29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ խմբակցության հայցադիմում-առաջարկին դեմ չքվեարկած պատգամավորների պահվածքի վերաբերյալ դաշնակցականների այն դիտարկմանը, թե դա ցույց էր տալիս, որ շատ հանրապետականներ հոգու խորքում համաձայն էին իրենց հետ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հակադարձել էր, թե շատ դաշնակցականներ էլ իրենց են հոգու խորքում պաշտպանում:
Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե կարիք չկա «Հանրապետականի հոգու խորքն այդպես ուսումնասիրելու», քանի որ ամեն ինչը բաց է, քանի որ իրենք իրենց մտքերը բաց են արտահայտում: Եվ քանի որ Գալուստ Գրիգորիչը հատուկ սեր ունի ոչ միայն մտքերը բաց արտահայտելու նկատմամբ, այլ ընդհանրապես ամենաունիկալ մտքեր արտահայտելն է Գալուստ Գրիգորիչի մոտ մի առնաձնահատուկ սիրով արվում, այս առիթը ևս բաց չթողնվեց: Իսկ առիթը ներկա կառավարությանն անվստահություն հայտնելու հիմքերն էին:
«Ես մտածում եմ` տեսնես այնպիսի պայմաններ կլինի՞ ստեղծել, ինչպես եղավ Անդրանիկ Մարգարյանի և նրա հաջորդ Սերժ Սարգսյանի ժամանակ: 2000թ. կառավարությունը 72 մլրդ պարտք էր թոշակառուներին, ուսուցիչներին: Ոչ միայն այդ պարտքը փակվեց, այլև գնալով տնտեսությունը զարգացավ»,- նոստալգիայի մեջ ընկավ Գալուստ Գրիգորիչը:
Փաստորեն, դուրս է գալիս, որ դաշնակցության ներկայացրած հայցադիմումին տրված պատասխանում կառավարությունն ավելի քան անշնորք կերպով էր իրեն պահել` իր ներկա ձախողումների մեղքը բարդելով նախորդների վրա, որոնցից իբր ժառանգել էր արտաքին ազդակներին դիմակայելու անընդունակ տնտեսություն և այլն: Մինչ այդ էլ արդեն տևական ժամանակ Տիգրան Սարգսյանի կառավարության ինտելեկտուալները Քոչարյանի կառավարման շրջանի երկնիշ տնտեսական աճը փորձում էին ավելի ու ավելի ներկայացնել որպես փուչիկ: Բայց արի ու տես, որ դա ոչ թե ուղղակի աննախընթաց տնտեսական աճ էր, ոչ թե ուղղակի կովկասյան վագրի թռիչք էր, այլ պարզապես «ոսկե դար» էր` Հայաստանի տնտեսության զարգացման ոսկեդարը, որ, ոնց տեսնում ենք, գնաց ու, Աստված գիտե` էլ ե՞րբ հետ կգա: Իսկ Հայաստանի տնտեսության դիտարկումը ցույց է տալիս մի բան` գնալով մեզ մոտ ոչ թե առաջընթաց է լինում, այլ միայն ու միայն հետընթաց: Այնպես որ, հե~յ գիտի ոսկեդար, հե~յ գիտի Անդրանիկ Մարգարյան: Մեկ էլ տեսնես ե՞րբ ըտենց վարչապետ կունենանք:
Պաշտոնավարման հետագայի հարցը այսօր դարձյալ խորհրդարան էր բերել գործադիր կաբինետի ղեկավարին ու անդամներին: Ազգային ժողովն այսօր էր հաստատելու 2010թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որ ներկայացվել էր այս քառօրյայից առաջ: Ամեն ինչ կախված էր հենց այս հաստատումից: Իսկ երեկ դաշնակցության ներկայացրած կառավարությանն անվստահություն հայտնելու հայցադիմում-առաջարկի քվեարկությունը ավելի քան ակնառու կերպով ցույց տվեց, թե ինչ վարկանիշ ունի Տիգրան Սարգսյանն ու իր կառավարությունը խորհրդարանում. 97 գրանցվածի դեպքում 23 մասնակիցներից միայն 13 դեմ-ով Տիգրան Սարգսյանի փրկվելը նշանակում էր մի բան. ՀՀ գործադիրը վարկանիշ չունի:
Դրանից հետո արդեն կառավարության հարց ու պատասխանի ժամանակ կրքերն ավելի սրվեցին: Պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը հարց ուղղեց կառավարությանը` անպայման պատասխան ակնկալելով վարչապետից: Սակայն վարչապետը տեղից վեր չկացավ: Հաջորդ հարց տվող Մանվել Բադեյանի հարցը բոլորովին վարչապետական պատասխան չէր ակնկալում, բայց չգիտես ինչու վարչապետը որոշեց անձամբ պատասխանել: Հենց այդ ժամանակ էլ Գոհարիկ Ենոքյանը վեր կացավ և դահլիճից դուրս գալով դուռը այնպես շրխկացրեց, որ խորհրդարանի նիստերի դահլիճը մի պահ դղրդաց:
Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին հարցը Տիգրան Սարգսյանի լինել — չլինելու հարցն էր: Ինչպես միշտ, վարչապետը սկսեց արդարանալ, հայտնեց, թե 2010թ. տնտեսության աստիճանական վերականգնման տարի է, որ կառավարության գլխավոր խնդիրը եղել է ճգնաժամի հետևանքների վերականգնումը, ինչի արդյունքում 2,1 տոկոս աճ է ապահովվել, որ բյուջեի եկամուտները կազմել են 780 մլրդ դրամ, ինչը 13 տոկոսով ավելի է, քան 2009թ. և այլն:
Թե ինչեր է ասում վարչապետը, ինչպես է փորձում արդարացնել կառավարության ձախողումները երևի թե այդքան էլ էական չեն, շատ ավելի էական է այն, թե ինչպես է օրենսդիրի բարեհաճությունը չվայելող վարչապետը և իր գլխավորած կաբինետը շարունակում պաշտոնավարել և արժանանալ ԱԺ դաբրոյին: Այնպես որ, այսօրվա` 2010թ. բյուջեի կատարողականին պատգամավորների տված հավանության համար վարչապետը դարձյալ պետք է շնորհակալ լինի ոչ թե ժողովրդի ընտրյալներին (բնականաբար, վերջիններիս էլ պետք է մեծ շնորհակալություն հայտնի իր նման վարչապետ հանդուրժելու համար), այլ նրան, ով նշանակել է իրեն այդ պաշտոնին և շարունակում է հանդուրժել:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղեկացրել է, որ Հայաստանի երկրորդ նախագահը օրերս Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:
Հանդիպման բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում: Անկեղծ ասած, այնքան էլ չեմ կարեւորում զրույցի բովանդակությունը: Այս պարագայում դա այնքան էլ կարեւոր չէ:
Ավելի կարեւոր է բուն հանդիպման փաստը` հատկապես մեր երկրի ներքաղաքական վերջին զարգացումների համատեքստում: Նախկինում էլ Քոչարյանը նման հանդիպումներ ունենում էր, սակայն դրանց մասին տեղեկատվություն տարածվում էր կամ ուշացումով, կամ էլ` այլ աղբյուրների կողմից: Հիմա հանդիպման փաստը հրապարակայնացնում է երկրորդ նախագահի գրասենյակը:
Իշխանություն — ՀԱԿ հնարավոր համաձայնությունների համատեքստում շատերն էին խոսում, որ Ռոբերտ Քոչարյանը թիրախ է դառնալու, ավելի ստույգ` պատասխանատվության է կանչվելու Մարտի 1-ի գործով: Քննություն իրականացնող մարմինը նույնիսկ չհերքեց, որ Քոչարյանը կարող է հարցաքննության կանչվել:
Երկրորդ նախագահն որոշակի վտանգ զգաց եւ շտապեց հարցազրույց տալ «Մեդիամաքս» գործակալությանը: Դրան հետեւած բուռն արձագանքը Քոչարյանին հուշեց, որ այդ հարցազրույցը նպատակին չի ծառայել, ավելին` տվել է տրամագծորեն հակառակ արդյունքը:
Սեփական հզորությունը ցույց տալու ավելի լավ առիթ, քան Պուտինի հետ հանդիպումն էր` Քոչարյանը գտնել չէր կարող:
Նա ակնհայտորեն Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ցույց է տալիս, որ Պուտինի պես «տանիք» ունի եւ, անհրաժեշտության պարագայում, կարող է նաեւ հակահարված տալ:
Մի բան, սակայն, երկրորդ նախագահը սխալ է հաշվարկել: Իշխանություն-ընդդիմություն հնարավոր երկխոսության եւ քաղաքական լարվածության լիցքաթափման ֆոնին` արտաքին միջամտության հնարավորություններն էապես սահմանափակվում են: Հատկապես որ` Ռուսաստանի այսօրվա ղեկավարության նկատմաբ մեր հասարակության պատկերացումներն էապես փոխվել են. Պուտինը շատ հայաստանցիների համար ասոցացվում է բռնության հետ, հետեւաբար` այդ մարդու հետ ասոցացումը, դժվար թե դիվիդենտ բերի որեւէ գործչի:
Դժվար չէր կանխատեսել, թե ինչ վերջաբան կունենա հեղափոխություն իրականացնելու Վրաստանի ընդդիմության նախաձեռնությունը:
Հասարակական սահմնափակ վստահություն ունեցող, միմյանց հետ պարբերաբար հաշիվներ մաքրող վրացի ընդդիմադիրներից յուրաքանչյուրը հայտարարում էր հեղափոխության իր օրը:
Բոլորն էլ, մեծ հաշվով, հիասթափեցրին ժողովրդին:
Պաշտպանության նախարար Իրաքլի Օքրուաշվիլին խոստացավ, բայց մայիսի 25-ին այդպես էլ հայրենիք չվերադարձավ` հետաձգելով իր բաժին հեղափոխության ժամկետը:
Ընդդիմության մյուս առաջնորդ Նինո Բուրջանաձեն նրան մեղադրեց անհամարձակության մեջ, բայց մյուս օրը «համարձակորեն» ճողոպրեց, երբ հատուկջոկատայինները բռնությամբ ցրում էին իր կողմնակիցներին: Ըստ պաշտոնական վարկածի, ցուցարարներից մեկը զոհվել է` հենց Բուրջանաձեին ուղեկցող ավտոշարասյան անիվների տակ հայտնվելով:
Վրաստանի խորհրդարանի խոսնակի վարքագիծը փոքր-ինչ տարօրինակ է: Նա գիտեր, որ իշխանությունները դիմելու են ուժի, երբ ավարտվի այն ժամկետը, որն արտոնված է դարձնում հանրահավաքը: Գիտեր նաեւ, որ Սահակաշվիլին չի հանդուրժի, որ առաջին Հանրապետության տարեդարձի օրը Թբլիսիի փողոցներում իրեն դիմավորի սուլող բազմությունը: Մեծ հաշվով, Բուրջանաձեն գիտեր, որ իր կողմից թմբկահարվող հեղափոխությունը նույնպես բլեֆ է, բայց գնում էր իրավիճակի սրմանը: Այդ քաղաքականության, ինչպես նաեւ` իշխանության բռնության զոհը դարձան երկու անմեղ մարդիկ:
Վրաստանի իշխանությունն ասում է, որ ընդդիմության գործողությունների հետեւում կանգնած է Ռուսաստանը: Չգիտեմ` դա այդպե”ս է, թե՞ ոչ: Փաստն այն է, որ զգալի թվով վրաստանցիներ դժգոհ են իրենց կյանքի որակից եւ ընդվզում են: Լավ կլինի, որ իշխանությունը, դավադրության տեսությանը տուրք տալու փոխարեն, փորձի բարելավել մարդկանց կյանքի որակը:
Առավել եւս, անհամաչափ է հազար ցուցարարի հանդեպ նման ուժի կիրառումը, որի հետեւանքով մարդիկ են զոհվում:
Վրացական հեղափոխությունից տարիներ անց` նույն այդ հեղափոխության արժեզրկում է տեղի ունենում: Հեղափոխության արժեքներին դավաճանում են մարդիկ, ովքեր դրա իրականացնողներն են ու այսօր էլ ակտիվ դերակատար են իշխանության կամ ընդդիմության ճամբարներում:
Մենք ապրում ենք մի երկրում, ուր սոցիալական անարդարություններն այնքան շատ են, ու գոյատևելու խնդիրն այնպես է կլանել հայ մարդու ուղեղը, գցել նրան օրահացի անհրաժեշտության, դրա հայթայթման համար գոյացած կենցաղային ճահիճը, որ նա ժամանակ ու ցանկություն չունի տեսնելու ու գիտակցելու, որ ամեն օր ոտնահարվում են իր տարրական իրավունքները, էլ չեմ խոսում արժանապատիվ ապրելու մասին ու ամենակարևորը՝ հոգևորի: Իսկ այն քչաթիվ գերզգայուն մարդիկ, ովքեր այդ աղբի միջից տեսնում են հեռու, գեղեցիկ անհաս հորիզոնը, բախվում են այնպիսի կոնտրաստի, որ խախտվում են նրանց հոգեկան հավասարակշռությունն ու նյարդային համակարգը:
Վերջերս նկատելիորեն շատացել են ինքնասպանության դեպքերը երիտասարդների շրջանում, ու իշխանական ագիտպրոպագանդան շտապեց դրանք վերագրել էմոների սուբկուլտուրայի «ավերիչ» ազդեցությանը: Էմոներ կան բոլոր երկրներում, բայց ոչ մի տեղ ինքնասպանությունները նրանց հետ չեն կապում, իսկ այդ ամենը էմոյական շարժմանը վերագրելը իրավիճակի բնորոշման ակնհայտ խեղաթյուրում է: Սա թողնենք մասնագետներին՝ սոցիոլոգներին, հոգեբաններին ու իրավապահներին, եթե այդպիսիք կան մեր երկրում:
Մայիսի 13-ին՝ մթնշաղին մոտ, Դավթաշենի իրենց տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել Արթուր Հարությունյանը:
Ես զրուցեցի Արթուրի եղբոր՝ Արտակի հետ, որը ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը անբավարար համարելով՝ Ֆեյսբուքում միջոցառման էջ է բացել՝ «Կորել է» ու, համախմբելով ծանոթ ու անծանոթ մարդկանց, փորձում է նրանց միջոցով տարածել ինֆորմացիան ու նաև վարկածներ հավաքել սեփական հետաքննություն անցկացնելու համար: Արթուրն ասում է, որ փնտրել է նաև մասնավոր խուզարկու, բայց չի գտել: 2180 ֆեյսբուքահայ արձագանքել է կոչին, ինֆորմացիան ակտիվորեն տարածվում է ինտերնետում: Բայց, ինչպես ցանկացած ֆեյսբուքյան նախաձեռնություն, այստեղ էլ մարդկային ռեսուրսները Ֆեսյբուքից դուրս չեն գալիս կամ դուրս է գալիս, լավագույն դեպքում, հինգ տոկոսը: Այս դեպքում դա էլ չկա…
Արտակը տպել է 2000 լուսանկար՝ տարածող չկա, այդ 2180 մարդկանցից բոլորը զբաղված են: Արտակին տալով որոշակի խորհուրդներ ինֆորմացիայի տարածման իմ ունեցած փորձից՝ նկարներով այցելել մարդաշատ միջոցառումներ, շրջել մետրոյում, բաժանել տրանսպորտային, տաքսի ծառայություններին, համալսարաններին, բուժհաստատություններին և այլն, իմացա, որ Արտակը շատ բան է արել արդեն, Դավթաշենի տարածքում ամեն տեղ փակցված են Արթուրի լուսանկարները, բոլորը գիտեն, քաղաքի կենտրոնում նույնպես որոշ տեղեր կան, բայց դա բավարար չէ՝ քաղաքն այդքան էլ մեծ չի, իսկ Արթուրը ֆիզիկապես առողջ տղամարդ է ու կարող է գտնվել քաղաքի ցանկացած վայրում:
Մանավանդ որ՝ տնից հեռանալուց հետո նրան մի քանի անգամ տեսել են. մի անգամ մայիսի 16-ին՝ Դավթաշենի բակերից մեկում: Նա նստել է անծանոթ մեքենա և ասել, որ իրեն տեղափոխի Ծարավ Աղբյուրի փողոց՝ բժշկի մոտ: Մեքենայի վարորդին ասել է, որ գնում է բժշկի մոտ, մի քանի վայրկյան անց, սակայն, դուրս է եկել մեքենայից և հեռացել: Դրանից մի քանի օր անց Արթուրին էլի են տեսել Դավթաշենի մի ուրիշ բակում:
Վերջին անգամ Արթուրին տեսել են նորից Դավթաշենում՝ նորակառույց չբնակեցված տարածքներում, զորամասի մոտակայքում: Այսինքն, Արթուրին ոչ ոք չի առևանգել, նա չի կորել, սեփական կամքով գնացել է տնից ինչ-որ նպատակով կամ ինչ-որ բանից դրդված:
Իմ ու Արտակի զրույցից հետո փորձեցի որոշակի պատկեր ձևակերպել ու ներկայացնել ձեզ: Հոգեբան չեմ, բայց կփորձեմ նաև որոշակի վերլուծություն անել՝ փորձելով պարզել Արթուրի տնից հեռանալու պատճառն ու նպատակները, հասկանալ՝ ի՞նչ է անում Արթուրն իր ընտրած միայնության մեջ…
Արթուրը սովորական ընտանիքի հայ տղա է, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած է, ապրում է ծնողների, կնոջ, եղբոր ու եղբոր կնոջ հետ: Ոչ մի լուրջ տարաձայնություն կամ կոնֆլիկտ տանը չի եղել, որը կարող էր դրդել Արթուրին՝ հեռանալ տնից, այն էլ՝ առանց զգուշացնելու, ու թաքնվել: Նա ոչնչով չի տարբերվում մյուսներից, բացի նրանից, որ մարդամոտ չի, ավելի շուտ՝ մարդախույս է, տնից դուրս էր գալիս միայն անհրաժեշտության դեպքում: Հետևաբար՝ սոցիումի հետ ունեցել է պրոբլեմներ: Արթուրը 2005 թվականին զորակոչվել է բանակ, սակայն չի հասցրել ծառայել, քանի որ երեք օր անց նրան ուղարկել են հոգեբուժարան:
Բանակը, այնտեղ ծառայելու միտքը, երկու տարվա անորոշ ու աննպատակ կորսված կյանքը, որին դատապարտված է յուրաքանչյուր արական սեռի առողջ զորակոչի տարիքի տղա, Արթուրի հոգում անասելի ու, ինչպես պարզվեց, անհաղթահարելի վախեր էր առաջացրել, որից էլ նրա հոգեկան հավասարակշռությունը խախտվել է: Հիվանդանոցներում Արթուրին դեղորայքային բուժում են նշանակել, որը կարծես թե օգնել է, Արթուրի վիճակը լավացել է, ու նա սկսել է կյանք մտնել: Ու էլի բախվել է նոր վախի՝ ինքը երբեք չի կարող ինքնուրույն լինել, հոգալ իր ու իր ընտանիքի, մտերիմների կարիքները, որովհետև բարձրագույն կրթությամբ երիտասարդը պահանջարկ չունի. եթե հանճար չի իր ոլորտում, չունի ծանոթ-բարեկամ կամ սեփական բիզնես, դատապարտված է ցածր որակավորում պահանջող աշխատանքների կամ պատահական հավելումների:
Բացի դրանից, Արթուրն իրեն անլիարժեք էր զգում, բեռ՝ հարազատների համար, հիվանդ, որի մասին բոլորը պետք է մտածեն, իրեն «բույս» էր զգում: Նա ամեն ինչ իր մեջ էր պահում, չէր սիրում խոսել, զրուցում էր միայն Արտակի հետ, ու Արտակին միշտ թվացել է՝ ամեն ինչի մասին, բայց պարզվեց՝ ոչ… Նա հոգնել էր դեղերից, ասում էր, որ դրանք ավելի են անհանգիստ դարձնում իրեն, չէր ուզում խմել: Գումարվեց ևս մի ֆոբիա՝ դեղերի անարդյունավետության: Որ Արթուրն ունի հոգեբանական պրոբլեմներ՝ ակնհայտ է: Բայց նա խելագար չի, չի վնասում իրեն ու ոչ ադեկվատ պահվածք չունի: Նրա ողջ ոչ ադեկվատությունը նրա վախերն էին: Արթուրն ուզում էր գնալ վախ չափողի մոտ, վախ չափողին այցելությունը, իր ասելով, օգնել էր իրեն, որովհետև էլի էր ուզեցել գնալ, ու չնայած սկզբում Արտակն ասել էր, որ ավելի լավ է խմի դեղերը, բայց տարել էր վախ չափողի մոտ:
Արթուրը գիտակցում է, որ ֆոբիաներ ունի, ու միշտ ուզեցել է բուժվել, ազատվել իր վախերից, որոնք նույնիսկ իր իսկ ընկալմամբ են մտացածին: Նա ունի բազմաթիվ վախեր՝ չարագույժ թվերի վախ, աշխարհի վերջի վախ, դեղերի վախ, ինֆանտիլության վախ, մարդկանցից վախ, նույնիսկ մանկական վախեր, ու այդ վախերով հանդերձ՝ վեր է կացել մի օր ու գնացել տնից: Իմ կարծիքով՝ վախերը հաղթահարելու ու լիարժեք մարդ դարձած ընտանիք վերադառնալու մղումով: Համենայն դեպս, ես կուզենամ, որ այդպես լինի, ու նաև Արտակի հետ միասին նման հետևություն արեցինք: Այնպես որ, կարող եմ խոսել նաև Արտակի անունից:
Մայիսի 13-ի առավոտյան Արթուրն արթնացել է, գնացել է զբոսնելու, չնայած՝ տնից դուրս գալ չէր սիրում: Արտակը պատուհանից հետևել է Արթուրին. նա կանգնել է բակում մի հինգ րոպե, ծխել է, հետո վերադարձել տուն: Կեսօրին նորից է դուրս եկել՝ ասելով, որ գնում է բժշկի մոտ: Արտակն ուզեցել է ուղեկցել նրան, Արթուրն ասել է. «Մի խանգարիր ինձ»: Երկու անգամն էլ Արտակը նրա բջջայինը դրել է ծխախոտի տուփի վրա, որ չմոռանա: Գնացել է, վերադարձել է, սկսել է «Օդնոկլասնիկ»-ում ինչ-որ խաղ խաղալ: Նա այդտեղ առանձնապես չէր շփվում, ավելի շատ խաղում էր:
Երեկոյին մոտ՝ ութի կողմերը, երբ Արտակը քնած է եղել, Արթուրն էլի պատրաստվել է գնալ զբոսնելու: Այս անգամ Արտակը հեռախոսը չի դրել ծխախոտի տուփի վրա: Արթուրը գնացել է, երկու ժամ հետո տնեցիք սկսել են անհանգստանալ, հաջորդ առավոտ դիմել են ոստիկանություն, բայց մինչ այսօր չեն կարողանում գտնել Արթուրին: Գործով զբաղվում է Մաշտոցի ոստիկանութունը, որը տասն օր անց, չգիտես ինչու, որակել է «Սպանության գործ», չնայած ակնհայտ է, որ Արթուրի անհետանալուց հետո բազմիցս ողջ են տեսել նրան: Ասել, որ ոստիկանությունն անտարբեր է ու ոչինչ չի անում, ճիշտ չի լինի, ասում է Արտակը, քանի որ, օրինակ, Արմեն Հարությունյանը շատ սրտացավ է թվում: Երևի մեթոդներն են թույլ, ավելի շատ ժամանակ է ծախսվում փաստաթղթաբանության վրա, իսկ օպերատիվությունը աչքաթող է արվում…
Էլի է պատահել, որ Արթուրը գնացել է տնից ու մի օր կորած է եղել, հետո վերադարձել է, բայց ոչինչ չի պատմել: Նրա «Օդնոկլասնիկ»-ի էջում երևում էր, որ այդ գիշեր օգտվել է կայքից, բայց ինքը ասել է՝ չէ:
Ընտանիքը նորմալ ընտանիք է, կնոջ հետ հարաբերությունները լավ են եղել: Չուներ ոչ մոտ ընկերներ, ոչ թշնամիներ: Վարել է մեկուսի կյանք ընտանիքի մեջ, որտեղ նրան վերաբերվել են ընդգծված հոգատարությամբ, ելնելով նրա հոգեվիճակից՝ ֆոբիաներից բխող հոգեկան անհանգստությունից ու պարանոյայից: Մնացած ամեն ինչում Արթուրը նորմալ ու սովորական տղա է:
Ես ու Արտակը որոշեցինք, որ Արթուրը հոգնել է խնամյալ ու հիվանդ լինելուց, հոգնել է իր վախերից, հոգնել է իր «բույս» վիճակից ու գնացել է տնից՝ գուցե գտնելու վախերի պատճառներն ու ինքնուրույն, առանց դեղերի, որոնցից նույնպես վախենում էր, հաղթահարելու իրեն քայքայող ֆոբիաները:
Արտակը նրան փնտրել է Դավթաշենի բոլոր անկյուններում, կենտրոնում: Մարդիկ են զանգում, որոնք տեսել են նրան կամ իրենց թվացել է, որ տեսել են, նույնիսկ ես եմ, իմ կարծիքով, երեկ տեսել նրան Սայաթ Նովայի վրա, Օպերայի մոտակայքում, բաճկոնը բութ մատով ուսին գցած, մի քիչ տարօրինակ, թափթփված քայլվածքով… Բայց նա չարձաքանքեց, երբ «Արթուր» կանչեցի: Ու ես մտածեցի, որ սխալվել եմ: Արտակին նրա քայլվածքը նկարագրելուց հետո մտածեցի՝ գուցե իրականում ինքն է եղել, ու ես չեմ հետևել կամ չեմ զանգել այդ պահին:
Եթե դուք տեսնեք Արթուրին, մի կանչեք նրան, ավելի լավ է հետևեք՝ այդ ընթացքում զանգելով Արտակին:
Ինչ ունենք:
Արթուրին չեն առևանգել: Արթուրը հեռացել է սեփական կամքով: Չի բացառվում հոգեորսությունը: Հնարավոր է կապ լինի բանակի երեք օրերի հետ, բայց նա, ըստ խառնվածքի, ի վիճակի չի կռիվներ անելու կամ ինչ-որ ձևով վրեժխնդիր լինելու, մանավանդ որ Արտակին ասել է, թե ինքը կոնկրետ ոչ մեկի վրա «օբիդա» չունի, բանակի վախն ընդհանուր էր՝ բանակում ծառայելու միտքը:
Հնարավոր են ինչ-որ ինտերնետային, օդնոկլասնիկային տարբերակներ, դա պարզ կդառնա «Օդնոկլասնիկ»-ի գաղտնաբառը «ջարդելուց» հետո, որը դեռ չի արվել:
Վարկած-եզրակացություն
Արթուրն ինքն իրեն գտնելու, վախերը հաղթահարելու, լիարժեք մարդ դառնալու, ի վերջո՝ գուցեև իր ճշմարտությունը գտնելու նպատակով հեռացել է տնից Բուդդայի նման, և գուցե եղբոր ու մեր ակտիվությունը նրան խանգարում է ու նոր ֆոբիա ստեղծում: Արթուրն, իհարկե, իրավունք ունի ճշմարտություն որոնելու, բայց նրա մայրը մայիսի 13-ից մի կտոր հաց չի կերել և հալումաշ է լինում: Գուցե Արթուրը մորը խղճա ու տուն վերադառնա: Հետո էլի կգնա, եթե ուզենա: Բայց թող չանհետանա:
Սեքսուալ բնույթի գործողություններ 14 տարին չլրացած անչափահասի նկատմամբ, մարդկանց վաճառք. այս սարսափելի հանցագործությունները մեղսագրվում են 18-րդ հատուկ դպրոցի նախկին ուսուցիչ Սմբատ Ուռումյանին։ Բայց հանրությունը մի տեսակ պասիվ արձագանքեց այս գործին։ Չատեց և չանիծեց Սմբատ Ուռումյանին, ինչպես անիծում էր 11-րդ հատուկ դպրոցի հայտնի մանկապիղծին, հանցագործ տնօրենին և սադիստ- ուսուցիչներին։ Պատճառն այն է, որ Ուռումյանի գործում երեք տարվա քննությունից հետո կրկին հակասություններ և մութ կետեր կան։ Ահա երեք դրվագ, որոնք ներկայացնում են գործով անցնող վկաները՝ 11-րդ դպրոցի նախկին սաներ Մերաբ Բժանիան, Արշակ Ժամկոչյանը, որին, իբր, բռնաբարելու փորձ էր արել Ուռումյանը, և Լևոն Աթարբեկյանը։
Մերաբ Բժանիա. Երբ Սմբատ Ուռումյանի դեմ գործ հարուցվեց, և նա կալանավորվեց, ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որում ասված էր. «18 հատուկ դպրոցի փոխտնօրեն, 55-ամյա Սմբատ Ուռումյանը դրդել է նույն դպրոցի սաներ, 14 և 17 տարեկան Լևոն Ա.-ին և Մեհրաբ Բ.-ին՝ զբաղվել մուրացկանությամբ և հավաքված գումարը տալ իրեն: Հակառակ դեպքում՝ սպառնացել է ծեծի ենթարկել նրանց»: «Սուտ ա,- մեկնաբանում է Մերաբը:- Ես սուտ եմ ասել: Ուռումյանը լավ մարդ ա, իմ հետ լավ էր: Ասել եմ իրան, որ Վրաստանից եմ, զեմլյակ ենք, վրացերեն եմ խոսել, էդ օրվանից հետս լավ էր: Եղել ա դեպք, որ ջղայնացել ա, ծեծել ա, բայց ես շատ էի փախնում: Ինքը գիշերներով գալիս էր, ինձ գտնում, դպրոց էր տանում: Համ էլ խի՞ պիտի իրան փող տայի, ես էի ծախսում»: Հերթական փախուստից հետո Մերաբը վերադարձել է դպրոց ու իմացել է, որ Ուռումյանին «գաղութ» են տարել: «Էդ լրիվ տնօրենն էր սարքել՝ Ծովինարը: Ես որ փախնելուց հետո եկա դպրոց, իմ ընկեր Լևոնն ասեց, որ քաղմասը ինձ ա ման գալիս, որ ցուցմունք տամ: Ասեց. «Ընկեր ջան, ախպերական կասես, որ հավաքում էինք փողը, տալիս էինք Ուռումյանին, ու իբր ինքը խփել ա մեզ»: Ասեց. «Դատվելու եմ, եթե տենց չասես: Ծովինարն ա ասել, որ դատվելու եմ: Ասեց՝ դու էլ կդատվես, եթե տենց չասես»: Մերաբը պատմում է, որ թիվ 18 հատուկ դպրոց հաճախ էին ոստիկաններ գալիս, որոնք ծեծում էին իրենց, թե իբր իր ընկեր Լևոնին Ծովինար Գևորգյանը վախեցրել է և ստիպել Սմբատ Ուռումյանի դեմ սուտ ցուցմունք տալ: Ինքն էլ, հերթական անգամ ծեծվելուց հետո, ասել է Էրեբունու ոստիկաններին այն, ինչ ուզում էր ընկերը: «Ասում էին՝ դու փող ես հավաքում, բերում Ուռումյանի՞ն, ասում էի՝ հա-հա, որովհետև Ծովինարն էր ասել, հենց քննիչի ներկայությամբ ինձ դուրս հանեց ու համոզում էր. «Ճիշտը ասա, ոնց որ Լևոնն ա ասել»: Ի վերջո, Մերաբը նկարել է իր ստորագրությունն այն թղթի վրա, որը գրել են ոստիկանները: Ինքը գրել չէր կարող, հայերեն տառերը չգիտի, թեև այն ժամանակ` 2008 թվականի նոյեմբերին, դեռ սովորում էր 7-րդ դասարանում:
Արշակ ժամկոչյան. Մի օր Արշակի մորը՝ Սրբուհի Ժ.-ին զանգում են Էրեբունու ոստիկանությունից և հայտնում, որ դպրոցի ուսուցիչ, նախկին փոխտնօրեն Սմբատ Ուռումյանը բռնաբարել է իր տղային: «Ո՞նց կլինես, — ասում է մայրը,- որ էդ մարդուց կյանքում վատ բան չես տեսել: Էս երեխեն իրան ճղում ա, ասում ա՝ տենց բան չկա»: Դպրոցի աշակերտ Լևոն Ա.-ն էր իբր տեսել և պատմել ոստիկաններին, թե Սմբատ Ուռումյանը բռնաբարել է Արշակին: «Ինձ տարան բժշկի՝ ստուգեցին-տեսան, որ տենց բան չի եղել,- մորն ընդհատում է Արշակը,- բայց Լևոնն ասում է, որ Ուռումյանն իրա շալվարը ու քո շալվարը իջացրել ա, ես տեսել եմ: Ասում եմ՝ տենց բան չի եղել»: Իսկ ես պատկերացնում եմ այդ նվաստացնող փորձաքննությունը, որ 13 տարեկան տղան երևի թե իր ողջ կյանքում է հիշելու, ու մտածում եմ՝ տեսնես քանի՞ աղջիկ-տղա է հատուկ դպրոցների տնօրենների թեթև ձեռքով նման փորձաքննությունների ենթարկվել: Արշակը թիվ 18 հատուկ դպրոց է եկել Գավառի մանկատնից: Նա ասում է, որ առաջին օրվանից չի սիրել այս դպրոցը, և շատ ուրախ է, որ մայրը վերջապես հանեց նրան այստեղից: Ամենաշատը չարացած է մեծ տղաների վրա, որոնք ճնշում էին փոքրերին: «Արսենն ու Արմենը ասեցին ինձ՝ սրանց հետ չշփվեք, գառլախվել են,- ու բացատրում է:- Երեխեքի վրա թքում էին ու շռում: Էն ա նշանակում, որ բերանին են…: Ամոթ ա ասեմ Ձեզ»,- բայց ասում է։ «Համ էլ, որ դահլիճում էինք քնում, ինձ դնում էին զուգարանի հավաքարար, որ զուգարանը մաքրեի. եթե չանեի, Ա.-ն ուժեղ ծեծում էր ինձ: Ինքը կարատե գիտի, ինձ կանգնացնում էր, վազում-խփում էր, սեղանի մոտից մինչև պատը թռնում էի: Իսկ դաստիարակ Դավիթը, որ չարություն էինք անում, տանում էր վերև ու քաչալացնում էր»: Ես փորձում եմ բացատրել, որ տնօրենը գուցեև չի իմացել, որ իրենց հետ այդպիսի բաներ են արել, բայց տղան չի համոզվում. «Տո՛, ինձ ընկեր Գևորգյանը 10 հազար դրամ փող տվեց, ասեց՝ ասա, որ Ուռումյանը քեզ բռնաբարել ա: Ինձ Կարենը տարել էր կատելնի, ծեծել էր, Ջոնին էլ էր տարել ծեծել, թուղթ էր կերցրել: Ասում էր՝ կգնաս, միլիցեքին կասես, որ քեզ Ուռումյանը ծեծել ա, մենք չենք ուզում, որ ինքը էս դպրոցում աշխատի: Ես էլ վախենում էի ընկեր Կարենից: Ինքը իրա բոքսի պերչատկով խփել ա ուսիս»: Ի դեպ, և՛ Մերաբը, և՛ Արշակը դատարանում հետ չկանգնեցին այս ցուցմունքներից։ Իսկ երիտասարդ և խոստումնալից դատախազ Արթուր Ղամբարյանը, այս քննությանը զուգահեռ և, հավանաբար, ճնշում գործադրելու նպատակով, քրեական գործեր հարուցեց Մերաբի և գործով անցնող մեկ այլ վկայի՝ Նվեր Վոնի դեմ։
Լևոն Աթարբեկյան. Մեր հետաքննության ընթացքում այս երեխան, որ հիմնական վկան էր, խոստովանեց, որ ստել է դատարանին, այլ կերպ ասած՝ սուտ ցուցմունք է տվել, որովհետև տնօրեն Գևորգյանն իրեն «շանտաժատիպի բանի» է ենթարկել. «Ասավ՝ Ուռումյանը շատ վատ բաներ է արել դպրոցում: Լավ կանես, որ իրա դեմ գործ բաց անես, ու որ իրան հեռացնեն գործից ու… ասավ ձևերը»: «Իսկ բռնաբարությունը եղե՞լ է», — հարցրի: «Չգիտեմ»: «Դու տեսե՞լ ես»: «Չէ, էդ Մերաբի միտքն էր»: «Բայց դու՛ ես գրել»: «Մերաբի միտքն էր, ես եմ գրել»: «Հիմա ընդունու՞մ ես, որ քեզ ու Մերաբին Ուռումյանը մուրացկանության չի ուղարկել»: «Չի ուղարկել»: «Ձեզանից փող վերցրե՞լ է, թե՞ չէ»: «Փող չի վերցրել»: Լևոն Ա.-ն խոստովանեց նաև, թե չգիտեր, որ իր գրածի պատճառով մարդ կնստի, որ վախ ունի դատարանից և չգիտի՝ կասի՞, թե՞ չէ ճշմարտությունը, եթե դատավորն իրեն մի անգամ էլ կանչի:
Այս փաստերից և ոչ մեկը չի ուսումնասիրել Վերաքննիչ դատարանը, որը երիտասարդ դատախազ Արթուր Ղամբարյանի պահանջով ավելացրեց Ուռումյանի ազատազրկման ժամկետը՝ 9-ից դարձնելով 10 տարի, մեղավոր ճանաչելով նրան սեռական բնույթի բռնի գործողությունների համար՝ մեղադրանք, որն ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված չհամարեց։ Այսպիսով, հրեշավոր ուսուցչի մասին պատմություն չստացվեց։ Ուռումյանի հարազատները վստահեցնում են, որ գնալու են մինչև եվրոպական ատյան։ Իսկ մեզ մնում է հիշեցնել, որ այս գործը Վերաքննիչ մտավ մոտավորապես այն օրերին, երբ ԱՄՆ-ն դժգոհություն հայտնեց Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ գործերի ընթացքից, իսկ WikiLeaks-ը բացահայտում կատարեց «ՀՀ կառավարության կողմից հովանավորվող սեքսուալ թրաֆիքինգի մասին» հաղորդմամբ, որտեղ փաստեր էին հրապարակվում Հայաստանի վերաբերյալ, և որին հետևեց ՀՀ գլխավոր դատախազության կրքոտ արձագանքը։
Դաշնակցությունն այսօր Ազգային ժողովի դատին ներկայացրեց կառավարությանը պատասխանատվության կանչելու և անվստահություն հայտնելու հարցապնդում-առաջարկը: ՀՅԴ-ն ասում է, թե կառավարությանը հարկավոր է անվստահություն հայտնել և անհրաժեշտ է դա անել հենց հիմա, քանի որ 4 ամիս հետո շատ ավելի վատ է լինելու, քանի որ այս կառավարությունն օրեցօր միայն ավելի է վատացնում իրավիճակը: Նման եզրակացության հանգելուն ԱԺ ընդդիմադիր խմբակցության համար հիմք են ծառայել կոալցիոն հուշագրի 22 առաջնահերթությունները, կառավարության հռչակած ծրագրերը, նախանշած նպատակները և կատարած քայլերը:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ կառավարությունը «առնվազն հինգ ուղղությամբ ձախողել է` սոցիալ—տնտեսական քաղաքականության հռչակած ցուցանիշների մասով, հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետության մասով, ՀՀ կառավարության նախաձեռնած մի շարք իրավական ակտերի սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխանության մասով, գնաճի զսպման կարողության մասով, հայրենադարձության խթանման և արտագաղթի կանխման արդյունավետության մասով»:
ՀՅԴ-ն իր նկատառումները նախ ներկայացրել է կառավարությանը, որտեղից ստացված պատասխանը ընդդիմադիրներին ավելի է համոզել իրենց իրավացիության մեջ: Կառավարությունն իր հռչակած ծրագրերի ձախողումը կապում է հիմնականում ճգնաժամի և նախկինից ժառանգած` արտաքին ցնցումների նկատմամբ խիստ զգայուն տնտեսական համակարգ ունենալու հետ: Եթե նման ժառանգություն են ստացել, ի՞նչ կարող ենք անել` ասել են կառավարությունում: Դաշնակցականները սակայն բացել են կառավարության 2008թ. ծրագիրը, որտեղից պարզ երևում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանը 2008-ին շնորհակալություն էր հայտնում, որ ավելի քան լավ ժառանգություն է ստացել:
«Տնտեսական աճի բարձր տեմպերը երկրի հետագա զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման համար լավ հիմքեր են ստեղծել: Տնտեսական աճի և սոցիալական ճիշտ քաղաքականության շնորհիվ արձանագրվել է աղքատության զգալի կրճատում: 2001-2006թ-ից տարեկան 13 տոկոս աճը ամենաբարձրն է տարածաշրջանում» և այսպես շարունակ: Անցնում է երեք տարի և ահա թե ինչ է ասում կառավարությունը. «Մինչ ճգնաժամը մեր երկրի տնտեսական համակարգը կուտակել էր արդեն իսկ արտաքին ցնցումներին դիմակայելու թույլ կարողություններ և տնտեսությունում ճշգրտումների զգալի պահանջ, իսկ ճգնաժամը ուղղակի արագացրեց այդ գործընթացը»:
«Տպավորությունը այն է, որ այս երեք տարիների ընթացքում կառավարությունը արել է մի բան, ասել է մի բան, իսկ մտածել է բոլորից թաքուն միանգամայն այլ բան»,- ասում է Արմեն Ռուստամյանը: Դաշնակցականներն ասում են` եթե նման համակարգ էր բաժին ընկել, ապա ինչու՞ էիք գովերգում այդ համակարգը, եթե պատճառը ճգնաժամն էր, ապա ինչու՞ էր այն ժամանակ, երբ արդեն աշխարհի գերտերությունները իրար էին խառնվել, որպեսզի կարողանան ճգնաժամը մի փոքր հաղթահարել, ասում, թե ճգնաժամը մեզ չի սպառնում, թե մենք անգամ կարող ենք դրանից օգուտ քաղել: Իսկ գյուղատնտեսության բնագավառում անցյալ տարի արձանագրված խայտառակ անկումն արդեն կառավարությունը վերագրում է բնակլիմայական պայմաններին:
«Ժառանգություն, ճգնաժամ, և բնակլիմայական պայմաններ: Մնում է միայն ցավակցել կառավարությանը, որ նրան բաժին է ընկել նման համակարգ»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն առաջարկեց կառավարությանը անվստահություն հայտնելու առաջարկի քվեարկությունը կազմակերպել վաղը: ԱԺ նախագահը պատասխանեց, թե կարիք չկա, քանի որ կոալիցիան, միևնույն է, դեմ է քվեարկելու: Հենց այդ ժամանակ էլ քվեարկությունները սկսեցին իրար հետևից տապալվել: Ասպարեզ մտավ նաև Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Նա որոշեց դաս տալ Հովիկ Աբրահամյանին և ցույց տալ բոլորին, թե ինչ կարգի բարձր պրոֆեսիոնալ կորցրեց ՀՀԿ-ն` ի դեմս իրեն: ՀՅԴ-ն առաջարկն ուղղել էր ՀՀ նախագահին` կառավարության անվստահության հարցը քննարկելու համար: ԱԺ նախկին խոսնակը հայտարարեց, թե ըստ ՀՀ Սահմանադրության կառավարությանը կարող է անվստահություն հայտնել միայն Ազգային ժողովը, իսկ նախագահը` ոչ: Հովիկ Աբրահամյանը խնդրեց ասել իրեն, թե դա ո՞ր հոդվածն է, որ կարդա, բայց դաշնակցականները պնդեցին, թե իրենց հարցապնդում-առաջարկը միանգամայն օրինական է: Երրորդ անգամ միայն քվեարկությունը կայացավ: Եվ հենց այս քվեարկությունն էլ բացահայտեց, թե ինչքան դժգոհներ կան խորհրդարանում Տիգրան Սարգսյանի կառավարությունից:
Գրանցված 97 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին ընդամենը 23-ը, միայն ընդամենը 13-ը դեմ քվեարկեց, այսինքն` փրկեց Տիգրան Սարգսյանին և նրա նախարարներին, իսկ 10 դաշնակցականները, բնականաբար, կողմ քվեարկեցին: Արդյո՞ք եթե «Ժառանգությունը» մասնակցեր նիստի աշխատանքներին և աջակցեր ՀՅԴ-ին` կարելի կլիներ իսկապես կառավարության անվստահության հարցը բարձրացնել մինչև նախագահ: Դժվար է ասել… Չի բացառվում, որ այն ժամանակ ևս մի երեք հոգի կգտնվեին` Տիգրան Սարգսյանին փրկելու համար, սակայն անգամ այդ հնարավորությունը տեղ չի թողնում կասկածի, որ այսօրվա քվեարկությունը ավելի քան հստակ պատասխան էր կառավարությանը: Պետք է առնվազն կույր լինել` քաղաքական հստակ դիրքորոշում չտեսնելու համար կոալիցիայի պատգամավորների չքվեարկելու մեջ: Իսկ դաշնակցության բերած փաստերը ավելի քան խոսուն էին…
Քաղաքական շրջանակները, հասարակությունն անհամբեր սպասում են համաներմանը:
Երբ խոսքը 400 բանտարկյալների ազատարձակման մասին է, հասարակությունը չի կարող անտարբեր լինել: Ի վերջո, այդ բանտարկյալներն ունեն հարազատներ, իրենց սպասող մարդիկ:
Սպասվող համաներումն ունի նաև խիստ ընդգծված քաղաքական ենթատեքստ: Սպասվում է, որ համաներման շնորհիվ ազատ են արձակվելու նաև Մարտի 1-ի գործով ազատազրկված քաղկալանավորները: Այդ փաստն ինքնին նպաստելու է ներքաղաքական լարվածության թուլացմանը:
Այս համատեքստում մի փոքր զարմանալի է այն վարքագիծը, որ դրսևորում է իշխանությունը:
Համաներման առաջարկությունը ենթադրաբար պետք է քննարկվեր երկուշաբթի օրը: Սակայն այդ քննարկումը երկու օրով հետաձգվեց` խնդրի հետ կապված օրենսդրական այլ նախաձեռնություններ քննարկելու պատճառաբանությամբ: Այսօր էլ սկսված քննարկումը հետաձգվեց, որովհետև արդարադատության նախարարին մեկ օր պետք եղավ` համաներման առաջարկության ամբողջական տեքստը ներկայացնելու համար:
Այնպիսի տպավորություն է, որ իշխանություններն ինչ-որ բանի են սպասում կամ համաներման հայտարարումը կապում են ինչ-որ իրադարձության հետ:
Այս վարկածը գոյության իրավունք ունի, մանավանդ` այն պարագայում, որ համաներումն ունի հստակ քաղաքական ենթատեքստ: Համենայն դեպս, կա հասարակական համոզում, որ քաղկալանավորներն ազատ են արձակվելու: Այդ համոզումն ավելի է ամրապնդվել մի շարք հանգամանքներով: Մասնավորապես, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վստահություն է հայտնել, որ մայիսի 31-ի հանրահավաքում ելույթ են ունենալու Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանը, իշխանության ներկայացուցիչներն էլ ոչ միայն չեն բացառել այդ հեռանկարը, այլև` խոսել են նախագահ Սերժ Սարգսյանի անսահման հանդուրժողականության, պետական մտածողության մասին:
Քննարկումների ձգձգման ֆոնին տարաբնույթ խոսակցություններ են շրջում: Եթե երեկ բոլորը վստահ խոսում էին, որ համաներումը տարածվելու է բոլոր քաղկալանավորների վրա, այսօր արդեն ոմանք թերահավատ էին:
Այս ձգձգումները, դրանից բխող հոռետեսությունը կարող են չեզոքացնել այն դրական միտումները, որոնք տանում էին ներքաղաքական լարվածության թուլացմանը:
Համաներումը հասարակական համաձայնության ակտ է: Աստված տա, որ այդ ակտը նպատակին էլ ծառայի` չդառնալով հասարակական լարվածության պատճառ:
Առանց դրա էլ՝ այս համաներման մասին աղմուկը, դրա մասշտաբի մասին աղմուկն ավելի շատ էր, քան` այն արդյունքը, հետևանքը, որ ունենալու է համաներումը: Այս համաներումն այնքան էլ աննախադեպ չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ երկու տարի առաջ անցկացվածի համեմատ, որն, ի դեպ, այսքան չթմբկահարվեց, ավելի քիչ բանտարկյալ է հայտնվելու ազատության մեջ:
Մոտալուտ կլիմաքսը՝ դաշտանադադարը, հայտարարում է կնոջ վերարտադրողական առաքելության ավարտը, և կանանց մեծամասնությունը մինչև էսօր դա ընկալում է որպես ողբերգություն. «Ես էլ լիարժեք կին չեմ լինի, կդառնամ ներվի կծիկ, որ մեկ տաքանում, մեկ սառում է, սիրտս էլ ափերից դուրս կգա»: Տղամարդկանց են սկսում նախանձել, որ իրենց մոտ էդպիսի բաներ չկան: Նույնիսկ որոշ բժիշկներ են այդ մոլորությանը նպաստում, երբ 35-ամյա կնոջն ասում են. «Դե, ազիզ ջան, ժամանակն է մտածել կլիմաքսի մասին, ոչինչ չես կարող անել, դրանից էլ համ ճնշումդ է թռնում, համ ցիկլդ ռեգուլյար չի»: Ու ներշնչանքն էնքան մեծ է լինում, որ կանայք արդեն իրենց պարտքն են համարում վատ զգալ կլիմաքսի մասին հիշելուց: Էնպիսի տպավորություն է ստեղծվում, որ էդ «ճակատագրական» շրջանը բարդացնում է մեր կանանց կեսից ավելի հատվածի կյանքը: Բայց իրականում ախր կարելի է կլիմաքսի ընթացքում շատ հաճելի կյանքով ապրել:
Կա ռուսական մի ասացվածք. «В сорок пять, баба — ягодка опять». Իրականում կլիմաքսը բնության յուրատեսակ հոգատարությունն է կնոջ նկատմամբ՝ մայր բնությունը վերջապես ազատագրում է կնոջը երեխաներ կրելու ու ունենալու ծանր բեռնվածությունից, ու էլ չկա նաև անցանկալի հղիության վախը, կինն ազատ է այլևս:
Կլիմաքսի պատճառը ձվարանների ֆունկցիայի մարումն է, որի հետևանքով դադարում են կանացի հորմոններ արտադրվել: Դա տեղի է ունենում աստիճանաբար, որպեսզի օրգանիզմը հասցնի վերակառուցվել նոր պայմաններում: Դաշտանային ցիկլը խախտվում է, դառնում ոչ կանոնավոր, իսկ հետո էլ ընդհանրապես դադարում է՝ ավարտվելով դաշտանադադարով: Վերարտադրողական համակարգը սկսում է կնոջ օրգանիզմում գործել 7-8 տարեկանից մինչև 60-65 տարեկանը: Իսկ հակառակ գործող պրոցեսը կլիմաքսն է: Սկզբում կլիմաքսը «կասեցնում է» երեխա ունենալու կնոջ ունակությունը, իսկ հետո՝ նաև դաշտանը: Ընդ որում` դա միանգամից տեղի չի ունենում: Սովորաբար այս պրոցեսը կարող է ձգվել մինչև 10 տարի (երբեմն նույնիսկ՝ ավելի երկար):
Կլիմաքսի վրա հասնելու տարիքը հիմնականում ժառանգաբար փոխանցվում է մորից աղջկան և կախված չի ոչ սեռական ակտիվությունից, ոչ ֆիզիկական աշխատանքից, ոչ էլ լավ կամ վատ սնվելուց:
Ավելի հաճախ կլիմաքսը սկսվում է 50-51 տարեկանում, իսկ նախորդող շրջանը սկսվում է 45 տարեկանից: Կանայք հաճախ շփոթում են զանազան հորմոնալ խանգարումները, որոնք ուղեկցվում են նյարդային խանգարումներով, կլիմաքսի հետ: Դա կլիմաքս չի, հանգստացեք, և շատ հեշտ կարող է վերականգնվել ճիշտ սնվելու ու համապատասխան նյարդաբանական բուժումից հետո: Չնայած ոչ մի բան կլիմաքսի տարիքի վրա չի ազդում, այնուամենայնիվ կա վիճակագրություն՝ այն կանայք, ովքեր երջանիկ են անձնական կյանքում, կանոնավոր սեռական կյանք ունեն, հավանաբար կմտնեն այն 35 տոկոս երջանիկների մեջ, որոնց մոտ կլիմաքսն ընթանում է առանց սիմպտոմների:
Նշեմ նաև՝ որակյալ սեռական կյանք, որի արդյունքը պետք է լինի կնոջ բավարարվածությունը, ինչը պակասում է 70 տոկոս հայ կանանց կյանքում, և դա բնավ հայկական գենետիկ առանձնահատկություն չի, այլ քյառթուության ու տգիտության հետևանքով ձևավորված տղամարդկային անկարողության մի տեսակի, երբ սեռական ակտը սահմանափակվում է միայն կոիտուսով՝ առանց արտաքին սեռական օրգանների, մասնավորապես ծլիկի ստիմուլյացիայի, որից էլ հենց էդ 70 տոկոսի մոտ տեղի է ունենում օրգազմ: Ուրեմն, ինչպիսի զուգընկեր ունես՝ այդպիսի կլիմաքս էլ կունենաս:
Կլիմակտերիկ շրջանի սկսվելուն պես, դաշտանի տևողությունն ու արյան քանակը փոխվում են՝ 1-2 օր տևող կարճատև սուղ դաշտանից մինչև 10-12 օրանոց արնահեղումների: Մի բան է կարևոր այստեղ. առաջին իսկ սիմպտոմները նկատելուն պես կինը պետք է դիմի բժշկի: Այլապես, մնալով անիմացության մեջ, կինը սթրեսներ է ապրում, նաև արնահոսությունների պատճառով կտրուկ ընկնում է հեմոգլոբինը, որը կարող է չարորակ գոյացությունների պատճառ հանդիսանալ: Բացի դրանից, կինն իրեն թույլ ու տկար է զգում, չի կարողանում լիարժեք աշխատել:
Կլիմաքսի հիմնական դրսևորումները
Սրտխփոց, տաքության զգացողություն՝ իրական ջերմության բացակայության դեպքում, կարմրած դեմք և պարանոց՝ դա էն է, ինչի մասին ասում են. «Բուղը վրես ա տալիս»: Հենց էդ դավաճան «բուղն» է, որ շուրջբոլորին նկատելի է դարձնում ձեր կլիմաքսը: Լինում են նաև հոգեբանական բնույթի խնդիրներ, տրամադրության անկում, դեպրեսիա, սթրես, արագ նյարդայնանալու հակում, մոռացկոտություն, քնկոտություն: Այնուհետև՝ եղունգների փխրունություն, մազաթափություն, կնճիռներ, ինչպես նաև սեռական բնույթի խնդիրներ:
Շատերը բողոքում են անքնությունից, նյարդային գրգռվածությունից, սկսում է տատանվել արյան ճնշումը, սրտի դեղերն էլ չեն ազդում: Կարդիոգրաման ու այլ հետազոտությունների արդյունքներն էլ նորմալ են: Հետևաբար՝ սրտանոթային խանգարումներն էլ կարող են լինել կլիմաքսի հետևանք:
Լինում է նաև հաճախամիզություն: Սկսում է չորանալ լորձաթաղանթը՝ անընդհատ ջուր ես ուզում, աչքերդ կարմրում են, կոնյունկտիվիտ է առաջանում, բնական քսուքի պակասը բարդացնում է սեռական հարաբերությունը՝ դարձնելով ցավոտ: Երբեմն հայտնաբերում են ֆիբրոմաներ, բայց պետք չի վռազ վազել վիրահատվելու, կլիմակտերիկ շրջանի ֆիբրոմաների 70 տոկոսն ինքն իրեն ներծծվում է կլիմաքսի ավարտից հետո:
Հետո, ցավում են ոսկորները, հոդերը, մեջքը՝ կալցիումի պակասից է, որը նույնպես հորմոնալ պատճառ ունի: Կնոջ ատամների վիճակը շատ լավ վկայում է կալցիումի քանակության մասին օրգանիզմում, էնպես որ՝ եթե ատամներդ լավ չեն՝ կալցիումի հաբեր պետք է ընդունես, որ չընկնես ոտուձեռ:
Կնոջ կյանքի ոչ էդքան վատ մասը ներառում է կլիմաքսի ու կլիմաքսից հետո շրջանը: Երեխաները մեծացել են, նյութական վիճակը քչից-շատից կայուն է, ավելի շատ ժամանակ է հայտնվել վաղուց երազած ցանկություններն իրականացնելու համար: Ոչինչ չպետք է խանգարի մեզ՝ կյանքն ամբողջությամբ վայելելու համար: Ու եթե կա հնարավորություն՝ անցնել կլիմաքսի միջով առանց «բուղը վրեդ տալու», ճնշման ու կլիմաքսի այլ «հաճույքների», ապա ինչո՞ւ դա չանել՝ դիմելով բժշկի:
Հորմոնափոխարինող թերապիան ոչ միայն լիկվիդացնում է անցանկալի ու ծանր սիմպտոմները, այլ նաև կյանքին այլ որակ է տալիս: Ի դեպ, Ալցհեյմերի հիվանդությունը, որով ավելի շատ կանայք են տառապում, նույնպես հորմոնների պակասության հետևանք է:
Անհատապես ընտրված հորմոնային թերապիան, որը նշանակվում է միայն անալիզների արդյունքների հիման վրա, քանի որ դրանց քանակի տատանումներն ահավոր մեծ են, զգալիորեն կթեթևացնի քո վիճակն ու ոչ մի վնաս չի տա օրգանիզմիդ: Մենակ թե ինքնագլուխ ոչինչ չանես: Ու մի վախենա գիրանալուց, դա 3-4 կիլոգրամից ավել չի, մանավանդ՝ եթե էդքան լավ բան կա դրա մեջ: Համենայն դեպս, ամեն ինչ պետք է արվի միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, թե չէ իմ մի ընկերուհու նման, որ հարևանուհուն կլիմաքսի շրջանում նշանակված դեղից առել խմել էր, ու 42 տարեկանում մնացել առանց դաշտանի՝ դեղը արնահոսությունը կանգնեցնելու համար էր:
Կլիմաքսի շրջանում, սենց ասած, հորմոնալ հեղափոխություն է տեղի ունենում կնոջ օրգանիզմում: Այդ փոփոխություններն օրգանիզմում նոր անհարմարություններ են ստեղծում, եթե սնունդը ճիշտ չի լինում, օրգանիզմը չի ստանում իրեն անհրաժեշտ հանքային նյութերն ու ճարպերը, «նեղվում են» հատկապես սրտի մկաններն ու ոսկորները:
Հանքային նյութերը պաշտպանում են սիրտը, իսկ ճարպերը էստրոգենների համար դառնում են հումք: Էստրոգենը կարգավորում է խոլեստերինի մակարդակը, նաև ապահովում է ոսկրային համակարգը կալցիումով: Երբ դրանց քանակը բավարար չի լինում, թուլանում է նաև ոսկորների պաշտպանվածությունը: Դրա համար կլիմաքսի շրջանում պետք է օրգանիզմը սնուցել այնպիսի նյութերով, որոնք կփոխարինեն կանացի հորմոններին: Բարեբախտաբար, բնությունը կնոջը խոտաբույսեր է նվիրել, որոնք կպաշտպանեն ու կսնուցեն նրա սիրտն ու ոսկորները: Որոշ նյութեր պարունակում են կալցիում, որն ամրացնում է ոսկորների ուժը, իսկ մագնեզիումն օգնում է ոսկորներին՝ յուրացնել կալցիումը:
Եթե չես ուզում հորմոններ, կան դեղաբույսեր: Եթե էդքան էլ վատ չես զգում, կարող ես դեղաբույսերով յոլա գնալ, բայց դրան պետք է անպայման գումարես ֆիզիկական ծանրաբեռնվածություն, շատ շարժվես: Լավ կլինի՝ գնաս լողավազան, բայց մի պայմանով՝ ինչ էլ անելու լինես ֆիզիկապես, պետք է քեզ հաճելի լինի, ոչ թե զոռով:
Դեղաբույսեր, որոնք կթեթևացնեն վիճակդ
Շնկոտեմ (Клоповник), Ալոճենի (Боярышник), Կարմիր երեքնուկ (Красный клевер), Խայթող եղինջ (Жгучая крапива), Վարսակ (Овес)
Խոտաբույսերից պատրաստիր թուրմեր: Չորացրած բույսը լցրու տարայի մեջ և վրան եռացրած ջուր լցրու: Լավ փակիր տարայի բերանը և թող 4-8 ժամ: Ամեն օր մի բաժակ խմի դրանից: Թուրմը կարող ես սառնարանում պահել 2 օր: Առավել արդյունավետ լինելու համար 2 օր խմիր նույն բույսի թուրմը, հետո փոխիր խոտաբույսը: Համը լավացնելու համար մի քիչ անանուխ՝ նանա, ավելացրու ու կիտրոն:
Թեթև կլիմաքս քեզ, ընկերուհիս:
«Ավաղ, քաղաքական երկխոսության շրջանակները նեղացվել են իշխանություն –ՀԱԿ ձևաչափով՝ մոռանալով, որ երկխոսությունը նախ և առաջ սեփական ժողովրդի և նրան ներկայացնող բոլոր քաղաքական ուժերի հետ պետք է ծավալել։ Երկխոսություն, որի առանցքում պետության և երկրի հեռանկարն է և ամենակարևորը՝ միջին թվաբանական հայը, որն այսօր աներևակայելի նվաստացումների ճանապարհ է անցնում իր գոյությունն ապահովելու համար»,– քիչ առաջ խորհրդարանական հայտարարությունների ժամին ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը:
Դաշնակցականներն, իհարկե, խանդով ու վերապահումներով են ընդունում ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսության փաստը: Սա նորություն չէ:
Բայց Լիլիթ Գալստյանի կարծիքը փոքր-ինչ դուրս է դաշնակցական օրինաչափության տրամաբանությունից եւ, մեծ հաշվով, ձեւակերպում է այն օրակարգը, որի շուրջ պետք է տեղի ունենա երկխոսությունը կամ` քաղաքական գործընթացն առհասարակ:
Քաղաքական ուժերի երկխոսությունը ռացիոնալ կարող է լինել, եթե միտված է հասարակական համաձայնության կայացմանը, քաղաքացու կյանքի որակի բարելավմանը:
Հակառակ պարագայում` երկխոսություն կոչվածը վերածվում է կաբինետային մի գործարքի, որի երկու կամ մի քանի մասնակիցներ բավարարում են իրենց քաղաքական եւ ոչ միայն քաղաքական հետաքրքրությունները` երկրում առակա պրոբլեմներն անտեսելով, քաղաքացուն մենակ թողնելով իր դարդ ու ցավի հետ:
Կարեւոր մի դիտարկում եւս. Երկխոսության սուբյեկտները պետք է անկեղծ լինեն իրենց համակիրների, այսօրվա եւ պոտենցիալ էլեկտորատի հետ:
Օրինակ, ոչ ոք չի կարող ասել, որ այսօր հասարակությունը, կամ առնվազն` նրա քաղաքականացված հատվածը, չեն մասնակցում այն գործընթացին, որը հնարավոր է` բերի իշխանություն — ՀԱԿ երկխոսությանը: Հասարակությունը, ակտիվ կամ պասիվ, մասնակցում է այս գործընթացին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հասարակության առաջ է հնչեցնում իշխանությանը հասցեագրված պահանջները, իշխանությունը նույնպես ի տես հասարակության է կատարում այդ պահանջները:
Բայց այս գործընթացում քաղաքական սուբյեկտների առաջնորդներն անկեղծ չեն իրենց համակիրների հետ, ինչը կարող է հիասթափեցնել հազարավոր մարդկանց:
Օրինակ, երբ իշխանության ներկայացուցիչներն անընդհատ ասում են, որ իրենք ունեն իրենց օրակարգը եւ չեն կատարում ընդդիմության պահանջները` դա ծիծաղելի է թվում, որվհետեւ տեսանելի չէ այն հրաշքը, որ մեկեն իշխանության ավտորիտար օրակարգը դեմոկրատական դարձրեց:
Ընդդիմությունն էլ երկխոսության գաղափարը նեղացրել` հանգեցրել է արտահերթ ընտրության նախապատրաստաման ինչ-որ միջավայրի: Սա նույնպես ծիծաղելի է, որովհետեւ ՀԱԿ-ին հետեւող հազարավոր մարդիկ գիտակցում են, որ ներքաղաքական լարվածության լիցքաթափման ֆոնին` արտահերթ ընտրության պահանջը, մեղմ ասած, ադեկվատ չէ:
Երկխոսությունը քաղաքական ճգնաժամի հաղթահարման ամենառացիոնալ միջոցն է, բայց` եթե իշխանության եւ ՀԱԿ առաջին դեմքերին պակասի անկեղծությունը, երկխոսությունից կմնա միայն կամուֆլյաժը, որից ակնհայտորեն գործարքի հոտ կգա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.