23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական մամուլում հայտնվել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Նովրուզ Մամեդովի հարցարզրույցը ԱՊԱ գործակալությանը, որում ադրբեջանցի պաշտոնյան որոշ ուշագրավ հայտարարություններ է կատարել:
«Ներկա պահին ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ սուբստանտիվ բանակցությունների կազմակերպչական աշխատանքները»,- ԱՊԱ գործակալության հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Նովրուզ Մամեդովը: Վերջինս նաեւ նշել է, որ հենց այս առնչությամբ էլ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է եռանախագահներին Բրյուսելում: Ադրբեջանցի պաշտոնյան նաեւ մեկնաբանել է ՀՀ նախագահի այն հայտարարությունը, թե Հայաստանը կվերադառնա բանակցային սեղանին այն ժամանակ, երբ Բաքուն կվերադարձնի ապրիլին գրաված հողերը: Մամեդովը բավական կոպիտ ձեւով ասել է, որ Բաքուն չի վերադարձնի այդ հողերը. «Սերժ Սարգսյանը չի տեսնի այդ հողերը, ինչպես չի կարող տեսնել սեփական ականջները»: Մամեդովը նաեւ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ասած 800 հեկտարը եւս սուտ է, եւ իրականում հայկական կողմը կորցրել է 2500-3000 հեկտար:
Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նաեւ հավելել է, որ Սերժ Սարգսյանն է խնդրել Մոսկվային դադարեցնել ապրիլյան պատերազմը: Հայկական կողմը դեռեւս չի արձագանքել այս հայտարարությանը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Չնայած ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ժամանակ, երբ գրանցվեց առնվազն 200 զոհ, երկու կողմերը խուսափեցին գործողությունների սրումից, ռազմական գործողությունների դադարեցումը, սակայն, փխրուն է, և հակամարտությունը կարող է հեշտությամբ կրկին վերսկսվել, ասվում է The Washington Post-ի հոդվածում, հայտնում է Tert.am-ը:
Նշվում է, որ երկու տասնամյակ տևած բանակցություններն այդպես էլ որևէ առաջընթացի չհանգեցրին, և քառօրյա պատերազմն է՛լ ավելի խաթարեց փոխզիջումային կարգավորման հույսերը:
Ադրբեջանական կողմից պատերազմը վստահություն ներշնչեց նրանց, ովքեր պնդում են Լեռնային Ղարաբաղն ուժով վերադարձնելու օրինականության հարցում, հայկական կողմում էլ այն ամրապնդեց վստահությունն այն հարցում, որ պետք չէ զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, նաև՝ որևէ որոշում ընդունել, որը չի երաշխավորում լիարժեք անկախությունը: Սրացումն ուժեղացրեց մտավախությունները և խորացրեց անվստահությունը: Երկու կողմերն էլ մտավախություն ունեն, որ մյուս կողմը կօգտվի կարգավորումից, ասվում է հոդվածում:
Հեղինակը գրում է, որ ամբողջովին պարզ չէ, թե որն էր ապրիլյան բախումների պատճառը, չնայած հավանական պատճառ կարող է լինել այն, որ Ադրբեջանը փորձ արեց ստուգել հայկական պաշտպանությունը և համոզել հայ բանակցողներին զիջումների գնալ բանակցային սեղանի շուրջ: Նշվում է, որ Ադրբեջանին խորապես դուր չի գալիս ստատուս քվոն: Նա նույնչափ հիասթափված է խաղաղ կարգավորման գործընթացից, որն ընթանում է տարիներ շարունակ՝ առանց որևէ արդյունքի:
Սրացումը նաև հաստատել է գոյություն ունեցող ռազմական փակուղին: Անգամ եթե սրացումն այս փակուղին ավելի թանկ կամ ռիսկային դարձրեց հայերի համար, դա դեռ բավարար չի լինի բանակցությունների միջոցով կարգավորման հասնելու համար, գրում է նա։
Հեղինակը երկու խոչընդոտ է տեսնում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման ճանապարհին.
1. Երկրների ներսում փոխզիջումները դժվարընդունելի են. Անգամ եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ամեն ինչ անեն փոխզիջումային համաձայնության հասնելու համար, ոչ մեկը, ոչ մյուսը մեծ աջակցություն չի վայելի ինչպես իրենց կառավարությունների, այնպես էլ հանրության կողմից: Երկու կողմերում էլ հռետորաբանությունն ավելի ու ավելի կոշտ է եղել, և գրեթե բացառապես որևէ քննարկում չի եղել այլընտրանքային դիրքորոշումների կամ հաշտեցման տարբերակների մասին: Երկու կողմերն էլ օգտագործել են հակամարտությունը քարոզչական նպատակներով՝ մյուս կողմը որպես «թշնամի» պատկերելով, ինչը դժվար է դարձնում որևէ փոխզիջում:
2. Համատեղ գոյակցության ցանկության բացակայությունը. Առաջարկվող լուծումը երկրորդ խոչընդոտն է: 2005 թվականից ի վեր բանակցությունների հիմքում գտնվող սկզբունքները հետաձգում են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը: Միևնույն ժամանակ, հայկական ուժերը պետք է դուրս գան Ղարաբաղի հարակից շրջաններից, փախստականները և տեղահանվածները վերադառնան, իսկ Լեռնային Ղարաբաղը պետք է ստանա միջազգային մակարդակով երաշխավորած միջանկյալ կարգավիճակ: Այս ամենի համար չկա որևէ համաձայնեցված ժամկետ: Իրավաբանորեն պարտավորեցնող «կամարտահայտումն» այնուհետև կորոշի վերջնական կարգավիճակը:
Նշվում է, որ հայկական կողմը դա մեկնաբանում է որպես անկախության հանրաքվե, բայց Ադրբեջանը դա բացառում է և պնդում է, որ ամբողջական անկախությունը չի կարող ընդունելի տարբերակ լինել: Երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ համաձայնագրի բոլոր բաղադրիչները սեղանին էին, նա հենց դա նկատի ուներ: Բայց երկու կողմերը չեն համաձայնում բաղադրիչների մեկնաբանության շուրջ, մասնավորապես՝ «կամարտահայտության» կամ դրա ժամկետների վերաբերյալ:
Այս մոտեցումը որոշակի հաջողությամբ փորձել են մի շարք երկրներում, ներառյալ՝ Սուդանում, Պապուա Նոր Գվիենայի Բուգենվիլում և Սերբիայում ու Մոնտենեգրոյում, բայց մեկ կարևոր պայմանով՝ անջատողական տարածքներում տարաձայնությունները նշանակում են, որ անկախության հանրաքվեի արդյունքը կանխորոշված չէ: Սա նշանակում է, որ տարածքային ամբողջականությունը կարող է ենթադրաբար գրավիչ տարբերակ լինել ընտրողների համար:
Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղում այդ դեպքը չէ: Երբ հարցը վերաբերում է անկախությանը, գրեթե բոլորը միաձայն կողմ են դրան: Ոչ մի քաղաքական ուժ հարցականի տակ չի դնում անկախության անհրաժեշտությունը, և հարցումները ցույց են տալիս, որ մեծամասնությունը մերժում է Ադրբեջանի հետ ցանկացած ասոցացում։ Ադրբեջանի իշխանությունը, չնայած վերաինտեգրման իր հաստատակամությանը, ոչ մի ջանք չի թափել Ղարաբաղի հայերի հետ կապ հաստատելու և նրանց վստահությունը ստանալու համար:
Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղում քվեարկությունը կլինի ամբողջապես կանխատեսելի, և միջանկյալ շրջանը քիչ բանի կհասնի: Մի տարբերակն այն է, որ պահանջվի հանրաքվեում բացարձակ մեծամասնություն, ասվում է հոդվածում:
Նշվում է, որ քառօրյա պատերազմը և վայրագություններն է՛լ ավելի են խորացրել խնդիրը: Հեղինակը նշում է, որ փակուղուց հնարավոր ելքը կարող է լինել ավելի անորոշ համաձայնագիրը, որը հետաձգում է վերջնական կարգավիճակը՝ առանց անկախության հանրաքվեի խոստումի, ինչպես չեչենական և իսրայելա-պաղեստինյան հակամարտություններում: Նա նշում է, սակայն, որ դա լավագույն մոդելը չէ կիրառման համար, և նման անորոշ համաձայնագիրը դժվար թե ընդունվի հայկական կողմի կողմից:
Ղարաբաղի առաջնորդներն ավելի ուժեղ դիրք ունեն, քան Չեչնիայի և Պաղեստինի առաջնորդները և հազիվ թե իրենց դե ֆակտո անկախությունը փոխեն նման ռիսկայի կարգավորման հետ: Նրանք համոզված են, որ Ադրբեջանը կօգտագործի միջանկյալ ժամանակահատվածը՝ շրջանն ուժով հետ վերցնելու համար: Վերջին բախումներից հետո այդ մտավախություններն է՛լ ավելի դժվար է ցրել, ասվում է հոդվածում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական առաջատար Bild պարբերականի հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին, ասել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է Բունդեսթագի կողմից ճանաչումը, ինչպես նաև` նման հանցագործության չկրկնվելը:
Պարո՛ն նախագահ, հունիսի 2-ին Բունդեսթագում հայերի մասին բանաձեւ կդրվի քվեարկության: Ինչո՞ւ է այդքան կարեւոր, որ Գերմանիայի խորհրդարանը ճանաչի 1915-1916թթ. Հայոց ցեղասպանությունը:
Խոսքը 1915-ի դաժան հանցագործության հայ նահատակներին հիշելու եւ հիշատակը վառ պահելու մասին է: Գերմանիայի նախագահը դեռ անցյալ տարի հստակ բառեր գտավ կատարվածը նկարագրելու համար եւ հանցագործությանը տվեց այն որակումը, ինչ իրականում եղել է՝ ցեղասպանություն: Մեր երկրի համար շատ կարեւոր է, որ Բունդեսթագն ուզում է ընդունել այդ բանաձեւը: Սակայն ոչ միայն դա է կարեւոր, այլ նաեւ այն, որ նման ցեղասպանություն այլեւս աշխարհի ոչ մի կետում չպետք է տեղի ունենա:
Գերմանացի շատ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախարարներ, ցանկանում են ձեռնպահ մնալ բանաձեւի օգտին քվեարկելուց: Նրանք վախենում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը ժխտում է Ցեղասպանությունը, կարող է քաղաքական վրեժ լուծել:
Գերմանացի քաղաքական գործիչներից ոչ ոք չի վիճարկում, որ դա ցեղասպանություն էր, որը դարձավ 101 տարի առաջ 20-րդ դարի առաջին սիստեմատիկ ցեղասպանությունը: Անգամ նրանք, ովքեր հիմա հանկարծ դեմ են բանաձեւին, չեն վիճարկում դա: Ես կարծում եմ, որ գերմանացի քաղաքական գործիչների համար համամարդկային արժեքներն ավելի կարեւոր պիտի լինեն, քան կարճաժամկետ քաղաքական շահերը: Շատ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, արդեն նման բանաձեւեր են ընդունել:
Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվությո՞ւն է կրում:
Այո, ես կարծում եմ՝ այո: Գերմանական արխիվներում բազմաթիվ փաստաթղթեր եւ գերմանացի դիվանագետների ու միսիոներների զեկույցներ կան, որոնք նկարագրում են հայ ժողովրդի ցեղասպան բնաջնջումը: Եվ պատմականորեն Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության դաշնակիցն էր ու կարող էր այդ հանցագործության դեմ ինչ-որ բան ձեռնարկել: Սակայն ոչ մի նման բան չպատահեց:
Դուք ըմբռնումո՞վ եք մոտենում, որ գերմանացի քաղաքական գործիչները վախենում են էրդողանի սուր արձագանքից:
Ոչ, ես չեմ կարող դա հասկանալ: Գերմանիան հզոր երկիր է, եւ Բունդեսթագի ձայնը աշխարհում ամենուր լսելի է: Եվ հենց այդ պատճառով Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում ու իրավունք չունի բարոյական հարցերում, ինչպես օրինակ, արժեքները պաշտպանելն է, զիջումների գնա: Երբ մարդ կարճաժամկետ քաղաքական շահերի պատճառով մեկ անգամ զիջում է անում, ապա եւս մեկ անգամ կանի: Եվ դա վատ է ոչ միայն Գերմանիայի համար, այլ նաեւ Եվրոպայի եւ ամբողջ աշխարհի:
Իսկ ի՞նչ կլինի, եթե էրդողանը Բունդեսթագի բանաձեւից հետո փախստականների գործարքը տապալի:
Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ առանց դրա էլ այդ գործարքը խախուտ հիմքերի վրա է եւ այնպիսի գործընկերով հետ, ինչպիսին Թուրքիան է, դժվար է մշտապես դա կյանքի կոչել: Եվ հաստատ վստահ եմ, որ փախստականների գործարքի տապալումը ոչ մի կապ չունի ցեղասպանության բանաձեւ հետ: Արդարացի չէ, որ Հայոց ցեղասպանությունը չանվանվի ցեղասպանություն, միայն որովհետեւ մեկ այլ երկրի նախագահ դրանից կզայրանա: Բունդեսթագի քաղաքական գործիչները դա նույն կերպ են ընկալում եւ թույլ չեն տա իրենց վախեցնել:
Կարո՞ղ է Եվրոպան առհասարակ էրդողանին ինչ-որ կերպ վստահել:
Ես չեմ կարող Եվրոպայի փոխարեն խոսել, սակայն կարող եմ իմ սեփական փորձից ասել, որ մենք Էրդողանին չենք վստահում: Եվ հարցը միայն Ցեղասպանությունը ժխտելը չէ: Մենք տարիներ շարունակ փորձել ենք դիվանագիտական հարաբերություններ կառուցել: Եղան Ցյուրիխյան արձանագրությունները, որոնք Թուրքիայի խորհրդարանը պետք է վավերացներ: Սակայն Էրդողանը դա արգելափակեց: Ինչ՞ի համար էինք մենք առհասարակ բանակցում այդ դեպքում:
Ըստ իս՝ Եվրոպան չպետք է Թուրքիային կուրորեն վստահի, այլ փախստականների խնդրի լուծման սեփական լուծումները գտնի:
Հայաստանը պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի համար: Ինչպիսի՞ն է իրավիճակն այնտեղ:
Այս պահին իրավիճակը հանդարտ է, կրակոցներ չկան: Սակայն երբ սկսվեց Ադրբեջանի զինված հարձակումը, մենք չտեսանք միջազգային համերաշխություն: Մենք կցանկանայինք, որպեսզի ավելի հստակ արտահայտվեր, թե ինչ է այնտեղ տեղի ունենում, այն է՝ Ադրբեջանի հարձակում:
Ի՞նչ եք Դուք պահանջում միջազգային հանրությունից:
Հայաստանը փոքր երկիր է: Մեզ համար պարզ է, որ մենք տնտեսապես միգուցե պակաս հետաքրքիր ենք: Մեզ համար կարեւոր է, որ անարդարությունն անարդարություն կոչվի: Մեզ համար առաջին հերթին բավական կլիեր, որ բավականաչափ քանակով եվրոպական ձայներ Ադրբեջանի արարքը դատապարտեին: Երբ դա չբավականացնի, որպես հետագա քայլ՝ կարող ենք պատկերացնել նաեւ պատժամիջոցները:
Հարցազրույց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ
Պարոն նախագահ, ցավոք, մինչ այժմ իշխանությունները հասարակությանը չեն ներկայացրել ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցածի, դրա պատճառների և հետևանքների հավաստի պատկերը: Ինչ-որ պահի պաշտոնատար անձինք կարծես թե սկսեցին քիչ թե շատ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել, սակայն հետո ամբողջ տեղեկատվական դաշտը լցվեց ուռա-հայրենասիրական ոճի պրոպագանդայով: Ինչպես դա սովորաբար լինում է, սկսեցին բազմատեսակ ասեկոսեներ շրջել, երբեմն՝ անևրևակայելի, բայց միևնույն է՝ նեգատիվ բնույթի: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ ռազմական և քաղաքական տեսանկյունից: Ապրիլյան պատերազմի հետևանքները Դուք համարո՞ւմ եք կատաստրոֆիկ: Դա հաղթանա՞կ էր, թե՝ պարտություն:
Հավաստի տեղեկատվության բացակայությունը միշտ էլ ասեկոսեներ է ծնում, ու որպես կանոն՝ նեգատիվ բնույթի: Դրան գումարած, ակնհայտ է, որ տեղի ունեցածի խեղաթյուրման իմաստ էլ չկար, առավել ևս, որ մեր երկրի մասշտաբներում գործնականում անհնար է թաքցնել ճշմարտությունը:
Իսկ տեղի ունեցավ այն, ինչին պետք էր սպասել: Բաքվի՝ մի քանի տարի շարունակվող ռազմական կարողությունների ավելացումը և ռազմաշունչ հռետորաբանությունը վերածվեցին պրակտիկ գործողությունների. դիվերսիոն ակտիվությունից անցում կատարվեց դեպի խնդրի ռազմական լուծման ճանապարհ: Ամենից հավանականն այն է, որ Ադրբեջանում թերագնահատեցին ԼՂՀ Պաշտպանության Բանակի մարտունակությունը, ինչպես նաև` ագրեսիային դիմագրավելու Արցախի և Հայաստանի բնակչության պատրաստակամությունը: Սկիզբ առած ռազմական գործողության գինը, դրա ընդարձակվող մասշտաբը, ըստ ամենայնի, անընդունելի էին դառնում Բաքվի համար, և պատերազմը կանգնեցվեց:
Ես չէի ուզենա գնահատել տեղի ունեցածը որպես հաղթանակ կամ պարտություն: Ադրբեջանական զորքերը գրավեցին մեր դիրքերից մի քանիսը, սակայն ոչ մի ստրատեգիական խնդիր չլուծեցին: Ռազմական հաղթանակի էյֆորիան Բաքվում բացարձակապես անհիմն է: Մենք էլ չվերականգնեցինք կորցրածը, ինչը նույնպես լավատեսություն չի ավելացնում` անկախ կորստի չափերից, իսկ ռազմական գործողությունների 4 օրվա ընթացքում մեր մարդկային կորուստները մեզ համար անսովոր և անընդունելի մեծ են: Այնպես որ, բարոյական հաղթանակի մասին էլ չարժե խոսել: Սակայն, ակնհայտ դարձավ, որ նույնիսկ խախտված ռազմական բալանսի պայմաններում հակամարտության ռազմական հեշտ լուծում չկա և սա կարող է իրապես խթանել սառեցված բանակցային գործընթացը:
Հնարավո՞ր է սեղմ ժամկետներում նախապատրաստվել հավանական նոր պատերազմին նոր ռազմական հաջողությունների հաշվարկով: Ո՞վ է մեղավոր տեղի ունեցածի մեջ, օրինակ` այն բանում, որ մենք տեխնոլոգիապես հետ էինք մնացել սպառազինության առումով:
Պատերազմը կարճ էր և կողմերը չհյուծեցին իրենց պոտենցիալը, այդ պատճառով վերականգնման համար հատուկ ինչ-որ ժամանակ պետք չէ: Հարցն այն է, թե Ադրբեջանը որքանով սթափ կգնահատի տեղի ունեցածը և որքանով է նա պատրաստ ծանր ու երկարատև պատերազմի: Կարծում եմ, որ եթե Բաքուն ապրիլին պատրաստ լիներ, ապա պատերազմը չէր դադարի 4 օրից: Այն, որ Ադրբեջանը սկսել էր գերազանցել մեզ սպառազինության որակով՝ գաղտնիք չէր, սակայն մի բան է դա իմանալը, մեկ այլ բան՝ դրան դեմ առ դեմ մարտի դաշտում առերեսվելը: Ցավալին այն է, որ ՀԱՊԿ անդամ, իր տարածքում ռուսական ռազմակայան ունեցող Հայաստանը նկատելիորեն զիջում էր հակառակորդին սպառազինության որակով: Հասարակության ցավագին արձագանքն այստեղ հասկանալի է: Բոլորն ուզում էին հավատալ, որ ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ նվազագույնը երաշխավորում է ռազմական բալանսի պահպանումը, այսինքն՝ Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությունը /մինչև Բաքվի և Մոսկվայի միջև 2011թ.-ին կնքված պայմանագրի իրագործումը կողմերի միջև սպառազինության որակի առումով հավասարակշռությունը պահպանվել է/:
Պարզվեց՝ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Ռազմական կոնֆլիկտի սրացումը ակնհայտորեն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ դնում է նրան բարդ ընտրության առաջ՝ միջնորդի պարտավորությունները կատարելու, Հայաստանի ռազմական դաշնակիցը լինելու և Ադրբեջանի հետ հետագա մերձեցման ձգտման միջև: Նորագույն հարձակողական սպառազինության մատակարարումները Բաքվին խախտեցին բալանսը, զգալիորեն մեծացնելով այդպիսի սցենարի հավանականությունը:
Ինչո՞ւ դա տեղի ունեցավ և կարելի՞ էր արդյոոք խուսափել իրադարձությունների այդպիսի զարգացումից. այս հարցերը դեռ երկար ժամանակ բանավեճերի, ենթադրությունների ու սպեկուլյացիաների առարկա կլինեն: Հայաստանը պետք է կարողանար կասեցնել ռուս-ադրբեջանական պայմանագրի իրագործումը, ամենաքիչը՝ սահմանափակել այն տեսականու առումով, կամ սինխրոնացնել դրա իրագործումը հավասարազոր մատակարարումներով դեպի Հայաստան: Փաստարկներն այստեղ առավել քան բավական էին: Ինձ հայտնի չէ, թե ինչպիսի հետևողականությամբ են իշխանությունները զբաղվել այդ հարցով, և ինչու դա հնարավոր չեղավ կանխել, այդ պատճառով զերծ կմնամ գնահատականներ տալուց:
Այս ամենի հետ մեկտեղ մենք անպատրաստ գտնվեցինք մի շարք ռազմական սարքավորումների առումով, որոնց ձեռք բերումը լիովին մեր ուժերի մեջ էր և միջկառավարական համաձայնագրեր չէր պահանջում: Արդեն երկու տարուց ավելի է, ինչ հակառակորդի բանակը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում գիշերային ժամերին, քանի որ հագեցած էր բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Ի՞նչն էր մեզ խանգարում ապահովել բանակը գիշերային տեսանելիության սարքերի, ջերմատեսների, գիշերային նշանառության սարքերի, կապի միջոցների և զորահավաքային ռեսուրսի անհատական պաշտպանության միջոցների բավական քանակով: Նորմալ չէ, երբ հրամանատարը կառավարում է մարտը բջջային հեռախոսով, երբ դասակի հենակետում գիշերային նշանառության սարքեր չկան կամ մոբիլիզացիոն ռեսուրսից զորակոչված անձնակազմի համար զրահաբաճկոնների քանակը չի բավարարում: Հարկ է անհապաղ լրացնել բոլոր առկա բացերը ու հասկանալի է, որ աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն տարվում են: Բայց այդ ամենը պետք է անել ինստիտուցիոնալ մակարդակի վրա, այլ ոչ թե «ազգովի», ինչպես Ղարաբաղյան շարժման ամենասկզբում էր: Կամավորները պետք է ռազմաճակատ մեկնեն ոչ թե ինքնաբուխ կերպով, այլ ուղարկվեն զորամասեր զինկոմիսարիատների կողմից՝ ռազմական մասնագիտությանը համապատասխան: 90-ականների սկզբին ֆիդայական շարժումը կոմպենսացնում էր երիտասարդ պետական ինստիտուտների թուլությունը: Բայց Անկախության 25-րդ տարում քաղաքացիների հայրենասիրական պոռթկումը պետք է ամրանա իշխանության համապատասխան մարմինների կոմպետենտությամբ և կազմակերպչական ներուժով: Պատերազմել հաջողությամբ այլ կերպ պարզապես հնարավոր չէ:
Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր երկար լռությունն այս թեմայի շուրջ: Ինչո՞ւ Դուք Ղարաբաղ այցելեցիք իրադարձություններից միայն մեկ ամիս անց: Եվ ինչո՞ւ Դուք հրաժարվեցիք գործող նախագահի հետ հանդիպում նախաձեռնելուց: Չէ՞ որ կարող էիք նրան օգնել նվազագույնը խորհուրդներով:
Կրիտիկական իրավիճակում՝ արտաքին վտանգի պարագայում, անվտանգության խնդիրների բացեիբաց քննարկումը պարզ պատճառներով խնդրահարույց է. երկար լռությունը դրա հետ էր կապված: Իսկ լոզունգներով կամ կիսատ-պռատ խոսելու ցանկություն չունեի: Նախագահի հետ հանդիպում չնախաձեռնեցի, քանի որ նույնիսկ այդ իրավիճակում քարոզչական մեքենան աշխատում էր հանուն ներքաղաքական նպատակների: Մշտական կապի մեջ եմ եղել ԼՂՀ ղեկավարության հետ. այնտեղ էին այն ժամանակ ընդունվում բոլոր որոշումները: Եթե պատերազմը ձգվեր, իհարկե, կգնայի Ղարաբաղ, ընդ որում՝ տևական ժամանակով , առանց տեսախցիկների ու սելֆիների:
Հայաստանը չպե՞տք է արդյոք վերանայի ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում մասնակցության ձևաչափը, ինչպես նաև իր հարաբերությունները միավորումների և դաշինքների որոշ գործընկերների հետ, օրինակ ՝ Բելարուսի և Ղազախստանի:
ՀԱՊԿ որոշ երկրների գործողություններն, ըստ էության, անհամատեղելի են ռազմական դաշինքում մեր ընդհանուր անդամակցության հետ: Ակնհայտ է, որ այդ երկրների շահերը մենք չենք փոխի, բայց լուրջ հետևություններ անել պարտավոր ենք: Պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ-ը և գերագնահատված սպասումներ չունենալ այդ կազմակերպությունից: ՀԱՊԿ-ն ասիմետրիկ կառույց է, որի առանցքը հանդիսանում են Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը՝ մասնակից պետություններից յուրաքանչյուրի շահերի հետ ինքնուրույն և առանձին շաղկապվածությամբ: Որևէ արտահայտված համընդհանուր շահ այստեղ չկա: Որտե՞ղ են մեր ընդհանուր ռազմաքաղաքական հետաքրքրություններն, օրինակ, Ղազախստանի կամ Ղրղզստանի հետ: Միամտություն կլինի կարծելը, թե համատեղ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կարող է գերակշռել Թուրքիայի և Ադրբեջանի հետ Ղազախստանի ձևավորված փոխհարաբերություններին: Այս պատճառով էլ ՀԱՊԿ-ը պետք է դիտարկել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում: Այդպիսին է իրականությունը, և դա չի կարելի հաշվի չառնել:
Եվ մեկ հարց ներքաղաքական թեմաներով: Օրերս վարչապետը հայտարարեց պետական ապարատում կրճատումներ կատարելու, մենաշնորհների և կաշառակերության դեմ պայքար սկսելու մասին: Ըստ Ձեզ, գործող կառավարությունը հաջողության հասնելու շանսեր ունի՞:
Վարչապետի հայտարարած ծրագիրը հենց այն է, ինչով կառավարությունը պարտավոր էր զբաղված լինել ամենօրյա ռեժիմով: Կոռուպցիայի, մենաշնորհների, ուռճացված պետական ապարատի մասին արդեն շատ տարիներ են խոսում բոլորը, իշխանությունը՝ այդ թվում: Ընդ որում, որքան շատ են խոսում, այնքան այդ խնդիրներն ավելի են խորանում: Դա այն է, ինչը քայքայում է երկիրը, և անհասկանալի է, թե ո՞վ է խանգարել կամ խանգարում իշխանություններին` լուծել այդ խնդիրըները: Ճիշտ խոսքեր հասարակությունը լիուլի լսել է, այնքան, որ մարդկանց մոտ, ցավոք, լավատեսական ակնկալիքներ չկան կառավարության մտադրություններից: Այսօր ոչ թե ճառեր են պետք, այլ նպատակաուղղված և գրագետ քայլեր: Կապրենք, կտեսնենք:
Այսօր՝ հունիսի 1-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:45-ի սահմաններում ՀՀ Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 21 շենքի 28 բնակարանի բնակիչը տևական ժամանակ է, չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հարևանների և «Կողբ» համատիրության նախագահ Արմեն Ալեքսանյանի գլխավորությամբ բացելով տան դուռը՝ հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 59-ամյա Իվան Շուկի դին: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մալաթիա- Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ:
Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տան լոգարանից մինչև հյուրասենյակ ու խոհանոց հատակը ամբողջովին պատված է արյունով: Մահացածի մոտ հայտնաբերվել է 20 լիտր տարողության բենզինի տարա, իսկ խոհանոցից մինչև հյուրասենյակ մահացածի մոտ հայտնաբերվել է հատուկ անցկացված գազի ռետինե խողովակը, ով, ի դեպ, բաց էր թողել գազը, և հարևանները, զգալով գազի հոտը, դիմել էին համատիրության նախագահին, ում և փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում էլ պայթյուն տեղի չի ունեցել:
Այս պահին տեղում աշխատում է նաև դատական բժիշկը, քանի որ մահացածի ձեռքի դաստակի մասերում կան կտրված հետքեր:
Լոգարանում հայտնաբերվել է դանակ, իսկ դիակի մոտ հայտնաբերվել է նամակ-երկտող: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Կ. Թորոսյանի կարգադրությամբ նյութեր են նախապատրաստվում: Հայտնաբերված նամակը, դանակը, բենզինի կանեստրը և այլ կարևոր իրեր ընթերակաների ներկայությամբ առգրավվել են:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, ձեռագրաբանական, մատնադրոշմային, հետքաբանական և մի շարք այլ փորձաքննություններ:
Տեղում աշխատող մասնագետներն ասում էին նաև, որ եթե բնակիչները, համատիրության նախագահը և փրկարարները օպերատիվ չգործեին, ապա չէր բացառվում, որ գազի արտահոսքից տեղի կունենար պայթյուն և 9 հարկանի շենքը լուրջ վնասներ կկրեր, այդ թվում նաև՝ մարդկային:
ՀՀ կառավարությունը հունիսի 1-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով պարտապան ֆիզիկական անձանց վերջին կացարան ունենալու հնարավորությունից չզրկելու համար երաշխիքներ են ստեղծվում:
Գործող կարգավորման պայմաններում պարտապանի, որոշակի արժեքի սահմաններում, միակ բնակարանը չի ներառվում բռնագանձման ոչ ենթակա գույքի կազմում, ինչի արդյունքում պարտապան ֆիզիկական անձն իր ամբողջ գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում կարող է մնալ անօթևան, գրում է Hetq.am-ը:
Նախագծով առաջարկվում է լրացնել այն դրույթը, որ բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող միակ այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի գնահատված արժեքի 75 տոկոսը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:
Եթե միակ բնակարանն իրացվի կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին: Նախագիծն ընդունվելու դեպքում այս դրույթները չեն տարածվի այն դեպքերի վրա, երբ գույքը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար, ինչպես նաև, երբ բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման պահանջները:
Կառավարությունն այս նախագծով ակնկալում է բացառել այն դեպքերը, երբ պարտապան ֆիզիկական անձն իր ամբողջ գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում զրկվում է նվազագույն պայմաններին համապատասխանող բնակարան ունենալու հնարավորությունից:
Իսկ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կբացառվեն այն դեպքերը, երբ անձի միակ բնակարանի հարկադիր աճուրդի (այդ թվում՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի) արդյունքում նրան հնարավոր չլինի տրամադրել ՀՀ կառավարության կողմից սահմանված բնակապահովման նվազագույն շեմի չափով գումարը:
Այսօր՝ հունիսի 1-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի Փարաքար գուղի բնակիչներ, 22-ամյա Արսեն Մարտիրոսյանին, 24-ամյա Սլավիկ Հարությունյանին և 35-ամյա Հարություն Մարտիրոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են կեղծ փող իրացնելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն բերման ենթարկված Ա. Մարտիրոսյանը 20 օր առաջ վերադարձել է Հայաստան՝ Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքից, որտեղ գնել է կեղծ 2200 ՌԴ ռուբլիներ:
Այսօր՝ գիշերը ժամը 01:00-ից մինչև 01:30-ն ընկած ժամանակահատվածում Ա. Մարտիրոսյանն իր ընկերոջ՝ Ս. Հարությունյանի հետ Երևանյան լճի կամրջի մոտ, ըստ իր պատմածի, «կպցրել է գիշերային թիթեռնիկների», որոնց հետ գնացել է Արգավանդի ճանապարհային ոստիկանության հենակետի առջև գտնվող հյուրանոցային համալիր՝ ժամանակ անցկացնելու: Դրա դիմաց Արսենը «թիթեռնիկներին» է տվել կեղծ գումարը: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կեղծ ռուբլիներն առգրավվել են և նշանակվել է դատափաստաթղթաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննություններ:
Ա. Մարտիրոսյանը, Հ. Մարտիրոսյանը և Ս. Հարությունյանը ստորագրությամբ բաց են թողնվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:
Գեներել-լեյտենանտ Բաբայանը, ով վեց տարի ղեկավարել է Ղարաբաղի պաշտպանության բանակը, «Սիվիլնեթի» հետ զրուցում ասում է՝ քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի հաջողությունները անսպասելի էին հենց Բաքվի համար, սակայն փաստն այն է, որ ադրբեջանցիները կարողացել են հայտնի դիրքերը գրավել կես կամ մեկ ժամվա մեջ:
«Ես չգիտեմ ով ա մետրով չափել՝ 800 ա՞, թե՞ 1800: Ինչ վերաբերում ա էդ դիրքերին կոնկրետ Մարտակերտի ուղղությամբ, դա երկակի ռազմավարական կետեր են․ առաջինը, ապահովում էր էդ գյուղերը, էդ բնակչությունը ապրելու: Էդ հողերը հենց բնական Ղարաբաղի սահմանն էր, մենք դուրս են եկել մեր բնական սահմաններին: Երկրորդը, էդ տարածքից մենք կարում ենք, մեր բռան մեջ ա լինում ամբողջ հարթավայրը՝ Կիրովաբադից Միրբաշիրով․․․ Հիմա դա մեկը համարում ա ստրատեգիկ ա, ստրատեգիկ չի․․․ Էդ մարդիկ չտեսած՝ ի՞նչ են հասկանում էդ ինչի համար ա: Ասենք, մենք պրոստը հողեր ենք, էլի, գրավել․․․ պրոստը գրավել ենք: Այսինքն, չկան ոչ ստրատեգիկ դիրքեր, մանավանդ Մարտակերտի ուղղությամբ»:
Հայտարարելով, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, մեծ քանակությամբ սպառազինություն է գնում՝ շեշտը դնելով հրետանու, հրիթռային և օդային ուժերի վրա և նպատակ ունի հողին հավասերեցնել առաջին գիծն ու քաղաքներ և գյուղեր՝ Բաբայանը հավելում է, թե Հայաստանը չի կարող մրցել Ադրբեջանի հետ ո՛չ ֆինանսական, ո՛չ մարդկային ռեսուրսներով․ — «Դուք պատկերացրեք, որ ինքը Նախիջևանում դնում ա իսրայելական, ռուսական տարբեր ռեակտիվ համակարգներ: Հարց է ծագում՝ ո՞ւմ համար: Դնում ա Ղարաբաղի՞ն խփելու: Ղարաբաղին կարա Ղարաբաղի դիմացին դնի, ոչ թե Նախիջևանում: Այսինքն, երբ որ մենք խոսում ենք, որ մենք պատրաստ ենք իբր հարձակումներ սկսելու, հակառակորդն անպայման օգտվելու ա ու խփելու ա մինչև անգամ Երևան: Երևանից Նախիջևան 42 կիլոմետր ա: Էդ զենքերը, էդ ռեակտիվ հրթիռային համակարգը աշխատում ա աշխատում ա 70-ից մինչև 150․․․ Մենք պատրա՞ստ ենք պաշտպանվենք դրանից, մեր ժողովրդին, մեր քաղաքներն ու գյուղերը: Հո նրանով չի՞, որ Բաքու թեյ ենք խմելու: Կարաք Բաքու թեյ խմեք, բայց վախում եմ, իրանք ավելի շուտ հասնեն Երևան՝ թեյ խմելու: Չի կարելի գեներալսկի հագուստներ հագնել, կոլխոզի նախագահի հայտարարություններ անել: Մեր զինվորը չի կարա էդքան հրթիռ․․․ եթե մի րոպեում մոտավորապես 25 հազար արկ ա թափվելու առաջին գծի վրա, կարա՞ մարդ ընդե կանգնի: Ի՞նչ ա նշանակում՝ մեր հոգին բարձր ա, ինչ ա, հրթի՞ռ ա բռնելու, թե՞ արկ աբռնելու զինվորը օդում: Մենք պարտավոր ենք զինվորի անվտանգության մասին էլ մտածել»:
Սամվել Բաբայանը առաջարկում է նախևառաջ շեշտը դնել օդային պաշտպանության վրա, քանի որ ադրբեջանական կողմի հեռահար հարվածները՝ հրետանային, հրթիռային, օդուժի, հայկական կողմին են հասնելու օդով․ — «Առաջարկել էի այդ ռազմավարությունը․ առաջին հերթին օդը փակել և հնարավորություն չտալ հակառակորդին: Իսկ քանի որ սկսած արկից, հրթիռից, ինքնաթիռից, անօդաչու սարքից, օդով ա գալիս, մեզ խնդիր ունենք օդը փակելու: Ես նշել էի տվյալ զենքերը, որը լրիվ, հարյուրտոկոսանոց ապահովում ա դա: Ասենք, եթե հորդառատ անձրև ա գալիս, դու զոնտիկը վերցնում ես, դուրս գալիս, որ գլխիդ չթափվի: Էդ զոնտիկը պետք ա առաջին հերթին ապահովենք: Երկրորդ քայլը, նորից նույն ձևի էդ փաստաթղթում սարքը ներկայացրել եմ, ֆիկսում ա հակառակորդը որտեղից ա խփել, տալիս ա կողքի իրա հրետանավորին, որը կառավարվող արկով փչացնում ա էդ տեխնիկան, որը քսան միլիարդ տվել ա ադրբեջանցին, առել»:
Ըստ Սամվել Բաբայանի, սեղանին ոչ թե Ղարաբաղի է, այլ ողջ հայոց պետականության հարցն է․ — «Բայց ռազմական ոլորտի ղեկավարությունը ոչ թե սեփական ժողովրդին խաբի, որ մենք, ապեր, մի երկու հրթիռով Բաքուն հողի հետ հավասարեցնելու ենք՝ անգամ չհասկանալով էդ հրթիռի հզորությունը կամ նրա հնարավորությունները: Չի կարելի խաբել սեփական ժողովրդին»:
Ասում են՝ գեներալները միշտ նախապատրաստվում են նախորդ պատերազմին։ Սա աքսիոմ չէ իհարկե, բայց որոշակի օրինաչափություն կա այդ մտքում։ Լինում են գեներալներ, ովքեր բեկումնային նորարարություններ են անում ու հեղափոխում են ռազմական գործը․ Ալեքսանդր Մեծ, Հուլիոս Կեսար, Չինգիս Խան, Սուվորով, Նապոլեոն, Կլաուզեվից, Գուդերիան: Բայց գեներալներն ու զորավարները, միևնույն է, իրենց մեծամասնության մեջ կառչում են արդեն ավարտված պատերազմի փորձից ու դրա դասերից։ Բայց պատերազմն ավելի նենգ է ու ավելի խորամանկ։
1988 թվականին պատերազմ էր։ 1992 թվականին պատերազմ էր։ 1993-ի դեկտեմբեր-1994-ի մայիս պատերազմ էր։ 2000 թվին պատերազմ էր։ Պատերազմ էր 2014-ին ու 2016-ի ապրիլին։ Պատերազմ է հիմա։ Այս ամենը մեկ մեծ պատերազմ է, որը բաղկացած է իրարից էապես տարբերվող փուլերից, որոնց հանգիստ կարելի է դիտարկել՝ որպես առանձին։ Վաղն էլ է պատերազմ լինելու։ Ըստ ամենայնի, մեծ, իսկական ու իր մասշտաբներով նախադեպը չունեցող մեր պատմության վերջին 70 տարիների ընթացքում։
Իսկ ի՞նչ ենք անում մենք։
Մենք մինչև հիմա անկեղծորեն հավատում ենք, որ նախորդ պատերազմների գեներալները հենց այն մեսսիաներն են, ովքեր ունիվերսալ ու համապարփակ լուծումներ գիտեն, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կիսվում դրանցով։ Գեներալ Մանվել, գեներալ Սեյրան, գեներալ Կոմանդոս, գեներալ Վիտո, գեներալ Օգանովսկի, հիմա էլ՝ գեներալ Սամվել Բաբայան․․․
Իմ կարծիքով, նրանցից յուրաքանչյուրին կարելի է մեծարել նախորդ պատերազմի/պատերազմների տարբեր դրվագների համար։ Նրանց կարելի է կշտամբել 1994-ին հետևած տարիների տարբեր դրվագների համար, բայց կարծում եմ, որ նրանք՝ հին գեներալները, քիչ անելիք ունեն վաղվա պատերազմում։
Ինչո՞ւ։ Որովհետև մեկը լավ ֆիդային է, մյուսը՝ ֆիդայիններից կանոնավորատիպ գունդ է լավ սարքում, երրորդը քաոսային վիճակում ֆանտաստիկ ադմինիստրատոր է, էն մյուսը՝ գեներալի ուսադիրները մոռացած պատասխանատվությունը վերցնում է իր վրա ու լծվում է գնդի հրամանատարի պատասխանատվությունները կատարելուն․․․ բայց, կրկին անգամ՝ իմ կարծիքով, նրանցից ոչ մեկը վաղվա պատերազմի համար կոմպետենտ չէ։
Գեներալը դա մասնագիտություն է։ Ինչպես ասենք բժիշկը, ինժեները, կամ էլ ծրագրավորողը։ Մասնագիտություն է, որը նույնիսկ առավել շատ, քան շատ այլ մասնագիտություններ, պահանջում է անդադար ինքնակրթություն ու վերապատրաստում, որովհետև առավել շատ, քան այլ մասնագիտություններում, զինվորականի ու հատկապես գեներալի գործում փոփոխություններ ու տեխնոլոգիական թռիչքներ են լինում։
Հին գեներալները մնացել են ինչ-որ տեղ՝ 1988-ում, 1992-ում, կամ էլ 1994-ում, իսկ վաղը մեզ սպասում է վաղվա պատերազմ, որում մարտնչելու ենք միանգամայն այլ՝ կանոնավոր բանակով, որը զինված է միանգամայն այլ մասշտաբներով և ունի միանգամայն այլ թվակազմ, քան այդ թվերին էր, և որը կառավարելու համար պահանջվում են միանգամայն այլ գիտելիքներ ու հմտություններ, քան ունեն հին գեներալները։ Ու ինչպես միայն «Basic» ծրագրին հրաշալի տիրապետող ծրագրավորողը, կամ էլ պենիցիլինի գյուտին անհաղորդ բժիշկը, այնպես էլ ԱԹՍ-ների ու ՌԷՊ միջոցներ դարաշրջանում զորքերի մեծ միավորումների ղեկավարման փորձ չունեցող թեկուզ վիրտուոզ, բայց անցյալի գեներալը չի կարող արդյունավետ լինել իր գործում։
Հին գեներալները անցյալ են, սիմվոլ են, հերոս են ու․․․ ժամանակավրեպ են։ Բանակին պետք է սերնդափոխություն ու ապրիլյան մարտերը ցույց տվեցին, որ այդ սերնդափոխությունը առաջին հերթին գեներալական ուսադիրներ կրող էշելոնում են պետք։ Ապագան՝ ապագայի գեներալներինն է, որոնք կան, պարզապես դեռ գնդապետերի ու փոխգնդապետերի, մայորների ու կապիտանների և հնարավոր է անգամ, որ շարքայինի ուսադիրներ են կրում դեռ, բայց որպեսզի նրանք առաջ գնան, հները պետք է աստիճանաբար ու հետևողականորեն հեռանան ու չվերադառնան։
Կոնստանտին Տեր-Նաքալյան, Ֆեյսբուք:
Ռուս փորձագետներն ադրբեջանական լրատվամիջոցներում հայտարարում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հունիսյան հանդիպումը, հավանաբար, չի կայանա: Չի բացառվում, որ Կրեմլը փորձում է ձախողել հանդիպումը, որը կարող է անցանկալի շրջադարձ ունենալ Մոսկվայի համար:
Բազմաթիվ փորձագետների կարծիքով, հանդիպմանը կարող է երկու առանցքային հարց քննարկվել՝ Ղարաբաղում մոնիտորինգի սարքավորումների տեղադրում եւ հայկական կողմից հնարավոր տարածքային զիջումներ: Այս երկու հարցերը միահյուսված են եւ արտացոլում են ղարաբաղյան կարգավորման հարցում համաշխարհային ուժային կենտրոնների դիրքորոշումների տարբերությունը:
Հայաստանը, չնայած Ռուսաստանի հետ դաշինքին, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ առաջ է քաշում սարքավորումների տեղակայման հարցը, որը թույլ կտա ամրապնդել հրադադարը՝ նախադրյալներ ստեղծելով տարածաշրջանի բացման համար:
Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին, չնայած Ռուսաստանի եւ Հայաստանի ֆորմալ դաշինքին, առաջ է քաշում ղարաբաղյան մի շարք տարածքներից հայկական ուժերի դուրսբերման եւ ստատուս-քվոյի փոփոխության հարցը:
Հայաստանի եւ Ռուսաստանի դիրքորոշումներում հակասություններն այնքան ակնհայտ են, որ Մոսկվան հունիսին կարող է ձախողել հանդիպումը, եթե վստահ լինի, որ արեւմտյան միջնորդները կկարողանան համոզել Բաքվին՝ համաձայնվել Ղարաբաղում հետաքննությունների մեխանիզմների ու սարքավորումների տեղակայմանը:
Ռուս փորձագետներն ադրբեջանական թերթերում հետաքրքիր մանրամասներ են բացահայտում: Օրինակ, այն մասին, թե ինչ է պարտավորվել անել Բաքուն Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերման առաջին քայլի դիմաց: Փորձագետները պնդում են, որ Բաքուն պետք է համաձայնվի տարածաշրջանում հաղորդակցությունների մասնակի բացմանը:
Ի՞նչ հաղորդակցությունների մասին է խոսքը: Օրինակ, կարող է բացվել Նախիջեւանի երկաթուղին Իրանից Հայաստանով ու Վրաստանով դեպի Եվրոպա երկաթուղային հաղորդակցության համար: Դրա դիմաց Իրանն ու Ադրբեջանը կարող են, օրինակ, օտարերկրյա ներդրումներ ստանալ Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության համար, ինչը թույլ կտա Իրանը կապել Ռուսաստանին:
Մոսկվան ամեն ինչ անում է, որ իր տարածքները շրջանցելով նոր հաղորդակցություններ չբացվեն, այդ պատճառով հարց է ծագում, թե արդյոք Կրեմլն Ադրբեջանին թույլ կտա քայլ անել: Եվ թույլ կտա՞ Մոսկվան Ադրբեջանին համաձայնվել սարքավորումների տեղադրմանը: Դա Մոսկվայի եւ Բաքվի գործն է:
Սակայն ինչպես կվարվի Հայաստանը, եթե հունիսի հանդիպումը ձախողվի, եթե Ադրբեջանը պատասխան քայլ չանի եւ չհայտարարի հաղորդակցությունների բացման մասին: Հայաստանն այդ դեպքում կվերադարձնի՞ չկայացած գործարքի 800 հեկտար «գրավը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.