29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում գումարվեց հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով, որի ընթացքում քննարկվեցին հոգևոր-ազգային, եկեղեցական, հովվական և ներքին կազմակերպական մի շարք հարցեր:
Առանձին քննարկման նյութ դարձան 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Հայ Եկեղեցու կողմից իրականացվող հոգևոր-խնամատարական գործունեությունը, ռազմագերիների վերադարձման, անհայտ կորածների հայտնաբերման խնդիրները, զոհվածների աճյունների նույնականացման և հուղարկավորության հետ առնչվող հարցերը:
Անդրադարձ եղավ նաև ՀՀ Ազգային Ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների վերաբերյալ նախաձեռնված փոփոխություններին։
Այս կապակցությամբ ժողովն արձանագրեց․
«Կարևորում ենք պետական տոնացույցում ազգային, հոգևոր ու պետական տոների և հիշատակի օրերի պատշաճ ներկայացվածությունը, քանզի մեր հոգևոր ու մշակութային արժեքները, ազգային դիմագիծն ու ձգտումները արտահայտվում են նաև տոների և հիշատակի օրերի խորհուրդներում:
Հատկանշական է, որ շատ երկրներում, որոնց թվում՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ռումինիան, Լեհաստանը, Լիտվան և հարևան Վրաստանը, պետական ոչ աշխատանքային օրերի գերակշռող մասը (60-80%)՝ եկեղեցական տոներ են։ Մինչդեռ քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանում՝ միայն 19% է եկեղեցական:
Այսու դիմում ենք Ազգային Ժողովի խմբակցություններին՝ Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը, որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը, որպես մեռելոց հիշատակի օր, հատկապես, երբ արցախյան պատերազմի զոհերի ցավը դեռ մորմոքում է մեր ժողովրդի սրտում։
Լիահույս ենք, որ ընդառաջ մեր ժողովրդի բարեպաշտ զգացումներին և աղոթքի ու մխիթարության հոգևոր կարիքներին՝ Ազգային Ժողովի կողմից նկատի կառնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սույն առաջարկը»», — ասված է հայտարարությունում՝
ՌԴ ԱԳ նախարարը զգուշացրել է ՆԱՏՕ-ի ռազմական առաքելության ընդլայնման և Եվրոպայում, Ասիայում ու Խաղաղ օվկիանոսում ամերիկյան միջին հեռահարության հրթիռների տեղակայման հնարավորության մասին։
Ըստ ՏԱՍՍ-ի` Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) սկսել է վտանգավոր խաղ և բացահայտ խոսում է ամբողջ աշխարհում ռազմական առաքելության ընդլայնման ցանկության մասին, թեև ռուսական կողմը կկիրառի բոլոր անհրաժեշտ միջոցները նման ջանքերին հակազդելու համար։
Լավրովը Մոսկվայում իր հարավկորեացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում ասել է, որ ապացույցներ կան, որ ՆԱՏՕ-ում պլաներ մշակողներն իրենց ուշադրությունն են ուղղում դեպի Արևելք, և նույնիսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգին ասվել է, որ առաքելությունը պետք է տարածվի ամբողջ Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա:
ՌԴ ԱԳ նախարարը նաև մտահոգություն է հայտնել Արևելյան Եվրոպայում և Խաղաղ օվկիանոսում միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայելու՝ ԱՄՆ ջանքերի կապակցությամբ՝ նշելով. «Ընդհանուր առմամբ, երբ մենք ցանկանում ենք խոսել այլ պետությունների և տարածաշրջանների մասին, մեզ, անշուշտ, անհանգստացնում է ամերիկյան կողմի հրթիռների տեղակայումը, ինչն արգելված է Ռուսաստանի հետ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրով: Դա վերաբերում է ոչ միայն մայրցամաքային Եվրոպային, այլև Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին»:
Մոսկվայի պաշտոնյաներն ավելի վաղ զգուշացրել էին Բալթյան և Սևծովյան տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի զորքերի վերաստեղծման և տեղակայման մասին:
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում ավելի ու ավելի շատ մարդիկ են ցանկություն հայտնում հայերեն սովորել։ Բացի համալսարանական դասընթացներից, ադրբեջանցիները դիմում են մասնագետի՝ հատուկ դասընթաց անցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Լեզվի դասընթացների հիմնական լսարանը հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են, դիվանագետները, լրագրողները և նույնիսկ տնտեսագետները ։ Լրատվամիջոցին պատմել է Կովկասագիտության ամբիոնի դասախոս Հուսեյն Ասքերովը։
Դասախոսը խոստովանել է, որ չի հասցնում բոլորին գրանցել դասընթացների։ Երբեմն ստիպված է դասընթացները անցկացնել ուշ երեկոյան։ Նման պարապմունքները սովորաբար հեռակա է անցկացնում։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարել էր բուհում հայոց լեզվի դասընթացներ բացելու մասին: Դրանք անմիջականորեն իրականացնում է Ասկերովը։ Դասընթացների նպատակն է ադրբեջանցի հետազոտողներին հնարավորություն տալ հայկական մամուլն առավել խորությամբ ուսումնասիրել, տեղյակ լինել Հայաստանում առկա տնտեսական վիճակին։
«Ես չեմ հասցնում հայոց լեզվի ուսուցման բոլոր դիմորդներին ընդգրկել ժամանակացույցում, սակայն մեզ շատ են պետք նման մասնագետներ», — ասել է մանկավարժը:
Ասկերովի պարապմունքներն անցկացվում են շաբաթական երեք անգամ։ Սովորաբար հայոց լեզվի դասընթացի ունկնդիրները պետական անվտանգության ծառայության, արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ են, սահմանապահներ, լրագրողներ և այլ մասնագիտության ներկայացուցիչներ:
Դասերն անվճար են միայն ուսանողների համար։ Մյուսների համար դասընթացի ամսական արժեքը տատանվում է 60-120 մանաթի սահմաններում ($35-70) ։
«Մենք նախատեսում ենք ապագայում համալսարանին կից բացել հայերենի՝ խոսակցական լեզվի ավելի կատարելագործված դասընթացներ»։
Ասքերովը կարծում է, որ Հայոց լեզվի հիմնական հմտություններ ձեռք բերել հնարավոր է 8-9 ամսում, բայց լեզվին տիրապետելու համար երկու տարի է պահանջվում։
Ամեն տարի շուրջ 30-40 ուսանող ավարտում է համալսարանը Հայոց լեզվի գիտելիքներով, նրանց մոտ կեսը աշխատանք է գտնում և հիմնականում կազմակերպվում են հայկական ենթաբաժինով կայքերի խմբագրությունում, լեզվին տիրապետող տղամարդիկ պահանջված են զինված ուժերի շարքերում։
Ասքերովը հայերենին տիրապետում է մանկուց։ Նա ծնվել և մեծացել է Հայաստանում։ Քերականությունը սովորել է դպրոցում: Ադրբեջանում հայոց լեզվի դասագրքերի բացակայության պատճառով նա ստիպված է եղել դրանք ինքնուրույն գրել։
Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարը քրեաիրավական ոլորտում հայ-իրանական գործակցության առաջնահերթություններից է. ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել.
«2020թ. ՀՀ և ԻԻՀ միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից քննվել է 13 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ:
2021թ. առաջին 9 ամիսների տվյալներով քննվող նման գործերի քանակը կազմել է 12, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 24 անձ, այդ թվում ինչպես ՀՀ, այնպես էլ ԻԻՀ քաղաքացի:
Ընդ որում՝ եթե 2017-ից 2020թթ. ընկած ժամանակահատվածում միայն ՀՀ մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է Իրանից-Հայաստան ապօրինի ներմուծված 157 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, ապա միայն 2021թ. մաքսակետում հայտնաբերվել է 451կգ թմրամիջոց:
Ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում արձանագրվել է Իրանից մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի մեծ խմբաքանակ Հայաստան ներմուծելու, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես տարանցիկ օգտագործելու երկու դեպք, որոնցից մեկով Հայաստանի տարածք է տեղափոխվել և բացահայտվել 351 կիլոգրամ, իսկ մյուսի դեպքում՝ 366 կիլոգրամ Հերոին տեսակի թմրամիջոց։
Նախընթաց տարիներին ակտիվ պայքար է մղվել նաև Արցախի տարածքը որպես Իրանից Հայաստան թմրամիջոցների ապօրինի ներմուծման և փոխադրման ճանապարհ օգտագործելու դեմ: Սկսած 2016 թվականից՝ բայցահայտվել է նման 7 դեպք, որոնցից 3-ը հայտնաբերվել և դրանցով հարուցված քրեական գործերով քննություններն իրականացվել են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, իսկ 4-ը՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից: Իրանից Արցախ մաքսանենգ ճանապարհով տեղափոխված և բացահայտված ապօրինի թմրամիջոցների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 28 կգ:
Նշված 7 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով 10 անձ դատապարտվել է ազատազրկման:
Հաշվի առնելով, որ թմրամիջոցների մաքսանենգությունը, ապօրինի շրջանառությունը համարվում են բարձր լատենտայնություն ունեցող հանցագործություններ՝ վերոնշյալ ցուցանիշներն ակնհայտորեն փաստում են, որ ԻԻՀ-ից ՀՀ ինչպես միջպետական սահմանով, այնպես էլ մինչև 2020թ. արցախյան պատերազմը Արցախի տարածքով մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման և շրջանառության դեմ պայքարը, նաև Իրանի իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, տարեցտարի դարձել է առավել հետևողական և արդյունավետ:
Այդ մասին են վկայում նաև թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային կառույցների արձագանքները: Մասնվարորապես, 2021թ. մարտին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակից (ՄԱԹՀՊԳ) ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել գրություն, որով, գոհունակություն հայտնելով Եվրոպա տեղափոխելու համար Իրանից Հայաստան ներմուծված թմրանյութի մեծաքանակ խմբաքանակը ՀՀ իրավապահ մարմինների կողմից բացահայտելու և առգրավվելու կապակցությամբ, ՄԱԹՀՊԳ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին ինչպես տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներգրավված ծառայողների մասնագիտական կարողությունների կատարելագործման, այնպես էլ Իրանի, նպատակակետ երկրների հետ գործակցությամբ ապացույցների ձեռքբերման եղանակներով:
Թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի վերջին շրջանի ակտիացումը մեծապես պայմանավորված է նաև ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության սերտացմամբ: Այդ պայքարի համատեքստում երկկողմ համագործակցության ընդլայնման խնդիրը առանձնահատուկ քննարկման առարկա է դարձել ինչպես 2019թ և 2021թ. փոխադարձ այցելությունների, այնպես էլ միջազգային ընդգրկման մի քանի համաժողովների ընթացքում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների միջև կայացած հանդիպումների և բանակցությունների օրակարգում:
Մասնավորապես, ԻԻՀ գլխավոր դատախազի՝ հոկտեմբերի 12-ից 15-ը ՀՀ կատարած այցի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև սահմանային մաքսակետերում թմրամիջոցների հայտնաբերման նոր, ժամանակակից տեխնիկական միջոցներ ներդնելու հնարավորության և հեռանկարների, ինչպես նաև նման հանցագործություն կատարելու մեջ մերկացված անձանց քրեական պատասխանատվության ենթարկման, պատժի կրման հետ կապված հարցերը: Բացի այդ, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի, նման դեպքերով հարուցված քրեական գործերի քննության առանձնահատկությունների, դրանց շրջանակներում փոխադարձ օժանդակության խնդիրն ընկած է ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության ծրագրից բխող միջոցառումների հիմքում:
Վերոնշյալ փաստերը վկայում են, որ թմրամիջոցների ապօրինի տարանցման և այդ նպատակով նաև Արցախի տարածքն օգտագործելու համար ՀՀ-ին և ԻԻՀ-ին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանք-հայտարարությունները (առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու), որոնք հնչել են հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ընթացքում, իրականության հետ որևէ աղերս չունեն, մտացածին են, զուրկ որևէ փաստական հիմքից, հետապնդում են ՀՀ-ին և ԻԻՀ-ին վարկաբեկելու անթաքույց, սակայն ի սկզբանե ձախողման դատապարտված նպատակներ, նաև ուղղված են հենց Ադրբեջանի՝ իբրև թմրամիջոցների տարանցիկ երկիր լինելու իրողությունը թաքցնելուն:
Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ անում է մի պարագայում, երբ ըստ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից հրապարակված զեկույցի՝ եթե Հայաստանն ընդգրկված է եղել 2015–2019թթ. կոնկրետ Հերոին տեսակի թմրամիջոցի ծագման և տարանցման ոչ հիմնական երկրների ցանկում, ապա Ադրբեջանը՝ հիմնական երկրների ցանկում»:
Նիկոլ Փաշինյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց, որ Սյունիքում զորքերը հետ քաշելու միանձնյա հրաման է տվել, թող իրավապահները զբաղվեն այդ հարցով․ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սյունիքում զորքերի հետքաշման հրամանն ինքն է տվել, իսկ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ կատարել է այն։
Վահե Հակոբյանի խոսքով՝ Փաշինյանի այս հայտարարությունը կարող է դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում։
«Նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի մեջ արտացոլված է, որ զորքերը մնում են նույն դիրքերում, իսկ մենք Զանգելանի ուղղությամբ 20 կմ նահանջել ենք: Մենք այնտեղ այնպիսի դիրքեր էինք կառուցել, որ անգամ ավիացիոն ռումբերով չէին կարողանալու վնաս տալ: Եթե մնացել է իրավապահ մարմին, ինչին ես կասկածում եմ, թող իրենք զբաղվեն վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությամբ և քրեական գործ հարուցեն»,- ասել է պատգամավորը։
Արձագանքելով Փաշինյանի այն խոսքին, որ զորքերի հետքաշման հրամանն ինքը տվել է, քանի որ ռազմական գործողություններ սկսման վտանգ է տեսել, Վահե Հակոբյանն ասել է․ «Հոկտեմբերին, երբ նա եկավ Սյունիք և համայնքի ղեկավարներին հավաքեց, կոչ արեց, որ ամեն մեկն իր համայնքը պաշտպանի, արդեն գիտե՞ր որ թշնամին այդքան առաջ է գալու․ մարտերն ընթանում էին այդտեղից 50-60 կմ այն կողմ։ Այս հարցերի պատասխանները մենք չունենք այսօր, բայց վստահեցնում եմ՝ ունենալու ենք»:
2021 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դարձել է ազգային օպերատոր և շուտով պատրաստ կլինի սկսել առաջին թռիչքները։ Վկայականի տրամադրումը հնարավորություն է տալիս FLYONE ARMENIA-ին անել առավելագույնը, որ մոտ ապագայում մեր քաղաքացիները կարողանան մեկնել Եվրոպա և Ասիա` մատչելի գներով և առավելագույն անվտանգության պայմաններում։
Այս պահի դրությամբ՝ FLYONE ARMENIA ընկերությունը ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում՝ ինչը նպաստում է երկրի տնտեսության աճին։ Ընկերությունը նաև նախատեսում է ստեղծել աշխատատեղեր` ավելի քան 135 աշխատակցից բաղկացած թիմ, միջինից բարձր աշխատավարձով։ Եվ սա միայն մեկնարկի սկզբնական փուլում. ապագայում կաճի և՛ աշխատակիցների և՛ ինքնաթիռների թիվը։
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաև` համաճարակի պայմաններում, ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97%-ը:
Երևանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ և Թել Ավիվ ուղղություններով:
«Այս պահին մենք գտնվում ենք վաճառքների մեկնարկի փուլում և ակտիվորեն պատրաստվում ենք FLYONE ARMENIA-ի առաջին թռիչքների մեկնարկին։ Մենք անհամբեր սպասում ենք ուղևորներին մեր օդանավերում »,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միրչա Մալեկան:
FLYONE ARMENIA ընկերությունը շուտով կսկսի տոմսերի վաճառքն ամենապահանջված ուղղություններով` անհավանական ցածր գներով և առաջիկայում խոստանում է բազմաթիվ անակնկալներ:
Չվացուցակների և ուղղությունների մասին ավելի մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել www.flyone.am կայքում կամ Google Play-ում, կամ App Store-ում` հասանելի բջջային հավելվածի միջոցով։
FLYONE ARMENIA-ի մասին
FLYONE Armenia-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվականին։ Այն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են` Մոսկվան, Թեհրանը, Լիոնը, Փարիզը, Քութայիսին, Դամասկոսը, Կրասնոդարը, Ստամբուլը և Թել Ավիվը:
FLYONE – ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում և այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից մեկն է: FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաև 2018, 2019 և 2020 թվականներին FLYONE- ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:
Որքան էլ մեր նախկին գործընկեր, ձեր քաղաքական թիմի ղեկավարը պնդիր, որ մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, ինչպես այսօր, փաստ է, որ ձեր իշխանության օրոք են ամենաշատը սահմանափակվում ԶԼՄ-ների գործունեությունը, այդ թվում նաև տեղաշարժը ԱԺ միջանցքներում։ Ձեր իշխանության օրոք են ամենաշատ դատական հայցերը լրատվամիջոցների դեմ հայտնվել, ձեր իշխանության օրոք են ահռելի տուգանքներ սահմանվել։ Եվ այս նախաձեռնությունը իշխանական լծակները քաղաքական շահերին ծառայեցնելու դասական դրսևորում է։ Այս մասին Աժ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նշենք, որ Աժ-ում քննարկվում էր «Զանգվածային լրատվության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որով սահմանվում է՝ չնույնականացված աղբյուրներին հղում տալու դեպքում ԶԼՄ-ն կրում է տեղեկատվության բովանդակության պատասխանատվությունը։
Ագնեսա Խամոյանը նշեց, որ նախաձեռնությունը ոչ թե չնույնականացվող աղբյուրների դեմ է, այլ՝ անանուն աղբյուրրների դեմ պայքար է։
«Ուզում եմ հիշեցնել, որ այդ ամենին հղում անելով է կայացել Նիկոլ Փաշինյանը որպես լրագրող և քաղգործիչ»,-ասաց նա։
Դիմելով ՔՊ-ական Վահգն Ալեքսանյանին, Ագնեսա Խամոյանը նշեց․
«Պարոն Ալեքսանյան, չէի սպասում, որ Ռոբերտ Քոչարյանի նկարը ծոցագրպանում ման եք տալիս։ Այդպես մեկ էլ Նիկոլ Փաշինյանն էր անում քարոզարշավի ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Factor TV-ի «Էական գործոն» հաղորդաշարի եթերում Պետդումայի Հայրենակիցների, ԱՊՀ և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Արցախյան երրորդ պատերազմի, ռուսական խաղաղապահ զորախմբի, 3+3 ձևաչափի վերաբերյալ հարցերին։
Զատուլինը չի համաձայնել լրագրողի այն ձևակերպման հետ, թե ռուս քաղաքական գործիչներն ու փորձագետները երկար ժամանակ պնդում էին, որ Ադրբեջանին ռուսական ռազմական մատակարարումները լծակ են վերջինիս Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայից զերծ պահելու համար:
«Ես նման կարծիք չեմ լսել, որ այն լծակ է Արցախի վրա հարձակումից հետ պահելու համար։ Իմ կարծիքով, ոչ ոք այդպես չի մեկնաբանել։ Կա փաստարկ, ըստ որի՝ Ադրբեջանը, ունենալով միջոցներ, ի վիճակի է զենքի շուկայում ցանկացած զենք գնել և եթե մենք չվաճառենք նրան, ապա ուրիշը կվաճառի: Սա է տրամաբանությունը»,- ասել է Կոնստանտին Զատուլինը և հավելել.
«Համարո՞ւմ եմ այս տրամաբանությունն անթերի, այդպես չէ: Ես դեմ էի զենքի մեր անխոհեմ մատակարարմանը, թեկուզ փողի դիմաց։ Մենք դա փողով ենք մատակարարել։ Բնական տարբերություն կար Ադրբեջանին և Հայաստանին զենք մատակարարելու միջև։ Մենք Հայաստան առաքել ենք գրեթե անվճար, պարտքով, կամ լրիվ անվճար: Ադրբեջանին մատակարարել ենք զենքի շուկայից, ուղղակի շուկայից են գնել մեր զենքերը։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ ապագայի համար մտածելու հիմք կա, որովհետև՝ ամենակարևորը, ամենադառն ու տհաճն այն է, որ չկանխեցինք ու թույլ տվեցինք այս պատերազմը»։
Նրա խոսքով՝ այդ հարցին կա տարբեր բացատրություններ, թե ինչու պատերազմը տեղի ունեցավ, ինչու ՌԴ-ն չկարողացավ այն կանխել և կարո՞ղ էինք ընդհանրապես անել նման բան։
«Բայց եթե ասենք՝ ոչ, չէինք կարող կանխել, ինչպես ինձ, օրինակ, պատասխանեց Սերգեյ Վիկտորովիչ Լավրովը, ապա սա մեր հնարավորությունների սահմանափակության ճանաչումն է։ Սա արդեն դառը խոստովանություն է։ Իրականում, ինձ թվում է, մենք թույլ ենք տվել, որ մեզ թմրեցնեն։ Մասնավորապես, Ադրբեջանի և Թուրքիայի հնարավորությունները բավարար չափով չեն վերլուծվել նրանց կողմից, ովքեր պետք է այն անեին։ Մենք, ինչպես նաև հայկական կողմը, գերագնահատեցինք հնարավորությունները, Հայաստանի և Արցախի զինված ուժերի դիմացկունության ու կառավարելիության աստիճանը, ըստ որոնց՝ նրանք ունակ էին դիմակայելու մարտահրավերներին։ Այս գերագնահատումն, ի թիվս այլ հանգամանքների, անկասկած, բխում էր նաև Հայաստանում գոյություն ունեցող գերագնահատումից»։
Զատուլինի խոսքով՝ Հայաստանում այս տարիների ընթացքում ապրել են այն համոզմունքով, որ հայկական բանակն անպարտելի է, այն ամուր դիրքեր է գրավում, և այստեղ ոչինչ չի կարող լինել, բացի փոքր միջադեպերից։
«2016 թ-ի իրադարձությունները, ինձ թվում է, հակասական մեկնաբանությունների տեղիք տվեցին Հայաստանում: Դրանք որոշներին մտահոգվելու տեղիք տվեցին, բայց մյուսներին էլ հանգստացրեցին, որ, այնուամենայնիվ, բախումներն ավելի հեռուն չեն գնա: Հետևաբար, իմ կարծիքով, եղել են սխալներ, այդ թվում՝ մեր կողմից»,- հայտարարել է ՌԴ պետդումայի հանձնաժողովի նախագահի տեղակալը։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին: Հարցազրույցը՝ ստորև.
— Արմեն Վարդանովիչ, շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել և շնորհակալություն, որ մեզ հյուրընկալում եք Դիլիջանում, որը շատ գեղեցիկ քաղաք է:
— Առաջին անգա՞մն եք:
— Այո, նախկինում չենք եղել:
Մենք հանդիպում ենք մի ժամանակահատվածում, որն, ըստ էության, համընկնում է մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմի ավարտի օրվա տարելիցի հետ: Ի՞նչ եք կարծում, այս մեկ տարվա ընթացքում Հայաստանն ինչպիսի՞ դասեր է քաղել կատարվածից։
— Դժվար է ասել, թե ինչպիսի դասեր է քաղել, քանի որ դրա համար ժամանակ է պետք, նույնիսկ մեկ տարին քիչ է: Ցանկացած պատերազմ ողբերգություն է բերում, սակայն այն կրկնակի ողբերգություն էր, որովհետև ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակն էր տարածվում: Նման մեծ, համաշխարհային ողբերգությունների ժամանակ, մենք՝ որպես մարդկային արարածներ, որոնք ապրում են այս մոլորակի վրա, պետք է ավելի շատ համագործակցենք, խոսենք միմյանց հետ, քան պատերազմենք: Այս ամենը ինձ հիշեցնում է Քիպլինգի գիրքը ջունգլիների մասին, երբ ջունգլիներում հրդեհ է կամ ջրի սակավություն է, նույնիսկ կենդանիներն են հավաքվում աղբյուրի մոտ և չեն կռվում:
Այդ ամենն իսկապես շատ ողբերգական էր: Մենք զուգահեռաբար կորցնում էինք հիմնականում երիտասարդ կյանքեր:
Իրական դասերի մասին կարող ենք խոսել միգուցե 10, 20 տարի հետո, երբ իրական պատմությունը գրվի: Մի բան հասկանալի էր, որ այդ պատերազմում Հայաստանը Ադրբեջանից առաջ չէր, հետ էր ռազմատեխնիկական պատրաստվածության իմաստով:
— Այս անգամ դուք առնչվեցիք անօդաչու թռչող սարքերի հետ:
— Երբ ասում եմ՝ հետ ենք, նկատի ունեմ, որ մենք պետք է մեր ԱԹՍ-ները ունենայինք, մեր սեփականը, քանի որ Ադրբեջանը հիմնականում օգտագործել է թուրքական, իսրայելական ԱԹՍ-ները: Հայաստանը պետք է պատրաստվեր այդպիսի պատերազմի, 21-րդ դարի պատերազմի:
— Հայաստանը հետ էր, բայց իսկ ինչու՞ հայտնվեց հետևում՝ որովհետև բոլորը վստահ էին, որ ցանկացած պահի կարող են հաղթե՞լ՝ վերհիշելով 1990-ական թվականները:
— Դա շատ ավելի ֆունդամենտալ, ծանր հարց է, որովհետև, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում այսօր այսպիսի միտում կա՝ մենք ձևացնում ենք: Մենք ձևացնում ենք, թե ինչ-որ բան ենք անում, ձևացնում ենք, թե ժողովրդավարություն ունենք, (Հայաստանի մասին չեմ ասում, այլ՝ ընդհանրապես), ձևացնում ենք, թե ունենք գիտության շատ բարձր մակարդակ․․․ Սակայն ամենավատն այն է, երբ սկսում ենք հավատալ այն ամենին, ինչը ձևացրել ենք: Ինքներս մեզ վստահեցնում ենք, և դա շատ վտանգավոր է:
Այո, առաջին պատերազմում Հայաստանը հաղթող էր: Իսկ պատմականորեն դա ի՞նչ է նշանակում: Անցել է 26 տարի, և այդ 26 տարիների ընթացքում հնարավոր էր և պետք էր ստեղծել իրապես ուժեղ բանակ, ամրապնդել մեր տնտեսությունը, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կարելի էր և պետք էր բարձրացնել բոլորովին այլ մակարդակի: Ես չեմ ասում, որ այդ հարաբերությունները վատն են, սակայն, ես միշտ իմ կյանքում, եթե ինչ-որ բանի հասել եմ, նույնիսկ իմ երեխաներին, իմ ուսանողներին ոգեշնչել եմ, որ ավելի հեռուն գնան:
— Իսկ հասկանալի՞ է, թե ինչն է պետք բարելավել:
— Ինձ հասկանալի է: Առաջին հերթին պետք է հասկանալ, որ հայ-ռուսական հարաբերությունները հատուկ, առանձին թեմա են: Թույլ տվեք դա բացատրել գիտական տեսանկյունից:
Մաթեմատիկական տեսությունը կառուցում ես որոշակի բաների վրա: Առաջին հերթին այն կառուցվում է աքսիոմաների վրա: Եթե նման մաթեմատիկական համատեքստում դիտարկենք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ապա դա աքսիոմա է: Այդ հարաբերությունները եղել են մի քանի հարյուրամյակներ և ապացուցման կարիք չունեն:
Հայերն ապրել են Ռուսական կայսրությունում, հայերն ապրել են Օսմանյան կայսրությունում: Ի՞նչ է մնացել այն հայերից, որոնք ապրել են Ռուսական կայսրությունում՝ անկախ Հայաստանի Հանրապետություն և հայեր, որոնք շատ ապահով ապրում են Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ: Այդ պատճառով՝ հայ-ռուսական հարաբերությունները աքսիոմա են:
Այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները տեսություններ են, որոնք ապացուցվում են: Այդ տեսությունների ապացուցումը կապված է ժամանակի հետ, այդ հարաբերությունները բարձրանում կամ իջնում են, և ամեն անգամ դա պետք է ապացուցել:
Մենք իսկապես կարող ենք ուրախ լինել նրանով, ինչ ունենք: Ես նրանցից մեկն եմ, որ այդքանով ուրախ չեմ և կարծում եմ՝ իրական, ամենօրյա, տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է՝ չնայած ասում եք, որ Ռուսաստանը հսկայական երկիր է, իսկ Հայաստանը՝ փոքր:
— Դուք ասում եք, որ աշխարհը փոխվում է: Ինչպիսի՞ն է այն դառնում:
— Աշխարհը շատ արագ է դարձել, ամեն բան շատ արագ է փոխվում: Շատերի համար այն դարձել է անկանխատեսելի: Աշխարհը դարձել է անհասկանալի, շատ միջազգային կազմակերպություններ, օրենքներ, որոնք աշխատում էին նախկինում, այսօր չեն աշխատում: Շատերի համար աշխարհը դարձել է ոչ միայն անկանխատեսելի, այլև մեծացել է վտանգի զգացումը: Աշխարհը դարձել է ոչ միայն անկանխատեսելի, այլև շատ արագ փոփոխվող:
— Դուք չե՞ք մտածել այն մասին, որ մենք այսքան ապրել ենք, իսկ հիմա հասել ենք մի պահի, երբ այն ամենը, ինչով ապրել ենք, մնացել է անցյալում:
— Մենք չենք նկատել այդ փոփոխությունները: Ես այս մասին սկսեցի մտածել 2001-2002 թվականներին, երբ Դավոսում հայտարարեցի, որ աշխարհը փոխվում է: Այդ ժամանակ առաջին անգամ խոսեցի այն մասին, որ աշխարհը դարձել է քվանտային: Ասացի, որ սա այն դասական աշխարհը չէ, որտեղ նախկինում ապրում էինք: Այն ժամանակ բոլորը խոսում էին նոր արդյունաբերական հեղափոխության մասին, իսկ հիմա ապրում ենք մի ժամանակահատվածում, որը ես անվանում եմ ոչ թե 4-րդ կամ 5-րդ արդյունաբերական հեղափոխություն, այլ R-evolution, այսինքն՝ արագ էվոլյուցիա: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն օր տեղի է ունենում էվոլյուցիա: Տեսեք, թե ինչ արագ են զարգանում տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչ մեծ քանակությամբ տեղեկատվություն ենք հավաքում: Այս ամենն էքսպոնենցիալ է աճում:
— Երբ պատրաստվում էի հարցազրույցին, մի հարց գրեցի, և այնպես ստացվեց, որ դրա մասին մտածեցի նաև այն ժամանակ, երբ Դուք Ռոմանո Պրոդիի հետ բանավիճում էիք: Չե՞ք կարծում, որ Հայաստանը մոտենում է, ինչպես անգլերենով են ասում, fail state՝ ձախողված, չկայացած պետության կարգավիճակի: Ռոմանո Պրոդին խոսում էր հենց դրա մասին, որ փոքր երկրները, պետությունները առաջիկայում պետք է որոշեն, թե ում հետ են և այլ պետությունների մաս կազմեն:
— Դուք ճիշտ նշեցիք, որ նրա հետ ես բանավիճում էի, որը բարեկամական բանավեճ էր:
Ես նրա հետ բոլորովին համաձայն չեմ և համաձայն չեմ նաև Ձեր ձևակերպման հետ: Ճիշտ հակառակն է: Այն, ինչ կատարվեց պատերազմից հետո… Դուք առաջինը չեք, որ ասում եք, թե Հայաստանը ձախողված երկիր է, անկառավարելի է: Դա հասկանալի էր, քանի որ առաջին օրերն էին, անհասկանալի էր, շփոթություն կար, ամեն ինչ հասավ նրան, որ Գլխավոր շտաբը սկսեց ինչ-որ մտքեր հրապարակել, ես իմ նախագահության երեք տարիների ընթացքում առաջին անգամ մտա այդ կառույց, (ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ և, անշուշտ, ես չեմ ղեկավարում բանակը, սակայն ես ստիպված էի այնտեղ գնալ) և լուրջ խոսակցություն ունեցա գեներալների հետ, չեմ կարող, իհարկե, մանրամասներ ներկայացնել այդ հանդիպումից: Այսինքն, պետք էր հաղթահարել նման ճգնաժամերը:
Սակայն, մյուս կողմից, ես առաջին օրից հայտարարել եմ, որ այդ դժվար պահի հանգուցալուծման որոշումը պետք է գտնել ընտրությունների միջոցով: Իմ առաջարկը շատ պարզ էր՝ առաջին հերթին պետք էր ունենալ պրոֆեսիոնալ կառավարություն, որն այս կամ այն ուժին չաջակցեր, իսկ երկրորդը՝ մենք պետք է աշխատեինք Սահմանադրության փոփոխության ուղղությամբ:
— Այո, մենք դրա մասին խոսել ենք մարտին:
— Սահմանադրական փոփոխությունները չեն ենթադրում ոչ հավասարակշռված խորհրդարանական համակարգից անցում կատարել ոչ հավասարակշռված նախագահականի: Ոչ: Եթե ցանկանում ենք խորհրդարանական, ապա կառավարումը պետք է հավասարակշռված լինի:
— Ինչքան հասկանում եմ՝ Սահմանադրության հարցը, ես վերջերս եմ շփվել խորհրդարանի խոսնակի հետ, առաջնային չէ: Նա ասաց, որ մտածելու են այդ մասին…
— Թույլ տվեք ավարտել: Որևէ էական տարբերություն չի լինի, եթե մեկ ոչ հավասարակշռված համակարգը փոխարինենք մեկ այլ ոչ հավասարակշռված համակարգով: Ես կնախընտրեի վերադառնալ նախագահական համակարգի, շատ պարզ պատճառով. մեր հասարակությունը ապրել է Ռուսական կայսրությունում, Խորհրդային Միությունում, ունեցել է երեք նախագահ, և նրա համար խորհրդարանական կառավարման համակարգի կոնցեպցիաները հասկանալը շատ դժվար է:
Սակայն ամեն դեպքում՝ լինի նախագահական, թե խորհրդարանական, շատ կարևոր է կառավարման հավասարակշռումը: Երբ խոսում եմ Սահմանադրության փոփոխության մասին, ոչ մի դեպքում ինձ նկատի չունեմ: Եթե մենք ամեն դեպքում Սահմանադրությունը փոխենք, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի:
Եթե մենք նման որոշում կայացնենք և նոր Սահմանադրություն ընդունենք, ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ, որպեսզի մարդկանց ցույց տամ, որ դա ինձ կամ իմ իշխանության համար չէ, այլ՝ նրա համար, որ մեր երկրի համար ավելի հեշտ և լավ լինի, և երբ երկրում դժվարին ժամանակներ լինեն, շատ հստակ լինի, թե ով է պատասխանատվություն կրում, ով է որոշումներ կայացնում:
Մենք ընտրություններ ունեցանք, Սահմանադրությունը չփոխեցինք: Ընտրությունների թեմայով քննարկում եմ ունեցել վարչապետի, ընդդիմադիր կուսակցությունների հետ, և դրանք տեղի ունեցան: Իսկ ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո: Փողոցում լարվածությունը կտրուկ նվազեց: Սակայն այսօր լարվածություն կա խորհրդարանականների միջև: Նորմալ է, որ լարվածությունը խորհրդարանում է, սակայն նորմալ չէ, երբ փողոցում էր: Ինձ համար՝ որպես երկրի նախագահ, շատ կարևոր է, որ փողոցում լարվածություն չլինի, որ լարվածություն չլինի բանակի և քաղաքական գործիչների միջև: Ինձ համար՝ որպես նախագահ, շատ կարևոր է, որ փողոցում լինի հանգիստ և կայուն վիճակ: Այսօր Երևանում փողոցները հանգիստ են և կայուն: Կշարունակվի՞ արդյոք այդ հանդարտությունը, մշտապես: Ոչ:
— Ոչ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մյուս շաբաթվանից ակցիաներ են լինելու:
— Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է․․․Գիտեք ինչ, հայտարարելը մեկ բան է, փողոցային…
Եղել են ընտրություններ, խնդրեմ, կան արդյունքները: Գործող քաղաքական ուժը, կուսակցությունը գտնվում է խորհրդարանում, կարող են նաև այնտեղ աշխատել… Ամեն դեպքում լարվածությունը կտրուկ նվազել է:
— Այսինքն, այդ խորհրդարանական ընտրություններից հետո Ձեզ համար կարևորն այն է, որ լարվածությունը նվազե՞լ է:
— Այո, լարվածությունը նվազել է: Կան կոնկրետ բաներ: Ժողովուրդը մանդատ է տվել կառավարությանը, որ լուծեն խնդիրները՝ տնտեսական, վիճակագրական, հարկերի և մնացած ամեն ինչի հետ կապված: Մեր երիտասարդ տղաները դեռևս գտնվում են Ադրբեջանում: Դա բոլորովին աննորմալ է: Խնդիրներ կան դեմարկացիայի հետ, հարցեր, որոնք կապված են Հայաստանի և Ադրբեջանի ապագա հարաբերությունների հետ: Սրանք հարցեր են, որոնք կառավարությունը պետք է լուծի: Ժողովուրդը նրան մանդատ է տվել:
— Ինչո՞ւ մեկ տարի անց գերիները դեռևս շարունակում են մնալ Ադրբեջանում:
— Այդ հարցը ինձ չպետք է հղեք:
— Այո, ես հասկանում եմ…
— Այդ հարցը պետք է նախ և առաջ ուղղեք Ադրբեջանին: Հիշում եմ՝ 1994-ին՝ առաջին պատերազմից հետո, բոլոր ռազմագերիները, որոնք եղել են Հայաստանի, Ղարաբաղի տարածքում վերադարձվել են Ադրբեջանին: Ինչու՞ է Ադրբեջանը որոշել այսօր չվերադարձնել և դատեր, բեմականացումներ անել, օգտագործել մարդկային կյանքները որոշակի խնդիրների լուծման համար:
Այդ հարցը պետք է տաք առաջին հերթին Ադրբեջանին, այդ հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին չէ, այլ գտնվում է մարդկային հարաբերությունների մակարդակում, քանի որ նույնիսկ մեծ պատերազմների ժամանակ կողմերը փոխանակվում են գերիներով:
Այս հարցը նաև միջազգային հանրության տիրույթում է: Ես, որպես նախագահ, գերիների վերադարձի հարցով դիմել եմ ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ՆԱՏՕ-ին, բոլորին: Իսկ ինչու՞ արդյունք չկա: Երևի մի քանի պատճառ կա: Առաջինը՝ հնարավոր է՝ միջազգային կազմակերպություններն այնքան էլ արդյունավետ չեն, նրանց այնքան էլ չեն հարգում, ինչպես 30 տարի առաջ էր: Սակայն ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ապագայի մասին խոսելն այլ թեմա է: Երկրորդը՝ հնարավոր է՝ հարցն այն է, որ Ադրբեջանն անտեսում է միջազգային կազմակերպություններին:
— Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է օգնել:
— Ռուսաստանը միշտ կարող է օգնել ամեն հարցում:
— Մեկ տարի առաջ մենք խոսեցինք Թուրքիայի մասին, որ նա կրկին գալիս է տարածաշրջան, շատ է աջակցում Ադրբեջանին: Մեկ տարի անց ինչպիսի՞ միտումներ եք տեսնում: Թուրքիան հանդարտվե՞լ է:
— Թուրքիան հանդարտվե՞լ է: Ես չեմ կարող նման ախտորոշում անել: Ըստ էության, Թուրքիայի ռազմավարության մեջ ոչինչ չի փոխվել, որովհետև հարավկովկասյան պատերազմը միակը չէր, որը կապված էր Թուրքիայի հետ: Այն ավելի մեծ՝ տարածաշրջանային, գլոբալ քաղաքականության մասն է կազմում: Հիշենք, թե որտեղ է Թուրքիան և ինչու մուտք գործեց Լիբիա, ինչու է այդքան ակտիվ Իրաքում, այսօր ինչու է Լիբանանում, արևելքում, կամ ինչու է այդպես տեղավորվել Սիրիայում, ինչու է Միջերկրականում հրահրում Կիպրոսին, Հունաստանին, ինչու է Եվրոպական միության սահմանում պահում հազարավոր փախստականների: Այս իմաստով Եվրոպան Թուրքիայի գերին է, քանի որ եթե այդ հազարավոր փախստականները մուտք գործեն Եվրոպա, ապա Եվրոպայի կայունության մասին խոսելը շատ դժվար կլինի:
— Թուրքիան իրավունք ունի՞ նեղանալու. տասնյակ տարիներ նրան Եվրոպական միություն չեն ընդունում:
— Ձեզ հետ համաձայն չեմ, քանի որ նեղանալու համար պետք է վստահ լինել, որ ճիշտ առաջարկ ես արել: Եվրոպական միություն մտնելն ամուսնության կամ ընտանիք մտնելու պես է: Սակայն Թուրքիան պատրա՞ստ էր մուտք գործել այդ ընտանիք:
Մեզ հետ պատերազմը Թուրքիայի ընդհանուր քաղաքականության շարունակություն էր՝ իրագործելով տարածաշրջանում ավելի ազդեցիկ դառնալու ցանկությունը: Ուզենք, թե չուզենք՝ Թուրքիան Հարավային Կովկասում ավելի ազդեցիկ է դարձել: Տնտեսական առումով Թուրքիան շատ ազդեցիկ է Վրաստանում: Այսօր Թուրքիան մեծ թափով մուտք է գործել Ադրբեջան: Հասկանալի է նման պատերազմից հետո թուրքական զինված ուժերի ազդեցությունը ադրբեջանական զինված ուժերի վրա, նա մեծ ազդեցություն է ունեցել Ադրբեջանի ինքնիշխանության վրա, ազդեցություն ունի Ադրբեջանի տնտեսության, համապատասխանաբար՝ լոգիստիկայի, տրանսպորտային միջոցների՝ ներառյալ նավթատարների վրա, որոնք գնում են Բաքվից Թբիլիսի, Ջեյհան: Թուրքիան ռազմաքաղաքական առումով դարձել է ավելի ազդեցիկ: Մյուս կողմից, թուրքական տնտեսությունն աշխարհում ամենալավերից չէ: Ինչպես հայտնի է, շատ ներդումային ընկերություններ դուրս են գալիս Թուրքիայից: Տնտեսական անկումը փոխհատուցվում է մեծ ակտիվությամբ:
— Հարցնեմ Իրանի մասին: Մեկ տարի առաջ մենք այդ երկրի մասին չէինք լսում, իսկ այսօր Իրանը ևս նշանակալի դեր է սկսել ունենալ: Հայաստանն Իրանի հետ լավ հարաբերություններ ունի, որոնք ավելի սերտ են դարձել, քան մեկ տարի առաջ: Ինչո՞վ է դա պայմանավորված:
— Նախ, ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ հետ չհամաձայնել: Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ լավ են եղել: Այդ երկրի կառավարությունը նաև ֆինանսապես է աջակցել հայկական հոգևոր և մշակութային կենտրոնների պահպանությանը, ի տարբերություն Թուրքիայի: Եվ ասել, որ մեր հարաբերություններն ավելի լավն են դարձել…
— Ամեն դեպքում, տպավորություն կա, որ այս պատերազմից հետո այդ հարաբերություններն ավելի սերտ են դարձել:
— Իրանը մեր հարևանն է: Այն, ինչ կատարվում էր Հայաստանի հարավում պատերազմի ընթացքում, անմիջական կապ ունի Իրանի հետ: Այդ հատվածը սահմանակից է Իրանին, և զարմանալի կլիներ, եթե Իրանն ընդհանրապես ոչինչ չխոսեր այդ մասին:
— Կարծում եմ՝ Իրանին նաև շատ անհանգստացնում է Թուրքիայի տեղակայումը:
— Իրանին շատ բաներ կարող են անհանգստացնել, ուստի դա իրենց իրավունքն է՝ հայտնել իրենց կարծիքը, իսկ մենք պետք է ականջալուր լինենք դրան: Աստված տա, որ տարածաշրջանի մյուս խաղացողները ևս լսեն այդ կարծիքը:
Հարցն այն է, որ պատերազմից հետո շատերը սկսեցին խոսել, որ պատերազմի ժամանակ շատ դժվար էր ստանալ միջազգային աջակցություն տարբեր կազմակերպությունների, պետությունների կողմից, որոնք ակտիվորեն կսկսեին պաշտպանել պատերազմը դադարեցնելու գաղափարը: Իհարկե, կային երկրներ, որոնք շատ բարեկամական էին, ինչպես Ֆրանսիան, որն անհանգստանում էր և այդ ամենն ի ցույց էր դնում: Սակայն ակտիվության առումով նույնը չեմ կարող ասել մյուս եվրոպական երկրների մասին: Իսկ արդեն պատերազմից հետո բոլորը սկսեցին ակտիվորեն խոսել:
— Պատմական փաստերի մասին. Դուք երևի թե լսել եք նախագահ Պուտինի հայտարարությունը «Վալդայ» ակումբում, որտեղ նա ասաց, որ պետք է նայել Գլխավոր շտաբի՝ 1920-ականների քարտեզները, որոնք առկա են Ռուսաստանում , և դրա հիման վրա տարածքի սահմանազատում կատարել: Կա՞ հայտարարության վերաբերյալ որևէ գնահատական: Արդյո՞ք համաձայն եք այդ հայտարարության հետ:
— Պատերազմից հետո ես նամակ գրեցի Վլադիմիր Պուտինին, քանի որ գիտեի, որ այդ քարտեզները պահվում են Ռուսաստանի Դաշնությունում: Իհարկե, չգիտեմ, թե հստակ որտեղ:
— Նա ասաց՝ Գլխավոր շտաբում:
— Ուրեմն՝ Գլխավոր շտաբում: Պատերազմը կանգնեցնելու առաջին իսկ օրվանից մեծ խնդիրներ ի հայտ եկան: Դրանք մեծամասամբ կապված էին այն գյուղերի հետ, որոնք գտնվում էին այդ գործողությունների սահմանին: Կապված էին ընկերությունների հետ, որոնք ևս այդ գծի վրա էին, այդ թվում և՝ ընկերություններ, որոնց սեփականատերերը ՌԴ քաղաքացիներ են: Դրանք հանքային ընկերություններ էին, և այժմ պարզ չէ՝ հանքերը ա՞ջ, թե՞ ձախ կողմում են: Այդ ժամանակ ես Վլադիմիր Պուտինին նամակ գրեցի, որ քարտեզները պահպանվում են: Մինչդեռ Ադրբեջանը օգտագործում է Google-ի ինչ-որ քարտեզ: Ես մաթեմատիկա ու ծրագրավորում գիտեմ, կարող եմ նկարել այնպես, որ Google-ում հայտնվի Դիլիջանի այնպիսի քարտեզ, որը հասնում է այնտեղ, որտեղ Ձեզ պետք է: Դրանք վիրտուալ քարտեզներ են:
Մենք ունենք պատմություն, ընդհանուր պատմություն՝ Ռուսական կայսրությունում, Խորհրդային Միությունում: Այդ հարցերով զբաղվում էին դեռ խորհրդային ժամանակներում: Եթե ես չեմ սխալվում՝ սկսած 1984 թվականից ստեղծվել էր հատուկ հանձնաժողով, որը երկկողմ էր՝ Մոսկվան ու ևս երկու կողմ, փոխվարչապետերի մակարդակով: Այն ժամանակ նրանց անվանում էին Հայաստանի ԽՍՀ և Ադրբեջանի ԽՍՀ կառավարությունների ղեկավարների տեղակալներ: Եթե չեմ սխալվում, այդ հանձնաժողովն աշխատել է 4-5 տարի: Այնտեղ, կարծում եմ, ինչ-որ բաներ են ստորագրվել: Իհարկե, վերջնական փաստաթուղթ չի եղել: Այդ փաստաթղթերը ևս գտնվում են ինչ-որ տեղ Մոսկվայում:
Հասկանալի է, որ այս հարցն անհնար է լուծել առանց Ռուսաստանի:
— Ես հենց ուզում էի դա հարցնել՝ արդյոք հնարավո՞ր է լուծել հայ-ադրբեջանական հարցն առանց Ռուսաստանի մասնակցության: Հնարավո՞ր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք իրար հետ պայմանավորվեն:
-Հարցը վերացական է: Իրական կյանքում պայմանավորվելուց առաջ կան փոքրիկ, բայց կողմերի համար շատ կարևոր հարցեր: Մեզ՝ հայերիս համար դա նախ և առաջ ռազմագերիների վերադարձն է: Եթե Ադրբեջանն անի այդ քայլն ու վերադարձնի երիտասարդներին իրենց ընտանիքներին… Գիտեք, դա շատ ծանր հարց է, ես հանդիպում եմ այդ ընտանիքների հետ: Ամեն ընտանիք առանձին դրամա է: Ընդ որում, հանդիպում եմ ոչ միայն ռազմագերիների, այլև անհետ կորածների ընտանիքների հետ: Նրանք ապրում են դժոխքի ու դրախտի միջև գտնվող կարմիր գծի վրա: Մի օր դրախտ է, մյուս օրը՝ դժոխք: Բաքվում դատական գործընթացներ են տեղի ունենում, տեսնում են այդ տեսանյութերում իրենց ամուսիններին կամ որդիներին…
Հիմա կա ձևաչափ, բանակցություններ են ընթանում: Իմ խնդրանքն ու առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ վերադարձրեք տղաներին տուն:
— Դուք նամակ գրե՞լ եք Ալիևին:
— Մենք իրար նամակ գրելու խողովակներ չունենք:
— Իսկ եթե հանկարծ Իլհամ Հեյդարովիչը համաձայնի…
— Իլհամ Հեյդարովիչը գուցե դիտում է Ձեր ծրագիրը: Իսկ ես դիմել եմ հնարավոր բոլոր ատյաններ:
— Այդ դեպքում այս թեմայով վերջին հարցը տամ: Մենք հանդիպել ենք մարտին, հիմա արդեն հոկտեմբերն է: Որո՞նք են հիմա Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրները:
— Հիմնական խնդիրներից են ռազմագերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագիրը: Խաղաղություն այնտեղ, որտեղ խաղաղություն չկա՝ սահմանին, հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Որպեսզի խաղաղություն լինի, հրադադարը պահպանվի: Եվս մեկ անգամ երախտագիտություն եմ եմ հայտնում Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի ջանքերի համար, որ հրադադարը հնարավոր եղավ: Հրադադարները կարևոր են՝ ինչպես 1994 թվականին, այնպես էլ հիմա:
— Իսկ ներհայաստանյան խնդիրները:
— Մեր հասարակությունն ամեն օր ապրում է խնդիրներով, որոնք կապված են սահմանի, ռազմագերիների հարցերի հետ: Սրանք հասարակությանը շարունակում են լարվածության մեջ պահել: Սակայն իմ մոտեցումը մշտապես հետևյալն է՝ այսօրվա հարցերը լուծելու համար հարկավոր է աշխատել ապագայի համար:
Որպեսզի լուծենք այսօրվա խնդիրները, պետք է ելնել ապագայից, նայել դեպի ապագան, աշխատել ապագայի համար: Կարևորն ապագան կառուցելն է, իսկ այդ ապագան Հայաստանում կապված է տարբեր բաների հետ: Բնականաբար, կապված է տնտեսության հետ: Պետք է կառուցել նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն՝ արհեստական բանականությունից սկսած մինչև կենսատեխնոլոգիաներ, նոր գյուղատնտեսություն, նոր սննդային ոլորտ, նոր առողջապահական համակարգ: Մենք արդեն 21-րդ դարում ենք: Եթե ապրենք այնպես, ինչպես նախորդ դարում էր, Հայաստանը կդառնա գնացքի վերջին վագոնը:
Երկրորդը, կարևոր է, որ պետության կառուցվածքը՝ սկսած Սահմանադրությունից, ժամանակակից լինի: Շատ կարևոր է որոշումների ընդունման մեխանիզմը: Ուստի ես ասում եմ, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Մեր խնդիրները չեն սկսվել կամ ավարտվել պատերազմով, դրանք առջևում են, ուստի հարկավոր են մեխանիզմներ, որպեսզի պատասխանատվություն կրող անձինք ընդունեն արդյունավետ որոշումներ, որոնք կյանքի կկոչվեն: Եթե կառավարման համակարգն արդյունավետ չէ, ցանկացած որոշում, որը ճշմարիտ կթվա, այդպես էլ կմնա թղթի վրա: Ուստի պետք է փոխել Սահմանադրությունը:
— Հայաստանում կա՞ այն ընկալումը, թե ուր պետք է հասնի երկիրը:
— Հայաստանի նախագահն ունի ընկալում, որով փորձում է կիսվել: Հենց դրա նպատակով էլ մենք արդեն երրորդ տարին է կազմակերպում ենք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը: Այն սկզբում ֆրանսիական Շամոնիում էր, ես նրանց հետ պայմանավորվեցի, այժմ այն ամբողջությամբ հայկական է: Հաջորդ տարի այն շատ մեծ ծավալներով է լինելու, քանի որ անցկացվելու է նաև «Սթարմուս»-ի վեցերորդ փառատոնը: Նախորդ փառատոնը կազմակերպվել էր Ցյուրիխում, որտեղ հեղինակավոր երաժիշտները, ռոքերները, նվագեցին մի քանի օր շարունակ, մասնակցում էին գիտնականներ՝ տիեզերագնացներ, նոբելյան մրցանակակիրներ, աստղագետներ և այլն: Հայաստանում անցկացվելու է 6-րդ նման փառատոնը ՝ սեպտեմբերի 5-10-ը: Միաժամանակ, անցկացվելու է նաև «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը:
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը հիմա բացարձակ հայկական բրենդ է դարձել, որն ունի ապագա: Նման ամեն հավաք ունի իր նպատակը: Ձեզ մոտ «Վալդայ»-ն է: «Մտքերի գագաթնաժողով»-ում մենք չենք հրավիրում գործող քաղաքական գործիչների: Մյուսները կարողանում են ավելի ազատ խոսել, շփվել, քանի որ եթե դու քաղաքականության մեջ ես, ունես սահմանափակումներ: «Մտքերի գագաթնաժողով»-ն ազատ վայր է: Այս տարի հետաքրքիր ձևաչափ ունեինք՝ երկխոսություններ հայտնի գործիչների հետ՝ քաղաքական գործիչներից, նոբելյան մրցանակակիրներից մինչև մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, օրինակ Միխայիլ Շվիդկոյը, ում հետ երկխոսություն ունեցանք: Աշխարհն այլևս դասական չէ, մենք վերադառնում ենք վերածննդի ժամանակաշրջան, երբ կարող են ծնվել նոր Լեոնարդո Դա Վինչիներ, ովքեր կարող են և՛ նկարել, և՛ լինել հանճարեղ ինժեներներ:
— Շնորհակալ եմ շատ, հաջողություններ եմ մաղթում:
— Ես եմ շնորհակալ:
Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանության են արժանացրել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխությունները։
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են՝
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,
«Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Էներգետիկայի եւ էներգաօգտագործման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը,
«Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
Խորհրդարանականները նաեւ վավերացրել են մի շարք համաձայնագրեր։ Դրանց թվում են՝
«Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի Հանրապետության կառավարությունների միջեւ եկամտի կրկնակի հարկման կասեցումը, ինչպես նաեւ հարկեր չվճարելու եւ հարկումից խուսափելու դեպքերը կանխելու մասին» համաձայնագիրը,
«Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջեւ եկամտի կրկնակի հարկման կասեցումը, ինչպես նաեւ հարկեր չվճարելու եւ հարկումից խուսափելու դեպքերը կանխելու մասին» համաձայնագիրը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.