29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ներքաղաքական անցուդարձը, ՀԱԿ-իշխանություն երկխոսության շուրջ բորբոքվող կրքերը մի պահ մեր ուշադրությունից դուրս թողեցին ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը:
Այս հարցում նույնպես տեղի են ունենում հետաքրքիր իրադարձություններ, որոնք միտված են նրան, որ մինչև տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության գան կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցյալ շաբաթավերջին ԱՄՆ ղեկավար շրջանակների հետ քննարկում էր ԼՂ հարցն` իր վաշինգտոնյան հանդիպումների ընթացքում: ԼՂ հարցը չի շրջանցվել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի `Թուրքիայում ունեցած հանդիպումների ժամանակ:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն առաջարկեց մի կողմ թողնել Հիմնարար սկզբունքների շուրջ առկա հակասությունները և միանգամից ձեռնամուխ լինել խաղաղության պայմանագրի քննարկմանը: Այս մոտեցումը, սակայն, հավանության չարժանացավ ոչ միայն Երևանում, այլ նաև` միջնորդների կողմից:
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հուլիսի 18-19-ը այցելեց Մոսկվա և իր նախագահի պատասխանը փոխանցեց Դմիտրի Մեդվեդևի ուղերձին: Երևանը խոստացավ Կրեմլի առաջարկներին պատասխանել մի քանի օրվա ընթացքում:
Երեկ ավարտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան:
Երևանում կայացած ճեպազրույցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասկացրեցին, որ բոլոր ջանքերը գործադրելու են հաջողության հասնելու համար: «Ուստի, ներկայում շատ ակտիվ փուլ է, և ես կարծում եմ, որ մենք պետք է զգույշ լինենք հապշտապ եզրակացություններ չանելու կամ արագորեն գնահատականներ չտալու` այս դիվանագիտության արդյունքների վերաբերյալ: Առաջիկա շաբաթներին մենք կտեսնենք գործադրվող ջանքերի արդյունքները»,- ասել է ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հերթական այցն ամփոփել են հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Բաքվում և Երևանում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ հանդիպումներում համանախագահները վերահաստատել են Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու անհրաժեշտությունը` որպես վերջնական կարգավորման բանակցությունների շրջանակ: Նրանք շեշտել են, որ եկել է տևական խաղաղության, անվտանգության և տարածաշրջանի ժողովուրդների հաշտեցման հասնելուն անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորելու ժամանակը: Նախագահները հանձնառել են առաջիկայում ներկայացնել իրենց արձագանքները առաջարկված շրջանակային փաստաթղթի վերջին ձևակերպումներին և շարունակել աշխատանքը համանախագահների և համանախագահող երկրների կառավարությունների հետ` խաղաղ կարգավորման որոնման գործընթացում»:
Այս լակոնիկ հայտարարութան մեջ աչքի է զարնում «առաջարկված շրջանակային փաստաթղթի վերջին ձևակերպումներ» արտահայտությունը:
Արդյո՞ք համանախագահները ներկայացրել են կարգավորման նոր սկզբունքներ: Եթե` այո, արդյո՞ք այդ սկզբունքներում ներառված են Ադրբեջանի նոր 10 առաջարկները, որոնք հնչեցվել են Կազանում:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կստանանք առաջիկա շաբաթներին, մանավանդ որ` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը, կարծես թե, սարերի հետևում չէ:
ՀԱԿ- իշխանություն երկխոսության պաշտոնական մեկնարկը
Այսօր առաջին հանդիպումն է ունեցել կոալիցիայի կողմից ձեւավորված աշխատանքային խումբը եւ ՀԱԿ-ը ներկայացնող պատվիրակությունը: Հանդիպումը տեւեել է երկու ժամ, անցկացվել է դռնփակ:
Հանդիպումն արդեն տվել է իր առարկայական առաջին արդյունքը:
Կոալիցիայի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հանդիպման սկզբին տեղեկացրել է, որ իրենք ներկայացնում են թե խորհրդարանական մեծամասնությանը, թե գործադիր իշխանությանը եւ թե երկրի նախագահին: Այսպիսով, կարծես թե, սրբագրվել են ՀԱԿ երեկվա հայտարարությամբ արված վերապահումները` կապված իշխանության պատվիրակության անորոշ կարգավիճակի, ոչ համարժեք մանդատի մասին: Ի դեպ, Հարությունյանի պարզաբանումները միանգամայն բավարարել էն ընդդիմությանը եւ, դատելով երկուստեք հայատարարություններից, նման ձեւաչափով երկխոսությունը հեռանակար ունի:
Բովանդակային հարցեր, կարծես թե, չեն քննարկվել: ՀԱԿ պատվիրակությունն, իհարկե, առաջարկել է իր դեղատոմսը` արտահերթ ընտրությունների անցկացման պահանջ: «Մենք որևէ սահմանափակում չունենք որևէ հարց չքննարկելու հետ կապված»,- ասել է Դավիթ Հարությունյանը: ՀԱԿ ներկայացուցիչներն էլ ըմբռնումով են մոտեցել կոալիցիայի` իր օրակարգը հաջորդ հանդիպմանը ներկայացնելու առաջարկին: Ըստ ամենայնի, երկխոսության օրակարգում կարող է քննարկվել ցանկացած հարց, բայց որեւէ պահանջ չի կարող իմպերատիվ լինել:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողվի նախագահը լրագրողների հետ զրույցում որոշակիորեն բացահայտել է իշխանության մտադրությունները:
«Բանն այն է, որ մեզ համար այս երկխոսությունը նոր քաղաքական մշակույթի ձևավորման հիմքն է: Մենք համարում ենք, որ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում անհրաժեշտ է, որպեսզի լինի հարթակ, երբ իշխանությունը և ընդդիմությունը քննարկում են իրար հետ: Նման հարթակներ իհարկե կան, այդ թվում և խորհրդարանում, բայց այս հարթակը, երբ մենք քննարկում ենք ՀԱԿ-ի հետ՝ նման հարթակներից մեկն է: Հիմնական նպատակը հետևյալն է՝ անցնել բացարձակ հակամարտությունից դեպի ավելի համագործակցային աշխատանք, ինչն ամենևին չի նշանակում, որ քաղաքական տարաձայնությունները մեր միջև հարթվելու են: Բայց նման հարթակը հնարավորություն կտա, որպեսզի մենք լսենք միմյանց կարծիքը, խորհրդակցություններ անցկացնենք միասին և արտահայտենք յուրաքանչյուրի դիրքորոշումը և գնահատականը մյուսի դիրքորոշմանը»,- ասել է նա:
Առայժմ շուտ է հետեւություններ անել, մանավանդ որ` տակավին հստակեցված չէ մյուս հանդիպման ժամկետը: Այնուամենայնիվ, եթե երկխոսությունը կայանա, կողմերը կարող են մի շարք հարցերում ընդհանուր հայտարարի գալ: Իշխանությունը մերժում է արտահերթ ընտրության պահանջը, ՀԱԿ-ը չի ուզում մտնել օրենսդրական բարեփոխումների դաշտ: Սակայն երկու կողմերը կարող են պայմանավորվել խորհրդարանական եւ նախագահական առաջիկա ընտրությունների որակի, համակարգային բարեփոխումների անհրաժեշտության շուրջ: Ի վերջո, ավելի կարեւոր է ընտրությունների որակի եւ ոչ թե` դրանց հերթական կամ արտահերթ լինելու հարցը:
Եվ այսպես, ՀԱԿ-իշխանություն «տուն-տունիկը» հավեսով շարունակվում է: Իշխանությունը գնում է ՀԱԿ-ին ընդառաջ, ՀԱԿ-ն էլ քմահաճ օրիորդի պես կոտրտվում է, չեմուչում անում, թեև կուսությունը վաղուց է կորցրել, այդ թվում և` «ավազակապետության» հետ ամենևին էլ ոչ պլաթոնիկ հարաբերություններում:
Բնականաբար, թիվ 1 իրադարձությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից ՀԱԿ-ի և կոալիցիայի աշխատանքային խմբերի հանդիպման օրը, տեղը և վայրը նշանակելն էր: Սակայն այս պահի դրությամբ ՀԱԿ-ը դեռ լռում է, դեռ սպասում է ՀՀ նախագահի հրամանագրով կոալիցիայի աշխատանքային խմբի կազմի հաստատմանը: Արդյո՞ք չեմուչումը կշարունակվի, թե՞ ՀԱԿ-ի պատվիրակները կգան հանդիպման վայր, կերևա երկուշաբթի: Բայց հետաքրքրական է ԲՀԿ-ի իրարամերժ կեցվածքը կոալիցիոն «աշխատանքային խմբի» հարցում: Այսպես, եթե Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ ՀԱԿ-ի պահանջով կազմի «կաստինգ» չի կազմակերպվելու ու արտահերթ ընտրությունների հարցը քննարկման ենթակա չէ, ապա Վարդան Բոստանջյանը թույլատրելի է համարում նաև արտահերթի քննարկումը և պնդում, որ «Ընդդիմության հետ երկխոսելու իշխանական պատվիրակության կազմը կարող է փոխվել, եթե Կոնգրեսն ասի, որ այդ կազմն իրեն դուր չի գալիս»:
Եվ ընդհանրապես կարծես թե հարցական է` ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ միասնակա՞ն հանդես կգա ՀԱԿ-ի հետ հանդիպումներին, թե՞ իրար հակասելու են: Իսկ հակասություն ծագել կարող է, զի ԲՀԿ-ն մի ոտքով Ռոբերտ Քոչարյանի ճամբարում է: Եվ Ահարոն Ադիբեկյանն էլ նշել էր, որ արտահերթ ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն առաջին տեղը կվերցնի խորհրդարանում: Այնպես որ, ԲՀԿ-ից ՀԱԿ-ի հետ «երկխոսելու» ժամանակ սյուրպրիզներ միանգամայն սպասելի են: Ու թերևս Հովիկ Աբրահամյանը (անշուշտ, ՀՀ նախագահի գիտությամբ) կոնկրետ «ժամադրություն» է նշանակել ՀԱԿ-ին հենց այդպիսի անակնկալները գոնե սկզբում բացառելու համար: Ու նաև եթե ՀԱԿ-ը հրաժարվի հանդիպումից, դա կնախապատրաստի հիմք «երկխոսական տուն-տունիկից» հրաժարվելու և կրկին ռեպրեսիաների վերադառնալու համար: Այդ պահը վաղ թե ուշ անխուսափելի է, քանզի ՀԱԿ-ը հայտարարել է, որ սեպտեմբերին սկսելու է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսինքն վաղ թե ուշ «տուն-տունիկները» ավարտվելու են:
Բայց այնուամենայնիվ, նաև հավանականություն կա, որ և կոալիցիայի «զիջողականությունը», և ՀԱԿ-ի նազուտուզը պայմանավորված խաղի բաղկացուցիչներն են, ու ոչ ավելին: Առավելևս, որ օրինակ Բագրատ Ասատրյանի պես գործիչներն անթաքույց հայտարարում են, որ ՀԱԿ-ի սահուն մուտքը իշխանություն ամենացանկալի սցենարն է: Եվ տրամաբանորեն սեպտեմբերին ՀԱԿ-ի կողմից կտրուկ պահանջներից հրաժարումը և արտահերթ ընտրությունների կարգախոսը մոռացության մատնելը հնարավոր է թերևս մի դեպքում` եթե ՀԱԿ-ը դառնա կոալիցիայի չորրորդ անդամը ու գլխանց համաձայնեցվի, թե ՀԱԿ-ը քանի մանդատ է ունենալու խորհրդարանում: Ճիշտ է, բավականին զվարճալի կլինի տեսնել նույն կոալիցիայում միաժամանակ և ախքիկներին, և «ախք» տերմինի հեղինակներին, սակայն, ինչպես կասեր Լևոն Ակոպիչը, խիղճն ու թասիբը քաղաքական կեղծ կատեգորիա են, առավելևս ՕԵԿ-ի պարագայում:
Խոշոր հաշվով, վերը նկարագրված սցենարը ձեռնտու է բոլորին: ՀԱԿ-ը առանց պայքարի ստանում է տեղեր կառավարությունում ու ԱԺ-ում, իշխանությունն էլ շարունակում եվրոպաներում վայելել տարածաշրջանի սուպերժողովրդավարի իմիջը և զերծ մնալ «քըխ» բանաձևերից: Ավելին, Սերժ Սարգսյանին բավականին դյուրին կլինի ՀԱԿ-ի հետ երկխոսության արդյունքների անվան տակ և պաշտոնանկ անել վարչապետ Տիգրան Սարգսյանին վերջինիս թիմակից նախարարներով հանդերձ, և այլ կտրուկ կադրային լուծումների գնալ, և ՀՀԿ նախընտրական ցուցակը մաքրել կրիմինալից, և սահմանափակել օլիգարխների ախորժակները: Կարճ ասած` համատարած «պլյուս» է ստացվում: Թե չէ, օրինակ, Էրեբունիում անհարմար բան է ստացվում. միաժամանակ ուզում են առաջադրվել և Թոխմախի Մհերը, և Խուճուճ Էդոյի որդին, ինչը կարող է այդ թաղամասը վերածել կրիմինալ նախընտրական պատերազմների արյունալի թատերաբեմի… Իսկ երկխոսության «սոուսի» տակ հանգիստ կարելի է «բիրիքով» դուրս մղել բոլոր կրիմինալներին… Ի դեպ, պատահական չէ, որ ՀԱԿ-ի քարոզչամեքենան բացարձակապես չի դժգոհում պրոֆեսիոնալ ընտրակեղծարար Գարեգին Ազարյանի «վերընտրությունից». հավանաբար, արդեն գիտեն, որ սույն թվանկարիչը նաև իրենց տոկոսներն է նկարելու: Պատահական չէ նաև, որ ըստ «Չորրորդ իշխանության», Ավանում ու Արաբկիրում տարիների ընտրակեղծարարները լքում են ՀՀԿ շարքերը, և թերևս չպետք է զարմանալ, եթե նրանք հանկարծ դառնան ՀՀՇ-ական ու սկսեն կեղծել հօգուտ ՀԱԿ-ի…
Բայց կա մի հանգամանք, որը կարող է խաթարել ՀԱԿ-կոալիցիա «հովվերգությունը»: Ռոբերտ Քոչարյանի գործոնը: Այժմ Սերժ Սարգսյանը լավ էլ համագործակցում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, սակայն չպետք է բացառել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեն համագործակցել ընդդեմ Սերժ Սարգսյանի: Չէ՞ որ ՀՀ առաջին նախագահը լավ է սերտել այն դասը, որ «կարևորը ճիշտ պահին դավաճանելն է», գումարած դրան` կա ԲՀԿ-ի գործոնը: Ամբողջովին չպետք է բացառել այն տարբերակը, որ քոչարյանական ճամբարն ու ՀԱԿ-ը կփորձեն համատեղ «ֆուկ» անել ՀՀԿ-ին. Հո իզուր չէր Ահավոր Ադիբեկյանը (կամ Կարապետիչի ասած` Սուտիբեկյանը) անցկացնում սոցհարցում, թե ինչ կլինի, եթե լինեն արտահերթ ընտրություններ և ՀՀԿ-ն չմասնակցի դրանց. ուրեմն այդպիսի պատվեր ստացել է…
Ու հենց վերը հիշատակվածն է տալիս բացատրություն, թե ինչու առաջին «ժամադրությունը» նշանակել է հենց Հովիկ Աբրահամյանը. Արգամիչը հենց այն գործիչն է, որը կարողացել է մինչև հիմա Գագիկ Ծառուկյանին պահել կոալիցիայի շրջանակներում: Հիմա էլ նրա այդ հմտությունը հույժ պահանջված է, որպեսզի տարատեսակ «սյուրպրիզներ» չլինեն ԲՀԿ-ի կողմից:
Ինչևէ, սպասենք մինչև երկուշաբթի, և հավանաբար հանդիպման վայրը իրոք փոխել չի կարելի:
Շաբաթվա վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆ
«Մոսկվա» կինոթատրոնի տոմսարկղում` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի տոմս գնելիս կարելի էր հաճախ լսել. « Դե, առանց թարգմանության կինոներ են»: Նման պատասխան լսողները հիմնականում հեռանում էին` հասկանալով, որ իմաստ չունի «համր» ֆիլմ դիտել:
Համառներին դահլիճում անակնկալ էր սպասում` ֆիլմը թարգմանված էր, ընդ որում` հայերեն և անգլերեն: Ֆիլմը, որ ցանկանում էի դիտել, գերմանական արտադրության էր: Թե ինչով էր պայմանավորված տոմսարկղի աշխատակիցների նման վերաբերմունքը, գուշակել անհնար է:
«Ինքնասպանների ակումբը» վատ ֆիլմ չէր, ինչը անկարելի էր ասել շաբաթ օրը ցուցադրված «Երկյուղներ» ֆիլմի մասին: Նման խայտառակ ցուցադրությամբ եզակի կինոփառատոններ կարող են «գլուխ գովել»:
Նախ, թարգմանությունը դրված էր այնպես, ինչպես սղագրվել էր` խայտառակ տառասխալներով: Հաջորդն արդեն ֆիլմի ընդհատումներն էին: Ֆիլմն ընդհատվեց մի քանի անգամ: Առաջին ընդհատումից մի 10 րոպե հետո էկրանը սկսեց կենդանանալ. հասկացվեց, որ դիսկն էին փորձում կարգի բերել, հետո արդեն ֆիլմը դրեցին հենց սկզբից ու սկսեցին դանդաղ, շատ դանդաղ առաջ տալ, ինչպես դա արվում է տանը DVD-ով ֆիլմ դիտելիս, միայն թե` ավելի վատ ու ավելի դանդաղ: Երկրորդ անգամ առաջ տալիս ֆիլմը վերսկսվեց մի քանի րոպե առաջ անցած տեղից, ինչի պատճառով որոշ տեսարաններ դուրս մնացին կինոդիտողի համար: Երրորդ անգամ ավելի անհաջող էր, առաջ տվեցին առնվազն 10 րոպե ավելի:
Ֆիլմի ավարտը թեթևություն բերեց. Հազիվ ավարտվեց տանջանքը` մազոխիզմի հակվածներս մինչև վերջ դիմացանք, գուցե ինչ-որ լավ վերջաբանի ակնկալիքով, սակայն` իզուր:
Արդարացի լինելու համար ասեմ, որ փառատոնի ժամանակ միայն վատ ֆիլմեր չէին ցուցադրվել, պարզապես լավ ֆիլմերը, ինչպես պարզվեց, ընտրյալների համար էին` «պլեբսը» կարող էր սրանով էլ յոլա գնալ: «Ինչքան լավ կինո կա, դրել են հրավիրատոմսերով, մենակ իրանք են նայում` իրանց էրեխեքի հետ… Էս ոսկե ծիրան չի է՛, չեչոտ ծիրան ա»,- հասավ ականջիս:
Ծիրանի «չեչոտության» մասին խոսում էին նաև փառատոնի մասնակիցները: «Ոսկե ծիրանի» առաքելությունը աշխարհի տարբեր երկրներից կինոաշխարհի մարդկանց Հայաստան բերելն ու դրա շնորհիվ հայ կինոգործիչների հետ ծանոթացնելն է, ինչը առիթ կդառնար մերոնց համար ֆիլմ նկարելու հնարավորություն գտնել, որը կարծես մնում է անկատար: Կինոփառատոնի հնարավորությունից օգտվում են միայն հայ կինոյի մաֆիոզները. հենց որ փողի երակ է նշմարվում, միանգամից «շնաձկներն» անցնում են գործի, սկսում իրար հոշոտել` ֆինանսավորումն իրենցով անելու համար, ինչը երբեմն պատճառ է դառնում, որ փող տվողը հիասթափվի ու ձեռ քաշի իր մտադրությունից:
Մեկ այլ տարբերակի դեպքում խանգարողը մշակույթի նախարարությունն է. ռեժիսորներից մեկը ֆինանսավորում էր հայթայթել, հայկական կողմից պահանջվում էր ընդամենը խորհրդանշական մասնակցություն, սակայն ռեժիսորին մշակույթի նախարարությունից հասկացնում են, որ Հասմիկ Պողոսյանն իր փայ ատկատն է ուզում, ինչը բարկացրել էր ռեժիսորին, որը, չցանկանալով խաղալ տիկին նախարարի սահմանած խաղի կանոններով, ընդհանրապես հրաժարվել էր այդ պրոյեկտից:
Իսկ թե դեռ ինչքան ժամանակ կարող է չեչոտ ծիրանը ոսկու տեղ հրամցվել, հայտնի չէ…
Հուլիսի 15-ին կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի կինը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Դոնարա Մկրտչյանը:
Դոնարա Մկրտչյանը մահացավ Սևանի հոգեբուժական հիվանդանոցում, 70 տարեկան հասակում, լքված մերձավորներից ու անտեսված Մայր թատրոնի ղեկավարության ու թատերական գործիչների կողմից:
Երկար տարիներ Դոնարան գտնվում էր հոգեբուժարանում. մեկ-երկու գործընկերներից բացի, որոնց թվում էր Ժենյա Ներսիսյանը, ոչ ոք չէր այցելում նրան: Դժբախտ կինը, ամուսնուց հետո կորցրեց նաև զավակներին` որդուն և դստերը, մնացել էր թոռնուհին, որն արտասահմանից վերջերս էր եկել տատիկին այցելության ու չգիտեր անելիքը: Դոնարան անօգնական էր, անխնամ: Դեղերից ու սարսափելի կյանքից քայքայված կինը հազիվ էր հիշեցնում երբեմնի հետաքրքիր կյանքով լի դերասանուհուն, որի անուրանալի ձիրքը հոգեկան խանգարման պատճառով փակվեց հոգեբուժարանի պատերի ներքո:
Նա լքված էր բառիս բուն իմաստով, չգիտեմ սկզբնական շրջանում ինչպես, բայց վերջին 7-8 տարվա ընթացքում մի քանի անգամ տեսել եմ նրան: Դոնարան այցելուներ չուներ, լքված էր թատերական համքարության կողմից, որոնք ոչ միայն չէին այցելում, այլև գոնե առիթից առիթ ծանրոց չէին ուղարկում իրենց հիվանդ գործընկերոջը: Լքված էր Մկրտչյան ընտանիքի կողմից, որոնց ազգանունն էր կրում, ու որոնք իրենց եղբոր հիշատակը գոնե հարգելով` կարող էին մեկ- մեկ հիշել նրա դժբախտ այրուն, որը սիգարետ էր խնդրում պատահական մարդկանցից… Ի վերջո, Մհեր Մկրտչյանի անունը քիչ բան չի տվել նրա ազգականներին:
Դոնարա Մկրտչյանը չհասցրեց շատ դերեր խաղալ, բայց նրա մի քանի դերն արդեն իսկ շատ բան են ասում շնորհալի դերասանու մասին: Գյումրեցու համ ու հոտ, արվեստի անուրանալի զգացողություն կար նրա «Աշխարհն այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ»,«Պաղտասար աղբար» ներկայացումներում և ֆիլմերում խաղացած` «Շրթներկ N4», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին» և այլ կերպարներում:
Հ.Գ. Դոնարա Մկրտչյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է խումբ: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը տեղեկացրել է, որ այսօր` հուլիսի 18-ին, ժամը 14-ին ի հիշատակ դերասանուհու Սևանի եկեղեցիներից մեկում կմատուցվի պատարագ, ինչից հետո տեղի կունենա նրա հուղարկավորության արարողությունը:
Շաբաթ օրն առանցքային է դարձել մեր ներքաղաքական գործընթացի համատեքստում: Համենայն դեպս` վերջին ամսվա ընթացքում:
Նախանցած շաբաթ օրը ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ կոալիցիան աշխատանքային խումբ է ձևավորելու` ՀԱԿ-ի հետ երկխոսություն սկսելու նպատակով: Երկու օր առաջ` դարձյալ շաբաթ օրը, հայտնի դարձավ, որ կոալիցիոն պատվիրակությունը ՀԱԿ իր գործընկերներին հրավիրում է հանդիպման` արդեն այսօր:
Հիմա` ըստ էության:
Այն բանից հետո, երբ Սարգսյանի մամուլի քարտուղարը հայտարարեց կոալիցիոն պատվիրակության ձևավորման մասին` ՀԱԿ-ում հրաժարվեցին մենաբանություններից. Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում պնդում էին, որ կոալիցիոն պատվիրակության մանդատը պետք է վավերացվի հանրապետության նախագահի հրամանագրով կամ ակտով: Մի փոքր անհասկանալի, եթե չասեմ` իրավական տրամաբանությունից դուրս պահանջ էր:
Բայց այս անգամ ՀԱԿ պահանջին Սերժ Սարգսյանը չարձագանքեց: Նրա փոխարեն դա արեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ընդ որում` ոչ թե իշխանության, այլ` խորհրդարանական կոալիցիայի անունից: Նա հրապարակեց կոալիցիոն պատվիրակության կազմը և հուլիսի 18-ին ՀԱԿ պատվիրակությանը հրավիրեց կոալիցիոն գործընկերների հետ հանդիպման` «Էրեբունի» հյուրանոցում, Հանրային խորհրդի նիստերի փոքր դահլիճում:
Երկխոսության ՀԱԿ առաջարկած ձևաչափը, ըստ էության, մերժվեց: Մի փոքր էլ տարօրինակ էր Կոնգրեսին Հանրային խորհուրդ հրավիրելը, առավել ևս, որ այս մարմինը հասարակության մոտ դրական ասոցիացիաներ չի առաջացնում և նույնանում է «հաճախորդների» ակումբի հետ:
Այս անգամ, սակայն, ՀԱԿ-ը բավական արագ արձագանքեց Աբրահամյանի հայտարարությանը:
Կոնգրեսի ութ կետանոց հայտարարությունը բաղկացած է երեք մասից` նկարագրողական, որում հիշեցվում են իշխանության քայլերի մասին, կոնկրետ գնահատականներ` տրված Աբրահամյանի հայտարարությանը, և վերջապես` իրազեկում ՀԱԿ օգոստոսի 2-ի հանրահավաքի մասին:
«…Հայ Ազգային Կոնգրեսն ի սկզբանե շեշտել և հետագայում բազմիցս կրկնել է, որ իր ներկայացրած երեք հայտնի պահանջների կատարումից հետո պատրաստ է երկխոսություն սկսել ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, և ցավով արձանագրում է, որ վերջիններս չեն հասկացել կամ ձևացնում են, թե չեն հասկացել այս պարզ իրողությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան իրավիճակի ոչ համարժեք ընկալման կամ քաղաքական անպատասխանատվության դրսևորում… Դա համարելով որոշումների կայացման հարցում բարդույթներ ունեցող իշխանություններին հատուկ ժամանակավոր արգելակում կամ մանր խորամանկություն, Կոնգրեսը որևէ կասկած չունի, որ նրանք վաղ թե ուշ մեզ հետ խոսելու են գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված և Սերժ Սարգսյանի կողմից լիազորված պատվիրակության մակարդակով՝ հանգամանքների թելադրանքով քննարկելու համար մեր առաջարկած օրակարգը, այն է՝ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը… Քանի դեռ այդպիսի պատվիրակություն չի ձևավորվել, Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև իրական երկխոսության մասին ավելորդ ու անիմաստ է խոսել։ Իշխանությունները պետք է հասկանան, որ որքան էլ փորձեն ժամանակ շահել և հարցը ձգձգել, միևնույն է, նրանք չեն կարողանալու խուսափել արտահերթ ընտրությունների անցկացման հրամայականից, ուստի, երկրի կորուստներն ու ժողովրդի տառապանքները չավելացնելու համար, պարտավոր են, որքան հնարավոր է, արագ կողմնորոշվել այդ հարցում…
Այս ամենով հանդերձ, նկատի ունենալով կոալիցիոն կուսակցությունների կողմից մեզ արված առաջարկը և ենթադրելով, որ նրանք մեզ ասելիք ունեն (քանի որ իրենք են հանդես եկել նման նախաձեռնությամբ), մենք դեմ չենք հուլիսի 18-ին հանդիպել նրանց հետ ու ամենայն հարգանքով լսել նրանց, թեև կարելի էր հանդիպման համար չեզոք վայր ընտրել։ Ավելին, մենք պատրաստ ենք նաև հետագայում պահպանել կոալիցիոն կուսակցությունների հետ հանդիպումների ձևաչափը, որպես Կոնգրես-իշխանություն բանակցությունների հիմնական ձևաչափին զուգահեռ և օժանդակ գործընթաց…»,- մասնավորապես ասված է ՀԱԿ հայտարարության մեջ:
ՀԱԿ հայտարարության տրամաբանությունը հուշում է, որ Տեր-Պետրոսյանի թիմը պետք է հրաժարվեր այսօրվա հանդիպումից: Բայց դա կարող էր չընկալվել հատկապես միջազգային կառույցների կողմից. կստացվեր, որ մենք ունենք հանդուրժող իշխանություն և անհանդուրժողականությամբ տառապող ընդդիմություն: Հավանաբար, այս հաշվարկով էլ արվել էր Աբրահամյանի հայտարարությունը:
Սակայն ՀԱԿ-ը նաև բոլորին նախապատրաստում է այսօր մեկնարկելիք գործընթացի հնարավոր ձախողման հեռանկարին, ավելին` հրաժարվում է քաղաքական պատասխանատվություն կրել դրա համար` նախաձեռնությունը վերագրելով կոալիցիային: «Քանի դեռ այդպիսի պատվիրակություն չի ձևավորվել (խոսքը Սերժ Սարգսյանի ձևավորած պատվիրակության մասին է), Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև իրական երկխոսության մասին ավելորդ ու անիմաստ է խոսել»,- ասում են Կոնգրեսում:
Ստացվում է, որ այսօր ՀԱԿ պատվրակությունը գնալու է` լսելու համար կոալիցիոն ուժերի առաջարկները: Կոալիցիայի ներկայացուցիչներն, իրենց հերթին, ասել էին, որ իրենց աշխատանքային խումբը ստեղծվել է, որպեսզի լսի արտախորհրդարանական ընդդիմության առաջարկները: Ստացվում է, որ երկու կողմերն էլ այսօր լսողի դերում են լինելու: Իսկ եթե անգամ խոսեն, ըստ ՀԱԿ-ի` դա երկխոսություն չի լինելու:
Այնպես որ` այսօր մենք կարող ենք ականատես լինել ոչ թե երկխոսության մեկնարկին, այլ` սովորական գյալաջիի: Դա էլ նորմալ կլիներ, եթե չլիներ երկխոսության գաղափարի արժեզրկման վտանգը:
Այսօր Ուկրաինայից ձվի հերթական խմբաքանակն է ներկրվել Հայաստան: Մեր ունեցած տեղեկություններով չորս մեքենա, որից յուրաքանչյուրում 800 արկղ. Այսինքն 1 միլիոն 520 հազար հատ ձու, որի պիտանելիության ժամկետին, հաշված ճանապարհն ու մյուս նրբությունները, մնացել է ընդամենը 5 օր:
Համաձայն Սննդամթերքի անվտանգության ծառայության տվյալների, միայն ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանը Ուկրաինայից ներկրել է 8 140 320 հատ ձու: Հավի ձվի ներկմամբ զբաղվողները հիմնականում տեղի թռչնաֆաբիկաներն են` «Լուսակերտ», ԵԹՖ և էլի մեկ երկուսը: Հունիս ամսին արդեն իսկ ներկրվել է 1 200 000 հատ ձու: Ինչու՞ է Հայաստանն այս քանակությամբ ձու ներկրում և ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում:
Նախ հարց է ծագում` ինչու է ձեռնտու ձու ներմուծելը և ինչ է հետևում դրան. դրսում հավի կերի մեկ տոննան արժե 230 դոլար, մեզ մոտ` 450, դրանից ելնելով ձվի ինքնարժեքը կազմում է 20 դրամ, 11 դրամ կազմում է ճանապարհածախսը, մինչդեռ մեզ մոտ այն 46 դրամ է: ինչը խոշոր թռչնաֆաբրիկաների համար ձու ներկրելը դարձնում է ձեռնտու: Մյուս` ավելի փոքր ֆաբրիկաները ստիպված մորթում են իրենց հավերին, գլխաքանակը նվազեցնելու համար` շուկան պահանջարկ չունի: Ձմռանն արդեն ձուն դառնում է դեֆիցիտ, (ինչպես անցած տարի`նոր տարվա շեմին) քանի որ անհրաժեշտ գլխաքանակ տեղական արտադրողն արդեն չի ունենում:
Հայաստան ձուն հասնում է մեկ, մեկուկես ամսվա ընթացքում: Այս սննդամթերքը բնականաբար, տեղափոխվում է սառնարանային պայմաններում, որից հետո ոչ սառնարանային պայմաններում ձուն կարելի է պահել ընդամենը 5 օր: Եթե ձուն չեն սառեցնում, ապա այն հնարավոր է պահել ամիս ու կես: Այս մասին մեզ ասացին սննդի անվտանգության տեսչությունից: Հաշվի առնելով ձվի պահպանման կարգը, այն խախտելու դեպքում նրա վտանգավորության գործոնը դառնում է անժխտելի: Այժմ տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստան ներկրված այս հսկայական չափաքանակի հետ:
Խանութներում ուկրաինական ձու` որպես այդպիսին, անհնար է գտնել. այնտեղ վաճառվում է միայն տեղական արտադրության ձու: Համենայնդեպս, այդպես է առերևույթ: Ու՞ր է անհետանում ձվի նման խմբաքանակը: Պարզվում է, ամեն ինչ ավելի քան պարզ է. ներկրող վերոհիշյալ ընկերությունները պարզապես իրենց մակնշումն են կատարում ուկրաինական ձվի վրա, այսպես ասած, ուկրաինական ձուն «կնքում» և դարձնում հայկական, ու մատակարարում բանից անտեղյակ խանութներին: Արդյո՞ք ընդունող խանութները իսկապես անտեղյակ են իրենց հաճախորդների նկատմամբ կատարվող անբարոյական քայլից, այլ խնդիր է: Բայց շատ դեպքերում, մեր ունեցած տվյալներով, խանութպաններն կարող են անտեղյակ լինել, քանի որ տուփերում ուկրաինական ու հայկական ձվերը առաքվում են մեկումեջ դասավորությամբ: Սակայն սրանով ևս հարցն ամբողջությամբ չի լուծվում:
Ամռան ամիսներին մի քանի ընկերություններ միաժամանակ ներկրում են այն քանակի ձու, որ հայ սպառողը նախանշված ժամկետում չի կարող ամբողջությամբ սպառել: Մեկ միլիոն հատ ձու սպառելու համար կպահանջվի 5 օրից շատ ավելի ժամանակահատված, այսինքն` միանշանակ կարելի է ֆիքսել, որ անկախ վրան եղած մակնշումից, ուկրաինական ձուն սպառողին է հասնում արդեն իսկ պիտանելիության ժամկետը խախտված վիճակում:
Ինչ է ստացվում. Շարքային քաղաքացին ձվի տուփի մեջ հայտնաբերելով մի քանի նեխած ձու, դրանք ուղղակի դեն կնետի,սակայն սա հարցի լուծում չէ, մեկ — երկու կարող է խնդիրներ առաջանալ. Ուրեմն ինչ անել .ներմուծված ձվի պահեստներում մնացած մասը, որոնք կորցել են իրենց որակական հատկանիշները կարող են տրամադրվել խմորեղենի արտադրությամբ զբաղվողներին: Այս հարցում թիվ մեկ խոշոր սպառող է համարվում Պաշտպանության նախարարությունը:
Ի դեպ սննդի անվտանգության տեսչությունից հայտնեցին, որ այո, ներկրված ձուն համեմատաբար էժան գներով տրամադրվում է բանակին:
Մինչ վերջին ներկրումը Երևանում ուկրաինական ձուն պահվել է «Ձյունիկ» ընկերության սառնարաններում: Մեր հարցմանն ի պատասխան, այստեղից հայտնեցին, որ 10 օր առաջ հանել են եղած խմբաքանակը և առանց մակնշման տարել անհայտ ուղղությամբ: «Լուսակերտ» ՓԲԸ-ից տեղեկացանք, որ այնտեղ դեռ 40 արկղ նման ձու կա:
Ուկրաինական ձուն սև կնիքով է մակնշված: Սննդամթերքի անվտանգության տեսչությունը` ելնելով մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների ստուգումն արգելող կառավարության` այս տարվա հունվարին ընդունած որոշումից, ի զորու չէ ստուգումների միջոցով կանխելու անորակ ձվի հոսքը շուկա, ազդելու ուկրաինական ձվերով հայկական շուկան ողողելու և սեփական մակնշման միջոցով սպառողին խաբելու` որոշ ընկերությունների կողմից կատարվող հանցագործության վրա: Տեղական ձվի ինքնարժեքը, որով այն հանձնվում է խանութներին, 46 դրամ է, խանութը ձուն վաճառում է 55 դրամով: Բնական է, որ ներկրման հիմնական պատճառը ներկրվող ուկրաինական ձվի շատ ցածր գինն է: Ըստ մեր տեղեկությունների, տեղական ձվի գինը կարող էր ավելի ցածր լինել, եթե տեղական արտադրողին հնարավորություն տային տնօրինել շուկան, որի արտադրանքը լիուլի բավարար է մեր բնակչության պահանջարկին: Իսկ այսօր տեղական ձուն իրացման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
Արդյո՞ք Հայաստանն անկարող է սեփական բնակչության կարիքները հոգալ սեփական արտադրողների միջոցով, հատկապես, երբ երկրի վարչապետն առիթը բաց չի թողնում կրկնելու, թե իր կառավարության նպատակը տեղական արտադրողներին խթանելն է: Ինչպես տեսնում ենք, հերթական անգամ «խթանումը» խսիտ յուրահատուկ ձևով է կազմակերպվում և հերթական անգամ գերշահույթներ ապահովելու մոլուցքը մեր որոշ տնտեսվարողների դրդել է անտեսել կառավարության ղեկավարի ելույթների առանցքային դրույթներից այս մեկը, որի հետևանքով ոչ միայն ընկնում է տեղական արտադրողների վարկը` նրանց մակնշման տակ թաքցնելով վտանգավոր, կասկածելի ծագման, որակապես տեղականին մի քանի անգամ զիջող ձու, այլև, և որն ավելի կարևոր է ու առաջնային` վտանգում ժողովրդի առողջությունը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հասարակությունների հետ անկեղծ չեն: Ասենք, Հայաստանի ղեկավարները երբեք պարզորոշ չեն ասում, որ կարգավորման ցանկացած տարբերակով Հայաստանը վերադարձնելու է ԼՂՀ հարակից շրջանների առնվազն մի մասը: Ադրբեջանի իշխանություններն էլ չեն ուզում իրենց ժողվրդին նախապատրաստել, որ կարգավորման գործընթացը կարող է հանգեցնել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը:
Արդյունքում` հասարակություններն ապրում են անորոշության մեջ, և ավելի է մեծանում անվստահությունն իշխանությունների, նաև` երկու ժողովուրդների միջև:
Սա պարարտ հող է ստեղծում, որպեսզի քաղաքական օրակարգ բերվեն կարգավորման շատ պրիմիտիվ թեզեր: Մենք կխոսենք այն թեզերի մասին, որոնք հայաստանյան քաղաքական օրակարգում են:
«Ոչ մի թիզ հող չհանձնելու» թեզը պոպուլյար է ազատամարտիկների մոտ: Սա նույնիսկ բնական է կռված մարդու տեասկետից: Բայց եթե այդ կարգախոսը դառնում է քաղաքական պահանջ, դրանից պոպուլիզմի և դեմագոգիայի հոտ է փչում, որովհետև ակնհայտ է` եթե դու պատրաստ չես զիջումների, նույնը չես կարող պահանջել նաև հակամարտության մյուս կողմից:
Բոլորս էլ կուզեինք Արցախը տեսնել Հայաստանի կազմում: «Միացում» կարգախոսով էլ սկսվել է 88-ի շարժումը: Բայց այս հանգրվանում «միացում» քաղաքական կարգախոսն արկածախնդրություն է, հասարակության հայրենասիրական զգացումները խաղարկելու ձև: Բոլորն են հասկանում, որ այս կարգախոսի ռեալիզացիան կբերի կարգավորման գործընթացի վիժեցման, ինքնորոշման գաղափարը կստորադասվի տարածքային չհիմնավորմած հավակնության:
«Եթե գլխավոր սուբյեկտի դերում հետագայում հանդես գա Արցախը, կարծում եմ, որ անգլո-սաքսոնական դիվանագիտության ճիրաններից ազատվելու միակ տարբերակը Արցախի միացումն է ՌԴ-ին՝ որպես քաղաքական սուբյեկտ՝ իր սահմանադրությամբ որդեգրված 14 հազ. քառ. կմ-ով»,– այսօր նման կարծիք է հայտնել մարքսիստ Դավիթ Հակոբյանը։
Եթե սա միայն Հակոբյանի կարծիքը լիներ, ընդհանրապես չէի հիշատակի դրա մասին` հաշվի առնելով նրա նվազագույն դերակատարությունը մեր քաղաքական իրականության մեջ: Ցավն այն է, որ հասարակության մի մասը համամիտ է այս գաղափարին: Թերևս դա զգում է նաև Հակոբյանը` փորձելով սիրաշահել հանրության այդ հատվածին:
Առհասարակ ապազգային մտայնություն է, երբ մեր հարցերի լուծման բանալին փնտրում ենք երրորդ երկրներում: Եթե այդ մտածելակերպն ունենայինք, հաստատ պետություն չէինք ունենա, ղարաբաղյան պատերազմում հաղթանակ չէինք տանի:
Որպես պետություն հաստատ կձախողենք, եթե շարունակենք մտածել, որ Ռուսաստանն է մեր անվտանգության երաշխավորը, որ ռուսները մեզ օգնեցին ղարաբաղյան պատերազմում, որ ռուսները մեր թիկունքին կլինեն, եթե նոր պատերազմ լինի:
Ռուսաստանը, ինչպես ցանկացած նորմալ երկիր, ունի իր ազգային-պետական շահերը, և հաճախ, շատ հաճախ մենք մանրադրամի ենք վերածվել Ռուսաստանի և այլոց հարաբերություններում:
Այդ նվաստացուցիչ կարգավիճակին ենք արժանացել մեր մտածողության հետևանքով: Պատմության դաժան էջերի կրկնությունը բացառելու համար` պետք է վերանայենք մեր մտածողությունը, արժեքային համակարգը:
«Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի ամենամյա «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ հայաստանյան շոուբիզնեսից մի քանիսին բնակարաններ ու շքեղ ավտոմեքենաներ նվիրելու փաստը մեծ աղմուկ բարձրացրեց: Իսկապես առատաձեռն է Սամվել Կարապետյանը, թե ոչ, դժվար է ասել, սակայն փաստ է, որ նրա եղբոր մասին «Տաշիր» առևտրի կենտրոնում բոլորովին այլ կարծիքի են: «Տաշիրը», ինչպես հայտնի է, Կալուգայի Սամոյի եղբայր Կարեն Կարապետյանինն է` նախագահի աշխատակազմի ղեկավարինը, որն ամեն ամիս յուրաքանչյուր բուտիկից 200-250 հազար գումար է հավաքում ու շարունակում մարդկանց աշխատեցնել առանց օդորակիչների: Բայց դա նրան չի հուզում. «համբալները», որոնց համար ջանք չեն խնայում Կարապետյան եղբայրները, միևնույնն է` չեն գնահատում իրենց բարեգործությունը: Աշխատակիցների բողոքին ի պատասխան` դուռն են ցույց տալիս, այնպես որ` մարդիկ այլ ելք չունեն ու անտանելի շոգի պայմաններում անզոր ժպտում են հաճախորդների դժգոհությանն «ընդառաջ»: Հաճախորդներն էլ, քրտնքից թրջված հագուստը «վինտիլյատորների» քամու տակ մի կերպ վրաները քաշելով, մի քանի «քաղցր խոսք» են ասում «Տաշիրի» տերերին: «Մի՞թե սա թրաֆիքինգ չի,- հարցնում են նրանք,- նման անմարդկային պայմաններում աշխատելու համար պարտական ենք երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՞ն, երբ ցանկացած բուդկայի աշխատող էսօր կոնդիցիոներ ունի»:
Ուշագնացության բազմաթիվ դեպքեր գրանցվեցին նաև անցյալ տարի, անցյալ տարի էլ մենք անդրադարձանք այս խնդրին, սակայն, ինչպես տեսնում ենք, տարիներն անցնում են, բայց ոչինչ չի փոխվում, կամ գրեթե ոչինչ` բացի բնակարաններ ու ավտոմեքեներ նվիրելու օլիգարխիական կայֆերից: Թեև Հայրապետ Հայրապետյանից էլ քիչ բողոքներ չկան, սակայն «Հայաստան» առևտրի տունը կարծես թե այս առումով ավելի բարվոք վիճակում է, ավելի բարվոք հատվածներ կան անգամ Խաչատուր Սուքիասյանի «Ռոսիա» առևտրի տանը և անգամ Բանգլադեշի տոնավաճառում: Իսկ այս առումով դարձյալ առաջին հորիզոնականում անկասելի Բուռնաշն է` պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, որ ընդամենը բավարարվում է մարդկանց ասֆալտի մի քանի քառակուսի մետր տրամադրելով ու դրա դիմաց ամսական հսկայական գումարներ հավաքելով. Այստեղ պայմանների մասին խոսելը, այն էլ` օդորակիչի կարգի, հավասարազոր է մարդկանց ձեռ առնելուն: Հետո էլ` թրաֆիքինգի ենթարկողներ ենք փնտրում:
Ու Հայաստանն էլ իբր պայքարում է, որ իր քաղաքացիներին չտանեն օտար երկրներ և այնտեղ թրաֆիքինգի չենթարկեն…
«Վիվասել-ՄՏՍ» ընկերության պաշտոնական կայքից հասանելի հեռախոսահամարին զանգահարելն արդեն իսկ մեծ փորձություն է, ստիպված ես լսել հեռախոսային ավտոմատ օպերատորի բոլոր հրահանգները, սեղմել աստղանիշերն ու մյուս կոճակները, դիմանալ այդ ամենին մի քանի րոպե, որից հետո մեկ էլ անջատվում է, հետո էլի ես փորձում, էլի … ու մեկ էլ…
— Բարև Ձեզ, ներեցեք, կարո՞ղ եք օգնել, ինձ հարկավոր է կապվել Ձեր ղեկավարի հետ, տվեք խնդրում եմ կա´մ իր ընդունարանի, կա´մ ձեր լրատվական ծառայության համարը:
— Ես ձեզ ո՞նց կարող եմ հեռախոս տալ: Գնացեք եկեղեցի, մոմ վառեք, ձեզ ընդեղ կօգնեն:
Ու վերջ… Այս մեկը չափից դուրս անսպասելի էր ու չափից դուրս արտառոց` անգամ հայաստանյան ընկերությունների աշխատակիցների սպասարկման կուլտուրայի ոչ պատշաճ դեպքերին քաջածանոթների համար:
Հետաքրքիր է` տեղյա՞կ է հեռուստաէկրաններից ամենաշարքային փիառի ու գովազդի միջոցով իր համար բարեգործի համբավ ապահովող այս ընկերության ղեկավարը, թե իր աշխատակիցները բաժանորդների, քաղաքացիների, լրագրողների հետ շփվելու ինչպիսի յուրահատուկ կարգուկանոն են մշակել:
Ի դեպ, տարօրինակն այն էր, որ ես ներկայացա որպես լրագրող, որին ընդամենը հեռախոսահամար էր պետք. այնպես չէր, որ աշխատողը, որն ասաց, թե ինժեներ է, անունն էլ` Կարեն, մտածած լիներ, որ քաղաքացի է զանգահարել, օգնություն կամ մատաղի փող է խնդրում:
Ռալֆ Յիրիկյանը հայտնվել է Հայաստանի ամենաանհասանելի մարդկանց առաջին հորիզոնականում, ստացվում է, որ նրա հետ կապվելը հնարավոր է միայն եկեղեցի գնալու և Բարձրյալի օրհնությունը ստանալուց հետո:
«Վիվասել-ՄՏՍ»-ի ղեկավարի կամ գոնե նրա լրատվականի հետ կապվելը պայմանավորված էր դարձյալ ընկերության կողմից թույլ տրված կամայականության պարզաբանման մտադրությամբ: Ժամանակին «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ հասարակության նեգատիվ վերաբերմունքը հասել էր գագաթնակետին հատկապես այն պատճառով, որ ֆիքսված հեռախոսակապի բազմաթիվ բաժանորդների պարտավորեցնում էին վճարել Մոզամբիկի կամ մեկ այլ պետության հետ երբևէ չկայացած խոսակցության դիմաց գոյացած պարտքերը: Հիմա նույնը «Վիվասել»-ում է. բազմաթիվ անգամներ ֆիքսել էի, որ լիցքավորված գումարները զարմանալիորեն արագ սպառվում են: Բայց վերջինն ուղղակի ռեկորդային էր և չափազանց զարմանալի: Հաստատ ինչ-որ բան այն չէր, ու այս անգամ որոշեցի պարզել, թե ինչպե՞ս կարող էր նման բան լինել:
Վիվասելի` Ամիրյան փողոցի վրա գտնվող սպասարկման կետում աշխատակիցը ստուգում է և սկսում թվարկել` ըհը, 10 դրամ, ասենք` 5 դրամ, եսիմ ինչ, ու մեկ էլ թե` ռոումինգային խոսակցություն է եղել: Իրականում նման բան չի եղել, բայց, փաստորեն, քանի որ Վիվասելը որոշել է գնալ ԱրմենՏելի ճանապարհով, որևէ բան ապացուցել չես կարողանում: Չի ապացուցում անգամ հեռախոսի մեջ ֆիքսվածը, որտեղ րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան պահպանված են բոլոր խոսակցությունները: Բախտի բերմամբ, թե ինչպես, այդ երեք օրվա մեջ առանձնապես շատ զանգեր չէին եղել: Բացատրությունն ինչ-որ կերպ գտնվում է: Հուլիսի 10-ին գնացել էի Արմավիրի մարզ, սահմանամերձ գյուղերից մեկը, և ասում են` ռոումինգը միացել է: Բայց ինչպե՞ս, գոնե կարո՞ղ էր ծանուցել` ուզու՞մ եմ, թե՞ ոչ: Ոչ մի բացատրություն: Դե, միացել է: Լավ, միացել է, բայց ես որևէ մեկի հետ չեմ խոսել, ինչու՞ եք նման գումարներ գրանցել: Ոչ մի պատասխան: Խնդրում եմ ինձ տրամադրել իրենց մոտ գրանցված իմ զանգերի տվյալները: Մերժում են: Խնդրում են անցնել բողոքների բաժին: Անցնում եմ: Այնտեղ նույն պատմությունը: Իրենք որևէ բան անել չեն կարող, իրենք էլ տեսնում են, որ իմ հեռախոսի մեջ գրանցված է ամեն ինչ, և դա չի համապատասխանում իրենց ներկայացրածին, բայց, միևնույն է, եղածը եղած է: Խնդրում եմ դարձյալ տրամադրել իրենց ցուցակը: Դարձյալ` մերժում: Չեն կարող: Հետո պարզում եմ, որ նման իրավունք այս աշխատակիցները չունեին, և փաստորեն, որպես բաժանորդ, իրավունքներս խախտվել են:
Խախտվել են նաև սովորական մարդկային իրավունքներս, ինձնից գողություն է կատարվել, և որ ամենակարևորն է` այդ գողությունը որևէ մեկը չի էլ պատրաստվում վերադարձնել կամ ընդունել սեփական սխալը:
Այսինքն` պատմությունը կրկնվում է: Հետո արդեն, երբ փորձում ես պարզել` դա ընկերությունում ընդունված կա՞րգ է, թե՞ ամեն դեպքում աշխատակիցներն են չարաշահել իրենց իրավունքները, քեզ ուղարկում են «եկեղեցի մոմ վառելու», քանի որ, երևի թե, Ռալֆ Յիրիկյանն արդեն կիսաստվածի կարգավիճակ է ստացել, ուղղակի շարքային մահկանացու անտեղյակները չգիտեն դրա մասին, և ուրեմն` Հայաստանի չթագադրված արքայի «դրանիկներն էլ» արքայի շուքի տակ անձեռնմխելիների շարքն են անցել և կարող են ուր ասես ուղարկել բաժանորդներին, առավել ևս հարցեր պարզել ձգտող լրագրողներին:
Ճիշտ է, «մոզամբիկների» պատճառով ֆինանսապես տուժածներին այդպես էլ չհաջողվեց որևէ բան ապացուցել, նրանք ուզած-չուզած ստիպված եղան վճարել չեղած խոսակցությունների համար, քանի որ հեռախոսներն անջատվում էին պարտքերի պատճառով, սակայն դրանից հետո ԱրմենՏելի բաժանորդների թիվը կտրուկ նվազեց, և ընդհանրապես այս ընկերության անունը Հայաստանում մինչ օրս էլ ընկալվում է բացառապես տհաճությամբ, եթե ավելի խիստ չարտահայտվենք: Նեգատիվ վերաբերմունքից այդ ժամանակ շահողը նոր բջջային օպերատոր դարձած Վիվասելն էր, որ, փաստորեն, արդեն հասնելով ու անցնելով ԱրմենՏելին, որոշել է գնալ նրա ուղիով:
Միանգամից գնում եմ «Օրանժ» և փոխում բջջային օպերատորիս, նույնն էլ խորհուրդ եմ տալիս բոլոր ծանոթներիս` այլևս չօգտվել մի ընկերությունից, որտեղ, ըստ էության, մարդուն ռեկետ են անում և չեն բարեհաճում անգամ բացատրություն տալ կամ եթե վրիպում ու սխալ է եղել` ուղղել, այլ` ուղարկում են եկեղեցի:
Կարծում եմ, այսքանից հետո չարժե կապվել այդ ընկերության` ամպերից վեր գործող տնօրենի հետ: Օդից միլիոններ աշխատող այս ընկերությունում լկտիությունն ուղղակի ընդունված կարգ է դարձել, ու նման աշխատակիցներ պահող ղեկավարի պահվածքն ընդամենը շինծու ներկայացում է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.