29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հայաստանում ընտրակաշառք տալը կամ վերցնելը կքրեականացվի: Այդ մասին օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ կառավարության հավանությանը և կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:
«Մեր կառավարությունը հանձն է առել ապահովել ազատ ընտրություններ և նաև հասարակության շրջանում բարձրացնել ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահությունն ու հավատը: Այս առնչությամբ քրեական օրենսգրքում, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախաձեռնվել են փոփոխություններ, որի մշակմանը մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ»,-ասաց ՀՀարդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով՝ փաթեթի ընդունմամբ նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքի համար և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից այն տեղափոխել քրեական օրենսգիրք՝ նախատեսելով դրա համար ոչ միայն տուգանքի ձևով պատիժ, այլև որոշակի ժամկետով ազատազրկում:
Արդարադատության նախարարը նշեց, որ բացառություն կհամարվի նախընտրական շրջանում կուսակցության կամ դաշինքի տարբերանշանով ու խելամիտ արժեքի սահմաններում քարոզչական նյութերի տրամադրումը՝ գրիչներ, գլխարկներ և այլն:
Մինչ հեղինակազրկված Մանվել Գրիգորյանը ԱԱԾ մեկուսարանում սպասում է իր օրինական դատավճռին, Էջմիածնում բացահայտում են նրա կողմից իրագործված նորանոր հանցագործություններ, որոնք ապշեցնում են դրանք իրականացնողի ագահությամբ և լկտիությամբ:
Էջմիածինը ամբողջությամբ Մանվել Գրիգորյանի տիրապետության տակ էր, և նա ամեն առիթով փորձում էր ցուցադրել քաղաքի նկատմամբ ունեցած իր բացարձակ իշխանությունը: Նա ամբողջական փողոցներ էր փակում, և որոշում որտեղ կարելի է մեքենաներ կայանել, իսկ որտեղ է դա արգելված անել, դրանից բխող ծանր հետևանքներով: Բայց այս մեկը ուղղակի սարսափեցնում է, որովհետև ի ցույց է դնում Հայաստանում պետության բացակայությունը:
Մանվել Գրիգորյանը սեփականաշնորհել է Էջմիածնի փողոցներից մեկը: Սա ամենևին կատակ չէ, այլ բացարձակ իրականություն:
Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի սրճարանը Մանվել Գրիգորյանի սեփականությունն է, որտեղ նա սիրում էր անցկացնել իր երեկոյան հանգիստը: Այդ սրճարանի հետևի մասում է գտնվում ամբողջովին ասֆալտապատ և բարեկարգ փողոց, որը դատելով իր արտաքին տեսքից պետք է, որ հանրային օգտագործման տարածք լինի: Բայց Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո պարզվել է, որ 80 մետր երկարություն և 3,5 մետր լայնություն ունեցող այդ փողոցը սեփականաշնորհված է և պատկանում է Մանվել Գրիգորյանին:
Մարդը կարող էր չէ վերցնել ու սեփականաշնորհել ամբողջ քաղաքը, բոլոր փողոցներով ու տներով, մայթերով ու խաչմերուկներով, բայց համեստորեն սահմանափակվել է միայն մեկ փողոց սեփականաշնորհելով: Մերտեղեկություններով այս մասին տեղեկացվել է նաև քաղաքապետի պաշտոնակատար Դիաննա Գասպարյանը: Սակայն մի բան է տեղեկացված լինելը, մի այլ բան այդ սարսափելի անօրինականության վերացումը: Քաղաքապետարանը ընդամենը պետք է դիմի դատարան՝ քաղաքին պատկանող և հանրային օգտագործման համար նախատեսված փողոցը քաղաքին վերադարձնելու պահանջով, ինչը անկասկած կբավարարվի, դրանով ցույց տալով որ պետությունը վերադարձել է Էջմիածին:
Քաղաքապետ Գասպարյանը պետք է շուտափույթ կարգով զբաղվի ոչ միայն այս, այլ Մանվել Գրիգորյանի և նրա որդու կողմից վերջին 20 տարիների ընթացքում իրականացված հարյուրավոր ու գուցե հազարավոր նման ապօրինությունների և դրանց հետևանքների վերացմամբ: Այլապես այնպիսի տպավորություն է, որ Մանվելը հեռացել է, բայց մանվելիզմը շարունակում է իշխել Էջմիածնում:
«Կրեդիտ Երեւան» բանկ ԲԲ ընկերության եւ «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերեւույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ այլ հանցագործություններ կատարելու դեպքերի վերաբերյալ։
Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, «Կրեդիտ Երեւան» բանկ ԲԲ ընկերության եւ «Լեվ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է դեռեւս 2009թ. հուլիսի 27-ին՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նշված ընկերության բաժնետոմսերն առերեւույթ հափշտակելու համար 2009թ. նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել՝ Լեւոն Մարկոսին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում: 2009թ. նոյեմբերի 23-ին քրեական գործի վարույթը կասեցվել է:
2018թ. մայիսի 18-ին սույն քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է Լեւոն Մարկոսի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, եւ վերսկսվել քրեական գործի կասեցված վարույթը, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։
2018թ. հունիսի 19-ին Լեւոն Մարկոսն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին, եւ նրան առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, հարցաքննվել:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Լեւոն Մարկոսի կողմից «Կրեդիտ Երեւան» բանկի բաժնետոմսերը ձեռք բերելու, բանկում եւ վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու իրական հանգամանքների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Լեւոն Մարկոսը ցուցմունք է տվել, որ բանկը ձեռք է բերել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված առաջարկի հիման վրա։ Ընդ որում՝ նախքան գործարքը կնքելը, նրանից թաքցվել է բանկի իրական ֆինանսական վիճակը, անվճարունակ լինելը, որի մասին ներդրողը ռեալ պատկերացում է կազմել միայն բանկում եւ վերջինիս պատկանող գործարաններում ներդրումներ կատարելու ժամանակ։ Ավելին՝ բանկի իրական ֆինանսական վիճակը պարզելուց եւ այդ մասին բարձրաձայնելուց հետո Լեւոն Մարկոսից պահանջվել է «Կրեդիտ Երեւան» բանկին պատկանող անշարժ գույքերի մի մասը հանձնել բարձրաստիճան պաշտոնյային, ինչը մերժել է։
Դրանից հետո իր նկատմամբ սկսվել է ապօրինի քրեական հետապնդում, հայտարարվել է հետախուզում՝ Հայաստանի Հանրապետություն իր վերադառնալը կանխելու համար: Հետագայում տեղեկացել է, որ իր աշխատողներին ազատել են բանկից, իսկ բանկը եւ Հայաստանում իրեն պատկանող մի շարք անշարժ գույքեր` Երեւանի Դերժինսկու անվան հաստոցաշինական գործարանը եւ երեք շուկաները, առանց իր գիտության, անհայտ պայմաններում օտարվել են։
Բացի այդ, ըստ գործարարի, առանց իր գիտության դադարեցվել է նաեւ Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ իր սեփականության իրավունքը:
ՌԴ իրավապահ մարմինները մերժել են ապօրինի հարուցված քրեական գործով իրեն Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի ենթարկելու՝ ՀՀ իրավապահ մարմինների պահանջը, որից հետո այդ քրեական գործը Հայաստանի Հանրապետությունից ուղարկվել է Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ կատարվել է նախաքննություն՝ արդյունքում ապացուցվել է իր անմեղությունը եւ կարճվել քրեական գործի վարույթը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներում որպես գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել է նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա Սերժ Սարգսյանը:
Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավար աշխատողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար։
Իմ նկատմամբ հարուցված քրեական գործը որևէ կապ չունի 2008թ.–ի մարտի 1-ի 10 զոհի հետ։ Այս մասին հայտնել է անգամ քննչական խմբի ղեկավարը: Այդտեղ չկա քրեական գործ, իրավաբանական աղբ է:
Այս մասին այսօր «Sputnik Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով «Մարտի 1-ի» գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:
«Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին այն պարզ պատճառով, որ դա համարվում է նախաքննական գաղտնիք, որը տվյալ պահին, իմ կարծիքով, աբսուրդ է։ Մենք բազմիցս դիմել ենք, նաև՝ հրապարակային, որ հանեն այդ գաղտնիությունը, որպեսզի թե՛ մենք, թե՛ մեղադրող կողմը հնարավորություն ունենանք բարձրաձայն խոսելու այդ գործի էության մասին։ Չկա այդտեղ քրեական գործ, չկա հիմնավորում , այսպես ասենք՝ իրավաբանական աղբ է, ոչ թե քրեական գործ»,– ասաց Քոչարյանը։
Հարցին, թե սահմանադրական կարգի տապալման մեջ է մեղադրվում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, դա որքանո՞վ կվնասի ՀՀ շահերը ՀԱՊԿ-ում, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Խաչատուրովի նկատմամբ արված քայլը հեռատես քայլ չէր:
Ըստ երկրորդ նախագահի՝ այդ քայլը բավական լուրջ մտահոգություն է առաջացրել ՀԱՊԿ-ում, և հնարավոր է նաև, որ այդ քրեական գործի պատճառով ՀՀ-ը կորցնի իր տեղը ՀԱՊԿ-ում.
«Չեմ կարծում, որ այս քրեական գործի առումով որևէ հեռանկար կա, բայց վնասն արդեն իսկ հասցված է: ՀԱՊԿ-ը մի կառույց է, որը չափազանց կարևոր է ՀՀ-ի համար:
Հարցին, թե ինչպես է հնարավոր դա վերականգնել, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ առաջին հերթին իշխանությունը պետք է վերանայի իր դիրքորոշումը «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ:
«10 տարի առաջ մարդիկ, որոնք այն ժամանակ հրահրել են մասսայական անկարգություններ, որոնք այն ժամանակ իրենց լոզունգներով և քայլերով, ըստ էության, փորձում էին տապալել սահմանադրական կարգը, այսօր փորձում եմ վրեժխնդրության հարց լուծել մարդկանց նկատմամբ, որոնք այն ժամանակ իշխանության գլխին էին։ Սա է գործի ամբողջ էությունը, և այս խնդիրն է դրված քննչական մարմնի առջև։
Պետք է հրաժարվել այդ մոտեցումից, դա է ընդամենը պետք՝ փորձել ման գալ մարդկանց, ովքեր կրակել են մարդկանց վրա, գտնել նաև մարդկանց, ովքեր սպանել են երկու ոստիկանի, և միայն այդ դեպքում մենք կարող ենք խոսել գործի բացահայտման մասին , տվյալ դեպքում սա քաղաքական ենթատեքստ ունի, և սա ես որակում եմ քաղաքական վենդետա: Տասը տարի անց եկան իշխանության՝ արդարացնելու համար այն հանցագործությունները, որոնք արվել են իրենց կողմից, մաքրել այն դատավճիռները, որոնք կայացվել են իրենց նկատմամբ և որոնք օրինական ուժ ունեն մինչ այսօր»,- ասաց Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական հենարանը համարում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք հիշում են իր պաշտոնավարման տարիների հաջողությունները։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում։
«Առաջին հերթին իբրև հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում»,- ասաց Քոչարյանը։
Երկրորդ նախագահի դիտարկմամբ` իր պաշտոնավարման ժամկետի ավարտին հաջորդած 10 տարվա ընթացքում` 1998-2008թթ-ին, Հայաստանը շատ է փոխվել։ Հետևաբար ինքը քաղաքականություն վերադառնալով` հենարան է ընտրել այն հատվածին, որը կյանքի որակի իրական բարելավման է ձգտում։
«Ես այն մարդկանցից չեմ, որոնք կարողանում են հաճոյախոսել ժողովրդի առջև, և ես չեմ կարծում, որ դա է երկիրն առաջ շարժելու տարբերակը։ Բայց ես այն մարդն եմ, որը գիտի` ինչ է անում, որը կարողանում է կառավարել, նպատակ դնել երկրի, կառավարության, այլ պետական մարմինների առջև և հասնել հաջողությունների։ Պետք է հասկանանք, թե ինչ է պետք մեր ժողովրդին կամ ժողովրդի տարբեր հատվածներին` պոպուլիզմ, հուզումներ, մարդիկ, որոնք շատ զգացմունքային ճառերով կարող են հանդես գալ, կարող են ասել` ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, և մարդիկ, որոնք, իրենց տեսակից ելնելով, այդքանը չեն կարողանում անել, բայց կարողանում են ստեղծել տարեկան 30-40 հազար աշխատատեղ, կարողանում են ներդրումներ բերել Հայաստան, կայունություն ապահովել երկրում և, իհարկե, անվտանգության հարցերը լուծել պրոֆեսիոնալ ձևով, հիմնովին և երկարատև»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Քաղաքականություն վերադառնալով` Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Թե ինչ ձևաչափով ու քաղաքական ինչ թիմով, վաղ է համարում խոսել` նշելով, որ դեռ երկար ժամանակ կա, և իրավիճակն էլ դինամիկ փոփոխվում և դեռ էլի փոփոխվելու է։
«Չեմ կարծում, որ հիմա ճիշտ է ձևաչափերի մասին խոսելը։ Հիմա պետք է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց ուղղված է լինելու քո գործունեությունը, և այն ընտրողների զանգվածը, որի մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո ապագա հենարանը։ Սա է այս պահի հիմնական խնդիրը կոնկրետ ինձ համար և այն թիմի համար, որ ձևավորվում է իմ շուրջը»,- ասաց նա։
Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն չի բացառում, այլև ակնկալում է, որ կարող է դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը։
«Առաջին հերթին փորձում եմ հույսս դնել ինձ վրա և իմ շուրջը միավորվող ուժերի ընտրազանգվածի` քաղաքացիների վրա։ Եվ որքան այդ ուժն ավելի հզոր լինի, այնքան ավելի մեծ է լինելու դաշինքներ կազմելու հնարավորությունը»,- ասաց նա։
Իսկ ինչ վերաբերում է հնարավոր դաշինքի անդամ քաղաքական ուժերին, Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ անուններ հնչեցնել և այդ կուսակցությունների անունից որևէ բան ասել։
Լրատվամիջոցներում, տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ ՀՀ Ազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, հաճախ հնչում են պարզաբանումներ, մեկնաբանություններ, որոնց հեղինակը որպես ազգային անվտանգության նախկին փոխնախարար ներկայացող Գուրգեն Եղիազարյանն է: Հարցերին նրա ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները, շատ անգամ զավեշտի հասնող մեկնաբանությունները, հիվանդ երևակայությամբ ծնված հայտարարությունները հարկավ հանրության աչքին ևս մեկ անգամ երևալու, իր մասին հիշեցնելու համար են: Սակայն դա շատ վիրավորական է և զարյույթ է առաջացնում Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների և Գուրգեն Եղիազարյանին իսկապես ճանաչող մարդկանց մոտ: Քաղաքական դաշտում այդպես էլ իր տեղը չգտած, պարբերաբար կուսակցություններ ու քաղաքական թիմեր փոխած այս անձնավորությունն առանձնակի ուշադրության արժանի էլ չէ, բայց երբ փորձում է հանդես գալ, որպես «վաստակավոր հետախույզ» և մասնագիտական եզրակացություններ անել, վիրավորելով իրենց աշխատանքին իսկապես նվիրված, արհեստավարժ մասնագետներին, հարկ ենք համարում հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու համար հրապարակել որոշ փաստեր, որոնք կդիմակազտվեն Գուրգեն Եղիազարյան կոչվածին: Նախկին միլիցիոներ Գուրգեն Եղիազարյանը ՆԳՆ կադրերի տրամադրության տակ էր, երբ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանի հետ ունեցած բարեկամական կապի շնորհիվ նշանակվեց ԱԱՊՎ պետի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 7-8 ամիս: Լինելով ղեկավար պաշտոնում՝ նա այդպես էլ չկարողացավ հասկանալ Ազգային անվտանգության համակարգի էությունն ու նշանակությունը, աշխատանքային նրբություններն ու յուրահատկությունները: Պաշտոնի նշանակվելուն պես Գուրգեն Եղիազարյանը սկսեց կարգադրել հակահետախուզության աշխատակիցներին զբաղվել մի բանով, որը նրանց գործառույթներին բնորոշ չէր, գործունեության ոլորտի հետ ընդհանրապես կապ չուներ` բացահայտել կեղծ կոնյակի արտադրությամբ, բենզինի վաճառքով զբաղվողների և այլ հաջողակ տնտեսվարողների ինքնությունը: Պարբերաբար իր աշխատասենյակում <<հյուրընկալում>> էր հայտնի բիզնեսմենների և նրանց հետ «զրույցներ» ունենում: Ապարանից եկած միջին տարիքի «գուշակ» կնոջ հետ նրա ամենօրյա հանդիպումներից հետո, ցուցումների տարափ էր թափվում հակահետախուզության աշխատակիցների վրա` ատոմակայանին, գնացքներին, ավտոմեքենաներին և այլ օբյեկտներին սպառնացող վերահաս վտանգների, պայթյունների մասին: Այս գուշակի «կանխատեսումներից» հետո բավականին ուժ ու միջոցներ էին կենտրոնացվում այդ ուղղություններով` խաթարելով համակարգի բնականոն աշխատանքը, և ոչ մի անգամ այդ «կանխատեսումները» չէին հաստատվում, իսկ Գուրգեն Եղիազարյանը դարձյալ ոչ մի հետևություն չէր անում: Ավելին, հավատացնում էր, որ ինքը ևս կապեր ունի տիեզերական ինչ-ինչ ուժերի հետ և շատ դեպքերում չհասկանալով , թե մենք ինչով ենք զբաղված, փորձում էր արտերկրային ինչ-որ ուժերի ազդեցությամբ մտնել մեր գործելաոճի մեջ ու թելադրել: Գ. Եղիազարյանը ունակ էր ափերից դուրս գալ և անվայել վարք դրսևորել, եթե օպերատիվ աշխատակիցը, ինչ-որ փաստաթղթում, նրա ստորագրությունից ավելի բարձր տեղում էր ստորագրել: Ելնելով իր նախկին աշխատանքային փորձից նա չէր կարողանում պատկերացնել, որ հակահետախուզության օպերլիազորը կարող է և չտարբերել թմրանյութի մի տեսակը մյուսից` ամոթանք էր տալիս «չեռնյաշկան-պլանից» չտարբերողին: Նման վարքագծի պատճառներից մեկն էլ հավանաբար այն էր, որ Գուրգեն Եղիազարյանը իրեն թույլ էր տալիս պարբերաբար աշխատանքի ներկայանալ ոչ սթափ վիճակում, որը մեր հաստատությունում բնավ ընդունված չէ: Գալիս էր հարբած, ատրճանակը դնում սեղանին և ննջում բազկաթոռին: Ռազմաարդյունաբերական համալիրները սպասարկող ազգային անվտանգության աշխատակիցներին Գուրգեն Եղիազարյանը կարգադրում էր աշխատել միայն համալիրի տնօրենի քարտուղարուհու հետ, իսկ մնացած միջոցներն ու մեթոդները անհուսալի ու ավելորդ էր համարում: Եվ այս մարդը մեզ սովորեցնում է լրտեսների հետ <<պայքարելու>> ձևերը: ԱԱԾ աշխատակիցներն լավ են հիշում նաև նրա վարքը մեկուսարանում, ուր նա կարող էր ձեռքերին ազատություն տալ, ստիպողաբար կեղծ ցուցմունքներ կորզել և դրանով իսկ խաղալ մարդկային ճակատագրերի հետ: Գուրգեն Եղիազարյանն այդ մի քանի ամսվա ընթացքում այնպիսի ատելություն առաջացրեց, որ, չդիմանալով նման գործելաոճին, ԱԱ քննչական վարչության փորձառու պետ Վլադիմիր Սարգսյանը ստիպված եղավ հեռանալ համակարգից: Նրա համար շատ ծանր էր, որ երկար տարիներով ստեղծված համբավը, հատուկ մթնոլորտը ինչ-որ մեկը կարող է իր անբարո վարքով կազմաքանդել: Միայն Դավիթ Շահնազարյանի շնորհիվ հնարավոր եղավ համակարգ վերադարձնել իսկապես պրոֆեսիոնալ այդ աշխատակցին: Գուրգեն Եղիազարյանն, ընկնելով մտածածին սենսացիաների ետևից, անգամ փորձեց կուսակցություններից մեկի դեմ ստեղծել շինծու, վարկաբեկիչ փաստեր` սուտը ճշմարտության տեղ մատուցելով: Մեծ դժվարությամբ հաջողվեց կասեցնել գործընթացը: Նրա պարզունակ ուղեղը այդպես էլ չընկալեց, որ ազգային անվտանգությունը ունի գործունեության որոշակի առանձնահատկություններ և կանոններ, պահանջում է մասնագիտական որակներ ու հմտություններ: Նրան հասու չեղավ, որ այս ոլորտում յուրաքանչյուր չմտածված «նորամուծություն» կարող է սպառնալիք դառնալ պետության անվտանգության համար: Այժմ էլ իր կենսագրության նշյալ 7-8 անփառունակ ամիսները Գուրգեն Եղիազարյանն ուռճացնում է և ներկայանում որպես ազգային անվտանգության «պրոֆեսիոնալ» ու երկարամյա աշխատանքային փորձ ունեցող պաշտոնյա, ով իբր տիրապետում է համակարգի նրբություններին ու գործելաոճին: Հասկանալի է, որ դրանով նա փորձում է ինչ-որ կերպ կարևորել իր անձը և ազգային անվտանգության համակարգի մասին պատկերացում չունեցող իր գործընկերների մոտ լուրջ մասնագետի տպավորություն թողնել: Իրականում նա ինչ չափով առնչություն ունի Ազգային անվտանգության համակարգի հետ և արդյոք ունի բարոյական իրավունք խոսելու ազգային անվտանգության համակարգի շուրջ՝ պարզ է դառնում վերոշարադրյալից: Ինչ վերաբերում է նրա ներկայիս «գործունեությանը», ապա ժամանակին պատասխանատվության չենթարկվելը, ըստ երևույթին, նրան ամենաթողության պատրանքով է համակել և պատուհաս դարձրել հանրության համար: ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք ազգային անվտանգությանը վերաբերող հարցերի մասին մասնագիտական գնահատականներ փնտրելիս դիմել Ազգային անվտանգության ծառայությանը կամ վետերաններին, այլ ոչ թե պատահական մարդկանց, որոնք շատ հեռու են մեր համակարգից և, Աստծո սիրո, մի նշեք, որ նա մեր ծառայակիցն է եղել թեկուզ մի քանի ամսով, այն չափազանց վիրավորական է մեզ համար:
ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին:
Վարչապետ Փաշինյանը, դիմելով նրանց, ասել է. «Այս ընթացքում նման հանդիպում ունենալը միշտ էլ իմ օրակարգում եղել է, ուղղակի ես ցանկացել եմ, որ հանդիպենք մի պայմաններում, երբ շատ կոնկրետ արդյունքներ կունենանք Մարտի 1-ի գործի բացահայտման առումով: Կարծում եմ՝ վերջին ամիսներին Մարտի 1-ի գործի բացահայտումը բավականաչափ առաջ է ընթացել, և օգոստոսի 17-ի հանրահավաքում ես հայտարարեցի, որ, ըստ էության, բացահայտված եմ համարում ընդհանուր առմամբ Մարտի 1-ի գործը. մնում է ապահովել պայմաններ, որ այդ բացահայտումը հասնի իր բոլոր մանրամասներին և վերաբերի բոլոր դետալներին՝ այդ թվում նաև կոնկրետ սպանություններ իրականացնողներին և կոնկրետ հանգամանքներին: Բնականաբար, ես նախաքննության ողջ ընթացքին և ծավալներին տեղյակ չեմ և կարող եմ հետևություններ անել այն հայտարարություններից, որ հնչեցրել է Հատուկ քննչական ծառայության պետը և այն մեկնաբանություններից, որ ընդհանրապես այդ կապակցությամբ հնչում են: Եվ կարծում եմ՝ այդ հայտարարությունները հույս են տալիս, որ մենք ամբողջական, բոլոր մանրամասներով բացահայտումներ կունենանք: Ավելորդ է ասել, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը մեր կառավարության համար, ինձ համար և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պատվի և քաղաքացիական արժանապատվության խնդիր է, և որևէ կասկած չկա, որ Մարտի 1-ի բոլոր ոճրագործները պետք է կանգնեն պատասխանատվության առաջ՝ անկախ այդ ոճրագործների անուն-ազգանուններից, ներկայում կամ անցյալում զբաղեցրած պաշտոններից և ունեցած կարգավիճակից»:
Մարտի 1-ի զոհերի հարազատները համոզմունք են հայտնել, որ թավշյա հեղափոխությունը և երկրում տեղի ունեցող փոփոխությունները հնարավորություն կտան լիարժեք բացահայտել Մարտի 1-ի գործը և կառուցել նոր Հայաստան:
Օգոստոսի 29-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Երևանում հայտնաբերեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քեվին Օքսուզին, որը ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանում հիմնադրել էր ՍՊԸ և սկսել գործունեություն:
Օգոստոսի 23-ին Քեվին Օքսուզի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում ԱՄՆ քրեական օրենսգրքի հատկանիշներով, մասնավորապես՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու /4 դրվագ/ մեղադրանքներով: Միջազգային հետախուզում հայտարարելուց հետո՝ հաջորդ օրն իսկ, նա ոստիկանության տեսադաշտում էր, և ոստիկանության պետի անմիջական հսկողությամբ ձեռնարկվեցին ծավալուն, անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Օքսուզը թուրքամերիկացիների և եվրասիացիների հասարակական, շահույթ չհետապնդող կազմակերպության նախագահն էր: Կազմակերպության նպատակն էր սերտ հարաբերություններ հաստատել թուրքերի և ամերիկացիների միջև՝ կազմակերպելով ուղևորություններ դեպի Թուրքիա և Ադրբեջան: 2013 թվականին Օքսուզը այլ անձանց հետ մի քանի ԱՄՆ կոնգրեսականների էր հրավիրել մասնավոր ուղևորության դեպի Ադրբեջան և Թուրքիա: ԱՄՆ կոնգրեսականների մասնավոր այցերը կանոնակարգվում են Էթիկայի հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ ճանապարհորդությունների մասին կանոնակարգի դրույթների համաձայն: Այս կանոնակարգի համաձայն՝ ուղևորության հովանավորները պետք է լրացնեն հատուկ ձևաթղթեր, ինչը կհավաստի ուղևորության համար ծախսվող ֆինանսավորման աղբյուրները, նաև պետք է նշվի վճարումների աղբյուրը և փաստացի ծախսերը: Որպես ճամփորդության ենթադրյալ կազմակերպիչ Օքսուզը էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է ձևաթղթեր, որոնք կեղծել է, և նշել, որ կազմակերպությունը ուղղակի կամ անուղղակի որևէ աղբյուրից ֆինանսական միջոցներ չի ստացել:
Պարզվել է, որ Օքսուզի ղեկավարած կազմակերպությունը փաստացի չի վճարել բոլոր ծախսերի համար և ստացել է ֆինանսավորումներ, այդ թվում՝ Ադրբեջանի կառավարությանը պատկանող` «Սոկար» նավթարդյունաբերական ընկերությունից: Պարզվել է նաև, որ ԱՄՆ կոնգրեսի 9 անդամներ և աշխատակազմի 32 անդամներ ստացել են հարյուր հազարավոր դոլարների արժողության նվերներ: Քեմալ Օքսուզը իր գործունեությունից ներկայացրեց նաև որոշ մանրամասներ: Քեմալ Օքսուզը ձերբակալված է:
Ազատամարտիկների դաշինքը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Մեծարգո պարոն վարչապետ, մեր նամակ-դիմումը մի մարդու մասին է, ով հուլիսի 13-ից գտնվում է կյանքի ու մահվան սահմանագծին։ Խոսքը մեր մարտական ընկեր Մյասնիկ Ժորայի Մալխասյանի մասին է։ Նա 1988թ. Ղարաբաղյան շարժման Ապարանի տարածաշրջանի հիմնադիրներից մեկն էր, իսկ 1989թ-ից կամավորական ջոկատի առաջին շտաբի պետը։
Հերոսական մարտական ուղի անցած մեր մարտական ընկերը պատերազմից հետո երեք անգամ ընտրվեց ԱԺ պատգամավոր, որտեղ նա բարձր պահեց ազատամարտիկի ու ազգի նվիրյալի իր կերպարը։ Պարոն վարչապետ, Ձեզ հետ նա ևս իր սկզբունքայնության պատճառով 2008թ մարտի 1-ից հետո քաղբանտարկյալի կարգավիճակում էր։ Թե՛ պատերազմի ժամանակ և թե հետպատերազմյան բազում հոգեբանական վիճակները երևի պատճառ դարձան առողջական այն վիճակին, որում գտնվում է մեր մարտական ընկերը։
Հարգանքներով՝ Ազատամարտիկների դաշինքի խորհուրդ»
Փաստական տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատու անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ. քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել` ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատու անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ և որոշում կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։
«Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ։ Ներգրավելով վարկային միջոցներ՝ կատարել է շուրջ 80 000 ԱՄՆ դոլարի կապիտալ ներդրում՝ ձեռք բերելով ավազի լվացման և մաղման հոսքագծեր, սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի։ Ընդ որում՝ բաժնեմասերի 60 տոկոսը պահանջվել է ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։
Բացի այդ, պարզվել է նաև, որ Նորամարգի համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հողատարածքի վարձակալության վերաբերյալ «Ավազահատիկ» ՍՊ ընկերության տնօրենի հետ ավելի վաղ ստորագրված պայմանագիրը լուծարելու վերաբերյալ։ Նշված հողատարածքում ընկերությունն զբաղվում էր ավազի հանույթով։ Դատարանը բավարարել է հայցադիմումը, որից հետո նոր պայմանագիր է ստորագրվել տվյալ հողատարածքի վարձակալության վերաբերյալ այլ սեփականատերերի հետ։
ՍՊԸ ընկերության հիմնադիրը և այլ վկաներ իրենց ցուցմունքներում առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց թվում մատնանշել են Հովիկ և Ջոնիկ Աբրահամյանների, Ալիկ Սարգսյանի անունները։
Նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք են բերվել տվյալներ՝ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար ներկայացուցիչների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև՝ նրանց կողմից խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ՝ որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ ուղարկելու մասին։
ՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նախկին նախարարի և նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից 2017թ. հաղորդում է ներկայացվել՝ 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի կողմից լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու և ընկերության ներքին իրավական ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ կազմակերպությունների վարկեր տրամադրելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով, որը վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2017 թվականին որոշում է կայացվել՝ նախկին գործադիր տնօրենին ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Քրեական գործով շարունակվել են կատարվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով, որի արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ ևս։
Մասնավորապես՝ երեք տարբեր քրեական գործեր են հարուցվել վարկային ընկերության բաժնետերերից մեկի անունից ՀՀ կենտրոնական բանկ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, նախկին գործադիր տնօրենի՝ ՍՊ ընկերության բաժնեմասը շորթելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասով, և ՍՊԸ-ում ներդրումներ կատարելու պատրվակով նախկին գործադիր տնօրենի կողմից քաղաքացու բանկային հաշվից 500.000 ԱՄՆ դոլար կանխիկացնելու ու յուրացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնք միացվել են մեկ վարույթում, և նախաքննության հետագա կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։
Ըստ դրվագների կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Արդյունքում՝ տվյալներ են ձեռք բերվել՝ կատարված առերևույթ հանցավոր դրսևորումներին նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց առնչության վերաբերյալ։ Մասնավորապես՝ ցուցմունքներում որպես վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձի մատնանշվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ. Բեգլարյանի անունը։ Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մ.Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:
Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ 2018թ. օգոստոսի 28-ին որոշում է կայացվել՝ նշված քրեական գործը ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.