29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր կառավարությունը յուրահատուկ հյուր ուներ: Հինգշաբթի օրով, կառավարության նիստի օրով, այն էլ` այն ժամին, երբ գործադիրի անդամները ներկայանում են նիստի, թղթապանակը թևի տակ, բավականին լավ տեսքով արագ-արագ աստիճաններից իջավ և քայլերը դեպի դուռն ուղղեց Հայաստանի երկու վարչապետերի եղբայրը` Արմեն Սարգսյանը: Բնական էր, որ Սարգսյանի համար կառավարության շենքը ժամանակին ջրի ճամփա եղած կլիներ. Սարգսյանների ընտանիքը Հայաստանի այն եզակի ընտանիքն է, որը միանգամից երկու վարչապետ տվեց, ընդ որում, վարչապետերից մեկը պատմության մեջ մտավ ոչ թե պարզապես շարքային վարչապետ, այլ՝ սպարապետ-վարչապետ:
«Պարո՛ն Սարգսյան, կարո՞ղ է Ձեզ պաշտոն են տալու, որ եկել եք կառավարություն»: Արմեն Սարգսյանը ժպտաց. «Չէ´, ես էդպես չեմ էլ ձգտում, ուղղակի երբեմն այցելում եմ, գալիս, բարևում եմ ընկերներիս»:
Բարևելու համար կառավարության շենք եկած Արմեն Սարգսյանը, նկատելով իրեն լուսանկարելը, ինչպես նաև նախարարների շարժը, որ շտապում էին նիստի, ոտքը կախ գցեց: Գործադիրի կաբինետից Սարգսյանին առաջինը մոտեցավ և բարևեց Վերահսկիչ պալատի փոխնախագահ Լևոն Յոլյանը: Ծանոթ-ընկերները ջերմ բարևեցին իրար, «ոնց ես-ոնց չես» ասացին, որից հետո «ջանսաղություն» մաղթեցին, և Յոլյանը քայլերն ուղղեց վերև:
Սարգսյանը դարձյալ պատրաստվեց հեռանալ, մեկ էլ տեսավ, որ Պաշտպանության նախարարն է շարժվում դեպի շենք, և էլի ոտքը կախ գցեց: Հաջորդ բարևողը Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն էր: Վարդանյանը գնաց, Սարգսյանը դարձյալ մնաց Սեյրան Օհանյանին սպասելով, որը հակառակի նման հենց կառավարության շենքի դռների մեջտեղում միջադեպի մեջ ընկավ զոհվածներից մեկի հոր հետ: Հայրը հավանաբար բորբոքված էր, ինչը նախարարին դրդեց կանգնել և առաջարկեց անցնել ավելի մեկուսի տեղ` խնդրի պարզաբանման համար: «Ռազբորկան» ահագին երկար տևեց. Սարգսյանը կանգնած սպասում էր` նայելով անցնող, բայց արդեն չբարևող կառավարության անդամներին, ինչը ևս հասկանալի էր:
Նոր նախարարներից քչերը կարող էին Վազգեն Սարգսյանի հետ ծանոթ եղած լինել. այդպես, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանն անցավ և չբարևեց, չբարևեց նաև Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որը, բնականաբար, հաստատ կճանաչեր Արմեն Սարգսյանին, բայց Երիցյանի չբարևելու պատճառներն էլ ուրիշ կարող էին լինել. կամ՝ թիկնապահի բռնած անձրևանոցի տակ անձրևից պաշտպանվող և կառավարության շենք նոր-նոր մտած նախարարը պարզապես խառն էր և չնկատեց Սարգսյանին, կամ՝ չի բացառվում նաև, որ լավ ոստիկան Արմեն Երիցյանը պարզապես չցանկացավ նկատել ազատություն ստացած նախկին հանցագործին:
Ի տարբերություն վարչապետ-եղբայրների, Արմեն Սարգսյանն էլ պատմության մեջ մտավ, բայց արդեն ոչ թե որպես բարձրաստիճան պաշտոնյա, այլ իբրև Հանրային հեռուստախորհրդի առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու: Դատարանը ապացուցված համարեց այն փաստը, որ Սարգսյան-կրտսերը 75 հազար դոլար էր տվել` Նաղդալյանին սպանությունը կազմակերպելու նպատակով: Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, սակայն 2008 թ. սեպտեմբերին վաղաժամկետ պայմանական ազատություն ստացավ: Ի դեպ, Սարգսյանին ազատություն շնորհվեց հենց Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, ում հետ բարևելու համար էլ, հավանաբար, այսօր կառավարություն էր եկել, ըստ դատավճռի, նախկին հանցագործը: Ի դեպ, Արմեն Սարգսյանին ազատ արձակելուց հետո Նաղդալյանի ընտանիքը բավական բողոքեց, և հավանաբար որպես փոխհատուցում՝ Նաղդալյանի կինը` Դիանա Մնացականյանը, նշանակվեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար, որոշ ժամանակ աշխատեց, հետոտեղափոխվեց այլ աշխատանքի, բայց, անկախ ամեն ինչից, Արմեն Սարգսյանը մնաց ազատության մեջ:
Սարգսյանին բարևող վերջին անձնավորությունն արդեն Սեյրան Օհանյանն էր. սպասումն արդարացավ, Սեյրան Օհանյանը մոտեցավ, տեսնելով Սարգսյանին՝ զարմացախառն ժպտաց, ողջագուրվեց՝ «տեսա գալիս ես, ասի` բարևեմ, նոր դուրս գամ»-ին պատասխանեց՝ «ո՞նց ես, ախպեր ջան»-ով, մի երկու խոսք փոխանակեց, որից հետո Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբոր ոդիսականը կառավարության շենքում ավարտվեց:
Հետո էլ ասում են, թե Հայաստանում ընդդիմությանը հալածում են, ասում են, թե Հայաստանում անհանդուրժող են: Ինչպես տեսնում ենք, Հայաստանում հանդուրժող են ոչ միայն հանցագործների, սպանություն պատվիրողների նկատմամբ, այլև ընդդիմության առաջնորդների հարազատների հանդեպ (Արամ Զավենի Սարգսյանն անհաջող վարչապետությունից հետո տեղափոխվեց ընդդիմության շարքերը, հիմա էլ, չնայած «Հանրապետություն» կուսակցությունից մնացել են երևի թե միայն Արամ Սարգսյանն ու նրա տեղակալը, բայց Վազգեն Սարգսյանի եղբայրը շարունակում է բոցաշունչ ելույթներ ունենալ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներում և համարվում է ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող առանցքային կուսակցություններից մեկի լիդերը): Ցավոք, այդ հանդուրժողությունը ոչ միշտ է բոլորի վրա տարածվում. որպես կանոն, դա դրսևորվում է բացառությունների ձևով: Ի դեպ մեր տեղեկություններով Արմեն Սարգսյանի հետ վերջերս հանդիպել է նախագահ Սարգսյանը: Ասում են եղել է պաշտոն ստանձնելու առաջարկ, թե ինչ կլինի պատասխանը դեռևս հայտնի չէ, բայց Դուբայում հյուրանոց, Հայաստանում ոչ պակաս կարողություններ ունեցող Սարգսյանը կարծես թե հակված չէ մտնելու պաշտոնի «լծի տակ»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է իր նվաճումները: ՀՀ վարչապետը որոշել է տիրույթներ նվաճել վիրտուալ տարածքում: ՀՀ վարչապետի նվաճողական քաղաքականությունն ավելի քան խորհրդանշական է, թեև, եթե խոսքը գնում է պետական գործիչ վարչապետի մասին, ոչ մի բան, բնական է, չէր կարող պատահական լինել:
2008թ-ից ի վեր Տիգրան Սարգսյանի վարչապետությունը խոսում է մի բանի մասին. ի դեմս Սարգսյան վարչապետի, Հայաստանի Հանրապետությունն ունեցավ ոչ թե երկրային, այլ հենց վիրտուալ վարչապետ. Տիգրան Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց Հայաստանի տնտեսության առաջխաղացման որևէ հստակ, իրատեսական ծրագիր մշակել և իրականացնել. միակ բանը, որ լավ հաջողվում է Սարգսյանի կաբինետում, դա վիրտուալ ծրագրերի մշակումն է, իսկ հետո արդեն` դրանց չիրականացումը. Գյումրին այդպես էլ չդարձավ նավահանգստային քաղաք, չդարձավ ավիաշինության կենտրոն… իսկ ցածր տոկոսադրույքներով գյուղացիներին տրվող վարկերն էլ մնացին միայն գյուղնախարար Սերգո Կարապետյանի ելույթներում և հայրապետական աղոթքներում, որոնցով սակայն գյուղացիներին առ օրս չի հաջողվում վարկեր ստանալ: Սերմացուի հերթական ներուծումը որով պարծենում էր վարչապետը պարզվեց ընդամենը քաղաքակիրթ երկրներում մերժված ԿՎՕ պարունակող կուլտուրաներ են, և այսպես կարելի է երկար շարունակել…
Այսօր Տիգրան Սարգսյանի վիրտուալ նվաճողական քաղաքականությունը պսակվել է ևս մեկ հաղթանակով. Տիգրան Սարգսյանը հերթական տիրույթն է նվաճել վիրտուալ աշխարհում` բացելով իր անձնական կայքը: ՀՀ վարչապետն առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ բլոգ էր վարում livejournal-ում, ուներ իր էջը facebook սոցիալական ցանցում, կառավարությունն իր հերթին ունի երկու կայք, որտեղ առաջատար դերում, բնականաբար, վարչապետն է և հիմա, փաստորեն, ինչպես երևում է, դրանք քիչ են թվացել վիրտուալ աշխարհի հայաստանյան տիրակալին և նա որոշել է ձեռքի հետ մի հատ էլ անձնական կայք բացել:
Կայքը, ի դեպ, բավական ռոմանտիկ է ստացվել` էրոտիկ նրբերանգներով պարուրված. կայքի վերևի հատվածում Տիգրան Սարգսյանի գլուխն է և ձեռքի մի հատվածը, որով բարձրացված է վարագույրը և տղամարդը վարագույրի հետևից դուրս է նայում. թե ու՞մ է հետևում տղամարդը վարագույրի հետևից, ու՞մ հետևից է բազմանշանակ և զուսպ ժպիտով նրբագեղորեն ժպտում վարչապետը, ու՞մ է ճանապարհ դրել և հիմա էլ չի կարողանում հագենալ այդ հանդիպումից և շարունակում է վերջին վայրկյաններին ևս վայելել այդ առեղծվածային էակի ներկայությունը… Տիգրան Սարգսյանը թողել է առանց մեկնաբանության և թույլ տվել իր նկարները վայելել ազատորեն` երևակայության անսահմանության շրջանակներում ցանկալի սցենարներ գծելով:
«Բարեկամներ»,-գրել է Տիգրան Սարգսյանն իր կայքում և խոստովանել նորանոր վիրտուալ տարածքներ նվաճելու բուռն տենչանքի մասին,- «այսուհետև շարունակելու եմ իմ շփումը Ձեզ հետ նաև www.tigransargsyan.am կայքի միջոցով: Նման որոշման համար հիմք հանդիսացավ «նոր վիրտուալ տարածքներ յուրացնելու» ցանկությունը»: Միաժամանակ Սարգսյանը տեղեկացրել է, որ բոլոր գրառումները արտացոլվելու են նաև կենդանի մատյանի իր էջում (խոսքը livejournal-ի մասին է):
Ինչպես տեսնում ենք, կան պետություններ, որոնց վարչապետերը ձգտում են նոր շուկաներ, ազդեցության նոր գոտիներ նվաճել և այլն, Հայաստանի վարչապետն էլ ուզում է վիրտուալ նոր տարածքներ նվաճել: Դե, մարդը որ ուզում է, հո չե՞ն թողնի ցանկությունն անկատար մնա: Իսկ կայքում նույն Տիգրան Սարգսյանն է իր «Մի կյանք արժե մի համբույրը աղջկա, առանց կնոջ, առանց սիրո կյանք չկա» շիրազյան պոռթկումով, անձնական նկարներով, որտեղ պատկերված է Տիգրան Սարգսյան-ամուսինը, Տիգրան Սարգսյան-հայրը, Տիգրան Սարգսյան-հավատացյալը, Տիգրան Սարգսյան-կիթառահարը և այլն: Կայքում ՀՀ վարչապետը նաև խորհուրդներ է տալիս, թե ինչ կարելի է կարդալ, ինչ երաժշտություն կարելի է լսել և այդպես շարունակ` միաժամանակ ցուցադրելով նաև, թե որ գիրքը ումից է նվեր ստացել (սրանից երևում է, որ մեր պետության վարչապետին, փաստորեն, կարելի է նաև գրքեր նվիրել, այդպես Սարգսյանի նախընտրած գրքերից երկուսը նվիրել է Ռուբեն Վարդանյանը, մեկը` Շավարշ Քոչարյանը, մեկը` Բակո Սահակյանը, մեկն էլ Պյոտր Շեդրովիցկին):
Թե դեռ ինչ նվաճումներ կունենա իր հետագա պաշտոնավարման ընթացքում ՀՀ վարչապետը, դեռ կերևա, այսօրվա տվյալներով, միանշանակ կարելի է փաստել, որ ինչ-ինչ, բայց Տիգրան Սարգսյանի վիրտուալ նվաճումներն իսկապես խոսուն են:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել: Այս անգամ օմբուդսմենի «սերվիսը» ԶԼՄ դաշտին է առնչվում: Հիմնադրվել է Տեղեկատվական վեճերի խորհուրդ, որի նպատակն է լինելու «պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև անձի արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը` այդ իրավունքների իրացման ընթացքում ծագող դատական վեճերի դեպքերում փորձագիտական եզրակացություններ հրապարակելով, որոնք հիմնված են ՀՀ օրենսդրության, միջազգային իրավական ակտերի և էթիկայի նորմերի վրա»: Ամեն դեպքում, նպատակների նման շարադրանք ենք կարդում հիշյալ խորհրդի ստեղծման վերաբերյալ տարածված տեքստում:
Թե ինչպես է ձևավորվել խորհուրդը, անորոշ է. ասված է միայն, որ ստեղծվել է ՄԻՊ գրասենյակում կազմակերպված «Մամուլի ազատություն» երկօրյա ֆորումի ընթացքում: Անդամներ են ընտրվել Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը և «Արմմեդիա» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը: Օմբուդսմենն ասել է, որ խորհրդի հինգ անդամներն էլ հեղինակություն են վայելում լրագրողական և իրավաբանական շրջանակներում, ինչն էլ լրագրողներին թույլ կտա ապահովված և պաշտպանված զգալ:
Հետաքրքիր է, թե ինչպե՞ս են ընտրվել այս մարդիկ, ի՞նչ չափանիշներով, ինչպե՞ս են առաջադրվել: «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը հայտնեց, որ իրեն, օրինակ, առաջադրել է Բորիս Նավասարդյանը, իսկ թե ով է առաջադրել Նավասարդյանին՝ Աբրահամյանը չգիտեր: «Եթե Կարեն Անդրեասյանը նման խորհուրդ ստեղծելու միտք է ունեցել, արդեն իսկ լավ է»,- մեր զրույցի հենց սկզբում նկատեց Աբրահամյանը:
Հիմա տեսնենք, թե ի՞նչ է իրականում այս խորհուրդը, ի՞նչ կարող է լինել և, ընդհանրապես, ու՞մ շահերն է պաշտպանելու: Լավ «սերվիս» մատուցելու մասնագետ Կարեն Անդրեասյանն այս խորհրդի կազմում, փաստորեն, ընդգրկել է Հայաստանի լրագրողական դաշտի, այսպես ասած, բոսերին, որոնք պետք է իրենց հեղինակավոր կարծիքը հայտնեն տարբեր դատական վեճերի ժամանակ, որոնցով, ի դեպ, մեր դատարաններն այսօր բավական ծանրաբեռնված են` հենց շնորհիվ «սերվիսի» գերագույն մասնագետ Կարեն Անդրեասյանի հեղինակած օրենքի, որով ապաքրեականացվեց զրպարտությանը վերաբերող հոդվածը: Ենթադրվում է, որ «վիրավորանք է, արժանապատվությանը վնասող ոտնահարում է, թե ոչ՝ հոդվածում թույլ տրված ձևակերպումը» հարցին պատասխանելու են հենց այս խորհրդի հարգարժան անդամները: Դատավորն էլ վճիռ կայացնելիս, հավանաբար, հենվելու է այս խորհրդի տված եզրակացությանը՝ որոշ առումով ինքն իր վրայից գցելով պատասխանատվությունը: Չի բացառվում, որ նման խորհուրդ ստեղծելով՝ Կարեն Անդրեասյանը ևս փորձում է իր ուսերից աստիճանաբար ցած նետել լրատվամիջոցներին խոցելի դարձրած օրենքի հեղինակի պատասխանատվությունը: Արամ Աբրահամյանը նույնպես հայտնեց, թե խորհրդի` արդարացնել կամ չարդարացնելու վերաբերյալ կարելի կլինի դատել միայն մեկ-երկու գործի քննությունից հետո, երբ երևա խորհրդատվական որոշման որակը, և թե որքան է այդ եզրակացությունն ազդելու դատական որոշման վրա:
Բայց ովքե՞ր են այն մարդիկ, որոնք պետք է քննեն ու եզրակացություն տան, և որքանո՞վ կկարողանան զերծ լինել կանխակալությունից, ազդեցությունից և այլն: Նրանք, ի տարբերություն Հայաստանի արդար և անկաշառ դատավորների, ինչպես տեսնում ենք, պարզապես շարքային մարդիկ են, սուբյեկտիվ դիրքորոշում ունեցողներ, ընդ որում, տարբեր զբաղմունքների տեր: Առաջին երկուսը` Շուշան Դոյդոյանը և Բորիս Նավասարդյանը, ընդամենը դրամաշնորհներով տարբեր ծրագրեր իրականացնելու գործում են մասնագիտացած, վերջին երկուսը` Արա Ղազարյանը և Մանանա Ասլամազյանը, Աստված գիտե` ովքեր են: Եվ միակ մարդն այս խորհրդում, որ դեռ լրագրողներից չի օտարացել՝ «Առավոտ» օրաթերթի խմբագիրն է: Այսինքն, անկախ իրենց մարդկային, բարոյական բարձր կամ ցածր հատկանիշներից, խորհրդի անդամները մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրը կարող է ունենալ որոշակի տեսակետ, որը կարող է չհամընկնել այլոց տեսակետի հետ: Եվ ուրեմն, ի՞նչ երաշխիք, որ այս մարդկանց տված գնահատականը լինելու է անկողմնակալ:
Երբ նույն Արամ Աբրահամյանը «պոլի փետ» էր անվանում Ազգային ժողովի պատգամավոր դարձածին, հիշյալ պատգամավորը նույնպես փորձ արեց պատիվ պահանջել հեղինակավոր խմբագրից, թե ինչպես է նա թույլ տվել նման արտահայտություն անել: Խմբագիրը հաջորդ խմբագրականում սկսեց շարադրել իր` նման արտահայտություն գրելու դրդապատճառները, թե կապ չունի` ինչ է անվանել` «պոլի փետ», թե «թթվի քար», նման արտահայտությունը վիրավորանք չէ, ընդամենը երևույթի գնահատում է և այլն: Կարողացա՞վ Արամ Աբրահամյանը համոզել տվյալ պատգամավորին, թե չի վիրավորել, այդքան էլ էական չէ, բայց մարդը, փաստորեն, կարծիք էր ունեցել և հայտնել էր այդ կարծիքը, ինչին մյուսը համամիտ չէր և կարող էր նաև դատական հայց ներկայացնել: Այլ հարց է, որ մարդուն «պոլի փետ» կամ «թթվի քար» անվանելը, իհարկե, վիրավորական է: Այլ հարց է, որ Արամ Աբրահամյանն այս դեպքում պատճառաբանել էր, թե ինչու է նման կերպ անվանել տվյալ անձնավորությանը, որ «քավ լիցի, ոչ մի դեպքում չի ցանկացել վիրավորել…» և այլն:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ՝ դարձյալ համարելով, որ իրեն վիրավորել են: Այս թերթը փետրվար ամսին տպագրված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին բացատրու՞մ» հոդվածում գրում է. «Իսկ Քոչարյանը, որքան էլ առանձնանում է գավառականությամբ ու արյունռուշտությամբ, առանձնակի փայլում է անմտությամբ: Ուղղակի մտածում ես՝ ՀՀ նախագահի աթոռին թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ չէ…»: Սա վիրավորակա՞ն է արդյոք, թե՞ ոչ. ահա թե ինչ է պարզելու դատարանը քննության վերջում:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը, ըստ ամենայնի, այս հայցի հետ կապված արդեն ստիպված կլինի եզրակացություն տալ: Ի դեպ, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն այսօր հայտարարել է. «Բավական է աբսուրդ մարմիններ ձևավորեն, մեր գլխին փորձեն դատական նոր ատյաններ ստեղծել, մամուլի նախարարություններ ձևավորեն: Այդ հասարակական կազմակերպությունները տասնյակ տարիներ շարունակ մամուլի համար Հայաստան մտնող գումարները ծախսելով են զբաղված, հիմա էլ երևի ծախսելու նոր ձև են գտել», և կոչ է արել լրագրողներին՝ հեռու մնալ այդ խորհուրդներից: Հիմա, եթե այս խորհրդի հարգարժան անդամներին առաջարկեն հիշյալ դատական հայցի շրջանակներում փորձագիտական եզրակացություն տալ, ի՞նչ պետք է ասեն: Խորհրդի հիշյալ անդամներին երևի թե նախանձել չարժե, նրանք ընկնելու են երկու քարի արանքը: Եթե խորհուրդը հայտարարում է, թե կոչված է պաշտպանելու լրագրողներին, ապա հենց այս դատական հայցի շրջանակներում, օբյեկտիվ գնահատականի դեպքում, երևի թե պետք է տա բացասական եզրակացություն. Այսինքն՝ պետք է ասի, որ ասվածը վիրավորական է, ինչին, ի դեպ, չհամաձայնել այդքան էլ չի կարելի: Իհարկե, վիրավորական է Ռոբերտ Քոչարյանին նման որակումներ տալը, ընդ որում, երկրորդ նախագահի հասցեին «անմտություն» որակումն ավելի քան անհիմն կարելի է գնահատել հենց ի սկզբանե` անգամ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ բացասաբար տրամադրվածների տեսանկյունից. անմիտ մարդը չէր կարող 10 տարի իր ձեռքում կենտրոնացնել մի ամբողջ պետություն և դեռ պաշտոնավարումից հետո էլ շարունակեր պահել իշխանական լծակները:
Արամ Աբրահամյանին երբ հայտնեցինք «Հրապարակ»-ի խմբագրի վերոգրյալ կարծիքը, շատ հանգիստ պատասխանեց, թե նրա ենթադրությունը կարող է շատ ճիշտ լինել, ավելին, չբացառեց, որ խորհուրդը կարող է լրատվամիջոցների նկատմամբ շանթարգելի դեր կատարել: Ընդամենն ավելացրեց. «Եթե տեսնեմ՝ լրագրողների նկատմամբ ճնշում է լինում, դուրս կգամ»: Այսինքն, հենց սկզբից կարող ենք արձանագրել, որ խորհրդի անդամներն էլ են զգում իրենց խոցելի կարգավիճակը: Համենայն դեպս, լրագրողական դաշտին ամենամոտ կանգնած խորհրդի անդամն զգում է:
Եվ այսպես, դժվար է միանշանակ ասել, թե ինչպիսի՞ն կարող է լինել հիշյալ խորհրդի դիրքորոշումը լրագրական սուբյեկտիվ որակումների դեպքում: Ամենայն հավանականությամբ, գործ ենք ունենալու դարձյալ սուբյեկտիվ դիրքորոշման հետ: Իսկ ի՞նչ կարող է անել խորհուրդը, օրինակ, այն հարցերում, երբ վիճարկվում է տպագրվածի իսկությունը: Լրագրողը հայթայթում է խիստ գաղտնի տեղեկությունը, որը բացի իրենից, ասենք, գիտեն եզակի անհատներ, համարձակությունը ներում է դրանք գրելու, և ահա կողմը, ում մասին գրվել է, հերքում է պահանջում և ասում, որ դա ծայրից ծայր սուտ է:
Ի՞նչ կարող է անել խորհուրդն այս հարցում: Խորհրդի անդամներից և ոչ մեկը չի կարող իմանալ եղելությունը, իմանալու դեպքում էլ՝ չի կարող ապացուցել: Օրինակ, Հովիկ Աբրահամյանի հետ կապված ցանկացած տեղեկատվություն ԱԺ լրատվականը հերքում է, ասում, որ նման բան չկա: Այդպիսի տեղեկությունները հիմնականում դժվար է ապացուցել, տեղեկություն տրամադրողների հասցեներն էլ լրագրողները, հաշվի առնելով էթիկան ու աղբյուրի գաղտնիության պահպանումը, ոչ մի դեպքում չեն հայտնի: Այսինքն, դարձյալ լրագրողը հայտնվում է խոցելի վիճակում: Լրագրողը խոցելի է իր հրապարակումների հասցեատերերի հարձակումներից, լրագրողին կարող է «ժերտվա տալ» նաև խմբագիրը` կա´մ վախենալով հրապարակման հասցեատիրոջից, կա´մ ուղղակի գերադասելով դրամագլուխ կուտակել` որպես ահաբեկվելուց խուսափելու այլընտրանք: Իսկ հիմա՝ քիչ էր, որ լրագրողներին հարվածում էին լրագրական դաշտից դուրս գտնվողները, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ, ստացվում է, լրագրողները ձեռք են բերում ևս մի մարմին, որտեղ կարող է հարված լինել ներսից`անկախ այն բանից՝ բարեկամի, թե թշնամու, բայց «ներսից»` լրատվական դաշտից:
Այսօր կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ցույցն էր: Այսօրվա ցուցարարների բողոքի պատճառը պոմիդորն էր: Ջերմոցային տնտեսություն ունեցող առնվազն քսան ձեռներեցներ հավաքվել և բողոքում էին այն փաստի դեմ, որ Թուրքիայից չմաքսազերծված բանջարեղեն է ներմուծվել: Այս մարդիկ ասում են, թե ջերմոցային տնտեսությամբ զբաղվելը բավական թանկ զբաղմունք է, և որ դրա համար 24 տոկոսանոց վարկեր են վերցրել, ընդ որում, ժամանակին վերցրել են 305 դրամ փոխարժեքով, սակայն հիմա դոլարը 370 է, և քանի որ վարկը վերադարձնում են դրամով՝ տուժում են, որովհետև բանկը հաշվարկները կատարում է ի վնաս իրենց:
Ըստ այս մարդկանց, Հայաստանում արտադրվող լոլիկի ինքնարժեքը 700 դրամ է, իսկ թուրքական լոլիկը՝ մաքսազերծման դեպքում, կարժենա 800 դրամ, մինչդեռ այսօր լոլիկ է վաճառվում 500 դրամով: Այսինքն, ինչ-որ մեկը լոլիկ է ներկրել և հաջողեցրել է չմաքսազերծել: Եվ հիմա հայաստանյան լոլիկի շուկայի մատակարարները բողոքում են դրա դեմ:
Սա հերթական և սովորական բողոքի ակցիա է: Բայց ուշադիր լինելու դեպքում սրա մեջ էլ քիչ հարցեր չկան թաքնված:
Նախ՝ բողոքի նյութի մասով. լոլիկն այսօր վաճառվում է 1000 դրամով, սակայն շուկա է մտել 500 դրամանոց լոլիկ. Լա՞վ է սա, թե՞ վատ: Սպառողի, ՀՀ քաղաքացու տեսանկյունից միանշանակ լավ է. ինչ-որ մեկը մտածել է ՀՀ քաղաքացու մասին և որոշել՝ ավելի քիչ խփել նրա գրպանին, ավելի մատչելի գնով լոլիկ հրամցնել: Այլ հարց է, որ դա երկսայրի գործողություն է և, նպաստավոր լինելով սպառողներին, աննպաստ է ստացվել արտադրողների համար: Դրանից բացի, չի բացառվում, որ ներկրվող, էժան լոլիկը լինի ԿՎՕ` կենդանի վերափոխված օրգանիզմ, որը շատ ավելի էժան է միջազգային շուկայում, քան, ասենք, 500 դրամն է, սակայն ԿՎՕ-լոլիկի օգտագործումը կարող է վնասել մարդուն: Կամ՝ իրոք այդ տարբերակն է, կամ…
Հարց է ծագում, թե ո՞վ կարող էր առանց մաքսազերծման լոլիկ ներկրել և հետո էլ նման ցածր գներով հանել վաճառքի: Իհարկե՝ նա, ով վայելում է ՊԵԿ հովանավորությունը և կարողացել է նման հաջող գործարք կազմակերպել: Այս առումով բողոքի հասցեն որոշ առումով ճիշտ էր ընտրված, այլ հարց է, թե անգամ կառավարությունում ի զորու՞ են չմաքսազերծված ապրանք ներկրած և վաճառած անձնավորությանը սաստել: Հազիվ թե…
Իսկ հիմա տեղական արտադրողների մասին: Գյուղմթերքների վաճառքը Հայաստանում դարձել է վերավաճառողների մենաշնորհը, որոնք իրենց ցանկալի գներն են թելադրում` առանց հաշվի առնելու այնպիսի մանրուք, ինչպես օրինակ` գնորդի վճարունակությունն է: Հայաստանն այն երկիրն է, որտեղ բնակչության մի ստվար զանգված գործազուրկ է, մի ստվար հատված աշխատում է 50-100 հազար դրամ աշխատավարձով, բայց այստեղ խնձորն արժե 1000 դրամ, կարտոֆիլը` 350, սոխը` 600, իսկ պոմիդորը, ինչպես տեսնում ենք՝ 1000: Մեղքի բաժին ունե՞ն ջերմոցատերերը գնային նման քաղաքականության հաստատման՝ հայաստանյան եկամուտների և սպառողական զամբյուղի նման անտրամաբանական զուգահեռի հարցում: Իհարկե՝ ունեն. բայց իրենք, ինչպես տեսնում ենք, ասում են՝ չունեն, և ամբողջ մեղքը գցում են բանկային վաշխառուների վրա, որոնք, բնական է, նույնպես մեղավոր են:
Եվ ուրեմն, ինչ կարող են այս մարդիկ սպասել կառավարությունից, իմաստ ունի՞ այս երկրում նման բողոքի ակցիաներ կազմակերպել: Երբեմն կարող են և իմաստ ունենալ: Հնարավոր է, որ Տիգրան Սարգսյանը որոշի հերթական փիառ ակցիան կազմակերպել իր օգտին՝ ցույց տալու համար, թե ինչքան մտահոգ է տեղական արտադրողներին պաշտպանելու հարցում, և պայմանավորվի լոլիկ ներկրած ու չմաքսազերծած օլիգարխի հետ` կանգնեցնել այս օպերացիան և իր լոլիկը ևս վաճառել բարձր գնով: Հնարավոր է, որ նման ձևով բողոքավորները հասնեն իրենց ուզածին: Բայց ի՞նչ կշահի դրանից հանրությունը: Պարզ է՝ ոչ մի բան: Այնպես որ, խոշոր հաշվով կառավարության շենքի դիմաց կազմակերպված ցանկացած ակցիա կարելի է անիմաստ համարել, քանի որ դրանք ամենաշատը կարող են հասնել այսրոպեական արդյունքների, մինչդեռ խնդիրների խորքային պատճառներն այդպես էլ կմնան չլուծված: Ինչու՞: Քանի որ դա ձեռնտու չէ լուծողներին:
Վերջին շրջանում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հարաբերությունները նկատելիորեն լարվել են: Չի կարելի ասել, թե նախկինում Սարգսյանն ու Երիցյանը սրտակից ընկերներ էին, սակայն, ամեն դեպքում, ՀՀ ոստիկանապետն ու նախկին փոխոստիկանապետը միմյանցից չէին խորշում: Հիմա, եթե որևէ մեկը փորձի Երիցյանին գովել Սարգսյանի մոտ կամ հակառակը, ապա կարող է հայտնվել այս երկուսից մեկնումեկի սև ցուցակում:
Թե ի՞նչն է պատճառ դարձել հարաբերությունների նման կտրուկ փոփոխության, դժվար է ասել: Կարելի է ընդամենը ենթադրություններ անել:
Նախկինում՝ ոչ պաշտոնական հարաբերություններում երկու փորձառու ոստիկան-ղեկավարները միմյանց հետ շփվում էին «ախպեր ջան»-ով: Այդպես, 2010 թ. սեպտեմբերի 4-ին` Փրկարարի օրը, ՀՀ ոստիկանապետն իր ղեկավարած համակարգի բարձրաստիճան ոստիկանների հետ ԱԻՆ-ի առանձնահատուկ հյուրերի շարքում էր, և պետք է ասել, որ նախկին «զամի» տոնին Ալիկ Սարգսյանը ներկայացել էր լավագույնս պատրաստված: «Շնորհավորում ենք, ախպե´ր ջան»-ին հաջորդեց Երիցյանի պարգևատրումը. ԱԻ նախարարին շնորհվեց «Ոստիկանության հետ համագործակցության համար» մեդալ:
Իր հերթին, Արմեն Երիցյանը պաշտոնական հարցումներում` հատկապես ոստիկանապետի հնարավոր փոփոխության հետ կապված, մշտապես հերքում էր իր հավակնությունները և գոնե իր շրջապատում հարգանքով էր արտահայտվում Սերգեյիչի մասին: Իսկ հիմա «ախպերների» ջրերն այլևս նույն առվով չեն հոսում: Ինչու՞:
Հավանական պատճառներից մեկը Երիցյանի` ոստիկանություն տեղափոխվելու հավանականությունն է: Որքան էլ Երիցյան-նախարարը համեստություն անի և ամեն անգամ հայտարարի, թե իր բաղձալի երազանքը լավ փրկարար դառնալն է, փաստն այն է, որ Ազգային անվտանգության խորհրդի անդամ ՀՀ ոստիկանապետն ու «Օրինաց երկիր» կուսակցության պորտֆելատենչ պահանջները բավարարելու միտումով ձևավորված Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի աթոռը համարժեք անվանել հնարավոր չէ: Ինչ-ինչ, բայց յուրաքանչյուր ոստիկան երևի թե երազում է դառնալ ոստիկանապետ, իսկ Արմեն Երիցյանը, ասում են, լավ ոստիկան է:
Երկու նախարարների հարաբերությունների վատթարացման պատճառ կարող է լինել նաև այն, որ նույնիսկ ոստիկանությունից հեռանալուց հետո՝ Երիցյանն իր ձեռքում է պահում համակարգի որոշ լծակներ: Հայտնի է, որ Ալիկ Սարգսյանը ոստիկանապետ է այնքանով, որքանով… թեպետ սիրում է «խոստովանել», թե կապ չունի համակարգում պտտվող գումարների հետ, սակայն ներքևի օղակները պնդում են, որ նա մասամբ է ճիշտ. այս հարցը «կարգավորում է» Սերգեյիչի եղբայրը: Իրոք, այս կառույցում «ասողները» և «հարց լուծողները» ոստիկանապետից ավելի ցածր աստիճանի վրա են. Արմեն Երիցյան, Հունան Պողոսյան, Ներսիկ Նազարյան…
Ալիկ Սարգսյանը երեք տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ այս երեքից վերցնել «հարցեր լուծելու» մեխանիզմները: Իսկ ենթադրել, թե նրան դեռ կհաջողվի երկար պաշտոնավարել ոստիկանությունում և համակարգի ղեկն իսկապես վերցնել ձեռքը, այսօրվա դրությամբ այնքան էլ իրատեսական չէ:
Ինչ վերաբերում է Սարգսյան-Երիցյան հակասությանը, ապա չարժե մտահոգվել այս առնչությամբ` աչքի առաջ ունենալով իշխանական վերնախավում պաշտոնյաների` միմյանց դեմ մշտապես դավեր նյութելու սովորությունը: Այնպես որ, եթե մանրազնին քննության ենթարկենք ՀՀ ղեկավարության առաջին էշելոնում գտնվողների հարաբերությունները, ապա բարձրաստիճան պաշտոնյաների հարաբերությունների սրվելու փաստերից այդքան էլ պետք չէ զարմանալ. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը միմյանց պարզապես ատում են, վերջերս լարվեցին նաև Ներսիկ Նազարյանի և ոստիկանապետի հարաբերությունները:
Այս ցուցակը կարճ չէ. ա՛յ, թե նման կարգի հարաբերությունները ինչքանով են նպաստում երկրում օրենքի գերակայություն ստեղծելու և իրավապահ համակարգը բարեփոխելու առումով, արդեն իսկ խնդիր է, ինչը պետք է անհանգստացնի «Բաղրամյան 26»-ին:
Պարտիայի հերթական քայլը Ազատության հրապարակի ազատումն էր
Սոցիալական պայթյունավտանգ իրավիճակից ոտքի ելած բազմահազար քաղաքացիներին (ընդդիմության առաջնորդը հայտարարեց, թե հանրահավաքի մասնակիցների թիվը 100 հազար է` ժողովրդի բազմությունը հասել էր մինչև «Նաիրի» կինոթատրոն, մինչդեռ ոստիկանությունը դարձյալ, իր սկզբունքներին հավատարիմ, 9 հազարի կարգի թիվ հրապարակեց) Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքում կարողացավկառավարել այնպես, ինչպես պետք էր:
Ժողովուրդը բացականչում էր «Հիմա´», «Ա´յժմ», քանի որ մարդիկ արդեն հոգնել էին հանրահավաքներին միայն բարոյախրատական ճառեր լսելուց և որևէ կոնկրետ գործողության ականատես չլինելուց, սակայն առաջին նախագահը անգամ ձայնը բարձրացրեց, թե` թողե´ք ձեր այդ «հիմա»-ներն ու «այժմ»-ները, թե` սա լուրջ գործ է, թե` սա միտինգ չէ, սա քաղաքական լրջագույն աշխատանք է, որը յուրաքանչյուր մասնակցից տքնաջան աշխատանք է պահանջում, թե` մենք քինգբոքսինգի չենք դուրս եկել, այլ շախմատ ենք խաղում: Այս ամենը ասվեց մի բանի համար. մենք գիտենք` երբ է պահը:
«Հիմա» և «այժմ» գոռացողները, բնականաբար, դարձյալ հիասթափվեցին: Հիասթափությունը մեծացավ, երբ առաջնորդը հայտարարեց, թե շտապելու խնդիր չունեն, թող իշխանությունները շտապեն, թե պայքարի հաջողությունը կախված է բացառապես համբերությունից, սառնասրտությունից, ինքնավստահությունից և կարգապահությունից: Բայց շախմատ խաղացող Տեր-Պետրոսյանը միաժամանակ հասկանում էր, որ այդքան էլ հեշտ չէ ընդդիմադիր նման զանգված փողոց դուրս բերել, որ եթե ռեալ մի բան չարվի, ապա հաջորդ հանրահավաքին այս մարդկանց մեծ մասը պարզապես չի գա այլևս: Եվ հանրահավաքի վերջում հայտարարվեց, թե անակնկալ է լինելու. ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն առաջարկեց գնալ և վերանվաճել Ազատության հրապարակը:
Ժողովրդի գետը լցվեց Մաշտոցի պողոտա. այդ գետը կարող էր շարժվել նաև Բաղրամյան 26, և դժվար է ասել, թե ինչ կարող էր լինել… Սակայն դատելով ոստիկանական զորքերի` Ազատության հրապարակի պաշարումից (Հայաստանում երևի թե ինչքան ոստիկան կար` բերվել էր Ազատության հրապարակ` մի քանի շարքով շրջափակելու համար), դատելով մի քանի րոպեանոց բանակցություններից հետո ընդդիմությանը միանգամից թույլտվություն տալուց (2008թ. մարտի 1-ից այս կողմ Ազատության հրապարակը փակ էր ընդդիմության հանրահավաքների համար), կարելի է ենթադրել, որ սա ևս պայմանավորված քայլ էր շախմատ խաղացողների պարտիայում.
ժողովրդին հարկավոր էր գոնե մի կուտ տալ: Կուտը, բնականաբար, չէին կարող սոցիալական վիճակը բարելավող քայլերը լինել, չէր կարող իրական իշխանությունը լինել (Հայաստանն այդպես էլ չունեցավ ժողովրդի մասին մտածող առաջնորդ` ժողովրդի հոգսերով չեն քնում-արթնանում ո´չ Սերժ Սարգսյանը, ո´չ էլ առավել ևս Լևոն Տեր-Պետրոսյանը): Դա կարող էր լինել ընդամենը հաղթանակի պատրանք, որի լավագույն տարբերակը Ազատության հրապարակը բացելն էր. այստեղ հանրահավաք անելը միանգամայն արդարացի պահանջ է և շատ ավելի տրամաբանական, քան անշնորհք ու գագիկբեգլարյանական ճաշակով գույնզգույն խաղալիքներով հրապարակի տարածքը զբաղեցնելը:
Ընդդիմությունը մտավ Ազատության հրապարակ: Այստեղ արդեն երրորդ օրն է հացադուլ է անում «Ժառանգության» առաջնորդ, բայց ՀԱԿ-ին չմիացած, սակայն մշտապես աջակցած Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ արմատական ընդդիմությունը հրապարակ մտնելու թույլտվություն ստացավ, Հովհաննիսյանը ոտքի կանգնեց իր բարձրացրած դրոշի կողքը: ՀԱԿ ղեկավարությունը մտավ հրապարակ, ուղղվեց դեպի բեմ և այդպես էլ չմոտեցավ և անգամ մի բարև չտվեց «Ժառանգության» ղեկավարին:
Նույն կերպ Մարտի 1-ի հանրահավաքին ծաղիկներով եկած ժառանգականներին` Հովհաննիսյանի գլխավորությամբ, երբ նրանք ցանկացել էին բարձրանալ հարթակ, թույլ չէին տվել` հասկացնելով, թե այնտեղ իրենց ներկայությունը ցանկալի չէ: Այդպես մի պահ Ազատության հրապարակում բավական հետաքրքիր և հայաստանյան ընդդիմությանը բնորոշ իրավիճակ ստեղծվեց. Տեր-Պետրոսյանը հարթակում էր, Րաֆֆի Հովհաննիսյանը նստարանների մոտ` իր դրոշի կողքին: Ժողովրդի մի մասը գոռում էր «Լևո´ն, Լևո´ն», երբ հանկարծ մի մասն էլ սկսեց բացականչել «Րաֆֆի´, Րաֆֆի´» և, որ ամենազավեշտալին էր, սկսեցին գոռալ «Միացու´մ, միացու´մ»` այն դեպքում, երբ անգամ ընդդիմադիրներն իրենց ամբիցիաների պատճառով չեն միանում, ուր մնաց թե… ու՞մ միացում, ինչի՞ն, ինչի՞ համար… գուցե թուրքերի՞ն. հայկական ընդդիմության պարագայում դա հավանաբար ավելի իրատեսական է:
Հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե այն, ինչ տեղի ունեցավ Թունիսում, Եգիպտոսում և այլուր, տեղի կունենա նաև Հայաստանում` իշխանությունը ենթարկվելու է ժողովրդին, սակայն… դա լինելու է սահուն, անցնցում կերպով, իշխանությունը ստիպված է լինելու ընդունել մեր խաղի կանոնները և մեզ հետ խոսել գործընկերային դիրքերից:
«Գործընկերային դիրքերից» ընդդիմության մասին, ըստ էության, խոսեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում` ասելով, թե ընդունում է քննադատությունները, սակայն լավ կլինի, եթե առաջարկներն ավելի իրատեսական լինեն (ոչ թե, ասենք, առանցքային բոլոր ֆիգուրների պաշտոնանկությունը): Նախագահն ասել էր, թե շատ նորմալ է վերաբերվում ընդդիմության հանրահավաքներին, իհարկե, ընդդիմության գործը իշխանություններին քննադատելն է, հանրահավաքներ անելը, որպեսզի հետո ընտրությունների միջոցով կարողանան գալ իշխանության: Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքին շարժվեց «գործընկերոջ» խորհուրդներով. հանրահավաքը` անգամ Ազատության հրապարակի վերանվաճումը անցկացրեց «կոռեկտության սահմաններում» (սա նախագահի առաջ քաշած պայմանն էր հանրահավաքների համար) և առաջադրեց ընդամենը երեք պահանջ. ազատել քաղբանտարկյալներին, Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքների իրականացում և մարտիմեկյան դեպքերի բացահայտում ու մեղավորների պատժում։
Ազատության հրապարակի «ազատագրումը» տեղի ունեցավ ժամը 19:15-ի սահմաններում: Ընդդիմադիր զանգվածը այստեղ մնաց ևս երկու ժամ, պարեցին, կանգնեցին, նստեցին, ընդդիմության մեկ-երկու ղեկավարի խոսք լսեցին, որից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե որպես պապի` բոլորին մաղթում է մշտական ցնծություն և հրահանգեց գնալ տուն: «Սա մեկ օրվա լուծելու խնդիր չէ, բայց երկար էլ չի տևելու»: Լևոն Տեր-Պետրոսյանը լավ գիտե` ինչ է անում, լավ գիտե, թե որն է իր աշխատանքը, լավ գիտե, թե ինչ պետք է խաղա շախմատի այս պարտիայում. ՀԱԿ-ը հիմա պարզապես պետք է պատրաստվի գալիք խորհրդարանական ընտրություններին:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.