29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հոկտեմբեր ամսից Հայաստանը «Զվարթնոց» օդանավակայանի նոր համալիրի շնորհիվ կհայտնվի առաջին տեղում անդրկովկասյան իր հարևանների համեմատությամբ. ո´չ Թբիլիսիի, ո´չ էլ Բաքվի օդանավակայանները չեն կարող այլևս մրցել մերինի հետ: Շահագործման է հանձնվելու օդանավակայանի համալիրի նոր շենքը: Նախկին շենքն այդուհետ կօգտագործվի որպես վարչական շենք, իսկ ուղևորները գործ կունենան միայն նոր համալիրի հետ:
Օդանավակայանի հանրային գոտու նոր տերմինալը, շուրջ 34000 քմ տարածքով, միանգամայն նոր պայմաններով կդիմավորի ուղևորներին: Հաշվառման սրահը կունենա 46 հաշվառման սեղան և հաշվառման կրպակներ: VIP բաժնի հետ լինելու է նաև առանձին նախագահական բաժին, որտեղ մուտքը կլինի առանձին. այստեղ կդիմավորեն ու կճանապարհեն միայն նախագահներին: Լինելու է երկհարկանի ավտոկայանատեղի` 20 հազար քմ մակերեսով` ունակ սպասարկելու 600 ավտոմեքենա:
Մի խոսքով, ամեն ինչ, ըստ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի աշխատակիցների (2001 թ.-ից այս ընկերությունն է իրականացնում «Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարումը, և հենց Էդուարդո Էռնեկյանի ընկերությունն է շուրջ 244 մլն դոլար ներդրումներ կատարել այստեղ), ամեն ինչ լինելու է բարձր մակարդակով, ամեն ինչ արվելու է` միջազգային լավագույն օդանավակայաններից հետ չմնալու համար: Շահագործման հանձնելուց հետո «Զվարթնոցին» կտրվի «B» դասի օդանավակայանի կարգ. օդանավակայանները լինում են 4 դասի` A, B, C, D, սակայն A դասի օդանավակայան չկա, այնպես որ…
Բայց ամեն ինչով հանդերձ, անկախ այն բանից, որ «Զվարթնոցը» հայտնվելու է լավագույնների շարքում, միևնույն է, անհնար է հավատալ, որ էլի մերն ուրիշ չի լինի: Անհնար է հավատալ, որ հայ հարկահավաքները կարող են մի օր դառնալ բարեկիրթ, անհնար է հավատալ, որ մեր օդանավակայանում էլի քաշքշուքներ չեն լինի, էլի մարդկանց չեն խաբի, և վերջապես՝ որ մի օր կարող է մեզ մոտ էլ տոմսերի համար սահմանվեն տրամաբանությանը մոտ գներ: «Արմավիա» ավիաընկերության ղեկավարությունը վերջերս դարձյալ Հայաստանում թռիչքային տոմսերի թանկությունը վերագրեց «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման համար չափից ավելի մեծ գումարներ շորթելուն: Ավիաընկերություններն ասում են` մենք մեղք չունենք, մեզ էնպիսի գներով են սպասարկում, որ մենք, ուզած-չուզած, դա մտցնում ենք տոմսի գումարի մեջ, որ չտուժենք: Սրա հետևանքով կրկնակի տուժողը, բնականաբար, Հայաստանից մեկնողներն են:
Արտաքին տեսքի բարելավմանը զուգընթաց՝ օդանավակայանը մտադիր չէ՞ ձեռնպահ մնալ նաև թալանից. եթե ավիաընկերություններն ասում են, թե սպասարկման գները բարձր են, ժամանակը չէ՞ խելքին մոտ գներ սահմանել, ինչը հնարավորություն կտա տոմսերի գները գոնե մի քիչ նվազեցնել:
— Մեր սակագները մրցունակ են Վրաստանի, Ադրբեջանի և մի շարք թուրքական օդանավակայանների համեմատ, նույնիսկ ավելի ցածր են Վիեննայի և Լոնդոնի օդանավակայանների սակագներից,- ասում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ փոխտնօրեն Անդրանիկ Շխյանը,- մեր գները սահմանվել են 2002-ին, երբ որ շատ ընկերություններ, որոնք հիմա չվերթեր են իրականացնում Հայաստանում, չեն եղել` «Air Franc»-ը, «Fly-Dubai»-ը, չեխական ավիաընկերությունները: Դրանք էն ընկերություններն են, որոնք եկել են մեր գները սահմանելուց հետո: «Արմավիան» գործում է 2004 թվականից, այնպես որ՝ նա ևս սկսել է գործել, երբ մեր գները հաստատված էին: Օդանավակայանի սակագները 7-8 տոկոսն են կազմում ցանկացած ավիաընկերության չվերթի սպասարկման ծախսերի մեջ: Սա էն քանակն է, որն ունի, օրինակ, բրիտանական ավիաուղիները կամ եվրոպական ցանկացած փոխադրող: Այսինքն` օդանավակայանային ծառայությունների սահմանն իրականում էդքան մեծ ազդեցություն չունի տոմսի գնի վրա:
— Այսինքն` հղումը ձեզ վրա այդքան էլ իրականությանը չի՞ համապատասխանում: Այսինքն` աննորմալ գներ սահմանողները ավիաընկերություններն են, որ ուղղակի գերշահույթի հետևից են ընկնում:
— Ինձ թվում է, եթե բրիտանական ավիաուղիների աուդիտի տվյալները, որոնք հենց իրենց կայքում հրապարակված են, բացեք, կտեսնեք, որ զուտ օդանավակայանային ծառայությունները… նորից եմ նշում՝ դա չի ենթադրում էն 10000 դրամը` օդի տուրքը, դա չի ներառում աէրոնավիգացիոն…
բազմաթիվ ծառայությունների ցանկ կա:
— Ի դեպ, էդ անհեթեթությունը էդպես էլ չի՞ վերանալու՝ օդի փող կոչվածը:
— Դե, ինքը այս պահին կա: Ես խոսում եմ այն ծառայությունների մասին, որոնք օդանավակայանը գանձում է ավիաընկերություններից: Զուտ 8 տոկոսի մասին է խոսքը: Նույն հարցը ե՛ս Ձեզ տամ` էդ 8 տոկոսը կարո՞ղ է ազդել տոմսի արժեքի վրա, եթե նույնիսկ մենք փոփոխություններ անենք, ինչքանո՞վ կազդի էդ 8 տոկոսը տոմսի արժեքի վրա` 1 տոկոսո՞վ, 2 տոկոսո՞վ, իջեցնեմ՝ արդյունքում կտուժենք մենք բոլորս, որովհետև արդյունքում էս օդանավակայանը չենք ունենա, բայց տոմսը իրականում կէժանանա 25 դոլարով, ո՛չ ավելի:
Լուսինե Կեսոյան
Որ Երևանի քաղաքապետարանն ամենակոռումպացված կառույցներից էր և է, դժվար թե որևէ մեկի մոտ կասկած հարուցի: Այստեղ վարչության պետերի և նույնիսկ շարքային աշխատակիցների մակարդակով հնարավոր էր ցանկացած գործարք իրականացնել, բնականաբար՝ համապատասխան վարձատրության դիմաց: Ասում են, փողի կարիք չունեցող քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է ձեռնպահ մնալ գործարքներից և ուղղակի քաղաքապետ է աշխատում, քանի որ դրայվ է զգում դրանից, այլ ոչ թե՝ որովհետև Երևանի քաղաքապետ լինելը եկամտաբեր գործ է: Բայց որ քաղաքապետարանի աշխատակազմին անգամ Կարեն Կարապետյանի դրայվը չի կարող զերծ պահել գործարքներից, կարելի է շատ հանգիստ ապացուցել` ուշադիր հետևելով այստեղ ընդունվող որոշումներին: Այդպիսի գործարքներից մեկը մեզ հաջողվեց բացահայտել Երևանի ավագանու խորհրդի վերջին նիստից հետո:
Մայիսի 6-ի նիստում քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Ուլիխանյանը (ամենայն հավանականությամբ՝ այս գործարքի շահագրգիռ կողմերից մեկը) ավագանու խորհրդին մի որոշում հրամցրեց` ակնկալելով արագ «դակում»: Ավագանու անդամները, սակայն, Ուլիխանյանի սպասելիքները չարդարացրին. «Թիվ 4 բուժսանմաս» և «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-երը միացնելու որոշումը կասկածներ ծնեց ավագանու մի քանի անդամի մոտ, և հարցը թեժ քննարկման առիթ դարձավ:
Վարչության պետը կրծքով պաշտպանում էր իր առաջարկը, փաստարկներ բերում հօգուտ միացման, տեղյակ լինելով գումարները տնտեսելու և ոչ մի ավելորդ դրամ չծախսելու քաղաքապետի մտադրության մասին՝ պնդում էր թիվ 4 բուժսանմասի պահպանման աննպատակահարմարության մասին: Մի խոսքով, վարչության պետն արեց ամեն ինչ, որպեսզի, գուցեև նախապես կայացած, գործարքը հաջողությամբ ավարտին հասցնի: Անգամ Կարեն Կարապետյանը, անտեղյակ լինելով, թե իրենցից ինչ են ներկայացնում հիշյալ բուժհաստատությունները, զգաց, որ ինչ-որ բան այն չէ, և առաջարկեց հարցի պարզաբանման համար առանձին քննարկում կազմակերպել:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանին և Երևանի ավագանու խորհրդի անդամներին գործարքին ակամա մասնակցությունից զերծ պահելու ցանկությամբ՝ ներկայացնենք այս ընթացքում մեր բացահայտածը:
Գործարքի հիմքում իսկապես որոշ մարդկանց շահերն են ընկած և, ինչպես միշտ է կատարվում մեզանում, մեկ-երկու հոգու շահի համար տուժողը մի ամբողջ կոլեկտիվ է լինելու:
Եվ այսպես, թիվ 4 բուժսանմասը, այսպես կոչված, Կաուչուկի պոլիկլինիկան է: Սա ժամանակին մեծ բուժհաստատություն էր` շուրջ 200 աշխատողով, «Պոլիվինիլացիտատ» գործարանում ուներ մասնաճյուղ, տարբեր գործարաններում էլ ուներ առողջապահական կայաններ` առկայաններ, որոնք փակվեցին, երբ պոլիկլինիկաներում վճարումը սկսեց իրականացվել սպասարկվող բնակիչների թվով: Ներկայումս այս բուժհաստատությունում աշխատում է շուրջ 40 աշխատող, և հենց նրանց էլ հիշյալ գործարքով պատրաստվում են վերադրույքավորել անգամ սեփական աշխատակիցների համար նորմալ պայմաններ չունեցող թիվ 13 պոլիկլինիկայում:
Բացի որոշ սուբյեկտներին ձեռնտու դրդապատճառներից, այստեղ առավել հետաքրքիր է, թե ինչու՞ հենց անպայման թիվ 13 պոլիկլինիկայի հետ է հարկավոր միավորել այս բուժհաստատությունը, երբ թիվ 18 պոլիկլինիկան ևս կարող է շատ ավելի մեծ շանսեր ունենալ թիվ 4-ի հետ միավորվելու առումով:
Բանն այն է, որ թիվ 4 բուժսանմասը երկար տարիներ ղեկավարում էր Էմիլ Նաջարյանը` հայտնի Էմիլ Վարդգեսովիչը, ում հաջողվեց երկրի համար ամենածանր տարիներին անգամ պոլիկլինիկան կենդանի պահել որպես ակտիվ հիմնարկ:
Նրա շնորհիվ էր, որ այս բուժհաստատությունը դարձավ այն կենտրոնը, որը կազմակերպում է աշխատողների բժշկական հետազոտություններ. տարբեր հիմնարկների աշխատողները տարեկան մեկ անգամ պարտադիր կարգով անցնում են բժշկական զննություն, ինչի իրավասություն ուներ միայն թիվ 4 բուժսանմասը: Հարգարժան Էմիլ Վարդգեսովիչը կարողանում էր իր հեղինակության շնորհիվ նորանոր ընկերությունների հետ պայմանագրեր կնքել: Այդպես, այս հաստատությունում էին հետազոտվում «Հայաստանի Էլեկտրական ցանցեր»-ի, «Մաքուր երկաթ»-ի, «Գրանդ-Տոբակո»-ի, «Հայկենցաղքիմիա»-ի, «Սթար»-ի, Շենգավիթի մանկապարտեզների և բազմաթիվ այլ հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները:
Բուժհաստատությունը, բացառապես իր հեղինակության շնորհիվ, առանց պետական աջակցության վերազինվեց անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով: Ավելին, հենց կնքված պայմանագրերի շնորհիվ, եթե պետությունից հատկացվող գումարը հիշյալ բուժհաստատությանը կազմում է շուրջ 12 մլն դրամ, ապա վճարովի ծառայություններով այս հիմնարկը ունի շուրջ 14 մլն դրամի եկամուտ:
Երբ գործարաններն այլևս չէին աշխատում, այսինքն` թիվ 4 բուժսանմասը, կարելի է ասել, զրկվում է իր հիմնական կոնտիգենտից, դարձյալ երջանկահիշատակ Էմիլ Վարդգեսովիչի ջանքերի շնորհիվ ամեն ինչ արվում է, որ հաստատության գործունեությունը չդադարի: Պոլիկլինիկային կցվում է 3 տեղամաս. թիվ 18 պոլիկլինիկայից երկու տեղամաս է վերցվում, թիվ 13-ից` մեկ: Այդպես՝ այս բուժհաստատությունն ապահովվում է շուրջ 4000 բնակչով, որոնց առողջության պահպանման խնդիրները հոգալու համար էլ պետությունը գումար է հատկացնում:
Այստեղ շատ ավելի հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարող էր Երևանի ավագանու խորհրդին ներկայացվել որոշում` լաբորատոր սարքավորումներով, հավելյալ վճարովի ծառայություններ մատուցող, այսինքն` ինքնաբավ մի հիմնարկի լուծարման և մեկ այլ հաստատության միացման մասին, ու՞մ գլխում կարող էր նման անհեթեթ գաղափար ծնվել: Հենց այս հարցի պատասխանն էլ հնարավորություն տվեց շատ ավելի հետաքրքիր իրողություններ բացահայտել.
2009-ին հանկարծամահ է լինում Էմիլ Վարդգեսովիչը: Տարիների ընթացքում գլխավոր բժշկի շնորհիվ ձևավորված առողջ և իրենց գործին անմնացորդ նվիրված կոլեկտիվը ծանր է տանում սիրելի ղեկավարի կորուստը, սակայն հետաքրքիր է, որ նվիրյալ բժիշկներից ոչ ոք չի ցանկանում թողնել ակտիվ բժշկությունը և զբաղվել վարչական աշխատանքով: Որոշ ժամանակ գլխավոր բժշկի պարտականությունները կատարում է փոխտնօրենը, որից հետո գլխավոր բժիշկ է դառնում ուսանողական աթոռից բուժսանմաս եկած սրտաբան Ռուզան Դուրգարյանը: Մեկ տարի աշխատելուց և վճարովի ծառայությունների մատուցման համար պայմանագրեր կնքել սովորելուց հետո, սրտաբանը դառնում է գլխավոր բժիշկ: Հետաքրքիր զուգադիպությամբ, թիվ 13 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը հանկարծամահ է լինում, ինչի պատճառով էլ աթոռը թափուր է մնում: Եվ Դուրգարյանը նշանակվում է թիվ 13 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ:
Սակայն ավելի մեծ պոլիկլինիկայի գլխավոր բժշկի աթոռը ձեռք գցելուց հետո էլ Դուրգարյանը որոշում է չհրաժարվել իրեն բժիշկ դարձրած բուժհաստատությունից: Ի դեպ, թիվ 13 պոլիկլինիկան մի քանի տարի առաջ միավորվեց նաև թիվ 7 մանկական պոլիկլինիկային: Դարձյալ մեծ թվով բնակչություն սպասարկող մանկական պոլիկլինիկան լուծարվեց և մի կերպ տեղավորվեց թիվ 13-ում: Եվ հիմա, փաստորեն, արդեն մեկ պոլիկլինիկա իր մեջ ներառած թիվ 13-ը որոշվում է միավորել իր կարգի ևս մեկ բուժհաստատության հետ:
Դատելով շենքային պայմաններից՝ ի սկզբանե կարելի է ասել, որ թիվ 4 բուժսանմասի 30-40 հոգանոց կոլեկտիվը պահպանելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Ենթադրվում է, որ գլխավոր բժիշկը իր նոր աշխատավայրում այնպիսի պայմաններ կստեղծի, որ թիվ 4 բուժսանմասի կոլեկտիվի գերակշիռ մասը հոժարակամ ազատման դիմումներ կգրի: Իսկ այս կոլեկտիվի աշխատակիցների մարդկային որակների մասին կարելի է դատել նրանց հոգածության տակ գտնվող բնակչության արձագանքներից, որոնք, ի դեպ, լսելով, որ թիվ 13 պոլիկլինիկայի հետ միավորման հարց կա, հայտարարել են, թե ոչ մի դեպքում չեն գնա այդ պոլիկլինիկան:
Կոլեկտիվում մարդիկ կան, որոնք իրենց կյանքը այս բուժսանմասից դուրս չեն պատկերացնում, և հիմա նրանցից շատերը, ծանր տարիներին անգամ առանց աշխատավարձի աշխատելուց հետո, մտավախություն ունեն, որ հայտնվելու են գործազուրկի կարգավիճակում, քանի որ բախտի բերմամբ գլխավոր բժիշկ դարձած իրենց երբեմնի գործընկերը որոշել է ավելի մեծ օբյեկտի տեր դառնալ` միավորելով իր նախկին և ներկա «օբյեկտները»: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ եթե այս գործարքն իրականանա, մարդիկ չեն էլ կասկածի, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանը «դաբրո» է տվել և բուժսանմասի կոլեկտիվը ճամփեզրին թողնելու հաշվին ապահովել գլխավոր բժիշկ դառած մեկի ամբիցիաների իրականացումը:
Հ.Գ. Էմիլ Վարդգեսովիչի ջանքերով, ժամանակին կառավարության որոշում է ընդունվել, ըստ որի՝ բուժսանմասի տարածքը պետք է «Նաիրիտ» ՓԲԸ-ից հանձնվեր քաղաքապետարանին: Այլ հարց է, թե ինչու՞ հիշյալ որոշումը մինչև հիմա կյանքի չի կոչվում:
Լուսինե Կեսոյան
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներից մեկը Գալուստ Սահակյանին հարց ուղղեց իր նախկին կուսակից Տիգրան Թորոսյանի` Մարտի 1-ի դատավարությունները խայտառակ որակելու վերաբերյալ: Գալուստ Գրիգորիչը նախընտրեց ձեռնպահ մնալ որևէ բան ասելուց:
Տիգրան Թորոսյանը, ինչպես հայտնի է, Մարտի 1-ի ժամանակ Ազգային ժողովի նախագահն էր, այն նույն պաշտոնյան, ում իր վերջին հարցազրույցում մատնացույց էր արել Ռոբերտ Քոչարյանը` այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ մեկտեղ, որոնք տվել էին արտակարգ դրություն մտցնելու համաձայնությունը:
Իշխանության մաս կազմող և իշխանությունների բոլոր գործողությունները մշտապես արդարացրած Տիգրան Թորոսյանն այն բանից հետո, երբ Հովիկ Աբրահամյանը ցանկություն հայտնեց դառնալ Ազգային ժողովի նախագահ, և ըստ այդմ՝ նախկին խոսնակը պետք է հրաժարական տար, միանգամից 180 աստիճանով փոխեց իր բոլոր դիրքորոշումներն ու սկսեց քննադատել իշխանություններին: Հիմա նույն եռանդով, Տիգրան Թորոսյանից հետ չմնալով, իշխանությունների ցանկացած քայլ արդարացնում է Գալուստ Սահակյանը:
Հետաքրքիր է` արդյո՞ք Գալուստ Գրիգորիչը ևս կփոխի իր դիրքորոշումները, եթե հանկարծ հարկադրված լինի հրաժարվել պաշտոնից, թե՞ Գալուստ Սահակյանն ուրիշ է…
«Բայց ես ե՞րբ եմ պաշտոն ունեցել, ես երբեք չեմ ձգտել և երբեք պաշտոն չեմ ունեցել, քաղաքական գործունեությամբ զբաղվելը պաշտոն չի: Այսօրվա կուրծք ծեծողները հենց նրանք են, որոնք պաշտոն են ունեցել, այսօր զրկվել են դրանից, բայց քանի որ համը տեսել են, չեն կարողանում հանգստանալ»,- զարմացավ Սահակյանը:
Որ Գալուստ Սահակյանը աշխարհի ամենահամեստ մարդն է, կասկած չկա: Մարդ ինչքա~ն համեստ լինի, որ ընտրվի պատգամավոր, ընտրվի Ազգային ժողովի ամենամեծ խմբակցության ղեկավար, լինի այն կուսակցության փոխնախագահը, որն իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը, այսինքն` լինի մեկը, որին մշտապես ցանկանան սիրաշահել իր բոլոր կուսակիցները, դաշնակից կուսակցականները, և համարի, որ ինքը ի՞նչ, ինքը հո պաշտոնյա չի՞, ինքը հասարակ մարդ է: Եվ դա այն դեպքում, երբ Սահակյանի ընտանիքը պաշտոնների առումով, կարելի է ասել, առաջ է անցել անգամ Աբրահամյանների ընտանիքից. խոսքը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մասին է, որն իր ազդեցության լծակներն օգտագործելով՝ կարողացավ պատգամավոր դարձնել իր երեք եղբայրներին` յուրաքանչյուրին կցելով մի կուսակցության:
Ի տարբերություն Աբրահամյանների, Գալուստ Սահակյանի ընտանիքն ավելի մեծ թվով, այսպես ասած, պաշտոնյաներ ունի: Այս ընտանիքից պատգամավորական մանդատ ունի միանգամից երեք հոգի. ինքը` Գալուստ Գրիգորիչը, նրա որդին` Արման Սահակյանը, և, բնականաբար, Արմանի հռչակավոր քեռին, Գալուստ Գրիգորիչի աներձագ Աշոտ Աղաբաբյանը` Բուռնաշը: Սակայն, այս ցուցանիշը, ըստ երևույթին, քիչ էր այս ընտանիքի համար, և Գալուստ Գրիգորիչն անցյալ տարվա դեկտեմբերին հասավ այն բանին, որ մյուս որդին ևս` Տիգրան Սահակյանը, նշանակվի առողջապահության փոխնախարար:
Սրանք դեռ հայտնի և մերձավոր բարեկամներն են. չի բացառվում, որ Գալուստ Սահակյանը տեր կանգնած լինի նաև իր մյուս ազգականներին, խնամիներին, ընկերներին և նրանց ևս տեղավորած լինի կարգին պաշտոնների: Եվ այսքանից հետո մարդը համարում է, թե ինքը ոչ մի պաշտոն էլ չունի: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են. մնում է ընդամենը հիանալ Հայաստանի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի մարդկային բարձր հատկանիշներով` մասնավորապես համեստությամբ:
Լուսինե Կեսոյան
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այսօր ներկա էր բյուջեի կատարողականի հաշվետվությանը, և ինքն էլ ներկայացրեց իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքը: Բայց որքան էլ ակտիվանում են խոսակցությունները, թե Վերահսկիչ պալատի հաշվետվությունները հաջորդում են իրար, սակայն այդպես էլ որևէ բան չի փոխվում՝ պաշտոնյաները շարունակում են գողանալ, այնուամենայնիվ, մի ակնհայտ առաջընթաց, պարզվեց, այս կառույցը գրանցել է:
«Առաջ ավելի շատ էին ծավալային հավելագրումները, մեծ թիվ էին գրում, որի մի մասը յուրացնում էին, էնքան ասեցինք «ծավալային հավելագրումներ, ծավալային հավելագրումներ», արդեն քչացել ա: Բայց հիմա էլ դրանք վերածվել են անարդյունավետ ծախսերի»,- հայտարարեց ՎՊ նախագահը:
Ինչպես տեսնում ենք, Վերահսկիչ պալատի գործունեությունն իսկապես արդյունավետ է. մի քանի տարվա գործունեության շնորհիվ այս պալատը կարողացավ պետական կառույցներին հասկացնել, որ կարելի է ատկատը փոխարինել ֆինանսական միջոցների յուրացման մեկ այլ տեսակով, որը, հնարավոր է, ավելի կատարյալ է և ավելի մեծ արդյունքներ է տալիս: Եթե ատկատի դեպքում իքս գումարի փոխարեն գրվում է իքս գումարած այսքան գումար, և յուրացվում է հենց այդ հավելյալ գումարը, ապա այժմ ընդամենը բավարարվում են որոշակի գումար ծախսելով ինչ-որ բանի վրա, որի արդյունքն այդպես էլ չի երևում, այսինքն` այս դեպքում գումարը կարող է յուրացվել ամբողջությամբ. դա էլ հենց կոչվում է անարդյունավետ ծախս:
Կառավարության երեկվա նիստում ՀՀ վարչապետը ներկայացրեց Վերահսկիչ պալատի բացահայտած անարդյունավետ ծախսերի մի ամբողջ շարք. օրինակ, լինում է այնպես, որ փորձագետներ են հրավիրվում, բնականաբար՝ դրսից հրավիրված փորձագետներին բարձր աշխատավարձ է վճարվում, նրանք աշխատում են ինչ-որ ժամանակ, ինչ-որ օրինագծեր են մշակում, բայց վերջում այդ օրինագծերը ոչ մեկին էլ պետք չեն գալիս, և ստացվում է, որ այդ օրինագծերը ոչ մեկն էլ չի տեսնում: Եվ ընդհանրապես, քանի որ ոչ մեկը չի տեսնում այդ օրինագծերը, ոչ մեկն չի էլ կարող ապացուցել, թե նման բան եղել է: Ու, փաստորեն, միակ բանը, որ հստակ կարելի է ապացուցել՝ այն է, որ ստացված իքս չափի գումարը ծախսվել է. ա՛յ, սա հաստատ հարյուր տոկոսանոց ապացույցների շարքից է:
Վարդան Բոստանջյանը նկատեց. «Բա լա´վ, ո՞նց անենք, որ էդ գնումների գործընթացը լավանա, ախր փոքր երկիր ենք, հարուստ երկիր չենք, էդ փողերը ո՞նց ենք ըտենց ճոխ ծախսում: Խի՞ պտի մեքենայով գնանք գանք, եվրոռեմոնտներ անենք»:
Իշխան Զաքարյանը լսեց, լսեց, ժպտաց ու պատասխանեց. «Ձեր հարցերի մեծ մասը ինձ չէր վերաբերում»: Հետո էլ հայտնեց, թե իրենք, բացի ստուգելուց, նաև առաջարկություններ են անում և առաջարկել են սահմանել պետական հսկիչ գներ. ենթադրենք, եռամյսակը մեկ ֆիքսել, թե այսինչ ապրանքն այսքան արժե: «Թե չէ, մի հատ թուղթ է, վրան գրված է` ավազ` 5800 դրամ, մի հատ էլ տակը ստորագրություն, որով որոշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ավազի գինը 5800 դրամ է»,— յուրացման հերթական ձևը պարզաբանեց ՎՊ նախագահը:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Այսօր Ազգային ժողովում, «պատգամավորների զանգվածային բացակայության պայմաններում» (բնորոշումը Վարդան Բոստանջյանինն է. «Նիստից պատգամավորների զանգվածային բացակայությունը ցույց է տալիս, որ բյուջեն բավականին լավ է կատարված»), վարչապետ Տիգրան Սարգսյանն օրենսդիր մարմնի դատին էր ներկայացնում 2010 թ. բյուջեի կատարողականը:
«2010 թվականին իրականացրած ծրագրերի ամենազգալի արդյունքն այն է, որ 2009-2010 թվականների ընթացքում մեր իրականացրած հակաճգնաժամային միջոցառումները սկսեցին տալ իրենց դրական արդյունքները: 2010 թվականը կարելի է բնութագրել որպես աստիճանաբար, բայց կայուն վերականգման տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք աշխատել շատ պարզ և հասկանալի հակաճգնաժամային ծրագրի տրամաբանության ներքո»,- այսպես սկսեց իր հաշվետվությունը հանրապետության վարչապետը:
Վարչապետի ելույթի ժամանակ «պատգամավորների զանգվածային բացակայությունն» այդքան էլ զգալի չէր, քանի որ այդ ժամանակ ներկա էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահ Սամվել Բալասանյանը և էլի մի հինգ-վեց պատգամավոր: Ներկա էին նաև Վերահսկիչ պալատի նախագահը, ֆինանսների նախարարը, Կենտրոնական բանկի ղեկավարը, գլխավոր գանձապետը, որոնք նույնպես հաշվետու էին, և բնականաբար, ներկա էին չորրորդ իշխանության ներկայացուցիչները, որոնց շնորհիվ էլ վարչապետը ստիպված չեղավ դատարկ լսարանում ելույթ ունենալ:
Տիգրան Սարգսյանը թվարկեց կառավարության ձեռնարկած բազմաթիվ առաջընթաց քայլերը, որոնք տեսանելի են կառավարությանը, սակայն, չգիտես ինչ հրաշքով, տեսանելի չեն ՀՀ շարքային քաղաքացիներին, ավարտեց ելույթը ու դուրս եկավ դահլիճից: Ո´չ Ազգային ժողովի նախագահը հարց ուղղեց վարչապետին, ո´չ պատգամավորները: Հասկացվեց, որ կարգն է հավանաբար այդպես:
Վարչապետի ու ԱԺ նախագահի հեռանալուց հետո «զանգվածային բացակայությունը» նոր թափ առավ: Այսպես, 2010 թ. տարեկան հաշվետվությունն անցավ գերմտերմիկ մթնոլորտում. Իշխան Զաքարյանը ելույթ էր ունենում՝ Կենտրոնական բանկի ղեկավարն էր լսում, Արթուր Ջավադյանն էր ելույթ ունենում՝ ՎՊ նախագահն էր լսում: Միակ հարց տվող և լսող պատգամավորը Վարդան Բոստանջյանն էր, մեկ էլ, բնականաբար, նիստը վարող Գագիկ Մինասյանը` ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահը: Պատգամավորներից մեկ էլ ներկա էր ռոքեր, մոտոցիկլետով խորհրդարան հաճախող, ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը:
Միակ պատգամավորը, որը որոշեց հարց տալ՝ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էր:Սակայն, հակառակի պես, նրա հարցն էլ «խոցեց» նիստը վարող Գագիկ Մինասյանի սիրտը: Բոստանջյանը, օգտագործելով հարց տալու իրավունքը, երկար-բարակ խմորվեց արտաքին պետական պարտքի խնդիրների շուրջ՝ եզրափակելով, որ ազգովի ապրում ենք ուրիշի հաշվին: Նրա ռեպլիկը դուր չեկավ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մինասյանին: Ու քանի որ դուր չեկավ՝ հակադարձեց Բոստանջյանին. «Էն, որ ասում եք՝ ուրիշի հաշվին ենք ապրում, ձե՞զ նկատի ունեք»:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Օլիմպիական չեմպիոնի վիճակը հիմա ավելի քան լավ է` համեմատած այն դրության հետ, որում հայտնվեց Վարդանյանը` ավտովթարից հետո ոտքի մեջ տեղադրված ձողի կոտրվելու հետևանքով:
Էրեբունի բժշկական կենտրոնում կատարված վիրահատության շնորհիվ Վարդանյանի ոտքին ամրացվել է Ելիզարովի ապարատը, որի շնորհիվ Վարդանյանն արդեն ոտքի վրա է. ինքնուրույն նստում է, կանգնում, շարժվում: Ուղեղի սնուցման խանգարման հետևանքով առաջացած մտահոգությունը ևս մնացել է հետևում. չեմպիոնը լիովին վերագտել է իրեն, կարողանում է երկար զրուցել բարեկամների, ընկերների հետ:
Վերահսկիչ պալատը պետական միջոցների վատնման հերթական փաստերն է ներկայացրել կառավարությանը: Այս անգամ պարզվել է, որ փոշիացվում կամ առնվազն ոչ նպատակային են ծախսվում Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցները:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ, ըստ Վերահսկիչ պալատի բացահայտումների, այդ վարկերով սարքավորումների կամ ծառայությունների գնման գործընթացը վերահսկող հանձնաժողովների գործունեությունը ֆորմալ բնույթ է կրել, և նրանք բովանդակության համար ոչ մի պատասխանատվություն չեն կրել: Որպես օրինակ վարչապետը բերեց նախորդ տարի դաբաղի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու համար գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցածը, երբ 2-3 անգամ ավելի էժան պատվաստանյութը գնվել էր անհամեմատ թանկ:
Ի՞նչ են բացահայտել վերահսկիչները: Ենթադրենք, Համաշխարհային բանկը վերջապես միջոցներ է տրամադրում և հնարավոր է դառնում իրականացնել նախատեսված ծրագիրը: Դրա իրականացման պատասխանատվությունը կրող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ: Վարչապետն ասում է. «Ֆորմալ առումով բոլոր պրոցեդուրաները պահպանվում են մրցույթի հայտարարման ժամանակ, ժամկետները` ինչքան ժամկետ ենք տալիս, որպեսզի հայտատուները մասնակցեն, ամփոփման գործընթացը, հետագայում արդյունքները գնում են Համաշխարհային բանկի գրասենյակ, որպեսզի նրանց կողմից ստանանք եզրակացություն, և հաստատվում են մրցույթի արդյունքները»։ Այդպես ծրագիրն իրականացվում, վերջանում է, ու հանկարծ Վերահսկիչ պալատը մեկ, երկու, երեք տարի հետո ստուգում և պարզում է, որ այդ ամենը, ինչ գնվել է հայտարարված մրցույթի արդյունքում, հնարավոր էր շատ ավելի էժան գնել:
Վարչապետն ասում է՝ հանձնաժողովների աշխատանքը ֆորմալ բնույթ է կրում, բովանդակությանը տեղ չեն տալիս, խորամուխ չեն լինում, թե ինչ են գնում, ինչ որակով և ինչ գնով: Դժվար է ասել, վարչապետը նման հայտարարություններ անում է այդ հանձնաժողովների «ֆորմալությանը» հավատարիմ մնալու՞ համար, այսինքն` քաջարի վարչապետ ձևանալու՞ համար, թե՞ իսկապես Տիգրան Սարգսյանը Հայաստանի ամենամիամիտ մարդն է և չգիտի, թե ինչպես են իրականացվում պետական պատվերները, գնումները, ովքեր են հաղթում այդ մրցույթներում, ովքեր են կատարում այդ պատվերները:
ՎՊ-ն նույն մեխանիզմն է բացահայտել նաև պետական գերատեսչությունների կողմից ծառայությունների գնման գործընթացում:
«Ըստ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների` վարկային միջոցների հաշվին ոչ միայն սարքավորումներ, այլ նաև ծառայություններ են գնվում պետության կողմից. գալիս են փորձագետներ և գրում են հաշվետվություններ, տալիս են խորհուրդներ, պատրաստում են օրենքի նախագծեր, նորմատիվ ակտերի նախագծեր»։ Իսկ հետո արդեն պարզվում է, որ այդ փաստաղթղթերը կարող են և չկիրառվել: Այսինքն, դարձյալ ծախսվում են միջոցներ, այն էլ՝ բավական բարձր գներով, իսկ հետո այդ ծախսերը չեն արդարանում:
«Ես կարծում եմ, հարգելի գործընկերներ, որ մենք այսօրվանից, ձեզ հետ միասին, պետք է հրաժարվենք վարկային միջոցների հաշվին տեխնիկական օժանդակություն ստանալուց։ Եվ տրվում է հանձնարարական բոլոր նախարարություններին` վերանայել իրենց վարկային ծրագրերը Համաշխարհային բանկի հետ, որտեղ կան տեխնիկական այդպիսի օժանդակության խնդրանքներ՝ ուղղակի հանել ծրագրերից։ Մեր նախարարություններն ունեն բավարար ինտելեկտուալ կարողություններ, որպեսզի ինքնուրույն վերլուծություններ իրականացնեն բոլոր բնագավառներում և կարողանան համաշխարհային փորձն ուսումնասիրել, Հայաստանում ստեղծված իրավիճակը կարող են նկարագրել, և իրենք կարող են ներկայացնել մասնագիտական եզրակացություններ և հաշվետվություններ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։
Ծառայությունների վերաբերյալ իր գնահատականներում ևս Տիգրան Սարգսյանը շարունակում է միամիտ ձևանալ:
«Ինչու՞ ենք մենք օրենքների նախագծեր պատվիրում կամ նորմատիվ ակտերի նախագծեր պատվիրում, հետագայում չենք օգտագործում դրանք, որովհետև իրավիճակներ են փոխվում, որովհետև մենք հայտերն ենք սխալ ներկայացրել և այլն»։
Հետաքրքիր է` վարչապետն իսկապե՞ս չգիտի, թե ովքեր են այդ փորձագետները, որ, փաստորեն, հետո դառնում են կատարյալ «փորձանքներ»: Վերահսկիչ պալատի կամ հենց թեկուզ վարչապետի վերահսկողական ծառայությունն ի զորու՞ է հայտնաբերել թեկուզ մեկ` այս կամ այն անձնավորության տանիքը չունեցողի, որը շահել է այդ մրցույթները:
Ատկատների, պետական միջոցների վատնման այս հերթական բացահայտումը կարելի էր դասել սովորական միջոցառումների շարքը, եթե չլինի դրանց` վարկերի հաշվին ձեռք բերված լինելու փաստը: Ստացվում է, որ այս դեպքում ոչ թե պարզապես միջոցներ են վատնվել, այլ վատնվել են այնպիսի միջոցներ, որոնց պատճառով պետական պարտքն ավելացել է, այսինքն` Հայաստանի Հանրապետությունը ևս մի խոշոր քայլ է կատարել դեպի անկում: Իսկ որ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքն արդեն վաղուց հատել է թույլատրելի բոլոր սահմանները, արդեն գիտեն անգամ պետության տնտեսությամբ չհետաքրքրվողները:
— Պարո´ն վարչապետ, վերջին շրջանում հաճախացել են վիրտուալ շփումները Ձեր և Ազգային ժողովի նախագահի միջև, Դուք իրար հետ արդեն ֆեյսբուքով եք հաղորդակցվում, իրար հարցեր տալիս, պատասխանում:
— Առաջին հերթին ուզում եմ նշել, որ Ձեր հարցը վկայում է այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաները լայն տարածում են ստանում: Ես անմիջական շփումներ եմ ունենում քաղաքացիների հետ, պատասխանում նրանց հարցերին և սա կարծում եմ` ժամանակակից աշխարհի կարևորագույն գործոններից մեկն է: Դրա մասին են վկայում նաև թվերը. 2010թ. ինտերնետ օգտագործողների քանակը Հայաստանում կրկնապատկվել է: 175 հազար ինտերնետ օգտգաործող ունենք 2010թ. արդյունքներով, իսկ այս տարի կանխատեսում ենք, որ 300 հազարը կանցնի: Եվ այդ առումով, կարծում եմ, ոչ մի տարօրինակ բան չկա, որ Ազգային ժողովի նախագահն էլ այդպիսի գործիք ունենա Ձեզ հետ շփվելու:
— Հիմա չեք պատասխանի՞ Հովիկ Աբրահամյանինն, որ ասել էր` հուսով եմ, որ նեղացած չի: Հիմա նեղացած ե՞ք, թե՞ չէ:
— Կարծում եմ, որ ճիշտ չի, երբ լրատվական միջոցները փորձում են նման հարցերով անձնավորված ինչ-որ երանգներ տան այն խնդիրներին, որոնք գտնվում են մեր քաղաքացիների ուշադրության կենտրոնում:
ՀՀ Վարչապետին տրվելիք հարցերը բազմաթիվ են, ինչքան էլ նա հանգիստ պատասխանում է, գրեթե բան չավելացնելով արդեն ասվածին, դրանք գնալով ավելի ու ավելի առարկայական են դառնում, քանի որ կառավարության ղեկավարի խոստացած լուծումները կամ չեն բավարարում հանրությանը, կամ` էլ ավելի են խճճում իրավիճակը, նոր հարցեր առաջացնելով.
— Պարո´ն վարչապետ, վերջին արտահերթում քվորումի բացակայության պատճառով Հանրային ծառայության մասին օրենքը չքվեարկվեց: Ըստ այդ օրենքի, 500 բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց հետ փոխկապակցված անձինք պետք է պարտադիր հայտարարագրեին իրենց ունեցվածքը: Դուք այդտեղ միտում ե՞ք տեսնում, թե՞ դա էդպես ստացվեց քվորումի պատճառով:
— Մենք ուշադիր հետևում ենք այդ օրենսդրական նախաձեռնության հետ կապված զարգացվումներին: Հետևում ենք ինչպիսի քննարկումներ են անցկացվում հանձնաժողովներում, ինչպիսի կարծիքներ են հայտնվում, հնչում են նաև կարծիքներ, որոնք դեմ են այս օրենքի ընդունմանը` բերելով իրենց փաստարկները: Այսինքն, մենք տեսնում ենք, որ դա քաղաքական դիրքորոշում է այս օրենքի նախագծի հետ կապված:
— Միտումնավոր, թե՞
— Բնականաբար, եթե մարդիկ հայտարարում են, թե իրենք դեմ են այս օրենքի ընդունմանը, բնականաբար, դա արտահայտում է իրենց հստակ դիրքորոշումը:
— Պարո´ն վարչապետ, ըստ Ձեզ մեր երկրում հարկային բեռը բիզնեսի ո՞ր հատվածի վրա է:
— Կարևոր հանձնարարական է տրված Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի տվյալների բազան, որն այսօր առկա է Պետեկամուտների կոմիտեում հասանելի լինի նաև ֆինանսների նախարարության համար, որը կկարողանա նաև առարկայական վերլուծություններ իրականացնել, թե ինչպես է ՀՀ-ում բաշխված հարկային բեռը` խոշոր, միջին բիզնեսի առումով: Մեր քաղաքականության հիմքում ընկած է այն սկզբունքը, որ մենք էապես պետք է թեթևացնենք հարկային բեռը առաջին հերթին փոքր և միջին բիզնեսի համար, որովհետև մեր հասարակության շարժիչ ուժը մենք դիտարկում ենք միջին խավը և դա նպաստելու է միջին խավի ձևավորմանը:
— Գազի գնի վերաբերյալ, կթանկանա, թե՞ ոչ:
-Մենք 32 դրամով նվազեցրել ենք գազի գինը և այս քաղաքականությունը փոփոխման ենթակա չէ:
— Ներքին սպառողների մասին է խոսքը: Վերջնական սպառողների համար չի թանկանալու: Իսկ ներմուծվող գազի գինը թանկանալու է՞, թե՞ չէ:
— Այդ հարցի պատասխանը Ձեզ նույնպես տրված է, որ բանակցությունները կավարտենք, կիմանանք:
— Պ-ն վարչապետ, Հազարամյակի մարտահրավերներ գրասենյակի տնօրենի այցի ընթացքում ինչ-որ մեզ համար անտեսանելի, լավատեսական, ինչ-որ հեռանկարային երանգներ հնչեցի՞ն,այլապես ինչու՞ էր նա եկել հասել Հայաստան:
— Այո, բավականին դրական գնահականաներ հնչեցին Յոհանեսի կողմից, որը այսօր Հազարամյակի մարտահրավերների գրասենյակի տնօրենն է Վաշինգտոնում: Շատ կարևոր այց էր դա նաև քաղաքական առումով, քանի որ դուք տեղյակ եք, որ ծրագիրը մտել է իր ավարտական փուլ և մենք մինչև այս տարվա վերջը պետք է ամբողջությամբ ավարտենք մեր աշխատանքները և շուրջ 170 մլն դոլարի աշխատանքներ պետք է հասցնենք իրենց տրամաբանական ավարտին և մեծ ծավալը դա ոռոգման համակարգին վերաբերվող աշխատանքներն են: Եվ բնականաբար, մենք նաև խոսում էինք ապագա համագործակցության վերաբերյալ և դրա համար կան հստակ չափանիշներ, պայմանավորվածություններ, թե ինչ քայլեր մենք պետք է համատեղ ձեռնարկենք, որպեսզի հաջորդ տարի կարողանանք սկսել նրանց հետ երկխոսությունը նոր ծրագրի վերաբերյալ:
— Այսինքն հույս կա՞, սպասելիքնե՞րը:
— Մեր սպասելիքները լավատեսական են:
Լուսինե Կեսոյան
Հարցը, որին ՀՀ վարչապետը պատասխանեց իբրև Հանրապետական կուսակցության լիդեր վերաբերվում էր ՀՀԿ-ի անդամակցությանը եվրոպայի ժողովրդական կուսակցությանը, որի համար իշխող կուսակցությունը հայտ է ներկայացրել.
— Պ-ն վարչապետ, երեկ դուք հանդիպել եք Եվրոպայի Ժողովրդական կուսակցության ղեկավարի հետ: Ես կուզեի իմանալ, ի՞նչ հայտարարի եք եկել, ինչ-որ չափորոշիչներ առաջադրվել են ձեզ, քանի որ ՀՀԿ—ն հայտ է ներկայացրել անդամակցել այս կուսակցությանը:
— Երեկ Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Մարտենսի հետ մենք հնարավորություն ունեցանք մեր մեսիջները Ձեզ համար պատրաստված ուղղել զանգվածային լրատվական միջոցներին և մեր քաղաքացիներին: Այդ մեսիջը հետևյալն էր` որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավարը դրական է գնահատում այն ծրագրերը և ռեֆորմները, որը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և թվարկեց հիմնական այդ ռեֆորմները, որոնք ըստ իրենց կարևոր նշանակություն ունեն նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության սկզբունքների տեսակետից և նա դրական այդ միտումները տեսնելով հայտարարեց, որ նրանք քննարկում են Հայաստանի Հանրապետության Հանրապետական կուսակցության հայտը` անդամակցելու Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը և աշնանը կլինի մի պատվիրակություն Հայաստանում` կուսակցության կողմից գործուղված, որը մեզ հետ միասին կքննարկի բոլոր այն խնդիրները, որոնք առնչվում են այդ նախապատրաստական աշխատանքների հետ` անդամակցության վերաբերյալ, որպեսզի նաև տարվա վերջում Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընդհանուր հավաքի ժամանակ այս հարցը ընդգրկվի օրակարգում:
Լուսինե Կեսոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.