29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...
Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք:
Յուլիուս Ֆուչիկ
Վերադառնալով այս օրվա ակունքներին (այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է) հարկ է հիշել Յուլիուս Ֆուչիկի մասին, որպես ազնվության, սկզբույնքայնության ու իր համոզմունքներին հավատարմության կերպար:
Իր ճշմարտության համար չեխոսլովակցի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկը վճարեց իր կյանքով։ 1943թ. սեպտեմբերի 8-ին նա զոհվեց համակենտրոնացման ճամբարում։ Առավել հայտնի է իր բանտում գրած «Թոկը վզին ռեպորտաժ» գրքով, որի համար 1950 թ.ին հետմահու պարգևատրվել է Խաղաղության միջազգային մրցանակով: Լրագրողական հանրությունը հիշում ու նշում է այդ օրը։
Լրագրողները հասարկության սանիտարները պետք է լինեն, նրանք են, որ պետք է ոչ միայն նկատեն, այլ բարձրաձայնեն ցանկացած անարդարության մասին, նրանք են, որ սկզբունքորեն պետք է լինեն անաչառ, նրանց համար է, որ ճշմարտությունը պետք է լինի գերագույն արժեք։ Եւ նրանք պետք է լինեն սոլիդար, որպեսզի հասարկությունը չմասնատվի։
Պատկերացրեք, Հայաստանում բոլոր լրագրողները իրոք լինեն անաչառ:
Սոլիդարության (հայերեն` համերաշխության, որն ըստ իս այդքան էլ իմաստային համարժեքը չէ) օրը ողջ աշխարհով մեկ անց են կացվում զանազան միջոցառումներ` համաժողովներ, համագումարներ, որտեղ հավաքվում են լրագրողներ ողջ աշխարհից։ Այդ հավաքներում նրանք ոչ միայն կիսում ե իրենց փորձը, այլ նաեւ մրցանակներ են ստանում իրենց վտանգավոր ու դժվարին աշխատանքի համար։ Հենց այս օրն էլ, սեպտեմբերի 8-ին անց է կացվում լրագրության ոլորտում ամենահեղանակավոր` Պուլտցերյան մրցանակի հանձնումը:
Իսկ մենք նույնիսկ լրագրողական արհմիություն չունենք:Մեզ հետ ցանկության դեպքում կվարվեն ինչպես ուզում են։ «Ժուռնալիստների միություն» ունենք, չգիտես ինչու՞ մնացել է «ժուռնալիստների», դե հա, երեւի հենց «ժուռնալիստներ» են մնացել այնտեղ…
Լրագրողի աշխատանքը ռիսկային է, եւ մեր ամենօրյա գործունեության ընթացքում մեզնից շատերն են զգում հեռու-մոտիկ գրչակիցների ուսն ու թեւը, որքան էլ որ մեծ հեռավորություններ բաժանելիս լինեն, իսկ ավելի շատերը չեն զգում…. Ավելին` զգում են, որ ոտի տակ են փորում, բան են ման գալիս որ սեւացնեն։ Մեզ բոլորիս միավորում է ընդհանուր գործը` ինֆորմացիոն նյութերի հավաքումն ու տարածումը, որով բավարարում ենք մարդկության ամենահրատապ պահանջներից մեկը` ինֆորմացիոն պահանջի սպառումը։
Բայց ԶԼՄ-ները ձեւավորում են նաեւ հասարակական կարծիք, այսինքն` կարող են ավելի շատ բան անել այսօր, քան գուցե նախկինում։ Բոլորին պարզ է, որ երկիրը վատ վիճակում է, ու հենց այստեղ կարելի է տեսնել լրագրողական այնպիսի տարաբեւեռ մոտեցումներ, որ մարմինդ սարսռում է կոնտրաստից։ Վարձու լրագրությունը օգնում է երկիրը պայթեցնել:
Հ.Գ. Ամենահին ու ամենամեծ լրագրողական միջազգային կազմակերպությունն աշխարհում դա Լրագրողների միջազգային կազմակերպությունն է` ԼՄԿ։ Հիմնվել է 1946թ. հուլիսի 8-ին Կոպենհագենի կոնգրեսի ժամանակ հակահիտլերյան կոլաիցիայի 21 երկրների ներկայացուցիչների կողմից։ ԼՄԿ նպատակներն ու խնդիրներն են`
Ժողովրդների միջև խաղաղության պահպանումն ու ամրապնդումը հասարակության ճշմարիտ ու ազնիվ ինֆորմացվածության ճանապարհով, պայքար պատերազմի պրոպոգանադայի, ֆաշիզմի, ազգային ու ռասայական խտրականության, զանազան կոնֆլիկտների դեմ, մամուլի ազատության եւ լրագրողների պաշտպանությունը մոնոպոլիաների ու ֆինանսական խմբերի ազդեցությունից, լրագրողների` իրենց խղճին ու համոզմունքներին համաձայն գրելու իրավունքի պաշտպանությունը, պայքար մամուլից եկող ստի, զրպարտության եւ ապատեղեկատվության դեմ, լրագրողների իրավունքների պաշտպանություն, պայքար նրանց նյութական բարեկեցության համար։
Մի շարք այլ ժողովրդավարական կազմակերպությունների հետ միասին ԼՄԿ-ն պայքարում է մարդասիրական համընդանուր արժեքների, միջազգային նորմերի պահպանման համար, հարգում է այնպիսի համաշխարհային ինտիտուտներ, ինչպես ՄԱԿ-ը, պայքարում է նոր միջազգային ինֆորմացիոն կանոնակարգի ամրապնդման համար:
Միավորելով աշխարհի շատ երկրներում գործող ավելի, քան 420 հազար ԶԼՄ-ների պրոֆեսիոնալների, կազմակերպությունը իր շարքերն է ընդունում ինչպես ազգային լրագրողական միություններ, այնպես էլ անհատական անդամներ:
ԼՄՊ-ի կողմից սահմանված է Յուլիուս Ֆուչիկի անվան Միջազգային լրագրողական մրցանակ եւ Պատվավոր մեդալ, որը հանձնվում է խաղաղության պահպանմանը եւ լրագրողների համագործակցությանն ու միասնությանը նպաստող առաջադեմ պրոֆեսիոնալ գործունեության համար:
Այսօր օրն է օգնելու շնորհալի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին
Տաղանդավոր բանաստեղծի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Բարդ վիրահատությունը կարող է իրականացվել միայն Գերմանիայում: Բուժումն արժե 50.000 դոլար: Կարևոր է և անհրաժեշտ յուրաքանչյուրիս օգնությունը: Ցանկացած չափի գումար փոխանցելով կարող եք օգնել` փրկելու մեծ գրողի կյանքը:
Հանգանակությունները կարող եք կատարել Pro Credit բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին`
AMD 253090017430-0090
EUR 253090017448-0092
USD 253090017455-0091
Կարող եք նաև անձամբ բերել Գրողների միություն (Բաղրամյան 3, 2-րդ հարկ), ժամը 10:00-18:00:
Հեռ. 564142, 094497601
Ոչ ոք ապահովագրված չի նման իրավիճակներում հայտնվելուց, նաև` լավագույն մարդկային հատկանիշները դրսևորվում ու զարգանում են հասարակության մեջ անշահախնդիր բարեգործություն անելիս։ Մեր հասարակությունը գտնվում է այն մակարդակի վրա, որ կարեկցանքը չի ընկալվում խղճահարության պատճառով, խղճալ պետք չէ, պետք է կարեկցել և օգնել, թե չէ բոլորս բոլորիս կամ խղճում ենք կամ նախանձում…
Օգնենք մեր բարեկամին, ուղղակի օգնենք…
Ով երեխաներին չի սիրում, նա չի կարող լավ մարդ լինել: Դա իմ խորը համոզմունքն է: Բնազդի մակարդակի վրա դրված մարդկային ցեղի շարունակելիությունը քարե դարում, միայն մոր պատասխանատվությունն ու խնամքը երեխայի հանդեպ մինչև այսօր ենթարկվել է էվոլյուցիոն ու քաղաքակրթական զարգացումների ու փոխակերպումների: Այսօրվա քաղաքակիրթ երկրներում երեխան, մանուկը, նրա իրավունքները, առողջ մանկությունը, զարգացման ու կրթության ապահովումը, ծնողների, հասարակության ու պետության կողմից երևի թե ամենալավն են պաշտպանված, ու այդ ամենը փոխկապակցված է:
Ինչպե՞ս կարելի է ասենք` հունիսի մեկին խոսել երեխայի պաշտպանության մասին, եթե ծնողը սոցիալապես պաշտպանված չէ: Կամ գիտելիքի օր։ Փաստորեն, պետությունը խաբո՞ւմ է: Կասեք` ինչո՞վ է խաբում: Խաբում է նրանով, որ հայտարարելով գիտելիքի օր, քիչ է չի ապահովում երեխային ամեն անհրաժեշտով, գոնե սովետի ակարդակի քիչ է, դեռ կազմակերպում է աչք փակող, աչք ծակող միջոցառումներ, որոնց ժամանակ սոցիալապես անապահով երեխան իրեն է´լ ավելի անապահով է զգում:
Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Բոլորս էլ երեխա ենք եղել, բոլորս էլ ուզեցել ենք մեծանալ, որովհետև մտածել ենք, որ երեխաներին չի կարելի շատ բան, որ մեծերին է կարելի, ու երևի թե մեծանալով` հուսախաբ ենք եղել, քանի որ, էդ «կարելիների» հետ միասին, ստացել ենք պրոբլեմներ, որոնք պետք է լուծել, և որոնք չունեն երեխաները: Ովքեր չեն ուզեցել` չեն մեծացել: Դե, իսկ մեծերն էլ պատասխանատու են փոքրերի համար և պետք է հոգան նրանց կարիքները: Իսկ էդ կարիքները շատ-շատ են, մանավանդ՝ մեր սոցիալապես անապահով երկրում:
Հիշո՞ւմ եք, սովետի տարիներին կային իմպորտնի կալգոտկաներ, որոնցով էին միայն դպրոցական ֆորմա հագնող դպրոցականների մեջ Մոսկվա գնացող-եկողների երեխեքը շահավետ տարբերվում սովետական փոթեր տվող, ներվայնացնող ռետուզներ հագնողներից. այլ ձև չկար, բոլորը միանման էին հագնվում: Հիմա ստացվում է՝ ավելի՞ վատ է: Ըստ իս՝ այո: Եւ էդ ամենը առավել սուր զգացվում է նմանատիպ օրերին` սեպտեմբերի 1, Նոր Տարի, Զատիկ, Հունիսի 1 և այլն: Մտածում եմ, որ անապահով խավի երեխաները սովորական օրերից ավելի են ատում էդ օրերը, ամեն անգամ հուզմունքով սպասում են, որ բարի ձյաձյան կամ ծյոծյան կգա, ու իրենց համար պաղպաղակ կառնի, կնստեցնի կարուսել:
Ընտանիքներ կան, որոնց կենսամակարդակն էնքան ցածր է, որ չեն կարողանում ապահովել իրենց երեխաներին ամենաառաջին անհրաժեշտության իրերով, դասագրքերով, որոնք վճարովի են: Այս պարագայում չգիտես՝ ասել, թե լա՞վ է երեխան մանկատանը մեծանա ու ունենա գոնե նվազագույնը, թեկուզ կողքը ծնող չլինի, թե՞ ունենա ծնող և անապահով մանկություն…
Չի իմացվի: Բայց որ՝ երեխայի մանկությունից է կախված, թե նա ինչպես կդիմակայի կյանքի հարվածներին, անժխտելի փաստ է: Լավ մանկություն տեսած երեխան շատ ավելի վստահելի ու «առողջ» մարդ է դառնում:
Եթե ծնողը լավ չի հոգ տանում երեխային, այլ երկրներում սոցիալական ծառայությունները ուշի ուշով հետևում են ընտանիքին ու, բավականաչափ հիմքերի դեպքում, կարող են ծնողին զրկել ծնողական իրավունքներից: Երեխան կարող է զանգահարել հեշտ հիշվող հեռախոսահամարով ու տեղեկացնել ոստիկանությանը, սոցիալական կառույցներին, եթե տանն իր հանդեպ բռնություն է կիրառվում կամ նույնիսկ, իր կարծիքով, ոտնահարվում են «Երեխայի իրավունքները»:
Եղբորս ընտանիքն ապրում է Գերմանիայում, երեխաները համ հայ են, համ եվրոպացի. այսինքն, Մարիամիկը 8 տարեկանում գիտեր իր իրավունքները ու երբեմն, երբ մայրը ձայնը բարձրացնում էր նրա վրա, սպառնում էր. «Պոլիցային կասեմ, երեխայի վրա չի կարելի գոռալ ու ծեծել»:
Կարող ենք ասել. «Ով մայրական ծեծից չի լացել՝ որբ է մեծացել»՝ մեջբերելով ռաբիսի դասական Տոտիկին, ու որ Մարիամիկը «փչանում է եվրոպաներում»՝ էդ ո՞նց կլինի, երեխան ծնողների վրա «գործ տա»: Իսկ ո՞նց է հնարավոր 21-րդ դարում երեխաների պարբերական բռնաբարություններ ընտանիքի ներսում ՝ընտանիքի անդամների կողմից, էլ չեմ ասում դրսի մասին, ու էդ երեխաներն էլ ախր տանը նստած չեն, նրանք դպրոց են գնում, դպրոցը չի՞ տեսել, չի՞ զգացել ուսուցիչն արդյոք, որ իր աշակերտի հետ ինչ-որ բան այն չէ։:
Հայ մանուկը, երեխան այսօր, էս ազիզ օրով մեր երկրում պաշտպանված չի: Ինչևէ, ինչպես ամեն ինչում, այնպես էլ այս հարցում մենք մեր խոցելի խավին, իսկ երեխաները 1959 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 1989 թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով, ըստ էության, համարվեցին խոցելի հատուկ խումբ, հիշում ենք միայն նրանց համար որոշակի ընտրված օրերին:
Այսօր երեխաների 80 տոկոսը պարբերական բռնության է ենթարկվում։ Եթե նախկինում նվաստացման դեպքերն էին գերակշռում, ապա այսօր ֆիզիկական և սեռական բռնություններն են աճել: Մեր օրենքով ծիծաղելի պատժաչափ է սահմանված մանկապղծության համար, մանկապիղծների համար մեր երկիրը սարքելով դրախտ՝ ո՞նց կարող է մեր երեխան պաշտպանված լինել:
Մեր երեխան սոցիալապես լավ չի ապրում:
Մեր երեխան իրավականորեն ու սոցիալապես պաշտպանված չի:
Մեր երեխան իրազեկված չի իր իրավունքների մասին:
Մեր երեխան, որպես հասարակության մոդել, վատ օրինակ ունի իր աչքի առջև:
Մեր երեխան հեռուստատեսությունից է սնվում հիմնականում, իսկ հեռուստատեսությամբ ոչ մի իրազեկում չկա, քարոզվում են կեղծ արժեքներ, շատ են բռնության տեսարանները, որոնք երեխան ընկալում է որպես գործող օրինակներ:
Հազարավոր երեխաներ օրվա հացի խնդիր ունեն, հազարավորները՝ հագուստի: Մեր ծնողազուրկ երեխաներն ապրում են կասկածելի կառույցներում, նրանք բարեգործության շղարշի դեր են կատարում սևը սպիտակացնել ցանկացող օլիգարխների համար:
Մեր երեխաները, մեծանալով, կյանքից հավաստի ակնկալիքներ չեն կարող ունենալ:
Մեր երեխաները վաղվա մեր հույսն են, մեր ապագան կերտողները, մենք պետք է նրանց պաշտպանենք, հոգանք նրանց, կրթենք, դարձնենք քաղաքակիրթ երկրի արժանապատիվ քաղաքացիներ, որ մի օր էլ նրանք ստիպված չլինեն «սոցիալականով» մեզ հանձնել ծերատներ:
Պաշտպանենք երեխաներին, խնամենք ու հոգանք նրանց, տանք նրանց ամենալավը, սերմանենք բարիք, որ երբ մեծանան, կարողանանք պահանջել նրանցից նույնը՝ ծերերի հանդեպ:
«Կյանքի տոն» խորագրով հետահայաց ցուցահանդեսը կմեկնարկի Սեպտեմբերի 2- ին Նորարարական Փորձարարական Արվեստի Կենտրոնում։ Այն կազմակերպել են 2011թ. հունվարի 3-ին ողբերգական պատահականության`ավտովթարի զոհ դարձած արվեստագետ Դավիթ Կարեյանի ընկերներն ու բարեկամները։
Այս ցուցահանդեսին ներկայացված են Կարեյանի` 17 տարվա գործերը, ինչպես նշում է ցուցադրության համադրող Սոնյա Պալասանյանը`«Ներկայացված են չորս տարբեր տիպի աշխատանքներ. առաջին մասը Կարեյանի երիտասարդական տարիքի աշխատանքներն են, երբ նա ակտիվիստ էր, ուզում էր ինչ-որ բան փոխել արվեստի ասպարեզում: Դավիթի արվեստի երկրորդ շրջանը նրա վիդեոաարթն է, փերֆորմանսները, ինստալիացիաները, որոնք շատ մեծ ազդեցություն են թողնում այսօրվա երիտասարդ նկարիչների վրա»:
Այստեղ է Դավիթի ամենամեծ` մարդու իրավունքների, հողի, պատերազմի մասին պատմող վիդեոարտը, որը 2003 թվականին ներկայացվել է Վենետիկի Բիենալեում, և որի մասին գրել է The New York Times-ը:
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը, կարևորելով ցուցահանդեսի խորագիրը` «Կյանքի տոն», ասել է, որ թեև չի եղել ներքին պայմանավորվածություն` չխոսել Դավիթ Կարեյանի չլինելու մասին, բոլորը, իրարից անկախ, խոսում են նրա լինելու մասին:
«Կարեյանն կյանքի այդ կարճ ժամանակաշրջանում կարողացավ իր կյանքի և իր ստեղծագործության միջոցով անցկացնել Հայաստանի անկախության 20-ամյա պատմությունը»,- ասել է արվեստաբանը:
Արվեստագետ Արման Գրիգորյանը, ներկայացնելով Կարեյանի արվեստը, կարևորել է նրա գործերում գրականության և արվեստի զուգահեռները:
«70-ականների հայ գրականությունը եղել է մաքուր ստեղծագործություն ստեղծելու շրջան, և Դավիթն էլ իր այդ շրջանը համարում է մաքուր ստեղծագործություն. ունի գրված տեքստեր մաքուր ստեղծագորության մասին, ելույթներ էր ունենում` բացատրելու` ինչ է ինքը հասկանում` մաքուր ստեղծագործություն ասելով»,-ասել է արվեստագետը:
Ավելի վաղ, Արման Գրիգորյանը Դավիթի մասին ասել է.
«Դավիթ Կարեյանը հետխորհրդային Հայաստանի Ժամանակակից արվեստի կարևորագույն արվեստագետներից մեկն է: Ընդամենը 17 տարի տևած ստեղծագործական գործունեության ընթացքում նրան հաջողվեց հսկայական ներդրում կատարել ինչպես Կոնցեպտուալ արվեստի(վիդեոարտ, ինստալացիա ու պերֆոմանս), այնպես էլ գեղանկարչության, համադրողական գործունեության և Հայաստանի ժամանակակից արվեստում տեսական մտքի զարգացման ասպարեզներում: Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի ավարտական աշխատանքը լինելով նրա առաջին ներկայացումը արվեստասեր հանրությանը , միևնույն ժամանակ երիտասարդական կոնցեպտուալիստ արվետագետների նոր հոսանքի կազմավորման սկիզբը դրեց:
Մաքուր Ստեղծագործություն խորագիրը կրող նախագիծը Դավիթը տեսականորեն հիմնավորել էր համանուն մանիֆեստով: 1993 -ից 1999 թվականերին շարունակելով իր կրթությունը Գեղարվեստի Ակադեմիայում Դավիթ Կարեյանը զուգահեռաբար կազմակերպչական և տեսական ակտիվ աշխատանք էր կատարում հանրությանը ներկայացնելու համար Մաքուր Ստեղծագործությյն մեթոդով կատարված իր և իր ընկերների աշխտանքները: 1994 թվականին «P.S.»անվանումը կրող ցուցահանդես-մանիֆեստացիայից հետո երիտասարդ կոնցեպտուալիստների այս հոսանքը արվեստի մասնագիտական շրջանակների կողմից արժանացավ ճանաչման ու արդեն հաջորդ տարվանից` Բոխումում և Մոսկվայում կազմակերպված պաշտոնական ցուցադրություններում հանդես էր գալիս իբրև անկախ Հայաստանի արվեստում նոր խոսք ասող և իրենց արժանի տեղը ունեցող արվեստագետների սերունդ:
Նույն 1995թ.-ին նրանք ձևավորեցին Մաքուր Ստեղծագործության մոտեցումը կիրառող արվեստագետների մի խումբ և այն անվանեցին «Ակտ»: Արվեստասեր հասարակությունը Դավիթի այս առաջին շրջանի աշխատանքները, մանիֆեստները և կազմակերպչական ակտիվությանը ավելի շատ ծանոթ է հենց «Ակտ» խմբի միջոցով: Ակադեմիան ավարտելուց հետո Դավիթ Կարեյանի մոտ ստեղծագործական նոր շրջան է սկսվում, որով նա, արդեն իբրև հասուն ստեղծագործող և ձևավորված անհատականություն, հայտնի է դառնում ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հանդիսատեսին:
1999 թվականին Դավիթը կազմակերպում է «Կրիզիս» անունով ցուցահանդեսը, որը պետք է դառնար ոչ միայն ստեղծագործական իր նոր շրջանի սկիզբը, այլև նախանշեր արվեստի այն միտումը, որն այսօր Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնի գեղագիտական գերապատվությունն է: Պատահական չէր, ուրեմն, որ Դավիթը իր կազմակերպչական և արվեստաբանական ողջ եռանդը ներդրեց անկախ Հայաստանի արվեստի խորհրդանիշներից մեկը համարվող այս կառույցի` ՆՓԱԿ-ի ամրապնդմանը ու վերելքին: 2001-ին և 2003-ին նա մասնակցել է Վենետիկի 49-րդ և 50-րդ միջազգային արվեստի Բիենալեներին, 2005-ին՝ 51-րդի ժամանակ եղել է Հայաստանի ազգային տաղավարի համադրողը :
Որպեսզի պարզ դառնա, թե ինչ մեծ երևակայությամբ, եռանդով ու մարդկանց հետ հաղորդակցություն հաստատելու բացառիկ ընդունակությամբ էր օժտված Դավիթը, բավական է միայն ասել, որ ՆՓԱԿ-ի հետ համագործակցելու տաս տարիների ընթացքում նա կազմակերպել է երեսունից ավելի ցուցահանդեսներ, ինչը նշանակում է ամեն նախագծի համար գրել արվեստաբանական տեքստեր, տեղական և միջազգային մամուլում հանդես գալ հարցազրույցներով, ելույթ ունենալ ցուցադրությունները ուղեկցող քննարկումներում, կոնֆերանսներում ու դիսպուտներում և ամեն անգամ, իր խստապահանջ բնավորության պատճառով, պատրաստվել ու ներկայանալ Հայաստանի Ժամանակակից արվեստի զարգացման ու միջազգային ճանաչման համար կարևոր նախաձեռնություններով:
Սկսած 2005 թվականից Դավիթ Կարեյանը իր ստեղծագործական որոնումների մեջ առավելապես կենտրոնացած էր Մինիմալիստական գեղանկարչության և Պոպ արտի սինթեզի միջոցով Հայաստանի արվեստի դաշտում Նոր գեղանկարչական հոսանքի սկզբնավորման եռանդագին փորձառարությամբ: Ակտիվորեն հանդես էր գալիս տեսական հոդվածներով, ցանկացած առիթ օգտագործում էր տեղական և միջազգային արվեստագետների հետ քննարկելու իր կողմից «Նոր Լոկալություն» անվանվող գեղանկարչական մեթոդի սկզբունքները:
Դավիթ Կարեյանի ստեղծագործական ակտիվության երեք էտապներն էլ ունեցել են մեծ ազդեցություն ինչպես իր սերնդի արվեստագետների վրա, այնպես էլ Հայաստանի Ժամանակակից արվեստի տեսական և ինստիտուցոնալ կառուցվացքի զարգացման գործում»:
Այսօր Ծաղկաձորում անկացվող «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողովի մասնակիցներին անակնկալ այցելել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա ելույթ է ունեցել քննարկման ժամանակ և ի պատասխան գիտնականների պահանջի ասել է, որ բոլոր ոլորտներն էլ ունեն իրենց խնդիրները, յուրաքանչյուրն իր ցավն է դեմ տալիս, և որպես ավելի ռացիոնալ տարբերակ առաջարկել է ոչ թե հենց այս պահին պահանջել ֆինանսավորման ավելացում, այլ վերակազմավորել ներսում եղած ռեսուրսներն ու ավելի արդյունավետ օգտագործել, տեսնել անհրաժեշտություն կա՞ արդյոք այդքան համարյա չգործող գիտական հաստատությունների և այդ հաստատությունները աշխատում են ամբողջովի՞ն, թե ուղղակի հաստատություններ կան, որոնք թղթի վրա են: Պետք է վերահսկել այսօր տրամադրվող ֆինանսների կառավարումը և տեսնել արդյո՞ք դրանք ճիշտ են կառավարվում, այնուհետեւ վերաբաշխել։
Արեգ Միքայելյան (ֆ-մ, գ.դ., ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան) առաջարկել է ՀՀ նախագահին իր սեփական ֆոնդից աջակցություն ցուցաբերել գիտնականներին ու ջանքեր գործադրել գիտնականի վարկանիշը բարձրացնելու համար։
Նախագահը պատասխանել է, որ հասարակության մեջ եղել են դեգրադացիոն պրոցեսներ և դրանք մեկ տարում կամ տասը տարում վերացնելը հնարավոր չէ. գիտնականի վարկանիշի անկումն էլ իր հերթին կապված է հասարակության վերաբերմունքի հետ։
Այնուհետեւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Հրանտ Մաթևոսյանն է դիմել Նախագահին այն հարցով, որ վիրավորում է նրան. գիտնականի աշխատավարձը մոտ երեք անգամ ցածր է հանրապետական միջին աշխատավարձից։ Գիտնականը խնդրել է ուշադրություն դարձնել այդ հարցին և վերանայել թվերը այս տարվա բյուջեի քննարկումներում։
Նախագահը պատասխանել է որ` իհարկե բարձր պետք է լինի գիտնականի աշխատավարձը, և ոչ միայն գիտնականի, բայց այդ ամենը արագ լուծվող հարցեր չեն և պետք է դիտարկել ընդհանուր իրավիճակի մեջ։
Վերջում Նախագահը հանձնարարել է առանձին հանդիպում կազմակերպել նախաձեռնության հետ, նաև հավելել, որ իր աջակցությամբ առանձին ֆոնդ կստեղծվի երիտասարդ գիտնականներին աջակցելու համար։
Հիշեցնեմ, որ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (USAAA), ԱՐՄԱԿԱԴ-ը և ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը, որը սոցցանցերում գործող ամենալայնածավալ նախաձեռնությունն է, և առայժմ` ամենաարդյունավետ։
«Երկխոսության», իսկ ավելի ճիշտ` երկխոզության փուչիկը վերջապես կարծես թե տրաքեց… Ու դրանում առանցքային դերակատարություն ունեցավ մեկուսարանում գտնվող խուլիգանության մեջ մեղադրվող Տիգրան Առաքելյանն իր` ազատության մեջ գտնվող 6 ընկերներով հանդերձ: Երիտասարդ տարիքը տվյալ պարագայում ազդեցության արգելք չէ. Չէ՞ որ Առաջին աշխարհամարտի հրձիգ էր դարձել Սարայևոյում կրակոցներ արձակած պատանի ահաբեկիչ Գավրիլա Պրինցիպը:
Որոշ վերլուծաբաններն արձանագրեցին, որ ՀԱԿ-ը շատ էժան գնով ծախեց իր ակտիվիստներին, Ժիրայր Սէֆիլյանն ու Տիգրան Խզմալյանն էլ ՀԱԿ-ի երեսով տվեցին, թե թաքնվում եք երեխաների թիկունքում…
Այդ խայտառակությունից պետք էր դուրս գալ, այդ պատճառով էլ ծնվեց ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը, թե «Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը առկախում է իր մասնակցությունը Կոնգրես-իշխանություններ երկխոսության շրջանակներում ընթացող բանակցություններում: Կոնգրեսի պատվիրակությունը նաեւ հայտարարում է, որ պատրաստ է վերսկսելու բանակցությունները Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո», ու ՀԱԿ-ը կրկին հնչեցրեց «քաղբանտարկյալ» բառը: Բնականաբար, դրանով ստեղծվեց ցուգցվանգային իրավիճակ. եթե իշխանությունն ազատ արձակի Տիգրան Առաքելյանին, ապա կստեղծվի տպավորություն, որ վախենում է ՀԱԿ-ից, եթե ոչ` ՀԱԿ-ը պիտի ինչ-ինչ կտրուկ քայլերի դիմի, սակայն փողոցային «կիլդիմների» բավարար ռեսուրս չունի: Ու հռետորաբանական փոխհրաձգությունը Դավիթ Հարությունյանի «տանգոյի» և Լևոն Զուրաբյանի «շախմատի» շուրջ ոչինչ չի փոխում: Բնականաբար, Տիգրան Առաքելյանին չեն ազատի, զի ըստ կոալիցիայի. « Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այսօր ևս կրկնում ենք նույնը. միջադեպին մասնակցած երիտասարդի հարցը մենք չենք կապել, չենք կապում և չենք էլ կապելու այս կարևոր քաղաքական գործընթացի հետ, քանզի այն ամբողջովին իրավական հարթությունում է: Մենք, ինչպես միշտ, պատրաստ ենք աշխատել մեր երկրում առկա ու մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման ուղղությամբ և շարունակում ենք բաց լինել ցանկացած կառուցողական առաջարկության շուրջ երկխոսության համար: Հույս ունենք, որ մեր գործընկերները կկարողանան վեր կանգնել այսպահային գայթակղություններից, և մենք հնարավորինս շուտ կկարողանանք շարունակել մեր երկրի համար կարևոր քաղաքական գործընթացը»:
ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ այս համեմատությունն է արել. «Թուրքիան էլ հազար ու մի պատճառ ունի հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունները տապալելու համար: Ասում է՝ Ղարաբաղը տվեք մեզ, և նոր միայն դիվանագիտական հարաբերութուններ հաստատենք: Ուրեմն նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Ղարաբա՞ղը պետք է տանք»։
Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ ՀԱԿ-ը շալակել է իրարամերժ հայտարարությունների հսկայական բեռ, որը դեռ շատ են նրա երեսով տալու:
Անցած տարվա նոյեմբերի 30-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Այո, մենք արմատական ընդդիմություն ենք, որովհետեւ չենք ընդունում այսօրվա Հայաստանի գործող ոչ լեգիտիմ իշխանություններին եւ այդպիսին լինելու ենք մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ մենք այդ խնդիրը ձեզ հետ միասին չենք լուծել…»: Եվս մի հատված հիմնադիր նախագահի նախորդ ասածներից. «Ուրեմն մենք պաշտոնապես հրաժարվում ենք որեւէ պայմանով Սերժ Սարգսյանի հետ որեւէ երկխոսության գնալուց։ Պաշտոնապես հայտարարում ենք։ Ես չգիտեմ` ում նախագահն է Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահը չէ։ Սերժ Սարգսյանը սովորական բռնազավթիչ է, որից պետք է անհապաղ ազատվել եւ կանգնեցնել դատարանի առջեւ։ Սերժ Սարգսյանի ստորագրած ոչ մի փաստաթուղթ մեզ համար իրավական ուժ չունի»:
Եվ ահա Լևոն Զուրաբյանի բավականին «թարմ» խոսքը. «Մենք երբեք չենք եղել արմատական ընդդիմություն, մենք եղել ենք այս երկրում արմատական փոփոխություններ կատարելու ջատագով, իսկ դա եղել ենք միշտ»: Ու ընդամենը 7 օր անց. « Սովորաբար դա նշանակում է ծայրահեղական և մարգինալ ընդդիմություն։ Եթե դա՛ նկատի ունենք արմատական ընդդիմություն ասելով, մենք արմատական ընդդիմություն չե՛նք։ Բայց Տեր–Պետրոսյանն իր ելույթներից մեկում «արմատական ընդդիմություն» եզրույթը մի քիչ այլ իմաստով է օգտագործել: Եթե մենք այդպե՛ս ենք հասկանում «արմատական ընդդիմություն» եզրույթը, ուրեմն մենք արմատական ընդդիմություն ենք»։
Երևանցու ժարգոնով ասած` էդ ի՞նչ «կռուտիտներ» են: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու մասին Լևոն Զուրաբյանն ասաց. « Այսինքն, մենք հայտարարել ենք, որ ողջամիտ կոչված ժամկետը կսպառվի սեպտեմբերին։ Բնականաբար, դա մեզ տալիս է որոշակի ճկունություն, թե սեպտեմբերի կոնկրետ որ օրը դա կարվի։ Դա ճկունություն է տալիս նաև իշխանություններին։ Այսինքն, մենք դեռ ժամանակ ունենք։ Իրե՛նք դեռ ժամանակ ունեն։ Հայաստանը դեռ ժամանակ ունի՝ հարցը լուծելու երկխոսության միջոցով»: Բերնից թռցրեց` « Հայաստանը դեռ ժամանակ ունի…»: Այսինքն` դուք Հայաստա՞նը չեք ներկայացնում, պարոնայք… Բա ո՞ւմ եք ներկայացնում` Ամե՞րիկան, Թո՞ւրքիան, Անգլիան… Եթե հիշենք, որ Լևոն Զուրաբյանը Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ է, իսկ Միջազգային ճգնաժամային խմբի «շեֆերի» մեջ կա թրքուհի, վերջերս որպես «Էրգենեկոն» տեռորիստական խմբի անդամ մերկացված Զեյնո Բարանը ու Թուրքիայի շահերի լոբբինգով զբաղվող լիքը «խալխ»…
Այսքանից հետո իշխանությանը մնում է հարցադրել` բա Հայաստանի առաջ նախապայմաններ դնող այս չգիտեմ որ օտարի կամակատարների հետ ինչի՞ շուրջ էիք «երկխոսում», փոխանակ սրանց ձերբակալեք ու տանեք բանտ… Իրոք որ երկխոզություն էր: Երկկողմանի խոզություն` հայության հանդեպ… Եվ կարծես թե արդեն կարող ենք կրկնել Արթուր Մեսչյանի խոսքը` «Ահա և վերջ, վերջ հարաժամ ու հարատև…»:
Բայց հուսանք, որ Հայկը չպարտվեց ոսոխ Բելին…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այս պահին Ծաղկաձորում երիտասարդ ու ավագ տարիքի գիտնականներ, գիտության կազմակերպիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ովքեր մտահոգ են մեր երկրում գիտության ապագայով, կամ ավելի ճիշտ կլինի ասել արդեն` մրցունակ գիտության գոյությամբ հավաքվել են և ազատ ընկերական մթնոլորտում փորձում են լուծում գտնել այս հարցին: Նրանք հրավիրված են Օգոստոսի 26-28-ը մասնակցելու «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողովին, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (USAAA), ԱՐՄԱԿԱԴ-ը և ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը:
Համաժողովի նպատակն է համախմբել մեր երկրի երիտասարդ ու ավագ սերնդի գիտնականներին, ներկայացնել թեմատիկ դասախոսություններ և մտագրոհների ու ակտիվ քննարկումների ձևաչափում արդյունքում հասնել գիտության ֆինանսավորման ավելացման ուղիների բացահայտմանն ու նպաստել այդ ուղիների դիվերսիֆիկացիայի` բազմազանացման համար օպտիմալ պայմանների ստեղծմանը:
Ներկա են շահառուներն ու հնարավոր թիրախային խմբի բավականին զգալի մասը:
Համաժողովի ընթացքում անդրադարձ կլինի պետբյուջեից գիտության ֆինանսավորման ձևերին, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և որակավորման խնդիրներին։ Կներկայացվի գիտության ֆինանսավորման ոլորտում միջազգային փորձը։
Մի խոսքով` մարդիկ հավաքվել են, որ մի կերպ փրկեն գիտությունը: Տեսնենք ինչ կստացվի:
Եսենիայի մոտ գնացինք ընկերուհուս հետ, ում Թիֆլիսում փողոցային գնչուհին հաջողություններ էր կանխատեսել ու ասել, որ եթե իր գլխից պոկած մազը չփաթաթի իր տարած թղթադրամի մեջ, հաջողություն չի ունենա: Ժամանակ չէր գտել թղթադրամը տանելու: Որոշեցինք այցելել Եսենիային, քանի որ ընկերուհիս ինչ-որ վախ ուներ էդ դեպքից հետո: Եսենիան մեզ ասաց, որ գնչուհին ընդամենն ուզեցել է «փողերը ցրել», ոչ մի լուրջ բան չկա՝ հերթապահ բաներ է ասել, որոնք ամեն մեկին էլ կարելի է ասել, ու բոլորին էլ կհամապատասխանի:
Եսենիան շատ հմայիչ կին է, տարիներ առաջ ամուսնացել է հայի հետ և եկել Հայաստան: 19 տարեկանում կորցրել է ամուսնուն ու էլ երբեք չի ամուսնացել: Մեծ թոռը 17 տարեկան է, բայց տեսքից նրան նույնիսկ փոքր թոռ ունեցողի տեղ չես դնի, էնքան որ ջահել է: Գիրք է գրել, որով զգուշացնում է չընկնել աղանդների ու գուշակների թակարդը, ասում է, որ կա երկու տեսակի մագիա` սև ու սպիտակ, սպիտակ մագիան շատ հազվադեպ է և հայտնի է միայն հնդկացիներին ու գնչուներին, մնացածները՝ խաբեբաներ են: Մարդկանց օգնում է երկու ձևով՝ գուշակությամբ կամ հոգեբանական զրույցներով: Ինքն իր մասին ասում է.
-Ես գնչուհի Եսենիան եմ, 37 տարի է պարում եմ, երգում ու բախտ նայում: 4 տարի է բեմը թողել եմ, միայն հարսանիքների ու բանկետների եմ գնում, ունեմ երկու երեխա, հինգ թոռ, միայնակ կին եմ՝ այրի:
— Ի՞նչ կատեգորիայի մարդիկ են գալիս ձեզ մոտ:
— Ամեն կատեգորիայի, բացի պրեզիդենտից, էն էլ երևի տեղս չգիտի: Իսկ գուշակության բնույթի մասին ասեմ, որ վերջերս շատ են գալիս երիտասարդներ` 15-16 տարեկան, բերում են ծնողների նկարներն ու ասում` մեր պապան սիրած ունի, գնացել ա, հետ բերեք նրան: Դա շատ ցավալի ա: Դա ի՞նչ սրբապղծություն ա, երբ կինը գալիս ա, ասում ա` սիրածիս էնենց արա` հետս մնա, թեկուզ ընտանիք ունի, մեկ ա` կնոջը չի սիրում, մնում ա երեխեքի խաթեր: Բա ո՞նց կարելի ա տենց բան անել, երեխեքին հորից զրկել: Բա դա կմարսվի՞: Ախր ամեն ինչ բումերանգի նման հետ ա գալիս, այ ժողովուրդ ջան: Սիրում եք` սիրեք, ինչի՞ եք պղծում, ընտանիք քայքայում…
Իսկ գալիս են հիմնականում սոցիալական պրոբլեմների մոմենտով. ասենք՝ ֆինանսական վիճակը լավ չի, գալիս են` խորհուրդ հարցնեն: Նաև վախ քաշելու են գալիս ու առողջական պրոբլեմներով: Սովետի ու հիմիկվա տարբերությունը ֆինանսն ա: Սովետի վախտ սերն էր ու առողջությունը, էն վախտ ոչ մեկը սեփականություն չուներ: Մինչև Գորբաչովը սովետ էր, հետո՝ էլ չէ, սովետը փլուզվեց, ու լիքը բան տարավ հետը: Մարդկանց հոգևորը տարավ սովետը, մնացին ֆինանսներ ու պրոբլեմներ: Սովետը ամոթ ա ունեցել, նամուս-պատիվ ա եղել: Հիմա միամիտ ու մաքուր չեն, 5 տարեկան երեխային հարցնում ես` ինչ ես դառնալու, ասում ա՝ հարուստ մարդ: Էդ ա հիմա: Ինչ վերաբերումա անձամբ ինձ, էդ փլուզումն ինձ չի խանգարում, ես ոնց սովետի վախտ էի երգում-պարում, բախտ նայում, նույնն էլ` հիմա, չնայած հիմա էլ ռեստորաններում էդքան չեմ երգում, առողջականս չի ներում, բայց էլի՝ հարսանիքներ, ծնունդներ, բանկետներ գնում եմ իմ խմբի հետ: Մենք էստեղ գնչուական համայնք չունենք, երկու հոգով համայնք չի լինում, ես եմ ու Ռոման:
— Դուք շատ երիտասարդ եք երևում, շատ լավ եք պահպանվել, ո՞րն է գաղտնիքը:
— Ճիշտն ասած, ոչ մի գաղտնիք էլ չգիտեմ, պարզապես թարմ եմ մնացել, որովհետև ամբողջ կյանքում ծիծաղում եմ, ծիծաղը թարմություն է բերում: Լիովին երջանիկ մարդ չկա, լիովին առողջ էլ չկա, նույնիսկ բժիշկը, որ միլիոնավոր կյանքեր է փրկում, երբեմն իր տան անդամին չի կարողանում փրկել: Վերցնենք պրեզիդենտին կամ միլիոնատիրոջը, բոլորին թվում է, թե նրանք պրոբլեմ չունեն, էդպես չի, նրանք ավելի շատ պրոբլեմ ունեն: Բացարձակ երջանկություն գոյություն չունի, ուղղակի մարդ պետք է խելացի լինի ու երջանիկ պահերը վայելի: Ծեր մարդ չկա, կա ծեր մարմին, մեր մարմինն էլ մեր ծնողներից է, որոնք նույնպես ծերացել են, իսկ հոգին Աստծունն է` չի ծերանում:
— Էսօրվա երկրի վիճակի մասին ի՞նչ կասեք, գուցե ինչ-որ բա՞ն առաջարկեք մեր մեծամեծներին:
— Ես կխոսամ որպես ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդի մեջ մեծացած մարդ ու ժողովրդի անունից՝ որպես մայր, տատիկ ու քաղաքացի: Դպրոցները խայտառակ վիճակում են: Եւ ի՞նչ պետք է ստանա երեխան այսօրվա դպրոցից: Իմ թոռնիկներն էլ են դպրոց գնում, ու ես տեսնում, եմ, որ էդ ավելորդ ծանրաբեռնվածությունը երեխաներին միայն վանում է դպրոցից: Տարրական դասարանների դասագրքերն էդ ինչ մատերիալից են, որ երեխան 4-5 հատ գիրք ա դնում պայուսակի մեջ ու չի կարողանում քայլել: Դասերն էլ էնքան շատ են, որ սովորող երեխան ահավոր հոգնում ա:
Կամ էդ ավագ դպրոցները: Մտածո՞ւմ են, թե մեր մենթալիտետով երկրում, ուր մայլա, թաղ հասկացողություն կա, երեխեքին անցման շրջանում տարբեր տեղերից հավաքում են, բերում գցում մի դպրոց: Դրանք էլ իրար մեջ կռվում են, էլ ինչ ասես չեն լինելու էդ դպրոցների պատճառով՝ բռնաբարություններ, կռիվներ, ռազբորկաներ, նարկոտիկներ… Լավ բան չի դա, երեխայի էդ դժվար տարիքում սովոր շրջապատից կտրեն` տանեն ուրիշ տեղ: Էդ ավագ դպրոցը դժբախտություններ ա բերելու:
Անհատ պարապողներին փող տալու փոխարեն, թող բացեն առաջվա պրոֆտեխուսումնարանների պես մի բան, քոլեջներ, ասենք, որտեղ համ մասնագիտություն ձեռք կբերեն, համ էլ կորոշեն` ինչ են ուզում անել հետագայում: Հիմա երիտասարդների արժեքներն են փոխվել, հիմա սերը չի կարևորը, փողն ա…
Կամ որ` բժշկականի ուսանողին բանակ են տանում: Պատկերացնու՞մ եք, բժշկականի գիտելիքն ի՞նչ ա, դա էն ա, որ հետո պետք ա կյանք փրկի, իսկ ուսանողին վերցում են, տանում բանակ, երեխան մոռանում ա, կտրվում ա ուսումից ու հետո ի՞նչ բժիշկ պետք ա դառնա: Կամ էդքան բժիշկ ինչի՞ ես պատրաստում, եթե պահանջարկ չկա: Ստաժավորներին հիմա էլ հանում են, ասում են` մեծ են, տեղը դնում են ջահել կիսագրագետներին: Բժիշկն ու դասատուն պետք ա մաքրամաքուր լինեն, նրանցից ա կախված ազգի առողջությունը. բժիշկներից՝ ֆիզիկական, դասատուներից՝ հոգեկան:
— Լավ, բա Հայաստանի համար մի լավ բան չեք ասո՞ւմ, Եսենիա:
— Ի՞նչ ասեմ, մեզ ոչ մի լավ բան չի սպասվում, եթե չդադարենք ամեն տեղ ցեղասպանություն գոռալ: Մեր հայրենակիցներն ապրում են մուսուլմանական երկրներում, մի օր էլ պատերազմ կսկսվի, Ավետարանում ասված քրիստոնյա-մուսուլմանական պատերազմը էստեղ ա սկսվելու, եթե չդադարենք էդքան ցեղասպանություն շահարկել: Մի հատ մտածեք, էդ ինչի՞ են հրեաների Հոլոքոստը սաղ ընդունում, մերը չեն ընդունում: Որովհետև հրեաները իրանք չեն գոռում դրա մասին, իրանք նենց են անում, որ մնացած ողջ աշխարհը դա պահանջի: Ես եթե մեր պրեզիդենտի տեղը լինեի, նոր դուշմաններ չէի հավաքի, Ղարաբաղը մերն է` չէի գոռա ու ղարաբաղցիներին տեղահան անեի… Այլ լեզու կգտնեի, որ էն տարածքները, որ իրանք «հարամ» են անվանում` տան մեզ, մենք էլ լիքը անտուն մարդ ունենք, բաժանենք նրանց: Ես թուրքերից հաստատ փող չէի ուզի, էսօրվա օրով շատ դժվար կլինի հաստատել, որ ինչ-որ հայ ունեցվածքի տեր ա եղել: Թող «հարամ» հողերը տան ու բարիշենք, հարևանների հետ չի կարելի հավերժ խռով ու թշնամի մնալ:
— Իսկ ի՞նչ անենք ներքին թշնամու հետ, որը անտարբերությունն ու անհանդուրժողականությունն է` ըստ իս: Ձեզ համար ի՞նչն է հային քայքայողը: Մենք կունենա՞նք վերջապես լավ ղեկավար: Ո՞ր պրեզիդենտի կողմն եք Դուք:
— Ոչ մի բան չենք կարող անել: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց լավ բան չեմ տեսնում: Մեր ամենամեծ թշնամին մեր պառակտվածությունն է: Ինչպես էն հեքիաթում, որտեղ հայրը ամեն որդուն տալիս է ավելի մի ճյուղ, ու նրանք հեշտությամբ ջարդում են, ու չեն կարողանում ջարդեն ավելն ամբողջովին: Մենք միասնական չենք, դրա համար էլ դեռ պատրաստ չենք: Քանի գնում, ճգնաժամը խորանում ա, երբեք չի անցնելու, քանի գնում` ստրուկները շատանում են: Լավ կլինի էն վախտ, երբ սովետը հետ գա, իսկ դա չի լինի իհարկե: Դե, սովետ ասելով` նկատի ունեմ սոցիալական քիչ թե շատ հավասարությունն իհարկե:
Իսկ թե որ պրեզիդենտի կողմն եմ… Նրա, ով իսկապես ժողովրդի մասին կմտածի: Ի՞նչ ասեմ, փոխանակ գոնե փոքր ու միջին բիզնեսին հարկային թեթև դաշտ տրամադրեն, որ մարդիկ կարողանան աշխատել, հարկերն են բարձրացնում: Մարդը հացի փուռ էր դրել, ապրում էր, հիմա չի կարողանում: Ալյուրը, շաքարը, ձեթը թանկացրել են, ո՞վ ա թանկացրել, երբ համաշխարհային շուկայում չի թանկացել: Չգիտեմ, իմ իմացած ոչ մի պրեզիդենտ ժողովրդի մասին չի մտածում:
— Ասում են, 2012 թվականին ինչ-որ երկնային մարմին է բախվելու երկրագնդին, ու գալու է աշխարհի վերջը, ի՞նչ կասեք սրա մասին:
— 2012թ. աշխարհի վերջը չի գալու, մի հավատացեք, փողերը ցրիվ մի տվեք, մի պատ շարեք, մի գործ դրեք, փող հետ գցեք, որ ապրեք: Մի խաբվեք. ովքեր հիմար են՝ ստրուկ կդառնան:
Ինչ-որ բան մեր մեջ փչացել է…
© Շուշանիկ Արեւշատյան
Նորից ուզում եմ անդրադառնալ կարեկցանքի ու անշահախնդիր օգնության թեմային: Հիշում եք, երեւի ես գրել եմ բազմիցս «ՄաՄաՍյու» բարեգարծական ֆոնդի մասին, ֆոնդը կազմավորվել է մի եզակի դեպքի շուրջ միավորված, ապա իր գործունեության սահմանները տրամաբանորեն ավելի ընդլայնել է` քանի որ դեպքը եզակի չի, այլ համատարած` յուրաքանչյուր 13-րդ կին մեր երկրում բախվում ` կրծքագեղձի քաղցկեղի հետ …
Օլգա Սեպետչյանի համար զանազան ակցիաների, համերգների, ցուցահանդես վաճառքների ու անձնական նվիրատվությունների արդյունքում հաջողվեց հավաքել մոտ 7000 դոլար գումար, որից 2000-ը ծախսվել է քիմիաթերապիայի հետեւանքում ծագած բարդությունները բուժելու համար, այդ թվում` վիրահատություն:
Այս պահի դրությամբ Օլգա Սեպետչյանն ունի 5000 դոլար, որը երկու սրվակի էլ չի հերիքի…
Բայց այսօրվա կոչս ուղղում եմ մեկ այլ կնոջ մեր ֆեյսբուքյան ընկերուհու` 30-ամյա Էլեն Քալաշյանին հուլիսի 11-ին անհրաժեշտ մեկ սրվակ Հերցեպտինի համար 3000 դոլար հավաքելու խնդրանքով… Էլենն ընդհանրապես փող չունի, իսկ քանի որ մի անգամ արդեն ուշացրել է Հերցեպտինի ընդունման կուրսը, եւ հիվանդությունը բավականին զարգացել է, այդ գումարը նրան հենց այս պահին է պետք…
Էլենի կյանքի փրկության համար Ֆեյսբուքում էջ է բացվել հունիսի 13-ին` Help to Elen Kalashyan: Մի շատ տխուր բան իմացա` էջը այցելել է մոտ 30 000 մարդ, դրանցից միայն 189-ն են «հավանել» էջը… Ռադիո Վանի Շուշանիկ Արեւշատյանը գրել էր.
«Մտածում եմ այն մասին, թե ինչպես կարող է հասարակ մաթեմատիկան կյանք փրկել: Եկեք ինքներս մեզ ցույց տանք, որ մեր մեջ դեռ մարդկայինը չի մեռել, փոպանցեք ամենքդ մեկ դոլար ներքեւում նշված հաշվեհամարին մեր էղջկա` Էլեն Քալաշյանի քիմիոթերապիայի կուրսը շարունակելու համար: Եթե մենք չկարողանանք հավաքել մինչեւ հուլիսի 12-ը այդ գումարը, նրան չեն կարողանա անել երկրորդ կուրսը: Մի հապաղեք, ժամանակ գտեք ու արեք դա: Հիշեք` հոգի փրկողը ողջ աշխարհն է փրկում:
Օգնություն է պետք, բայց ոչ թե «տարածելու», այլ որ ամենքս իր քարտից 5 դոլար կամ 1800 դրամ փոխանցի Էլենի հաշվին` 1570012274850100 Ամերիա բանկ, ու եթե հազար հոգի անեն դա, ապա աղջիկը կստանա իրեն անհրաժեշտ քիմիոթերապիայի կուրսն ու ողջ կմնա, թե՞ դուք բոլորդ այդքան բարի եք, որ հա «տարածում» եք ու «տարածում»…Իսկ ո՚՞վ է ձեզնից ուղարկել այդ փոքրիկ գումարը: Ինչ-որ սխալ բան է կատարվում, ինչ-որ բան մեր մեջ փչացել է…»
Ես նույնպես միջոցառման հրավեր սարքեցի հետեւյալ կոչով.
«Խնդրում եմ, ընդունեք(attenting) միայն էն դեպքում, եթե պատրաստ եք իրականում օգնել՝ ԳՈՒՄԱՐՈՎ!!!
Ոչ մեկս ապահովագրված չի թանկ բուժում պահանջող հիվանդությունից: Եկեք ստեղծենք համակարգ, եթե պետությունը չի կարողանում ապահովել մեր կյանքը, ինքներս օգնենք իրար: Այսօր պետք է Էլենին, վաղը Աստված մի արասցե կարող է ձեզ պետք լինել… Անհապաղ այս մի քանի օրվա մեջ Էլենի համար պետք է հավաքել 1.100.000 դրամ, եւ այդպես՝ յուրաքանչյուր 21 օրը մեկ:
Վճարիր առաջ՝ օգնիր ուրիշին, մի այլ տեղից քեզ ետ կվերադառնա:
Նույն գումարը անհրաժեշտ է մեր մյուս ֆեյսբուքյան ընկերոջ՝ Սյու Սեպետչյանի մայրիկին՝ Օլգա Սեպետչյանին: Իմ հաշվարկով, եթե 1500 ֆեսյբուքահայ, ով ունի գոնե 70 000-ի դրամ եկամուտ, ամեն ամիս նվիրաբերի 1500-ական դրամ, մենք կփրկենք հիմա գոնե երկու կյանք, ու կապացուցենք, որ ֆեյսբուքահայության համար Facebook տարածքը ոչ միայն «դիվանագիտական» վիրտուալ «ժամանց» է, այլ մարդկային բարձր որակներով օժտված մարդասիրական հասարակություն, իրական հանրություն…
Կոչ ենք անում բոլոր ֆեյսբուքցիներին, եւ ոչ միայն, ռեալում ծանոթ ու անծանոթ, ում համար կարեկցանքը խղճահարություն, կամ «like», «attenting» ու «share» չէ, այլ` ռեալ գործողություն՝ ամսական 1500 դրամ նվիրաբերություն, միանալ մեզ: Doc-երի մեջ տեղադրված են Էլեն Քալաշյանի(հեռ.+37491375921) եւ Օլգա Սեպետչյանի(հեռ.+37493571110) հաշվեհամարները»:
ու տարածեցի ընկերներիս շրջանում, տեղադրեցի մեծամեծների էջերում: Միայն Գագիկ Ծառուկյանի էջում գրել էին որ թողնեն կոնտակտները, ու էլ ոչինչ…
Իմ հրավիրած միջոցառմանը մասնակցելու համաձայնություն են տվել 2532 ընկերներիցս միայն 131 հոգի, իսկ երբ գրեցի` «Խնդրում եմ էստեղ+1 գրեն բոլոր նրանք, ովքեր փոխանցել են արդեն, կամ պատրաստվում են, ու մասնակցում են պարբերական նվիրատվությունների համակարգին: Միայն մասնակցողները: Հիշեցնեմ` ամեն ամիս հարկավոր է 1500 դրամ փոխանցել ձեզ հարմար տեսքով նկարագրում նշված հաշվեհամարներին այս ամիս շատ արագ Էլենի համար, հաջորդ ամսվա համար կորոշենք ինչպես կոորդինացնենք, որ հեշտ ու ճիշտ լինի: Շնորհակալություն: Աստված հազարապատիկը վերադարձնի», +1 էին դրել ու անձնական նամակագրության միջոցով հաստատել ընդամենը 15 հոգի:
Թողնում եմ ձեզ ինֆորմացիայի ու ձեր խղճի հետ դեմ-հանդիման` մեկնաբանություններն ավելորդ են…
Իրոք որ, ինչ-որ բան մեր մեջ փչացել է…
Հ.գ. Խղճի հետ բանակցողների համար` 1570012274850100 Ամերիա բանկ, Ելենա Քալաշյանին
«Երկխոսություն» կոչեցյալը հասավ կատարյալ աբսուրդի: Այս ուրբաթի ՀԱԿ-կոալիցիա դատարկաբանության հերթական սեանսը հետաձգվեց մինչև երեքշաբթի: Ոչ միայն այն պատճառով, որ կողմերը ասելիք չունեն (գլխանց էր այդպես), այլ նաև չեն պատկերացնում, թե հանրությանը ինչ ներկայացնեն որպես «արդյունք»: Նախորդ անգամ հանդիսատեսին դայաղ էին արել լռելու մասին պայմանավորվածությունը, սակայն հանրությունը նրանց նրբիկ հոգին չէր հասկացել ու դադարել էր հետաքրքրվել «երկխոսությունով», առավելևս որ ՀԱԿ-ը ներկայացրել էր, թե իբր քննարկել էին ՀԱԿ-ի երիտասարդների հարցը, իսկ Գագիկ Մինասյանը «մատնել» էր, որ այդ հարցի մասին ոչինչ չի քննարկվել:
Կարճ ասած, սակարկում են, թե ՀԱԿ-ի համար 7 տոկոս+ ինչպիսի թվեր են նկարելու, որպեսզի գոհ լինեն և կոալիցիոն կուսակցությունները, և ՀԱԿ-ի տերերը` ամերիկացիները: Էհ, Լևոն Տեր-Պետրոսյանը դառել է «ռագատկի քար», իսկ ժամանակին…
5 տարի առաջ նոր էր ձևավորվում այն բևեռը, որը պետք է համախբվեր նրա շուրջ և հետո ցնցեր երկիրը: 2007-ի օգոստոսին հետաքրքիր բաներ էին կատարվում, որոնց մասին արժե համառոտակի հիշեցնել:
Այն ժամանակ և՛ կարկառուն ՀՀՇ-ականները, ե՛ւ «նախկինների» ճամբարի այլ ներկայացուցիչներ կարճատև հանգստի համար նախընտրել էին Հայաստանի Հանրապետության գեղատեսիլ վայրերը, այսինքն` ապահովում էին երկու-երեք ժամում ցանկացած տեղ գնալու և ցանկացած հանդիպմանը մասնակցելու հնարավորությունը: Ինքը` Լևոն Տեր-Պետրոսյանը, չնայած տարիքի բերումով կարծես թե պետք է հանգստի կարիք ունենար, շրջում էր մարզից մարզ և հանդիպում ինչպես ՀՀՇ տեղական կառույցների, այնպես էլ այլ «օգտակար մարդկանց» հետ: Այսինքն`ամերիկյան աջակցությունը վայելող ՀՀՇ-ն, ՀՀՇ-ական ծագում ունեցող տարբեր կառույցները և նախորդ ամիսներին նրանց միացած ուղեկիցներն ինչ-որ շատ լուրջ բան էին նախապատրաստում, և այդ լուրջ բանը պտտվում էր հենց Լևոն Տեր-Պետրոսյանի անձի շուրջ: Ու ՀՀ առաջին նախագահի թիմում ընդգրկվելու համար հերթեր էին գոյանում: Եվ հերթ կանգնողների մեջ կարելի էր հայտնաբերել այնպիսի քաղաքական այրերի, ովքեր ժողովրդի մոտ տպավորված էին որպես Լևոնի «պապական դուշման»:
Իշխանության ՀՀԿ-ական թևի ներկայացուցիչները Լևոնի վերադարձի վերաբերյալ մանթրայի պես կրկնում էին, թե նա չի վերադառնա, եթե վստահ չլինի, որ 100 տոկոսով հաղթելու է: Առաջին նախագահի ճամբարակիցները նույնպես խոսում էին 100 տոկոսանոց շանսերի հանգամանքի մասին, սակայն, ի տարբերություն իշխանամետների, վստահ էին Լևոնի հաղթանակի վրա: Եվ հենց այդ վստահության պատճառով ԱԺ 2007թ. ընտրություններին «բորդյուրին» մնացածներից շատերը ձգտում էին հայտնվել Տեր-Պետրոսյանի թիմում: Այսինքն, Տեր-Պետրոսյանի գործոնի լրջությունը ակնհայտ էր: Եվ հենց այդ լրջության պատճառով էր, որ իշխանական ճամբարում այդ աստիճանի վախենում էին չինովնիկության և բիզնեսի հնարավոր առնետավազքից:
Իսկ ինչո՞ւ ամերիկացիները Հայաստանում սեփական ազդեցությունը հաստատելու «սուրբ գործում» խաղագումարը դրել էին հիմնականում Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, երբ, ի վերջո, գոյություն ունեցող ընդդիմության մեջ էլ կարելի էր ճարել դեմքեր, որոնք համակրելի կլինեին ժողովրդի համար:
Պարզապես ամերիկացիները Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապում էին երկարաժամկետ գործունեության հույսեր և մշակել էին սցենար, համաձայն որի` ՀՀ առաջին նախագահը պետք է կա՛մ հաղթի նախագահական ընտրություններում, կա՛մ գլխավորի «նարնջագույն» հեղափոխությունը:
Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակին որոշակիորեն նպաստում էին և այն ժամանակվա վարչապետ, ապագա նախագահ Սերժ Սարգսյանի որոշ քայլերը: Սերժ Սարգսյանի վարչապետությունն ԱԺ-2007 ընտրություններից հետո նշանավորվեց նրանով, որ սկսեցին իրենց վատ զգալ նրանք, ովքեր ժամանակին իրենց երևակայում էին անձեռնամխելի և հավերժ անպատժելի ֆեոդալիկներ: Երբ Էջմիածնում սկսվեց «Ճոյտ» օպերացիան, որի արդյունքում գործնականում ամեն ինչից զրկվեց Հակոբ Հակոբյանը, քչերն էին պատկերացնում, թե քանի հոգու դռանն է այդ ուղտը չոքելու ընտրություններից հետո: Նույն Էջմիածնում գեներալ Սեյրան Սարոյանին զրկեցին բանակային կորպուսից և ուղարկեցին Ազգային ժողով: Իսկ գեներալ Մանվել Գրիգորյանի համար ընդհանրապես շոկի տպավորություն պետք է թողած լիներ այն, որ ինչ-որ գլխավոր դատախազություն հանկարծ համարձակվում է իր որդու գործերով զբաղվել: Գյումրու քաղաքապետ Վարդանիկին ստիպեցին, որպեսզի սեփական ձեռքով հանձնի գյումրեցիների կյանքը կերած իր հանցագործ որդուն, և դա արդեն աննախադեպ էր: Ճնշեցին և մյուս Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի շրջապատն ու կլանը Մալաթիայում: Լոռու մարզում էլ միանգամից «խեղճացրին» այդտեղի գործնականում բոլոր քրեականացված ֆեոդալներին. «փուռն էին տվել» ամենակարողի համբավ ունեցող Հենրիկ Քոչինյանին, իսկ Վահրամ Բաղդասարյանին թույլ չտվեցին պատգամավոր դառնալ…
Թեև Սերժ Սարգսյանը ձգտում էր դրանով շարունակել այն, ինչը կիսատ էր թողել Վազգեն Սարգսյանը 1999-ի հոկտեմբերի 27-ին նահատակվելու պատճառով, սակայն դրանով ապագա նախագանը վաստակեց բազում թշնամիներ, որոնք հաճույքով վազեցին Լևոնի գիրկը: Գումարած դրան, և ՀՀԿ-ում, և գործադիր օղակներում վխտում էին նախկին ՀՀՇ-ականները, որոնք դեռ 2007-ի օգոստոսին գաղտնի շփումների մեջ մտան առաջին նախագահի շրջապատի հետ` միշտ կազմուպատրաստ առնետավազքի:
Դե շարունակությունը գիտենք` 2008-ի արյունալի ցնցումներն եղան, որը 3 տարի երկիրը չէր կարողանում մարսել: Հենց դրանց հաղթահարման նպատակով էլ սկսվեց «երկխոսություն» կոչեցյալը, որը հիմա լրիվ անհամացել է:
Իշխանությունը դրա շնորհիվ ազատվեց «մարտի 1-ի» հետևանքներից: Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, որը չկարողացավ ոչ իշխանություն վերցնել ընտրությունների միջոցով, ոչ էլ «նարնջագույն» հեղաշրջում անել, «երկխոսության» միջոցով փրկվում է քաղաքական լուսանցքի հեռանկարից և ստանում ԱԺ-ում ազդեցիկ խմբակցություն ունենալու ստույգ շանս: ՀԱԿ-ը 2012-ին կունենա այնքան մանդատ, ինչքան իշխանությունը կպայմանավորվի ՀԱԿ-ի ու հատկապես ամերիկացիների հետ: Բայց այդ մասին չի կարող բարձրաձայնել ոչ ՀԱԿ-ը, ոչ իշխանությունը, ուստի խեղճ ժողովրդին կերակրում են «կտերով» ու ստերով: Ահա այդպիսի տխուր բաներ…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.