29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արցախյան պատերազմի հաշմանդամ վետերան Սամվել Միքայելյանն այսօրվանից անժամկետ հացադուլ էր հայտարարել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև: Ազատամարտիկն անտուն է, բնակարան ունենալու հույսը կորցրել է և ուզում է արժանանալ դեսպանի ընդունելությանը` Ֆրանսիա մեկնելու նպատակով: Ֆրանսիայի դեսպանատունն, իհարկե, չի պատրաստվում արձագանքել ազատամարտիկի խնդրանքին` նրա պրոբլեմը համարելով մեր երկրի ներքին գործը: Ոստիկանությունն էլ օպերատիվ միջամտել է, ինչի հետևանքով Սամվելը դադարեցրել է հացադուլը:
Սամվել Միքայելյանի պատմությունը եզակի չէ, հարյուրավոր ազատամարտիկներ ունեն սոցիալական, կենցաղային խնդիրներ, օրվա հաց վաստակելը նրանց համար դարձել է գերխնդիր:
Քչերն են հրապարակավ բողոքում, դիմում պայքարի ծայրահեղ ձևերի, բայց նմանատիպ պրոբլեմները շատերինն են:
Երբ 1994-ին արցախյան պատերազմն ավարտվեց, և տղաները ռազմաճակատից տուն վերադարձան, նրանց դիմավորեց այլ Հայաստան` տնտեսական առաջին բարեփոխումներն ավարտած, աղետի գոտու և շրջափակման ծանր հետևանքներն իր ուսերին տանող: Հայաստանում սոցիալական շերտավորման գործընթաց էր տեղի ունենում: Կռվից վերադարձած մարդն ավելի զգայուն էր սոցիալական բևեռացման, անարդարության ցանկացած դրսևորման հանդեպ:
Հրադադարի հաստատումից հետո պետությունը երկու ճանապարհ ուներ:
Առաջին ճանապարհը բարդ էր, բայց ենթադրում էր կռված տղաների լիարժեք ռեաբիլիտացիա, նրանց համար սոցիալական պաշտպանվածության գործուն մեխանիզմների ստեղծում: Պետությունը, սակայն, այս ճանապարհով չգնաց:
Ազդեցիկ հրամանատարներին արդեն ձևավորված էլիտային ինտեգրելու ճանապարհով` ստեղծվեց ռազմաքաղաքական էլիտա, որն ազդեցիկ դիրքեր ունեցավ պաշտպանության նախարարությունում, մեկ տասնյակից ավելի երկրապահներ հայտնվեցին խորհրդարանում:
Այս սահմանափակ էլիտան ուներ նաև բիզնես հնարավորություն և էլիտայից դուրս գտնվող հազարավոր ազատամարտիկների համար, ըստ էության, կատարում էր պետության դերը. ազդեցիկ հրամանատարները սեփական բիզնեսի հաշվին «կերակրում էին» իրենց ջոկատների տղաներին` նրանց հնազանդության և լոյալության դիմաց: Թերևս, սա էր պատճառը, որ հաճախ երկրապահներին ներքաշում էին քաղաքական, ընտրական գործընթացի մեջ:
Սակայն ժամանակի ընթացքում ռազմական էլիտան տարրալուծվեց ընդհանուր օլիգարխիկ համակարգի մեջ` օտարանալով հազարավոր երկրապահներից, կորցնելով իր «սոցիալական» դեմքը:
Հարյուրավոր, հազարավոր ազատամարտիկներ մնացին մենակ՝ իրենց դարդ ու ցավի, առօրյա կարիքի հետ:
Եթե այսօր նրանցից մեկը որոշել է բարձարաձայն բողոքել, դա չի նշանակում, որ նրա դեպքը եզակի է, բարձրացրած պրոբլեմը` նույնպես: Ավելի ցավալի է, որ նրանք` հայրենիքի պաշտպանները, կորցրել են հավատը սեփական պետության հանդեպ ու արդարություն են մուրում օտար դեսպաններից:
Սուրեն Սուրենյանց
Երևանի թիվ 114 ավագ դպրոցում այսօր մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար քննությունների հանձնման երկրորդ փուլը, որը մի յուրահատուկ փորձություն է դարձել գործող տնօրենների համար, գումարվելով բարեփոխումների առաջացրած քաոսին։
Այս անգամ քննություններին մասնակցության հայտ են ներկայացրել 1066 հավակնորդ: Հավակնորդները քննությունները կհանձնեն երկու օրում՝ նախ գրավոր, ապա հաջորդ օրը՝ բանավոր:
Մեկնարկի առաջին օրը քննության էին ներկայացել 94 հավակնորդ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ — ից:
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, իր հերթին, յուրօրինակ մեսիջ է ուղղարկել, հասկացնելով, թե բողոքներ չեն ընդունվում. «Գործընթացը ներդնելիս որոշ շրջանակներ փորձում էին քննադատել և վարկաբեկել նախարարությանը, սակայն հավաստագրերի հանձնման ժամանակ բոլորը միանշանակ փաստել են, որ քննություններն անցել են օբյեկտիվ ու արդար: Այս անգամ ևս կարող եմ տեղեկացնել, որ նախարարությունը երաշխավորում է արդար, օբյեկտիվ քննություններ, գործընթացի օրինականություն»: Նա մի մեսիջ էլ միջնորդներին է հասցեագրել, «որոնք կփորձեն ուսուցիչներին և տնօրեններին այլազան ծառայություններ առաջարկել, հայտնվելու են անհարմար իրավիճակներում», սպառնացել է նախարարը:
Աշոտյանը հավաստիացրել է, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումներն անկասելի են և յուրաքանչյուր փոփոխություն, չնայած որ դժվար է ընկալվում, բերում է դրական արդյունքների: Այդ առումով նախարարը թերևս ճիշտ է, բարեփոխումներն այնպիսի խառնաշփոթ են առաջացրել համակարգում, որից սատանան անգամ գլուխ չի հանի, իսկ դրանք ոչ միայն անկասելի, այլև անշրջելի են:
«Այս գործընթացով փորձում ենք հայկական դպրոցում տնօրենի նոր նշաձող ձևավորել, կառավարման որակը դարձնել ընկալելի և ընդունելի այսօրվա պայմաններին, կոտրել այն կարծրատիպերն ու կաղապարները, որ մեր դպրոցում կարող են աշխատել նաև տգետ մարդիկ»,-նշել է նախարարը: Թե ինչ է տալու քննություններում հավաստագիր ձեռ բերած տնօրենները դպրոցին, այնքան էլ պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ մեր դպրոցներում կրթության որակը այս ողջ բարեփոխումների արդյունքում ոչ միայն չի լավացել, այլև ընդհակառակը.Իսկ գործող տնօրենին տգետ անվանելուց առաջ, պարոն նախարարը լավ կաներ մի քիչ երկար մտածել. արդյո՞ք 60 հարց անգիր արած մեկի մուտքը դպրոց դրա կայացման երաշխիք է: Իսկ որ ամենակարևորն է, տնօրեններին օրենքներ սովորել պարտադրելուց առաջ, հարկ է ապահովել այնպիսի համակարգ, որտեղ նույն տնօրենները ստիպված չլինեն այդ օրենքները խախտել:
Ատեստավորման գործընթացը շարունակում է վախի մեջ պահել այն դպրոցների տնօրեններին, ովքեր դեռ չեն անցել այս թրի տակով:
«Հայկական Վարկածը» փորձեց լսել մի քանի դպրոցների տնօրենների:
Հարցի վերաբերյալ Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանն ասաց. «Մեր ձեռը ի՞նչ կա: Հիմա կառավարության որոշումն է, պետք է կատարենք: Ես դեռ չեմ մասնակացել, բայց արդեն պատրաստվում եմ: Ուղղակի գիտեք ինչն ա վատ, որ տարիքով կանանց քաշքշուկի մեջ են պահում սթրեսների ենթարկում: Կարճ ասած` նրանք մի շարք հիվանդություններ են ձեռք բերում: Միայն մեռնելը կփրկի»: Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի տնօրեն Անահիտ Կիրակոսյանն այն բախտավորներից է, ով հաղթահարել է այս փորձությունը. «Ես մարտին եմ մասնակցել քննություններին: Կարծում եմ , որ անհրաժեշտ գործառույթ է, մի օղակ , որը պետք է հաղթահարես: Ես շատ գոհ եմ հանձնաժողովից օբյեկտիվ քննության համար: Ընդհանուր նախատեսված 60 հարցից 90 տոկոսը ճիշտ եմ պատասխանել:Մյուս կողմից ինձ օգնեց այն հանգամանքը, որ ես գործող տնօրեն էի և ամեն օր շփում ունեի օրենքների հետ: Չնայած մինչ քննությունը մասնակցել էի մի շարք դասընթացների, որոնք նույնպես ինձ օգնեցին»:
Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցից մեզ ասեցին, որ տնօրենը այս քանի օրը շատ լարված է և մենք չենք կարող զրուցել նրա հետ, իսկ երբ իմացան, թե ինչի համար ենք հարցնում Գայանե Մարտիրոսյանին, ասացին, որ այսօր էլ հենց քննության է գնացել:
Հ.Գ. ԿԳ Նախարարությունից տեղեկացրեցին, որ քննությանը մասնակցած 94 տնօրենից երկուսն այսօր կտրվել են գրավոր քննությունից:
Ռուզան Ավոյան
Տիգրան Կարապետյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական նախաձեռնությունները դեռ չէինք հասցրել մարսել, երբ նոր հայտ ներկայացրեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
Վերջինս մի հետաքրքիր հատկություն ունի: Նա, իհարկե, ակտիվորեն մասնակցում է օրվա ընդդիմության կազմակերպած հրապարակային միջոցառումներին, ելույթներ է ունենում, 2008-ին նույնիսկ կալանավորվեց: Այդպես էր` թե «Արդարություն» դաշինքի և թե ՀԱԿ պարագայում: Բայց երկու դեպքում էլ Կարապետյանը որոշակի հեռավորություն է պահել այս դաշինքներից` քաղաքական իր ինքնուրույնությունը պահպանելով:
Եվ ահա` իշխանություն — ՀԱԿ հնարավոր երկխոսության ֆոնին, ՆԺԿ ղեկավարը խոսում է ազգային գաղափարական դաշինք ձևավորելու մտադրության մասին` հասկացնելով, որ ազգային դաշտից դուրս են թե իշխանությունը, թե ՀԱԿ-ը:
Նախաձեռնության հեղինակը ներկայացրել է նաև նոր միավորման անդամների հնարավոր կազմը` ՀՅԴ, ՀՌԱԿ, ՍԴՀԿ, «Ժառանգություն», ՆԺԿ:
Անկեղծ ասած, մի փոքր դժվար ենք պատկերացնում Արամ Կարապետյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի դաշինքն ազգային հարցերում, երբ առաջինը անվերապահորեն կարևորում է ռուսական գործոնի առկայությունը Հայաստանում, իսկ երկրորդը հարապարակավ ընդդիմացել է ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգմանը:
Արամ Կարապետյանի պատկերացրած դաշինքում առանցքային դերակատարություն է վերապահված ավանդական կուսակցություններին:
Նրանցից միայն ՀՅԴ-ն ունի ինքնուրույն ռեսուրսներ և կարող է խորհրդարանում ներկայացված լինելու ամբիցիա ունենալ: Բայց դաշնակցական գործիչները տարբեր առիթներով հասկացրել են, որ իրենք առանձին են մասնակցելու խորհրդարանական և նախագահական ընտրություններին:
Ռամկավարները Սփյուռքում և Հայաստանում չունեն խարիզմատկ գործիչներ և, ըստ էության, պատրաստ են դաշնակցել ցանկացածի հետ` մեկ –երկու մանդատի հարց լուծելու համար: Երեկ նրանց դաշնակիցը Սամվել Բաբայանն էր, հիմա փորձում են սիրաշահել ԲՀԿ-ին, Արամ Կարապետյանի առաջարկն էլ չեն մերժի, եթե մանդատի հեռանկար բացվի:
Պարադոքսալ վիճակ է ՍԴՀԿ-ում: Հայաստանում կա Հնչակյան երեք կուսակցություն:
Էռնեստ Սողոմոնյանի մասին չենք խոսի, որովհետև նրա անունը վաղուց ասոցացվում է միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության հետ:
ՍԴՀԿ անունը պատկանում է Լյուդմիլա Սարգսյանի թիմին, որը սակայն կապ չունի համահայկական վարչության հետ և իր քաղաքական հեռանկարն ամբողջովին կապել է Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի հետ:
Հնչակյան անունով հանդես եկող շիրխանյանականների կուսակցությունը ուղղորդվում է հենց համահայկական վարչության կողմից և հենց նրանց, ըստ էության, նկատի ունի Արամ Կարապետյանը: Հնչակյան կուսակցության մամլո դիվանի պատասխանատու Նարեկ Գալստյանն այսօր հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ իրենք պարբերաբար ունենում են հանդիպումներ և խորհրդատվություններ ձախ գաղափարախոսություն կրող տարբեր ուժերի, միությունների և անհատների հետ` քննարկելով Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակն ու առաջիկա ընտրություններին հնարավոր դաշինքով մասնակցությունը: Գուցե Արամ Կարապետյանն ու Նարեկ Գալստյանը խոսում են նույն գործընթացի մասին, սակայն այդ դեպքում անհականալի՞ է, թե ինչպես ՆԺԿ-ն ու «Ժառանգությունը» դարձան ձախ ուժեր: Անհասկանալի է նաև, թե ինչի՞ շուրջ են բանակցում, եթե Կարապետյանը խոսում է միավորման ազգային, իսկ հնչակները` սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական հատկանիշների մասին:
Մի խոսքով, այս դաշտում էլ կատարյալ շիլաշփոթ է: Ըստ ամենայնի, Արամ Կարապետյանը խոսել է ոչ թե իրական գործընթացի մասին, այլ տվել է իր նոր քաղաքական ակտիվության մեկնարկը, իսկ շիրխանյանական թևն էլ պարզապես հիշեցրել է իր գոյության մասին:
Սուրեն Սուրենյանց
Իրանի Իսլամական Հանրապետությունն ամենեւին էլ ժողովրդավարական երկիր չէ:
Այստեղ գործում է պետական մարմինների մի բարդ համակարգ, որի իմաստը հոգեւոր էլիտայի իշխանության ապահովումն է:
Իշխանության էլիտայի ներսում կան տարբեր խմբավորումներ` ծայրահեղ պահպանողականներից մինչեւ չափավոր բարեփոխականներ: Նրանց շահերի համադրումն ու հակակշռումն էլ թույլ է տալիս հոգեւոր առաջնորդին` կայուն պահել համակարգը:
Երկրի նախագահը ընտրովի պաշտոնյա է, բայց ամբողջական իշխանությունը պատկանում է հոգեւոր առաջնորդին: Ավելին, իշխանությունն է արտոնում այս կամ այն թեկնածուի մասնակցությունը նախագահական կամ խորհրդարանական ընտրություններին:
Ինչքան էլ Իրանը դեմոկրատական երկիր չէ`ընտրություններն, իշխանության պատկերացմամբ, պետք է որոշակիորեն արտահայտեն հասարակական տրամադրությունները, համադրեն էլիտայի ներսում առկա խմբավորումների տարբերվող շահերը:
2009-ի նախագահական ընտրությունները ոչ միայն հասարակական հուժկու ընդվզման պատճառ դարձան, այլ նաեւ խմորումներ առաջացրեցին իշխանության ճամբարում, կասկածի տակ դրվեց անգամ հոգեւոր առաջնորդի չվիճարկվող հեղինակությունը: Հասարակությունը պահանջեց նաեւ նրա հրաժարականը` իր կողմից մերժված Մահմուդ Ահմադինեժադին նախագահի պաշտոնում պահելու համար: Էլիտայում սկսեցին խոսել երկրի առաջնորդի ոչ օբյեկտիվ, կողմնակալ պահվածքի մասին:
Ականհայտ էր, որ նախագահական վիճահարույց ընտրությունները հարուցել են լուրջ ճգնաժամ քաղաքական, պետական համակարգում:
Այսօր դա տեսանելի է շատերի համար: Համեյնեի եւ Ահմադինեժադի միջեւ լուրջ հակասություններ կան: Նախագահը փորձում է ազատվել հետախուզության նախարարից, հոգեւոր առաջնորդը դրան ընդդիմանում է: Վերջին շրջանում, տարբեր պատճառաբանություններով, նախագահի մի քանի տասնյակ կողմնակիցներ կալանավորվել են:
Այսօր արաբական մամուլում լուրեր են տարածվել, որ մոտ ժամանակներս Մահմուդ Ահմադինեժադը հրաժարական է տալու: Ասում են` այս որոշումն արդեն իսկ համաձայնեցված է հոգեւոր առաջնորդի մակարդակով:
Սակայն անկախ սցենարներից` մի բան ակնհայտ է. ԻԻՀ-ում քաղաքական ճգնաժամը խորանալու է:
Սուրեն Սուրենյանց
Որ Երևանի քաղաքապետարանն ամենակոռումպացված կառույցներից էր և է, դժվար թե որևէ մեկի մոտ կասկած հարուցի: Այստեղ վարչության պետերի և նույնիսկ շարքային աշխատակիցների մակարդակով հնարավոր էր ցանկացած գործարք իրականացնել, բնականաբար՝ համապատասխան վարձատրության դիմաց: Ասում են, փողի կարիք չունեցող քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է ձեռնպահ մնալ գործարքներից և ուղղակի քաղաքապետ է աշխատում, քանի որ դրայվ է զգում դրանից, այլ ոչ թե՝ որովհետև Երևանի քաղաքապետ լինելը եկամտաբեր գործ է: Բայց որ քաղաքապետարանի աշխատակազմին անգամ Կարեն Կարապետյանի դրայվը չի կարող զերծ պահել գործարքներից, կարելի է շատ հանգիստ ապացուցել` ուշադիր հետևելով այստեղ ընդունվող որոշումներին: Այդպիսի գործարքներից մեկը մեզ հաջողվեց բացահայտել Երևանի ավագանու խորհրդի վերջին նիստից հետո:
Մայիսի 6-ի նիստում քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը (ամենայն հավանականությամբ՝ այս գործարքի շահագրգիռ կողմերից մեկը) ավագանու խորհրդին մի որոշում հրամցրեց` ակնկալելով արագ «դակում»: Ավագանու անդամները, սակայն, Ուլիխանյանի սպասելիքները չարդարացրին. «Թիվ 4 բուժսանմաս» և «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-երը միացնելու որոշումը կասկածներ ծնեց ավագանու մի քանի անդամի մոտ, և հարցը թեժ քննարկման առիթ դարձավ:
Վարչության պետը կրծքով պաշտպանում էր իր առաջարկը, փաստարկներ բերում հօգուտ միացման, տեղյակ լինելով գումարները տնտեսելու և ոչ մի ավելորդ դրամ չծախսելու քաղաքապետի մտադրության մասին՝ պնդում էր թիվ 4 բուժսանմասի պահպանման աննպատակահարմարության մասին: Մի խոսքով, վարչության պետն արեց ամեն ինչ, որպեսզի, գուցեև նախապես կայացած, գործարքը հաջողությամբ ավարտին հասցնի: Անգամ Կարեն Կարապետյանը, անտեղյակ լինելով, թե իրենցից ինչ են ներկայացնում հիշյալ բուժհաստատությունները, զգաց, որ ինչ-որ բան այն չէ, և առաջարկեց հարցի պարզաբանման համար առանձին քննարկում կազմակերպել:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանին և Երևանի ավագանու խորհրդի անդամներին գործարքին ակամա մասնակցությունից զերծ պահելու ցանկությամբ՝ ներկայացնենք այս ընթացքում մեր բացահայտածը:
Գործարքի հիմքում իսկապես որոշ մարդկանց շահերն են ընկած և, ինչպես միշտ է կատարվում մեզանում, մեկ-երկու հոգու շահի համար տուժողը մի ամբողջ կոլեկտիվ է լինելու:
Եվ այսպես, թիվ 4 բուժսանմասը, այսպես կոչված, Կաուչուկի պոլիկլինիկան է: Սա ժամանակին մեծ բուժհաստատություն էր` շուրջ 200 աշխատողով, «Պոլիվինիլացիտատ» գործարանում ուներ մասնաճյուղ, տարբեր գործարաններում էլ ուներ առողջապահական կայաններ` առկայաններ, որոնք փակվեցին, երբ պոլիկլինիկաներում վճարումը սկսեց իրականացվել սպասարկվող բնակիչների թվով: Ներկայումս այս բուժհաստատությունում աշխատում է շուրջ 40 աշխատող, և հենց նրանց էլ հիշյալ գործարքով պատրաստվում են վերադրույքավորել անգամ սեփական աշխատակիցների համար նորմալ պայմաններ չունեցող թիվ 13 պոլիկլինիկայում:
Բացի որոշ սուբյեկտներին ձեռնտու դրդապատճառներից, այստեղ առավել հետաքրքիր է, թե ինչու՞ հենց անպայման թիվ 13 պոլիկլինիկայի հետ է հարկավոր միավորել այս բուժհաստատությունը, երբ թիվ 18 պոլիկլինիկան ևս կարող է շատ ավելի մեծ շանսեր ունենալ թիվ 4-ի հետ միավորվելու առումով:
Բանն այն է, որ թիվ 4 բուժսանմասը երկար տարիներ ղեկավարում էր Էմիլ Նաջարյանը` հայտնի Էմիլ Վարդգեսովիչը, ում հաջողվեց երկրի համար ամենածանր տարիներին անգամ պոլիկլինիկան կենդանի պահել որպես ակտիվ հիմնարկ:
Նրա շնորհիվ էր, որ այս բուժհաստատությունը դարձավ այն կենտրոնը, որը կազմակերպում է աշխատողների բժշկական հետազոտություններ. տարբեր հիմնարկների աշխատողները տարեկան մեկ անգամ պարտադիր կարգով անցնում են բժշկական զննություն, ինչի իրավասություն ուներ միայն թիվ 4 բուժսանմասը: Հարգարժան Էմիլ Վարդգեսովիչը կարողանում էր իր հեղինակության շնորհիվ նորանոր ընկերությունների հետ պայմանագրեր կնքել: Այդպես, այս հաստատությունում էին հետազոտվում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր»-ի, «Մաքուր երկաթ»-ի, «Գրանդ-Տոբակո»-ի, «Հայկենցաղքիմիա»-ի, «Սթար»-ի, Շենգավիթի մանկապարտեզների և բազմաթիվ այլ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները:
Բուժհաստատությունը, բացառապես իր հեղինակության շնորհիվ, առանց պետական աջակցության վերազինվեց անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով: Ավելին, հենց կնքված պայմանագրերի շնորհիվ, եթե պետությունից հատկացվող գումարը հիշյալ բուժհաստատությանը կազմում է շուրջ 12 մլն դրամ, ապա վճարովի ծառայություններով այս հիմնարկը ունի շուրջ 14 մլն դրամի եկամուտ:
Երբ գործարաններն այլևս չէին աշխատում, այսինքն` թիվ 4 բուժսանմասը, կարելի է ասել, զրկվում է իր հիմնական կոնտիգենտից, դարձյալ երջանկահիշատակ Էմիլ Վարդգեսովիչի ջանքերի շնորհիվ ամեն ինչ արվում է, որ հաստատության գործունեությունը չդադարի: Պոլիկլինիկային կցվում է 3 տեղամաս. թիվ 18 պոլիկլինիկայից երկու տեղամաս է վերցվում, թիվ 13-ից` մեկ: Այդպես՝ այս բուժհաստատությունն ապահովվում է շուրջ 4000 բնակչով, որոնց առողջության պահպանման խնդիրները հոգալու համար էլ պետությունը գումար է հատկացնում:
Այստեղ շատ ավելի հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարող էր Երևանի ավագանու խորհրդին ներկայացվել որոշում` լաբորատոր սարքավորումներով, հավելյալ վճարովի ծառայություններ մատուցող, այսինքն` ինքնաբավ մի հիմնարկի լուծարման և մեկ այլ հաստատության միացման մասին, ու՞մ գլխում կարող էր նման անհեթեթ գաղափար ծնվել: Հենց այս հարցի պատասխանն էլ հնարավորություն տվեց շատ ավելի հետաքրքիր իրողություններ բացահայտել.
2009-ին հանկարծամահ է լինում Էմիլ Վարդգեսովիչը: Տարիների ընթացքում գլխավոր բժշկի շնորհիվ ձևավորված առողջ և իրենց գործին անմնացորդ նվիրված կոլեկտիվը ծանր է տանում սիրելի ղեկավարի կորուստը, սակայն հետաքրքիր է, որ նվիրյալ բժիշկներից ոչ ոք չի ցանկանում թողնել ակտիվ բժշկությունը և զբաղվել վարչական աշխատանքով: Որոշ ժամանակ գլխավոր բժշկի պարտականությունները կատարում է փոխտնօրենը, որից հետո գլխավոր բժիշկ է դառնում ուսանողական աթոռից բուժսանմաս եկած սրտաբան Ռուզան Դուրգարյանը: Մեկ տարի աշխատելուց և վճարովի ծառայությունների մատուցման համար պայմանագրեր կնքել սովորելուց հետո, սրտաբանը դառնում է գլխավոր բժիշկ: Հետաքրքիր զուգադիպությամբ, թիվ 13 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը հանկարծամահ է լինում, ինչի պատճառով էլ աթոռը թափուր է մնում: Եվ Դուրգարյանը նշանակվում է թիվ 13 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ:
Սակայն ավելի մեծ պոլիկլինիկայի գլխավոր բժշկի աթոռը ձեռք գցելուց հետո էլ Դուրգարյանը որոշում է չհրաժարվել իրեն բժիշկ դարձրած բուժհաստատությունից: Ի դեպ, թիվ 13 պոլիկլինիկան մի քանի տարի առաջ միավորվեց նաև թիվ 7 մանկական պոլիկլինիկային: Դարձյալ մեծ թվով բնակչություն սպասարկող մանկական պոլիկլինիկան լուծարվեց և մի կերպ տեղավորվեց թիվ 13-ում: Եվ հիմա, փաստորեն, արդեն մեկ պոլիկլինիկա իր մեջ ներառած թիվ 13-ը որոշվում է միավորել իր կարգի ևս մեկ բուժհաստատության հետ:
Դատելով շենքային պայմաններից՝ ի սկզբանե կարելի է ասել, որ թիվ 4 բուժսանմասի 30-40 հոգանոց կոլեկտիվը պահպանելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Ենթադրվում է, որ գլխավոր բժիշկը իր նոր աշխատավայրում այնպիսի պայմաններ կստեղծի, որ թիվ 4 բուժսանմասի կոլեկտիվի գերակշիռ մասը հոժարակամ ազատման դիմումներ կգրի: Իսկ այս կոլեկտիվի աշխատակիցների մարդկային որակների մասին կարելի է դատել նրանց հոգածության տակ գտնվող բնակչության արձագանքներից, որոնք, ի դեպ, լսելով, որ թիվ 13 պոլիկլինիկայի հետ միավորման հարց կա, հայտարարել են, թե ոչ մի դեպքում չեն գնա այդ պոլիկլինիկան:
Կոլեկտիվում մարդիկ կան, որոնք իրենց կյանքը այս բուժսանմասից դուրս չեն պատկերացնում, և հիմա նրանցից շատերը, ծանր տարիներին անգամ առանց աշխատավարձի աշխատելուց հետո, մտավախություն ունեն, որ հայտնվելու են գործազուրկի կարգավիճակում, քանի որ բախտի բերմամբ գլխավոր բժիշկ դարձած իրենց երբեմնի գործընկերը որոշել է ավելի մեծ օբյեկտի տեր դառնալ` միավորելով իր նախկին և ներկա «օբյեկտները»: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ եթե այս գործարքն իրականանա, մարդիկ չեն էլ կասկածի, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը «դաբրո» է տվել և բուժսանմասի կոլեկտիվը ճամփեզրին թողնելու հաշվին ապահովել գլխավոր բժիշկ դառած մեկի ամբիցիաների իրականացումը:
Հ.Գ. Էմիլ Վարդգեսովիչի ջանքերով, ժամանակին կառավարության որոշում է ընդունվել, ըստ որի՝ բուժսանմասի տարածքը պետք է «Նաիրիտ» ՓԲԸ-ից հանձնվեր քաղաքապետարանին: Այլ հարց է, թե ինչու՞ հիշյալ որոշումը մինչև հիմա կյանքի չի կոչվում:
Լուսինե Կեսոյան
Սեռական բռնությունների դեպքերը Հայաստանում օրեցօր աճում են, այսօր ասուլիսի ժամանակ «ահազանգեցին» հոգեբան Ռուբեն Պողոսյանն ու ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Աննա Ոսկանյանը: Ոչինչ, որ հ/կ-ները մեռան ահազանգելով, էս երկուսը, ասես, Մարսից իջել ու հեծանիվ են հայտնագործել: Տրամաբանական ինչ-որ բան կա նրանց ասածների մեջ, զգացվում է իրավիճակի նկատմամբ անթաքույց անհանգստություն, բայց լինելով մասնագետներ՝ անհեթեթ, երկրորդական պատճառներ են բերում, մոռանալով առաջնայինի մասին:
«Այսօր երեխաների 80 տոկոսը պարբերական բռնության է ենթարկվում։ Եթե նախկինում նվաստացման դեպքերն էին գերակշռում, ապա այսօր ֆիզիկական և սեռական բռնություններն են աճել»,- ասում է Աննա Ոսկանյանը՝ մոռանալով հավելել, որ կանանց ավելի շատ տոկոսն է ենթարկվում բռնության զանազան տեսակների, ու եթե տանը բռնություն կա կնոջ հանդեպ, բնական է, որ պետք է լինի նաև երեխայի հանդեպ: Կամ՝ ի՞նչ ձայնի, խոսքի իրավունք ունի մայրը, որը տարիներ ի վեր իմանալով, որ տագրը կենակցում է իր անչափահաս աղջկա հետ՝ լռում է, իբր՝ «տան կեղտը տանը մնա» կարգախոսով:
Ռուբեն Պողոսյանի խոսքով՝ տարբեր խնդիրներով են այսօր երեխաները դիմում հոգեբաններին, բայց հետագայում հոգեբանի վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմքում ընկած է սեռական բռնությունը։ «Բերում են երեխաներին, հետո պարզվում է, որ նրանց բռնաբարել է քեռին։ Ուրեմն, մեր ազգի քաղաքակրթությունը ինչքան իջած պետք է լինի, որ արյունապղծությունը պտտվում է մեր մեջ, մեզ մոտ արդեն սկսվել են քեռիների և հորեղբայրների կողմից երեխաներին բռնաբարելու իրական դեպքեր», — ասաց հոգեբանը: Էդ դեպքերը միշտ էլ եղել են, ու գուցե շնորհիվ կանանց հիմնախնդիրներով զբաղվող հ/կ-ների՝ կանայք սկսել են խոսել. եթե առաջ կլռեին՝ «նամուսի համար», հիմա չեն լռում՝ երեխայի համար, ու էդպես է հայտնի դառնում հիմնականում:
«Խոսքը քաղաքակրթության մասին է, որը բացակայում է մեզանում։ Բռնարարքների հիմնական պատճառը տվյալ ազգի քաղաքակրթության մակարդակով է պայմանավորված։ Ի՞նչ է, դուք կարծում եք՝ մեր դպրոցներն ու բուհերը կրթո՞ւմ են այսօր։ Վերցրեք մանկապարտեզը, թեկուզ ընտանիքը կրթո՞ւմ է այսօր երեխային: Հայաստանում կրթության մակարդակն այնքան ցածր է, որ դպրոցներում խորացված սեռական դաստիարակություն անցնելն ամոթ է համարվում։ Սակայն, հոգեբանի կարծիքով, պետք է ոչ թե խորացված կենսաբանություն ուսումնասիրել, այլ կարևոր է հոգեսեռական դաստիարակություն ուսանելը»,– ասում է Ռուբեն Պողոսյանը։ Միայն «հոգեսեռական» բառն ինչ ասես արժի… психологическое сексуальное թե՞ духовное сексуальное, դե արի՝ հասկացիր:
«Դրա մեջ մեղավոր են առաջին հերթին՝ պետությունը, ապա` հասարակությունը և բոլոր այն անձինք, ովքեր խոչընդոտում են մասնագետների աշխատանքը»,- ասում է Պողոսյանը: Ճիշտն ասած, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ մասնագետների ու ինչ գործունեության մասին է խոսքը:
Դպրոցներում ջհանդամը, գոնե բուհերում մի բան սովորեցնեն էս երեխեքին, համ էլ՝ էդ ո՞վ պիտի դպրոցներում նմանատիպ առարկաներ դասավանդի: Բարեկամուհիս, որի աղջիկը մի ժամանակ անցնում էր սեռական դաստիարակություն ու վարքագիծ, ասում էր՝ վարում է կենսաբանության դասատուն, որի ժամանակ սիրո մասին զրույցներ են անում լավագույն դեպքում, ու էլի խոսում «ադաթներից»: Մասնագետներ չունենք, հարգելի Ռուբեն Պողոսյան, հ/կ-ներն ունեն, ուղղակի նրանք պետք չեն մեր հասարակությանն ու պետությանը, ոչ ոք էստեղից նրանց չի ֆինանսավորում, դրսից ֆինանսավորվողներն էլ թելադրում են իրենց պայմանները: Ուրեմն, էդ «գրանտակերները»՝ բռնության դեմ պայքարող, սեռական դաստիարակություն ուսուցանող հ/կ-ները, ձեր սոցիոլոգներից հազար անգամ ավելի շատ բան են արել: Ուրեմն, էնքան են արել, որ հիմա դուք կարողանաք ասուլիսներ հրավիրել ու խոսել:
Աննա Ոսկանյանն օրինակ բերեց «Հ1»-ով ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը, որտեղ վերջերս մի հերոսուհու ծեծը և բռնաբարությունն են ցուցադրել: Նրա խոսքով, դիտելով այդ ամենը, լսարանի մոտ ձևավորվում է վարքային մոդել, որը նա կարող է օգտագործել իր կենցաղում:
«Հայաստանյան միջավայրում բոլորը փորձում են ստանալ այն՝ ինչ հնարավոր է, այն ձևերով՝ ինչով հնարավոր է: Բարձիթողի վիճակ է, ինչ ուզում` ցուցադրում են, ինչ ուզում` տարածում են: Երեխան ամբողջ ժամանակ գտնվում է արհեստական գայթակղության մեջ»,- ասաց նա: Զարմանում եմ, որ հենց էնպես ասելու ու ձևի համար են «կպնում» «Հ1»-ին: Ո՞վ չգիտի՝ «Հ1»-ն ումն է կամ ինչ է, տիկին Ոսկանյան, կարող եք անվանական անձամբ դիմել պարոններին՝ վերևներում:
Հայ ընտանիքներում, ըստ նրանց, աճել են բռնության դեպքերը։ «Եթե երեխան ծնվում է բռնությունից, անպայման շեղվում է այդ երեխան»,– ասում են նրանք: Բռնությունը միշտ էլ եղել է հայ ավանդական ընտանիքի օջախի հավերժ վառ կրակը: Այլապես մեր հլու-հնազանդ հայուհիները, տնից դուրս պրծնելով բաց ընկած մտրուկի պես, չէին ծեփվի էս պատից էն պատը, զբոսանավից՝ պարահանդես:
Հայաստանում բռնարարքն ամենուր է՝ փաստում է Աննա Ոսկանյանը։ «Եթե մենք քայլեր չենք ձեռնարկում, որ բռնացողը հասարակության կողմից բացասական արձագանքի արժանանա… Հայաստանում մարդիկ ստանում են այն, ինչ ցանկանում են։ Հայաստանում այսօր տեսնում ենք հետևյալը՝ մեզ ցույց են տալիս, մեր մեջ սերմանում են դա. «Տես, բալիկ ջան, ուժեղը ճիշտ է»: Եթե երեխան դիտում է ֆիլմ, որտեղ ծեծում և բռնաբարում են, և ոչ ոք չի բացատրում նրան, թե ինչու այդպես եղավ, երեխան սովորում է դա»,– ասում է նա: Պարզունակ է, բայց ճշմարտության տարր կա. ուղղակի ես դա միայն հեռուստատեսությանը չէի ուղղի, կուղղեի ողջ հանցագործ համակարգին, համակարգն է ուժեղի տիրապետություն սահմանել իր անպատժելիությամբ: Նորություն չէ, որ հեղափոխությունը պետք է սկսվի ընտանիքից: Ի՞նչ իրավունք ունի տղամարդը, որը բռնանում է իր կնոջ կամ երեխաների կամքի, խոսքի, վարքի ու գործողությունների վրա, բողոքել նույնից՝ իշխանությունների պարագայում: Չի կարող նման բան լինել, չի ստացվի:
Համաձայն եմ, որ քաղաքակրթության պակասից է նաև, բայց ամենամեծ հրեշը հասարակական անտարբերությունն է բռնության հանդեպ, համատարած ամենաթողության մթնոլորտն է, տղամարդու «ճշտի» անքակտելիությունն է, կնոջ խոհանոցատեղաշորային հավելումի օրինականացումը, որն իր մեջ արդեն իսկ պարունակում է դիսկրիմինացիա ու բռնություն:
«Այգ»-ի ավագ մասնագետ, հ.գ.թ. Պողոսյանն էլ իր հերթին, թե`. «Բռնությունն այն երևույթն է, որտեղ խոսք չկա: Տեսեք, ասում են՝ ավելի լավ էր՝ ապտակեր, քան այդ բանն ասեր, հետևաբար, ինչ-որ բան հասկացնելու համար պետք է ոչ թե բռնության դիմել, այլ ճիշտ բառեր ընտրել: Մենք խոսքի տիրույթն ենք մոռացել: Երբ ժողովուրդը մտնում է պատերազմի մեջ, նախ համաձայնում են հավաքվել ու խոսել, և եթե խոսքերով համաձայնության չեն գալիս, նոր են անցնում պատերազմի, իսկ խոսքը, իր հերթին, առաջացել է, որ մարդը տարբերվի կենդանական աշխարհից»:
Իսկ հոգեբանական բռնություն չէ՞ այդ նույն խոսքով բռնանալը: Ըստ քրեական օրենսգրքի՝ բռնությունը ֆիզիկական գործողություն է: Իսկ պատիժ կա՞ հոգեբանական ճնշումների ու բռնարարքների համար, պատիժ կա՞կնոջը տանը փակելու կամ մոր տուն գնալու համար գլխին շան լափ թափելու համար: Հենց էդ դեպքերի համար են ասել երևի. «Ավելի լավ էր՝ ապտակեր, քան այդ բանն ասեր»: Քրեորեն պատժվում է միմիան ֆիզիկական բռնությունը, էն էլ՝ ծիծաղելի պատժաժամկետներով: Մի երկիր, որ չունենա մանկապղծության համար ՀԱՏՈՒԿ օրենք, բռնաբարության համար ՀԱՏՈՒԿ օրենք, ընտանեկան բռնության համար ՀԱՏՈՒԿ օրենք, չի ունենա ոչ առողջ մանուկներ, ոչ առողջ կանայք, ոչ էլ առողջ հասարակություն:
Նորմալ մարդը հիմա իր երեխային հեռուստացույցին մոտ չի թողնում, որ զանազան «աննաներ» ու «որոգայթներ» նայի: Էստեղ կարելի է խոսել հասարակության ընդհանուր մակարդակի մասին, թե ոնց անել, որ հասարակության մեջ վատ բաների մոդաներին փոխարինեն լավ բաների մոդաները. բռնությունը՝ օգնությամբ, «քցելու» սովորությունը՝ բարեգործությամբ, ուժեղի հետույքը մտնելը՝ թույլին օգնությամբ:
Մասնագետների խոսքով, բռնության, մասնավորապես՝ սեռական բռնության պատճառ են դառնում հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումները, սերիալները, լրատվամիջոցների տարածած նյութերը:
Հարց չի՞ առաջանում, թե ինչու ողջ աշխարհում դրանք պատճառ չեն դառնում, մեզ մոտ՝ դառնում են:
Բանախոսները կարծում են, որ Հայաստանում օրենսդրական փոփոխություններ պետք է կատարվեն, որոնցով բռնությունների համար սահմանվող պատիժը պետք է խստացվի:
Մեջբերում «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի կայքէջից.
«ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլուխ
ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլուխը ենթակա է փոփոխման`
ՀԿ-ն 2010 թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին նախաձեռնել և պատրաստել է օրենքի նախագիծ` ուղղված ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի (Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ) հոդվածների լրացումներին ու փոփոխություններին»:
Լուսինե Վայաչյան
«Ղեկավարների մոտ միշտ էլ գայթակղություն կա քննադատել նախորդներին: Ինչպես ասում են՝ «ամեն մեկն իրեն ստրատեգ է համարում՝ մարտին նայելով կողքից»: Ես երկիրը ղեկավարում եմ 2008-ից և առաջին իսկ օրվանից խուսափել եմ այդ մոտեցումից: Նախորդներին քննադատելը նշանակում է սեփական ուսերից պատասխանատվությունը գցել ուրիշների ուսերին: Դա ճիշտ չէ: Ես շնորհակալ եմ և´ իմ նախորդներին, և´ բոլոր նրանց, ովքեր Հայաստանի համար ինչ-որ լավ բան արել են»,- ասել է Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Մոսկովսկիե նովոստի» ռուսական թերթին:
Քաղաքական հանդուրժողականության, տոլերանտության բացառիկ դրսևորում, որը բնորոշ չէ Հայաստանի ո՛չ պետական պաշտոնյաներին, ո՛չ ընդդիմության առաջնորդներին:
Նման մի շեշտադրում էլ, հիշում եմ, 1999 թ.-ի հունվարին, ՀՀԿ համագումարում Վազգեն Սարգսյանի ունեցած ելույթում, որտեղ արժեվորվեցին Առաջին, Երկրորդ, Երրորդ Հանրապետությունների հիմնադիրները:
Սակայն գանք մեր օրերը և Հայաստանի գործող նախագահի արտահայտած մտքին:
Այսպիսի մտքեր պարբերաբար արտահայտում են դեմոկրատական երկրների ղեկավարները, և ոչ մեկը արտառոց չի համարում դա: Ավելին, ամերիկացիները նույնիսկ շատ նորմալ են վերաբերվում այն հանգամանքին, որ Ուսամա բեն Լադենի ոչնչացման լուրը գործող նախագահ Բարաք Օբաման նախ հայտնում է իր նախորդին` Ջորջ Բուշին, ապա նոր՝ հասարակությանը:
Եթե նորմալ պետություն ես, այդպես էլ պետք է լինի, քաղաքական ժառանգականության սկզբունքը պետք է գործի:
Հետսովետական տարածքում այլ պրակտիկա է: Ռուսաստանի այսօրվա իշխանություններն ինքնահաստատվում են ելցինյան ժամանակաշրջանի քաոսը քննադատելով: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանի սիրված թեման «նախկին հանցավոր ռեժիմը» անարգանքի սյունին գամելն էր: Սերժ Սարգսյանն էլ զերծ չի մնացել այդ գայթակղությունից: Օրինակ` 2008-ի նախագահական ընտրարշավի ժամանակ նա «քիրվա» անվանեց իր հիմնական մրցակցին, ով նաև մեր երկրի առաջին նախագահն է: Կամ` նրա պաշտոնավարման օրոք ազատազրկված մնացին մարդիկ, ովքեր դեր են խաղացել պետության կայացման գործում:
Բայց Սերժ Սարգսյանի վերջին ամիսների հռետորաբանությունը, քաղաքական վարքագիծը փոխվել են: Նա արժեվորում է ընդդիմությանը, երկխոսության ինստիտուտը, հանդուրժողականության միջավայրի ձևավորմանն ուղղված քայլեր է անում:
Ու այդ ամենը շատ լավ է` անկախ այն հանգամանքից, թե որ մոտիվներն են գործող նախագահին դեմոկրատ դարձրել:
Եթե նրան չպակասի հետևողականությունը, մենք կունենանք շատ ավելի ազատ երկիր, որը նաև քաղաքական ավանդույթներ է ստեղծում:
Սուրեն Սուրենյանց
«Երրորդ ուժի» հավակնություն ունեցող ուժերը, ձեն-ձենի տված, անցկացնում են իրենց համաժողովները:
Ընդ որում, դրանց ընթացքում հնչող ելույթներն առանձնապես հետաքրքիր չեն, աչքի չեն ընկնում նոր բովանդակությամբ: Հազար անգամ ասված-լսված խոսքեր են:
Եթե իշխանության և ՀԱԿ անելիքները, հետապնդած խնդիրները բոլորին պարզ են ու տեսանելի, ապա նույնը չի կարելի ասել «երրորդուժականների» մասին:
Տիգրան Կարապետյանի կազմակերպած հայրենասիրական ուժերի և անհատների համաժողովում որևէ նոր գաղափար չհնչեց, պաշտոնապես չասվեց նաև, որ նոր կուսակցություն է միանում այս դաշինքին, անգամ պարզ չեղավ, թե ում է ներկայացնում պատգամավոր Վարդան Խաչատրյանը` Հնչակյան կուսակցությա՞նը, խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցությա՞նը, թե՞ ինքն իրեն: Այս համաժողովում, սակայն, տեսանելի էր Աշոտ Մանուչարյանի ու նրա թիմի ակտիվ մասնակցությունը: Ենթադրաբար, Կարապետիչի նախաձեռնության հեղինակային իրավունքը պատկանում է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամին:
Աշոտ Մանուչարյանը Հայաստանի նորանկախ պատմության մեջ հայտնի է նրանով, որ ընդդիմադիր մի քանի այսպիսի միավորում է ստեղծել, սակայն բոլոր այդ նախագծերն էլ մնացել են սաղմնային վիճակում: Նույն հեռանկարը, թերևս, սպասում է հերթական պրոյեկտին` անկախ այն հանգամանքից, որ Տիգրան Կարապետյանը պաշտոնապես հայտարարեց, որ «Երրորդ ուժը» ձևավորված է:
Մի նման համաժողով էլ մայիսի 21-ին հրավիրելու է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը մի քանի անգամ հայտարարել է, որ իրենք ակտիվ խորհրդակցությունների փուլում են, և չի բացառել նոր միավորման ծնունդը, որն ընդդիմադիր կլինի թե՛ իշխանությանը, թե՛ ՀԱԿ-ին:
«Ժառանգության» վրա որոշակի խաղադրույք են կատարում նաև հանրապետության երկրորդ նախագահի շուրջ հավաքված մարդիկ: Նրանք, ի դեմս «Ժառանգության», տեսնում են քաղաքական նոր կենտրոնի ստեղծման հնարավորություն:
Անգամ ոչ պաշտոնապես մի քանի վարկած է շրջում:
Ասենք, «Ժառանգությունը» կարող է համալրվել նոր մարդկանցով, որոնք սերտ առնչություններ ունեն Քոչարյանի շրջապատի հետ:
Կան ավելի հեռուն գնացող կանխատեսումներ, որ փորձ կարվի ավելի լայն կոալիցիա ստեղծել` «Ժառանգության», ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի մասնակցությամբ: Սա, սակայն, ֆանտաստիկայի ոլորտից է և իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանն իրոք ցանկանա վերադառնալ քաղաքականություն` իր շուրջ ստեղծելով քաղաքական նոր ազդեցիկ կենտրոն:
Ամեն դեպքում, մայիսի 21-ին նույնպես ավելի հետաքրքիր կլինի համաժողովի մասնակիցների կազմը, քան` նրանց ելույթները:
Սուրեն Սուրենյանց
Հին ժամանակների մի ահավոր պատմություն կարդացի. ԿՏՍՄ խաղերը հայտնի են հին ժամանակներից: Մի հարուստ պարոն էր ապրում եվրոպայում, որն իր կնոջը շատ-շատ էր սիրում, բայց ուզում էր, որ իր կինը իրեն տանջի: Կնոջն ասում է, որ սենյակում իր ձեռներն ու ոտները կապոտի, ուրիշ տղամարդ բերի ու իրա աչքի առաջ էդ տղմարդու հետ լինի: Կինը, որ սովորել էր արդեն ամուսնու ազատ սեքսուալ ֆանտազիաներին ու խաղերին, համաձայնվեց, գնաց իր ճաշակով տղամարդ ընտրեց, բերեց իր ամուսնու առջեւ համբուրեց, սիրեց, սեքս արեց հետը, ու իրա ամուսինն էլ կապված գոռալով ամոթից տանջվեց…
Էս մարդը հետո գրեց իրա գրքի մեջ (ինքը գրող էր), որ նույնիսկ սիրեց տանջվելը, էլ չկարողացավ կնոջը կպնել ու սիրել: Չուզեց նրան կպնել ուրիշ տղամարդու կպնելուց հետո: Շատ տխուր պատմություն էր: Չնայած էս զույգը լավ նպատակով մտավ femdom-ի՝ կանացի տիրապետոթյան մեջ…
Ո՞նց է, որ femdom-ը ԿՏՍՄ-ի մասն է: Որովհետեւ մեր հայրիշխանական հասարակության մեջ femdom-ը աննորմալություն են համարում, femdom-ը նույնիսկ ամերկացիների մոտ ա վատ բան, ու ընդունված չի, կան մարդիկ, բոլորը գիտեն, բայց դա պետք ա քողարկված լինի: Ու դրանից, որ շատ չի ընդունված, կին-դոմինանտ հարաբերությունները փոխակերպվում են ու ֆետիշ են համարվում:
Երբ մտածում եմ մեր երկրի պրոբլեմների մասին, մտածում եմ գաղափարի սահմանի պրոբլեմների մասին, որ տղամարդկանց բանակներն իրար ուզում են սպանեն, ընտանքիներն ուզում են բաժանել, կանանց ուզում են բռնաբարել: Մեծ հաշվով նրանք էլ էս խաղի մեջ… Հաճախ եմ մտածում կյանքի մասին, իմ Տիրուհու դերի մասին, մտածում եմ, որ մեր ամեն ինչի մեջ կա մազոխիզմ, ու բավականին շատ սադիզմ:
Մտածում եմ, որ նրանք են դառնում սադիստ, որոնք հաղթում են պատերազմում, իսկ մազոխիստ՝ պարտվողները: Պասիվը երբ խոսում է, երբ հրաժարվում է իր պասիվությունից, երբ ասում է, թե ինքն ով է, ի՞նչ է ուզում, հայտնվում է ոչ-պասիվ կողմում: Բայց նա, ով որոշում է: Նա, ով ունի որոշման իրավունք ու ուժ: Femdom-ի մեջ էլ: Իսկ մեր հասարակությունում, մեր կանայք իրականում չունեն որոշման իրավունքն ու ուժը…
Լուսինե Վայաչյան
Սկսենք ուրախալի փաստերից, որոնք ի հայտ են գալիս համացանցի շնորհիվ: 16-ամյա պատանին իր բլոգում գրում է. «Խի՞ ենք ընդհանրապես Եվրատեսիլի մասին խոսում: Դարդ չունե՞ք, ժողովուրդ… մեր իշխանությունները հասել են իրենց նպատակին ու մեր ազգին դեգեներացնելու արևմտյան ձևով ուզում են իշխանությունում մնան… Քանի մենք սենց բաներով կզբաղվենք, մեր վիճակը ավելի կվատանա, քանի որ մենք սերունդ ենք դաստիարակում, ավելի ճիշտ դուք, քանի որ ես էլ եմ նոր սերնդի մաս: Ու ի՞նչ ձեզնից սովորեմ: Էս: Եթե հա, էլ ասելիք չունեմ»:
Ուրախալի է, փաստ է, որ նոր սերնդի ներկայացուցիչը չի ուզում սովորել զանգվածային աղբ ուտելով բավարարվելը, չի ուզում սովորել մանիպուլյացիայի զոհ լինելը, և պարզ նշում է` իբր չափահաս ու իբր խելամիտ շատ մարդիկ զբաղված են կատարյալ ապուշությունով:
Մեկ այլ օրինակ. ընդամենը 8 տարով նրանից մեծ նրա սերնդակիցը վստահաբար հայտարարում է. «Սկսւում են մեր ժամանակները, ու եւրոպատենչ-նիւթապաշտ-աշխարհաքաղաքացի-ապազգային տարրերի մոդան այլեւս հնանում է ու ընկալւում որպէս հետամնացութիւն: Մարդիկ սկսում են գնահատել իրենց ժառանգութիւնը, ճանաչում իրենց ով լինելը: Ճանաչում ու գնահատում են իսկական արուեստը, իսկական մշակոյթը՝ կրելով ու մեծարելով այն: Իսկ նրանք, ովքեր մինչ այսօր զբաղուած էին չարուեստի մեծարմամբ, պոռնկութեան խրախուսմամբ, սանձարձակութեան քարոզմամաբ, կը քարկոծուեն ու պատասխան կը տան իրենց արարքների համար»: 24-ամյա երիտասարդը այդպիսի բան կարող է հայտարարել և գնալ հոսանքի դեմ, եթե իր պես մտածողները որոշակի կրիտիկական զանգվածից ավել են:
Ուրեմն արձանագրենք, որ երիտասարդության ակտիվ մասը դժգոհ է այսօրվա իրողությունից: Անկախության սերունդը դժգոհ է անկախության առաջին 20 տարվա ընթացքում ձևավորված դրվածքից: Իսկ ովքե՞ր են ձևավորողները` ՀՀ առաջին երեք նախագահները: Լևոն Տեր-Պետրոսյանը` իր 7 տարվա շրջանով, Ռոբերտ Քոչարյանը` 10 տարվա շրջանով, և Սերժ Սարգսյանը` 3 տարվա շրջանով:
Առաջին 7 տարին անցումային շրջան էր, երբ անկախացանք ու պատերազմեցինք: Ցավոք, հեռուստաեթերից առաջին նախագահը մշտապես հաղթանակի հանդեպ թերահավատություն է արտահայտել, բայց տեխնիկայի զարգացման այդ ժամանակվա մակարդակը զերծ պահեց պատերազմողներին այդ ամենը ունկնդրելու հնարավորությունից, նրանք պատերազմեցին, հաղթեցին ու հաղթանակած վերադարձան: Վերադարձից հետո տեսան, որ երկիրը ամբողջովին սեփականացրել է անարժան տականքների մի խմբավորում, որն այնուհետ կոչվեց օլիգարխիա: Սակայն հաղթանակած ռազմական էլիտան ցանկություն չուներ հանդուրժելու պարտվողական հեքիաթները, և ի վերջո սպարապետի գլխավորությամբ վռնդեց հաղթանակի արդյունքներն էժանագին վախկոտ առևտրի առարկա դարձրած Լևոն Տեր-Պետրոսյանին:
Բայց այդ էլիտայի կողմից ստեղծված Ռոբերտ Քոչարյանի 10-ամյա վարչակարգը գլխանց հենվեց հենց օլիգարխիայի վրա: Ու թեև տնտեսության վերականգնման շրջան ունեցանք, սակայն այն ամբողջովին սպառեց իր զարգացման ռեսուրսը, ու Քոչարյանի ժառանգորդ Սերժ Սարգսյանը ստացավ օլիգարխիկ ֆեոդալական համակարգ և համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը խորացրեց սպառված օլիգարխիկ համակարգի արատները: Գումարած դրան, ժառանգություն մնաց օտարերկրյա ուժերի օգնությամբ առաջին նախագահի հրահրած արյունալի խռովությունը ճնշելու հետևանքները հաղթահարելու բեռը:
Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունեցել էր առանց արյան ճնշելու այդ խռովությունը, բայց գերադացեց արյունոտ ժառանգություն թողնել իր հաջորդին, որպեսզի վերջինս միշտ իր կարիքն ունենա: Ի դեպ, իր հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահը խոստովանում է, որ եթե արտակարգ դրությունն ավելի շուտ մտցվեր, ապա զոհեր ամենայն հավանականությամբ չէին լինի:
Բնականաբար, Սերժ Սարգսյանը մինչ օրս շարունակում է կառավարել քոչարյանական ամբողջ ժառանգության բեռով հանդերձ: Խոսքը ոչ միայն օլիգարխիայի, այլև բյուրոկրատական ապարատում մնացած բազում կադրերի մասին է: Եվ ահա ի հայտ է գալիս գայթակղություն` Տեր-Պետրոսյանի հետ երկխոսելու և մի 15 պատգամավորական մանդատի գնով հեղափոխական ակտիվության իսպառ չեզոքացման տեսքով:
Արանքում ընդամենը մի գերխնդիր է` մարտիմեկյան ողբերգությունը «դուրս գրել» Ռոբերտ Քոչարյանի վրա և նրան ուղեկցել բանտախուց: Առաջին հայացքից դա շահավետ տարբերակ է ՀՀ նախագահի համար, բայց միայն առաջին հայացքից, քանզի նույն Քոչարյանին չեզոքացնելու շահագրգռություն է ի հայտ բերում և Արևմուտքը: Դա ուղղակիորեն մամուլով խոստովանել է Տեր-Պետրոսյանի մերձավոր խառնածին զինակիցներից մեկը… Եվ հարց է ծագում. ինչո՞ւ:
Դա թերևս պարզունակ բացատրություն ունի: Եթե ՀՀ նախագահի նկատմամբ Արցախի հարցով արևմտյան ճնշումն այնքան ուժեղանա, որ հարկադրված բանավոր պայմանավորվածությունների բեռից հրաժարական տալու և իշխանությունը փոխանցելու միջոցով, ապա հարց է ծագում, թե ում… Հին ռազմական էլիտայից դրան պիտանի է միայն Ռոբերտ Քոչարյանը: Նոր էլիտա չկա: Իսկ օլիգարխիայի ներկայացուցիչները ունեն միայն մեկ աստված` փողը, դե Տեր-Պետրոսյանին փոխանցելու մասին խոսք լինել չի կարող:
Այսինքն` Քոչարյանին զոհաբերելու տարբերակը պիտանի չէ. դա կնշանակի ոչ միայն ներքին թշնամիների քանակն ավելացնելը, այլև 25 տարվա ընկերությանը դավաճանելու ողբերգություն:
Ուրեմն ի՞նչ է մնում ՀՀ նախագահին: Միայն բալանսավորել երկրորդ ու երրորդ նախագահների հետ քաղաքական հարաբերություններում, զուգահեռաբար իր համար լրիվ նոր տեսակի հենարան ստեղծելով:
Այդ նոր հենարանի կադրային ռեզերվի հիմնական ու ամենամասսայական մասը կարող է լինել թերևս անկախության սերունդը, ավելի ճիշտ` այդ սերնդի ամենահամարձակ ու կարող հատվածը, որը չի կամենում հեռուստաաղբարկղի և «համընդհանուր անվիճելի ճշմարտությունների» զոհ դառնալ:
Այդ կատեգորիան այսօր կա, կարող է և ինքնավստահ: Եվ եթե էվոլյուցիոն ճանապարհով քայլ առ քայլ չներգրավվի երկրի կառավարման գործի մեջ, ապագայում ինքնուրույն ու բավականին ցավոտ ձևերով սրբել-տանելու է երեք նախագահներին միավորող օլիգարխիային: Ավելի խելամիտ է ամեն ինչ անել աստիճանաբար, ու այսօրվա վայ օլիգարխներին համեմատաբար անցավ ձևով տրանսֆորմացնել նորմալ բուժուազիայի, քան…
Կարճ ասած, նոր հրաշալի սերնդին ճամփա տվեք: Այլապես այն ինքն իր համար ճամփա կբացի: Ձեզ տրորելով ու ոտատակ տալով:
Շաբաթվա վարկածները զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.