23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գյումրեցի Ավետիսյանների սպանության գործով նախորդ՝ մայիսի 27-ին կայացած դատաքննության ժամանակ բարոյական վնասի փոխհատուցման քաղհայցի միջնորդություն էր ներկայացվել:
7 հոգանոց ընտանիքի սպանության գործով բարոյական վնասի փոխհատուցումը պահանջվում էր Ռուսաստանի Դաշնությունից, որը տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանները հիմնավորում են այսպես, որ Պերմյակովը նախ եւ առաջ ներկայացնում է Ռուսաստանի Դաշնությունը, այս երկիրը պետք է կրի պատասխանատվություն զինծառայողի կողմից կատարված հանցագործության համար:
Նախորդ դատաքննության ժամանակ դատարանը ճանաչել էր քաղհայցվոր, Ռուսաստանի Դաշնությանն էլ՝ քաղաքացիական պատասխանող:
Մեկ ամսով հետաձգվել էր դատական նիստը: Այս ընթացքում քաղհայցը պետք է թարգմանվեր ուղարկվեր եւ այսօր արդեն տուժող կողմի իրավահաջորդներին պետք է ներկայացվեր Ռուսաստանի Դաշնության արձագանքը:
Այսօր, սակայն, դատարանը հրապարակեց մի որոշում, որը փաստաբանները գնահատեցին այսպես՝ արդարադատությունից հրաժարում: Հարություն Մովսիսյանը որոշեց՝ քաղաքացիական հայցվորների՝ մայիսի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումն ընդունելուց հրաժարվել:
Փաստաբան Լուսինե Սահակյանի կարծիքով մեկ ամսվա ընթացքում լուրջ փոփոխություններ են եղել, ճնշումներ են գործադրվել դատարանի վրա, այսօր հրապարակված որոշումը փաստեց եւս մեկ անգամ, որ դատավորը սպասարկում է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Ռուսաստանի Դաշնության շահերը, եւ որոշումները բազայի պատերի ներսում հրապարակվում են հանուն Ռուսաստանի Դաշնության:
Ակնհայտ է, որ հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս դատարանի, ապացուցեց, որ ուղղակի Ռուսաստանի Դաշնության դեմ ոչ մի գործողություն նրանք չեն կարող կատարել, նույնիսկ իրավական հարթության մեջ: Իսկ որ քաղաքացիական հայցը ներկայացված է օրենքի շրջանակներում, սա ակնհայտ է, եւ եթե չլիներ օրենքի շրջանակներում, դատարանը նախորդ դատական նիստին քաղաքացիական հայցվոր չէր ճանաչի», -ասաց Լուսինե Սահակյանը: Նա նաեւ նախազգուշացրեց, որ եթե այս հայցը պատշաճ ձեւով չքննվի ՀՀ-ում, Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու դեպքում պատասխանող կլինի ոչ միայն ՌԴ-ն, նաեւ Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ իր պարտավորությունը չի կատարել: Ըստ փաստաբանի, ի վերջո պետք է Հայաստանի Հանրապետությունը հասկանա, որ իր քաղաքացիները, յոթ հոգուց բաղկացած մի ամբողջ ընտանիք մահացել են ՌԴ-ի զինվորի ձեռքով, եւ դա կատարվել է ոչ միայն զինվորի, այլ Ռուսաստանի Դաշնության մեղքով: Իսկ սա հիմնավորված է քաղհայցի մեջ:
2016-ի ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ ԼՂ գլխավոր դատախազությունը 6 քրգործ է հարուցել։
Մասնավորապես, հարուցված է 3 առանձին քրեական գործ՝ Քյարամ Սլոյանի գլխատման փաստով (գործը հարուցվել է ապրիլի 2-ին), Հրանտ Ղարիբյանի գլխատման գործով (գործը հարուցվել է ապրիլի 2-ին) և Հայկ Թորոյանի գլխատման գործով (գործը հարուցվել է ապրիլի 3-ին)։
Ինչպես հայտնում է Aysor.am-ը, հարուցվել են քրեական գործեր Ռաֆիկ Հակոբյանի և Աղասի Ասատրյանի (գործը հարուցվել է ապրիլի 3-ին), Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի (գործը հարուցվել է ապրիլի 8-ին) սպանությունների գործով։
Եվս մեկ քրեական գործ է հարուցվել 15 զինծառայողների՝ փոխգնդապետ Ռոման Առաքելյանի, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի, փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի, մայոր Սուրեն Մելքումյանի, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանի, շարքային զինծառայողներ Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի, Բորիս Օզմանյանի, Գրիգորի Հարությունյանի, սերժանտ Ադամ Սահակյանի, պայմանագրային զինծառայող շարքային Անդրանիկ Գրիգորյանի, շարքային Տիգրան Բերաքչյանի, շարքային Արման Անդրասյանի, շարքային Ազատ Սիմոնյանի, լեյտենանտ Աշոտ Շահբազյանի մարմինների խոշտանգումների գործով։ Գործը հարուցվել է ապրիլի 10-ին։
Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ Քյարամ Սլոյանն ու Հրանտ Ղարիբյանը գլխատվել են մահից հետո։ Հայկ Թորոյանին գլխատել են կենդանության օրոք։
Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ալեքսան Առաքելյանի, Օնիկ Գրիգորյանի, Ռոման Պողոսյանի, Սուրեն Մելքումյանի, Մաքսիմ Գրիգորյանի, Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի, Բորիս Օզմանյանի, Գրիգոր Հարությունյանի, Ադամ Սահակյանի, Անդրանիկ Գրիգորյանի ականջները կտրած են եղել։
Տիգրան Բերաքչյանի մոտ կտրված են եղել ականջներն ու աջ ձեռքի մատները։
Արման Անդրասյանի մոտ կտրված է եղել աջ ականջը, կտրվածքներ են եղել կրծքավանդակի վրա։
Ազատ Սիմոնյանի մոտ կտրված է եղել աջ ձեռքի մատը։ Աշոտ Շահբազյանի ձախ աչքը հանված է եղել։
«Գողական» Բիշարյանը շենքի հետև է կանչում «լոպազ» Նիկոլին
Երեկվա ԱԺ նիստից հետո հասարակությունը փորձում է ուշքի գալ. կատարվածը ընկալելու, վերլուծելու և մարսելու համար երկար ժամանակ է հարկավոր: Երկրի թիվ մեկ ամբիոնը, որտեղ սովորաբար քննարկվում են օրենսդրական նախաձեռնություններ ու մի շարք այլ կարևոր հարցեր, վերածվել էր կրկեսի:
Ամեն ինչ սկսվեց Նիկոլ Փաշինյանի ելույթից: Ընտրական օրենսգրքի երկրորդ ընթերցման ժամանակ պատգամավորը հանդես եկավ ելույթով (սա իր հասցեին նախկինում հնչեցված քննադատությունների ու մեղադրանքների պատասխանն էր) ու անդրադարձավ ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ խմբակցություններին: Արդյունքում վեճ սկսեց Նիկոլի Փաշինյանի, Հեղինե Բիշարյանի և Նաիրա Զոհրաբյանի մասնակցությամբ: Փաշինյանի ելույթի ժամանակ ԱԺ դահլիճը թնդում էր վիրավորական ու հայհոյախառն արտահայտություններով. «շիշը գլխիդ կտամ, այ համբալ», «այ լոպա՛զ, սուս մնա՛», «թուլցե՛ք, թուլցե՛ք», «դուք լկտիաբար ստում եք» և այլն: Վիրավորանքներից հետո հերթը հասավ գողական «բազառներին», երբ ի պատասխան Փաշինյանի մեղադրանքներին, Բիշարյանը դահլիճից դուրս հրավիրեց Նիկոլին՝ ասելով. «Եթե շատ ուժեղ տղերք եք, եկեք տղայական ռազբորկի»:
Հասկանալի և բնական է, որ տարբեր քաղաքական ուժեր, գործիչներ կարող են ունենալ այլակարծություններ, տարաձայնություններ, ինչու չէ՝ նաև ներանձնային խնդիրներ: Բայց որևէ մեկն իրավունք չունի ԱԺ-ն վերածել փողոցի: «Շիշը գլխիդ կտամ, այ համբալ» արտահայտությունն անող կին պատգամավորը, որն ընտրվել է ժողովրդի որոշակի հատվածի կողմից և պարտավոր է խորհրդարանում բարձրաձայնել նրանց հուզող խնդիրները, զբաղված է տղայական ռազբոռկաներով: Փաշինյան Նիկոլն էլ իր հերթին նախընտրում է տարբեր հումորային հաղորդումներ ու կարգին սկեչեր դիտել, դրանց վերաբերյալ գրառումներ անելու ու զվարճացնել իրեն ունկընդրողնորին:
Ու այդքանից հետո «ընդդիմադիր» քաղաքական ուժերն ու գործիչները դեռ ցանկանում են, որ ժողովուրդը վստահի ու հետևի՞ իրենց: Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի մոդեռնիզացված տարբերակը երեկ ԱԺ-ում տեսնելուց հետո՝ ոմանք հավանաբար փոշմանեցին որոշ պատգամավորների իրենց ձայնը տալու համար:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգենը (ծնվ. 1983 թ.) եւ Արտյոմը (ծնվ. 1986 թ.), 2010 թվականին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում՝ մի փողոցի վրա, որտեղ ծփում է ցոփ ու շվայտ կյանքը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ Գ. Խաչատրյանը ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահն էր, նրա ձեռքի տակ էին հարկային տեսչությունն ու մաքսային ծառայությունը:
Հսկայական բիզնեսների ու միլիոնավոր դոլարների հասնող ունեցվածքի հետեւանքով մամուլի կողմից «սուպերնախարարի» անուն ստացած Գագիկ Խաչատրյանի հետ բազմաթիվ ընկերություններ են առնչվում, որոնք, սակայն, գրանցված են նրա հարազատների անուններով՝ «Յուքոմ», «Մեգաֆուդ», «Ապեյրոն», «Մեգամոթորս», «Մեգասպորտ», «Խրոնոգրաֆ», «Գալաքսի Կոնցեռն», «Չիմեգ» եւ այլն: Սրանցից մի քանիսի մեջ մասնակցություն ունեն նաեւ Գուրգենն (լուսանկարում) ու Արտյոմը: Վերջիններս իրենց կանանց հետ գրանցված են Տերյան 66 հասցեում՝ տարբեր բնակարաններում: Տերյան 66-ը մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող «HSBC» բանկի բարձրահարկն է: Սակայն Լոս Անջելեսի 355 South Mapleton Drive հասցեի համեմատությամբ Տերյանն 66-ը, կարելի է ասել, աղքատանոց է:
South Mapleton Drive-ը համարվում է Լոս Անջելեսի ամենաթանկ հատվածներից մեկը: Այստեղ շարքային մահկանացուներ չեն ապրում: Հսկա առանձնատներից յուրաքանչյուրում կան մի քանի ննջասենյակներ ու լոգասենյակներ, մի քանի հազար քմ հողամասերում էլ՝ լողավազաններ ու թենիսի կորտեր: Variety.com-ը 2014-ին ներկայացրել է, թե ինչ հայտնի գործարքներ են կատարվել այստեղ:
Խաչատրյանների տան հարեւանությամբ երկար տարիներ ապրել են աշխարհահռչակ «Փլեյբոյի» հիմնադիր Հյու Հեֆները (Hugh Hefner) եւ նրա նախկին կինը՝ Քիմբերլի Քոնրադը (Kimberley Conrad): Այստեղ են ժամանակ անցկացրել «Փլեյբոյի» բազմաթիվ մոդելներ: 2013-ին առանձնատունը վաճառվել է 10 մլն դոլարով, նույն փողոցի վրա գտնվող մեկ այլ տուն ամուսինները 2009-ին վաճառել են 18 մլն-ով: Հոլիվուդյան դերասան Գրեգորի Պեկի (Gregory Peck) այրին՝ Վերոնիկը, 7 ննջասենյակ ունեցող առանձնատունը 22 մլն-ով 2013-ին վաճառել է «Գուգլի» միլիարդատեր Էրիկ Շմիդտին (Eric Schmidt): Պրոդյուսեր եւ անշարժ գույքի ոլորտի մասնագետ Նայլ Նայամին (Nile Niami) 2014-ին իր տունը 44 մլն-ով վաճառել է մի սաուդցու: Շուտով Նայամին վաճառել է մեկ այլ տուն 39 մլն-ով, որի համար մինչ այդ վճարել էր «ընդամենը» 13,75 մլն: Ամերիկյան հեռուստատեսության աստղերից Էլեն ԴեՋեներեսը (Elen DeGeneres), 2014-ի հունվարին գնելով 39,9 մլն դոլար արժողությամբ առանձնատուն, արդեն հուլիսին 55 մլն-ով այն վաճառել է միլիարդատեր գործարար Շոն Պարկերին (Sean Parker): Իսկ ահա հայտնի պրոդյուսեր Աարոն Սփելինգի (Aaron Spelling) այրին՝ հեռուստատեսության աստղ Քենդի Սփելինգը, երկար ժամանակ փորձում էր վաճառել հսկա կալվածքը 150 մլն դոլարով, բայց 2011-ին ոչ պակաս խոշոր գումարով՝ 85 մլն-ով, տունը ծախել է «Ֆորմուլա 1»-ի ղեկավարի 23-ամյա աղջկան՝ մոդել Պետրա Էկլստոունին (Petra Ecclestone):
355 S Mapleton Dr հասցեն
2010 թ. օգոստոսի 6-ին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները 11 մլն դոլարով գնել են 355 S Mapleton Dr հասցեի առանձնատունը: Տան նախկին տերը՝ Բըրնդորֆ (Birndorf) ընտանիքը, այն վաճառքի էր հանել 12,5 մլն-ով, սակայն, փաստորեն, ավելի էժան է վաճառել:
Տունը կառուցվել է 1939-ին, ձեւափոխվել՝ 1949-ին: Շենք-շինությունների մակերեսը 563 քմ է, իսկ ընդհանուր հողատարածքը՝ 6637 քմ:
Առանձանտունը երկհարկանի է, ունի 6 ննջասենյակ, 5 լոգասենյակ, մեծ նախասրահ, շքեղ հյուրասենյակ, ճաշասենյակ, խորդանոց, լուսավոր խոհանոց եւ նախաճաշի առանձին սենյակ: Բակում ունի լողավազան եւ մեծ տաղավար` հյուրասենյակով, թենիսի կորտ՝ լուսավորությամբ, մեծ մակերեսով գազոն եւ այգի՝ մեքենաների կայանման հնարավորությամբ:
Խաչատրյանները տունը գնել են անշարժ գույքի գործակալ Քրիստոֆ Չուի (Christophe Choo) միջոցով, որը հայտնի մասնագետ է այս ոլորտում:
Փոխանցման գործարք
2011-ին Գագիկ Խաչատրյանի որդիներն իրենց վիլլան փոխանցել են Աբրահամ Ստեփանյանին, ով դարձել է դրա հավատարմագրային կառավարիչը (trustee):
Trust-ը (թրասթ, անգլերենից բառացի՝ վստահություն) իրավահարաբերության ձեւ է, երբ տվյալ գույքի, ունեցվածքի սեփականատերը՝ հիմնադիրը, այն հանձնում է հոգաբարձուին կամ կառավարչին (trustee), ով պարտավորվում է ունեցվածքի հետ կատարել այնպիսի գործողություններ, որոնք մաքսիմալ օգուտ կբերեն շահառուներին (բենեֆիցիարներին): Թրասթի յուրահատկությունն այն է, որ հիմնադիրը դրա ստեղծման պահից կորցնում է գույքի հանդեպ սեփականության իրավունքները մինչեւ թրասթի՝ պայմանագրով նախատեսված ավարտը, սակայն նման իրավունքներ չունեն նաեւ կառավարիչն ու շահառուն: Սա, մասնավորապես, լավ է նրանով, որ, օրինակ, հիմնադիրը, իր գույքի մեծ մասը թրասթի վրա փոխանցելով, ցույց է տալիս, որ բավարար ակտիվներ չունի, ինչի շնորհիվ ստանում է հարկային արտոնություններ կամ պետական օգնություն, մյուս կողմից՝ թրասթի անվամբ ձեւակերպված գույքն անհասանելի է դառնում հիմնադրի հավանական պարտատերերի համար: Թրասթը տալիս է այլ հնարավորություններ եւս: Իբրեւ թրասթի կառավարիչ կամ շահառու կամ երկուսը միաժամանակ կարող է հանդես գալ հենց հիմնադիրը: Մասնավորապես, ԱՄՆ-ում բավականին տարածված է ընտանեկան թրասթը (family trust), երբ ընտանիքի ունեցվածքը հանձնվում է անդամներից մեկին՝ կառավարելու համար:
Խաչատրյանները 2010-ին առանձնատունը գնել են հենց «Birndorf Family Trust»-ից եւ դրա կառավարիչ՝ trustee Վիվիան Բըրնդորֆից: 2011-ի մայիսի 19-ին տունը նրանք հանձնել են Աբրահամ Ստեփանյանին (Abraham Stepanian) եւ վերջինիս «Veto Trust»-ին: Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերում այս վերջին գործարքի վերաբերյալ գին չի նշվում, սակայն հայտնի է, որ այն եղել է «quitclaim deed» (իրավունքից, հավակնությունից հրաժարվելու գործարք): Որպես կանոն սրանք այն գործարքներն են, երբ հանձնողն ու ընդունողը կապ ունեն կամ նույն անձն են: Նման գործարքներ հաճախ իրականացվում են ընտանիքի անդամների միջեւ որպես նվերի հանձնում, կամ երբ անձն իր սեփականությունը դնում է ձեռնարկության տրամադրության տակ եւ այլն: Ելնելով սրանից՝ պիտի ենթադրենք, որ Խաչատրյաններն իրենց առանձնատունը հանձնել են Աբրահամ Ստեփանյանին կառավարման նպատակով: Իսկ ո՞վ է Ա. Ստեփանյանը:
Աբրահամը Խաչատրյանների մերձավորներից է: Մասնագիտացած է անշարժ գույքի եւ առողջապահական ոլորտներում: Հատկանշական է, որ նա Քրիստոֆ Չուի նման «Coldwell Banker Residential Brokerage»-ի անշարժ գույքի գործակալ է: Որոշ փաստաթղթերում նրա գրանցման հասցե է նշված Կալիֆոռնիայի Բըրբանք քաղաքը (918 N Evergreen St, Burbank, CA): LinkedIn սոցցանցի իր էջում Ստեփանյանը եւս նշել է հայաշատ Բըրբանքը: Սակայն whitepages.com-ից տեղեկանում ենք, որ նրա ներկա հասցեն Լոս Անջելեսի Տոլուկա Լեյք (Toluka Lake) թաղամասն է, ավելի կոնկրետ՝ 4771 Forman Avenue, բնակարան 303: Այս նույնը նշվում է whitepages.com-ում գրանցված Գուրգեն Խաչատրյանի հասցե:
Այն նաեւ «Veto Trust»-ի հասցեն է:
Խաչատրյանների եւ Ստեփանյանի կապը հաստատվում է նաեւ նրանով, որ եղբայրները հայաստանյան «Ապեյրոնի» պես ժամանակին «Apeyron USA Inc.» անունով ընկերություն են հիմնել Լոս Անջելեսում, որը ներկայում, ըստ համացանցային տեղեկությունների, ակտիվ չէ: Չի գործում նաեւ ընկերության www.apeyronusa.com կայքը: Ընկերության՝ LinkedIn սոցկայքի էջումնշվում է, որ զբաղվում է արտահանմամբ եւ ներմուծմամբ, առանցքային ուղղությունը խանութներին, սուպերմարկետներին բնական սննդի մատակարարումն է: Սակայն bizstanding.com-ի տվյալներով՝ ներկայում նույն անունով մեկ այլ ընկերությունակտիվ է: Դրա ղեկավարը Աբրահամ Ստեփանյանն է:
Փնտրվում է գնորդ
2015 թ.-ին, ըստ հարկային փաստաթղթերի, Խաչատրյանների տունը գնահատվել է 11.726.053 դոլար, որից հողի արժեքը 8.528.039 դոլար է, իսկ շենք-շինություններինը՝ 3.198.014: Տակավին վերջերս՝ հունիսի 17-ին, առանձնատունը հանվել է վաճառքի, գինը՝ 35 մլն դոլար: Լոտի ընդհանուր մակերեսը 6720 քմ է, որից 563-ը՝ շենք-շինությունները: Վաճառքով զբաղվում է նույն գործակալը՝ Քրիսֆոտ Չուն:
530 S Mapleton Dr հասցեն եւ Գուրգեն Խաչատրյանը
2011-ի օգոստոսի 5-ին Գուրգեն Խաչատրյանը եւ «Veto Trust»-ը 14.400.144 դոլարով ձեռք են բերել 530 South Mapleton Drive հասցեի տունը (նախնական գինը եղել է 14.750.000): Վաճառողները եղել են Ռոբերտ Ա. Հարաբեդյանը (Robert A. Harabedian), Լեսլի Ս. Քլինգերը (Leslie S. Klinger) եւ «Mapleton Trust»-ը: Գործարքի միջնորդը եղել է Քրիստոֆ Չուն: Փաստորեն, տունն անցել է «Veto Trust»-ին եւ դրա կառավարիչ՝ trustee Գուրգեն Խաչատրյանին (թրասթի կառավարիչ կարող են լինել մի քանի հոգի):
Առանձնատունը կառուցվել է 1927-ին: Ընդհանուր տարածքը 5220 քմ է, իսկ շենք-շինություններինը՝ 594: Երկհարկանի տունն ունեցել է 5 ննջասենյակ եւ 6 լոգասենյակ: 2015 թ.-ին, ըստ հարկային փաստաթղթերի, այս առանձնատունը (շինությունները եւ հողը) գնահատվել է 15.049.480 դոլար:
2016-ի փետրվարին արբանյակից արված լուսանկարներում երեւում է, որ առանձնատան տարածքը վերածվել է շինհրապարակի, եւ այլեւս գոյություն չունեցող տան փոխարեն նոր շինություն է կառուցվում:
Այս տարվա հունիսի 13-ին տեղի է ունեցել նոր գործարք. հողատարածքը «Veto Trust»-ից Գուրգեն Խաչատրյանը փոխանցել է «Wrh» ՍՊԸ-ին (գտնվում է նույն Տոլուկա Լեյքում): Փաստաթղթերում գործարքը ներկայացված է իբրեւ trustee’s deed (deed of trust` կառավարչի գործարք, թրասթի գործարք): Կալիֆոռնիա նահանգում սա համապատասխանում է հիպոթեքային գործարքին: Այս պարագայում գործող անձինք են պարտապանը, պարտատերը եւ կառավարիչը. վերջինս այս դեպքում անկախ երրորդ անձ է, որի իրավասության ներքո է անցնում պարտապանի գույքը, եւ եթե վերջինս պարտքը չի վճարում, կառավարիչն իրավունք ունի հրապարակային աճուրդով վաճառել գույքը:
Գլխավոր լուսանկարում՝ 355 S Mapleton Dr հասցեի տունը եւ Գուրգեն Խաչատրյանը (Գ. Խաչատրյանի լուսանկարները՝ wnews.am-ից)
Ամբողջությամբ կարդացեք hetq.am
Չինաստանում արտառոց դեպք է եղել: Կինը մկրատով սեփական երեխայի դեմքին հարվածներ է հասցրել։ Բժիշկները 90 կար են դրել: Երեխային հայտնաբերել են երկու քեռիները: Նրանք շտապ տեղափոխել են երեխային հիվանդանոց: Տղամարդիկ իրավապահ մարմիններին խնդրում են երեխային հեռու պահել մորից։Այս ամենից կարելի է ենթադրել, որ մայրը տառապում է հոգեկան հիվանդությամբ, սակայն իրավապահ մարմինները հայտնել են, որ հիվանդությունը հաստատող փաստաթուղթ չլինելու պատճառով նրանք չեն կարող ոչինչ անել:



Երեկվա հայհոյանքներից հետո այսօր ԱԺ-ում պատգամավորները հանգիստ էին, իսկ պատգամավորների բարձր տրամադրությունը ապահովեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Աժ նախագահ այսօր լեզվական սայթաքում ունեցավ` «Բավրայի սահմանային անցակետի» փոխարեն ասելով «Բավարիայի սահմանային անցակետ»:
ԱԺ նախագահի լեզվական սայթաքումը ստիպեց, որ պատգամավորները ծիծաղից թուլանան. մինչ պատգամավորները ծիծաղից թուլացել էին, Գ. Սահակյանը հարցրեց. «Ի՞նչ ա եղել, որ ծիծաղում եք: Քվեարկությո՛ւն»:
Հուլիսի 3-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Դրան հաջորդող մեռելոցի երկուշաբթին կլինի աշխատանքային այն ոչ աշխատանքային դարձնելու մասին որեւէ առաջարկ չկա Կառավարության նիստի օրակարգում:
Նշենք, որ մեռելոցի երկուշաբթիները աշխատանքային օր դարձնելու ջատագովը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, նա բազմիցս հայտարարել է, որ եկեղեցական տոներին չաշխատելը երկրի տնտեսության վրա բացասաբար է ազդում։ Սակայն այս հարցում լուրջ դիմադրություն կա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից: Հետաքրքիր է, որ հուլիսի 5-ին էլ Սահմանադրության օրն է, ոչ աշխատանքային, եւ եթե Վարդավառին հաջորդող երկուշաբթին՝ հուլիսի 4-ը լիներ ոչ աշխատանքային, ապա մի շարք քաղաքացիներ չորս օր կհանգստանային:
Հանուն արդարության պետք է նշել, որ այս ոչ աշխատանքային մեռելոցներից եւ հանգստյան տոն օրերից օգտվում են մի խումբ մարդիկ, շատ-շատերը շարունակում են աշխատել այդ օրերին։
Հունիսի 29-ին՝ 79 տարեկան հասակում մահացել է գրող Հրանտ Մաթևոսյանի եղբայրը՝ արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը՝ Հրաչօն։
2007 թվականի հոկտեմբերի 26-ին Հրաչյա Մաթևոսյանը հույժ գաղտնի հեռագիր էր հղել ՀՀ նախագահին և ստացել:
Հույժ գաղտնի հեռագիր ՀՀ հույժ գաղտնի նախագահին
Ոչ վսեմաշուք, ոչ վսեմափայլ, ոչ մեծարգո… պարզ ու հասարակ, հասկանալի ասենք` պարոն նախագահ. Դիմակավորված իշխանավորները նորություն չէ, որ կրկնադիմակավորվում են` հենց իրենք պատռելով իրենց դիմակները:
Քո պատրաստած ստորաքարշները, եվրոպական ու միջազգային չափանիշի հանցագործները հայոց երկրի հետ հավասար ավերում են հայոց հոգիները, բզկտում մարդկային երազանքները, իրագործում հայրենալքության ծրագիրը: Հոկտեմբերի 23-ի դեպքերը ցույց տվեցին, որ Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել ամբողջ Հայաստանով մեկ` մարզ առ մարզ, գյուղ առ գյուղ: Դուք (ձեր ոհմակով հանդերձ) կարող եք հպարտանալ, որ պատրաստ եք ձեր տերերին զեկուցել` կատարված է հրամանը` ծնկի է բերվել հայ ժողովուրդը, երկրի տերը մնում է խուժանը: Այո, կարող եք հպարտանալ, որ մարտունակ բանակ ունեք` ժողովրդաջարդ կարող եք կազմակերպել ամենուր` ապավինելով կլանային ուժերին: Ճիշտ է` հարստահարության ցնծագին ձեր տարիներին անտարբեր-ամորձատյալ դարձրիք ժողովրդին, բայց, հավատացեք, չի մեռել ժողովրդի ոգին, էստեղ-էնտեղ բոցկլտում են ազատության ազնիվ հրդեհները: Մարել չի լինի: Ի՞նչ եմ խնդրում Հայաստանը ավերողից. անեծքի տակ մի մտեք:
Կատարեք մի քայլ, որ ժողովուրդը չհավատա աչքի տեսածին, ականջով լսածին, որ զարմանա` սա մի՞թե մեզ եսիր դարձրած, մեր տանը մեզ օտար դարձրած Ռոբերտ Քոչարյանն է: Պիտի որ լսած լինեք Հովհաննես Թումանյանի անունը: Նա հարյուր տարի առաջ, կասեի` ամբողջ կյանքում, սպիտակ դրոշ պարզեց, խաղաղության, բարիդրացիության դրոշ, հիշեցրեց նաեւ` մենք նույնպես կարող ենք օրորոց արնոտել: Ես այսօր իսկ սպիտակ դրոշ եմ պարզում: Թե չէ խայտառակ կլինենք ինչպես մեր պատմության, էնպես էլ սերունդների (թեկուզ աշխարհացան) առջեւ: Էս տարիների ընթացքում թշնամիներին շատ ես ուրախացրել, վերջին ուրախությունից զրկիր նրանց: Մտիր ժողովրդի մեջ, 26-ի հանրահավաքին ինքդ նույնպես մասնակցիր ոչ որպես դիտորդ: Հավատում եմ, որ ամլացած, հայազուրկ դարձած ձեր դրածոների ձեռքով, մանավանդ աքացիներից ոչ մի հայի, մանավանդ հայ կնոջ քթից մի պուտ արյուն չի կաթելու:
Եւ հենց դրանով դուք կգնաք դեպի նախագահական սպասված վախճանին ընդառաջ` ձեր դիզած-կլանած ինչքով:
Հ.Գ. Գրածիս համար խնդրում եմ դավ չնյութեք խմբագրի դեմ: Ստիպել եմ, որ տպագրի:
Հրաչյա Մաթեւոսյան
ՀՀ քաղաքացի
http://zhamanak.1in.am/article/7379/
Զորակոչային հանձնաժողովի կազմում ընդգրկված՝ «Մարտունու» բժշկական կենտրոնի բժիշկ Վիկտոր Սահակյանը երկրոդ անգամ դատապարտվեց ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ի մասով՝(պաշտոնեական անփութություն):
Գեղարքունի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Սահակյանը ինչպես նախորդ անգամ այս անգամ ևս դատապարտվեց տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ըստ մեղադրանքի՝ Վիկտոր Սահակյանը, ընդգրկված լինելով Մարտունու զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի կազմում՝ որպես բժիշկ-սրտաբան, 26.03.2015թ. կատարել է պաշտոնեական անփութություն, այն է՝ զորակոչի ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչ Պարգև Սողոմոնյանի սրտի հետազոտություն կատարելիս, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով, պատշաճ կերպով չի կատարել իր պարտականությունները՝ երկու օրվա մեջ՝ 2015թ. մարտի 25-ին և 26-ին «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից էլեկտրասրտագրության երկու տարբեր արդյունքներ ստանալով, Պ.Սողոմոնյանին չի ուղարկել նեղ մասնագիտական հետազոտման /Հոլտեր-մոնիթորինգ/, որի արդյունքում չի հայտնաբերել Պ.Սողոմոնյանի մոտ առկա սրտի հիվանդությունը:
Վիկտոր Սահակյանը՝ Սողոմոնյանին տվել է սահմանափակումով զինծառայությանը Պ.Սողոմոնյանի պիտանի լինելու վերաբերյալ եզրակացություն, ինչի հիման վրա Պ.Սողոմոնյանը ճանաչվել է զինծառայությանը պիտանի սահմանափակումով և 02.07.2015թ. զորակոչվել է ՀՀ ԶՈՒ:
Սակայն ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ուղեգրով կատարված Հոլտեր-մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ Պ.Սողոմոնյանի մոտ հայտնաբերվել է «Սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստոլիա /մինչև 11000 օրեկան/ ալլոռիթմիայի /բիգեմինիայի, տրիգեմինիայի/ էպիզոդներով: Եզակի սուպրավենտրիկուլյար էքստրասիստոլիա» հիվանդությունը և ԿՌԲՀ-ի որոշմամբ նա ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և վաղաժամկետ զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:
Ամբաստանյալ բժիշկն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ Պարգև Սողոմոնյանը 2013թվականի փետրվարի 12-ին Մարտունու զինկոմիսարիատի կողմից «Էքստրասիստոլիկ առիթմիա» նախնական ախտորոշմամբ ուղեգրվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն ստացիոնար հետազոտման, որտեղից ստացված առողջական վիճակի ակտի հիման վրա, վերջինիս մոտ ախտորոշվել է «Հաճախակի փորոքային էքստրասիստոլիա» հիվանդությունը և իր կողմից տրված եզրակացությամբ Պ.Սողոմոնյանը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար՝ սահմանափակումով:
Այնուհետև, 2015թ. ամառային զորակոչին ընդառաջ, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ, համապատասխան բժշկական հետազոտությունների ենթարկվելու նպատակով Մարտունու զինվորական կոմիսարիատից 2015 թվականի մարտի 25-ին ուղեգրվել է «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ: Նշված բժշկական կենտրոնից ստացված եզրակացության հիման վրա Պ. Սողոմոնյանի մոտ ախտորոշվել է «Սինուսային առիթմիա՝ 100-70 զ. 1 րոպեում, միջին հաշվով, հաճախակի փորոքային էքստրասիստոլիա» հիվանդությունը: Էքստրասիստոլիաների կայուն լինելու կամ չլինելու հանգամանքը պարզելու նպատակով, իր կողմից 2015 թվականի մարտի 26-ին նույն բժշկական կենտրոնում նշանակվել է կրկնակի էլեկտրասրտագրություն, որի արդյունքում Պ. Սողոմոնյանի մոտ ախտորոշվել է «Սինուսային առիթմիա 75-52զ. 1/սմ, սրտի Էլ. առանցքի թեքում» հիվանդությունը:
Հիմք ընդունելով 2015թվականի մարտի 26-ի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ կողմից տրված եզրակացությունը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Պ. Սողոմոնյանի սիրտը լսելիս, նրա սրտի աշխատանքի ռիթմը եղել է կանոնավոր՝ պաթոլոգիա չի հայտնաբերել և Սողոմոնյանին չի ուղարկել նեղ մասնագիտական հետազոտման /Հոլտեր-մոնիթորինգ/, այլ ճանաչել է պիտանի զինվորական ծառայության համար՝ սահմանափակումով և վերջինս զորակոչվել է ՀՀ ԶՈՒ:
Ամբաստանյալ բժշկի կատարած հանցանքը հիմնավորվել է տուժող Պարգև Սողոմոնյանը ցուցմունքներով այն մասին, որ ինքը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար՝ սահմանափակումով:, սակայն 2015 թվականի հուլիսի 02-ին զորակոչման նպատակով, զինկոմիսարիատից տեղափոխվել է կենտրոնական հավաքակայան, որտեղից 2015 թվականի հուլիսի 03-ին իրեն ուղարկել են կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ բուժման և հետազոտման: 2015 թվականի օգոստոսի 05 ԿՌԲՀ-ի որոշմամբ ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի սահմանափակումով՝ պատերազմի ժամանակ և վաղաժամկետ զորացրվել է պահեստազոր:
Սողոմոնյանը նաև նշել է, որ 2015թ. ամառային զորակոչի ընթացքում, բուժհետազոտության ժամանակ, զորակոչային հանձնաժողովի բժիշկ-սրտաբանին սրտի հետ կապված գանգատներ է ներկայացրել, սակայն վերջինս պատասխանել է, որ իր մոտ դեպի առողջացման դինամիկա է նկատվում:
Դատաքննության ընթացքում հարցաքննվել է նաև վկա Հանրապետական զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ, փոխգնդապետ Հովհաննես Մինասյանը, ով հայտնել է, որ Սողոմոնյանի առողջական վիճակի հետազոտման ակտի հետ կապված երկու տարբեր ախտորոշումների առկայության դեպքում Մարտունու զորակոչային հանձնաժողովի բժիշկ-սրտաբան՝ Վիկտոր Սահակյանը պետք է Պարգև Սողոմոնյանին ուղեգրեր նեղ մասնագիտական՝ հոլտեր-մոնիտորինգ հետազոտման և միայն դրանից հետո եզրակացություն տար Պարգև Սողոմոնյանի պիտանիության վերաբերյալ:
Ըստ փոխգնդապետ Հովհաննես Մինասյանի՝ բժիշկ Վիկտոր Սահակյանը ճիշտ չի գնահատել հիվանդության արտահայտման աստիճանը և հիմք է ընդունել միայն 2015 թվականի փետրվարի 26-ին ԷՍԳ հետազոտության արդյունքները, ինչը սխալ:
Ամբաստանյալի կատարած հանցանքը հիմնավորվել է նաև Մարտունու զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Ջիվան Ավետիսյանի և նույն բաժանմունքի զորակոչի խմբի պետ, կապիտան Սեյրան Խուդաբաշյանի ցուցմունքներով, ովքեր հայտնել են, որ Կենտրոնական հավաքակայանում ուսումնասիրելով Պ. Սողոմոնյանի անձնական գործը, ինչպես նաև առանձնազրույց ունենալով նրա հետ, հանգել են նրան, որ Սողոմոնյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով նրան տեղափոխել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ ենթարկվել է համապատասխան բժշկական հետազոտությունների, որի արդյունքում Սողոմոնյանը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության խաղաղ ժամանակ և պիտանի՝ սահմանափակումով` պատերազմի ժամանակ:
Նշենք նաև, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն ՝ սրտաբանի կողմից ճիշտ չի գնահատվել զինակոչիկի հիվանդության արտահայտման աստիճանը, որի ճիշտ գնահատման դեպքում Սողոմոնյանը պետք է ներկայացվեր ԿԲՀ-ի հետագա հետազոտման ծավալների /Հոլտեր մոնիտորինգի իրականացման հարցը լուծելու/ և դրա հետ կապված զինակոչիկի զինծառայությանը պիտանելիության հարցը պարզելու համար:
Ըստ փորձաքննության՝ Պ.Սողոմոնյանի մոտ առկա «Սրտի Ռիթմի խանգարումներ՝ հաճախակի փորոքային էքստրասիստոլիա», հիվանդությունը ըստ էության ձեռք բերովի է:
Էլեկտրասրտագրության սարքավորումով իրականացված հետազոտությամբ հնարավոր էր հայտնաբերել Սողոմոնյանի մոտ առկա հիվանդությունը՝ սրտի ռիթմի խանգարումը, որը և հայտնաբերվել է սրտաբանի կողմից զորակոչի ընթացքում:
Դատարանը հետազոտելով և գնահատելով գործում եղած ապացույցներն իրենց համակցությամբ, ներքին համոզմամբ, հանգել է հետևության, որ ամբաստանյալ Վիկտոր Սահակյանը կատարել է հանցավոր արարք և ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի:
Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առնել այն հանգամանքը, որ նշված ԲԿ-ում որտեղ աշխատում է ամբաստանյալը՝ վերջինս գնահատվում է դրականորեն, 66 տարեկան է, տուժողը բողոք չի ներկայացրել և խնդրել է ամբաստանյալին չպատժել:
Միևնույն ժամանակ նրա պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք չի արձանագրվել:
Հիշեցնենք նաև, որ այս նույն բժշկի թեթև ձեռքով Կարեն անունով մեկ այլ երիտասարդ ճանաչվել էր պիտանի ծառայության համար և զորակոչվել էր ՀՀ ԶՈւ՝ ժամկետային զինծառայության, վերջինիս սակայն ծառայության ընթացքում արձակուրդ է տրամադրվել և հենց այդ ժամանակ էլ կատարված մի շարք հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է հիվանդություն և ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար և զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:
Այս գործով ևս բժիշկն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և դատապարտվել է կրկին 300 000 ՀՀ դրամի չափով տուգանքի:
Աղբյուր` Փաստինֆո
Այսօր, տեղի ժամանակով ժամը 21:00-ին, Բաքվում կհանդիպեն ադրբեջանական «Գաբալա» և Վրաստանի «Սամտրեդիա» թիմերը` Եվրոլիգայի որակավորման առաջին փուլում: Պետք է ասել, որ վրացի և ազերի ֆուտբոլային ֆանատների թշնամանքը հասել է գագաթնակետին։Ծեծկռտուքն ու դրոշների այրումը, միմյանց արժանապատվությունը վիրավորող պաստառների ցուցադրումն ու անկարգությունները մշտապես ուղեկցում են այս երկու ազգերի ֆուտբոլային խաղերի ժամանակ:
Բաքուն հայտարարել էր, թե երեք հազար ոստիկաններ կհսկեն կարգուկանոնը մարզադաշտի տարածքում, մեծ թվով ոստիկաններ պարեկություն կանեն մայրաքաղաքում:
Երեկ պարզվեց, որ «Սամտրեդիան» ժամանել է Բաքու, սակայն Վրաստանից ոչ մի մարզասեր չի ժամանել Ադրբեջան: ««Սամտրեդիային» ոչ ոք մարզադաշտում չի աջակցի» վերնագրով նյութեր են հրապարակել ադրբեջանական ԶԼՄ-ները: Արդյոք վրացիները բախումներից խուսափելու համա՞ր են մենակ թողել իրենց թիմին, թե փոխհամաձայնեցված. ադրբեջանցիներն էլ հունիսի 7-ի պատասխան խաղին չեն ժամանի Թբիլիսի:
Հնարավոր է, որ այսօր վրացական թիմի երկրպագուները ժամանեն Բաքու: Այս դեպքում « բախումներն ու անկարգություններն անխուսափելի կլինեն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.