29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Կառավարությանն անվստահություն հայտնելու ՀՅԴ խմբակցության հայցադիմում-առաջարկին դեմ չքվեարկած պատգամավորների պահվածքի վերաբերյալ դաշնակցականների այն դիտարկմանը, թե դա ցույց էր տալիս, որ շատ հանրապետականներ հոգու խորքում համաձայն էին իրենց հետ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հակադարձել էր, թե շատ դաշնակցականներ էլ իրենց են հոգու խորքում պաշտպանում:
Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե կարիք չկա «Հանրապետականի հոգու խորքն այդպես ուսումնասիրելու», քանի որ ամեն ինչը բաց է, քանի որ իրենք իրենց մտքերը բաց են արտահայտում: Եվ քանի որ Գալուստ Գրիգորիչը հատուկ սեր ունի ոչ միայն մտքերը բաց արտահայտելու նկատմամբ, այլ ընդհանրապես ամենաունիկալ մտքեր արտահայտելն է Գալուստ Գրիգորիչի մոտ մի առնաձնահատուկ սիրով արվում, այս առիթը ևս բաց չթողնվեց: Իսկ առիթը ներկա կառավարությանն անվստահություն հայտնելու հիմքերն էին:
«Ես մտածում եմ` տեսնես այնպիսի պայմաններ կլինի՞ ստեղծել, ինչպես եղավ Անդրանիկ Մարգարյանի և նրա հաջորդ Սերժ Սարգսյանի ժամանակ: 2000թ. կառավարությունը 72 մլրդ պարտք էր թոշակառուներին, ուսուցիչներին: Ոչ միայն այդ պարտքը փակվեց, այլև գնալով տնտեսությունը զարգացավ»,- նոստալգիայի մեջ ընկավ Գալուստ Գրիգորիչը:
Փաստորեն, դուրս է գալիս, որ դաշնակցության ներկայացրած հայցադիմումին տրված պատասխանում կառավարությունն ավելի քան անշնորք կերպով էր իրեն պահել` իր ներկա ձախողումների մեղքը բարդելով նախորդների վրա, որոնցից իբր ժառանգել էր արտաքին ազդակներին դիմակայելու անընդունակ տնտեսություն և այլն: Մինչ այդ էլ արդեն տևական ժամանակ Տիգրան Սարգսյանի կառավարության ինտելեկտուալները Քոչարյանի կառավարման շրջանի երկնիշ տնտեսական աճը փորձում էին ավելի ու ավելի ներկայացնել որպես փուչիկ: Բայց արի ու տես, որ դա ոչ թե ուղղակի աննախընթաց տնտեսական աճ էր, ոչ թե ուղղակի կովկասյան վագրի թռիչք էր, այլ պարզապես «ոսկե դար» էր` Հայաստանի տնտեսության զարգացման ոսկեդարը, որ, ոնց տեսնում ենք, գնաց ու, Աստված գիտե` էլ ե՞րբ հետ կգա: Իսկ Հայաստանի տնտեսության դիտարկումը ցույց է տալիս մի բան` գնալով մեզ մոտ ոչ թե առաջընթաց է լինում, այլ միայն ու միայն հետընթաց: Այնպես որ, հե~յ գիտի ոսկեդար, հե~յ գիտի Անդրանիկ Մարգարյան: Մեկ էլ տեսնես ե՞րբ ըտենց վարչապետ կունենանք:
Պաշտոնավարման հետագայի հարցը այսօր դարձյալ խորհրդարան էր բերել գործադիր կաբինետի ղեկավարին ու անդամներին: Ազգային ժողովն այսօր էր հաստատելու 2010թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը, որ ներկայացվել էր այս քառօրյայից առաջ: Ամեն ինչ կախված էր հենց այս հաստատումից: Իսկ երեկ դաշնակցության ներկայացրած կառավարությանն անվստահություն հայտնելու հայցադիմում-առաջարկի քվեարկությունը ավելի քան ակնառու կերպով ցույց տվեց, թե ինչ վարկանիշ ունի Տիգրան Սարգսյանն ու իր կառավարությունը խորհրդարանում. 97 գրանցվածի դեպքում 23 մասնակիցներից միայն 13 դեմ-ով Տիգրան Սարգսյանի փրկվելը նշանակում էր մի բան. ՀՀ գործադիրը վարկանիշ չունի:
Դրանից հետո արդեն կառավարության հարց ու պատասխանի ժամանակ կրքերն ավելի սրվեցին: Պատգամավոր Գոհարիկ Ենոքյանը հարց ուղղեց կառավարությանը` անպայման պատասխան ակնկալելով վարչապետից: Սակայն վարչապետը տեղից վեր չկացավ: Հաջորդ հարց տվող Մանվել Բադեյանի հարցը բոլորովին վարչապետական պատասխան չէր ակնկալում, բայց չգիտես ինչու վարչապետը որոշեց անձամբ պատասխանել: Հենց այդ ժամանակ էլ Գոհարիկ Ենոքյանը վեր կացավ և դահլիճից դուրս գալով դուռը այնպես շրխկացրեց, որ խորհրդարանի նիստերի դահլիճը մի պահ դղրդաց:
Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի վերջին հարցը Տիգրան Սարգսյանի լինել — չլինելու հարցն էր: Ինչպես միշտ, վարչապետը սկսեց արդարանալ, հայտնեց, թե 2010թ. տնտեսության աստիճանական վերականգնման տարի է, որ կառավարության գլխավոր խնդիրը եղել է ճգնաժամի հետևանքների վերականգնումը, ինչի արդյունքում 2,1 տոկոս աճ է ապահովվել, որ բյուջեի եկամուտները կազմել են 780 մլրդ դրամ, ինչը 13 տոկոսով ավելի է, քան 2009թ. և այլն:
Թե ինչեր է ասում վարչապետը, ինչպես է փորձում արդարացնել կառավարության ձախողումները երևի թե այդքան էլ էական չեն, շատ ավելի էական է այն, թե ինչպես է օրենսդիրի բարեհաճությունը չվայելող վարչապետը և իր գլխավորած կաբինետը շարունակում պաշտոնավարել և արժանանալ ԱԺ դաբրոյին: Այնպես որ, այսօրվա` 2010թ. բյուջեի կատարողականին պատգամավորների տված հավանության համար վարչապետը դարձյալ պետք է շնորհակալ լինի ոչ թե ժողովրդի ընտրյալներին (բնականաբար, վերջիններիս էլ պետք է մեծ շնորհակալություն հայտնի իր նման վարչապետ հանդուրժելու համար), այլ նրան, ով նշանակել է իրեն այդ պաշտոնին և շարունակում է հանդուրժել:
Դաշնակցությունն այսօր Ազգային ժողովի դատին ներկայացրեց կառավարությանը պատասխանատվության կանչելու և անվստահություն հայտնելու հարցապնդում-առաջարկը: ՀՅԴ-ն ասում է, թե կառավարությանը հարկավոր է անվստահություն հայտնել և անհրաժեշտ է դա անել հենց հիմա, քանի որ 4 ամիս հետո շատ ավելի վատ է լինելու, քանի որ այս կառավարությունն օրեցօր միայն ավելի է վատացնում իրավիճակը: Նման եզրակացության հանգելուն ԱԺ ընդդիմադիր խմբակցության համար հիմք են ծառայել կոալցիոն հուշագրի 22 առաջնահերթությունները, կառավարության հռչակած ծրագրերը, նախանշած նպատակները և կատարած քայլերը:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ կառավարությունը «առնվազն հինգ ուղղությամբ ձախողել է` սոցիալ—տնտեսական քաղաքականության հռչակած ցուցանիշների մասով, հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետության մասով, ՀՀ կառավարության նախաձեռնած մի շարք իրավական ակտերի սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխանության մասով, գնաճի զսպման կարողության մասով, հայրենադարձության խթանման և արտագաղթի կանխման արդյունավետության մասով»:
ՀՅԴ-ն իր նկատառումները նախ ներկայացրել է կառավարությանը, որտեղից ստացված պատասխանը ընդդիմադիրներին ավելի է համոզել իրենց իրավացիության մեջ: Կառավարությունն իր հռչակած ծրագրերի ձախողումը կապում է հիմնականում ճգնաժամի և նախկինից ժառանգած` արտաքին ցնցումների նկատմամբ խիստ զգայուն տնտեսական համակարգ ունենալու հետ: Եթե նման ժառանգություն են ստացել, ի՞նչ կարող ենք անել` ասել են կառավարությունում: Դաշնակցականները սակայն բացել են կառավարության 2008թ. ծրագիրը, որտեղից պարզ երևում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանը 2008-ին շնորհակալություն էր հայտնում, որ ավելի քան լավ ժառանգություն է ստացել:
«Տնտեսական աճի բարձր տեմպերը երկրի հետագա զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման համար լավ հիմքեր են ստեղծել: Տնտեսական աճի և սոցիալական ճիշտ քաղաքականության շնորհիվ արձանագրվել է աղքատության զգալի կրճատում: 2001-2006թ-ից տարեկան 13 տոկոս աճը ամենաբարձրն է տարածաշրջանում» և այսպես շարունակ: Անցնում է երեք տարի և ահա թե ինչ է ասում կառավարությունը. «Մինչ ճգնաժամը մեր երկրի տնտեսական համակարգը կուտակել էր արդեն իսկ արտաքին ցնցումներին դիմակայելու թույլ կարողություններ և տնտեսությունում ճշգրտումների զգալի պահանջ, իսկ ճգնաժամը ուղղակի արագացրեց այդ գործընթացը»:
«Տպավորությունը այն է, որ այս երեք տարիների ընթացքում կառավարությունը արել է մի բան, ասել է մի բան, իսկ մտածել է բոլորից թաքուն միանգամայն այլ բան»,- ասում է Արմեն Ռուստամյանը: Դաշնակցականներն ասում են` եթե նման համակարգ էր բաժին ընկել, ապա ինչու՞ էիք գովերգում այդ համակարգը, եթե պատճառը ճգնաժամն էր, ապա ինչու՞ էր այն ժամանակ, երբ արդեն աշխարհի գերտերությունները իրար էին խառնվել, որպեսզի կարողանան ճգնաժամը մի փոքր հաղթահարել, ասում, թե ճգնաժամը մեզ չի սպառնում, թե մենք անգամ կարող ենք դրանից օգուտ քաղել: Իսկ գյուղատնտեսության բնագավառում անցյալ տարի արձանագրված խայտառակ անկումն արդեն կառավարությունը վերագրում է բնակլիմայական պայմաններին:
«Ժառանգություն, ճգնաժամ, և բնակլիմայական պայմաններ: Մնում է միայն ցավակցել կառավարությանը, որ նրան բաժին է ընկել նման համակարգ»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն առաջարկեց կառավարությանը անվստահություն հայտնելու առաջարկի քվեարկությունը կազմակերպել վաղը: ԱԺ նախագահը պատասխանեց, թե կարիք չկա, քանի որ կոալիցիան, միևնույն է, դեմ է քվեարկելու: Հենց այդ ժամանակ էլ քվեարկությունները սկսեցին իրար հետևից տապալվել: Ասպարեզ մտավ նաև Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը: Նա որոշեց դաս տալ Հովիկ Աբրահամյանին և ցույց տալ բոլորին, թե ինչ կարգի բարձր պրոֆեսիոնալ կորցրեց ՀՀԿ-ն` ի դեմս իրեն: ՀՅԴ-ն առաջարկն ուղղել էր ՀՀ նախագահին` կառավարության անվստահության հարցը քննարկելու համար: ԱԺ նախկին խոսնակը հայտարարեց, թե ըստ ՀՀ Սահմանադրության կառավարությանը կարող է անվստահություն հայտնել միայն Ազգային ժողովը, իսկ նախագահը` ոչ: Հովիկ Աբրահամյանը խնդրեց ասել իրեն, թե դա ո՞ր հոդվածն է, որ կարդա, բայց դաշնակցականները պնդեցին, թե իրենց հարցապնդում-առաջարկը միանգամայն օրինական է: Երրորդ անգամ միայն քվեարկությունը կայացավ: Եվ հենց այս քվեարկությունն էլ բացահայտեց, թե ինչքան դժգոհներ կան խորհրդարանում Տիգրան Սարգսյանի կառավարությունից:
Գրանցված 97 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին ընդամենը 23-ը, միայն ընդամենը 13-ը դեմ քվեարկեց, այսինքն` փրկեց Տիգրան Սարգսյանին և նրա նախարարներին, իսկ 10 դաշնակցականները, բնականաբար, կողմ քվեարկեցին: Արդյո՞ք եթե «Ժառանգությունը» մասնակցեր նիստի աշխատանքներին և աջակցեր ՀՅԴ-ին` կարելի կլիներ իսկապես կառավարության անվստահության հարցը բարձրացնել մինչև նախագահ: Դժվար է ասել… Չի բացառվում, որ այն ժամանակ ևս մի երեք հոգի կգտնվեին` Տիգրան Սարգսյանին փրկելու համար, սակայն անգամ այդ հնարավորությունը տեղ չի թողնում կասկածի, որ այսօրվա քվեարկությունը ավելի քան հստակ պատասխան էր կառավարությանը: Պետք է առնվազն կույր լինել` քաղաքական հստակ դիրքորոշում չտեսնելու համար կոալիցիայի պատգամավորների չքվեարկելու մեջ: Իսկ դաշնակցության բերած փաստերը ավելի քան խոսուն էին…
Վաղը Ազգային ժողովը կսկսի քննարկել համաներման հարցը: Անկախությունից ի վեր՝ սա արդեն 9-րդ համաներումն է, սակայն ենթադրվում է, որ այս անգամ ևս ցմահ ազատազրկման դատապարտվածների վրա ոչ մի ազդեցություն չի գործի: Այս կատեգորիայի նկատմամբ չի գործում նաև օրենսդրությամբ սահմանված պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքը. դատապարտյալին օրենքով թույլատրվում է, 20 տարին լրանալուց հետո, դիմել հանձնաժողովին, սակայն գաղտնիք չէ, որ դատապարտյալին զրկում են այդ հնարավորությունից: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից փորձեցինք տեղեկություն ստանալ ցմահների նկատմամբ համաներման հնարավոր ազդեցության վերաբերյալ: Նախարարի պատասխանները դիտարկելիս հարկ է հաշվի առնել այս օրերի ընթացքում պաշտոնյաների դրսևորած խիստ զգուշավոր պահվածքը. բոլորը տալիս են խուսափողական պատասխաններ` վախենալով, որ ինչ-որ տեղեկություն կարող է հրապարակ նետվել հենց իրենց միջոցով:
— Պարո´ն նախարար, համաներումը ցմահ ազատազրկվածների վրա տարածվելու՞ է, թե՞ ոչ:
— Վաղը համաներումը կլինի, կտեսնենք, ես չգիտեմ:
— Բայց Դուք եք նախարարը, չգիտե՞ք:
— Ես Ձեզ էս պահին չեմ կարող ասել:
— Ցմահ ազատազրկվածները միշտ մնում են լուսանցքից դուրս: Նրանց նկատմամբ անգամ պայմանական վաղաժամկետ ազատումը չի կիրառվում, կոնկրետ Մանուկ Սեմերջյանի 20 տարին լրացել է, նա արդեն կարող է դիմել պայմանական վաղաժամկետ ազատման համար, սակայն նրան մերժում են: Քաղաքական կամքի բացակայությու՞նն է պատճառը, թե՞ այլ պատճառ կա, որ այս մարդկանց այսպես են վերաբերվում:
— Դե, էդ մարդիկ հասարակության համար ամենավտանգավոր, ըստ իրենց դատավճռի, մարդիկ են, և դրանով է պայմանավորված: Առաջին դեպքն ա, որ 20 տարին լրացել ա, բայց… չգիտեմ, էդ հանձնաժողովն իմ լիազորությունների շրջանակում չի, դրա համար էլ միջգերատեսչական անկախ հանձնաժողով ա:
— Իսկ ուղղիչ որևէ գործառույթ ըստ էության չի իրականացվում նրանց փակի տակ պահելով, նրանք դատապարտված են ցմահ, բայց որևէ հույս, ակնկալիք ունենալ, փաստորեն, չեն կարող` 20 տարի լրանա, 25 տարի, միևնո՞ւյն է: Նորմալ վարքը և այլ գործոններ, փաստորեն, էական չեն:
— 20 տարին հենց իրենց հույսն է:
— Հույսն է, բայց ոչ մի ակնկալիք չի կարող տալ:
— Ես դրա համար էլ ասեցի՝ հույսն է, օրենսդրությամբ սահմանված հույսն ա, մնացածը էդ ոլորտի քաղաքականության` կոնկրետ յուրաքանչյուր դեպքի քննարկման, իրա պատիժը կրելու ընթացքում իր վարքագծի ուսումնասիրման արդյունքում կարող ա համապատասխան որոշում կայացվել:
— Այսինքն` դեռ որևէ խոսակցություն, որևէ շարժ այս առումով դարձյալ չկա՞:
— Չեմ կարող ասել…
— Խեր ըլնի, իրար հետևից ընդունեցին…
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին «խեր»-ի մասին հիշատակողը դաշնակցական Արմեն Ռուստամյանն էր: «Խեր»-ը վերաբերում էր մի շարք օրինագծերի, որոնց ներկայացման ժամանակ գլխավոր զեկուցողը նախարարն էր: Առավոտից Հրայր Թովմասյանը խորհրդարանում էր և իրար հետևից ներկայացնում էր օրինագծերն ու պատասխանում հարցերին:
— Դե, ի՞նչ պիտի անեին: Էն ագռավի անեկդոտն ա, ասում ա` ագռավի բերանը պանիր ա ըլնում, ասում են` համաներում ուզում ե՞ս, ասում ա` հաաաաաա~, պանիրը ընկնում ա: Է, ասեր՝ չէ, էլի պանիրը կընկներ, էլի՛, ի՞նչ էր փոխվելու: Չընդունեին` ի՞նչ էին անելու:
Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ համաներումը դեռ չեղած՝ արդեն անեկդոտներ են հայտնվել դրա վերաբերյալ, իսկ սա վկայում է, որ իսկապես «շա~տ լավ համաներում» է լինելու:
Այսօր խորհրդարանում մի հարցանման տեսակետ հնչեց, որն ուղղվեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:
— Խոսք կա, թե Վանո Սիրադեղյանը պատրաստվում է վերադառնալ, որ նա ևս համաներման տակ է ընկնելու:
— Ես չունեմ տեղեկատվություն, ազնվորեն ասում եմ:
— Բայց սպասու՞մ եք, որ կվերադառնա:
— Ես իրեն չեմ սպասում, բայց որ վերադառնա, դե, իր գործն է…
Սպասողներ ունի՞ Վանո Սիրադեղյանն այստեղ: Երևի թե… Շատերի համար նա շարունակում է հեղինակություն մնալ: Հայտնի է, որ ՀՀՇ վարչության ղեկավարության շրջանում ծայր առած հակասությունների մասին լուրերը հասել էին նաև Վանո Սիրադեղյանի ականջին, և Արարատ Զուրաբյանի ու Խաչատուր Քոքոբելյանի քաղաքականությունից հեռանալու ինչ-որ փուլում, ասում են, Վանոն նույնիսկ խառնվել էր և նամակ ուղարկել, թե՝ ձեզ կարգին պահեք, հեսա գալու եմ, սպասեք` մինչև գամ ու հարցերը լուծեմ, և այլն: Ինչպես ցույց տվեց դեպքերի ընթացքը, Սիրադեղյանը չեկավ, հարցերն էլ չլուծվեցին: Կամ` ամեն դեպքում լուծվեցին ոչ այն ձևով: Այսօր Արարատ Զուրաբյանն ու Խաչատուր Քոքոբելյանը ոչ միայն ՀՀՇ-ում չեն, այլև քաղաքականությամբ կարծես այլևս չեն հետաքրքրվում:
Վանո Սիրադեղյանին, հավանաբար, սպասողներ շատ կան: Բայց սպասողների հետ, բնական է, Վանոն կունենա նաև չսպասողներ:
Եթե 90-ականների հայտնի ժամանակահատվածում Հայաստանի միակ «գողը» այն ժամանակվա ՀՀ ներքին գործերի նախարարն էր, ապա ներկա պայմաններում իշխանական բուրգում, 90-ականների համեմատ, մեծ տեղաշարժեր են եղել: Եվ բնական է, որ այդ տեղաշարժերի արդյունքում բուրգի գագաթին հայտնվածների համար Վանո Սիրադեղյանը չի կարող ցանկալի լինել, ինչը այսօր, առանց վատ զգալու, հրապարակավ հաստատեց Հովիկ Աբրահամյանը:
Սերժ Սարգսյանի կառավարումը Աբրահամյանի կարիերայի գլխապտույտ վերելքի շրջանն է. Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նա ընդամենը նախարար էր, Քոչարյանը Աբրահամյանին, այսպես ասած, «երես չէր տալիս», ինչը չի կարելի ասել Հայաստանի երրորդ նախագահի մասին: Ամեն դեպքում, իր բոլոր թերություններով, իր անվան հետ կապված հանցագործությունների մասին խոսակցություններով հանդերձ, Վանոն շարունակում է մնալ Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման շրջանի ամենակոլորիտային անհատներից մեկը, եթե չասենք՝ ամենա-ն, հաշվի առնելով, որ 90-ականներին «տեմպերամենտնի» գործիչներով Հայաստանն ավելի էր աչքի ընկնում, քան այսօր. հիշենք թեկուզ Վազգեն Սարգսյանին:
Իսկ թե ինչ է մնացել Վանոյի կոլորիտից ու «տեմպերամենտից», կերևա այն ժամանակ, երբ նա իսկապես որոշի վերադառնալ:
«Եթե համբերություն ունենաք, մենք երկու օրից` չորեքշաբթի օրը կսկսենք այդ քննարկումը, և այդ ժամանակ հայտնի կլինի: Էսքան համբերել եք, մի քիչ էլ համբերեք»,- այսօր հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Պատգամավորներն այսօր քար լռություն էին պահպանում. անտեղյակները, բնականաբար, ոչինչ ասել չէին կարող, որոշ չափով տեղյակները գիտեին, որ իրավունք չունեն ծպտուն հանելու, քանի դեռ հրահանգ չի տրվել, իսկ ամեն ինչից տեղյակն էլ Հովիկ Աբրահամյանն էր, որի պատասխանն էլ սա էր. «Ես ամեն ինչ գիտեմ, բայց ոչ մի բան չեմ ասելու ձեզ»:
Ինտրիգը հարկավոր է հնարավորինս թեժացնել և հնարավորինս ձգել… Գոնե երկու օր: Պատգամավորներից մեկը մտերմաբար փորձեց փակագծեր բացել` դարձյալ հասկանալով, որ ավելին ասել չի կարելի. «Շատ լավ համաներում է լինելու»: Խորհրդարանն այսօր մի քայլ էլ արեց «շատ լավ համաներման» ուղղությամբ: ԱԺ-ն քննարկեց Քրեական օրենսգրքի փոփոխությունները, գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն այս փոփոխությունները որակեց «մինի ամնիստիա»: Սրանցով որոշ հանցագործությունների համար սահմանվում է կա´մ դրամական տույժ, կա´մ պատժաժամկետն է պակասեցվում, կա´մ փոխարինվում է այլընտրանքային պատժատեսակով: ՔՕ փոփոխված տարբերակը հանրապետության նախագահը հաստատելու է, դրանից հետո է խորհրդարանը ձեռնամուխ լինելու համաներման քննարկմանը:
Այսինքն, կարող ենք փաստել, որ այս դեպքում իսկապես գործ կունենանք «կրկնակի համաներման» հետ. համաներումը կտարածվի նաև Քրեական օրենսգրքի փոփոխություններով պատժաչափի մեղմացում ստացածների վրա:
— Մարտի 1-ի գործերով դատապարտվածներն ազատ կարձակվե՞ն:
— Բայց ինչի՞ եք ուզում ես ասեմ: Որ հետո քննադատե՞ք ինձ,- հակադարձողը Հովիկ Աբրահամյանն էր:
— Մտավախություն չունե՞ք, որ ՀԱԿ-ը մայիսի 31-ին նստի նստացույցի, եթե, օրինակ, չհասցնեք:
— Եթե ցանկություն ունի, թող նստի: Ես գտնում եմ, որ համաներումը շատ ճիշտ պահի էր ընտրված՝ անկախության 20-ամյակին, և ես համոզված եմ, որ այն մարդիկ, որոնք կօգտվեն այս համաներումից, այն մարդիկ, որ ընտրված են… կթուլացնի լարվածությունը մեր երկրում:
— Ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն կա՞:
— Դե, ասեցինք՝ կա, բայց ի՞նչ չափով, ի՞նչ ձևով, չեմ կարող ասել:
— Եթե համաներումը կատարվի, և ազատ արձակվեն, ընդդիմությունը պահանջելու է իր երրորդ պահանջի կատարումը, ի՞նչ է անելու իշխանությունն այդ դեպքում:
— Հիմա էլի՞ պահանջ ունի ընդդիմությունը, չհասկացա:
— Իհարկե, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
— Ես սա մի անգամ ասել եմ, էլի կասեմ` յուրաքանչյուր արտահերթ ընտրություն, դա կլինի խորհրդարանական, թե նախագահական, երկրի իմիջի վրա բացասական ազդեցություն է ունենում: Եվ քանի որ ժամանակը քիչ է մնացել` մեկ տարուց էլ քիչ, ես կոչ եմ անում, հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, նույն ընդդիմությանը` նախապատրաստվել Ազգային ժողովի ընտրություններին: Իսկ իրենք պատրա՞ստ են արտահերթ ընտրությունների մասնակցելու: Մենք պատրաստվում ենք հերթական ընտրություններին, որը տեղի կունենա 2012 թ. մայիս ամսին:
— Իսկ համաներումը ե՞րբ ուժի մեջ կմտնի:
— Իմ կարծիքով՝ մինչև սեպտեմբերի 21-ը:
Ի՞նչ է ստացվում. եթե ամեն ինչ իմացողը Հովիկ Աբրահամյանն է, իսկ նա ասում է`համաներումը մի երեք ամիս հետո է գործի դրվելու, նշանակում է` Լևոն Տեր-Պետրոսյանն այդքան էլ ճիշտ չէր, երբ յուրայիններին հավատացնում էր, թե մայիսի 31-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանն անպայման ելույթ կունենան: Եթե «ամեն ինչ իմացողը» Հովիկ Աբրահամյանն է, նշանակում է՝ յուրայինների առաջ սուտ դուրս եկողը ընդդիմության առաջնորդն է լինելու: Իսկ եթե Հովիկ Աբրահամյանը, ինչպես ինքն ասաց ընդդիմության և իշխանության երկխոսության մասին` «ի՞նչ չափով, ի՞նչ ձևով, չեմ կարող ասել», այդքանն էլ չգիտի, ուրեմն իրավացին, այնուամենայնիվ, կլինի Լևոն Տեր-Պետրոսյանը, որն ընդդիմության և իշխանության երկխոսության մասին ամենատեղեկացվածն է` որպես այդ երկխոսության անմիջական կողմ:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատապարտվածների մոտ շուտով կարգապահության ակնհայտ անկում է գրանցվելու: Նման բան նկատել են այստեղ դիտորդական առաքելություն իրականացնողները: Նրանց խնդիրը հիմնականում եղել է ՊԱՉ-ի դատապարտվածների պահման պայմանների ուսումնասիրությունը:
Ըստ դիտորդնների, երբեք չի իրականացվել այնպիսի հետազոտություն, որը կտա ցմահ ազատազրկվածի պահման արժեքը: Նրանք պարզել են, որ դատապարտյալին պահելու ծախսը պետության վրա նստում է 500-600 դրամ`բյուջեով սահմանված գումարից հանվել է սննդի ծախսը և, հավանաբար, էլի ծախսեր, որոնք չեն կատարվում դատապարտյալի պարագայում:
Դիտորդները մանրակրկիտ ուսումնասիրել և այսօր ներկայացնում էին, թե ինչ պայմաններում են պահվում այս մարդիկ, ինչպես են գոյատևում օրական 500-600 դրամի հատկացման շրջանակում, ինչ իրավունքներ են սահմանված, և ինչպես են դրանք իրականացվում: Սակայն, պահման պայմանների կարևորության հետ մեկտեղ, դիտորդական խմբի անդամ Էդմոն Մարուքյանն ասում է, որ այս մարդկանց համար ամենակարևորը թունելի վերջում երևացող լույսն է՝ հույսը, թե մի օր կարող են հայտնվել ազատության մեջ: Հենց այդ հույսն է, որ արդեն մարում է ցմահ դատապարտվածների մոտ:
Քրեական տարբեր հոդվածներով պատժի առավելագույն չափի դատապարտվածները 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ 99 հոգի են: Քանի որ մինչ օրս որևէ մեկը ազատ չի արձակվել, նրանց թվի տարեկան կրճատումը պայմանավորված է միայն մահացությամբ: Ցմահները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում այս տարիների ընթացքում. հացադուլներ, դիմումներ, նամակներ էին գրում` պահանջելով վերանայել իրենց գործերը (խոսքը նրանց մասին է, ովքեր համարում են, թե անարդարացիորեն են դատապարտվել): Սակայն հիմնականում կարգապահությունը նորմայի սահմաններում էր, որովհետև ցմահները սպասում էին, թե երբ կլրանա իրենցից մեկնումեկի պատժաչափի 20 տարին, այսինքն` տվյալ կալանավորն արդեն պայմանական վաղաժամկետ ազատման շանս կունենա:
Դատապարտվածներից Կարեն Բոջոլյանը նստած է արդեն 22 տարի, բայց դատապարտվածների հույսը նա չէր. Բոջոլյանը տույժեր ուներ, այնպես որ դրական եզրակացության ակնկալիք չէր կարող ունենալ: Այս տարի լրացավ Մանուկ Սեմերջյանի ազատազրկման 20 տարին: Հենց այս մարդն էր այն վերջին հույսը, որ այսօր կարող են կորցնել ՊԱՉ-ի դատապարտվածները:
2006 թվականին, երբ նախագահի հրամանով ստեղծվեց պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովը, արդեն իսկ ՔԿՀ-երում կարգապահության մակարդակն ընկավ: Բանն այն է, որ նախկինում ազատազրկվածներին պայմանական վաղաժամկետ ազատման էին ներկայացնում ՔԿՀ-երը: Հանձնաժողովի ստեղծումից հետո ՔԿՀ-երն ընդամենը քննում են դատապարտյալի դիմումը, որոշում` ներկայացնել, թե ոչ, և եթե տալիս են դրական եզրակացություն, ապա հարցը դառնում է հանձնաժողովի քննության առարկա, որն էլ հետո, եթե դրական է արտահայտվում, գործը ուղարկում է դատարան, որտեղ էլ վերջնական լուծում է տրվում դատապարտյալի խնդրանքին: Սրա հետևանքով դատապարտյալների շանսերը ակնհայտորեն կրճատվեցին: Դիտորդներն ասում են, թե ազատազրկվածներն արդեն գիտեն, որ ՔԿՀ ղեկավարությունը որոշիչ դեր չունի, այնպես որ առանձնապես կարիք չկա վարքով մտահոգվելու:
Ազատազրկման 20 տարին լրանալուց հետո Մանուկ Սեմերջյանը դիմում է վաղաժամկետ ազատման համար: ՔԿՀ ղեկավարությունը Սեմերջյանի հարցը հանձնաժողով ներկայացնելը հետաձգում է` տալով չպատճառաբանված և լղոզված բացատրություն: Սեմերջյանի փաստաբան Նարինե Ռշտունին ասում է, որ մերժման հիմքում դրված է այն, թե տուժողի վնասը վերականգնված չէ, մեկ էլ թե՝ ռիսկայնությունը բարձր է:
«Ասում են` տուժողին հասցված վնասն ամբողջությամբ չի վերականգնվել, դրա համար չեն կարող ազատել: Այդ մարդը դատապարտվել է 1991-ին, ամբողջ գույքը բռնագանձել են, իրեն էլ 20 տարի պահել ազատազրկման մեջ, ինչպե՞ս կարող է նման վիճակում հայտնվածը վերականգնել պատճառած վնասը: Այս նորմը, ի դեպ, չի գործել 1993-ին, երբ կայացվել է Սեմերջյանի դատավճիռը, այսինքն` սա իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառվում է ընդամենը հետադարձ ուժով` խստացնելով նրա վիճակը, ինչը ևս իրավունքների խախտում է: Կամ ասում են` հանցագործության նկատմամբ ռիսկայնությունը բարձր է. որտեղի՞ց են նման որոշում կայացրել, ընդամենը ասում են բարձր ռիսկայնություն` առանց պատճառաբանելու` որովհետև ա՛յս, ա՛յս, ա՛յս…»:
Դատապարտյալների մեջ կան նաև մինչև ցմահ ազատազրկման պատժաչափի ընդունումը դատապարտվածներ, նրանք դատապարտված են եղել մահապատժի, բայց մահապատժի վերացումից հետո պարտադրված են կրելու ցմահ բանտարկություն: Այս մարդկանցից ոմանք, ըստ դիտորդական խմբի անդամների, այսօր պահանջում են գնդակահարել իրենց` հասկանալով, որ այլ ելք չի նշմարվում:
Մանուկ Սեմերջյանը որոշել է պայքարել մինչև վերջ: Նա դիմել է վարչական դատարան` իր դիմումը չընդունելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար, այնտեղ հայտնել են, որ դա իրենց իրավասության սահմաններում չէ և բողոքը հասցեագրել են ընդհանուր իրավասության դատարան:
Ինչու՞ է Մանուկ Սեմերջյանը հայտնվել այս վիճակում, և ընդհանրապես ի՞նչ կարելի է ասել ցմահների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում առկա իրադրության հետ կապված:
Եվրամիության կողմից ֆինանսավորված այս դիտորդական առաքելության արդյունքների այսօրվա ներկայացմանը ներկա չէր արդարադատության նախարարության և ոչ մի իրավասու պաշտոնյա: Խմբի անդամներն ասացին, որ հրավերներ ուղարկել են բոլորին` բոլոր իրավասու ատյաններին: Ոչ ոք չէր եկել: Սա առաջին դիտորդական առաքելությունը չէր: Ամեն տարի հասարակական տարբեր կազմակերպություններ տարբեր գրանտային ծրագրեր են շահում, գնում են, ուսումնասիրում, գալիս-ներկայացնում և վերջ: Հարցն այսքանով փակվում է: Այսօրվա քննարկմանը ներկա էին ընդամենը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ, որոնք ընդամենը կատարողների կարգավիճակ ունեն, այսինքն` անում են այն, ինչ իրենցից պահանջվում է: Այդպես, այս հիմնարկի սոցիալական աշխատողը ամեն տարի ՊԱՉ-ի դատապարտվածների փաստաթղթերում նրանց վարքի վերաբերյալ տալիս է նույն գնահատականը` հանցավորության և փախուստի նկատմամբ բարձր ռիսկայնություն: Դա են պահանջում, դա էլ անում է:
Իսկ ի՞նչն է պատճառը, որ 20 տարի առանց տույժի ազատազրկված Մանուկ Սեմերջյանն այսօր հայտնվել է նման վիճակում և ակամայից կարող է դառնալ «Նուբարաշենում» բռնկվելիք բունտի պատճառ: Այս հարցին կա ընդամենը մեկ պատասխան: Հայաստանում բացակայում է քաղաքական կամքը` ցմահ ազատազրկվածներին ազատության մեջ երբևէ տեսնելու առումով: Ինչու՞: Որովհետև ՀՀ-ում 99 ցմահների մեջ է նաև Նաիրի Հունանյանը, և Մանուկ Սեմերջյանին ազատելը կարող է նշանակել, որ 20 տարին լրանալուց հետո հնարավոր է, որ ՔԿՀ ղեկավարությունը հանկարծ ու պայմանական վաղաժամկետ ազատման դիմում ստանա նաև Հունանյանից:
Իսկ հնարավոր չէ՞, եթե ՀՀ ղեկավարությունն այդ աստիճան վախենում է Հունանյանի այդ քայլից, նրա նմաններին տալ ցմահի «հատուկ» կարգավիճակ և, ի վերջո, մյուսներին, իհարկե՝ նորմալ վարք դրսևորողների մասին է խոսքը, հնարավորություն տալ վերոհիշյալ ճանապարհով հասնել թունելի ծայրում երևացող լույսին: Սա լսելով՝ դիտորդական խմբի անդամ Ցիրա Չանտուրիան ասաց. «Պարզ է, որ մեծ ռիսկայնություն ունեցող հանցագործները պետք է մնան բանտում, բայց ցանկացած անձնավորություն` անկախ գործած հանցանքից, պետք է իմանա, որ 20 տարի հետո կարող է հույս ունենալ…»:
Լուսինե Կեսոյան
Երբ Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կատարվեց այն, ինչ կատարվեց, որոշ առումով խոցելի կարգավիճակում հայտնվեցին նաև նրա հարազատները, հովանավորյալները: Բեգլարյանի պաշտոնանկությունից հետո լուրեր տարածվեցին, թե ստուգումներ են սկսվել նաև Պետական գնումների գործակալությունում, որի ղեկավարը, ինչպես հայտնի է, Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբն է: Իսկ սա այն կառույցն էր, որտեղ հարկատուներիս փողերով պետությունը գնումներ է կատարում, սակայն մեկուսացած գործակալությունում երբեք հաշվետու չեն լինում հանրությանը, ասենք, գոնե ասուլիսի միջոցով: Վերահսկիչ պալատն այստեղ ուսումնասիրություններ է իրականացրել ավելի քան մեկ տարի առաջ, բնականաբար՝ ահագին բան բացահայտել է, բայց, չգիտես ինչու (ասում են՝ գուցե պատճառն այն է, որ Իշխան Զաքարյանը Բեգլարյանների մյուս եղբոր` Յուրա Բեգլարյանի ընտանիքի քավորն է, որն էլ, ասում են, Հակոբ Բեգլարյանի առաջխաղացման հիմնական երաշխավորն էր), Պետական գնումների գործակալությունն ու դրա պետը Վազգեն Խաչիկյանի վիճակում չեն հայտնվում, ավելին՝ այս կառույցի բացահայտումները գրեթե լռության մատնվեցին. ամեն դեպքում՝ Հակոբ Բեգլարյանի անունը չշոշափվեց: Վերջինս իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1984-85թթ.՝ Երեւանի «Շինանյութ» փորձարարական գործարանում իբրեւ կաղապարող:
Պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ նույնպես, վերջին մի քանի օրերի ընթացքում, Իշխան Զաքարյանը բազմաթիվ օրինակներ էր բերում, թե ինչպես է հաջողվում ինչ-որ մարմինների՝ մշտապես խաբել պետությանը և հրամցնել իրենց իրական արժեքից շատ ավելի բարձր գներով ապրանքներ: Իսկ պետական բոլոր տեսակի գնումները, ինչպես հայտնի է, կարգավորում է Պետական գնումների գործակալությունը: Այս կառույցն է հայտարարում մրցույթներ, այս կառույցում է որոշվում տենդերի հաղթողը: Այսինքն` պետական միջոցների վատնման մեղադրանքների հոսքը իրականում հարկավոր է ուղղել հենց այս կառույցին: Եվ ուրեմն զարմանալի է, թե ինչպե՞ս է մինչև հիմա Հակոբ Բեգլարյանին հաջողվել ամեն անգամ ջրից չոր դուրս գալ:
Իսկ Բեգլարյանը, ինչպես պարզվում է, ոչ թե ջրից չոր է դուրս գալիս, այլև նույնիսկ ջուրը չի մտնում. պարզապես աշխատանքի չի գնում: Նրա կարիքը չի էլ զգացվում, այստեղ նա անելիք չունի: Սա այն ոլորտն է, որտեղ ամեն բան որոշվում է շատ ավելի վերևում, և ընդամենը «գալոչկայի» համար աշխատանքի ներկայանալը Բեգլարյանի նման բիզնեսների և ունեցվածքի տեր մարդու համար այնքան էլ պատվաբեր չէ: Ճիշտ է, գործակալությունից հայտնեցին, որ նա պարտաճանաչորեն գնում է աշխատանքի և անգամ այսօր է գնացել, սակայն, մեր տեղեկություններով, ամենևին էլ այդպես չէ. պետական գնումների ողջ համակարգը կոորդինացնող կառույցի շեֆը կարող է անգամ շաբաթներով գործի չգնալ, և այս համատեքստում Հակոբ Բեգլարյանին քավության նոխազ դարձնելը ոչ միայն մարդկային չէ, այլև վարչակազմում գործող թայֆայական օրենքները թույլ չեն տալիս: Կհաջողվի՞ Բեգլարյանին խուսափել պատասխանատվությունից` պետական միջոցների այդօրինակ վայրի յուրացումների, այսինքն` մի քանի անգամ ավելի բարձր գնումներ թույլ տալու համար, և ու՞մ ուսերին կդնեն այդ բեռը, ցույց կտա ժամանակը: Իսկ այս պահին ավելի քան հետաքրքիր քայլ է մտածվել՝ գործակալությանն ընդհանրապես պատասխանատվությունից զերծ պահելու համար:
Ամեն ինչ, ինչպես սովորաբար լինում է այստեղ, կազմակերպվել է օրինականության սահմաններում, օրենքի տառին հավատարիմ մնալով: Բայց եթե նախկինում գնումների կազմակերպման գործում հիմնական կազմակերպիչն այս գործակալությունն էր կամ գոնե առնչվում էր դրան ինչ-որ ձևով, ապա այս տարի, համապատասխան օրենսդրական փոփոխություններից հետո, գործակալությանն այլևս դժվար է լինելու որևէ բանում մեղադրել: Եվ ահա թե ինչու:
Երբ փորձեցինք հիշյալ կառուցվածքային փոփոխությունների մասին տեղեկություն ստանալ անձամբ Հակոբ Բեգլարյանից, պարզվեց՝ նա դարձյալ աշխատանքի վայրում չէր: Մամուլի պատասխանատու Վասակ Թարփոշյանը փորձեց ներկայացնել, թե ինչպես է կատարվել այդ ամենը: Եվ այսպես, նախկինում գործակալությունը հայտարարում էր մրցույթը, ընդունում հայտերը, պետական կառույցները հանձնաժողով էին կազմում, որը պետք իրականացներ գնումների գործընթացը: Այս հանձնաժողովում գործակալությունը ներկայացվում էր ընդամենը քարտուղարի հաստիքով, որը որոշման կայացման հետ որևէ առնչություն չէր ունենում: Մրցույթի հաղթողին որոշում էր հանձնաժողովը: Այսինքն, այն ժամանակ ևս գործակալությունը կարողանում էր ասել՝ «не виноватая я»: Բայց հիմա արդեն անգամ մրցույթ հայտարարելու գործն է վերցվելու գործակալությունից, մրցույթներն այլևս՝ սկսած հայտարարելուց, վերջացրած գնումով, իրականացնելու են նախարարություններին կից գործող ԾԻԳ-երը: Այստեղ է հայտարարվելու մրցույթ, այստեղ են որոշվելու մրցույթի հաղթողները, այստեղ է կատարվելու գնումը, այսինքն` պետական փողերի հետ ողջ խաղը իրականացվելու է այս հարթությունում, գործակալությունն այլևս որևէ բանի հետ կապ չի ունենալու և, բնականաբար, գործակալությանն այլևս հնարավոր չի լինի մեղադրել որևէ բանում` ոչ միայն աննորմալ գնումների, այլև գոնե դրանք թույլ չտալու համար:
Բայց հարց է ծագում` եթե գնումները վերցվել են գործակալությունից, եթե այլևս պետական գնումների հետ պետական գնումների գործակալությունը կապ չի ունենալու, այդ դեպքում ի՞նչ կարիք կա պահելու նման գործակալություն, ինչու՞ զուր տեղը պետական միջոցներ վատնել անիմաստ կառույց պահելու համար, եթե գնումների գործը պետական ամեն կառույց հենց ինքը կարող է կազմակերպել՝ գուցե շատ ավելի խելամիտ ձևով տնօրինելով իրեն վստահված միջոցները: Պարզվում է, այս ուղղությամբ էլ են հոգատար միջոցառումներ իրականացվել և գործակալությանը ապահովել ինչ-որ բան անողի կարգավիճակին վայել գործառույթներով:
Գործակալությունը սրանից հետո կազմակերպելու է ուսուցում: Ի՞նչ ուսուցում: Պատասխան` ինչպե՛ս գնել: Գործակալությանն է թողնվել նաև բողոքարկման ֆունկցիան: Հաշվի առնելով, որ բոլորին էլ հայտնի է, թե ինչպես են այս մրցույթները իրականացվում, կարելի է այսօրվանից էլ ասել, որ այս առումով ևս գործակալությունը անելիք չի ունենա՝ ոչ մեկը չի բողոքարկի: Ուրեմն հասկանալի է, որ այս ֆունկցիայի համար նույնպես մի ամբողջ գործակալություն պահելն անիմաստ է: Գործակալությունը մեկ էլ զբաղվելու է ինչ-որ «շրջանակային համաձայնագրերով». սրանք նախկինում կոչվել են «պարբերական», հիմա այլ անուն են ստացել՝ մի քանի տարվա համաձայնագրեր են: Մի խոսքով, էնքան որ մի բան լինի գործակալությանը զբաղեցնելու համար: Հա, մեկ էլ էլեկտրոնային գնումների համակարգի սերվերն են տեղադրել այս գործակալությունում, այնպես որ՝ այս առումով գործակալությունից մի օգուտ կա. սերվերը գործակալության շենքում է:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի Հանրապետությունում իսկապես շարունակվում է խիստ արդյունավետ պայքարը պետական միջոցների վատնման դեմ: Պետական գնումների գործակալությունում կատարված վերոհիշյալ փոփոխությունները, ի դեպ, իրականացվել են միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխան, և փաստորեն, ինչպես տեսնում ենք, մերոնց հաջողվում է թե´ միջազգային ատյաններին գոհացնել, թե յուրայիններին: Հո չէին թողնելու, որ պետական միջոցների միլիոնների հասնող վատնումները բարդվեն Հակոբ Բեգլարյանի կամ թեկուզ նրան փոխարինող մեկ այլ յուրայինի ուսերին:
Լուսինե Կեսոյան
Երևանի թիվ 114 դպրոցում իրարանցում էր: Տնօրենները խառնվել էին իրար մի ուրիշ կարգի: Քննասենյակից դուրս եկողի գլխին էին հավաքվում միանգամից մի քանի հոգի, ու սկսվում էր. դուրս եկածը հերթով իրեն տրված հարցերն էր ասում, լսողները փորձում էին սերտել: Իսկ ներսում երկու հանձնաժողով վճռում էր տնօրենների պաշտոնավարման հետագա ճակատագիրը:
Քննական գործընթացին հետևում էր նաև նախկին տնօրեն, բայց քաղաքականություն մտնելու շնորհիվ պատգամավոր դարձած Անահիտ Բախշյանը: Փորձեցինք տիկին Բախշյանից որոշ մանրամասներ պարզել այս իրարանցումից:
— Տիկի´ն Բախշյան, այս քննություններն ի վիճակի՞ են լիարժեք պատկերացում տալ, թե ինչ տնօրեններ ունենք այսօր:
— Ինչպիսի մանկավարժ է, ինչքանով կազմակերպիչ է, կառավարիչ է, մարդկային փոխհարաբերությունները ինչպես է կառուցում՝ չէ´, բայց էստեղ մի նշաձող կա դրված, որից ցածրը չի կարող անցնել: Այսինքն, գրավոր 60 հարցերից ամեն քննության ժամանակ 60-ը ընտրվում է, բաժանվում է, էդ 60-ից 54-ին պատասխանողը նվազագույնը անցնում է բանավոր փուլը:
— Իսկ «զուբրիտ»-ի խնդիր չկա՞:
— Անպայման կա, բայց եթե անգամ անգիր են արել ինչ-որ բաներ, էդ անգիր բանը մի օր հետք թողնում է ուղեղի մեջ և աշխատանքի ընթացքում: Եթե էդպիսի սիտուացիա լինի, կսկսի հիշել` ա´յ մարդ, ես սրա մասին մի տեղ կարդացել էի, նորից կվերցնի` կկարդա, այսինքն` ինքը կիմանա գոնե, որ դա օրենքով կարելի է կարգավորել` արի` գնամ օրենքի մեջ նայեմ, ոչ թե ինքս որոշեմ ինչ անել:
— Իսկ որ նախարարը ասել էր, թե մեր դպրոցներում էլ կարող են տգետ մարդիկ աշխատել… «տգետ» որակումը նախարարի կողմից, դե, մենք գիտենք` ինչ մակարդակ է դպրոցներում, բայց ամեն դեպքում, որքանո՞վ է արդարացված նման գնահատականը նախարարի կողմից, և եթե տգետներ կան, ապա ինչպե՞ս են հայտնվել այդ պաշտոններին և ինչպե՞ս են շարունակում պաշտոնավարել, երբ կան նախարարություն, կրթության վարչություն:
— Ես լիովին նախարարին համամիտ եմ էդ հարցում: Դպրոցում տգետ, հենց «տգետ» բառն եմ ասում, դպրոցի տնօրեն չպիտի լինի:
— Այսինքն՝ կան:
— Իհարկե´ կան:
— Եվ շա՞տ կան` մե՞ծ տոկոս է կազմում:
— Նու, եթե չլիներ էդպես, անհրաժեշտություն չէր լինի օրենքով էս շեմը դնել: Սա փաստորեն մի շեմ է, որից ցածր չես կարող դպրոցի տնօրեն ունենալ:
— Ես մեկ-երկու րոպե հետևեցի քննական պրոցեսին, քանի որ Դուք ավելի տևական ժամանակով եք հետևում, ինչպե՞ս է ընթանում հենց քննելու գործը, ինչ-որ հոգեբանական ճնշում կամ հակառակը՝ հուշում, նկատե՞լ եք:
— Ո´չ մի, ում ուզում եք` հարցրեք, առավել ևս՝ հուշել:
— Իսկ փողով հարցերը լուծե՞լ, ծանոթո՞վ…
— Ուրեմն, առիթը օգտագործեմ հայտարարելու հասարակությանը, որ բոլոր այն պաշտոնյաները` գյուղապետ, քաղաքապետ, մարզպետ, նախարար, նախագահ… ինչ-որ մեկը խոստանա փողով էս գործը դզել, չի հաջողվելու:
— Ասենք, տեսա՝ Նարինե Հովհաննիսյանն էր հանձնաժողովում. դե, նրան շատ տնօրեններ կճանաչեն, հնարավոր չէ՞, որ, ասենք, նախապես համաձայնության գան:
— Նարինե Հովհաննիսյանը էսօր ա էստեղ, վաղը էստեղ չի լինի: Էս հանձնաժողովը մեկ օր է մնում ընդամենը:
— Այսինքն` ԽԾԲ-ն այստեղ չի՞ աշխատում:
— Դե, հիմա իմ երևակայությունը թույլ չի տալիս երևակայել, թե ԽԾԲ ո՞նց կարող է լինել: Գրավորի մեջ ես բացառում եմ, բանավոր քննության մեջ էլ:
— Ասենք, աչքերով, շարժումներով, չգիտեմ, ինչ-որ մի ձևով:
— Դե, ի՞նչ պիտի լինի, հարցը պիտի կարդա, բանավոր քննությունը ձայնագրվում է, յուրաքանչյուր հարցի պատասխանից հետո հանձնաժողովի նախագահը իրեն ասում է` ճիշտ է կամ սխալ է: Դա գրվում է, բացի ձայնագրությունից, գրվելուց հետո հանձնաժողովի անդամները տակը ստորագրում են, քննություն հանձնողն էլ դրա տակ է ստորագրում: Հետևաբար, չգիտեմ, ինչքան էլ ուզենան…
— Եվ էսպիսի մի հարց. էստեղ տնօրենները խառն են` և´ մայրաքաղաքից են, և´ մարզերից: Ինչ-որ տարբերություն կա՞, ո՞ր մասն է մեզ մոտ ավելի խոցելի, չէի ուզենա էլի էդ բառը օգտագործել, բայց դե, տգետ տնօրենները ավելի շատ մայրաքաղաքու՞մ են, թե՞ մարզերում:
— Բոլորովին, ո´չ , չէ´, կարող է առոգանության մեջ լինի տարբերությունը, ասենք, Գեղարքունիքի, չէ´, չէ´, չէ´, չկա´, մարզերից էլ էնքան պատրաստված տնօրեններ են գալիս, քեֆդ գալիս է: Եվ հեռավոր գյուղ, սահմանամերձ գյուղ, բայց պատրաստված, կարգին մարդիկ: Երևանից է գալիս՝ բանի պետք չի:
— Բա «էդ բանի պետք չի»-ն ո՞նց է մինչև հիմա մնացել տնօրեն:
— Դրա համար կկտրվի: Էրեկ գործող տնօրեն կտրվեց, հլը լավ է, որ էս անգամ քիչ կտրվեցին: Բայց օր է եղել, որ 25-ից 13-ը կտրվել են` անցած անգամ:
— Տիկին Բախշյան, Դուք Ազգային ժողովում կառավարության առջև հարց բարձրացրիք այն տնօրենների դիմումի վերաբերյալ, որոնց 5 տարի է մնացել պաշտոնավարել, և որոնք խնդրել էին իրենց զերծ պահել քննություններին մասնակցելուց: Նրանք հասա՞ն իրենց ուզածին, թե՞ ոչ:
— Իհարկե, հասա´ն: Հիմա ասեմ:
— Այսինքն` իրենք քննություն չե՞ն հանձնելու:
— Միայն գրավորն են տալու, բանավորից ազատվեցին: Ուրեմն դա ինչ է` օրենքի մեջ փոփոխություն մտցվեց, 61 տարին 2011 թ. լրացած տնօրեններին տրվեց արտոնություն` միայն գրավոր փուլը տալ:
— Բայց ավելի վատ չէ՞, տարիքով տնօրենը ավելի մեծ շանսեր չունի, ասենք, հիշողության հետ կապված խնդիրներ ունենալ, հազար ու մի թերություն կարելի է գտնել, չգիտեմ, տարեցը կարող է շատ ավելի վատը լինել, քան երիտասարդը:
— Դե, հիմա, ես էդ փոփոխությանը կատեգորիկ դեմ էի, բայց դե մեծամասնությունը` կոալիցիան, քվեարկեց, անցավ:
— Դա, ըստ էության, խտրականություն էր:
— Չէ´, ես նորից եմ ուզում ասել, դա ժեստ էր: Մի խումբ տնօրեններ, առանց ստորագրելու, նամակով դիմել են նախագահին, որ արտոնություն տա: Էդ ո՞ր տնօրենն ա դիմում նախագահին` որը հիշեցնում ա նրան, որ գիտե՞ս, ես էսինչ ժամանակ քեզ ծառայություն եմ մատուցել, քո ընտրությունը հաջողացրել եմ, հիմա դու ինձ տուր էդ արտոնությունը, և տրվեց: Այսինքն` նախագահը հաստատեց, որ էդ արտոնության ժամանակը եկել է, էլի:
— Դե, մարզերում ինչպե՞ս է, տնօրեններին նշանակում է մարզպետը, որի հիմնական ֆունկցիան տվյալ մարզում ընտրություն կազմակերպելն է: Ըստ այդմ, տնօրեն նշանակելիս մարզպետը կողմնորոշվում է հենց այս չափանիշով, թե ում մոտ ավելի լավ կստացվի ընտրության կազմակերպման գործը: Այս առումով տնօրեններին այդքան էլ չի կարելի մեղադրել, վերևից է իջեցվում հրահանգը, նրանք էլ կատարում են:
— Հիմա չեն կարող: Հիմա ենթադրենք՝ մարզպետը ուզում ա սիրուհուն տանի դպրոցի տնօրեն: Էս սիրուհին ուզի-չուզի՝ պիտի գա էս փուլով անցնի:
— Դե, 60 հարց ա, կսովորի, կանցնի, էլի:
— Դե հիմա , թող սովորի, դե հիմա, թե կսովորի, 5 հատ էլ բանավոր հարցին կպատասխանի, ջհանդամ, որ սիրուհի ա, գոնե կիմանանք, որ մի բան գիտի: Դե հիմա, մնացածը իրանց գործն ա արդեն, բարոյականության խնդիր ա:
Հ.Գ.Մեզ պատահած ծանոթ տնօրեններից մի քանիսը, ի դեպ, հաստատեցին, որ չեն կարողացել «դոստուպ» գտնել դեպի քննական հանձնաժողով: Այնպես որ, հուսանք՝ գոնե այս քննությունը կանցնի առանց չարաշահումների:
Լուսինե Կեսոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.