29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերթական վճռական քայլն է կատարել Գյումրիում: ԲՀԿ-ի գյումրեցի մեծահարուստներից, այսինքն` ընտրություններում ԲՀԿ հաղթանակի երաշխավորներից Վարդևան Գրիգորյանը` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, աշխատանքից ազատել է հանրապետական կուսակցության անդամ բոլոր դասախոսներին: Այն բուհում, որտեղ ռեկտորը բհկ-ական է, հհկ-ականները «անցանկալի են»: Բայց, քանի որ դեռ Գյումրու քաղաքապետն էլ է հանրապետական, մարզպետն էլ դարձյալ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի նշանակածն է (արդեն իսկ խոսակցություններ կան, որ հաջողության հասնելու դեպքում Գյումրու հաջորդ քաղաքապետը բհկական է լինելու), Գրիգորյանը, որ ավելի հայտնի է որպես Ապարիկ, դասախոսներին աշխատանքից ազատվելու դիմումներ գրել տալու պարտադրանքը բացատրել է դիմորդներ չլինելու հանգամանքով. չկա ուսանող, չի կարող լինել նաև դասախոս: Բայց, ինչպես տեսնում ենք, դիմորդներ չլինելու հանգամանքը ազդել է միայն հանրապետական ուղղվածություն ունեցողների վրա. «ճիշտ» կողմնորոշում ունեցողները շարունակելու են աշխատել:
Ենթադրվում է, որ նման համարձակ քայլը չի կարող անտեսվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից և առաջիկայում Գրիգորյանը կարող է պարգևատրվել իր անձնվիրության համար: Հատկապես, եթե նրան տեղյակ պահեն, որ աշխատանքից ազատվածների մեջ է նաև պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) բարեկամուհին` Սիլվա Աղաբաբյանը: Իսկ Աղաբաբյանն այն մարդն է, ում շնորհիվ Գրիգորյանը կարողացել է ռեկտոր դառնալ. ժամանակին ենց Բուռնաշն ու նրա աներորդին` Գալուստ Սահակյանն են միջնորդել վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որից հետո Վարդևան Գրիգորյանը դարձել է ռեկտոր:
Սակայն Գրիգորյանի ռեկտորությունը նշանավորվում է ոչ միայն այս ինստիտուտը կործանելով (Գյումրու մանկավարժականի որակի հետ շատ քիչ բուհեր կարող են համեմատվել այսօր այստեղ ուսանողների մի զգալի մասը անգամ իրենց ֆակուլտետի անունը չեն կարողանում անսխալ գրել), այլև Աղաբաբյանի գլխից թռնելով: Հետո արդեն Գրիգորյանը դառնում է բհկական և, ինչպես տեսնում ենք, սկսում անհաշտ պայքար մղել ՀՀԿ-ի դեմ` հակահանրապետական օպերացիաներ կազմակերպելով իր օբյեկտը դարձրած ինստիտուտում:
Ըստ մեր տեղեկությունների, Գյումրու մանկավարժականի ռեկտորի նման համարձակությունը միայն ընտրություններով չէ պայմանավորված: Գյումրիում կան պետական մի քանի բուհեր` ԳՊՄԻ-ն` մանկավարժականը, որ առանձին բուհ է, պոլիտեխնիկի մասնաճյուղը, ժողինստիտուտի մասնաճյուղը, արվեստի երեք բուհերի մասնաճյուղը: Մի մասնաճյուղ էլ ունի Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: Քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է մի քանի տարի հետո Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան 10 բուհ ունենալ և քանի որ վարչապետն իր կառավարության 2008-2012թթ. ծրագրերում նաև տարածքային համաչափ զարգացման սկզբունքն էր կարևորել, որոշել է, որ Քեմբրիջին ու Սորբոնին չզիջող բուհերից մեկը պիտի տեղակայվի Գյումրիում: Այդ բուհը ձևավորելու համար վերցնելու են մանկավարժականը, միացնեն պոլիտեխնիկի ու ժողինստիտուտի, արվեստի բուհերի ու եվրոպական ակադեմիայի մասնաճյուղերին և, մեր կառավարության պատկերացմամբ, այդ ամբողջ գործընթացն ի վերջո կարող է ավարտվել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուհի ստեղծմամբ:
Մեր տեղեկությունները թույլ չեն տալիս ասել, թե մյուս բուհերի ռեկտորները ներկա դրությամբ ի՞նչ են մտածում, բայց ինչ վերաբերում է Ապարիկին, ապա նրա կողմից այսօրվանից իսկ խնդիր է դրված դառնալ այդ միջազգային բուհի ռեկտոր: Բուհերի միավորման գործընթացն արդեն սկսված է, կառավարությունում այդ խնդրի վրա արդեն աշխատում են, այնպես որ Ապարիկն ամեն ինչ պետք է անի` բոլոր մյուս թեկնածուներին շարքից հանելու և, վերջապես, ինչու՞ ոչ` ընտրություններում իր կուսակցությանը փայլուն հաղթանակ ապահովելու գնով (բնական է, որ ամբողջովին բհկացած ինստիտուտն իր աշխատողներով, ուսանողներով, ուսանողների մամաներով, պապաներով, քեռիներով ու հորքուրներով, որոնք պատրաստ են հանուն իրենց երեխաների քննություն ստանալու ընտրելու ում ասես, ձայն են տալու հենց «Բարգավաճ Հայաստանին») ապացուցել բոլորին, որ ինքն է այն մարդը, ում վրա կարելի է հույս դնել: Իսկ մինչ ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակը, ՀՀԿ-ն շարունակում է իր պասիվ կեցվածքը` հատկապես Գյումրիում, որի վկայությունը հենց մանկավարժականի հետ կատարվածն է, որի խորհրդի ղեկավարը ՀՀԿ քվոտայով մարզպետ դարձած Աշոտ Գիզիրյանն է, ում հովանավորության տակ եղած բուհում հանրապետականների հետ են նման ձևով վարվում:
Սննդամթերքի անվտանգության ծառայությունում կրքերն օրեցօր թեժանում են: Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք այստեղ ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք. այս ծառայության ստեղծումից հետո` ծառայության կազմի մեջ մտած 70-ից ավելի նախկին տեսչությունների աշխատակիցներին ստիպեցին գրել աշխատանքից ազատվելու դիմումներ` խաբելով, թե դա անհրաժեշտ կարգ է: Դրանից հետո այդ մարդիկ անցան ռեզերվ, որտեղից պետք է նշանակվեին աշխատանքի, բայց նշանակվելու փոխարեն` հայտնվեցին «օդի մեջ», ինչպես ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանն էր բնութագրել այդ մարդկանց «կարգավիճակը»:
Ինչ է տեղի ունեցել ի վերջո. տեսչությունների աշխատակիցները հավատացել են, որ պահանջվող կարգ է, դիմում են գրել, հետո միայն տեղեկացվել, որ այլևս չեն աշխատում, քանի որ հենց իրենք են դիմում գրել և հայտնվել ռեզերվում: Այդ ճանապարհով աշխատանքից զրկվել են տարբեր պաշտոնների 70-ից ավելի աշխատակիցներ` աշխատակազմի ղեկավար, իրավաբան, ՊՈԱԿ-ի պետ, բաժնի պետեր, տարածքային կառույցների ղեկավարներ ու աշխատողներ: Նրանք պատմում են, որ հաջորդ օրը աշխատանքի գալով` չեն կարողացել անգամ իրենց աշխատասենյակ մտնել. մի գիշերվա ընթացքում փոխել են դռների փականները և բոլորից պահանջել հանձնել նախկին բանալիները:
Այս աշխատողների մի մասը մեխանիկորեն շարունակում է ներկայանալ աշխատանքի` զրկված լինելով որևէ կարգավիճակից ու լիազորությունից: Հետո Գրիգորյանն իր այս քայլը փորձեց արդարացնել` հայտարարելով, թե իրենք ազատվել են «ռեկետչիկներից»: Իսկ ավելի ուշ` տեսչության պետը պաշտոնական պատասխան է պատրաստել, ըստ որի` ազատվել են աշխատանքից մինչև իր նշանակումը:
Մեր տեղեկություններով, սակայն, նորաստեղծ ծառայությանը ոչ մի կերպ չի հաջողվում ազատվել «ռեկետից»: Ավելին, ռեկետը ինչպես կար, այնպես էլ շարունակվում է, ընդ որում` նոր թափով: Նախ, այս ընթացքում ծառայության պետը մի քանիսին ընդունում է աշխատանքի, ի դեպ` աշխատանքի ընդունումը դարձյալ կազմակերպվում է բացառապես «ռեկետի» կանոններին համապատասխան. խոսվում է 2-3 հազար դոլարի մասին: Օդում հայտնված նախկին աշխատակիցները ուշիուշով հետևում են այստեղ ընթացող գործընթացներին և, բազմափորձ մասնագետների վկայությամբ, աշխատանքի ընդունվածները, որոնց վերջիններս ճանաչում են, չեն համապատասխանում անգամ առաջին կարգի մասնագետի որակավորմանը: Ոչ կոմպետենտ մարդկանցով ծառայության շարքերի համալրմանը զուգընթաց, Գրիգորյանի ղեկավարած օբյեկտում նորանոր կրքեր են բորբոքվել նաև նոր ռեկետից գոյացած եկամուտների բաժանման ժամանակ:
Ինչ-ինչ ձևով ծառայությունում մնացած կամ հետո հայտնված աշխատակիցները զրկվել էին ստուգումներ կատարելու «հաճույքից», քանի որ, վարչապետի հրամանով, չեն տուգանվում մինչև 70 միլիոն դրամ եկամուտ ունեցող օբյեկտները: Հիմա տեսչությունում ձևը գտել են. դա կոչում են ոչ թե ստուգում, այլ շրջայց, ինչը նախկինի նման ավարտվում է «հասանելիքը» գրպանելով:
Գալով աշխատավայր` «հասանելիքի» մի մասը «նոր ռեկետչիկները» մուծվում են նրանց, ում պետք է մուծվել: Սակայն, քանի որ Գրիգորյանի գալով` ծառայությունում ամեն ինչ տակնուվրա է եղել, նախկին ավանդույթներն էլ հօդս են ցնդել, ռեկետից գոյացած եկամտի բաշխումը խիստ անարդարացի հիմունքներով է կազմակերպվում: Երբ այդ անարդարացիությունը բացահայտվում է նրանց կողմից, ում հետ փորձում են փող կիսել նոր ռեկետչիկները, սկսվում է տուրուդմփոցը:
Սննդամթերքի անվտանգության ծառայությունում վերջին ամենաթարմ նորությունը ռեկետչիկների միջև ծայր առած տուրուդմփոցն է: Մյուս նորությունն ապրիլ ամսվա աշխատավարձի վճարումն է: Աշխատավարձ ստացել են ե´ւ ռեզերվում գտնվողները, ե´ւ ծառայությունում աշխատանք ստացածները: Թե ինչ կարգավիճակով են ծառայությունում գտնվողներն այնտեղ աշխատում, կամ այդ մարդիկ կարգավիճակ ունե՞ն ընդհանրապես, որ աշխատավարձ են ստանում` այլ հարց է: Հետաքրքիր է, թե ինչպես են աշխատավարձ ստացել դեռևս ապրիլի 18-ից դիմում գրած և «օդում հայտնվածները»: Որոշ դիմումներ գրվել են նաև մայիսի 24-25-ը, իսկ այնուհետև, հասկանալով, որ կատարվածը լրիվ ապօրինություն է, և որ հարկավոր է քաղաքացիական ծառայողներին «օդում կախելու» համար գոնե մի քիչ օրինավորություն ապահովել, երկրորդ անգամ են դիմումներ ձևակերպվում` այս անգամ հունիսի 8-ով, որն էլ արդեն դիտարկվում է որպես հիշյալ աշխատողների` ռեզերվում հայտնվելու ամսաթիվ:
Սակայն աշխատավարձի վճարումը ոչ մի բան չի փոխում ստեղծված իրավիճակում: Օդում հայտնվածները դատական հայցեր են ներկայացրել ծառայության և նրա պետի դեմ, արդեն իսկ մի քանի հայցի ընթացք է տրվել: Իսկ մինչ կլուծվի այդ մարդկանց հարցը, բացի ռեկետից` ծառայությունը որոշել է նաև վերջնականապես քանդել հայ տնտեսվարողների տունը: Սահմանային կետերի աշխատողներն արդեն տևական ժամանակ «պռավալ» են տալիս ամեն ինչ: Մեր տեղեկություններով, այս մարդիկ ևս օդի մեջ գտնվողի կարգավիճակում են, բայց քանի որ դեռ իրենց տեղում են, հենց նրանց վրա է դրված մաքսակետերով անցնող բեռների ստուգումը:
Ծառայության աշխատակիցներն արդեն հունից հանել են բազմաթիվ հայ գործարարների: Նրանք պատմում են, որ մնալով մաքսակետերում` արտահանվող ապրանքը փչանում է, այն էլ` այս շոգի պայմաններում: Գործարարների բողոքին ի պատասխան` Գրիգոր Գրիգորյանը պատասխանել է. «Դու՞ք ինչի եք մտածում, թե կփչանա, ձեր գործն արտահանելն ա, թող մտածի էն պետությունը, որը պիտի ներմուծի»:
Թե մինչև երբ կարող է այս վիճակը շարունակվել, ոչ ոք չգիտի, երևի չգիտի նույնիսկ ծառայության պետին նշանակած վարչապետը:
Պալատական սոցիոլոգի տիտղոսակիր Ահարոն Ադիբեկյանն այսօր իր հերթական յուրօրինակ հարցումներն է հրամցրել հայ հանրությանը:
«Սոցիոմետր» կոչվող սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարը չի ժխտում, որ աշխատում է միայն պատվիրատուի առկայությամբ, որին չգոհացնելու դեպքում է, որ ըստ պայմանավորվածության` չեն հրապարակվում հարցման արդյունքները:
Ադիբեկյանի հարցումներն ըստ այդմ հետաքրքիր են այնքանով, որքանով հնարավոր է դրանց ենթատեքստում որսալ, թե որտեղից է փչում քամին այս անգամ, և ինչ մեսիջներ են փորձ արվում ուղարկել:
Ադիբեկյանի այս անգամվա հարցման առանցքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է. հավանաբար պատվիրատուն պարոն Ծառուկյանն է: Հարցումներն անցկացվել են մայիս-հունիս ամիսներին, որոնց ժամանակ տրված հարցը վերաբերել է արտահերթ ընտրությունների դեպքում ցանկալի նախագահացուին և վարչապետացուին:
Եվ զարմանալիորեն երկուսում էլ հաղթող է ճանաչվել Գագիկ Ծառուկյանը: Այդպես, Ադիբեկյանի հարցումներից ստացվում է, թե հայ ժողովուրդը ներկա պահին երազում է միայն այն մասին, որ Ծառուկյանը նստի կա´մ նախագահի աթոռին, կա´մ վարչապետի:
Նախագահի պաշտոնի համար ընտրյալները դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ. Գագիկ Ծառուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Ռոբերտ Քոչարյան, Վահան Հովհաննիսյան, Արթուր Բաղդասարյան: Իսկ վարչապետի պաշտոնին հարցվածները ցանկացել են տեսնել, համապատասխանաբար, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Վահան Հովհաննիսյանին, Արթուր Բաղդասարյանին և վերջում՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Եվ այսպես, ադիբեկյանական հարցման արդյունքում Ծառուկյանն այսօր դարձել է Հայաստանի ամենացանկալի քաղաքական դեմքը, ում երազում են տեսնել կա´մ նախագահի, կա´մ վարչապետի պաշտոնում` հուսալով, թե դրանով կարելի է փրկել դեպի կործանում գնացող պետությունը:
Վերցնելով քաղաքական պատվերի արտաքին շերտում տեղադրված ինֆորմացիան` փորձենք հասկանալ, թե ինչ կարող է թաքնված լինել դրա հետևում:
Եվ այսպես, վարկած առաջին` ամենապրիմիտիվը. Ահարոն Ադիբեկյանին վճարողը Գագիկ Ծառուկյանն է: Ծառուկյանը` անկախ ժամանակի ընթացքում հնարավորությունների ու կարողությունների ընդլայնումից, շարունակում է մնալ հասարակ գյուղացի տղա, առանձնակի խորամանկություն չունեցող, ուստի որոշել է իր վարկանիշը բարձրացնել` վճարելով Հայաստանի ամենաօրիգինալ սոցիոլոգիական հարցումներ կազմակերպողին և նրան հրահանգելով իրեն ներկայացնել որպես հանրության երազանքի հավաքական ասպետ: Ադիբեկյանն էլ` որպես նման մարդկանց հոգեբանությունը հասկացող, միանգամից գլխի է ընկել, որ առյուծների տիրակալը կարող է միայն և միայն բավարարված զգալ իրեն, եթե հայտնվի առաջին հորիզոնականում, դրա համար էլ կայացրել է լավագույն որոշումը` մեջտեղից հանել է գործող նախագահին ու վարչապետին, և մնացած բոլորին` ստորադասել Ծառուկյանին:
Վարկած երկրորդ. աշնանը և դրան հաջորդող ժամանակահատվածում սպասվում են բավական հետաքրքիր զարգացումներ քաղաքական դաշտում: Խոսվում է Ռոբերտ Քոչարյանի մշակած հատուկ պլանով ԲՀԿ-ի գրոհի անցնելու մասին. հնարավոր է, որ այս հարցումը այդ պլանի նախերգանքի մի մասն է` հարկավոր է նախապատրաստել ժողովրդին սպասվող փոփոխություններին: Այս վարկածի համատեքստում է նաև թեկնածուների մեջ հայտնված Ռոբերտ Քոչարյանի անունը:
Վարկած երրորդ. Ադիբեկյանի բացատրությունների առանցքում «վաղաժամկետ իշխանափոխություն», «արտահերթ ընտրություններ» արտահայտություններն են տեղ գտել: Հնարավոր է, որ Ծառուկյանն անգամ կապ էլ չունենա այս հարցումների հետ: Պատվիրատուն եղել է իշխանական դաշտից, նպատակը` ՀԱԿ—ին հասկացնել, թե` ձեռք քաշեք արտահերթ ընտրություններ պահանջելուց, դրանից ձեզ ավելի վատ հեռանկար է սպասվում:
Վարկած չորրորդ. սա կարող է հստակ հաշվարկված քայլ լինել` ուղղված հենց իր` ԲՀԿ առաջնորդի դեմ. հայտնի է, որ Ծառուկյանը մշտապես հայտարարում է, թե ինքը պաշտոնի ձգտող չէ, պաշտոնի համար չի մտել քաղաքականություն և այլն: Աշնանը Ծառուկյանը փորձեց հավակնություններ դրսևորել` հայտարարելով գալիք խորհրդարանական ընտրություններին «50+1» տոկոս ձայներ հավաքելու մասին, երբ այդ նույն ժամանակ ԲՀԿ-ին պատրաստվում էին, այսպես ասած, «թուլափայ» տալ` 8 տոկոս: Դրան հետևեց ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի վարկանիշի տևական անկումը, որ իր գագաթնակետին հասավ փետրվարյան` կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման-չստորագրման տվայտանքների ժամանակ: Կամ ինչ-որ մեկն է դարձյալ փորձել Ծառուկյանին հավակնություններ վերագրել` դրանով հող նախապատրաստելով նրա վրա կազմակերպվելիք հերթական արշավի համար, կամ` չի բացառվում նաև, որ հենց Ադիբեկյանն է ամեն ինչ սարքել. հնարավոր է, սոցիոլոգը դիմել է Ծառուկյանին` հարցումներ անցկացնելու խնդրանքով, ԲՀԿ առաջնորդը մերժել է, որից հետո Ադիբեկյանը «սեփական հայեցողությամբ» է կազմակերպել հարցումը:
Վարկած հինգերորդ. սոցիոլոգը հայտարարել է, թե միտումնավոր է ցուցակից դուրս թողել Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին` ցանկանալով չափել նրանց «մաքուր քաշը»: Այդ մաքուր քաշը հաշվվել է 68 տոկոս. սա հարցվողների այն հատվածն է, ովքեր հրաժարվել են պատասխանել: Սոցիոլոգն ասել է, թե «պատճառը ՀՀԿ-ի երկու կարևոր դեմքերի բացակայությունը եղած կլինի»:
Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել նաև Ադիբեկյանի` «ՀՀԿ-ի երկու կարևոր դեմքեր» արտահայտությանը. սա ևս քաղաքական պատվերի շրջանակներում է` սրանով Ադիբեկյանը, փաստորեն, Տիգրան Սարգսյանին դրել է Սերժ Սարգսյանի հետ նույն նժարի վրա և նրան ներկայացրել որպես ՀՀԿ-ի կարևոր դեմք, այն դեպքում, երբ ՀՀԿ վերնախավը Տիգրան Սարգսյանին, մեղմ ասած, տանել չի կարողանում և ուղղակի հանդուրժում է, քանի որ նախագահը այլ ճար չունի, ու դրսից են թելադրում, ինքն էլ ստիպված իր նշանակած վարչապետին հրում է առաջ և, ՀՀԿ անդամատոմսեր բաժանել տալով, ստիպում ընկալվել որպես հանրապետական կուսակցության անդամ:
Իսկ թե վարկածներից որն է ավելի իրական, կերևա առաջիկայում:
Կիրակի օրը Արարատի մարզում քաղաքապետի ընտրությունները էին`Արտաշատն ու Արարատը ընտրում էին քաղաքապետեր: Արտաշատում ընտրությունների ֆավորիտը գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանն էր, ով և հաղթող դուրս եկավ: Առաջադրված 5 թեկնածուներից գործող քաղաքապետին այլընտրանք թողնվեց միայն որպես «կլյուչնիկ» հայտնի` Աբովյանի կանանց գաղութի նախկին բանտապահ Քաջիկ Գրիգորյանը: Մնացած թեկնածուները` Արտաշատի ԴՕՍԱԱՖ—ի պետ Հարություն Մնացականյանը, ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Մնացականյանը, Մեսրոպ Պետրոսյանը, ձեռներեց Թադևոս Թադևոսյանը հետ վերցրին իրենց թեկնածությունները: Այդպես, արտաշատցիները գտան, որ ավելի լավ է գործող քաղաքապետը շարունակի իրենց կառավարել, քան «կլյուչնիկ» բերեն իրենց գլխին:
Արտաշատում հենց սկզբից էլ պարզ էր ընտրությունների հանգուցալուծումը: Արարատի մասին նույնը ասել չէր կարելի: Ընտրությունների նախորդ օրը թեկնածուներից Հակոբ Թովմասյանը հայտարարեց, թե բոյկոտում է դրանք և չի մասնակցելու: Թովմասյանը «Ընտրություն» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ներկայացրեց Արարատի գործող քաղաքապետի` իր կողմից հայտնաբերված չարաշահումներն ու յուրացումները: Ի դեպ, ընտրությունները բոյկոտելու հայտարարությունը ևս այս թեկնածուն ցանկություն էր հայտնել հնչեցնել դարձյալ մեր ակումբում, սակայն ինչ-ինչ պատճառներով ևս մեկ հանդիպում կազմակերպել չստացվեց: Ինչևէ, Թովմասյանը հայտարարում է, որ չի մասնակցելու: «Իմ նախընտրական շտաբը գտնում է, որ նախընտրական քարոզչությունն անցկացվել է «Ընտրական օրենսգրքի» կոպիտ խախտումներով, ոչ ազատ ու ոչ հավասար հիմունքներով: Համոզված ենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ (ինչպես ինքն է արդեն խոստովանել) ընտրակաշառք բաժանած և կեղծիքների ընդունակ թեկնածուն այս անգամ էլ նոր իրավախախտումների կդիմի:
Իմ կողքին կանգնած անձանց հետագա սադրանքներից զերծ պահելու համար, ինչպես նաև` կեղծիքներ հեղինակած, հանցավոր ճանապարհով համայնքապետի բարձր ու պատասխանատու պաշտոնին հասած, համայնքային սեփականություն համարվող գույք յուրացրած անձի հետ ընտրապայքարը շարունակելը համարում ենք ոչ ճիշտ»,-ասված է Թովմասյանի հայտարարության մեջ:
Բաբայանը, մնալով մենակ, սկսում է գործել ավելի քան անկաշկանդ:
Ընտրություններից մեկ օր հետո Արարատում արդեն անեկդոտների շարք է սկիզբ առել: Երևանում մարդիկ` անգամ նույն շենքում ապրողները կարող են իրար չճանաչել, դրանով այստեղ ընտրակեղծիք կազմակերպելն ավելի հեշտ է: Արարատում ընտրողները միմյանց ավելի քան լավ են ճանաչում:
«Սկեսուրիցդ նեղացել եմ, էդ ո՞նց ա ընտրության էկել ա, բայց մի հատ չի մտել մոտս հարցներ` ո՞նց էի, ո՞նց չէի». արարատցիներից մեկը ցուցակներում տեսել էր, որ ընտրությանը մասնակցել է նաև իր բարեկամուհու` 5 տարի առաջ մեռած սկեսուրը: «Ա´յ մարդ, դրանց սամալյոտի տոմսերը ես եմ նիսյա տվել, գնում եմ ընտրության, տենամ տնով—տեղով ընտրել են: Թե` ասա էկել, էկել էին, գոնե գային պարտքս տային, նոր գնային ընտրության, առանց պարտքը տալու բա գնում ե՞ն». այս մեկն էլ իր` հանրապետությունից վաղուց բացակայող հարևանների մասնակցության փաստն էր հայտնաբերել:
Արդեն հայտարարված պաշտոնական տվյալներով Արարատում ընտրություններին մասնակցել է 5694 ընտրող, որոնցից Բաբայանին ձայն են տվել 5259-ը, 259 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Արտաշատում մասնակցել են 7346 մարդ. կարելի է միայն հիանալ Արարատի ակտիվությամբ, հատկապես հաշվի առնելով այն, որ Արարատը համարվում է Արտաշատի մի թաղամասի չափ տարածք: Այդպես, թե´ Արարատում, որտեղ ընդամենը ընտրական 7 տեղամաս կա, թե´ Արտաշատում, որտեղ ընտրական տեղամասերի թիվը տասից ավելի է, ընտրություններին մասնակցում են հավասարաչափ ընտրողներ:
Եթե նախորդ` 2007թ. ընտրություններին Բաբայանը շեշտը դրել էր ընտրակաշառքի վրա` ըստ նրա շտաբի տվալների ծախսվել էր շուրջ 500 հազար դոլար, ապա այս անգամ հաղթանակի հիմքը լցոնումներն էին` մեռածներին վերակենդանացնելու, հանրապետությունից բացակայողներին քվեարկությանը մասնակից դարձնելու, ինչպես նաև ընտանիքների ընտրողների թիվը երկրաչափական պրոգրեսիայով բարձրացնելու միջոցով: Այդպես, նույն Հակոբ Թովմասյանը հայտնաբերել էր, որ իր բարեկամներից մեկի ընտանիքը, որ իր բոյկոտի հետ կապված չէր էր մասնակցել ընտրությունների, մասնակցել է և, որ ամենահետաքրքիրն է, այդ ընտանիքն իրականում ուներ 3 ընտրող, բայց ցուցակներում այդ ընտանիքից մասնակցել էին արդեն միանգամից 12 ընտրողներ:
Թովմասյանի շտաբի տեղեկություններով, հայտարարված 6000-ից մոտ 3500-ը լցոնման արդյունք է: Ըստ նույն տվյալների, ընտրություններին իրականում մասնակցել է մոտ 2400 ընտրող, որոնցից Թովմասյանի օգտին ձայն են տվել 800 հոգի, մնացածը եղել են Բաբայանի օգտին քվեարկածները: Ի դեպ, ընտրողներից շատերին թույլ չեն տվել առանձնակի նեղություն կրել ընտրություններին և նրանց հրամցրել են արդեն իսկ Բաբայանի օգտին քվեարկած քվեաթերթիկները: Իսկ մանկապարտեզների դաստիարակներին, դպրոցի ուսուցիչներին, բժիշկներին հրահանգվել է ձեռքի հեռախոսներով նկարել իրենց ընտրությունը և ներկայացնել համապատասխան «ստուգող մարմիններին»: Ընտրություններից առաջ Աբրահամ Բաբայանը, ինչպես նաև նրան աջակցող մարզպետն ու ոստիկանապետը լծված էին հենց նման քարոզարշավի. ամենօրյա ժողովներում տարբեր հիմնարկների աշխատողները հրահանգվում էին, թե ում օգտին է հարկավոր ընտրություն կատարել. հակառակ պարագայում աշխատակիցները տեղեկացվում էին, որ աշխատանքի վայրում այլևս տեղ չեն ունենա:
Թովմասյանն ասում է, թե իր գերխնդիրը եղել է իր մտերիմներին սադրաքներից հեռու պահելը. գիտեին, որ ամեն ինչ արվելու է կռիվներ բորբոքելու և քրեական գործեր հարուցելու համար, ինչի երաշխիքը ՀՀ ոստիկանապետն էր: Այս փուլում ևս Հակոբ Թովմասյանը հայտարարում է, թե գնալու է մինչև վերջ և մեկ առ մեկ, քանի որ ճանաչում է բոլոր ընտրողներին, միջազգային կառույցներով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովով փորձելու է ցույց տալ, թե իրականում ինչ «ընտրություն» է կատարվել Արարատում:
Նոր մանրամասներ են ի հայտ եկել շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի սպանության հետ կապված: Սպանության մեջ մեղադրվող հիվանդատերը` Արտակ Կարապետյանը, պարզվում է, նախ ծեծել է հորը, ում համար հետո շտապօգնություն են կանչել:
Այդ օրը ծեծից հետո հայրը վատացել է: Շտապօգնության ժամանելուց հետո Կարապետյանը սկսել է հայհոյել և ծեծել բժշկին, ով, ասում են բարձրակարգ վիրաբույժ էր և 30 տարվա աշխատանքային կենսագրությունից հետո գնացել և շտապօգնության բժիշկ է աշխատել, ինչը չէր կարող պատահել ոչ մի նորմալ երկրում:
Ծեծը սկսվել է նախ դրսում. հիվանդատերը հայհոյանքներ է տեղացել, ծեծել և, փաստորեն, թույլ չի տվել բժիշկին բարձրանալ տուն և օգնություն ցուցաբերել իր կողմից ծեծված հորը: Բայց բժիշկը, ըստ պաշտոնական տեղեկության, ամեն դեպքում կարողացել է հասնել հիվանդի մոտ և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Հարբած վիճակում գտնվող հիվանդատերը սակայն չի հագեցել և բուժօգնություն ցուցաբերած բժշկին շարունակել է ծեծել` մինչև մահվան հասցնելը:
Սա, իհարկե, զարհուրելի դեպք է: Դրա հետ մեկտեղ առավել զարհուրելի է այն, որ այդ ամբողջ ժամանակահատվածում ծեծի ականատեսները չեն համարձակվել որևէ բան ձեռնարկել, գոնե ոստիկանություն, կամ լրացուցիչ օգնություն կանչել:
Հետաքրքիր է, բայց բժշկի սպանության լուրն իբրև ահասարսուռ պատմություն շրջանառելիս հնչում են կարծիքներ, թե քիչ չեն այն դեպքերը, երբ բժիշկների կողմից մարդկանց «սպանելու» փաստերի վերաբերյալ է այսպիսի աժիոտաժ առաջացել: Իսկ այս առումով փաստերն ավելի քան խոսուն են և բազմաթիվ: Եթե Աշոտ Գրիգորյանը եզակի բժիշկ էր, որ սպանվեց հարբած հիվանդատիրոջ կողմից` աֆեկտի ազդեցությամբ (հարբած երիտասարդը բարկացել էր շտապօգնության ուշանալու համար), ապա Հայաստանում գրեթե ամեն օր, բժիշկների մեղքով մարդիկ են մահանում կամ հաշմվում: Նույն շտապօգնության ծառայությունների ոչ պրոֆեսիոնալ բուժօգնության պատճառով անփութության, անտարբերության, կամ իրենց մասնագիտությանը ոչ բավարար տիրապետելու պատճառով մարդիկ կորցնում են ոչ միայն առողջությունը:
Այսօր Գյումրու բուժաշխատողներն են բողոքի ակցիա կազմակերպել: Իսկ բժիշկ Նինա Արիստակեսյանն այնպիսի ելույթ է ունեցել, որ բուժաշխատողներն անգամ հուզվել են: «Դուք ինձ մեղադրում եք, որ ես էմոցիոնալ եմ: Պարոն Հովհաննիսյան, իսկ դուք գիտե՞ք, թե ինչ մարդ է մահացել, նա ոսկի ձեռքեր ուներ, իսկ գիտե՞ք որտեղ է ապրել` հանրակացարանում: Իսկ գիտե՞ք ով է հուղարկավորել, այո գիտեք, Դուք էլ եք մասնակցել այդ հանգանակությանը»,-ասել է Նինա Արիստակեսյանը` դիմելով իրենց վարչության պետին, նշելով թե` հասարակությունն ու իշխանություններն են մեղավոր, որ չմտածեցին անգամ իր մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարած մարդուն արժանապատիվ հուղարկավորելու մասին:
Եթե դա այդպես է,առավել քան տարօրինակ է` նախարար Քուշկյանը գեղեցիկ խոսքեր ասելու փոխարեն, կարող էր ապացուցել համակարգի հարգանքն իր բժիշկի հիշատակի հանդեպ, կազմակերպելով պատշաճ հուղարկավորություն:
Երևանի թաղապետարաններում իրարանցում է սկսվել: Կառավարության ներկայացրած և Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքը դեռ պատգամավորները չէին հաստատել, բայց թաղապետերն արդեն իրար էին անցել: Բոլոր համայնքներում ծանոթները, անծանոթներն էլ իրենց հերթին ծանոթ խաղացնելով` փորձում են տարածք ձեռք գցել ավտոկայանատեղի համար: Իսկ այս օրենքով շուտով սա դառնալու է շահավետ բիզնես, թեև մինչ օրենքի ընդունումն էլ կայանատեղի ունենալը վատ գործ չէր: Մեկ ժամ կայանման համար վարորդները շուտով ստիպած կլինեն վճարել 300դրամ, մեկ օրը`2500 դրամ:
Բնական է, որ ամենամեծ «ստավկան» քաղաքի կենտրոնում է լինելու:
Մեր տեղեկություններով, Կենտրոնի թաղապետ Գագիկ Գյանջումյանը հաջողել է գործարք կնքել անգամ քաղաքապետարանի քթի տակ գտնվող տարածքի համար: Ընդ որում, տարածքի վերաբերյալ պայմանագիր կոչվածը կնքվել է մինչև հիշյալ օրինագծի հաստատումը, այսինքն` անօրինական ճանապարհով: Բեյրութի փողոցի երկայնքով շուրջ 200 քմ տարածք, քմ –ն` ամսական 1000 դրամ վարձավճարով տրամադրվել է մեկ մարդու: Տարածքը հանձնվել է տվյալ անձին` «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ. առանց մրցույթ հայտարարելու պայմանագիր է կնքվել, և տարածքը տրվել է նրան, ով ցանկություն է հայտնել:
Նույն կերպ, շուտով, ոմանք գերշահույթներ կստանան նաև Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի հետևի փողոցի երկայնքով վարձակալության վերցված տարածքը որպես ավտոկայանատեղի շահագործելու ճանապարհով: Արդեն իսկ դատարանի պատերին փակցված է «վճարովի ավտոկայանատեղի» մակագրությունը` հասկացնելով բոլորին, որ հենց այնպես կայանել չի կարելի, դրա համար հարկավոր է վճարել նրան, ով կարողացել է տեր դառնալ հիշյալ կայանատեղիին: Իսկ կարծել, թե դատարանին չառնչվող որևէ մեկը կարող էր տեր դառնալ դատարանի շենքին հարակից տարածքին և փող աշխատել դատարանի հետ առնչվողների մեքենաների կայանման հաշվին` միամտություն է:
Ավագանու խորհրդի վերջին նիստում պետք է ընդունվեր մի որոշում, համաձայն որի` ստեղծվելու էր «Երևան Տրանսպորտ Օփերեյշն» անվամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ըստ երևույթին, հենց այս ընկերությանն էր բաժին հասնելու ավտոկայանատեղիները շահագործման հանձնելու և վերահսկելու գործառույթը: Այս որոշումը, սակայն, ինչ-ինչ նկատառումներից ելնելով` հանվեց օրակարգից: Դե, քանի որ հիշյալ ոլորտը կանոնակարգող մարմին չկա, ավագանին էլ գնաց արձակուրդ, թաղապետերի ձեռքերն ազատ են արձակվել: Իսկ մինչև քաղաքապետարանում գլխի ընկնեն, թե Երևանի վարչական շրջաններում ինչ է կատարվում, վարչական շրջանների ղեկավարները ինչ գործարքներ են կնքում, քաղաքում երևի այլևս ազատ տարածք չի մնա. ինչ-ինչ, բայց թաղապետերը կատարելապես տիրապետում են տարածքներ ծախելու գործին:
Հ.Գ.Օրենքն ինքնին լավն է, դա թույլ կտա քաղաքի մայթերը անանցանելի դարձնող մեքենաները ապահով ու հարմարավետ կայանել, ինչի համար տրամաբանական է վճարելը: Մեզանում օրենքները տեսականորեն բոլորն էլ լավն են, կիրառելուց է, որ դառնում են գործիք ճարպիկների ձեռքին:
Հետաքրքիր է, որ օրենքում որևէ կետ չկա, թե ինչ պատասխանատվություն է ենթադրվում կարգազանց կայանողի համար: Հոդված 16‑ում նշված է`1. Ավտոկայանատեղի տուրք չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Սա իհարկե ազատում է կայանատեղիի տերերի ձեռքերը վարվելու այնպես, ինչպես հարմար են գտնում:
Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց` հետաքրքիր զարգացումներ են նկատվում Շիրակի մարզում: Հայաստանի քաղաքական դաշտի լուսանցքում հայտնվելու վտանգի տակ հայտնված ԲՀԿ-ն իր արձանագրած խոշոր պարտությունները կարծես փորձում է կոմպենսացնել Շիրակի մարզում մեծածավալ գրոհ կազմակերպելով: Դատելով վերջին շրջանում ծավալված աշխատանքներից, դա այս կուսակցության մոտ ահագին լավ է ստացվում: Դրանում, իհարկե, քիչ դեր չի խաղում մարզի մեծահարուստների բարգավաճացումն այս մարզում, ինչը նկատելիորեն թուլացրեց ՀՀԿ-ի դիրքերը:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործոնը ևս այստեղ քիչ դեր չխաղաց: Ինչպես հայտնի է, այս տարածքի ամենահզոր երկու հանրապետականների` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ջրերը նույն առվով չեն հոսում: Հանրապետական կուսակցությունը Գյումրիում 4 տեղական կազմակերպություն ունի` Գյումրի 1, Գյումրի 2, Գյումրի 3, Գյումրի 4, որոնցից վերջինը դուրս է եկել Ղուկասյանի վերահսկողությունից և ամբողջովին ենթարկվում է Աղաբաբյանին, ու հայտնի չէ, թե ընտրությունների ժամանակ ինչ կարելի է սպասել սրանից: Փոխարենը, բհկականները բավական միասնական են` գոնե կուսակցության ու նրա ղեկավարի շահերի պաշտպանության հարցում:
Այս օրերին Շիրակում, հատկապես Գյումրիում, բհկականների գրոհը անցնում է հիմնականում «Այսքան ուրախ կյանքը մեր ո՞վ է արդյոք մեզ տվել` այոոոոո~, պարոն Ծառուկյանը» կարգախոսով: Օրինակ` դպրոցների բհկական տնօրենները աշակերտներին տանում են էքսկուրսիա և ջանասիրաբար բացատրում` եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, իրենք այս էքսկուրսիան չէին տեսնի: ԱԺ պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանի քրոջ տնօրինությամբ գործող դպրոցի աշակերտները այս տարի մի քանի անգամ արտասանեցին «պարոն Ծառուկյան» անունը, որպեսզի բհկական եղբոր բհկական քրոջ դպրոցի սաները հստակ հասկանան, որ հենց ԲՀԿ առաջնորդի շնորհիվ էր, որ կարողացան էքսկուրսիա գնալ:
Հանցագործ աշխարհի վառ ներկայացուցիչ Մարտունիկ Գրիգորյանը, սակայն, միայն քրոջ դպրոցով չի բավարարվում և բհկական գաղափարներն ու նրա առաջնորդի անփոխարինելության առասպելը հանգամանալից լուսաբանում է նաև իրեն պատկանող «Տրանս-ակնթարթ» ընկերությունում, որն իրականացնում է Երևան-Գյումրի ուղևորափոխադրումները:
Մեղմ ասած` յուրօրինակ ձևով է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գաղափարները փորձում տարածել բարգավաճացած, հանուն բարգավաճացման ճակատի գիրը փոխած Սամվել Բալասանյանը: Պարոն Բալասանյանը վերջերս գլխի է ընկել, որ բավական է` գյումրեցիները տեսնեն իր մեծադիր լուսանկարները «Դե ֆակտո» կոչվող ամսագրի շապիկին, որտեղ բազմելու համար, ըստ շշուկների, 20 հազար դոլար գումար է պահանջվում մուծել, կհասկանան, որ հենց ԲՀԿ-ն է այն կուսակցությունը, ում հարկավոր է ձայն տալ գալիք ընտրություններին: Իսկ քանի որ նա չի խնայել ու վճարել է այդ գումարը, ամսագրի նկարն էլ` որպես Մենուայի կազմած էլիտարների ցուցակի անդամ, որոշել է փակցնել տալ գովազդային վահանակների վրա: Գյումրեցիները նրա մեծացրած լուսանկարներին հանդիպում են Սայաթ-Նովա պողոտայում, Անկախության հրապարակում, Խաղաղության օղակում, Բոշի սադի մոտ, Արվեստների ակադեմիայի, գուլպեղենի ֆաբրիկայի, Անանիա Շիրակացի համալսարանի դիմաց. մի խոսքով` Հաղթանակի պողոտայից մինչև Նժդեհի փողոց, որտեղ հարկ է համարել իր մեծադիր լուսանկարը կախել տալ ԱԺ փոխնախագահը:
Ի դեպ, ուշագրավ է, որ անգամ գուլպեղենի ֆաբրիկայի դիմաց է Բալասանյանն իր պատկերը փակցրել` այն դեպքում, երբ այդ նույն տեղում կարող էր իր մեծադիր պատկերը փակցնել դրա սեփականատերը` Բալասանյանից էլ ավելի շուտ բարգավաճացած, դեռ Բալասանյանից էլ ավելի ուժեղ բարգավաճացած Ռոբերտ Զաքարյանը (Զաքարյանը ոչ միայն պարզապես ԱԺ բհկական պատգամավոր է, այլև Գագիկ Ծառուկյանը նրա որդու քավորն է): Հաշվի առնելով, որ Գարեջրի գործարանի վրա Սամվել Բալասանյանն անգամ իր պատկերն է քանդակել տվել, պետք է որ արդարացի նկատվեր Զաքարյանի` իր լուսանկարի տեղադրման ցանկությունը: Բայց, ինչպես տեսնում ենք, ԲՀԿ-ն որոշել է այս ընտրությունների քարոզարշավը Գյումրիում` գոնե նախընտրական այս փուլում ծավալել Սամվել Բալասանյանի պատկերով:
Բայց եթե գուլպեղենի ֆաբրիկայի տնօրենը համեստություն է անում և իր պատկերի փոխարեն գործընկերոջ պատկերն է կախում իր աշխատողների աչքի առաջ, դա դեռ չի նշանակում, որ նա գոնե վերբալ մակարդակով չի փորձելու քարոզարշավ իրականացնել: Մինչ Ռոբերտ Զաքարյանը բարգավաճեցնում է իր աշխատողներին, Գյումրու Մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը` Ապարիկը, իր հերթին է քարոզարշավ իրականացնում ուսանողների շրջանում: Հաշվի առնելով, որ Հայաստանի ընտրական գործընթացներում վճռորոշ դերակատարություն ունեցողը փողն է, այսօրվանից իսկ կարելի է ենթադրել, որ Հանրապետականին այստեղ մեծ հիասթափություն է սպասվում. մարզի` հատկապես Գյումրու մեծահարուստները հիմնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմս ունեն: Այս կուսակցությունից են նաև Արտաշես Սարգսյանը` «Ոսկե բլուր» ռեստորանային համալիրի տերը, որի որդու հետ հրաձգության պատճառով Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը հանցագործի խարան վաստակեց: ԲՀԿ-ական է նաև «Շիրակ» օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանը: Մի խոսքով, եթե նկատի ունենանք, որ ով վճարում է, նա էլ հաղթող է դուրս գալիս, և հաշվի առնելով, թե այժմվանից սկսած բարեգործության ինչ արշավ են կազմակերպել բարգավաճականները, կարելի է վստահ ասել, որ նրանք մարտական են տրամադրված` նվաճելու հանրապետության երկրորդ քաղաքը, որն էլ կասկածելի է դարձնում Շիրակում կայանալիք ընտրություններում հանրապետականի արդյունքները: Հատկապես որ` Վարդանիկից հոգնել են գյումրեցիները, իսկ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ շարունակում է ապրել Երևանում և Գյումրի է հասնում հարևանի տուն շտապող հյուրի կարգավիճակով:
Մոտ երեք օր առաջ Երևանի քաղաքաշինական խորհուրդը հաստատեց ՀՀ կառավարության բակում «թմբուկ» կոչվող կառույցի նախագիծը: «Թմբուկի» պատճառով հրաժարական տվեց Կարեն Կարապետյանի քաղաքապետարան բերած Երևանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Ըստ երևույթին, պարտադրանք չընդունեց Հասրաթյանը, չցանկացավ իր անունն արատավորել «թմբուկով» և հրաժարական տվեց: Արդյունքում Երևանի գլխավոր ճարտարապետ նստեց նման կառույցներ իրացնելու հետ որևէ խնդիր չունեցող Նարեկ Սարգսյանը, և մեկ ամիս անց գործը գլուխ եկավ. փողը կա, շինության ի կատար ածումն էլ խոստանում է էլ ավելի մեծ եկամուտներ բերել: Մնացել է շինարարությունը:
Նախատեսված է այս նորակառույց տեղափոխել Սփյուռքի նախարարությունը (Հրանուշ Հակոբյանի համար նախարարություն բացեցին` քիչ էր, հիմա էլ հատուկ շենք են կառուցում` Հանրապետության հրապարակի տեսքը գցելու հաշվին), Էկոնոմիկայի նախարարությունը, էլի ինչ-որ գերատեսչություններ, որոնց շենքերը կառավարությունը պատրաստվում է վաճառել: Բնականաբար, այդ շենքերի վաճառքից սպասվող եկամուտը չի կարող չգայթակղել` գումարած շինարարության համար նախատեսված միլիոններից ակնկալվող ատկատները: Սա նախ մի փոքր տարօրինակ է, քանի որ, ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, Սամվել Կարապետյանին` Կալուգայի Սամոյին, տարածք են հատկացրել Վերնիսաժ կոչվող տարածքում, որտեղ նա պետք է բարձրակարկ շենք կառուցեր մի շարք վարչական հիմնարկներ տեղավորելու պայմանով. փոխարենը նրան տվել են Շահումյանի հրապարակում արդարադատության նախարարության նախկին տարածքը իր շրջակայքով: Ճիշտ է, այս պահին շինության ավարտը դեռ չի երևում, բայց դա այլ թեմա է:
Դատելով այն ամենից, ինչ լսեցինք քաղաքապետարանում, թմբուկը կառուցվելու է անկախ ամեն ինչից, ու դա կապ չունի ոչ անհրաժեշտության, ոչ էլ Թամանյանի նախագծի հետ:
Երևանի ավագանու խորհրդի նիստի ավարտից հետո, մասնագիտությամբ ճարտարապետ Լևոն Իգիթյանը և ռեժիսոր Միքայել Դովլաթյանը կանգնած զրուցում էին: Հետաքրքիր էր իմանալ ավագանու այս անդամների կարծիքը հիշյալ թմբուկի վերաբերյալ: Զրույցից մի երկու րոպե անց մեզ միացավ նաև Արա Երնջակյանը, մի երկու րոպեով` նաև ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը, թեև վերջինս որևէ կարծիք չհայտնեց: Հարցս ուղղեցի նախ Իգիթյանին.
— Ձեզ թմբուկ կոչվածը, որ պետք է կառուցվի, դու՞ր է եկել:
— Դուր գալը ո՞րն է: Ճարտարապետության մեջ չեն ասում դուր գալ կամ չգալ,- միանգամից փորձեց հակագրոհի անցնել Լևոն Իգիթյանը:
— Դե, հարցնում եմ որպես ճարտարապետի, Ձեր ճաշակո՞վ է:
— Դուք թեթև տեղեկություններով կարծիք եք կազմում, ճարտարապետական խնդիրները այլ կերպ են գնահատվում:
— Դուք իմ կարծիքն եք ուզում` հա՞, իմ դուրը գալիս ա, չգիտեմ` Լևոն Իգիթյանի դուրը գալիս ա, թե չէ,- սա մասնագիտությամբ ռեժիսոր Միքայել Դովլաթյանի պատասխանն էր:
— Ասում են` հրապարակի տեսքը կարող է փոխվել:
— Ի՞նչ եք խոսում…
— Դե, ճարտարապետներն են ասում, մի քանիսը, իհարկե վախվորած, արդեն դեմ են արտահայտվել, Ճարտարապետների միության նախագահը` Մկրտիչ Մինասյանն էլ է ոչ դրական կարծիք արտահայտել:
— Իսկ երբ որ Մկրտիչ Մինասյանը նման կարծիքներ է հայտնում` մեր միության նախագահը, Դուք իրան հարցրեք` Ամիրյանի վրա էն ահավոր յաշիկը որ դրել ա, դա ճարտարապետության հետ կապ ունի՞,- սա էլ մասնագիտությամբ ճարտարապետ Իգիթյանն էր:
— Ամիրյանի կողքի ահավոր յաշի՞կը :
— Գրադարանի շենքի ճակատն է մնացել ընդամենը, հետևում մի հատ մոնստր ա բուսնել, իսկ նրա կողքի ա՛յ էդ յաշիկի հեղինակը…
— Ձեր ասելով` ինքն իրավունք չունի նման բան ասելու, որովհետև յաշիկի հարցում մեղավո՞ր է:
— Այո, որովհետև սա Թամանյանի նախագծածն է և ոչ թե Մինասյանի:
— Թամանյանի գործերն անքննելի՞ են, Թամանյանը կարող է խմած է եղել այդ օրը ու… Ի՞նչ է, օպերայի շենքը ամբողջությամբ Թամանյանի գծագրածով կառուցեցի՞ք, որ հիմա թամանյանական ամեն ինչը պետք է ի կատար ածվի:
— Դե, փող չունեինք, դրա համար չենք արել:
-Ինչու՞ եք Թամանյանին հարմարեցնում Ձեր գրպանին:
— Ինչքան էլ խմած լիներ, էսօրվա շատ օյաղներից ավելի լավը գծած կլիներ հաստատ,- միջամտեց Արա Երնջակյանը:- Իր ասածը գիտե՞ք որն ա. Տոլստոյը ժամանակին մի հատ խելոք միտք էր արտահայտել: Ինքը Շեքսպիրին դեմ էր, չէր ընդունում Շեքսպիրին… բայց դրա համար առնվազն պետք է Տոլստոյ լինես: Կարելի է էդ գմբեթը չընդունել, բայց էդ գմբեթը չընդունելուց առաջ պետք է էնքան բագաժ ունենաս, էնքան պատկերացում ունենաս, որ ասես` ա´յ, սա, էս հարցը պետք չէ:
Դե, քանի որ մենք տոլստոյներ չենք, հարցնում ենք մասնագետից, ի վերջո հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե ինչ են մոգոնել հերթական անգամ:
Որ Թամանյանն իսկապես անգամ ամենահարբած ժամանակ էսօրվա օյաղներից շատ ավելի լավ նախագիծ կաներ, ժխտել չի կարելի: Իսկ Թամանյանով քողարկվողներին կարելի է ընդամենը խորհուրդ տալ` բացել հենց Թամանյանի գծագրած թմբուկը և տեսնել, թե իրականում ինչ է նախագծել մեծ ճարտարապետը, իսկ փոխարենը` ինչ են կապում մեր գլխին այսօր:
Թե որ արժանիքների համար Արման Սահակյանը նշանակվեց Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնում, այդպես էլ մնաց անհայտ: Արմանի միակ` հանրությանը հայտնի արժանիքը Գալուստ Սահակյանի որդի լինելն է, գումարած` Աշոտ Աղաբաբյան անունով քեռի ունենալը:
Երբ փորձեցինք հենց իրենից` Արման Գալուստիչից ճշտել նրա նշանակման դրդապատճառները, պարզվեց, որ անգամ ինքը դեռ չի հասկացել, թե որ արժանիքների համար են իրեն տվել այդ պաշտոնը: Պարզվեց` Գալուստիչին հարկավոր է 100 օր հասունանալու համար, որպեսզի կարողանա պատրաստել այդ հարցի պատասխանը: Իսկ մինչ այդ նա մեր հարցերին արձագանքեց ինչպես զտարյուն չինովնիկ:
— Պարո´ն Սահակյան, ինչո՞վ կբացատրեք Ձեր նշանակումը: Ձեր պատգամավորական արդյունավետ գործունեությո՞ւնը հիմք հանդիսացավ նման նշանակման, թե՞ սա Հայաստանի` որպես կլանային համակարգ ունեցող երկրի, ևս մեկ հաստատումն էր:
— Սովորաբար կա այդպիսի ավանդույթ, որ նոր պաշտոնատար անձը շփվում է լրատվամիջոցների հետ 100 օր անց. ես խնդրում եմ, որպեսզի սպասեք այդ 100 օրվան, նոր շփվենք:
Սակայն Արմանի բախտը այս առումով բերել է. նրա նշանակումներից հարյուր օր էլ չանցած, հանրությունը մոռանում է նրա մասին:
Ի տարբերություն Արմանի, պարզվեց նրա խարիզմատիկ քեռին ավելի քան կողմնորոշված է և մտքով չէր էլ անցնում, թե որևէ մեկը կարող էր կասկածի տակ առնել իր Արմանին պաշտոն տալու արժանավորության հարցը: «Արմանիս բան չասես, հա~»,- նախազգուշացրեց Բուռնաշը:
— Պարոն Աղաբաբյան, ինչո՞վ էր պայմանավորված այս նշանակումը:
— Ոնց` ինչո՞վ, շատ լավ կադր ա:
— Բայց առերևույթ տպավորություն է ստեղծվում, թե կլան է ստեղծված ինչ որ… միայն Ձեր երեխաներն են առաջ գնում` քեռի, պապա ունեցողները:
— Ի՞նչ կլան, ա´յ քեզ բան, վաստակ ունենք, ա´յ բալա ջան:
— Ուրիշները վաստակ չունե՞ն, թե դուք յոթ պորտի համար եք վաստակել:
— Կան, ո՞վ ա բան ասում, հերթով կտան, ամենքը իրա վաստակով պիտի լինի, հո: Օրինակ՝ ո՞ր լավերին, խի մենք վատն ե՞նք: Դե գնա` էնքա~ն վատ կա` վատին հարցրա, մեր լավին խի՞ ես հարցնում:
— Բայց ինքը «անգույն» սուսուփուս պատգամավոր էր:
— Ո՞վ ա սուսուփուս, Արմանն ա՞ սուսուփուս: Տես ինչ եմ ասում` ամեն պաշտոն էշի բեռ ա, մենք մեր վրա էշի բեռ ենք վերցնում, ոչ թե եսիմ ինչ ա:
Հետաքրքիր է, ստացվում է, որ մեր պաշտոնատարները էշի բեռ են տանում, մեր երկրում օլիգարխները, նրանց մտերիմները բեռնակիր կենդանիներ են, իսկ հասարակ մահկանացուները պարզապես վայելում են կյանքը:
Հիսուսն ասում է` իրար բեռներ կրեք: Մեր խաչ ու Քրիստոս հարգող բեռնակիրներին կոչ ենք անում իրենց բեռներից մի քիչ էլ մյուսներին բաժին հանեն, համ իրենց բեռը կթեթևանա, համ էլ արմանսահակյանները քիչ կլինեն:
Մոտ երկու շաբաթ առաջ լուր էր տարածվել, թե կռիվ է տեղի ունեցել Շմայսի` ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի բարեկամների և Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու և նրա թիկնապահների միջև, վնասվածքներ են եղել և այլն: Այսօր Ազգային ժողով էր եկել նաև Մովսիսյանը, ում, չգիտես ինչու, այսօր ով տեսնում ասում էր` «պարոն Առաքելյան»:
— Իմ անունն ա Առաքել, ես Մովսիսյան եմ,- ծիծաղելով ուղղում էր պատգամավորը: Ըստ երևույթին «Առաքելյանը» վարակիչ էր և այդ վարակը ինձ էլ կպավ:
— Պարո´ն Առաքելյան…
— Ըհը´, քո բախտն էլ չբերեց, ով անունս սխալ ա ասում, հարց չի տալիս: Ես Մովսիսյանն եմ:
— ի՞նչ կռվի պատմություն էր ձերոնց ու Ներսես Նազարյանի որդու միջև:
— Տո ես ու Նազարյան Ներսիկը լավ ընկերներ ենք, ի՞նչ կռիվ: Ես Իսպանիա էի, բացել նայում եմ` իմ նկարն ու Ներսիկինը ու իբր կռիվ ա էղել: Ասի` դե լավ ա, ես ու Ներսիկը իրար կողք ընգանք:
— Ասում եք, որ որևէ միջադեպ չի եղե՞լ:
— Մենք մեր կռիվն արել ենք, մենք հայերի հետ էլ կռիվ չունենք անելու:(Հավանաբար արցախյան պատերազմին `իրենց Մովսիսյանների մասնակցությունը, ի նկատի ուներ.- Լ.Կ. )
Հ.Գ. Ինչ էլ ասի Առաքել Մովսիսյանն իր ու Նազարյանի ընկերության ու նրա կողքը «ընգնելու» մասին, Շմայսի ու Նազարյան Արմենի «մարդկանց» միջև միջադեպ եղել է: Իսկ թե ինչու իրավապահները շրջանցեցին, ու դրա հետ կապված լուրերն էլ չշրջանառվեցին, կարծում ենք պարզ է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.