29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ամենաօրհնված նախարար Սերգո Կարապետյանն իր հերթական կիրակին դարձյալ անցկացրել է գյուղացիների հետ: Նախարարն այցելել է այս անգամ էլ Տավուշի մարզի գյուղեր, բայց այս անգամ գյուղացիներին արդեն ասել է ոչ թե այն մասին, թե ինչպես է ՀՀ կառավարությունը որոշել օգնել գյուղացիներին և նրանց ցածր տոկոսադրույքներով վարկեր տալ, այլ որ այս տարի մթերումների հետ կապված խնդիր չի լինի: Ինչպես տեսնում ենք, գյուղնախարարի` գյուղացիների հետ շփումների թեմատիկան աստիճանաբար և, կարելի է նաև ասել, բարեբախտաբար, փոխվում է:
Մինչև հիմա գյուղնախարարի հանդիպումների թեմատիկան գյուղատնտեսական վարկերն էին. նախարարն ամեն անգամ իրեն շրջապատող գյուղացիներին պատմում էր հեքիաթն այն մասին, որ գյուղատնտեսությունն այս տարի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ հոգացության ներքո է և թե կառավարությունն ամեն ինչ անելու է` գյուղացիներին օգնելու համար: Իսկ այդ ուղղությամբ ՀՀ կառավարության ամենահերոսական քայլը, բնականաբար, պետության կողմից տրամադրվող վարկերն էին. պետությունը սուբսիդավորում է այդ գումարների մի մասը, որի արդյունքում վերջնահաշվարկում գյուղացուն հասնելու էին 10-12 տոկոսանոց վարկեր:
Այդպես ասում էին մեր բոլոր պաշտոնյաները, այս վարկերի հեքիաթի մասին խոսում էր ՀՀ նախագահը իր ելույթներում, խոսում էր ՀՀ վարչապետը, խոսում էին դրանցով զբաղվող նախարարները և արդեն թվում էր, թե այդպես էլ կշարունակեն խոսել այդ մասին մինչև խոր աշուն` բերքահավաքից հետո էլ, սակայն, ինչպես տեսնում ենք, հայ ժողովուրդը կարծես թե այդ մի փորձանքից զերծ մնաց և գյուղնախարարը արդեն սկսել է խոսել մթերումներից: Բայց քանի որ մթերումների մասին խոսակցությունը դեռ նոր է, մթերումներին դեռ ահագին ժամանակ կա` տեսնենք, թե իսկապես ի՞նչ եղան գյուղատնտեսական ցածր տոկոսադրույքներով վարկերը, ՀՀ պաշտոնյաների` գյուղացիներին պատմած հեքիաթների որ մասը իրականացավ:
Վարկերի տրամադրման գործընթացի վերաբերյալ խոսակցությունների դեռ նախնական փուլում նախագահ Սերժ Սարգսյանի այցելություններից մեկի ժամանակ բացահայտվեց, որ վարկերը վերածվել են հերթական քաշքշուկի, որը ստեղծողները թե´ բանկերն էին` իրենց հազար ու մի տեղեկանքներով, թե´ նոտարական գրասենյակներն ու կադաստրի ստորաբաժանումները` տեղեկանք տալու համար պահանջած կաշառքներով: Նախագահը զայրացավ, կարգադրեց, բայց թե նախագահի զայրույթը քա՞նի տոկոսով տեղ հասավ, դժվար է ասել:
Մեր տեղեկություններով, գյուղատնտեսական աշխատանքներ սկսելու համար գյուղացիներին տրվող վարկերը իրականում չէին տրվում, իսկ նման աշխատանքներ սկսելու օրերն ու ամիսները անցնում էին. փողը գյուղացին պետք է ստանար գարնանը, որպեսզի կարողանար ցանք անել. արդեն իսկ մարտ ամսից գյուղացիական աշխատանքները սկսվում են: Բազմաթիվ գյուղացիները ասում էին, թե վարկեր չեն տալիս, սակայն մեր հարցմանն ի պատասխան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացրեց, թե վարկեր տրվում են:
«Այս պահի դրությամբ ես տեղյակ եմ այլ փաստերից, մասնավորապես, մեր կողմից հատկացված ծրագրի կատարման առումով 3,5 մլրդ դրամ գյուղացիական վարկեր են տրամադրված գյուղփոխբանկի կողմից, և դա նշանակում է, որ հազարավոր գյուղացիներ այդ հնարավորությունից օգտվել են: Մեր կանխատեսումներով, մոտ երկու շաբաթվա ընթացքում այդ ծավալները կհասնեն 7 մլրդ դրամի: Այսինքն, այդքան վարկեր կտրամադրվեն: Այս պահի դրությամբ հիմնականում տրամադրում է Գյուղփոխօգնության բանկը, մոտավորապես 2 մլրդ—ից ավելի հայտեր հավաքագրվել է Արդշինինվեստբանկի կողմից»,- այսպես էր պատասխանել Տիգրան Սարգսյանը մեր հարցադրմանը:
Մենք փորձեցինք մեկ անգամ ևս ճշտել մեր տեղեկատվությունը, սակայն պատկերը դարձյալ նույնն էր: Չի կարելի ասել, թե վարկեր չեն տրվում, դրանք տրվում են, սակայն ասել, թե դրանք տրվում են հեշտորեն, կամ դրանք իսկապես ինչ-որ լուրջ գործ անելու ընդունակ գումարներ են, ուղղակի անհեթեթություն է. տրվում են 200-300 հազար դրամի չափի մի բան, որով դժվար է ասել, թե գյուղացին որ հարցին էր լուծում տալու` սերմացուի, պարարտանյութի, վարուցանքի, թե՞ կադաստրանոտարաբանկային կաշառքների:
Դրանից հետո տեղեկատվությունը փորձեցինք ևս մեկ անգամ պարզաբանել հիշյալ գործում պատասխանատու ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Վարկերի տրամադրումը, պետության կողմից սուբսիադավորումը կազմակերպվում էր ՀՀ Ֆինանսների նախարարության միջոցով: Վաչե Գաբիելյանը` որպես Տիգրան Սարգսյանի իսկական կադր, տվեց նույն պատասխանները, ինչ իր շեֆը:
— Պարո´ն Գաբրիելյան, վարչապետը հավաստիացրեց, թե գյուղատնտեսական վարկեր տրամադրվում են, սակայն իրականում այդ գործընթացը ավելի քան հեռու է այն պատկերից, ինչ ներկայացվում է: Ի վերջո այդ կեղծ տեղեկատվությունը ներքևից է գալի՞ս, այսինքն բանկե՞րն են ձեզ խաբում, թե՞ վերևում է խեղաթյուրվում ինֆորմացիան, որովհետև, օրինակ, կոնկրետ Արմավիրի մարզում բազմաթիվ գյուղացիներ ահազանգում են, որ վարկեր չեն տրվում:
-Ես Ձեզ վստահեցնում եմ, որ կոնկրետ Արմավիրի մարզում տրվում են վարկեր, ուղղակի բոլոր բանկերը չէ, որ մասնակցում են այդ ծրագրին: Բանկեր կան, որ մասնակցում են, դրանք մի շարք բանկեր են, մասնավորապես, ամենախոշոր բանկը և այդ ուղղությամբ մասնագիտացված բանկը` Գյուղփոխօգնության բանկը տրամադրում է այդ վարկերը, այժմ ունի ընդհանուր առմամբ մոտ 3 մլրդ տրամադրած ամբողջ հանրապետությունում, դրա մեջ կա նաև Արմավիրի մարզը: Ավելի ուշ սկսել են միանալ նաև այլ բանկեր:
— Բայց հասկանու՞մ եք, պարո´ն Գաբրիելյան, ես ռեալ տեղեկություն եմ ասում, երբ մարդիկ գնացել են և նրանց չեն տվել, բայց Դուք ասում եք, թե տալիս են, սա ինչպե՞ս հասկանալ, գուցե Դուք ուրի՞շ երկրում եք ապրում:
— Ես ավելի քան համոզված եմ և բանկից խնդրել եմ տեղեկություն, նրանք տվել են, բայց, ամեն դեպքում, վստահեցնում եմ Ձեզ, որ Արմավիրի մարզում տրվում են նման գյուղատնտեսական վարկեր: Դա պաշտոնական տեղեկություն է, որ տվել է ԱԳԲԱ բանկը:
— Մի էսպիսի հարց, պետությունը կարո՞ղ է իր ծրագրերը իրականացնել, եթե իրականությունն էսպիսին է, գյուղացիները մի բան են ասում, բայց երբ պաշտոնյաներին ես հարցնում, իրենք միանգամայն այլ պատկեր են ներկայացնում:
— Գիտեք, բոլոր գյուղացիները չէ, որ վարկ են ստանում և բոլոր գյուղացիները չէ, որ դիմում են վարկի և բոլոր մարզերում նույն պրոցեսը նույն արագությամբ չի գնում: Բայց ես Ձեզ հավատացնում եմ, Դուք էլ կարող եք պաշտոնապես, խնդրում եմ, դիմե´ք Գյուղփոխօգնության բանկին և հարցրեք` ինչքա՞ն նման վարկ եք տրամադրել:
— Դե, ասել են, կարող եք ցուցակագրվել, բայց թե երբ կլինի, չենք կարող ասել:
— Դրանք տարբեր բանկեր են, այլ բանկեր դա սկսել են անել շատ ավելի դանդաղ, Գյուղփոխօգնության բանկը արդեն տվել է, մնացած բանկերը սկզբից հերթագրել են, և սկսել են տալ շատ ավելի ուշ:
— Արդշինինվեստբանկն է այդպես անում:
— Արդշինը, մասնավորապես, նրանք նոր են սկսել:
— Կոնվերսը ասում է` մենք էդ գծով մասնագետ չունենք:
— Հիմնական մասնակցողները Գյուղփոխօգնության բանկն է, Արդշինը, որը հավաքագրել է բազմաթիվ հայտեր, բայց հենց նոր է սկսել անել և բացի դրանից, եթե չեմ սխալվում, Պրոկրեդիտը: Կոնվերս բանկը այդքան ակտիվորեն չի մասնակցում:
Մենք հետևեցինք նաև Ֆինանսների նախարարի հորդորին և պաշտոնապես դիմեցինք «ԱԳԲԱ» բանկին, որն այս գործում առաջատարն է: Այսօրվա պաշտոնական տվյալներով, իսկ այսօր արդեն հունիսի 6-ն է և եթե վարկ պետք է տրամադրվեր, դա պետք է արվեր մինչև հիմա, Գյուղփոխօգնության բանկը տրամադրել է 11 327 վարկ, որ կազմել է շուրջ 6. 959. 496. 000 դրամ: Բանկից դժվարացան հայտնել, թե միջին հաշվով ի՞նչ գումարների մասին է խոսքը, ի՞նչ չափի գումար է տրամադրվում գյուղացիներին: Պարզագույն թվաբանական հաշվարկի պարագայում, եթե ընդհանուր գումարը բաժանում ենք տրամադրված վարկերի քանակի վրա, ստացվում է, որ միջին հաշվով տրամադրվել է 600 հազար դրամի կարգի գումար:
Հաշվի առնելով վարկերի տրամադրման պրակտիկան, թե ովքեր կարող են ԽԾԲ խողովակներով օգտվել գյուղացիների համար տրամադրված վարկերից, կարելի է մի փոքր հասկանալ պաշտոնյաների և գյուղացիների տրամադրած տեղեկատվությունների միջև եղած հակասությունները: Մնում է սպասել և տեսնել, թե մթերումների` «ok» լինելու խոստումը ինչպե՞ս է կատարվելու:
Այսօր Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Մարի Յովանովիչը այցելել է «Ազատ դեմոկրատներ» անվանումը կրող նորաստեղծ կուսակցության գրասենյակ, որտեղ և հանդիպումներ է ունեցել կուսակցության ղեկավարների հետ: Հաշվի առնելով, թե ինչ դերակատարություն է ունենում Յովանովիչը այն երկրների քաղաքական կյանքում, որտեղ պաշտոնավարում է, այս հանդիպմանը չի կարելի անուշադրությամբ վերաբերվել:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն անցյալ տարի ՀՀՇ-ում կազմակերպված իշխանափոխությունից հետո այդ կուսակցությունից հեռացած Խաչատուր Քոքոբելյանի և Արարատ Զուրաբյանի քաղաքական նոր պրոյեկտն է: Մեր տեղեկություններով, ազատ դեմոկրատների շարքը ՀՀՇ-ից հեռացածներից բացի համալրել է նաև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Հնարավոր է համարվում նաև վերջերս ՀԱԿ-ից վերջնականապես բաժանված Կարապետ Ռուբինյանի անդամակցությունը:
Այսինքն` սա մի կառույց է, որտեղ տեղ են գտնում ինչ-ինչ նկատառումներով արմատական ընդդիմության մոնոպոլիստի դերը ստանձնած Հայ ազգային կոնգրեսում տեղ չգտածները, բայց մարդիկ, որոնք գտնում են, որ քաղաքական դաշտում դեռ անելիք ու ասելիք ունեն: Եվ հիմա այս կուսակցություն է այցելում Մարի Յովանովիչը` մարդ, որի անունն է շրջանառվում որպես Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև սկսված երկխոսության «կնքահայր» և մարդ, որի աջակցությունը այս կամ այն քաղաքական ուժին կարող է շատ բան նշանակել:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանը շուտով հեռանալու է Հայաստանից: Այս առումով գունավոր հեղափոխությունների վարպետ-տիկնոջ քաղաքական վերջին այցերը ավելի քան մեծ նշանակություն ունեն: Եվ ուրեմն, ի՞նչ կարող է նշանակել Յովանովիչի այս այցը:
Նախ և առաջ, սա հստակ մեսիջ է հայաստանյան քաղաքական դաշտի խաղացողներին առ այն, որ հիշյալ պրոյեկտը ճանաչվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից: Հաջորդ տարի խորհրդարանական ընտրություններ են, այնպես որ ցանկացած նման «ճանաչում» ավելի քան կարևոր է հավակնություններ ունեցող քաղաքական ուժերի համար: Մեր տեղեկություններով, այս քաղաքական պրոյեկտը կարող է իսկապես հաջողություն ունենալ, եթե ամերիկյան կողմի ընտրությունը վերջնականապես կանգ առնի հենց «Ազատ դեմոկրատներ»-ի վրա. դրա արդյունքում չի բացառվում, որ նորաստեղծ կուսակցությունը կարող է դառնալ «Ժառանգության» փոխարինողը Ազգային ժողովում` ստանալով 5 տոկոսանոց շեմ հաղթահարելու հնարավորություն:
Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն իր վրա էր վերցրել «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրի նախկին ղեկավար Էդվարդ Բեզոյանի փաստաբանի պարտականությունները: Իսկ փոխվարչապետը որոշել է փաստաբան դառնալ երեկ տեղի ունեցած կողոպուտից հետո, ինչի շնորհիվ բացահայտվեց, թե ինչ կարողություն է կուտակել ԾԻԳ-ի նախկին ղեկավարը, թեև կողոպուտը, բնականաբար, ի ցույց էր դրել կարողության ընդամենը մի մասը. հափշտակիչները տարել էին 200 հազար դոլար արժողության ոսկե զարդեր և 60 հազար դոլար կանխիկ գումար: Որտեղի՞ց Բեզոյանին այդքան գումար. բնականաբար՝ կեցցե՛ Քըրք Քըրքորյանը և «Լինսի» գումարները: Սա հասկանում են ՀՀ բոլոր գիտակից քաղաքացիները:
Ավազակային հարձակումը կատարվել էր Բեզոյանի առանձնատան վրա, որը ևս հարյուրհազարներ արժի, իսկ ամեն ինչից քաջատեղյակ հափշտակիչները սեյֆը դրել էին Բեզոյանի թանկարժեք ավտոմեքենայի մեջ և հենց դրանով հեռացել: Մամուլի հրապարակումների ուշադրության կենտրոնում, իհարկե, ոչ այդքան հիշյալ կողոպուտն էր ու դրա մանրամասները, որքան կողոպուտի հետևանքով բացահայտված Բեզոյանի թալանածը:
Բեզոյանի անձնական փաստաբանի դերը ստանձնած Արմեն Գևորգյանն այսօր պարզաբանումներ է տվել: Նա հայ հանրությանն է տրամադրել իր «ունեցած տեղեկությունները», ըստ որոնց՝ պրն Բեզոյանի ունեցվածքը «Լինսի» հիմնադրամի հաշվին չի կուտակվել: Փոխվարչապետը հայտնել է, որ «Լինսի» հիմնադրամի կողմից Հայաստանում ծրագրերի իրականացումից անկախ` պրն Բեզոյանը և նրա ընտանիքի անդամները հանդիսանում են նախագծային և շինարարական խոշոր մասնավոր ընկերությունների հիմնական սեփականատերեր, որոնցից որոշները գործունեություն են ծավալում 1990-ականների սկզբներից: Այդ ընկերություններն ակտիվորեն մասնակցել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցման ծրագրին և այսօր էլ շարունակում են մասնակցել իրականացվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի:
Արմեն Գևորգյանի նման բարձրակարգ փաստաբան ունենալ կերազեր երևի թե յուրաքանչյուր ոք. Էդվարդ Բեզոյանը ևս, կարծում ենք, անչափ շնորհակալ կլինի դրա համար: Իհարկե, ՀՀ փոխվարչապետը որոշել է փաստաբանություն անել ոչ այնքան հանուն Էդվարդ Բեզոյանի, որքան՝ հանուն «Լինսի» հիմնադրամի հեղինակության: Փաստաբանության ամբողջ իմաստը հետևյալ մտքի մեջ էր. «Մարդկայնորեն անթույլատրելի է նաև, որ նման ցավալի դեպքերն օգտագործվում են հայրենանվեր ծրագրերի շահարկման և վարկաբեկման նպատակով: Օգտվելով առիթից` ցանկանում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ «Լինսի» հիմնադրամի միջոցներով ծրագրերն իրականացվել և իրականացվում են նպատակային և առավելագույնս արդյունավետ»:
Ոչ մի գնով չէր կարելի թույլ տալ, որ ԾԻԳ-ի տնօրենի կարողությունը ստվեր գցեր «Լինսի» վրա` անկախ նույնիսկ այն հանգամանքից, որ հենց այդ ԾԻԳ-երի տնօրենների և հայաստանյան մեծահարուստների կարողությունն էր «Լինսի» ծրագրի ֆինանսավորման դադարեցման պատճառը:
Արմեն Գևորգյանը փորձել է փաստարկներ ներկայացնել հօգուտ Բեզոյանի, թե ինչպես կարող էր ԾԻԳ-ի տնօրենն այդքան կարողություն ունենալ, և ակամայից բացահայտել է Հայաստանում հարստությունների կուտակման սխեմաներից մեկը, ինչը նույնպես որևէ մեկի համար գաղտնիք չէր, բայց այսօր հրապարակավ հնչել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից: Որ ԾԻԳ-ի տնօրենը կարող էր «Լինսի» գումարները գրպանած չլինել, միանգամայն ընդունելի է. գրպանելու կարիք չկա, քանի որ Հայաստանում մշակված է «գրպանանման» շատ ավելի խելացի տարբերակ, ինչը բացահայտել է փոխվարչապետի իր փաստաբանական ճառի մեջ:
Ամեն ինչ արվել է շատ ավելի մտածված ձևով. ճանապարհաշինության «ԾԻԳ»-ի տնօրենը և նրա ընտանիքի անդամները բացել են նախագծային և շինարարական խոշոր մասնավոր ընկերություններ, որոնք էլ հաղթող են ճանաչվել «Լինսի» և մի շարք այլ նմանատիպ ծրագրերում: Փոխվարչապետի խոստովանությամբ, Բեզոյանը գումարներ է աշխատել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից: Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, մարդիկ ձգտում են պաշտոնների ոչ թե այդ պաշտոնի համար սահմանված պետական աշխատավարձը ստանալու, այլ՝ որ կարողանան այդ պաշտոնի միջոցով դառնալ տենդերների հաղթողներ: Բնական է, որ ԾԻԳ-ի տնօրենը եթե ունեցել է շինարարական կազմակերպություններ, ընդ որում, վարչապետի շեշտած հոգնակի թիվը` ընկերություններ, ցույց է տալիս, որ Բեզոյանը շատ ավելի խելացի կերպով է իր բիզնեսն առաջ տարել. ճարպիկ ձեռներեցը բացել է մի քանի ընկերություն, որպեսզի տարբեր մրցույթների ժամանակ տարբեր ընկերություններ հաղթող ճանաչվեն: Տերը կմնա նույնը, իսկ ընկերությունները տարբեր անուններով տեղ կգտնեն հաշվետվություններում, իսկ Քըրք Քըրքոյանը, ենթադրաբար, չէր ստուգելու, թե ում են դրանք պատկանել իրականում, այսինքն` ով է տրված գումարի դիմաց հատուցել անորակ շինարարությամբ` գրպանելով գումարի մի մասը:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանում ամեն ինչ արվում է օրինականության սահմաններում. Էդվարդ Բեզոյանը ևս, նույն օրինականությունը պահպանելով, կարողացել է կարողություն դիզել տարիներ շարունակ և կշարունակեր դիզել նաև հետագա տարիներին, եթե չլիներ այս միջադեպը, և հանրությունը չտեղեկանար, թե ինչ գումարների հետ են խաղում ԾԻԳ-երի ղեկավարները և նրանց հովանավորները:
Հ.Վ. Այս կարգի աղմուկից խուսափելու համար է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաների տները թալանողների և նրանց քրգործերի մասին ինֆորմացիան գաղտնի է պահվում: Ճիշտ է, ՀՀ վարչապետի՝ երբ նա ԿԲ նախագահ էր, ՕՎԻՐ-ի նախկին պետի ու էլի շատերի տները թալանողները բանտում են ու իրենց պատիժը կրելու են, ինչպես ասում են, «կալենդարնի», բայց սրա մասին չի բարձրաձայնվում հենց միայն այն պատճառով, որ հանրությունը չտեղեկանա նրանց ունեցվածքի չափից:
Ինչպես երևում է, վարչապետ Տիգրան Սարգսյանին արդեն հունից հանել են խոսակցություններն այն մասին, թե ինքը կապ ունի «Նաիրիտ» գործարանի հետ: Վարչապետի եղբայր Արմեն Սարգսյանը Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է, ում միջոցով էլ «Նաիրիտ»-ի մի ամբողջ արտադրամաս մասնագետներով տարվեց Չինաստան, որի արդյունքում այսօր չինացիներն են հաջողությամբ զբաղվում կաուչուկի արտադրությամբ:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը մանրամասն հաշվետվություն էր պատրաստել, որով պետք է այս գործարանի հետ կապված խոսակցություններին վերջ դրվեր: Ըստ դրա, «Նաիրիտ»-ի պրոբլեմների գլխավոր պատճառը հենց իր մեջ է. այս ընկերության հիմնական արտադրանքը քլորոպրենային կաուչուկներն են և լատեքսները, որոնց ինքնարժեքի 70-75 տոկոսը էներգակիրներն են` գազ, էլեկտրաէներգիա և շոգի: 2006-2007 թթ. մասնավորեցումից հետո, երբ ընկերությունը սկսել է արտադրանք տալ, գազի ներկրման գինը 54 դոլար էր: Նախարարի ասածի իմաստն այս էր` օրեցօր էներգակիրների գինը բարձրացավ, այսինքն` «Նաիրիտ»-ի արտադրանքի ինքնարժեքը մեծացավ, ըստ այդմ, աստիճանաբար ավելի մեծացան ծախսերը, դրա համար էլ եկամուտները նվազեցին:
«Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը, 10 տոկոսը ներկայացնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Ընկերությունը նման անհուսալի վիճակից հանելու համար հիմա նոր ծրագիր է կազմվել, հայտարարվել է մրցույթ, և շուտով պարզ կդառնա, թե ով է այն համարձակը, որ իր վրա կվերցնի «Նաիրիտ»-ի բեռը: Այստեղ հարկավոր է 400-500 մլն դոլարի ներդրում` գործարանը նոր տեսքի բերելու և հարցերը լուծելու համար: Թե որ ընկերությունը, ի վերջո, կհամաձայնի ստանձնել նման պատասխանատվություն, հայտնի չէ, բայց արդեն իսկ այսօրվանից կարելի է ենթադրել, որ ինչ ընկերություն էլ դա լինի, գալով և ստանձնելով ներդրումների պատասխանատվությունը` անակնկալի է գալու` հայտնաբերելով, թե ինչ հետաքրքիր անձնակազմ ունի «Նաիրիտ»-ը: Այսպես, Արմեն Մովսիսյանի ներկայացրած պաշտոնական տվյալներով, այս ընկերությունում ամեն 6 աշխատողի հասնում է մի ղեկավար. հաշվառված է 3074 մարդ, որից ղեկավար անձնակազմը` 554 մարդ, մասնագետներ և ծառայողներ` 686 մարդ, մնացածը բանվորական անձնակազմն է: «Նաիրիտ»-ի բանվորները մշտապես բողոքի ցույցեր էին անում` պահանջելով վճարել իրենց աշխատավարձը: Կարելի է ենթադրել, որ 554 ղեկավարներից և ոչ մեկը չի մասնակցել այդ ցույցերին. անգամ ղեկավարների թվից կարելի է եզրակացնել, որ նրանք խիստ հարգի դիրքերում են:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում տարածված այն լուրերին, թե գործարանում արդեն հաստոցներն են որպես մետաղաջարդոն ապամոնտաժում և վաճառում, նախարար Մովսիսյանն ըստ էության չհերքեց, այլ ընդամենը պարզաբանեց, որ այստեղ կան 4 սերնդի սարքավորումներ, շենքեր, շինություններ, հանձնաժողովով նայում են, թե որոնք են այլևս անպիտան, դրանք էլ հեռացնում են:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանը Երևանի ավագանու խորհրդի նիստերից մեկում «Նաիրիտ»-ի վերաբերյալ մի դիպուկ արտահայտություն արեց. «Նաիրիտը ում ասես պարտք ա, ով էդ շենքի չորս կողմը պտտվել ա, պարտք ա»:
«Նաիրիտ»-ը 120-130 մլն դոլար պարտք է Միջպետական բանկին, որ այս տարիների ընթացքում ֆինանսավորել է ընկերության աշխատանքը, և մոտ 20-25 մլն դոլար էլ հայկական բանկերին` աշխատավարձերի և այլ պարտավորությունների հետ կապված:
ՀՀ կառավարությունը 2011թ. հունվարի 13-ի նիստում որոշում կայացրեց առանց վերջնաժամկետի դադարեցնել մանր և միջին բիզնեսի ոլորտում ստուգումները: Ստուգումներ կարելի էր անցկացնել միայն 70 մլն դրամի շրջանառություն ունեցող օբյեկտներում:
Սննդի անվտանգության ծառայության աշխատակիցների երեկվա արշավի արդյունքում վերջնականապես փակվեցին Գումի շուկայի մսի պասաժները: Ըստ օրենքի՝ այս կրպակների ստուգումը թույլատրվում է տարին մեկ: Անգամ վարչապետական կարգադրությունը զանց առնելու դեպքում՝ այս տեսչական ստուգումն ապօրինի էր, քանի որ վերջին ստուգումն այստեղ իրականացվել է անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այն ժամանակ Սննդամթերքի անվտանգության տեսչության աշխատակիցները դարձյալ փակել տվեցին բազմաթիվ կրպակներ, դարձյալ տուգանեցին բազմաթիվ տնտեսվարողների: Այն ժամանակ դրվեց հստակ պահանջ. մսի կրպակը փակվեց, բայց թույլատրվեց բացել, եթե կատարվեն պահանջները: Դրանից հետո կրպակատերերը մի մարդու նման տեղադրեցին անհրաժեշտ սառնարանները, վճարեցին տուգանքները, մի խոսքով՝ կարգի բերեցին իրենց տնտեսությունը: Մեր տեղեկություններով, անգամ կրպակատերեր կան, որ մինչ օրս վճարում են այդ 100 հազար դրամ տուգանքը: Եվ հանկարծ՝ երեկ դարձյալ հայտնվում են ինչ-որ տեսուչներ և փակում նույն կրպակները: Այս անգամ՝ առանց բացատրության և առանց նույնիսկ ներկայանալու:
Երեկ, Գումի շուկայի տարածքում կրքերն անասելի թեժացել էին: Կրպակների մոտ մեծ թվով մարդիկ էին հավաքված: Այստեղ էին նաև Սննդի անվտանգության ծառայության աշխատակիցները, սակայն տեսուչը չցանկացավ ո´չ ներկայանալ, ո´չ նույնիսկ ասել, թե ինչ է արձանագրել: Ակնհայտ էր, որ խստորեն հրահանգված էր չխոսել լրագրողների հետ:
— Մեր մամուլի բաժնի պետի հետ ճշտեք,- արագ-արագ վրա բերեց նա:
— Մամուլի բաժնի պետը ի՞նչ գիտի, թե Դուք կամ ես էս պահին ինչ տեսանք. ես դա՛ եմ Ձեզ հարցնում:
— Չեմ կարող:
Անհասկանալի մնաց տեսուչի` գաղտնի գործակալին բնորոշ վարքագիծը, ի՞նչն էր նման վախի պատճառը, ինչու՞ են այս նորաստեղծ ծառայության աշխատակիցներն այս աստիճան խուսափում իրենց բացահայտածը ներկայացնելուց: Այն, որ կրպակաշարի մերձակայքում գարշահոտ էր տիրում, նկատեցինք նաև մենք: Կրպակատերերը դա բացատրեցին այսպես. «Շուկայի մայթը լվանում են, կեղտաջրերը գալիս՝ մեր կողմն են հավաքվում, ի՞նչ անենք»: Դա, իհարկե, այնքան էլ այդպես չէ, կարելի է ասել՝ հակառակն է. երբ իրե՛նք են լվանում իրենց տարածքը, կեղտաջրերը հոսում են փողոց:Սակայն խնդիրը դա չէ, կարելի է լուծում գտնել:
Առնվազն հարյուր կրպակի աշխատանք տեսուչները գնահատել են անբավարար և փակել: Ի՞նչ է լինելու այս մարդկանց ճակատագիրը: Նրանց անգամ չեն տեղեկացրել, թե ինչն է անբավարար և ինչ պետք է անել: «Բա սա երկիր ա՞, մեզ գցում են փողոց՝ ոչինչ չասելով»,- ասում էին մարդիկ` մինչ տեսուչը խիստ ու լուրջ դեմք ընդունած ինչ-որ գրառումներ էր անում:
«Իրենք իրավունք չունեն առանց փաստաթղթի մտնելու կրպակ, բայց ոչ էլ փաստաթուղթ են ցույց տալիս: Գալիս՝ միսը վերցնում են, դնում տոպրակի մեջ, վրան գրում անուն-ազգանունը ու տանում: Բա կարող ա՝ տանում-փոխում են, ես ի՞նչ իմանամ: Առանց կնքելու, առանց մեր ներկայության բացում-ստուգում են, ես ինչի՞ պիտի իրանց ասածին վստահեմ»,- ասում էր մսավաճառներից մեկը:
Սննդի անվտանգության նորաստեղծ ծառայության պետը, ասում են, ոչ թե հասարակ տեսուչ է, այլ սուպերտեսուչ: Հանրապետության ամենայուղոտ պաշտոններից մեկը բաժին է հասել ժելեած սանրվածքով, եվրոպոիդ «կաստայի» պատկանող մի առանձնյակի, որը, մտնելով իրեն վստահված «օբյեկտ», հենց առաջին օրից աշխատակիցների հետ սկսեց խոսել ակնհայտ արհամարհանքով, կիսապառկած, լոթիավարի և միանգամից բացահայտեց, որ գաղափար անգամ չունի, թե ուր է եկել:
Մենք հարցում ուղղեցինք կառավարությանը` փորձելով պարզել՝ տեսչական ստուգումներն արգելելու վերաբերյալ վարչապետի հրահանգի գործողության ժամկետը լրացել է, թե՝ ոչ, կամ՝ ստուգումները վերսկսելու նոր հրաման կա՞: Կառավարությունից պաշտոնական պատասխան չստացանք, ըստ այդմ՝ ստիպված ենք ենթադրություններ անել:
Վարկած առաջին. Գրիգոր Գրիգորյան անուն-ազգանունը կրող Հայաստանի թիվ մեկ տեսուչ-պաշտոնյան միանգամից հասկացել է, որ կարելի է կլորիկ գումար աշխատել և, առանց սպասելու լրացուցիչ հրամանի, գործել է: Ասում են՝ տեսչական ստուգումներ են անցկացվում գրեթե բոլոր մանր ու մեծ սննդի օբյեկտներում: Իսկ Գումի շուկայի մսի պասաժները միշտ էլ խոցելի են եղել, և ցանկացած տեսչական ստուգում այստեղ կարող է ինչ-ինչ խախտումներ հայտնաբերել:
Վարկած երկրորդ. Գրիգորյանը կարողանում է հասնել իր պես եվրակատեգորիայի պաշտոնյա Տիգրան Սարգսյանի դաբրոյին և ձեռնամուխ է լինում յուղոտ օպերացիային: Ըստ այս վարկածի, Գրիգորյանը գործում է օրինականության սահմաններում, այլ հարց է, թե ինչ մեթոդներ է կիրառվելու առանց այդ էլ խայտառակ վիճակում գտնվող մանր ու միջին բիզնեսը նոր հարվածի տակ դնելու գործընթացում: Իսկ վարչապետին համոզել` սեփական հրահանգը դադարեցնել և մեկ այլ հրահանգ տալ ու կառավարությանը դնել իր խոսքից հետ կանգնողի դերում, ինչպես ասում են՝ տեխնիկայի հարց է: Այն բանից հետո, երբ թիվ 1 տեսուչը, առանց աչքը թարթելու, աշխատանքից ազատում է իր գլխավորած ծառայության կազմի մեջ մտած տեսչությունների շուրջ 70 աշխատողների, պարզ է դառնում, որ ինչքան էլ նրան «պրախոդ» տված լինի վարչապետը, այդքանը միայն նորելուկ պաշտոնյայի հագով չի:
Եվ վերջապես, վարկած երրորդ, ինչը նույնպես բացառել չի կարելի, և որը ավելի խորքային արմատներ ունի: Մի անգամ, «Տաշիր» առևտրի կենտրոնի բարձունքից շրջակայքը ուսումնասիրելու ժամանակ, ասում են, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աչքը «կպել է» այս տարածքին. էլիտար շինարարության ղադրը իմացող նախկին նախագահը միանգամից ֆիքսել է, որ տարածքը բավական հարմար է նման շինարարության համար: Չի բացառվում, որ Գրիգորյանի պլոճիկի նման պնդությունը պայմանավորված է հենց քոչարյանական գործոնով, և որ նա դաբրոն ստացել է ոչ թե տիգրանսարգսյանական, այլ շատ ավելի բարձր մակարդակով:
Իսկ այս վարկածներից այն կողմ դառն իրականությունն է. հերթական անգամ աշխատանք ունեցող հարյուրավոր մարդիկ պարզապես փողոց են նետվում, հարյուրավոր ընտանիքներ զրկվում են ապրուստի իրենց աղբյուրից և, որ ամենավատն է, այդ ամենն արվում է առանց բացատրության և առանց վաղվա օրվա երաշխիքի:
Հարբած, օրորվելով՝ հայրը մտնում է տուն: Երեխան մոտենում է նրան ու բացականչում. «Պա´պ, պա´պ, մի հատ թիթեռ կնկարե՞ս»:«Պապան էլ բանուգործ չունի՞, նստի՝ քեզ համար թիթեռ նկարի՞»,- երեխայի ոգևորության գլխին սառը ջուր է լցնում հայրը:
Պարզվում է, ի տարբերություն շարքային քաղաքա ցի ների, Հայաստանի բանուգործ ունեցող բարձրաստիճանները լավ էլ սիրում են թիթեռ նկարել, և ոչ միայն իրե նք են նկարում, այլև ստիպում են շատերին՝ հիանալ իրենց նկարած թիթեռներով:
Ազգային ժողովում այսօր իսկական թատերական ներկայացում էր` վառ ու գունագեղ: Ենթադրաբար թե´ սցենարը, թե´ ռեժիսուրան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ձեռքի գործն են: Բեմադրության մասնակիցները շատ էին. գլխավոր դերերում 131 ջահելներ էին` 18-30 տարեկան, հիմնականում կարիերիստական նկրտումներով, որոնց իդեալը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է, որ ջահել-ջահել կարողացավ պատգամավոր ու նախարար դառնալ: Բայց դե՝ նրանից պակաս ջահել չէր Վազգեն Խաչիկյանը, որ էսօր իր գլխապտույտ հաջողություններից բուժման կարիք ունի:
Քասթինգն ավարտվեց էս վերջերս. 131 ջահելներից շատ ավելի ջահելներ թեստային քննություններ էին հանձնել Սահմանադրության, օրենքների, ներքին և միջազգային քաղաքականության վերաբերյալ, որոնց միջոցով էլ լավագույնները հնարավորություն ստացան հաղթող ճանաչվել հովիկաբրահամյանական շոուում և դառնալ գլխավոր դերակատարներ: Այսօր Ազգային ժողովի նախագահի բեմադրության պրեմիերան էր: Նախ, ՀՀ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում բաժանվեցին «Երիտասարդ խորհրդարան» անունը կրող ներկայացման դերակատար պատգամավորների մանդատները: Դրանից հետո սկսվեց հիմնական բեմադրությունը:
Բացվեց Երիտասարդ խորհրդարանի անդրանիկ նիստը: Երեկ տեղի էին ունեցել մշտական 12 հանձնաժողովների նախագահների ընտրությունները: Հանձնաժողովի նախագահ այս ջահելներն էլ ռոտացիոն կարգով բազմելու են Ազգային ժողովի նախագահի գահին. Հովիկ Աբրահամյանը, հոգ տանելով իր մտահղացած խորհրդարանի իրականացման բոլոր մանրամասներին, այնուամենայնիվ, չէր կարող թույլ տալ, որ ինչ-որ մի ջահել ասի, թե ինքն էլ է խորհրդարանի նախագահ, հենց դրա համար էլ ԱԺ նախագահողը լինելու է փոփոխական: Այսօր, Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, խորհրդարանի անդրանիկ նիստը վարեց տարիքով ամենաավագ պատգամավորը` Կարեն Պետրոսյանը: Նա միայնակ նստել էր ԱԺ ղեկավարության համար հատկացված տեղում, իսկ ԱԺ նախագահը, զիջելով իր տեղը, բազմել էր վարչապետի համար նախատեսված աթոռին: Կառավարության անդամների համար նախատեսված շարքում էին բազմել նաև այս ներկայացման մասնակիցներն ու թամաշայի հրավիրվածները: Իսկ թամաշայի եկել էին դարձյալ ամենաբարձր մակարդակով. ջահելների օրհնությունը կազմակերպեց Տեր Նավասարդ Կճոյանը, եկել էին Ռուսաստանի դեսպանը, եվրակառույցների ներկայացուցիչներ և, բնականաբար, Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներ ու ջահելների կուռք Արմեն Աշոտյանը:
Երիտասարդ խորհրդարանի նիստն անցավ ինչպես հարկն էր` ամենաբարձր մակարդակով, այնպես, ինչպես անցնում են առաջին դասարանցիների դասերը. մոտ 25 րոպե ներկա-բացակա էին անում` կարդում նորելուկ պատգամավորների անունները, որոնք ոտքի էին կանգնում, ասում, թե որ բուհում են սովորում (131 պատգամավորներից 42-ն ինքնառաջադրվել են, 50-ը ներկայացնում են պետական և ոչ պետական բուհերը, իսկ 39-ն Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների երիտասարդ ներկայացուցիչներն են) և մի առանձնակի ոգևորությամբ շեշտում, որ «անդամակցում են Հանրապետական կուսակցությանը». այս ջահելների համար սա մի այլ կարգի «պլյուս» էր համարվում:
Ներկա-բացակայից հետո խորհրդարանն սկսեց աշխատել. օրակարգում երկու հարց էր ներառված` խորհրդարանի կազմավորման և գործունեության ու հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգերը:
Այստեղ ևս երևաց, որ երիտասարդ խորհրդարանը ոչ մի բանով չի զիջում իսկական խորհրդարանին. այս պատգամավորացուները նույն կերպ չէին կարողանում գրանցվել, քվեարկել, ինչպես մինչ օրս շատ հաճախ չեն կարողանում նրանց «բնօրինակները»: Բոլորը շունչները պահած հետևում էին, թե՝ ըհը´, ջահելները, վա´յ, ինչ լա~վ էր, գոնե էս անգամ կարողացան գրանցվելու համար քարտ մտցնել կամ քվեարկելու համար կոճակ սեղմել: Եթե մինչ այս պահը ենթադրություններ կային, թե քննությունների բովով անցած ջահել պատգամավորացուները, մտնելով խորհրդարան, գետնով են տալու ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի չեղած պատիվը, միանգամից երևալու է, թե ինչ բերեց Հովիկ Աբրահամյանը իր պատգամավորների գլխին, նրանց պատճենների միջոցով ցույց տալով, թե ինչպիսին պետք է և կարող է լինել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը, ապա հենց առաջին նիստից կարելի է «բնօրինակ» պատգամավորներին շնորհավորել` կարիերիստ ջահելներից ոչ մեկը, կարելի է ասել, ավելի լավը չէ, քան, ասենք, Սամվել Ալեքսանյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Լևոն Սարգսյանը, Աշոտ Տոնոյանը, Ռուբեն Հայրապետյանն ու ներկա խորհրդարանի մյուս «գլուխգործոցները»:
Հովիկ Աբրահամյանի հաջորդ ներկայացումը կկայանա աշնանը և, հավանաբար, կտևի այնքան ժամանակ, քանի դեռ բեմադրիչը չի ձանձրացել կամ կողքից գլխի չեն գցել, որ «թիթեռ նկարելը» գուցե անվնաս զբաղմունք է, բայց թիթեռ նկարելուց այն կողմ՝ մինչև կոկորդը պրոբլեմներով լցված Հայաստանն է, ու էդքան էներգիա նման անպետք բաների վրա ծախսելու փոխարեն՝ կարելի է գոնե մի խնդիր լուծել:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է «վկաների» կամ, այսպես ասած, անվճար «գործ տվողների» մի նոր համակազմ ձեռք բերել: Ինչպես հայտնի է, քաղաքապետարանն արդեն իսկ ունի նման «գործ տվողների» բանակ, որոնց վճարում է, սակայն կարծես նրանց աշխատանքի արդյունավետությունից այնքան էլ գոհ չէ, քանի որ որոշել է ներգրավել հավելյալ ուժեր: Այդ գործին են ծառայում քաղաքապետարանի, թաղապետարանների, համատիրությունների հարյուրավոր աշխատակիցներ, ինչպես նաև՝ ոստիկանության աշխատակիցներ:
Տարիներ շարունակ արմատացած այս համակարգի պատճառով որևէ քաղաքացի չի կարող ինքնագլուխ ավտոտնակ կառուցել, անգամ իր բնակարանի հետ կապված շինարարություն իրականացնել կամ նմանատիպ մի բան անել: Միանգամից բուսնում են թաղայինը, համատիրության աշխատողը և այդպես շարունակ: Դրա համար ցանկացած գործ անելուց առաջ քաղաքացին գիտի, որ հարկավոր է վճարել` փակելու համար հնարավոր «գործ տվողների» բերանները, դրանից հետո միայն անցնել գործի:
Սակայն, ինչպես երևում է, յուրաքանչյուր բակից տեղյակների այս բանակը քիչ է Երևանի «դրայվոտ» քաղաքապետին: Եվ քաղաքապետը ահա թե ինչպես է որոշել ավելացնել «գործ տվողների» իր բանակը: Կարեն Կարապետյանը Facebook-ի իր էջում երևանցիներին կոչ է արել նկարել մայրաքաղաքի անբարեկարգ տարածքները և նշելով հասցեն՝ ուղարկել քաղաքապետարան:
«Մենք շատ ենք կարևորում, որ մեր քաղաքում կանաչապատման նոր մշակույթ ձևավորվի: Կանաչապատ տարածքը ոչ միայն խոտն ու ծառն են, այլ նաև հոգատար վերաբերմունքն ու խնամքն այդ ամենի հանդեպ:
Այդ նպատակով մենք ձեռք ենք բերելու շուրջ 1000 խոտհնձիչ մեքենաներ, որոնք նվիրելու ենք կրթական և առողջապահական հաստատություններին, համատիրություններին՝ կանաչապատման նորովի մշակույթ դրսևորելու համար:
Մեր քաղաքում արդեն իսկ բավականին շատ հաստատություններ մեծ եռանդով բարեկարգում են իրենց հարակից տարածքները, որի համար մեր շնորհակալություն ենք հայտնում:
Ցավոք, դրանց կողքին կարելի է նկատել նաև անտարբեր հաստատությունների անբարեկարգ տարածքներ:
Խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ անտարբեր չգտնվել, նկարել և նշելով հասցեն՝ ուղարկել մեզ:
Վստահ եմ, որ ձեր օգնությամբ մենք կարող ենք անել ավելին»,— ասված է քաղաքապետի ուղերձում:
Ինչպես տեսնում ենք, քաղաքապետի մենեջերական հերթական անվրեպ նախաձեռնության շնորհիվ՝ քաղաքապետարանի «գործ տվողների» թիվը եթե չքառապատկվի, ապա առնվազն կկրկնապատկվի: Ավելին, կենդանի գործ տվողների թվի ավելացման միջոցառմանը զուգընթաց, քաղաքապետը շուտով քաղաքով մեկ անշունչ «գործ տվողների գումարտակ» էլ է ունենալու. Երևանի բանուկ խաչմերուկներում և կանգառներում կտեղադրվեն 60 տեսախցիկներ, որոնք իրենց հերթին կհսկեն անցուդարձը: Այդպես, ՀՀ իշխանությունները կարող են թեթևացած շունչ քաշել. Այսպես որ գնա, Հայաստանը շուտով կդառնա աշխարհի ամենահսկելի կամ վերահսկելի պետությունների առաջատարը: Մնում է հուսալ, որ այդ վերահսկողությունից դուրս մնալու համար ոստիկանները շարքային քաղաքացուց գումար կորզելու նոր ոսկեբեր երակ չեն բացի:
«Որևէ մեկը չփորձի Վերահսկիչ պալատը տանել սուբյեկտիվ դաշտ, դա չի լինելու». սա ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի սիրած արտահայտությունն է: Վերջերս հայտարարվեց, որ Վերահսկիչ պալատի հերթական ստուգումների թիրախը դառնալու է քաղաքապետարանը: Որքան էլ Հայաստանի թիվ մեկ վերահսկիչը սիրում է խոսել իր աշխատանքի վրա սուբյեկտիվ գործոնի ազդեցության անհնարինության մասին, այնուամենայնիվ, որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ է հնարավոր Հայաստանում բացառել սուբյեկտիվ գործոնը:
— Պարո´ն Զաքարյան, որքան էլ Դուք ասում եք` մի´ փորձեք Վերահսկիչ պալատը սուբյեկտիվ դաշտ տեղափոխել, այնուամենայնիվ, քաղաքապետարանում Ձեր ստուգումները որքանո՞վ են օբյեկտիվ լինելու` հաշվի առնելով ձեր կնոջ պաշտոնավարումն այնտեղ (Իշխան Զաքարյանը կարողացավ հասնել նրան, որ կնոջը` Գայանե Սողոմոնյանին նշանակեցին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ-Լ.Կ.):
— Մենք արդեն ստուգում ենք: Բայց դա ի՞նչ կապ ունի, մենք հիմա սոցապ բաժինն ենք ստուգում, նպաստների բնագավառն ենք ստուգում: Քաղաքապետարանը լրիվ չենք ստուգում: Մենք ստուգում ենք միայն քաղաքապետարանի նպաստները, թոշակները, միայն սոցիալական ծառայությունն ենք ստուգում, էն էլ` քաղաքապետարանինը չէ, է՛, համայնքների սոցիալական ծառայությունները: 10 համայնք կա, դրանց ծառայությունները:
— Բայց կոնկրետ կրթության վարչությունում էլ կոռուպցիոն մեծ ռիսկեր կարող են լինել, դպրոցների հետ կապված… Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե էդ ոնց է, որ մինչև հիմա ոչ մի տնօրեն «պրոֆնեպրիգոդնիության» համար չի հեռացվել աշխատանքից, թե՝ մեծ դխկոց է լինելու, բայց մինչ օրս նույնիսկ չխկոց չեղավ: Օրինակ, հենց Չեխովի անվան դպրոցում (այս դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը դպրոցի տնօրենների մեջ առանձնանում է որպես թիվ մեկ «օլիգարխ» և, ի դեպ, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնի համար պայքարում Իշխան Զաքարյանի կնոջ ամենալուրջ մրցակիցն էր— Լ.Կ.) ինչե~ր են կատարվում, և Դուք, փաստորեն, շրջանցում եք այդ ամենը:
— Դե, հիմա դպրոցը մենք ո՞նց գնանք ստուգենք: Դպրոց ստուգելու ըտենց բան չկա, բայց կարծեմ ահագին բան հիմա շտկվել ա, էլի:
Թե ինչ «ահագին բան է շտկվել» Իշխան Զաքարյանի տեղեկություններով` առանց ուսումնասիրություն անելու, հայտնի չէ, բայց, ինչպես տեսնում ենք, ի դեմս Վերահսկիչ պալատի նախագահի` Հայաստանի Հանրապետությունն ունի իսկապես շրջահայաց պաշտոնյա, որն իսկապես միմիայն պատասխանատու հայտարարություններ է անում, քանի որ նախապես է հոգ տանում, որ իր ասածը անպայման ճիշտ լինի. Իշխան Զաքարյանի համար քաղաքապետարանում ստուգումներ անցկացնելիս կինը զուր տեղը սկանդալներ չի սարքի, ճաշից չի զրկի, չի սպառնա՝ շորերն այլևս չլվանալ ու չարդուկել, որովհետև շրջահայաց ամուսինը նախապես է հոգ տարել կնոջ գլխավորած վարչությունը շրջանցելու վերաբերյալ: Ավելին, ինչպես տեսնում ենք, շրջանցվել է ոչ միայն կողակցի վարչությունը, այլև կողակցի գործընկերներինը` շեշտը դնելով ընդամենը համայնքային սոցիալական ծառայությունների վրա: Իսկ գուցե՞ մենք շտապում ենք եզրակացություններ անելիս ու մոտ ապագայում, ամենակոռումպացված հիմնարկներից մեկը համարվող Երևանի քաղաքապետարանում էլ ստուգումներ կլինեն:
Այն բանից հետո, երբ ՀՀ սպորտի և երիտասարդության փոխնախարար, համատեղության կարգով «Հայոց արծիվներ» անունը կրող հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի թիվ մեկ հիտլերգյունտեր Խաչիկ Ասրյանը փետրվարի 19-ին 10 հազարանոց միջոցառում կազմակերպեց մայրաքաղաքում` ցույց տալու համար, թե ինքն էլ կարող է ընդդիմադիրներից ոչ պակաս մարդ հավաքել, այն բանից հետո, երբ նույն «Հայոց արծիվներ»-ից ստեղծվեց «Հայոց արծիվներ»` շուրջ երեք հազար հոգանոց օպերատիվ գունդը և կազմակերպվեց նրա շրջայցն ու կրակային պատրաստությունը պաշտպանության նախարարության զորամասերում, պարոն Խաչիկ Ասրյանը որոշեց ձեռնամուխ լինել իր հերթական մտահղացման իրագործմանը:
3000 հոգանոց օպերատիվ գնդի ստեղծումը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք էր տվել, հատկապես, որ Ասրյանը հայտարարել էր, թե դա ստեղծվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միանգամից ծայր առան խոսակցություններ, թե ընտրությունների շեմին ինչի՞ համար կարող է ստեղծվել զինված խմբավորում, նախագահի ինչի՞ն է պետք նման խմբավորումն իր անվան հետ կապելը, երբ պետության ղեկավարը ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարն է և նրա տրամադրության տակ արդեն իսկ դրված է պետության ուժային ամոբղջ համակարգը:
Եվ ահա, հայտնի է դառնում, որ Խաչիկ Ասրյանը որոշել է այս անգամ էլ լրագրողներին զինել: Մարտի 27-ին ծրագրվել էր լրագրողական գունդ կազմավորել, տանել սահմանային զորամաս, նախնական տեղեկություններով` Նախիջևանի կողմերը, և լրագրողներին սովորեցնել կրակել: Ընդ որում, ծրագիրը բավական հագեցած էր լինելու, յուրաքանչյուր մասնակցի համար բավական մեծ քանակությամբ փամփուշտներ էին նախատեսվել, ճաշ էր տրվելու: Մի խոսքով, Ասրյանը տեղը տեղին որոշել էր լրագրողներին ևս իր նման հայրենասեր դարձնել` ձեռքի հետ էլ ցույց տալ, թե զորամաս գնալու և այնտեղ կրակային պատրաստություն ստանալու մեջ ոչ մի վատ բան չկա:
Հենց այս շաբաթ հայտնի դարձավ, որ «Հայոց արծիվների» ակտիվիստներից մեկը` Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Դավիթ Կիրակոսյանը երկու շաբաթ առաջ կալանավորվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրանյութ ներկրելու մեղադրանքով: ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները բռնել էին Կիրակոսյանին` սուբոտեքս տեսակի թմրամիջոց պարունակող 210 հատ դեղահաբ ներկրելու ժամանակ, որը նրան ուղարկվել է ծանրոցով` Ֆրանսիայից: Ինքը` Դավիթ Կիրակոսյանը, ըստ մեր տեղեկությունների, բազմավաստակ թմրամոլ է:
Սա տեղեկատվություն էր, որ չէր կարող չազդել այս կազմակերպության հեղինակության վրա: Եթե կազմակերպության տարածքային կառույցի ղեկավարը թմրամոլ է և, ավելին, նարկոդիլեր, ապա չի բացառվում, որ նա հիշյալ կազմակերպությունում կարող է համախոհներ էլ ունեցած լինել: Նման սկանդալային բացահայտումներից հետո որպես կանոն այդպիսի կազմակերպություններն ու նրանց ղեկավարները որոշ ժամանակով անցնում են ջրի հատակը` մինչև անցնի վտանգն ու էլի կարողանան վերադառնալ ակտիվ գործունեության: Ըստ այդմ ենթադրվում էր, թե խաչիկասրյանական լրագրողական ձեռնարկումը, որ նախատեսված էր մայիսի 27-ին` հանրապետության օրվա նախօրեին` այն հաշվարկով, որ անկախության օրը լրատվամիջոցները հեղեղված կլինեն Ասրյանի հերթական սուպեր միջոցառման լուսաբանմամբ, կհետաձգվեր կամ ընդհանրապես չեղյալ կհայտարարվեր: Մեր հարցմանն ի պատասխան, սակայն պարզվեց, որ միջոցառումն արդեն տեղի է ունեցել, լրագրողներին արդեն ոչ միայն տարել են զորամաս, այլև հասցրել են հետ բերել: Այս ակցիայի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն միայն տեղի ունեցածի փաստից կարելի է եզրակացնել, որ լրագրողներին վերբովկա են արել, և ևս մեկ անգամ հիանալ Խաչիկ Ասրյանի անկոտրում կամքով, իսկական աննկուն արծիվ`որին ոչինչ չի կարող խանգարել իրագործելու իր ծրագրերը:
Խորհրդարանական ճեպազրուցների ժամանակ ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանին հարց ուղղվեց, թե արդյո՞ք իր շեֆի` Արթուր Բաղդասարյանի անհետաքրքիր խոսքն էր պատճառը, որ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ մասնակիցներից մեկը նախընտրել էր տրվել պոռնո նայելու` անտեսելով ԱԽ քարուղարի ասածները և արդյո՞ք Արթուր Բաղդասարյանի համար դա ազդակ չի եղել` աշխատելու ինքն իր վրա` ավելի հետաքրքիր դարձնելու նիստերի բովանդակությունը:
«Յուրաքանչյուր մարդ` առավել ևս պաշտոնատար անձ իր կերպարն արտահայտում է ցանկացած քննարկումների ժամանակ և որևէ մեկը պատասխանատվություն չի կարող կրել: Ազգային ժողովում էլ ենք մենք դեպքեր հանդիպել և տեսել ենք, որ նստած թերթում են, չգիտես ինչ խաղեր են խաղում: Կարծում եմ հիմա էստեղ նստածներից որևէ մեկը, կարող է մեկը, չէ՞, հազար ու մի պատճառ բռնելով` զբաղվի այդ բանով, կարող է չէ՞, չի բացառվում»,-սկսեց շեֆին արդարացնել օեկականը` ակամայից խոստովանելով, որ, փաստորեն, Ազգային ժողովում ևս քիչ չեն պոռնոյի սիրահարները, որոնք գուցե վրիպել են լրագրողների հայացքից, բայց, ինչպես երևում է, չեն վրիպել ամենատես օեկականի աչքից. ով-ով, բայց պատգամավորները հո լա՞վ գիտեն, թե ովքեր ինչերով են զբաղվում նիստերի ժամանակ և, փստորեն, միայն համակարգչային խաղերով չէ, որ զբաղվում են:
Պատգամավորների դեպքում` հատկապես գիշերային ակումբներում գիշերներ անցկացնող և օրը մեջ հեքիաթային պատմությունների մեջ ընկնող պատգամավորների դեպքում սա ինչ-որ տեղ հասկանալի էր: Բայց որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամները կարող էին այն աստիճան վառ երևակայություն ունենալ, որ պատկերացնել, թե խեղճ ու կրակ լրագրողները անգամ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հանկարծ կարող էին տրվել անգիտակցականից ուղղորդվող լիբիդոյի հրահանգներին և շեղվելով ընտրյալների խորիմաստ ելույթները լսելուց, կարող էին նույնքան համարձակություն ունենալ, որքան կարողացավ ունենալ Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանը, արդեն վեր էր ամեն ինչից: Չնայած, ինչպես ասում է Հովհաննես Մարգարյանը, «ո՞վ գիտե, չի բացառվում, չէ՞, մարդ են, մեկ էլ տեսար»…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.