նպաստի քաղաքային իշխանությունների հետ պրոակտիվ համագործակցական դաշտի ձևավորմանը, որտեղ հնարավոր կլինի հանդես բերել կոնկրետ հարցերի շուրջ քաղաքացիների հանընդհանուր կարծիքը (լրատվական, վերլուծական, անհատական և այլ նյութերի հիման վրա): Հուսանք, որ նախաձեռնությունը կգնահատվի դրական լույսի ներքո և, որ հանրության ակտիվ մասնակցությունը մայրաքաղաքի տարաբնույթ խնդիրների լուծման գործում ընդհանուր առմամբ կբարձրացնի նաև քաղաքային իշխանությունների գործունեության արդյունավետության մակարդակը:
«Մայիսի 6-ին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի «Սուրբ Սարգիս» անունը կրող մատուռում քրեակատարողական ծառայության հոգևոր տեսուչ Տեր Ռուբեն աբեղա Զարգարյանի ձեռամբ և ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արամ Սարգսյանի աջակցությամբ տեղի ունեցավ քրեակատարողական հիմնարկներում նախադեպը չունեցող արարողություն:
Դատապարտյալ Արսեն Համբարձումյանը վերին օրհնությամբ իր կյանքը կապեց Լիլիթ Իսրայելյանի հետ: Քանի որ նրանք մկրտված չէին, Աստծո ավազանում նախ օծվեցին սուրբ մկրտությամբ, ապա տեղի ունեցավ պսակադրության արարողությունը:
Պսակադրությանը մասնակցում էին նաև նորապսակների հարազատները, որոնք արարողությունից հետո, տոնական սեղանի շուրջ, իրենց բարեմաղթանքները հղեցին նորապսակներին: Սույն արարողությունը չէր կարող անտարբեր թողնել քրեակատարողական վարչության ղեկավարությանը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը նորապսակներին նույնպես աննախադեպ ընծա արեց. յոթ օր կարճաժամկետ մեկնում տրամադրվեց Արսենին` ըստ էության որպես հետ ամուսնական արձակուրդ»-ասված է ՔԿՀՎ մամլո հաղորդագրության մեջ:
Այսօր ԶԼՄ-ներով տարածված այս լուրն իրոք շատերին է հուզել, վերականգնել շատերի սասանված հավատը կյանքի հանդեպ:
Միայն կյանք վերադառնալու հավատը կարող էր Արսենին նման քայլի մղել:
Լիլիթը սիրում եւ հավատում է Արսենին, իրնց ապագային, այլապես վերջինի ազատազրկումը կարող էր բավարար լինել, որ աղջիկը մտածեր նոր կյանքի, նոր սիրո մասին:
Նման հաճելի առիթները ստիպում են մտածել, որ աշխարհը միայն նյութ չէ, որ կա նաեւ հոգեւորը, աշխարհը փրկող հավատը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.