23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դուք էլ մի ժամանակ օտարացել էիք Աստծուց և թշնամացել նրան՝ ձեր մտածելակերպով ու չար գործերով: Բայց այժմ Քրիստոս իր մարդեղությամբ և մահվամբ ձեզ հաշտեցրեց Աստծու հետ, որպեսզի դուք նրան ներկայանաք մաքուր, անբիծ և անարատ:
Ուստի հարատևեցե՛ք ձեր հավատի մեջ՝ այն հաստատելով ամուր հիմքերի վրա, անխախտ պահելով այն հույսը, որ ունեցաք Ավետարանի քարոզչությունը լսելով…
Մենք Քրիստոսին ենք քարոզում՝ հոգևոր իմաստության բոլոր միջոցներով խրատելով բոլոր մարդկանց և ուսուցանելով բոլոր մարդկանց, որպեսզի բոլորին էլ կանգնեցնենք Աստծու առաջ՝ Հիսուս Քրիստոսին միացած և հոգեպես կատարյալ:
(Պողոս առաքյալի նամակը կողոսացիներին 1:21-23, 28)
Ռուբեն աբեղա Զարգարյան
2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ, հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծությամբ ու հետախուզադիվերսիոն փորձերի ձեռնարկմամբ: Այստեղ հատկապես հիշատակման արժանի է փետրվարի 25-ի ժամը 03:00-04:00-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը, կիրառելով «ՏՐՈՊԱ» տիպի ականազերծման հատուկ տեխնիկա, նռնականետեր ու խոշոր տրամաչափի այլ զինատեսակներ, անցել է հարձակման:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները նաև շնորհիվ 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի առաջխաղացումը և հետ շպրտել վերջիններիս ելման դիրքեր: Հայ դիրքապահների գրագետ ու կազմակերպված գործողությունների արդյունքում նահանջող հակառակորդը չեզոք գոտում թողել է 5 դիակ, որից հետո պաշտոնական Բաքուն հարկադրված դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ խնդրելով միջնորդել իր դիակների՝ չեզոք գոտուց տարհանելու աշխատանքները կազմակերպելու համար:
2017թ. երկրորդ կիսամյակում, բացառությամբ հուլիս ամսվա և հոկտեմբերի 23-ի ու 24-ի, երբ ադրբեջանական զինուժը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է Դ-30 հաուբից և Դ-44 հրանոթներ, ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր և «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ, իրադրությունն առաջնագծում եղել է հարաբերական հանգիստ, իսկ հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:
Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 180.000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռներ (5 արկ), 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից և 85 միլիմետրանոց Դ-44 հրանոթներ (262 արկ), ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ (17 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1042 արկ) ու տարբեր տիպի նռնականետեր (571 արկ):
2017թ. ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով, պատվով կատարել իրենց առջև դրված գլխավոր մարտական խնդիրը, այն է՝ ապահովել Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունն ու բնակչության խաղաղ կենսագործունեությունը:
<<Շան տարին հաջողակ եւ յուրահատուկ տարի է լինելու բոլորի համար։ Այն մարդիկ ովքեր ծնվել են շան տարում կարող են պահի տակ բռնկվել, բայց իրենք շատ բարի, հավատարիմ, դրական էմոցիաներով անձնավորություններ են։ Շունը այս տարի բոլոր կենդանակերպի նշանների նկատմամբ բարեհաճ Է գտնվելու>>,- <<Իրավունքի>> հետ բացառիկ զրույցում անդրադառնալով 2018 թվականի կանխատեսումներին՝ ասաց հայտնի, ճանաչված պայծառատես ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ Ապա խորհուրդ տվեց, թե ինչպես դիմավորել տարվա տիրուհուն՝ Շանը, որ այն ողջ տարին բարեհաճ գտնվի․
— Ես, որպես պայծառատես, խորհուրդ եմ տալիս շան տարին դիմավորել հետեւեյալ ձեւով․ Ամանորի գիշերը վերցնել կանաչ մոմը, թաթախել մեղրի մեջ, դնել ափսեի մեջ, վառել եւ ասել հետեւյալ խոսքերը․ ինչպես մեղուն առանց մեղր չի մնում, այնպես 2018 թվականը թող իմ եւ հարազատներիս օջախներին բերի հարստություն, հաջողություն, սեր եւ վերջում՝ Ամեն։ Մոմը վառվել-հալչելուց հետո մոմի հալոցքը փաթաթել սպիտակ թղթի մեջ եւ դնել տան որեւիցէ մի անկյունում։ Այն պետք է պահվի մեկ տարի, որպեսզի ողջ տարին մեզ բերի քաղցրություն, երջանկություն, բարություն, գումար եւ հաջողություն։ Ցանկանում եմ 2018 թվականին բոլորիս օջախներում իշխի սերը, երջանկությունը ու բարությունը, խաղաղությունը։ Թող գալիք տարին բոլորիս համար լինի բերքի, բարիքի, սիրո տարի, եւ թող որ ոչ ոք հիվանդ չլինի։
— Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք չամուսնացած, դեռ իսկական սեր չապրած աղջիկներին։
— Թող չամուսնացած բոլոր աղջիկները Ամանորի գիշերը վերցնեն մեկ բաժակ մաքուր ջուր, մեկ կարմիր մոմ եւմեկ կարմիր խնձոր։ Ջրի վրա յոթ անգամ Հայր մերն արտասանեն, ապա ասեն հետեևյալ խոսքերը․ թող այս տարին ջրի նման լինի պարզ, զուլալ, մաքուր եւ մենք ունենանք մեր սերն ու զույգը։ Այս խոսքերն ասելուց հետո վառեն կամիր մոմը, սպասեն մոմի վառվելուն, ապա խնձորջ կտրատեն, լցնեն ջրի մեջ եւ այդ ամենը միանգամից խմեն։ Իսկ մոմի հալոցքը պահեն իրենց գրպանում, եւ, որ ամենակարեւորն է՝ թող ապավինեն Աստծո զորությանը միշտ։
— Անի՛, կխնդրեինք նաեւ Ձեր կանխատեսումները տարբեր տարիների ծնվածների համար, ի՞նչ ակնկալեն եւ ինչի՞ց զգուշանան։
— Սիրով։ Ինչպես արդեն նշեցի տարին հաջողակ եւ յուրահատուկ է լինելու։
ՇԱՆ տարում ծնվածներին այս տարի կհասնեն բոլոր այն ձեռքերը, որոնց կարիքն իրենք ունեն։ Չամուսնացած շները այս տարի ամուսնանալու են եւ լինեն երջանիկ իրենց կեսերի հետ, բացի այդ ունենալու են նաեւ գործնական բազում հաջողություններ։
ԱՌՆԵՏԻ տարում ծնվածները պետք մի փոքր շատ աշխատեն, որովհետեւեւ ունենալու ենք ֆինանսական խնդիրներ, որոնք, սակայն հաղթահարելու են։ Տարին ի վերջո հաջողությունն կբերի առնետներին։
Ցուլի համար2018 թվականը լինելու է դԺվարությունների, հիվանդությունների տարԻ, որոնք, սակայն, երկար չեն տեւելու։ Այն ցուլերը, ովքեր սպասում են գործնական հաջողությունների՝ դրան կհասնեն օգոստոս ամսին։ Չամուսնացած ցուլ աղջիկներին սպասվում է ամուսնություն, բայց տԱրեվերջին՝ դեկտեմբեր ամսին։
ՎԱԳՐԻ տարծում ծնածները դրական եւ բարի մարդիկ են, շատ լավ կլինի, որ վագրերն ու շները այս տարի հանդիպեն։ Այն շները, ովքեր սիրում են վագրերին խորհուրդ է տրվում լինեն համբերատար։ Վագրերին ցավերը, դժբախտությունները մնալու են անցնող տարում, քանի որ 2018 թվականը լինելու է հաջողակ ու յուրահատուկ տարի։
Ինչ վերաբերում է ՃԱԳԱՐՆԵՐԻՆ ԵՒ ԿԱՏՈՒՆԵՐԻՆ համար հանգիստ, կայուն տարի է սպասվում, ոչ մի յուրահատուկ փոփոխություններ չեմ տեսնում։ Այն Ճագարները, որոնք գտնվում են հեռավոր երկրներում եւ հնրավորություն չեն ունեցել նախկինում Այցել են հայրենիք՝ Շուն այդ հնարավորությունը այս տարի նրանց կընձեռնի։
ՎիԻՇԱՊՆԵՐԻՆ սպասվում է մնայուն եւ կայուն սեր, բայց խորհուրդ չի տրվում 2018 թվականին ամուսնան, թող դեռ կառուցեն իրենց ամուր եւ կայուն սերը։ Ընդհանուր առմամբ վիշապները դժվար բնավորության տեր մարդիկ են, բայց շատ պատասխանատու։ Վիշապներին սպասվումեն գործնական վերելքներ։
Ամուսնացած ՕՁԵՐԻՆ խորհուրդ տրվում քիչ վիճեն իրենց սիրելիների հետ, որովհետեւ շունը չի սիրում վեճ։ Հակառակ դեպքում նրանք կկորցնեն իրենց սիրելի էականերին։ Այն օձերը, որոնց ընտանիքներում դեռ չի լսվել մանկան ճիչ՝ շան տարում այն կլսվի, իրենց ընտանիքներում սպասվում է ջերմություն, սեր ու խաղաղություն։
ՁԻԵՐԻՆ պասվում են բազմաթիվ անակնկալներ։ Ձիու տարում ծնվածներին սպասվում են լուրջ փոփոխություններ՝ հուլիս-օգոստոս ամիսներին, նրանց խոհուրդ չի տրվում ճանապարհորդել։ Այս տարի նրանք ավելի շատ կվատնեն ֆինանսական միջոցները, քան ձեռք կբերեն։
ԱՅԾԵՐԻ համար տարին բարեհաջող է լինելու, նրանց տարվա երկրորդ կեսին սպասվում են յուօրինակ հաջողություններ։
ԿԱՊԻԿՆԵՐԸ պետք է ողջ տարում ջանան, աշխատեն, չարչարվեն, որպեսզի կարողանան հասնել նրան՝ ինչին ցանկանում են։ Կապիկի տարում ծնված տղաները կգտնեն իրենց երկրորդ կեսին։
ԱՔԱՂԱՂՆԵՐԻՆ խորհուրդ է տրվում լինեն հանգիստ, շատ ճանապարհորդեն, զվարճանան։
ՎԱՐԱԶՆԵՐԻ համար տարին պատրաստել է հաջողություններ, պաշտոնի բարձրացում։ Այն վարազները, ովքեր փորձել են բնակարան գնել եւ դա նրանց մինչ օրս չի հաջողվել՝ Շունը նրանց այդ հնարավորությունը կընձեռնի։ Որովհետեւ նրանց այս տարի սպասվում է ֆինանսական մեծ հաջողություններ։
Վերջում մեր զրուցակիցը շնորհավորելով բոլորիս Ամանորը եւ Սուրբ ծննոևնդը հետեւյալ խորհուրդը տվեց․ 2018 թվականը դիմավորենք ուրախ, երջանիկ, մոռացեք բոլոր դժբախտությունները, արցունքները եւ հիշեք, որ մեզ առաջնորդում է զորավոր մի ուժ՝ Աստված։ Թող բոլորի օջախներում լինի հույս, լույս, հավատ եւ սեր։
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով․
«Հարգելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր
Ավարտին է մոտենում 2017 թ.-ը։
Տարեվերջյան ամփոփումներն ու հաշվետվությունները անհրաժեշտություն են պաշտոնյայի, ղեկավարի, քաղաքական, հասարակական գործիչների համար։ Այն հնարավորություն է տալիս անդրադարձ կատարելու տարվա կարևոր իրադարձություններին, ձեռքբերումներին և բացթողումներին, ինչպես նաև նշելու ապագա նպատակները:
Տարվա ամենակարևոր իրադարձությունը թերևս ապրիլյան խորհրդարանական ընտրություններն էին, և որպես կանոն, համապետական, ինչպես նաև մեր միջազգային հեղինակության, վարկի բարձրացման համար նշանակություն ունեցող այսպիսի միջոցառումը պետք է մեր ժողովրդի կյանքում կտրուկ առաջընթացի պայմաններ ապահովեր։
Սակայն արդյո՞ք արդարացան ժողովրդի սպասումները։ Արդարության և ժողովրդավարության նոր ցուցանիշներ ապահովեցի՞նք։ Ձևավորվե՞ց արդյոք փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտ։ Ավելի հավատով լցվեցի՞նք արդարության տառը պաշտպանող համակարգի հանդեպ։ Կգտնե՞նք համազգային սպառնալիք հանդիսացող դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ճանապարհները։ Գտնվեցի՞ն արդյոք երկիրը տնտեսական, քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղիները: Կգտնե՞նք ներուժ՝ խուսանավելու տարածաշրջանային բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, կամրապնդե՞նք մեր անվտանգության համակարգը։
Այսօր այս կարևորագույն հարցերի շուրջ զօր ու գիշեր աշխատելու, ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու և իրականությանը համապատասխանող լրատվություն ապահովելու, միմյանց հետ քաղաքակիրթ երկխոսելու փոխարեն տեղեկատվական դաշտը ողողված է պրիմիտիվ բանսարկություններով, կենցաղային մակարդակի բամբասանքով, քաղաքացու համարձակությունը ջարդող, վախ սերմանող փորձերով, պետության համար վտանգավոր սադրանքներով՝ ուղղված արտաքին և ներքին քաղաքական դաշտերին:
Մերժում և դատապարտում եմ ինքնանպատակ բանսարկություններով արհեստական շիկացած մթնոլորտ ստեղծելու յուրաքանչյուր էժանագին հնարանք և փորձ:
Հայոց նորանկախ Հանրապետությունների 25-ամյա պատմության ամենակարևոր ձեռքբերումը եղել և մնում է Հայոց բանակը: Անչափ կարևորում եմ նրա շարունակական կատարելագործումը, մարդակենտրոն բանակի ձևավորմամբ համալրման ռազմավարությունը, մարտական կարողությունների և առաջնագծի մշտական ամրապնդումը, որոնք այսօր արդյունք են բանակի ստեղծման օրվանից ձևավորված լավագույն ավանդույթների և երկար տարիների ռազմավարական պլանավորման շրջանակներում իրականացված բարեփոխումների և համակարգային, շարունակական աշխատանքի:
Այսօր մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվությամբ պետք է վերաբերվի տասնյակ տարիների մեր ձեռքբերումներին և պատրա’ստ լինի արյան, կյանքի գնով պաշտպանելու և ավելացնելու մեր նվաճումները։
Հավերժ խոնարհվելով… և սրբադասելով հանուն Հայրենիքի ընկած քաջարի մարտիկներին, մեր ժողովրդի հետ միասին անցնելով պատերազմի, տառապանքի ու ցավի միջով՝ես ամեն անգամ սահմանին զոհված զինվորի սառը ճակատը համբուրելիս հուղարկավորել եմ ինքս ինձ և հոգով մոխրացել որդեկորույս ծնողի հետ… Հետո բոլորս մխիթարվել ենք այն մտքով, որ մենք չե’նք կորցրել նրանց, այլ գտել ենք մեր նորօրյա հերոսներին… Նրանք չե’ն հեռացել մեզանից, նրանք՝որպես հավերժ պաշտպան, ամփոփվել են մայր հողի տաք գրկում…
Ցավին փոխարինել են երջանկության արցունքները, երբ որդեկորույս հայ մայրը, փյունիկի պես հառնելով տառապանքից, ցավից, նորից զավակ է լույս աշխարհ բերել՝ նոր պահապան մեր սահմաններին: Ես վստահ եմ՝ նրանք իրենց սխրանքներով գերազանցելու են իրենց հայրերին, եղբայրներին։
Հետևելով երկրում ընթացող մի շարք աղմկահարույց դատավարությունների՝ ցավ ու դառնություն եմ ապրում՝տեսնելով անզորությունից բռունցքները թափահարող մեր մարտական ընկերներին։ Նրանցից շատերը մեծ ավանդ ունեն Արցախի ազատագրական պայքարում։ Եվ այն, ինչ կատարվում է, մեր բոլորի ողբերգությունն է. մենք բոլորս մտածելու, պատճառները հասկանալու և լուծումներ գտնելու պատասխանատվություն ունենք, այլապես հասարակությունը վերջնականապես կբաժանվի «դատավորների» և «զոհերի»։
Ձևավորված նոր կառավարության գործունեության ընթացքում իրականցվող կառուցվածքային և կադրային փոփոխությունները, նոր գործելաոճը, տնտեսական կյանքի որոշակի ակտիվությունը, դեռևս հեռու են հուսադրող լինելուց և բախվելով համակարգի՝ տարիներով կարծրացած և նրանց հետ համակերպված տարբեր սպառնալիքների հետ՝ արագ ցանկալի արդյունք չեն տալու։
Ինչի՞ կհասնի Հայաստանի Հանրապետությունն այս իրավիճակում:
Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել: Գնալով սրվում է աշխարհի ուժային կենտրոնների միջև պայքարը, և Հարավային Կովկասի շուրջն առաջացած բացասական վեկտորներն ուղղվելու են ՀՀ անվտանգության և Արցախի հիմնախնդրի վրա։
Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական թե արտախորհրդարանական, քաջ գիտակցում են, որ տնտեսական, քաղաքական այս բարդ իրավիճակում, ինչպիսի հարաբերություններ էլ կառուցենք աշխարհի անվտանգային տարբեր համակարգերի և պետությունների հետ և ամենապատճառաբանված, հզոր պայմանագրերն էլ կնքենք, միևնույն է, չենք կարողանալու հասնել հաջողության, եթե երկրի ներքին կյանքում կտրուկ փոփոխություններ չիրականացնենք։
Չենք կարողանալու հասնել հաջողությունների, եթե համապատասխան աշխատանք չտանենք՝ կառավարման ժամանակակից մշակույթ ձևավորելու նպատակով, մանավանդ քաղաքական և կուսակցական չկայացած համակարգի պայմաններում՝ ռազմավարական մտածելակերպով և պլանավորմամբ, պետական գաղափարախոսությամբ, մարդկային ռեսուրսների կառավարման արդիական մեխանիզմներով, քննարկումների, ստեղծագործական համարձակ արարման լայն հնարավորություններով և ամենակարևորը՝ժողովրդի առջև թափանցիկ աշխատանքի, հաշվետվողականության և խիստ պատասխանատվության ձևավորմամբ։
…Եվ իհարկե, եթե լուրջ պայքար չտանենք քաղաքական, տնտեսական և վարչական լծակների սերտաճմամբ ձևավորված և տնտեսության ազատականացումը արգելակող, երկրի զարգացումը դանդաղեցնող արատավոր երևույթի դեմ:
Ինչպե՞ս անցնենք արդի ճգնաժամային փուլը և դեպի զարգացում տանենք մեր պետությունը:
Որպեսզի քաղաքական ուժերը գտնեն մեր պետության զարգացման ճշմարիտ ուղին, պետք է հենվեն Երկրի ճշմարիտ և հզոր ուժի՝ժողովրդի′ վրա, քանզի հայ ժողովուրդը, չունենալով պետություն և պետականություն, հազարամյակներ շարունակ պատմության քառուղիներում ոչ միայն չի՛ կազմալուծվել, չի՛ձուլվել օտարներին, այլև պահպանե՛լ է իր ազգային ինքնությունը՝ եկեղեցին, լեզուն, մշակույթը:
Առաջին հերթին պետք է անել այն, ինչը ոչ մի ռեսուրս չի պահանջում, այլ միայն քաղաքական կամք. հաստատել ժողովրդավարություն, օրինականություն, արդարություն, փոխադարձ վստահության և համերաշխության մթնոլորտ:
Մենք երազող ու պայքարող ժողովուրդ ենք: Կարո՛ղ ենք կառուցել կատարյալ պետություն, իսկ կատարյալ պետությունների հիմքում ընկած է արդարությունը։
Պետք չէ ընկնենք աշխարհեաշխարհ, հզորներից արդարություն պահանջենք: Եկեք այն փնտրենք մե′ր մեջ։ Արդար և ազնիվ լինենք միմյանց հանդեպ, որ հիմք դառնա մեր ազգային միասնության, համախմբման, վերելքի և ամենակարևորը՝ Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման համար:
Այսօր, սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Մաղթում եմ, որ 2018 թ.-ը բազմապատկի մեր խոհեմությունն ու հավասարակշռությունը՝ ճիշտ գնահատելու մեր հնարավորությունները, և պետության առջև ծառացած բարդ խնդիրների լուծման ճանապարհին՝ համախմբված, պատվով ընդունենք մարտահրավերը, չերկնչե′նք դժվարություններից և դիմակայե′նք հերոսաբար:
Խաղաղ ծառայություն եմ մաղթում Հայկական բանակի ողջ անձնակազմին՝գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին: Առողջություն և հաջողություն մեր բոլոր մարտական ընկերներին:
Հպարտություն Հայրենիքի համար կյանքը զոհած մեր քաջարի մարտիկների սխրանքի և հավերժ խոնարհում նրանց հարազատների առջև:
Մեր ժողովրդի պայքարն արդար է՝ հանուն Հայաստանի և Արցախի, և պսակվելու է հաղթանակով։
Թո′ղ որ յուրաքանչյուրիս հայրենանվեր ծառայության շնորհիվ 2018 թ.-ը լինի խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Մի պահ պատկերացնենք, որ երկրում կառավարման համակարգը չի փոխվել և փետրվարին մեզ սպասվում են նախագահական ընտրություններ: Այդ դեպքում նախատոնական տրամադրությունները հետին պլան կմղվեին` իրենց տեղը զիջելով նախագահական թեժ քարոզարշավին, որն իր հանգուցալուծումը գտնելու էր փետրվարի ընտրություններով: Եթե պահպանվեր նախագահական համակարգը, մենք առիթ չէինք ունենա կենտրոնանալ Սերժ Սարգսյանի անձի վրա, որովհետև Սամանադրության ուժով նա պետք է լքեր Հայաստանի իշխանության ղեկը:
Մյուս կողմից` լարվածության լրացուցիչ աղբյուր կլիներ այն, որ իշխանության ներսում բացակայում է այն խարիզմատիկ գործիչը, որի շուրջ կկոնսոլիդացվեր համակարգը: Սա կարող էր բացահայտել համակարգի քաղաքական, կազմակերպչական սնանկությունը` նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանում բացակայում է ուժեղ ընդդիմությունն` իր առաջնորդով: Հայաստանի համակարգը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ճաքեր տվեց անգամ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ իշխանության հակառակորդը Րաֆֆի Հովհաննիսյանն էր` իր քաղաքական անմեղսունակությամբ: Սրան գումարենք այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունները վերջնականապես փակեցին իշխանության վերադառնալու Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի ճանապարհները, չեզոքացրեցին Գագիկ Ծառուկյանի ու Հովիկ Աբրահամյանի ամբիցիաները: Եթե կառավարման համակարգը փոխված չլիներ, այս բոլոր գործոնները տեսականորեն կարող էին գոյություն ունենալ, իսկ այդ «բեռով» համակարգը կարող էր «չմարսել» հերթական նախագահական ընտրությունները:
Սերժ Սարգսյանը պրագմատիկ գործիչ է և թերևս համակարգը ցնցումից հեռու պահելու հրամայականը նրան ստիպեց նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները: Սա թերևս ավելի գլոբալ խնդիր է, քան` սեփական իշխանության երկարաձգման հարցը: Իհարկե, խնդիրը չի կարելի այնքան պրիմիտիվացնել` կարծելու համար, որ կառավարման մոդելի փոփոխությունը համակարգը փրկելու դեղատոմսն է: Առայժմ Սերժ Սարգսյանին հաջողվել է չեզոքացնել համակարգին սպառնացող արտաքին գործոնները, նրան ձերբազատել այն լարվածությունից, որը կարող էր առաջանալ նախագահական ուղղակի ընտրությունների հետևանքով սպասվող լարվածությունից: Սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի համար տակավին բաց են մնում նոր համակարգի բովանդակության, առաքելության հարցերը: Սա շատ սկզբունքային հարց է, որն էլ, ըստ էության, պատճառ է հանդիսանում, որպեսզի Սերժ Սարգսյանը հապաղի 2018-ի իր որոշումը հրապարակայնացնելու հարցում: Գլոբալ և արագ փոփոխվող աշխարհը, Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրն ավելի են խորացնում հայաստանյան համակարգի ճգնաժամը` ավելի ընդգծելով նրա ադեկվատության բացակայությունը, անորակությունը: Սերժ Սարգսյանը հստակ գիտակցում է, որ իշխանության նոր ժամկետում չի կարող բավարարվել համակարգային ֆիլտրումներով և, ըստ էության, հարկադրված է լինելու զոհաբերել գործող համակարգը` երկրի զարգացման հեռանկարը չվտանգելու համար: Մյուս կողմից` Սարգսյանն` իր արժեհամակարգով, մենթալիտետով, կարծես թե` պատրաստ չէ նոր` ավելի բաց համակարգի ստեղծմանը, որի պարագայում պալատական խարդավանքներն իրենց տեղը զիջելու են հրապարակային քաղաքականությանը:
2018-ի համատեքստի առանցքում ոչ թե Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան երկընտրանքի ինտրիգն է, այլ համակարգային տրանսֆորմացիայի բովանդակային բաղադրիչի բացակայությունը:
Այսօր հայտնի դարձավ, որ Աշոտ Մանուկյանը հրաժարական է տալու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից, որի մասին կհայտարարվի ամանորյա տոներից հետո:
Հրաժարականի բուն պատճառներն այս պահին հայտնի չեն, սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Աշոտ Մանուկյանը վերադառնալու է մասնավոր սեկտոր՝ նա մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն:
Politik.am-ի տեղեկությունների համաձայն Աշոտ Մանուկյանի փոխարեն նախարար կնշանակվի վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: Մեր տեղեկությունների համաձայն այս մասով Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ արդեն համաձայնություն ձեռք բերել է:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը տեղափոխվել է պատժախուց, որտեղ հացադուլ է հայտարարել: Հացադուլն անօրինականության դեմ է, որը կատարվոում է իր նկատմամբ։
Փաստորեն նման հետապնդումն իրականացվում է տոնական օրերին, որ ոչ մի գործողություն վերջիններիս պաշտպանները չկարողանան կատարեն։
«Փաստորեն իմ պաշտպանյալը Նոր տարին պետք է անցկացնի ցուրտ և անմարդկային պայմաններով պատժախցում, որտեղ տարրական պայմանները բացակայում են։ Սա կրկնակի պատիժ է Արայիկ Խանդոյանի նկատմամբ և հետապնդում։ Այս մասին ահազանգել եմ Մարդու իրավունքների պաշտպանին»,-հայտնել է Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը։
ՄԻՊ գրասենյակից պաշտպանին փոխանցել են, որ Խանդոյանին պատժախուց տեղափոխելու պատճառն եղել է այն, որ իբր նրա մոտ հեռախոս և ալկոհոլ է հայտնաբերվել:
Այս պահին ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այցելում են Նուբարաշեն՝ Խանդոյանին տեսակցելու:
Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախապայմանների շղարշի տակ փորձում կոծկել իր անկարողությունը: «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Սա է իրականությունը: Եթե այս վերջին ութ տարիների ընթացքում, բոլորը, միջազգային հանրությունն ասում էր, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, ապա այսօր կարելի է ասել, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը:
Նալբանդյանն այն կարծիքին է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանը, իհարկե, հաջողություն արձանագրել է. եթե ոչ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իմաստով (չնայած այն, ինչ արվել է, մի օր դրա հիման վրա հնարավոր կլինի շարունակել), բայց միգուցե, եթե թուրքական կողմը կարողանա գնալ իսկապես առանց նախապայմանների և տրամադրված լինի հավասարը հավասարի հետ բանակցություններ վարել, ինչպես որ եղան այս բանակցությունները, որովհետև առաջին անգամ պատմության մեջ, Թուրքիան Հայաստանին չէր պարտադրում ինչ-որ բան, այլ Հայաստանն էր առաջարկել՝ ինչի հիման վրա բանակցել: «Թուրքական կողմն այս բանակցությունները վարում էր հենց մեր առաջարկությունների հիման վրա և վերջում եկավ, ստորագրեց այդ արձանագրությունները բազմաթիվ երկրների արտաքին գործերի նախարարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Եվրամիության, Եվրախորհրդի ներկայացուցիչների, հարյուրավոր լրատվամիջոցների ներկայությամբ, բայց հաջորդ օրը սկսեց հետքայլ անել: Այսինքն` Հայաստանը մնաց իր բարձունքի վրա և սա նաև ավելացրեց մեր նկատմամբ վստահությունը, մեր հեղինակությունը միջազգային հանրության աչքերում: Իսկ ի՞նչ ստացավ Թուրքիան: Եթե Թուրքիան չի կարողանում հարգել ձեռք բերված պայմանավորվածությունը, հենց իր կողմից ստորագրված համաձայնագրերը, ապա ինչպիսի՞ վստահություն կարող է լինել այդ երկրի նկատմամբ, ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների իմաստով:
Ստացվում է, որ Թուրքիան չի կարողանում լսել և ըմբռնել, թե ինչ է ասում միջազգային հանրությունը: Եվ շատ անգամ հայտնվում է մենախոսության իրավիճակում, և այդ մենախոսությունը գցում է նյարդային վիճակի մեջ, որ այսպիսի հայտարարություններ են անում»,- եզրափակել է Էդվարդ Նալբանդյանը:
«Ռուսաստանը չի կարող իր գլոբալ աշխարհաքաղաքական շահերը զոհաբերել հանուն այնպիսի լոկալ կազմավորման, ինչպիսին է Հայաստանը»։
Այդ մասին Armenia.Az-ին հայտարարել է՝ Միջազգային Եվրասիական շարժման առաջնորդ, Ռուսաստանի հասարական-քաղաքական գործիչ և փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը։
Նրա խոսքով, Ադրբեջանի ղեկավարությունը ծայրահեղ ուշադրությամբ ու խորությամբ ըմբռնում է աշխարհում ուժերի գլոբալ դասավորման բոլոր փոփոխությունները։
Խոսելով հաջորդ տարվա կանխագուշակումների մասին, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության համատեքստում, Ա. Դուգինը հատուկ նշել է, որ 2018 թ. պետք է վճռական դառնա բազմաբևեռային աշխարհի և տվյալ հակամարտության կարգավորման պլանով։
«Կարծում եմ, Ադրբեջանը պատրաստ է դրան՝ պատրաստ է տարածաշրջանում իր կարգավիճակի բարձրացմանը։ Այստեղ առաջին հերթին, հարկավոր է լուծել ղարաբաղյան հարցը, որը ինչ որ չափով կասեցնում է Ադրբեջանի ներուժը։
Դա կլինի նոր թռիչք ռուս-ադրբեջանական հարաբերութուններում»,- հավելել է նա։
Նրա խոսքով, ցանկացած հակամարտության լուծման մեջ դրված են երկու փուլ՝ թեորետիկ լուծման որոնում և հետագա իմպլեմենտացիա, այսինքն այդ լուծման պրակտիկ մարմնավորումը։
«Իրականում թեորիայում բեկումը իրագործվել է արդեն ավելի քան մեկ տարի առաջ՝ Ադրբեջանին հինգ շրջանների (Լեռնային Ղարաբաղի շուրջ – խմբ.) հանձնման մասին որոշումը մշակվել է 2016 թվականին։ Այդ լուծման տեսաբանական հոլովումը ձեռնատու է հակամարտության բոլոր կողմերին, դրան հակառակ չեն նաև մյուս տարածաշրջանային գերպետությունները և նույնիսկ Արևմուտքը։ Արգելափակվում է այդ պայմանավորվածության կյանքի կոչելը, հիմնականում հայկական կողմից … Սերժ Սարգսյանը բավականին համոզիչ, ամեն անգամ երկարաձգում է այդ իմպլեմենտացիան»,- ընդգծել է շարժման առաջնորդը։
«Ռուսաստանը չի կարող թողնել Հայաստանը. նա մեր դաշնակիցն է և դրանում կասկած չկա։ Սակայն բանը նրանում է, որ մենք չենք կարող հանուն Հայաստանի պես ինչ որ լոկալ կազմավորման՝ զոհաբերել մեր գլոբալ աշխարհաքաղաքական շահերը։ Մենք պարտավորվում ենք պահպանել նրա ինքնիշխանությունը, աջակցել անկախութանը, պահպանել հայկական նույնականությունը՝ այս ամենը մեր շահերի օգտին են։ Սակայն մյուս կողմից, Հայաստանը չպետք է լինի փորձաքար Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։ Այստեղ պետք է բոլորը հասկանան, որ աշխարհաքաղաքականության մեջ կա ավելի մեծ բան, քան տարածքային վեճերը»,- ասել է շարժման առաջնորդը։
Հիշեցնելով, որ հաջորդ տարի Ադրբեջանում և Հայաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ՝ Ա. Դուգինը նշել է, որ «այդ հինգ շրջանների վերադարձման պատմական գինը շատ ավելի բարձր է, քան ինչ որ նախընտրական մարտերը»։
Նրա խոսքով, հակամարտության ձգձգման դեպքում իրավիճակը կարող է անդանալի շիկանալ ու լարվել։
«Հետևաբար համարում եմ, որ անհրաժեշտ է 2018 թ. Ադրբեջանին հանձնել հինգ շրջանները։ Այլապես, կարելի է մոռանալ ծախսված ջանքերի և բանակցային գործընթացում բոլոր ձեռքբերումների մասին։ Դա կլինի Ռուսաստանի համար շատ ցավալի ու տհաճ, որովհետև կարող է ազդել Ադրբեջանի հետ գծագրվող մերձեցման, Կովկասում, Կասպիի տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում համատեղ քաղաքականության վրա։ Հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին մեր ճիգերը կողքից ծիծաղելի կերևան և հետևաբար մենք պետք է առավելագույն ջանքեր ներդնենք, որպեսզի պայմանավորվածությունները իրականան»,- նշել է ռուս փիլիսոփան։
Հայաստանում համապատասխան պատժամիջոցներ են սահմանվում՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբ թափելու համար։
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, բարելավել հանրապետության աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների որակը: ՀՀ բնակավայրերում աղբահանության վճարների վերլուծությունների արդյունքներով առաջարկվում է սահմանել նաեւ աղբահանության դրույքաչափի նվազագույն շեմը, ինչպես նաեւ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում եւ (կամ) շինություններում:
Առաջարկվում է նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբ թափելու համար: Առաջարկվում է նաեւ պատժամիջոցներ սահմանել համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու, տրանսպորտային փոխադրամիջոցից աղբ նետելու եւ այլ դեպքերի համար:
Մասնավորապես, ժամանակին աղբը չտանելու համար մունիցիպալ օրգանները տուգանվելու են 100-200 հազար դրամով, կրկնակի խախտման դեպքում՝ 200-300 հազա դրամով։
Աղբ թափելու համար, եթե այն չի գերազանցում 1 խմ-ն, ֆիզիակակն անձինք տուգանվելու են 20-30 հազար դրամ, իրավաբանական անձինք՝ 80-100 հազար դրամ։ 1 խմ-ն գերազանցելու դեպքում՝ ֆիզիկական անձինք կտուգանվեն 50-80 հազար դրամ, իրավաբանական անձինք՝ 150-200 հազար դրամ։
Տուգանք է լինելու նաեւ մեքենայից աղբ թափելու համար՝ 25 հազար դրամ, տնային կենդանիների թափոնները չմաքրելու համար՝ 10 հազար դրամ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.