Աշխարհիկ Բաքուն ցնցված է Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի եւ Միլի մեջլիսի պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլիի սիրավեպից։
Այս կապակցությամբ haqqin.az–ը բարոյախրատական, սարկազմով լի հոդված է հրապարակել, որում նշել է, որ ընդդիմադրի ընտանիքը քայքայված է, ինքն անիծված է կնոջից, եւ, պարբերականի համոզմամբ, կխաբվի նաեւ սիրեցյալի կողմից։
Սակայն հոդվածում ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ թե ընդդմադրի եւ պատգամավորի անձնական երջանկությունը, այլ փորձ է արվել սիրավեպն օգտագործել քաղաքական նպատակներով։
«Քաղաքական գործիչը Յուպիտերը չէ։ Եվ նա պարտավոր է ընդունել եւ հաշտվել մեծագույն տառապանքների հետ, ազատ թողնել սիրելինին՝ հանուն սեփական ընտանիքի։ Չէ՞ որ նա քաղաքական գործիչ է, մարդ, որին ուղղված են հազարավոր անձանց հայացքները, որոնք հայտնվել են բարոյական եւ քաղաքական ընտրության առջեւ՝ լինե՞լ, թե՞ չլինել։
Կարո՞ղ է արդյոք քաղաքական գործիչը նախանշել միլիոնավորների երջանկությունը, եթե նա կանխորոշել է սեփական դժբախտությունը, եւ սեփական ընտանիքի ու երեխաների դժբախտությունը»,– վերամբարձ մտքեր է հայտնում հեղինակը։
«Քերիմլին անցել է չափը։ Եվ նրա տանն ամեն բան կործանվել է։ Նա լքում է ընտանիքը՝ հանուն խաբեբա, կորուսյալ, մեղսավոր Գյուլթեքին Հաջիեւայի, որը Միլի մեջլիսի շատ քաղաքական գործիչների կանանց սրտեր է կոտրել։ Եվ հիմա այդ երկուսն առանձնանում են իրենց սիրո քարանձավում։ Բայց ինչպե՞ս կարող ենք մենք՝ ապագա ընտրողներս, ընդունել քաղաքական գործիչներին, որոնց ոտնատակ են տվել իրենց ընտանիքի անունը՝ հանուն մեղսավոր սիրո»,– գրում է հեղինակը։