29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...էմոներն ատում են իրենք իրենց, գոթերը` ողջ աշխարհը, սատանիստները` Աստծուն
Երիտասարդական սուբկուլտուրաները ըմբոստության ձև են, դրանք կոչ են ընդդեմ հասարակության մեջ ընդունված սոցիալական ու բարոյական նորմերին: Դրանք ոչ ֆորմալ հասարակության մասն են: Ավելի վաղ խոսում էին սուբկլուտուրաների` հիպպիների ու պանկերի, մետալիստների մասին: Հիմա` էմոներ, գոթեր ու սատանիստներ, ու ինչպիսի՞ն են նրանք Հայսատանում:
Սկզբում`մի քիչ «Վիքիպեդական» չոր ակադեմիական ծանոթություն:
Էմոն( emo: լատ. emotional — էմոցիոնալ) երիտասարդական սուբկուլտուրա է, որը կազմավորվել է նույն անունը կրող երաժշտական ոճի երկրպագուների մեջ, նրանց անվանում են էմո-քիդ(երեխա, դեռահաս), էմո-բոյ(տղա) և էմո-գըրլ(աղջիկ):
Էմոցիաների, զգացմունքների վառ արտահայտումը էմոների գլխավոր օրենքն է: Էմոները տարբերվում են ինքաարտահայտմամբ, դեմ են անարդարությանը, ունեն յուրահատուկ աշխարհընկալում: Նրանք շատ խոցելի են ու շուտ ընկճախտի մեջ են ընկնում:
Էմո-քորը` էմոների երաժշտությունը, ծագել ու զարգացել է որպես պանկ-ռոքի ուղղություն, և չնայած դրան, այդ երկու սուբկուլտուրաները շատ տարբեր են: Դասական պանկերից նրանց տարբերում է ռոմանտիզմն ու վեհ սիրո հիվանդագին շեշտադրումը: Էմոների ուշադրությունը հաճախ ուղղված է դեպի անձնական հուզական դաշտը, նրանց չեն հետաքրքրում հասարակական իրադարձությունները:
Էմոները հագնում են սև ու վարդագույն հագուստ, կրում են զանազան նշաններ իրենց վրա, թիթեռնիկներ մազերին և ամենուր: Արվեստը` հիմնականում էմո-անիմացիան է:
Էմոներն ու գոթերը որպես սուբկուլտուրաներ հաճախ են համեմատվում, որից վիրավորում են և գոթերը, և էմոները: Օրինակ, էմոներն ավելի են հակված ինքասպանության, քան գոթերը: Գոթերն ավելի բանական են:
Կարճ ասած` էմոներն ատում են իրենք իրենց, գոթերը` ողջ աշխարհը:
Անցնենք գոթերին: Գոթերը ևս 70-ականների փոսթ-պանկի ալիքի վրա ծնված երիտասարդական սուբկուլտուրայի ներկայացուցիչներ են: Գոթական սուբկուլտուրան շատ բազմազան է, բայց բոլորն էլ ունեն միևնույն բնորոշ գծերը` յուրահատուկ մռայլ ոճ, նաև հետաքրքրություն գոթական երաժշտության, սարսափ-գրականության ու սարսափ-ֆիլմերի նկատմամբ:
Գոթերի ոճական էլեմենտներն են` սև գույնը, բնորոշ գրիմն ու գոթական սուբկուլտուրայի մետաղյա զարդերի կրումը(անկհ`անմահության հին եգիպտական խորհրդանիշ, գանգեր, խաչեր, ուղիղ և շրջած պոնտագրամմաներ, չղջիկներ):
Սատանիզմը նույնպես համարվում է սուբկուլտուրա (ԼաՎեյ), ունի բազմահազար հետևորդներ աշխարհում, բայց այն որոշ երկրներում նաև Սատանայի Եկեղեցու պաշտոնապես գրանցված կրոնն է, որի հիմքը դրել է Անտոն Շանդոր Լավեյը:
Սատանիզմի մեջ սատանան ընկալվում է որպես աշխարհընկալման դրական սիմվոլ, ազատության, ինքնազարգացման և այսպես ասած, բանական էգոիզմի սիմվոլ: Ըստ ԼաՎեյի` «Սատանան միայն սիմվոլ է, ուրիշ ոչինչ: Սատանան նշանավորում է մեր սերը դեպի ամեն երկրայինն ու ժխտում է խաչին խաչված Քրիստոսի դալուկ կերպարը»: Սատանիստները յուրահատուկ վերաբերմունք ունեն 666 և 13 թվերի նկատմամբ, դրանք նրանց համար հաջողակ թվեր են: Սիմվոլը` պենտագրամման է, կենտրոնում Բաֆոմետի` Դեմոնի պատկերով: Սատանիստներին հարող երիտասարդությունը գերադասում է սև հագուստ և կրում է իր վրա սիմվոլիկան: Որպես սուբկուլտուրա և գոթերը և սատանիստները արտահայտություն են գտել բավական ծանր` մետալիստական երաժշտության մեջ` բլեք-մետալ(սև), հէվի-մետալ(ծանր), դեդ-մետալ(մահ):
Հիմա անցենք մեր «տեղական» էմոներին, գոթերին ու սատանիստներին:
Հայաստանյան էմոները մեծամասամբ էպոտաժային`միայն ինչ-որ բանով տարբերվող էմոներ են, հիմնականում անցումային տարիքի դեռահասներ: Իրականում նրանք ունեն սուբկուլտուրայի միայն արտաքին ատրիբուտները, լսում են էմո երաժշտություն, հագնվում համապատասխան, լացում են պատեհ-անպատեհ: Պատահում են նաև տարիքով քիչ մեծերը, հիմնականում «էմոյությունն» ավարտվում են բուհական տարիների սկզբնական կուրսերում, աղջիկները շուտ են ամուսնանում` գտնելով իրենց երազած վեհ սերը: Եղել են մի քանի անձնական անհաջողություններից ինքնասպան եղած էմոներ, օրինակ` բուհ չընդունվելը կամ 14 տարեկան աղջնակի տղայի կողմից չընդունված սերը ցած է նետել նրանց բարձր տեղից: Էմոները խոսել չուզեցին:
Խոսեցի մի աղջկա` պայմանական` Աննայի հետ, որը գոթից դարձել էր սատանիստ, ու էդ սուբկուլտուրաներից 24 տարեկան հասակում` իրեն պահել միայն սուբկուլտուրաների արվեստն ու երաժշտությունը: Ավարտել է համալսարանն ու աշխատում է մասնագիտությամբ, ամուսնացած է:
— Ինչո՞վ են էմոները, գոթերն ու սատանիստները նման ու ինչով` տարբեր: Պատմիր սատանիզմի քո ընկալման մասին։
— Երաժշտությունն ա նման` էմոներինը թեթև ռոք, գոթերինը մի քիչ ավելի ծանր, սատանիստներինը` շատ ծանր` մետալ: Ես դեմ եմ,, ընդհանրապես, սուբկուլտուրաներին: Եղել եմ գոթ, հետո սատանիստ, բայց էն, ինչ ես եմ քաղել դրանցից, ոչ բոլորն են քաղել: Սատանիզմը շատ անհատական աշխարհահայցք ա, ամեն մեկի մոտ իր տեսքն ա ընդունում: Սատանայի հետ կապ ունի էնքանով, որ անունն ա ճչացող, անունն ա «հակա», այսինքն Աստված-Արարիչը ժխտող, «Աստվածը ես եմ» աֆորիզմն ա հիմքում: Սատանիզմն ունի երեք ստադիա: Առաջին`երբ մարդը դեմ ա կրոններին ու դրանով իսկ սատանիստ ա: Երկրորդ`փիլիսոփա-սատանիստ, նա ծանոթ ա սատանիզմի երկու ուղղություններին ու համաձայն ա դրանց հետ, դա դառնում ա աշխարհայացք ու ամեն ինչ անցնում ա էդ պրիզմայի միջով` դա սատանիստ-փիլիսոփան ա:Երրորդ` ակկուլտիստական արարողակարգերին անցած մարդը, որի համար սատանիզմն արդեն դառնում ա կրոն:
— Իսկ էդ զոհաբերությունների մասին պատմությունները, դրանք ճի՞շտ են:
— Սատանիստը երբեք էդպիսի բաներ չի անում, դա սատանայապաշտներն են անում Սատանիստը դոգմատ չի: Սատանիզմի ԼաՎեյի պատվիրանների մեջ նշված ա, որ ոչ մեկին վնաս չպատճառեն: Նա միայն ասում, ա որ Աստված չկա: Ոչ մի վնաս չկա սատանիստներից: ԼաՎեյն, ընդհանրապես, սնվել ա Նիցշեից, էլի ոմանցից ու ստեղծել ա կրոն` սատանայի եկեղեցին:
— Հիմա դու ո՞ր ստադիայում ես:
— Ոչ մի: Մի ժամանակ, որ սատանիստ էի, հասել էի երրորդ ստադիային: Արարողակարգերի էի մասնակցում, իրար արյուն էինք խմում, դե, 16 տարեկան էի:
— Իսկ գոթիկան, ի՞նչ կասես գոթիկայի մասին:
— Մարդ, որը Տերյան ա սիրում, արդեն գոթ ա: Գոթիկան Դա հոգեվիճակ ա: Նաև հագուստը, ատրիբուտիկան, սիմվոլիկան, երաժշտությունը գոթիկ-մետալ, պոստ-պանկ, գոթիկ-մետալ և այլն: Նրանք սև են հագնվում, ուժեղ քսում են աչքերը, տեսքից մռայլ են, բայց հիմնականում բարի ու լավ մարդիկ են:
— Էմոներին չկարողացա խոսցնել, նազուտուզ էին անում, գուցե՞ նրանց մասին էլ պատմես:
— Էմոն դա մարդ ա, որին շատ հեշտ կարելի ա լացացնել, կարճ սենց կասեմ: Հիմնականում 13-16 տարեկան են, կան մեծերը, որոնք ոնց որ մանկություն ունեցած չլինեն, անընդհատ ձգտում են երեխա երևալ, լինել, զգալ: Ինձ համար էմոները դեգրադացված մարդիկ են: Ես էլ եմ ուզում ու երբեմն էլ զգում եմ ինձ երեխա, բայց ես փոռիկներով վարդագույն շորեր չեմ հագնում ու տիկնիկով չեմ խաղում: Ինքնասպանություն էլ նույնիսկ գործում են կյանքից կոտրվելով ու աշխարհից նեղանալով, ոչ թե գաղափարապես: Մենք բոլորս էլ էմո եղել ենք, երեխա ժամանակ, երբ մեզ նեղացնում էին` լացում էինք: Բայց մենք մեծացանք ու էլ ամեն առիթով չենք լացում, իսկ էմոները շարունակում են լացել:
— Էմոն կարո՞ղ է դառնալ գոթ, հետո սատանիստ, ես էդ սուբկուլտուրաները մի ալիքի վրա եմ ընկալում:
— Կարա էդպես բան լինի, բայց շատ հազվադեպ, դա բնականոն աճ չի: էմոներն ատում են գոթերին` փոխադարձաբար, գոթերը` սատանիստներին: Բայց գոթը կարա դառնա սատանիստ, հնարավոր ա: Գոթը կարա մեծ լինի, անպայման չի, որ նա լինի դեռահաս, կամ շատ ջահել: Իսկ էմոն անպայման միշտ մնում ա երեխա, եթե ժամանակին չի ամուսնանում: Տղաների էմոյությունը հիմնականում բանակում ա վերջանում: Ավելի շատ են աղջիկ-էմոները:
— Ի՞նչ կասես մարդկանց, որոնք սատանիստներից ու սուբկուլտուրաներից վախենում են, ինչպես սատանայից: Եվ, ինչպես շեշտեցիր զրույցի սկզբում, ի՞նչ դասեր քաղեցիր:
— Սատանայապաշտները երբեք ոչ հագուստով, ոչ որևէ այլ ձևով չեն տարբերվում սովորական մարդկանցից, ու իրականում կարող են լինեն սատանայապաշտ, թաքուն անեն իրենց զոհաբերությունները, ու անում էլ են, և ոչ ոք դրա մասին կարա չիմանա: Նրանք երբեք չեն ասի, որ սատանայապաշտ են: Իսկ սատանիստները կարան սև հագնեն, ԼաՎեյ պաշտեն, բայց նրանցից վտանգ չկա, քրիստոնյաներն իրենց ինկվիզիցիայով ավելի շատ վնաս են հասցրել մարդկությանը, քան սատանիստները` պենտագրամմա ու 666 թիվ սիրելով: Ուղղակի ցանկացած սուբկուլտուրա դա օտարացում ա առողջ հասարակությունից, միակ լավ բանը դա նրանց արվեստն ա` գրականությունը, կերպարվեստն ու երաժշտությունը:
Լուսինե Վայաչյան
Սևանի մաքրման աշխատանքները տարեց տարի ավելի ու ավելի է վերածվում զավեշտի` ուղիղ համեմատականով տռզացնելով ոմանց գրպանները: Սևանի հաշվին հարստացողների ցանկը չի փոքրանում. պարզապես մեկը գնում, մյուսն է գալիս` այդպես էլ ոչինչ չանելով, իսկ Սևանը մնում է իր խնդիրների հետ դեմ-հանդիման: Ամեն տարի ամենատարբեր պատրվակներով միլիոններ են դուրս գրվում Սևանա լճի մաքրման, կենսաբանական միջավայրի վերականգնման և հազար ու մի նման ծրագրերի անվան տակ: Գումարները ծախսվում են, իսկ լիճն էլ ավելի վատ վիճակում է հայտնվում:
Սևանի ջրի բարձրացմանը զուգահեռ` ափամերձ տարածքների մաքրումը տարիներ առաջ սկսվեց սխալով. համապատասխան տեխնիկան թանկ համարեցին ու ջրի մեջ մնացած ծառերը չմաքրեցին` չնայած փոշիացավ ոչ քիչ գումար, բայց արդյունքը եղավ զրոյական:Հաջորդ տարի էլ ավելի գումար դուրս գրվեց`արդեն սխալը ուղղելու համար: Սկսեցին արմատախիլ անել ջրից դուրս գտնվող ծառերը, ձեռքի հետ էլ ջրածածկ հատվածն իբր մաքրեցին: Դարձյալ ոչ այն արդյունքը, որ սպասում էին. ջուրն արագ է բարձրանում` չէին հասցնում: Բացատրությունը համապատասխան տեխնիկայի բացակայությունն էր, ինչը վերջապես լուծվեց` ֆիննական «Watermaster classic 3» 603 հազար եվրոյանոց մեքենան գնելու միջոցով: Սա համարվեց Սևանի փրկությունը. այսուհետ ծառերն ամբողջությամբ արմատահան էին արվելու և դուրս էին բերվելու: Տարիներ տևած խառնաշփոթից տարիներ շարունակ օգտվում են կոնկրետ մարդիկ` նրանցից ոմանք էլ «մասնգիտացան» եղած փայտանյութն ըստ պահանջի տնօրինելու մեջ:
Երեկ այցելեցինք այն վայրը, որտեղ իրականացվում էին մաքրման աշխատանքները` Գավառի տարածքում: Առաջին զգացումը սարսափն էր: Ափամերձ հատվածը եղևնիների հրաշք անտառ էր: Ու անտառը գետնին էր հավասարեցվում: Բացատրեցին, թե, ճիշտ է, ջուրը հեռու է, բայց դա արվում է ջրի բարձրացման վտանգնին ընդառաջ: Տեղանքն իսկապես հարթ էր և հնարավոր էր, որ ջրի բարձրացման հետևանքով լիճը բավական առաջ գար: Այնուամենայնիվ, նախարարությունը գոնե վերահսկո՞ւմ է իրավիճակը` անտառահատումը, թե՞ հատողներին տրված է իրավունք` հատել և յուրացնել փայտանյութը` ըստ ճաշակի և ըստ քանակի: Բնապահպանության նախարարությունից Սևանի հարցերը կորդինացնում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, որը հայտնեց, թե անտառահատումն իրականացնողն ու վերահսկողը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն է: Ազգային Պարկը կնքում է պայմանագրեր, համաձայն որոնց՝ անտառային զանգվածը թողնվում է հատում իրականացնողներին, որոնք, ըստ պրն. Ավալյանի, բյուջեից փող չեն ուզում իրենց կատարած աշխատանքի համար (ինչպես տեսնում ենք, թանկարժեք փայտանյութի տերերը բավական համեստ են և բավարարվել են միայն փայտանյութի վաճառքով), փոխարենը վճարում են բնավճար կոչվածը, որից հետո տնօրինում անտառանյութն իրենց հայեցողությամբ:
Մեր տեղեկությունները հաստատվեցին. սա «Սևան Ազգային Պարկի» տնօրեն Աշոտ Գնդոյանի բիզնեսն է, իհարկե, անհնար է ասել, թե ովքեր են փայ պարոն Գնդոյանի հետ, ամեն դեպքում տերուտնօրենն այստեղ ոստիկանության ակադեմիայի նախկին պետ Գնդոյանն է, որն ազգային պարկը հասցրել է կործանման, բայց դեռ շարունակում է բարեհաջող գործունեություն ծավալել` հայտարարելով, թե իր դեմ խաղ չկա, Սերժը իր ընկերն է… (նման հայտարարության հիմքը իբրև թե Գնդոյանի դստեր` նախագահականում աշխատելն է):
Այստեղ իսկապես մեծ փողեր են պտտվում. հատված փայտը տեսակավորվում է, մի մասը որակավորվում է որպես վառելափայտ, մի մասը` շինանյութ: Մեծ փողերի մի մասը գոյանում է որակյալ շինանյութը վառելափայտի տեղ դուրս գրելով: Եվ ուրեմն, միանշանակ կարելի է ասել, որ անտառահատման գործում «Սևան ազգային պարկի» տնօրինությունը շահում է:
Կառավարությունը գնեց ֆիննական տեխնիկան, սակայն դա ընդամենը գալոչկա դնելու համար էր, քանի որ մեկ մեքենայով անհնար էր գործ անել: Տարվա սկզբին հայտարարվեց տենդեր, որում հաղթեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի «զեմլյակ», եղվարդցի Բաղդասար Մեսրոպյանն իր շատ տարօրինակ անվամբ` «Նաիրի բերրիություն» ՍՊԸ-ով: Բայց սա երևի թե այն եզակի տենդերն էր Հայաստանում, որտեղ զեմլյակը զեմլյակին, կարելի է ասել, քցել է, թեև արդարության համար հարկ է ասել, որ նախարարն այս հարցում այդքան էլ մեղավոր չէ:
Մեսրոպյանը շահելով տենդերը` իրականացնում է մաքրման աշխատանքներ` ունենալով համապատասխան տեխնիկա: ՍՊԸ տնօրենի ասելով՝ իրենց կազմակերպությունն այսօր միակն է հանրապետությունում, որ ի զորու է նման աշխատանքներ իրականացնել. ֆիննական մեքենան ոչինչ անել չէր կարող, եթե չլինեին կատերպիլար CAT 325 -ը`280 հազար դոլար արժեքով, ճահճագնաց տեխնիկան` CAT 428 E անիվավորները` յուրաքանչյուրը՝ 100-120 հազար դոլար և այլն: Մեսրոպյանն անգամ պաշտպանության նախարարությունից է ПТСМ մակնիշի արդեն դուրս գրված տեխնիկա վերցրել, կապիտալ նորոգել, որն այսօր օգտագործվում է ծառերը ջրից դուրս բերելու համար. չլիներ այն ասում են, անհնար կլիներ այդքան գործ գլուխ բերել:
«Նաիրի բերրիությունը» շահում է տենդերը և հայտնվում փաստի առաջ: Տենդերով նախատեսվում էր մաքրել 315 հա տարածք` 1 հա-ն 370 հազար դրամի դիմաց` առանց ԱԱՀ-ի: Տաժանակիր աշխատանքը, որտեղ աշխատում են երկու հերթափոխով, առավոտյան ութից մինչև երեկոյան տասը-տասնմեկը, չի արդարացնում իրեն: Ջրի տակ հայտնված անտառը` մաքրման հատվածը, բավական մեծ է, որքան ջրի խորությունը մեծանում է (տեղ-տեղ այն հասնում է 5 մ), այնքան աշխատանքի արդյունավետությունն ընկնում, վառելքի ծախսը` մեծանում է: Հաշվարկներն արվել էին այն ժամանակ, երբ դիզվառելիքը 380 դրամ էր, հիմա դիզվառելիքը 430 դրամ է:
Սկզբում նաև անփորձության պատճառով մեքենաները բավական հաճախակի ընկղմվել են ջրի մեջ: Ծախսեր են պահանջվել նաև դրանք ջրից դուրս բերելու, շարքից դուրս եկածները վերանորոգելու համար:
Բաղդասար Մեսրոպյանը, ճիշտ է, մի քիչ ուշ, բայց հասկանալով, թե ինչ պատասխանատվության տակ է ընկել և ինչ վնասներ է կրում, դիմում է նախարարություն` մոնիթորինգ իրականացնելու, քանի որ աշխատանքի ծավալները չէին համապատասխանում կառավարության տենդերի մեջ հաշվարկված գումարներին: Մոնիթորինգի արդյունքում հաստատվում են Մեսրոպյանի ասածների իրավացիությանը, սակայն ընդամենը կարողանում են աշխատանքի ծավալը կրճատել` 315 հա-ի փոխարեն թողնելով 301 հա, ընդհանուր գումարը մնում է նույնը` 125 մլն դրամ: «Էս տարի կանեմ, ոչինչ, կտուժեմ, բայց մինչև վերջ իմ թասիբի համար կանեմ, բայց մյուս տարի, եթե հա-ի համար 1 մլն 200 հազար չտան, էլ չեմ անի: Սենց գործ մենակ ես կարամ անեմ, էս տեխնիկան մենակ ես ունեմ»,- ասում է Բաղդասար Մեսրոպյանը:
Մեր հարցմանն ի պատասխան պարզվեց, որ նախարարությունում տեղյակ են թերհաշվարկների մասին, սակայն հաջորդ տարի կառավարությունը պատրաստ չէ ավելի վճարել, ավելին, իրենք էլ չգիտեին. «Նոյեմբերից նոր պարզ կդառնա»,- ասացին: Ի դեպ, անտառի որոշ հատվածի մաքրումը տրված է նաև այս ՍՊԸ-ին, սակայն Մեսրոպյանը շառից — փորձանքց հեռու նախընտրել է անտառահատման այդ հատվածի գործը ևս հանձնել «Սևան ազգային պարկին»` հատված զանգվածի համար ընկերության հաշվեհամարին փող փոխանցելու պայմանով:
Այս պահին Փամբակի ու Նորատուսի հատվածում մեծ քանակի դալար ծառեր են հատվում. հատվում են անխնա: Նախատեսված է անտառահատում մինչև 1,5 նիշը, սակայն ոչ մի երաշխիք ու նորմեր, ավելին, վերահսկողություն չկա, որ դրանից ավելին չեն կատարվում հատումները:
Պետական կառավարման անկատար հիմնաքարի վրա կառուցված բուրգը հիմնականում փլվում է կադրերի հետ սիրողական մակարդակով վարվելու պարագայում: Սա արդեն կադրերին չգնահատելու, սեփական ռեսուրսները ճիշտ չհաշվարկելու և գործի նկատմամբ անհրաժեշտ աչալրջություն չցուցաբերելու հարց է, ինչը առավել վատ է, երբ կատարվում է պետական ամենաբարձր մակարդակով:
Որ պաշտոնը հավիտենական չէ, բոլորը գիտեն: Որ պաշտոնը կարող է նաև փորձանք դառնալ պաշտոնյայի գլխին, և անգամ կարճատև պաշտոնավարումը կարող է ճակատագրական լինել, երևի թե այս դեպքի համար են ասել:
Ըստ մեր տեղեկությունների, Սննդամթերքի անվտանգության ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանին դժբախտություն է պատահել` պաշտոնազրկումից հետո նա տեղափոխվել է Ավանի հոգեբուժարան:
Սա, իհարկե, որևէ կերպ ճշտել հնարավոր չէ, հաշվառումը հոգեբուժարանում, ինչպես նաև այս հաստատության հետ կապված ամեն բան գաղտնի է պահվում: Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ լուրը հավաստի է:
Այստեղ բնական հարց է ծագում` պատճառը պաշտոնը կորցնե՞լն էր, թե՞ Գրիգորյանը նաև նախկինում է ունեցել նման խնդիրներ: Նրան ճանաչողներն ասում են, թե շփումների ժամանակ Գրիգորյանի պահվածքից զգացվել է, որ նյարդերի հետ կապված խնդիրներ ունի: Հայտնի է, որ նա ժամանակին զորակոչվել է բանակ, բայց հետո ինչ-ինչ պատճառներով ազատվել է զինվորական ծառայությունից:
Որ Գրիգորյանն ի վիճակի չէր կրելու իր ուսերին դրված պատասխանատվության ծանր բեռը, պարզ էր դեռ առաջին օրից: Նա ավարտել է նախկին «Զովետ» ինստիտուտը, բայց բոլոր նրան ճանաչողները լավ գիտեին, թե ինչպես է եղել այդ մի կերպ ավարտելը: Արդյունքում`գաղափար անգամ չուներ այն ոլորտից, որի ղեկավար էր նշանակվել: Հետևանքը` երեք ամիս անց խայտառակ պաշտոնազրկումն էր: Հետևանքը` երիտասարդ պաշտոնյայի հոգեբուժարանում հայտնվելն էր:
Ի՞նչ հետևություն կարելի է անել այս ամենից: Եվ ընդհանրապես, ովքե՞ր են մեղավոր այս ողբերգության համար (որ ցանկացած մարդու հոգեբուժարանում հայտնվելը ողբերգություն է, կարծում եմ, կասկածից վեր է): Ըստ էության, անկախ ամեն ինչից, անկախ թույլ տված սխալներից, Գրիգոր Գրիգորյանն ընդամենը զոհ էր` ոչ ավելին. երիտասարդ, հավակնոտ, բարետես անձնավորությունը պարզապես դարձավ հանգամանքների զոհ, զոհը այն մարդկանց, ովքեր, անհասկանալի է, թե ինչ հաշվարկով, պատահական մեկին նշանակեցին բարձր պաշտոնի` առանց մտահոգվելու հետևանքների մասին:
Ուկրաինական ձվի ներկրման շրջանակներում կատարվող հանցագործության բացահայտումից հետո հետաքրքիր մանրամասներ ենք պարզել:
Արդեն տեղեկացրել էինք, որ ապրիլ-մայիս ամիսներին Ուկրաինայից Հայաստան էր ներմուծվել 8 140 320 հատ ձու, իսկ արդեն հունիսին` 1 200 000 հատ: Վերջին տեղեկությունը օրերս բերված 1 միլիոն 520 հազար հատ ձվին էր վերաբերում: Հայտնի էին նաև ներմուծող կազմակերպությունները: Դրանք հիմնականում ձվարտադրությամբ զբաղվող տեղական ընկերություններն են` «Լուսակերտ», ԵԹՖ և էլի մեկ-երկու փոքր ընկերություններ:
Մենք վարկած էինք առաջ քաշել, որ նման հսկայական քանակությամբ ներկրված ձուն չէր կարող ուղղակի մանրածախ վաճառքի միջոցով սպառվել: Այսինքն, այդ քանակի ձվի սպառումը կարող էր իրականացվել միայն մեծածախ մատակարարների ջանքերով` խմորեղենի արտադրությամբ զբաղվող արտադրամասերը, և որպես ամենալուրջ մատակարար առանձնացրել էինք բանակը:
Մեր հարցմանն ի պատասխան պաշտպանության նախարարությունից հետաքրքիր պարզաբանում ստացանք` առավել քան հետաքրքիր բացահայտումներով:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը հավի ձու չի ներմուծում, ձուն ձեռք է բերվում մատակարարների միջոցով` համաձայն կնքված պայմանագրերի: Մատակարարված քանակը կապված է անձնակազմի թվաքանակի հետ, որը պետական գաղտնիք պարունակող տեղեկություն է, ուստի, համաձայն «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի», հրապարակման ենթակա չէ»,- ասված էր պատասխանի սկզբում:
Հարցման մեջ ներմուծման մասին խոսք չկար, հարցն ընդամենը վերաբերել էր մատակարարմանը: Բայց ՊՆ-ից հարկ էին համարել միանգամից ժխտել, թե իրենք որևէ կապ ունեն ներմուծման հետ: Սովորական վրիպա՞կ էր, թե՞ լեզվի սայթաքում: Իսկ որ բանակի մատակարարները միայն հայտնի մարդիկ են, և բանակի հետ մատակարարման պայմանագիր հաջողացնելը ամեն ոք չի կարող գլուխ բերել, անգամ քննարկման ենթակա չէ:
«2011 թ. ապրիլ ամսվա խմբաքանակի ձեռքբերման պայմանագիրը կնքվել է «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ի հետ, 2011 թ. մայիս-հունիս ամիսների խմբաքանակի ձեռքբերման պայմանագիրը` «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի հետ»: «Արաքսը» և ԵԹՖ-ն պատկանում են նույն ընկերությանը, ասել է թե` ներմուծող կազմակերպությունը նաև մատակարար է: Ընկերությունը պատկանում է X գրուպ-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանին` Ջրաշխարհի Խաչիկին:
Հիմա հարցի մյուս` ոչ պակաս ցավոտ կողմը. ՊՆ—ն կարող էր տեղական արտադրության ձու գնել, խթանելով հայրենի արտադրողին` որպես մշտական սպառող, կայուն աշխատուժ և շուկա ապահովել երկրի համար: Սակայն, մայիս-հունիս ամիսներին ՊՆ-ն ձու է գնում «Արաքս»-ից` այն նույն ընկերությունից, որն այդ ամիսներին մեծ քանակությամբ ձու է ներկրում Ուկրաինայից: Եվ այսպես, ՊՆ-ն հաստատում է մեր վարկածը. ուկրաինական ժամկետանց ձուն (սառնարանային պայմաններից դուրս գալուց հետո այդ ձուն իր պիտանելիությունը պահպանում է ընդամենը 5 օր) սպառվել է նաև բանակի կողմից:
Ամենահետաքրքիրը, սակայն, ի պատասխան մեր հարցման տրամադրված բանակ մատակարարվող ձվի գներն էին. դրանց ծանոթացող յուրաքանչյուր ոք կարող է միանգամից նկատել, որ ՀՀ ՊՆ-ն զուրկ է մատակարարմամբ զբաղվող մասնագետներից, մեր բանակը չի տիրապետում տնտեսվարման գործին: Այսպես, պատասխանի մեջ կարդում ենք.
«Կնքված պայմանագրերով մեկ ձվի համար սահմանվել է հետևյալ արժեքը.
2011 թ. ապրիլ ամսվա խմբաքանակ`
-30-ական ձվաբնիկներով — 1 հատը 43 դրամ,
-6-ական ձվաբնիկներով — 1 հատը 47 դրամ,
2011թ. մայիս-հունիս ամիսների խմբաքանակ`
-30-ական ձվաբնիկներով — 1 հատը 47 դրամ,
-6-ական ձվաբնիկներով — 1 հատը 50 դրամ»:
Բանակը մեծածախ սպառող է, իսկ բիզնեսով զբաղվող յուրաքանչյուր ոք` անգամ սովորական անհատ ձեռներեցը, կարող է բացատրել, որ առևտրի մեջ մանրածախ գին և մեծածախ գին հասկացություններ կան: ՊՆ-ում, ինչպես տեսնում ենք փաստաթղթից, սրա մասին գաղափար անգամ չունեն: Կարելի է ենթադրել, թե ՊՆ-ում «հարիֆներ» են նստած, որոնց հնարավոր է խաբել և թանկ ապրանք վաճառել: Այդպես, մեր բանակ ձու է մատակարարվում այն նույն գնով, ինչ գնով` տրվում է խանութներին (45 դրամով):
Եվ որ ավելի հետաքրքիր է, շոգերն ընկնելու հետ ձվի գինն այդտեղ բարձրացել է, և Ջրաշխարհի Խաչիկին հաջողվել է է´լ ավելի «հարիֆացնել» մեր բանակային ջոջերին և նրանց վրա «նաղդել» իր ներկրած, ժամկետանց, այսինքն` մեր զինվորների առողջությանը սպառնացող ձվի հսկայական քանակություն: Սա բանակում կատարվող հերթական խայտառակությունն է, որին հարկ է, որ լրջությամբ վերաբերվեն համապատասխան մարմինները: Լուրջ վերաբերմունքի պարագայում պարզից էլ պարզ կդառնա, որ ՊՆ-ում ոչ մի «հարիֆ» էլ չկա, փողեր է, որ լվանում են, ինչի ամենավառ վկայությունը (վերը բերված աղյուսակում)` «6-ական ձվաբնիկներով» ձու գնելն է. նույնիսկ 3 հոգանոց ընտանիքը 6-ական ձվաբնիկներով ձու չի գնում, գնում է գոնե 12-ական ձվաբնիկներով: Բայց արի ու տես, որ տասնյակ հազարանոց մեր բանակին, չգիտես ինչու, մատակարարում են հենց 6-ական ձվաբնիկներով ձու, որն, ինչպես վերևում ենք տեսնում, ավելի թանկ արժե` ամբողջ 50 դրամ:
Եվ վերջապես` ամենակարևորը մեր զինվորների առողջությունն է: Ինչու՞ է 31 դրամ ինքնարժեք ունեցող ուկրաինական ձուն 50 դրամով մատակարարվում բանակին (հաշվարկները մենք կատարել էինք նախորդ հրապարակման մեջ (http://www.armversion.am/2011/07/16/%D5%B0%D5%A1%D5%B6%D6%81%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B8%D6%82%D5%AF%D6%80%D5%A1%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B1%D5%BE%D5%AB-%D5%B6%D5%A5-4/)` դրսում հավի կերի մեկ տոննան արժե 230 դոլար, մեզ մոտ` 450, դրանից ելնելով` ձվի ինքնարժեքը կազմում է 20 դրամ, 11 դրամ կազմում է ճանապարհածախսը, մինչդեռ մեզ մոտ` 46 դրամ է), այդ ապրանքն արդեն իսկ վտանգավոր է: ՊՆ-ում գոնե մի քիչ մտահոգվու՞մ են իրենց զինվորների առողջությամբ, թե՞ նրանց ուտել են տալիս այն ամենը, ինչ որ ճարպիկ բիզնեսմեններին հաջողվում է կապել բանակի գլխին:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից սրա մասին ևս հավաստիացում եղավ. «Մատակարարվող յուրաքանչյուր սննդատեսակ, մինչև պարենային բազաներ մուտքագրելը և անձնակազմին հատկացնելը, ենթարկվում է լաբորատոր փորձաքննությունների և միայն դրական պատասխանի դեպքում համապատասխան հանձնաժողովի կողմից ընդունվում է անձնակազմին հատկացնելու համար: Համաձայն հաստատված տեխնիկական բնութագրի` հավի ձուն պետք է համապատասխանի ՀՍՏ 182-99-ին»:
Փաստորեն, ՊՆ-ն ունի իր լաբորատորիան, որտեղ ստուգում է և որի միջոցով «ապահովագրում է» իր մատակարարներին: Ի պատասխան մեր հարցման, թե արդյո՞ք կա վերահսկողություն բանակ մտնող լաբորատոր քննություն ձեր կառույցի կողմից, Սննդամթերքի անվտանգության ծառայությունից մեզ սկզբում հայտնեցին, թե իրենք ստուգում են միայն ընկերություններին, որոնք, ենթադրենք, ձու ունեն: Բայց այդ դեպքում ընկերություններն ի պատասխան ծառայության հարցման, թե ինչ է լինելու ձվի քանակության հետ, կարող են հայտնել, թե` ենթադրենք, բանակին են տալու կամ կարող են պարզապես թաքցնել այդ փաստը: Այսինքն` բանակը կարող էր ձու ստանալ, որը չէր ֆիքսվի այս ծառայության կողմից:
«Դե, իրենց արտադրանքի որակով շահագրգիռ են նախ ընկերությունները, որոնք ունեն լաբորատորիաներ, որտեղ էլ ստուգում են` այդպիսիք ունեն նույն ԵԹՖ-ն, Արաքսը, Լուսակերտը»,- հայտնեց Սննդամթերքի անվտանգության ծառայության տարածքային մարմինները համակարգող վարության պետ Արմեն Գևորգյանը:
Զարմանալի է, բայց բանակի ունեցած լաբորատորիայի մասին Գևորգյանը չգիտեր, սակայն մեր խոսակցությունից բառացիորեն մեկ րոպե հետո զանգահարեց և հայտնեց, թե` այո´, ՊՆ-ն ունի շատ լավ լաբորատորիա, որտեղ իրենք ստուգում են, և եթե խնդիրներ են լինում, անմիջապես ահազանգում են (դատելով զրուցակցիս տեղեկացվածության աստիճանից` հասկացա, որ երբևէ ահազանգով չեն դիմել իրենց):
Ինչու է ՊՆ-ն պահում հավելյալ լաբորատորիա, եթե դրա համար նույն պետական բյուջեի միջոցներով պահվում է մի հսկայական ծառայություն` Սննդամթերքի անվտանգության ծառայությունը: Ինչո՞ւ են վարչապետի քթի տակ հսկայական գումարներ փոշիացվում, ինչո՞ւ են վտանգում մեր երեխաների առողջությունը, ինչու՞ են խփում տեղական արտադրողի գրպանին, նրան հիասթափեցնում. այս ինչուները կարելի է երկար թվարկել:
Եվ այս ամենը դեռ ոչ այդքան խորը ուսումնասիրության և ընդամենը մեկ տեսակի սննդամթերքի առնչությամբ, այն էլ բանակի` որպես ռազմավարական կառույց գաղտնության առկայության դեպքում: Դժվար է երևակայել, թե ինչեր կարելի է բացահայտել… ցանկության դեպքում:
Այսօր դատախազության մուտքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել «Շանթ+» ընկերության առնվազն 30 աշխատակիցներ: Նրանք պահանջում էին ազատ արձակել «Շանթ+» ընկերության գլխավոր հաշվապահ Լիանա Մարտիրոսյանին: Նրանք մեզ ներկայացրեցին փաստաթղթեր, ըստ որոնց` Մարտիրոսյանի ձերբակալության պատճառն ընդամենը հարցաքննության չներկայանալն էր, որը չգիտես ինչու քննիչը որոշել էր անցկացնել իբր աշխատանքային համարվող շաբաթ օրով:
Ըստ ցուցարարների` Լիանա Մարտիրոսյանը 2011թ. հուլիսի 9-ին, ժամը 10:30-ին հրավիրվում է հարցաքննության, սակայն չի ներկայանում, քանի որ պարզապես անտեղյակ է լինում. ծանուցագիրն ուղարկվել էր փոստի միջոցով և տեղ էր հասել հուլիսի 11-ին: Հենց նույն օրն էլ Մարտիրոսյանը կատարվածի մասին տեղյակ է պահում ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության բաժնի պետի տեղակալ Խ. Հայրապետյանին` միաժամանակ ներկայացնելով նաև «Հայփոստ» ընկերության տեղեկանքն առ այն, որ ծանուցագիրն իսկապես ուշ է հասել իրեն:
Սակայն հուլիսի 12-ին «Անձի ձերբակալման մասին» փաստաթղթի մեջ կարդում ենք. «Քանի որ մեղադրյալ Լիանա Մարտիրոսյանը խախտել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի` չհեռանալու մասին ստորագրության պայմանները, քրեական գործի քննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 11.07.2011թ. ցուցում է տրվել Լիանա Մարտիրոսյանին ձերբակալելու մասին»: Դատարանը, հաշվի չառնելով հարցաքննության չներկայանալու օբյեկտիվ պատճառները, դրանք հաստատող փաստաթղթերը, կայացնում է ձերբակալման որոշում:
Ընկերության իրավաբան Բագրատ Վարդանյանը պատմում է. «Լիանա Մարտիրոսյանը «Շանթ+» ընկերության գլխավոր հաշվապահն է: 2 տարի առաջ Վարշամ Ղարիբյանի բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ, և այդ քրեական գործի շրջանակներում Լիանա Մարտիրոսյանը այս ամսվա 14-ին ձերբակալվել է: Ես ուղղակի ուզում եմ նախապատմությունը ներկայացնել, թե ինչի հետ է կապված ձերբակալումը: «Շանթ+» ընկերությունը հիմնադրվել է Մանվել Ղարիբյանի կողմից, որի 70% բաժնեմասը պատկանում է նրան, իսկ 30%-ը նրա որդուն` Արամ Ղարիբյանին: 2008 թ. Մանվել և Վարշամ Ղարիբյանների հարաբերությունները լարվեցին, իսկ մինչ այդ ընկերությունը գործունեություն էր իրականացնում Վարշամ Ղարիբյանի սեփականություն հանդիսացող տարածքում, որը վարձակալվել էր ընկերությունից: Դրանից հետո խոչընդոտվեց ընկերության գործունեությունը Վարշամ Ղարիբյանի կողմից, արգելվեց աշխատողների մուտքը: Մենք անգամ գրություն ունենք ոստիկանությունից: Ոստիկանությունն է մեզ առաջարկել մուտք չգործել տարածք` անախորժությունից խուսափելու համար: Եվ օգտվելով այդ հանգամանքից` Վարշամ Ղարիբյանը դիմում ներկայացրեց, որի հետ կապված էլ հարուցվեց քրեական գործ: Այդ քրեական գործը հետապնդում է տնտեսական նպատակ: Այստեղ գլխավոր դատախազը ուներ տնտեսական շահ, ինչի պատճառով էլ չի կատարվում օբյեկտիվ բազմակողմանի քննություն. արդյունքում կատարվող հետաքննությունները, խուզարկությունները, ձերբակալումները մի նպատակ են ծառայում` ճնշում գործադրել Մանվել Ղարիբյանի վրա: Մենք այսօր մեր բողոքն ենք ներկայացնում դրա վերաբերյալ»:
«Ուրիշ ոչինչ չենք ուզում` միայն արդարություն: Մենք անգամ պատրաստ ենք հացադուլի: Անունով անկախ Հայաստան ա, բայց ամեն ինչը անօրինական ա: Մենք պահանջում ենք մեր գործընկերուհուն»,-բղավում էին հավաքվածները, իսկ Հասմիկ Խաչատրյանը ավելացրեց, որ դատախազությունից ոչ ոք չմոտեցավ անգամ հարցնելու, թե ինչի համար են հավաքվել, միանգամից ասացին` տարածքը ազատեք:
Ի դեպ, ցուցարարները հավաքվել էին դատախազության դիմաց` ոչ այնքան վերահսկող կառույցից պատասխանի ակնկալիքով (նրանք վաղուց են արդարադատության այս մարմնի նկատմամբ կորցրել վստահությունը), որքան հանդիպելու այդ պահին դատախազության շենքում գտնվող ԵԽԽՎ հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերին:
Սակայն որքան մեծ եղավ ցուցարարների զարմանքն ու հիասթափությունը, երբ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եվրոպաշտոնյան, դատախազության շենքից դուրս գալով ու տեսնելով ակցիայի մասնակիցներին, բառացիորեն ճողոպրեց նրանցից այնքան արագ, որ շվարած մարդիկ չկարողացան հասնել հետևից:
«Մոսկվա» կինոթատրոնի տոմսարկղում` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի տոմս գնելիս կարելի էր հաճախ լսել. « Դե, առանց թարգմանության կինոներ են»: Նման պատասխան լսողները հիմնականում հեռանում էին` հասկանալով, որ իմաստ չունի «համր» ֆիլմ դիտել:
Համառներին դահլիճում անակնկալ էր սպասում` ֆիլմը թարգմանված էր, ընդ որում` հայերեն և անգլերեն: Ֆիլմը, որ ցանկանում էի դիտել, գերմանական արտադրության էր: Թե ինչով էր պայմանավորված տոմսարկղի աշխատակիցների նման վերաբերմունքը, գուշակել անհնար է:
«Ինքնասպանների ակումբը» վատ ֆիլմ չէր, ինչը անկարելի էր ասել շաբաթ օրը ցուցադրված «Երկյուղներ» ֆիլմի մասին: Նման խայտառակ ցուցադրությամբ եզակի կինոփառատոններ կարող են «գլուխ գովել»:
Նախ, թարգմանությունը դրված էր այնպես, ինչպես սղագրվել էր` խայտառակ տառասխալներով: Հաջորդն արդեն ֆիլմի ընդհատումներն էին: Ֆիլմն ընդհատվեց մի քանի անգամ: Առաջին ընդհատումից մի 10 րոպե հետո էկրանը սկսեց կենդանանալ. հասկացվեց, որ դիսկն էին փորձում կարգի բերել, հետո արդեն ֆիլմը դրեցին հենց սկզբից ու սկսեցին դանդաղ, շատ դանդաղ առաջ տալ, ինչպես դա արվում է տանը DVD-ով ֆիլմ դիտելիս, միայն թե` ավելի վատ ու ավելի դանդաղ: Երկրորդ անգամ առաջ տալիս ֆիլմը վերսկսվեց մի քանի րոպե առաջ անցած տեղից, ինչի պատճառով որոշ տեսարաններ դուրս մնացին կինոդիտողի համար: Երրորդ անգամ ավելի անհաջող էր, առաջ տվեցին առնվազն 10 րոպե ավելի:
Ֆիլմի ավարտը թեթևություն բերեց. Հազիվ ավարտվեց տանջանքը` մազոխիզմի հակվածներս մինչև վերջ դիմացանք, գուցե ինչ-որ լավ վերջաբանի ակնկալիքով, սակայն` իզուր:
Արդարացի լինելու համար ասեմ, որ փառատոնի ժամանակ միայն վատ ֆիլմեր չէին ցուցադրվել, պարզապես լավ ֆիլմերը, ինչպես պարզվեց, ընտրյալների համար էին` «պլեբսը» կարող էր սրանով էլ յոլա գնալ: «Ինչքան լավ կինո կա, դրել են հրավիրատոմսերով, մենակ իրանք են նայում` իրանց էրեխեքի հետ… Էս ոսկե ծիրան չի է՛, չեչոտ ծիրան ա»,- հասավ ականջիս:
Ծիրանի «չեչոտության» մասին խոսում էին նաև փառատոնի մասնակիցները: «Ոսկե ծիրանի» առաքելությունը աշխարհի տարբեր երկրներից կինոաշխարհի մարդկանց Հայաստան բերելն ու դրա շնորհիվ հայ կինոգործիչների հետ ծանոթացնելն է, ինչը առիթ կդառնար մերոնց համար ֆիլմ նկարելու հնարավորություն գտնել, որը կարծես մնում է անկատար: Կինոփառատոնի հնարավորությունից օգտվում են միայն հայ կինոյի մաֆիոզները. հենց որ փողի երակ է նշմարվում, միանգամից «շնաձկներն» անցնում են գործի, սկսում իրար հոշոտել` ֆինանսավորումն իրենցով անելու համար, ինչը երբեմն պատճառ է դառնում, որ փող տվողը հիասթափվի ու ձեռ քաշի իր մտադրությունից:
Մեկ այլ տարբերակի դեպքում խանգարողը մշակույթի նախարարությունն է. ռեժիսորներից մեկը ֆինանսավորում էր հայթայթել, հայկական կողմից պահանջվում էր ընդամենը խորհրդանշական մասնակցություն, սակայն ռեժիսորին մշակույթի նախարարությունից հասկացնում են, որ Հասմիկ Պողոսյանն իր փայ ատկատն է ուզում, ինչը բարկացրել էր ռեժիսորին, որը, չցանկանալով խաղալ տիկին նախարարի սահմանած խաղի կանոններով, ընդհանրապես հրաժարվել էր այդ պրոյեկտից:
Իսկ թե դեռ ինչքան ժամանակ կարող է չեչոտ ծիրանը ոսկու տեղ հրամցվել, հայտնի չէ…
Այսօր Ուկրաինայից ձվի հերթական խմբաքանակն է ներկրվել Հայաստան: Մեր ունեցած տեղեկություններով չորս մեքենա, որից յուրաքանչյուրում 800 արկղ. Այսինքն 1 միլիոն 520 հազար հատ ձու, որի պիտանելիության ժամկետին, հաշված ճանապարհն ու մյուս նրբությունները, մնացել է ընդամենը 5 օր:
Համաձայն Սննդամթերքի անվտանգության ծառայության տվյալների, միայն ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանը Ուկրաինայից ներկրել է 8 140 320 հատ ձու: Հավի ձվի ներկմամբ զբաղվողները հիմնականում տեղի թռչնաֆաբիկաներն են` «Լուսակերտ», ԵԹՖ և էլի մեկ երկուսը: Հունիս ամսին արդեն իսկ ներկրվել է 1 200 000 հատ ձու: Ինչու՞ է Հայաստանն այս քանակությամբ ձու ներկրում և ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում:
Նախ հարց է ծագում` ինչու է ձեռնտու ձու ներմուծելը և ինչ է հետևում դրան. դրսում հավի կերի մեկ տոննան արժե 230 դոլար, մեզ մոտ` 450, դրանից ելնելով ձվի ինքնարժեքը կազմում է 20 դրամ, 11 դրամ կազմում է ճանապարհածախսը, մինչդեռ մեզ մոտ այն 46 դրամ է: ինչը խոշոր թռչնաֆաբրիկաների համար ձու ներկրելը դարձնում է ձեռնտու: Մյուս` ավելի փոքր ֆաբրիկաները ստիպված մորթում են իրենց հավերին, գլխաքանակը նվազեցնելու համար` շուկան պահանջարկ չունի: Ձմռանն արդեն ձուն դառնում է դեֆիցիտ, (ինչպես անցած տարի`նոր տարվա շեմին) քանի որ անհրաժեշտ գլխաքանակ տեղական արտադրողն արդեն չի ունենում:
Հայաստան ձուն հասնում է մեկ, մեկուկես ամսվա ընթացքում: Այս սննդամթերքը բնականաբար, տեղափոխվում է սառնարանային պայմաններում, որից հետո ոչ սառնարանային պայմաններում ձուն կարելի է պահել ընդամենը 5 օր: Եթե ձուն չեն սառեցնում, ապա այն հնարավոր է պահել ամիս ու կես: Այս մասին մեզ ասացին սննդի անվտանգության տեսչությունից: Հաշվի առնելով ձվի պահպանման կարգը, այն խախտելու դեպքում նրա վտանգավորության գործոնը դառնում է անժխտելի: Այժմ տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստան ներկրված այս հսկայական չափաքանակի հետ:
Խանութներում ուկրաինական ձու` որպես այդպիսին, անհնար է գտնել. այնտեղ վաճառվում է միայն տեղական արտադրության ձու: Համենայնդեպս, այդպես է առերևույթ: Ու՞ր է անհետանում ձվի նման խմբաքանակը: Պարզվում է, ամեն ինչ ավելի քան պարզ է. ներկրող վերոհիշյալ ընկերությունները պարզապես իրենց մակնշումն են կատարում ուկրաինական ձվի վրա, այսպես ասած, ուկրաինական ձուն «կնքում» և դարձնում հայկական, ու մատակարարում բանից անտեղյակ խանութներին: Արդյո՞ք ընդունող խանութները իսկապես անտեղյակ են իրենց հաճախորդների նկատմամբ կատարվող անբարոյական քայլից, այլ խնդիր է: Բայց շատ դեպքերում, մեր ունեցած տվյալներով, խանութպաններն կարող են անտեղյակ լինել, քանի որ տուփերում ուկրաինական ու հայկական ձվերը առաքվում են մեկումեջ դասավորությամբ: Սակայն սրանով ևս հարցն ամբողջությամբ չի լուծվում:
Ամռան ամիսներին մի քանի ընկերություններ միաժամանակ ներկրում են այն քանակի ձու, որ հայ սպառողը նախանշված ժամկետում չի կարող ամբողջությամբ սպառել: Մեկ միլիոն հատ ձու սպառելու համար կպահանջվի 5 օրից շատ ավելի ժամանակահատված, այսինքն` միանշանակ կարելի է ֆիքսել, որ անկախ վրան եղած մակնշումից, ուկրաինական ձուն սպառողին է հասնում արդեն իսկ պիտանելիության ժամկետը խախտված վիճակում:
Ինչ է ստացվում. Շարքային քաղաքացին ձվի տուփի մեջ հայտնաբերելով մի քանի նեխած ձու, դրանք ուղղակի դեն կնետի,սակայն սա հարցի լուծում չէ, մեկ — երկու կարող է խնդիրներ առաջանալ. Ուրեմն ինչ անել .ներմուծված ձվի պահեստներում մնացած մասը, որոնք կորցել են իրենց որակական հատկանիշները կարող են տրամադրվել խմորեղենի արտադրությամբ զբաղվողներին: Այս հարցում թիվ մեկ խոշոր սպառող է համարվում Պաշտպանության նախարարությունը:
Ի դեպ սննդի անվտանգության տեսչությունից հայտնեցին, որ այո, ներկրված ձուն համեմատաբար էժան գներով տրամադրվում է բանակին:
Մինչ վերջին ներկրումը Երևանում ուկրաինական ձուն պահվել է «Ձյունիկ» ընկերության սառնարաններում: Մեր հարցմանն ի պատասխան, այստեղից հայտնեցին, որ 10 օր առաջ հանել են եղած խմբաքանակը և առանց մակնշման տարել անհայտ ուղղությամբ: «Լուսակերտ» ՓԲԸ-ից տեղեկացանք, որ այնտեղ դեռ 40 արկղ նման ձու կա:
Ուկրաինական ձուն սև կնիքով է մակնշված: Սննդամթերքի անվտանգության տեսչությունը` ելնելով մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների ստուգումն արգելող կառավարության` այս տարվա հունվարին ընդունած որոշումից, ի զորու չէ ստուգումների միջոցով կանխելու անորակ ձվի հոսքը շուկա, ազդելու ուկրաինական ձվերով հայկական շուկան ողողելու և սեփական մակնշման միջոցով սպառողին խաբելու` որոշ ընկերությունների կողմից կատարվող հանցագործության վրա: Տեղական ձվի ինքնարժեքը, որով այն հանձնվում է խանութներին, 46 դրամ է, խանութը ձուն վաճառում է 55 դրամով: Բնական է, որ ներկրման հիմնական պատճառը ներկրվող ուկրաինական ձվի շատ ցածր գինն է: Ըստ մեր տեղեկությունների, տեղական ձվի գինը կարող էր ավելի ցածր լինել, եթե տեղական արտադրողին հնարավորություն տային տնօրինել շուկան, որի արտադրանքը լիուլի բավարար է մեր բնակչության պահանջարկին: Իսկ այսօր տեղական ձուն իրացման հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
Արդյո՞ք Հայաստանն անկարող է սեփական բնակչության կարիքները հոգալ սեփական արտադրողների միջոցով, հատկապես, երբ երկրի վարչապետն առիթը բաց չի թողնում կրկնելու, թե իր կառավարության նպատակը տեղական արտադրողներին խթանելն է: Ինչպես տեսնում ենք, հերթական անգամ «խթանումը» խսիտ յուրահատուկ ձևով է կազմակերպվում և հերթական անգամ գերշահույթներ ապահովելու մոլուցքը մեր որոշ տնտեսվարողների դրդել է անտեսել կառավարության ղեկավարի ելույթների առանցքային դրույթներից այս մեկը, որի հետևանքով ոչ միայն ընկնում է տեղական արտադրողների վարկը` նրանց մակնշման տակ թաքցնելով վտանգավոր, կասկածելի ծագման, որակապես տեղականին մի քանի անգամ զիջող ձու, այլև, և որն ավելի կարևոր է ու առաջնային` վտանգում ժողովրդի առողջությունը:
«Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի ամենամյա «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ հայաստանյան շոուբիզնեսից մի քանիսին բնակարաններ ու շքեղ ավտոմեքենաներ նվիրելու փաստը մեծ աղմուկ բարձրացրեց: Իսկապես առատաձեռն է Սամվել Կարապետյանը, թե ոչ, դժվար է ասել, սակայն փաստ է, որ նրա եղբոր մասին «Տաշիր» առևտրի կենտրոնում բոլորովին այլ կարծիքի են: «Տաշիրը», ինչպես հայտնի է, Կալուգայի Սամոյի եղբայր Կարեն Կարապետյանինն է` նախագահի աշխատակազմի ղեկավարինը, որն ամեն ամիս յուրաքանչյուր բուտիկից 200-250 հազար գումար է հավաքում ու շարունակում մարդկանց աշխատեցնել առանց օդորակիչների: Բայց դա նրան չի հուզում. «համբալները», որոնց համար ջանք չեն խնայում Կարապետյան եղբայրները, միևնույնն է` չեն գնահատում իրենց բարեգործությունը: Աշխատակիցների բողոքին ի պատասխան` դուռն են ցույց տալիս, այնպես որ` մարդիկ այլ ելք չունեն ու անտանելի շոգի պայմաններում անզոր ժպտում են հաճախորդների դժգոհությանն «ընդառաջ»: Հաճախորդներն էլ, քրտնքից թրջված հագուստը «վինտիլյատորների» քամու տակ մի կերպ վրաները քաշելով, մի քանի «քաղցր խոսք» են ասում «Տաշիրի» տերերին: «Մի՞թե սա թրաֆիքինգ չի,- հարցնում են նրանք,- նման անմարդկային պայմաններում աշխատելու համար պարտական ենք երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՞ն, երբ ցանկացած բուդկայի աշխատող էսօր կոնդիցիոներ ունի»:
Ուշագնացության բազմաթիվ դեպքեր գրանցվեցին նաև անցյալ տարի, անցյալ տարի էլ մենք անդրադարձանք այս խնդրին, սակայն, ինչպես տեսնում ենք, տարիներն անցնում են, բայց ոչինչ չի փոխվում, կամ գրեթե ոչինչ` բացի բնակարաններ ու ավտոմեքեներ նվիրելու օլիգարխիական կայֆերից: Թեև Հայրապետ Հայրապետյանից էլ քիչ բողոքներ չկան, սակայն «Հայաստան» առևտրի տունը կարծես թե այս առումով ավելի բարվոք վիճակում է, ավելի բարվոք հատվածներ կան անգամ Խաչատուր Սուքիասյանի «Ռոսիա» առևտրի տանը և անգամ Բանգլադեշի տոնավաճառում: Իսկ այս առումով դարձյալ առաջին հորիզոնականում անկասելի Բուռնաշն է` պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, որ ընդամենը բավարարվում է մարդկանց ասֆալտի մի քանի քառակուսի մետր տրամադրելով ու դրա դիմաց ամսական հսկայական գումարներ հավաքելով. Այստեղ պայմանների մասին խոսելը, այն էլ` օդորակիչի կարգի, հավասարազոր է մարդկանց ձեռ առնելուն: Հետո էլ` թրաֆիքինգի ենթարկողներ ենք փնտրում:
Ու Հայաստանն էլ իբր պայքարում է, որ իր քաղաքացիներին չտանեն օտար երկրներ և այնտեղ թրաֆիքինգի չենթարկեն…
«Վիվասել-ՄՏՍ» ընկերության պաշտոնական կայքից հասանելի հեռախոսահամարին զանգահարելն արդեն իսկ մեծ փորձություն է, ստիպված ես լսել հեռախոսային ավտոմատ օպերատորի բոլոր հրահանգները, սեղմել աստղանիշերն ու մյուս կոճակները, դիմանալ այդ ամենին մի քանի րոպե, որից հետո մեկ էլ անջատվում է, հետո էլի ես փորձում, էլի … ու մեկ էլ…
— Բարև Ձեզ, ներեցեք, կարո՞ղ եք օգնել, ինձ հարկավոր է կապվել Ձեր ղեկավարի հետ, տվեք խնդրում եմ կա´մ իր ընդունարանի, կա´մ ձեր լրատվական ծառայության համարը:
— Ես ձեզ ո՞նց կարող եմ հեռախոս տալ: Գնացեք եկեղեցի, մոմ վառեք, ձեզ ընդեղ կօգնեն:
Ու վերջ… Այս մեկը չափից դուրս անսպասելի էր ու չափից դուրս արտառոց` անգամ հայաստանյան ընկերությունների աշխատակիցների սպասարկման կուլտուրայի ոչ պատշաճ դեպքերին քաջածանոթների համար:
Հետաքրքիր է` տեղյա՞կ է հեռուստաէկրաններից ամենաշարքային փիառի ու գովազդի միջոցով իր համար բարեգործի համբավ ապահովող այս ընկերության ղեկավարը, թե իր աշխատակիցները բաժանորդների, քաղաքացիների, լրագրողների հետ շփվելու ինչպիսի յուրահատուկ կարգուկանոն են մշակել:
Ի դեպ, տարօրինակն այն էր, որ ես ներկայացա որպես լրագրող, որին ընդամենը հեռախոսահամար էր պետք. այնպես չէր, որ աշխատողը, որն ասաց, թե ինժեներ է, անունն էլ` Կարեն, մտածած լիներ, որ քաղաքացի է զանգահարել, օգնություն կամ մատաղի փող է խնդրում:
Ռալֆ Յիրիկյանը հայտնվել է Հայաստանի ամենաանհասանելի մարդկանց առաջին հորիզոնականում, ստացվում է, որ նրա հետ կապվելը հնարավոր է միայն եկեղեցի գնալու և Բարձրյալի օրհնությունը ստանալուց հետո:
«Վիվասել-ՄՏՍ»-ի ղեկավարի կամ գոնե նրա լրատվականի հետ կապվելը պայմանավորված էր դարձյալ ընկերության կողմից թույլ տրված կամայականության պարզաբանման մտադրությամբ: Ժամանակին «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ հասարակության նեգատիվ վերաբերմունքը հասել էր գագաթնակետին հատկապես այն պատճառով, որ ֆիքսված հեռախոսակապի բազմաթիվ բաժանորդների պարտավորեցնում էին վճարել Մոզամբիկի կամ մեկ այլ պետության հետ երբևէ չկայացած խոսակցության դիմաց գոյացած պարտքերը: Հիմա նույնը «Վիվասել»-ում է. բազմաթիվ անգամներ ֆիքսել էի, որ լիցքավորված գումարները զարմանալիորեն արագ սպառվում են: Բայց վերջինն ուղղակի ռեկորդային էր և չափազանց զարմանալի: Հաստատ ինչ-որ բան այն չէր, ու այս անգամ որոշեցի պարզել, թե ինչպե՞ս կարող էր նման բան լինել:
Վիվասելի` Ամիրյան փողոցի վրա գտնվող սպասարկման կետում աշխատակիցը ստուգում է և սկսում թվարկել` ըհը, 10 դրամ, ասենք` 5 դրամ, եսիմ ինչ, ու մեկ էլ թե` ռոումինգային խոսակցություն է եղել: Իրականում նման բան չի եղել, բայց, փաստորեն, քանի որ Վիվասելը որոշել է գնալ ԱրմենՏելի ճանապարհով, որևէ բան ապացուցել չես կարողանում: Չի ապացուցում անգամ հեռախոսի մեջ ֆիքսվածը, որտեղ րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան պահպանված են բոլոր խոսակցությունները: Բախտի բերմամբ, թե ինչպես, այդ երեք օրվա մեջ առանձնապես շատ զանգեր չէին եղել: Բացատրությունն ինչ-որ կերպ գտնվում է: Հուլիսի 10-ին գնացել էի Արմավիրի մարզ, սահմանամերձ գյուղերից մեկը, և ասում են` ռոումինգը միացել է: Բայց ինչպե՞ս, գոնե կարո՞ղ էր ծանուցել` ուզու՞մ եմ, թե՞ ոչ: Ոչ մի բացատրություն: Դե, միացել է: Լավ, միացել է, բայց ես որևէ մեկի հետ չեմ խոսել, ինչու՞ եք նման գումարներ գրանցել: Ոչ մի պատասխան: Խնդրում եմ ինձ տրամադրել իրենց մոտ գրանցված իմ զանգերի տվյալները: Մերժում են: Խնդրում են անցնել բողոքների բաժին: Անցնում եմ: Այնտեղ նույն պատմությունը: Իրենք որևէ բան անել չեն կարող, իրենք էլ տեսնում են, որ իմ հեռախոսի մեջ գրանցված է ամեն ինչ, և դա չի համապատասխանում իրենց ներկայացրածին, բայց, միևնույն է, եղածը եղած է: Խնդրում եմ դարձյալ տրամադրել իրենց ցուցակը: Դարձյալ` մերժում: Չեն կարող: Հետո պարզում եմ, որ նման իրավունք այս աշխատակիցները չունեին, և փաստորեն, որպես բաժանորդ, իրավունքներս խախտվել են:
Խախտվել են նաև սովորական մարդկային իրավունքներս, ինձնից գողություն է կատարվել, և որ ամենակարևորն է` այդ գողությունը որևէ մեկը չի էլ պատրաստվում վերադարձնել կամ ընդունել սեփական սխալը:
Այսինքն` պատմությունը կրկնվում է: Հետո արդեն, երբ փորձում ես պարզել` դա ընկերությունում ընդունված կա՞րգ է, թե՞ ամեն դեպքում աշխատակիցներն են չարաշահել իրենց իրավունքները, քեզ ուղարկում են «եկեղեցի մոմ վառելու», քանի որ, երևի թե, Ռալֆ Յիրիկյանն արդեն կիսաստվածի կարգավիճակ է ստացել, ուղղակի շարքային մահկանացու անտեղյակները չգիտեն դրա մասին, և ուրեմն` Հայաստանի չթագադրված արքայի «դրանիկներն էլ» արքայի շուքի տակ անձեռնմխելիների շարքն են անցել և կարող են ուր ասես ուղարկել բաժանորդներին, առավել ևս հարցեր պարզել ձգտող լրագրողներին:
Ճիշտ է, «մոզամբիկների» պատճառով ֆինանսապես տուժածներին այդպես էլ չհաջողվեց որևէ բան ապացուցել, նրանք ուզած-չուզած ստիպված եղան վճարել չեղած խոսակցությունների համար, քանի որ հեռախոսներն անջատվում էին պարտքերի պատճառով, սակայն դրանից հետո ԱրմենՏելի բաժանորդների թիվը կտրուկ նվազեց, և ընդհանրապես այս ընկերության անունը Հայաստանում մինչ օրս էլ ընկալվում է բացառապես տհաճությամբ, եթե ավելի խիստ չարտահայտվենք: Նեգատիվ վերաբերմունքից այդ ժամանակ շահողը նոր բջջային օպերատոր դարձած Վիվասելն էր, որ, փաստորեն, արդեն հասնելով ու անցնելով ԱրմենՏելին, որոշել է գնալ նրա ուղիով:
Միանգամից գնում եմ «Օրանժ» և փոխում բջջային օպերատորիս, նույնն էլ խորհուրդ եմ տալիս բոլոր ծանոթներիս` այլևս չօգտվել մի ընկերությունից, որտեղ, ըստ էության, մարդուն ռեկետ են անում և չեն բարեհաճում անգամ բացատրություն տալ կամ եթե վրիպում ու սխալ է եղել` ուղղել, այլ` ուղարկում են եկեղեցի:
Կարծում եմ, այսքանից հետո չարժե կապվել այդ ընկերության` ամպերից վեր գործող տնօրենի հետ: Օդից միլիոններ աշխատող այս ընկերությունում լկտիությունն ուղղակի ընդունված կարգ է դարձել, ու նման աշխատակիցներ պահող ղեկավարի պահվածքն ընդամենը շինծու ներկայացում է:
«Էսկո» կոնցեռնի ղեկավար, վաշխառության համար վերջերս ձերբակալված Սարգիս Աղաբեկյանն, ըստ ամենայնի, կկարողանա լուծել իր հարցերը և ջրից չոր դուրս գալ:
Քցողների պակաս մեր երկրում չկա, տարբերությունը մասշտաբների մեջ է: Այս գործում ղարաբաղյան ծագմամբ Աղաբեկյանը նորելուկ չէ: Նա, ըստ մեր ունեցած տեղեկությունների «ոլորտի» քաջատեղյակներից է: Խղճին բազմաթիվ խաբված քացաքացիներ ունեցող գործարարը պարզապես այս անգամ չափն անցել է, կամ էլ…
Աղաբեկյանին ձերբակալել են հունիսի 20-ին, սակայն երկու օր հետո Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը և կալանավորումը փոխարինել գրավով: Աղաբեկյանը վճարել է հինգ միլիոն դրամ և հայտնվել ազատության մեջ: Մեր հարցմանն ի պատասխան, Հատուկ քննչական ծառայությունից հայտեցին, որ այս որոշումը որևէ ազդեցություն չի ունեցել Աղաբեկյանի նկատմամբ հարուցված մեղադրանքի վրա:
«Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանի և Լուսաբեկ Սամվելյանի կողմից մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` 2011թ. հունիսի 22-ին, Սարգիս Աղաբեկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով»:
Բնակարանները Աղաբեկյանը ձևակերպել էր իր բարեկամների անուններով: Որ բնակարաններն այլևս իրենցը չեն, կոոպերատիվի անդամները պարզում են 2010թ. վերջին: Դրանից հետո էլ հարուցվում է այս քրեական գործը կոոպերատիվի ղեկավարության նկատմամբ, որոնք, փաստորեն, հանցավոր գործարքի մեջ մտնելով «Էսկո» կոնցեռնի ղեկավարի հետ, փորձել էին մարդկանց քցելով գերշահույթներ ստանալ: Շուրջ 23 բնակարան Աղաբեկյանը հաջողացրել էր գրանցել բարեկամների անունով, ինչն ի վերջո հանգեցնում է նրա ձերբակալությանը:
Մեր տեղեկություններով սակայն, Աղաբեկյանը հիմա ամեն գնով փորձում է ազատվել այս փորձանքից և համաձայնել է տերերին վերադարձնել իրենց բնակարանները, որոնց համար վերջիններս վաղուց վճարել էին: Ներկայում քննարկվում է այն հարցը, թե ինչ ձևակերպում տալ բնակարանների վերադարձին: Ըստ կոոպերատիվի անդամների, իրենց առաջարկել են բնակարանների վերադարձը ձևակերպել որպես նվիրատվություն:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն դատելով գործերի ընթացքից, ամենայն հավանականությամբ, ծագումով ղարաբաղցի, իր ճարպկությամբ ու նմանատիպ գործարքներով հայտնի Սարգիս Աղաբեկյանը կկարողանա այս մի անհաջողությունն էլ մարսել: Դեռ լավ է, որ գոնե այս դեպքի բացահայտմամբ հանրությունը տեղեկացավ, թե ինչ մախինացիաներ են կատարում անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվողները, նրանք` ովքեր գործում են բարձր հովանու ներքո: Իսկ թե քանի խաբված քաղաքացի է մնացել լուսանցքից դուրս, որոնք չեն կարողացել պայքարել անշարժ գույքի շուկա կոչվող լաբիրինթոսում, որևէ մեկը իրականում ասել չի կարող:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.