29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ուղիղ չորս տարի է անցել այն օրից, երբ համաժողովրդական շարժումը հստակորեն դրեց ավազակապետության լուծը թոթափելու խնդիրը՝ ենթարկվելով դաժան հալածանքների ու բռնությունների, ընդհուպ մինչեւ խաղաղ ցուցարարների գնդակոծում եւ հարյուրավոր մարդկանց բանտարկություն։ Թեեւ նշված խնդիրը մինչ օրս էլ դեռեւս լուծված չէ, բայց միեւնույն է, այդ քառամյա պայքարը պետք է համարել հայ ժողովրդի քաղաքական ու քաղաքացիական հասունության, կամ ավելին, ազգային արժանապատվության ամենանշանակալի դրսեւորումը, որը վերջիվերջո չի կարող չտալ իր պտուղները։ Մեկանգամյա պոռթկումների ու ընդվզումների ընդունակ են բոլոր ժողովուրդները, բայց, որպես կանոն, հաջողության են հասնում միայն նրանք, ովքեր տեւական համառություն, տոկունություն ու վճռականություն են ցուցաբերում։ Քառամյա հետեւողական պայքարով, զրկանքների դիմանալու ունակությամբ, դուք ապացուցեցիք, որ ձեր համառությունը, տոկունությունն ու վճռականությունը սահման չունեն։ Ուստի բոլորովին մի՛ կասկածեք, որ հակառակ ավազակապետության կատաղի դիմադրությանը, հակառակ միջազգային հանրության կողմից նրան ցուցաբերված անվերապահ աջակցությանը, հակառակ հասարակության մի մասի կրավորականությանն ու հարմարվողականությանը, եւ հակառակ ձեր առջեւ ծառացած բոլոր մնացյալ դժվարություններին, դուք վաղ թե ուշ հաղթելու եք։ Ավելին, դուք արդեն իսկ հաղթած եք, քանի որ չեք հաշտվել ձեր դեմ կատարված սոսկալի անիրավության հետ եւ մտադիր չեք համակերպվել բռնատիրության, տգիտության ու գավառամտության առջեւ գլուխ խոնարհելու եւ ճակատագրի անելանելիությանը ենթարկվելու մտքին։
Այս հավատամքը բխում է հետեւյալ սկզբունքային ելակետերի հստակ ըմբռնումից.
1. Հայաստանի ներկա վարչախումբը իշխանությունը յուրացրել է ոչ թե արդար ընտրությունների, այլ լայնածավալ կեղծիքների, բռնությունների եւ սեփական ժողովրդի դեմ կազմակերպված սառնասիրտ սպանդի միջոցով։
2. Վարչախումբը ոչ միայն ընդունակ, այլեւ մտադիր էլ չէ փոխել իր հանցավոր էությունը եւ իրական բարեփոխումների միջոցով հաղթահարել երկրում առկա քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ինչպես նաեւ թեկուզ մասնակիորեն շտկել օրինականության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառներում տիրող անհանդուրժելի վիճակը։
3. Վարչախմբի հետագա գոյությունը խոչընդոտում է պետության բնականոն զարգացումը, ոչնչացնում ժողովրդի ստեղծագործ ոգին եւ, առանց չափազանցության, սպառնում երկրի ազգային անվտանգությանը։
Սրանք այլեւս այնպիսի ճշմարտություններ են, որ լրացուցիչ հիմնավորման կարիք չունեն, որովհետեւ բոլոր հիմնավորումները չորս տարվա ընթացքում բազմիցս ներկայացվել են, իսկ պակասն էլ լրացրել է Wikileaks-ը։ Դժվար է պատկերացնել, որ որեւէ բանական էակ թեկուզ չնչին կասկած ունենա այս ճշմարտությունների նկատմամբ կամ ինչ-որ հույսեր կապի Հայաստանի ներկա իշխանությունների հետ։
Իր վերջին մի քանի ելույթներում Սերժ Սարգսյանը սովորություն է դարձրել անընդհատ կրկնելու, որ Հայաստանը իրավական, ժողովրդավարական եւ բարգավաճ երկիր է դառնալու քսան տարի հետո։ Եթե մի կողմ դնենք նման գուշակումների բացահայտ անլրջությունը, որի դասական նախադեպը քսան տարվա ընթացքում կոմունիզմի կառուցման խրուշչեւյան առասպելն էր, ապա Սարգսյանի ասածի բուն իմաստը հետեւյալն է. քսան տարի էլ դուք օր ու արեւ չեք տեսնելու, քսան տարի էլ ցամաք հացի կարոտ եք մնալու, քսան տարի էլ ձեր միակ նեցուկը լինելու է գաղթականի ցուպը, քսան տարի էլ արդար ընտրություններ տեղի չեն ունենալու, քսան տարի էլ երկիրն անպատիժ թալանելու, խժռելու ու հղփանալու ենք, իսկ քսան տարի հետո կամ էշը կսատկի, կամ իշատերը։ Ավելի ցինիկ կեցվածք կամ ժողովրդի սպասումների նկատմամբ ավելի ծաղրական վերաբերմունք անհնար է պատկերացնել, մանավանդ եթե նկատի ունենանք, որ իր, այսպես կոչված, «նախագահության» երեքուկես տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն այդպես էլ չի կատարել որեւէ դրական քայլ, որը հիմք տար հավատալու երկրի ապագայի նրա գծած հեռանկարին։
Մի քանի առիթներով ես նշել եմ, ավելին՝ Եղիազար Այնթապցի կաթողիկոսի օրինակով նաեւ լուսաբանել, որ նույնիսկ կեղծված ընտրություններից ու մարտիմեկյան ողբերգությունից հետո Սերժ Սարգսյանը պատեհություն ուներ ինչ-ինչ դրական քայլերի միջոցով շահելու ժողովրդի սիրտը եւ դրա շնորհիվ որոշ օրինակարգություն ձեռքբերելու։ Այդ նպատակին հասնելու համար նա պետք է հստակորեն սահմանազատվեր Ռոբերտ Քոչարյանի արատավոր ժառանգությունից, վճռական պայքար մղեր քրեաօլիգարխիկ համակարգի դեմ, լրջագույն միջոցներ ձեռնարկեր կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ, անմիջապես ազատ արձակեր բոլոր քաղբանտարկյալներին, բացահայտեր մարտի 1-ի տասը սպանությունները, վերացներ տեղեկատվության էլեկտրոնային միջոցների նկատմամբ հաստատված պետական վերահսկողությունը եւ այլն։ Ի դեպ, ինչպես պարզվում է Wikileaks-ի մի հրապարակումից, մեզանից անկախ, Արեւմուտքի համար եւս հայաստանյան իրադարձությունների նման զարգացումն է եղել ամենացանկալի ու խրախուսելի սցենարը (Wikileaks. 08YEREVAN204. տե՛ս նաեւ «ՀԺ». 6.09.2011)։
Եթե արվեին բանականության եւ հանրային շահերի շրջանակում տեղավորվող այս քայլերը, ապա մենք վաղուց կապրեինք բոլորովին այլ երկրում, ներքաղաքական լարվածությունն այսքան սուր չէր լինի, շատ ավելի բարվոք կլիներ սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթն այսպիսի ահռելի չափերի չէր հասնի, անհամեմատ ավելի ամուր կլինեին Հայաստանի դիրքերը հայ–թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացներում եւ, որ ամենակարեւորն է, կվերականգնվեր ապագայի հանդեպ ժողովրդի անդառնալիորեն սասանված վստահությունը։ Պարզվեց, սակայն, որ թե՛ մենք, թե՛ Արեւմուտքը ավելի լավ կարծիք ունեինք Սերժ Սարգսյանի մասին, քան նա արժանի էր, որովհետեւ հակառակ երկրի ու ժողովրդի շահերի, վերջինս ոչ միայն չգնաց այդ ճանապարհով, այլ ընտրեց վատագույն սցենարը, փորձելով մի կողմից՝ լայնածավալ քաղաքական հալածանքների, բռնությունների, բանտարկությունների, քարոզչական, ոստիկանական եւ հարկային տեռորի միջոցով ավարտին հասցնել ընդդիմության ջախջախման եւ ժողովրդին հլուհնազանդ հոտի վերածելու գործը, իսկ մյուս կողմից՝ որեւէ լուրջ քայլ չձեռնարկելով կոռուպցիայի դեմ իրական պայքարի, օրինականության վերականգնման եւ ժողովրդավարության հաստատման բնագավառներում, ըստ այդմ, ավելի եւս ամրապնդելով ու անհամեմատ ավելի սանձարձակ դարձնելով իր գլխավորած ավազակապետական համակարգը։ Ըստ երեւույթին, ե՛ւ մենք, ե՛ւ Արեւմուտքը, հաշվի չէինք առել խելագարության կանխավարկածը կամ չէինք պատկերացրել ավազակապետական վարչախմբի փչացածության ու հանցավորության աստիճանը։
Արդյունքում ունենք այն, ինչ ունենք. մի կողմից՝ բռնապետական, հղփացած, հանցագործ, իր հոռի բարքերից հրաժարվելու եւ հանրությանն ընդառաջ գնալու մտադրություն չունեցող իշխանություն, իսկ մյուս կողմից՝ այդ իշխանությունը չհանդուրժող եւ նրա մոտալուտ վախճանն ակնկալող ժողովուրդ։ Եթե միջազգային հանրությունը դեռեւս ինչ-որ հույսեր է փայփայում Սերժ Սարգսյանին դարձի բերելու եւ նրան ուղիղ ճանապարհի վրա դնելու առնչությամբ, եւ այդ նկատառումով այսուհետեւ եւս, ինչպես անցյալում, սատար է կանգնելու նրան, դա իր գործն է։ Համենայն դեպս, հակառակ արաբական երկրների իրադարձությունների հետեւանքով ժողովրդավարական աշխարհի դարձվածաբանության էական փոփոխությանը, մենք մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք, որ նաեւ փոխվելու է նրա կողմից Հայաստանի նկատմամբ մինչ այժմ դրսեւորված վերաբերմունքը։ Այսպիսի թերահավատության հիմք է տալիս այն հանգամանքը, որ գերտերությունների եւ միջազգային կառույցների վարքագծում հսկայական դեր է խաղում իներցիայի գործոնը, ինչի պատճառով նրանք շատ դանդաղ են փոխում իրենց նախկինում որդեգրած դիրքորոշումները։ Դրանով է բացատրվում, օրինակ, այն, որ Խորհրդային Միության քայքայումից քսան տարի անց էլ երբեմնի հակամարտ ճամբարներում շատերը դեռեւս չեն կարողանում ձերբազատվել սառը պատերազմի հոգեբանությունից։ Միջազգային հանրության դիրքորոշումը կարող է փոխվել միայն մեկ պարագայում՝ այն է, եթե նա տեսնի, որ Հայաստանի ժողովուրդը չի հաշտվում իր երկրում տիրող խայտառակ վիճակը հանդուրժելու մտքի հետ, եւ միակամ ու վճռական է այդ վիճակը շուտափույթ կերպով փոխելու հարցում։
* * *
Իշխանությանը բանականության դաշտ տեղափոխելու վերջին փորձը մենք կատարեցինք՝ նրա հետ քաղաքակիրթ երկխոսության մեջ մտնելու մեր նախաձեռնությամբ, հուսալով, որ դա է այն ճանապարհը, որը հնարավորություն է պարունակում հաղթահարելու ներկայիս քաղաքական ճգնաժամը եւ փոխզիջումների միջոցով սահուն անցում կատարելու դեպի սահմանադրական կարգի վերականգնումը։ Երկխոսության ընթացքում, սակայն, հասկանալի դարձավ, որ իշխանությունը պատրաստ չէ որեւէ լուրջ փոխզիջման, եւ ընդդիմության հետ բանակցությունները նրան պետք են միայն ԵԽԽՎ-ի հերթական գովասանագրին արժանանալու համար։ Ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ ՀՀ գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը եւ անձամբ Սերժ Սարգսյանին ներկայացնող անսահման լիազորություններով օժտված մի պատվիրակությունից, որը զլացավ անգամ իր ազդեցությունը գործադրել Կոնգրեսի հանրահավաքները հեռուստատեսությամբ ազդարարելու, հանրահավաքների օրերին տրանսպորտի բնականոն աշխատանքն ապահովելու կամ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը օրենքով սահմանված երաշխավորությամբ փոխելու չնչին հարցերում, ինչը պատճառ դարձավ առկախելու երկխոսությունը։
Ինչպես նշել եմ իմ նախորդ երկու ելույթներում, մեզ համար իսկզբանե իսկ ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ, այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին, որովհետեւ այդ արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից, քանի որ, ինչպես փորձը ցույց է տվել, իշխանությունները հասկանում են միայն ճնշումների լեզուն։ Հետեւաբար, այսօրվանից եւեթ, մենք հարկադրված ենք ավելացնելու մեր ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպել իշխանություններին կատարելու մեր օրինական պահանջները։ Այլ միջոցառումների զինանոցը բավականին մեծ է՝ երթեր, հացադուլներ, տարբեր բնակավայրերում կազմակերպված միաժամանակյա հավաքներ, պիկետներ, գործադուլներ, նստացույցեր եւ շուրջօրյա հանրահավաքներ։ Ընտրությունը ձերն է, դուք եք որոշելու, թե ո՛ր ճանապարհով պետք է ընթանանք։ Ուստի խնդրում եմ՝ վանկարկումով արտահայտել ձեր վերաբերմունքը։
Շատ լավ, ձեր արձագանքն, ակնհայտորեն, միանշանակ է. մեծամասնությունը կողմ է շուրջօրյա հանրահավաքներին։
(Այժմ ինձ թույլ տվեք մի քանի րոպե խորհրդակցել Կոնգրեսի ղեկավարության հետ՝ որոշում կայացնելու համար։ Այդ նպատակով հայտարարվում է հինգ րոպեանոց ընդմիջում։ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի եւ Քաղխորհրդի բոլոր անդամներին խնդրում եմ բարձրանալ հարթակ)։
Եւ այսպես, խորհրդակցության արդյունքում Հայ Ազգային Կոնգրեսն ընդառաջում է ինքնաբուխ միջոցառում անցկացնելու ձեր ցանկությանը եւ այս պահից ազդարարում շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը։ Դրա հետ մեկտեղ, մենք ձեզ հետ պետք է պայմանավորվենք այս միջոցառման ժամկետի, առաջ քաշած պահանջների եւ որոշ կազմակերպական հարցերի շուրջ։ Կոնգրեսի անունից ես առաջարկում եմ շուրջօրյա հանրահավաքների տեւողությունը սահմանել մեկ շաբաթ, եւ իշխանությունների առջեւ դնել այն նույն պահանջները, որոնք ձեզ ներկայացվել են նախորդ հանրահավաքում։ Դրանք են.
1. Մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։
2. Ընտրություններից առաջ ՀՀ ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի առաջարկները։
3. Առաջիկա երեք ամիսների ընթացքում բացահայտել 2008թ. մարտի 1-ի տասը սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ։
4. Ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին եւ կարճել Կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը։
5. Վերացնել Երեւան քաղաքում փողոցային առեւտրի վրա դրված անօրինական արգելքը։
6. Չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը։
7. Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը։
8. Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան։
Նկատի ունենալով, որ առավել դժվարինը առաջին երկու պահանջների կատարումն է, նախորդ հանրահավաքում ես հարկ էի համարել հայտարարել եւ այսօր էլ կրկնում եմ, որ մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման։ Ավելին, փոխըմբռնումը հեշտացնելու նպատակով մենք պատրաստ ենք նաեւ, թեկուզ վաղվանից, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, վերսկսել երկխոսությունը իշխանությունների հետ։ Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի հետ ուղղակի կապ պահպանելու համար լիազորում ենք Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Մանուշակ Պետրոսյանին։ Շոշափելի արդյունքների չհասնելու պարագայում, մեկ շաբաթ անց մենք ձեզ հետ միասին կորոշենք՝ շարունակել, թե՞ դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները։
Իսկ այժմ անդրադառնալով կազմակերպական հարցերին, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեր վարքի հետեւյալ կանոնները.
– Շուրջօրյա հանրահավաքների բոլոր մասնակիցներից պահանջվում է երկաթյա կարգապահություն, բացառելով ինքնագործունեության որեւէ դրսեւորում.
– Ազատության հրապարակում կարգուկանոնի պահպանման պատասխանատվությունը դրվում է հասարակական կարգադրիչների վրա.
– Չի թույլատրվում ալկոհոլային խմիչքներ օգտագործած մարդկանց մուտքը հրապարակ.
– Բնակչության հանգիստը չխանգարելու համար երեկոյան ժամը 10-ից հետո հրապարակում դադարեցվում են աղմուկն ու երաժշտությունը.
– Խստիվ արգելվում է որեւէ շփում կամ վիճաբանություն ոստիկանության աշխատակիցների հետ.
– Ոստիկանության ներկայացուցիչների հետ տարբեր հարցերի շուրջ բանակցելու համար լիազորված են Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Դավիթ Մաթեւոսյանը եւ Ավետիս Ավագյանը.
– Այս կանոնները խախտող անձինք կհամարվեն սադրիչներ եւ կարգադրիչների կողմից դուրս կհրավիրվեն հրապարակից։
Հարկ եմ համարում նաեւ հատուկ շեշտել, որ, նկատի ունենալով ժողովրդի պահանջով անցկացվող այս միջոցառման խաղաղ բնույթը, իրավապահ մարմինները, «Հավաքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, իրավունք չունեն միջամտելու նրա ընթացքին։
Մեր հաջողության գրավականը խստագույն կարգապահությունն է եւ օրինականության սահմաններում գործելու ունակությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ քառամյա պայքարի ընթացքում մենք ոչ մի օրենք չենք խախտել, երբեք նպատակ չենք հետապնդել ու այսօր էլ մտադիր չենք երկիրը ցնցումների ու քաոսի մատնելու, իսկ, ինչպես մեկ անգամ արդեն հայտարարել եմ, Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգի պարագայում պատրաստ ենք դադարեցնել մեր քաղաքական գործողությունները եւ միահամուռ կերպով լծվել հայրենիքի պաշտպանության գործին։ Ես բոլորիդ յոթօրյա անմոռանալի տոնախմբություն եւ զվարթ տրամադրություն եմ մաղթում, որովհետեւ դառնությամբ, մաղձով ու բարկությամբ ոչ մի լավ գործ գլուխ չի կարող գալ։
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքում հերթական տոպրակները ցուցադրեց` 8 կգ քաշով: Դրանցում, ըստ նրա, իշխանական կոալիցիայի երեք կուսակցությունների` Հայաստանի հանրապետական, «Օրինաց երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամատոմսեր էին, որոնք հիշյալ քաղաքական ուժերի ներկայացուցիչները տրամադրել էին ՀԱԿ-ին` պնդելով, որ իրենց ուժով են պարտադրել անդամակցել այդ կուսակցություններին: Արամ Մանուկյանը նշեց, որ գերակշռողը ՀՀԿ անդամատոմսերն են ու դրանք փետրվարին իրենց տրամադրված տոմսերը չեն, քանի որ դրանք ԱԱԾ-ն առգրավել է: Այսօր ցուցադրվածները բոլորովին նոր են: Դրանք Անդրանիկ Մարգարյանի և Սերժ Սարգսյանի ստորագրությամբ են:
«Սա ձեր ցանածի արդյունքն է, չանեիք էսպիսի կեղտոտություն, ձեր հանդեպ էսպիսի կեղտոտություն չէին անի: Սա ժողովուրդն է, որին ահաբեկել են` ընդգրկելով իրենց շարքերը»,- ասաց Արամ Մանուկյանը` նշելով, որ անգամ կրթությունն է կուսակցականացված, որը հանցագործություն է: Նա հիշատակեց մի թիվ` Շիրակի մարզում դպրոցների 320 տնօրեններից 310-ը ՀՀԿ-ական են:
ՀՀՇ վարչության նախագահը կոչ արեց ՀՀ ազնիվ քաղաքացիներին` բերել, հանձնել անդամատոմսերը, մաքրել իրենց խիղճը. գաղտնիությունն ապահովվում է:
«Հայաստանի ժողովուրդ, դու ամենաուժեղն ես, գիտակցիր քո ուժը»,- ընդդիմության այսօրվա հանրահավաքին հայտարարեց Կոնգերսի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ «Սկսել ա» գոչյունով բացված հայտարարելով Կոնգրեսի այսօրվա հանրահավաքը:
«Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, երկու օր առաջ ես պատիվ ունեի հյուրընկալել եվրոպացի մի լրագրողի և նրա հետ հետաքրքիր զրույց ունենալ»,- պատմեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ ավստրիացի լրագրողն իրեն ասել է, որ եվրոպական դիվանագիտական կորպուսի մի ներկայացուցիչ իրեն ասել է, որ Հայաստանում ժողովրդավարության ապագան մշուշոտ է, որովհետև Հայաստանում հաստատված մաֆիան շատ ուժեղ է: Լրագրողին Փաշինյանն ասել է, որ ինքը ավելի ուժեղ է, քան այդ մաֆիան, ինքն ավելին է, քան սուպերմենը, ինքը ՀՀ հպարտ քաղաքացի է։
«Ես ուզում եմ հավաստիանալ, որ դուք՝ բոլորդ, ձեզանից յուրաքանչյուրն այստեղ է՝ աշխարհին, ինքն իրեն ասելու, որ ինքը, հենց ինքը, ՀՀ քաղաքացին, այդ քաղաքացիների ամբողջությունը ուժեղ է ցանկացած մաֆիայից և ավազակապետությունից»,- հայտարարեց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ՀՀ քաղաքացին դուրս է եկել Ազատության հրապարակ՝ սահմանադրությամբ հաստատված իր իշխանությունը հաստատելու համար:
Ազատության հրապարակում քիչ անց կմեկնարկի Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Այս պահին հրապարակի հարթակում են Կոնգրեսի մի շարք գործիչներ, այդ թվում՝ Սմբատ Այվազյանը, Դավիթ Շահնազարյանը, Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ չի ժամանել: Մարդկանց հոսքը դեպի հրապարակ շարունակվում է: Հանրահավաքի մասնակիցների ձեռքին Կոնգրեսի տարբեր տարածքային կառույցները ներկայացնող ցուցանակներ են, հայոց եռագույնն ու արտահերթ ընտրություններ պահանջող ցուցապաստառներ:
Ֆրանսիայի հրապարակում ոստիկանական տասնյակ մեքենաներ են կայանած: Մեծ թվով ոստիկաններ կան նաև Օպերայի տարածքում:
Առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում անսովոր վրաերթ է տեղի ունեցել. քաղաքացին մնացել է երկու «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենաների արանքում:Վրաերթը տեղի է ունեցել Գյումրիի Մնջոյան փողոցում, տուժել է Գյումրի քաղաքի բնակիչ Միշա Մելքոնյանը:
Մոտ 55-60 տարեկան տղամարդուն անգիտակից վիճակում տեղափոխել են Գալուստ Գլույլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Քաղաքացին ենթարկվել է վիրահատության, սակայն հիմա էլ բժիկները նրա վիճակը գնահատում են ծանր: Նա գանգուղեղային փակ վնասվածք է ստացել:
Դեպքի վայրում աշխատել են ճանապարհային ոստիկանները և քննչական մարմնի ներկայացուցիչները. Կատարվել են չափագրական աշխատանքներ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ «ԳԱԶԵԼ» մակնիշի մեքենան հետընթացի ժամանակ է հարվածել քաղաքացուն, նույն այդ պահին դիմացից սլացել է մեկ այլ «ԳԱԶԵԼ»:
Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:
Աշխատանքային այցով Վարշավայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Ստորև ներկայացվում է գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթը։
«Հարգելի՛ գործընկերներ,
Արևելյան գործընկերության ծնունդն իսկապես ժամանակի պահանջն էր: Այն նոր շունչ հաղորդեց և նոր հեռանկարներ բացեց Եվրամիության և Արևելյան գործընկերների հարաբերությունների համար: Այժմ, նախաձեռնության մեկնարկից ավելի քան երկու տարի անց, հարկ է ամփոփել առաջընթացը և ուղենշել հետագա անելիքները: Գագաթնաժողովի մակարդակով այս հարցերին անդրադառնալն ինքնին արտացոլում է Արևելյան գործընկերության նկատմամբ վերաբերմունքը և վերահաստատում է այն առաջ մղելու քաղաքական հանձնառությունը:
Մեր արագ փոփոխվող աշխարհում ի հայտ եկող մարտահրավերները տարբեր դրսևորումներով առնչվում են ինչպես ԵՄ-ին, այնպես էլ Արևելյան գործընկեր երկրներին, քանի որ մեր համագործակցության արդյունքում փոխկապակցվածությունը ավելի ու ավելի շոշափելի է դառնում: Մենք մեծապես կարևորում ենք Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման արդյունքում մշակված «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումներին» սկզբունքը: Կարևոր են տարբերակված մոտեցման և ընդգրկվածության սկզբունքները. յուրաքանչյուր երկիր կարիք ունի իր արժանիքներին ու առաջընթացին համահունչ գնահատականի:
Հայաստանում իրապես գոհունակությամբ են արձանագրում Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված առաջընթացը: Մենք նպատակաուղղված ենք պահպանել ու շարունակել առաջընթացի նման տեմպերը և այժմ քայլեր ենք ձեռնարկում ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար: Մենք այս գործընթացը դիտարկում ենք որպես Հայաստանում հիմնարար ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներն առաջ մղելու լրացուցիչ խթան:
Դեռևս երկու տարի առաջ մենք Եվրամիության երկրների փորձագետների խումբ հրավիրեցինք մեր երկիր՝ բարեփոխումների երկրորդ փուլին աջակցելու նպատակով: Այսօր արդեն մենք ծրագրում ենք Եվրոպական գործընկերների աջակցությամբ սկսել համաժամանակյա և լայնածավալ փոփոխություններ միաժամանակ մի քանի ուղղություններով: Մենք վճռական ենք հետևողականորեն շարունակելու ԵՄ չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումները տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Իր տարածքում հաստատելով տևական խաղաղություն և բարեկեցություն՝ Եվրամիությունը աշխարհին ներկայանում է որպես քաղաքական և տնտեսական ինտեգրացիայի յուրատեսակ օրինակ: Հավատացած եմ, որ կարող ենք այս փորձը տեղայնացնել նաև Հարավային Կովկասում:
Չլուծված հակամարտությունները պետք է ստանան իրենց արդարացի և կայուն լուծումը: Մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար խնդրի լուծման բանալին ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու նրա կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինումն ապահովելու մեջ է:
Լեռնային Ղարաբաղի բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը: Նրանք մեծ ջանքեր են ներդնում իրենց հաստատությունները զարգացնելու հենց այն արժեքներին համապատասխան, որոնք մենք հռչակում ենք ընդհանուր, և դա, անշուշտ, արժանի է ուշադրության ու աջակցության: Ավելին, ուշադրության այդ դաշտից Լեռնային Ղարաբաղի հանրության դուրս մնալը ոչ մի կերպ չի նպաստում հակամարտության արդարացի կարգավորմանը:
Այսօր, ցավոք, մեր տարածաշրջանը խարխափում է ատելության հետևողական սերմանման և պատերազմի հռետորության սարդոստայնում: Այս իրավիճակը որևէ լավ բան չի հուշում և կարիք ունի անհապաղ վերափոխման: Նաև այս պատճառով երեկ ես ձեռնպահ մնացի Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին պատասխանելուց, համարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խորը և համակողմանի քննարկման համար գոյություն ունեն հայտնի հարթակ և բոլորի կողմից ընդունված ձևաչափ՝ ԵԱՀԿ և նրա կողմից ստեղծված Մինսկի խումբ ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ: Իսկ ԵՄ-ն, ինչպես բազմաթիվ անգամ հայտարարվել է, հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ պայմանների ապահովման և վստահության միջոցների ամրապնդման դիրքերից, ինչը միայն ողջունելի է: Այս խնդիրը ԵՄ-ն կարող է մեծ հաջողությամբ իրականացնել: Հենց Արևելյան գործընկերության միջոցով, որի կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում տարածաշրջանային համագործակցությունը: Եթե կարողանանք խելամտորեն օգտվել այս հնարավորությունից, ապա կշահենք բոլորս՝ թե՛ գործընկեր, և թե՛ ԵՄ անդամ-երկրները:
Ցանկության և բավարար քաղաքական կամքի առկայության պարագայում ոչ մի խնդիր, այդ թվում նաև հակամարտությունները, չեն կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության համար: Եթե, իրոք, անկեղծ ենք ընդհանուր եվրոպական արժեքների նկատմամբ մեր հանձնառության մեջ, եթե ցանկանում ենք ունենալ ավելի անվտանգ և բարեկեցիկ տարածաշրջան, եթե, իրոք, Արևելյան գործընկերությունը դիտարկում ենք որպես հնարավորությունների նախաձեռնություն, ապա այդ պարագայում ես չեմ տեսնում որևէ արգելք տարածաշրջանային համագործակցության համար: ԵՄ դերակատարությունը նման համագործակցություն խթանելու գործում առանցքային է, և մենք պարզապես ակնկալում ենք հետևողականություն իր իսկ սկզբունքների և արժեքների նկատմամբ:
Մի քանի խոսք էներգետիկ ծրագրերի մասին:
Մենք ըմբռնումով ենք մոտենում ԵՄ երկրների համար էներգետիկ անվտանգության և մատակարարման աղբյուրների բազմազանության ապահովման անհրաժեշտությանը, բայց նմանապես իրավունք ունենք նման ըմբռնում ակնկալելու մեր երկրի անվտանգության, մեր տարածաշրջանի կայունության և հավասարաչափ զարգացման խնդիրների հանդեպ:
Կարծում եմ, որ, որպես Հարավային Կովկասում անվտանգության և խաղաղության ջատագովի, ԵՄ քաղաքականությունը պետք է նպաստի տարածաշրջանում համաչափ զարգացմանը, հետևաբար հավասարակշռության պահպանմանը: Մենք անշուշտ կողմ ենք, որպեսզի տարածաշրջանը ներգրավված լինի համաեվրոպական նշանակության նախագծերում, ինչն իր հերթին կամրապնդի Հարավային Կովկասի և ԵՄ միջև առկա հարաբերությունները: Սակայն նման նախագծերի իրականացումը չպետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան որևէ երկրի հայտնվել առավել նպաստավոր դիրքերում, մանավանդ, երբ այդ կապիտալը օգտագործվում է ի վնաս տարածաշրջանային անվտանգության: Կարծում եմ ԵՄ-ն քաջ գիտակցում է տարածաշրջանում առկա փխրուն իրավիճակը:
Չի կարելի թույլ տալ, որ Հարավային միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր:
Հարգելի՛ բարեկամներ,
Արևելյան գործընկերությունը ապացուցել է իր կենսունակությունը` նախադրյալներ ստեղծելով մեր հասարակությունների միջև ավելի սերտ համագործակցություն հաստատելու, բարեփոխումներին նոր թափ և որակ հաղորդելու միջոցով կառավարման համակարգը բարելավելու, ավելի բարեկեցիկ և ներդաշնակ, առանց բաժանարար գծերի եվրոպական տարածք ձևավորելու գործում: Համոզված եմ, որ ԵՄ-ի հետ համագործակցությամբ կկարողանանք Արևելյան գործընկերության շրջանակներում կյանքի կոչել բարեփոխումների բազում համարձակ ծրագրեր:
Շնորհակալություն եմ հայտնում ԵՄ լեհական նախագահությանն այս գագաթնաժողովը հյուրընկալելու և բարձր մակարդակով մտքերի փոխանակության հնարավորության համար»:
Այսօր` Ազգային անվտանգության խորհրդում, տեղի է ունեցել ՀՀ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱԱԾ, առողջապահության եւ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ:
ԱԱԽ աշխատակազմում համատեղ ջանքերով մշակվել է թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ազգային ծրագիրը, որը հավանության է արժանացել ԱԱԽ-ի կողմից եւ հաստատվել ՀՀ նախագահի հրամանագրով: Արդյունքում ստեղծված հանձնաժողովն այսօր քննարկել է կատարված աշխատանքները եւ նախանշել ապագա ծրագրերը: Այս մասին հաղորդում են ԱԱԽ-ից:
Պաշտոնական վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2010թ. առաջին կիսամյակի համեմատությամբ այս տարի գրանցվել է այս ոլորտի իրավախախտումների շուրջ 7,4% աճ, սակայն առկա է նաեւ հանցագործությունների բացահայտման դրական միտում` շուրջ 10%-ով:
ԱԱԽ քարտուղարի համոզմունք է հայտնել ,որ այս հանցատեսակի դեմ պայքարը պետք է ընթանա երեք հիմնական ուղղություններով` կանխարգելում, պատժի անխուսափելիություն նման հանցագործություն կատարողի համար եւ բուժման կարիք ունեցող անձանց արդյունավետ վերականգնում:Նա նշել է, որ ավարտին է մոտենում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակումը: Այս ուղղությամբ համակարգված փաստաթուղթ ստեղծելու նպատակով ԵՄ-ի հատուկ փորձագետը արդյունավետորեն համագործակցում է մեր իրավապահ մարմինների հետ:
Կառավարությունում այս օրերին գլխավոր խնդիրը բյուջեն է:Մինչ Ազգային ժողով ուղարկվելը հետո պետության գլխավոր փաստաթուղթը լուրջ փորձությունների է ենթարկվում: Դատելով կառավարության քայլերից կարելի է ենթադրել, որ գերատեսչություններն այնքան էլ տեղյակ չեն, թե ինչի հույս կարող են ունենալ հաջորդ տարի. նախարարներն ընդամենը սրտի դողով սպասում են վերևինների ողորմածությանը, և գաղափար անգամ չունեն, թե ինչ է տրվելու իրենց կառույցին:
Երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ասաց, թե` շատ մեծ անհանգստություն ունենք, որ այդ հարկերը կհավաքվեն: Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ` ճգնաժամային շրջանում:
Ներկայացրած 2012թ. բյուջեի նախագծում եկամտային մասը, որի հավաքման խնդիրը դրվում է Գագիկ Խաչատրյանի գլխավորած կառույցի վրա, 910 մլրդ դրամ պետք է լինի, որի 96 տոկոսից ավելին հարկերն էին: Նախկինում հարկերն ընդհանուր եկամուտների ավելի համեստ մասն էին կազմում` 90-91 տոկոս, իսկ հիմա 100 մլրդ դրամով ավելի շատ էր հանձնարարված հավաքել: «Գոնե նշեք, թե տնտեսության ո՞ր ճյուղերն են զարգանալու, ինչի՞ հաշվին պետք է ավելանան մեր եկամուտները»,- խնդրեց ՊԵԿ նախագահը, սակայն պատասխան չստացավ: Դատելով տնտեսության վիճակից՝ դժվար է պատկերացնել, թե Հայաստանում տնտեսության ո՞ր ճյուղերն են զարգանալու։
Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարումը վերջին շրջանում հարցականի տակ է. Չար լեզուներն ասում են, նրանից վերցրեցին ու խլեցին արտերկում ունեցած գործարանը, հնարավո՞ր է, որ ՊԵԿ ղեկավարի անհանգստությունը կամ, այլ կերպ ասած, 100 մլրդ դրամ հավաքելուն «չհարմարվելը» ճակատագրական ու պաշտոնանկության առիթ դառնա…
Երեկվա նիստում չարդարացան նաև առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հույսերը:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին ևս հրահանգեցին կրճատել ծախսերը:
— Բայց էլ որտե՞ղ կրճատենք,- փորձեց արդարանալ նախարարը:
— Էլ տեղ չկա՞,- զարմացավ վարչապետը և հորդորեց,- որ լավ ման գաք` կգտնեք:
Երևանի քաղաքապետի խնդիրն էլ հեշտ չէր: Պարզվեց` մետրոյի սակագինը բարձրացնելուց հետո կառավարությունը կրճատել է քաղաքապետարանին հատկացվող սուբսիդիան.
«Մենք գնացինք էդ ռիսկին, բարձրացրինք վարձը, բայց արդյունքում քյաշ փողը ավելի պակաս ա, սուբսիդիան քչացրել եք, 400 մլն գալիս ա, բայց 500 մլն քչացրել եք սուբսիդիան, ըտենց ոնց կլնի: Մեր ասածն էն ա, որ թողնեք անցած տարվա նման, ոնց կար»:
Քաղաքապետին խոստացան քննարկել:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանն էլ ասելիք ուներ.«Ինչքա~ն չեմպիոն ենք տալիս, ամիսը հենա` մեկ կամ երկու ոսկի ենք տալի, էն էլ ֆինանսական շարժ չկա: Պարգևատրում, բան… վերջին անգամ էլ ասեցիք` չգան»,- փակագծերը բացեց սպորտի նախարարը` դիմելով վարչապետին, որը,ստացվեց, մերժել էր ընդունել ոսկե մեդալի արժանացածներին: Վարչապետը հանկարծակիի եկավ, բայց իրեն չկորցրեց և փորձեց շտկել իրադրությունը:
«Դե, ամսի 28-ին չընդունեցինք, մի օր հետո կընդունենք: Մի´ վախեցեք, ոչ ոք չի կարող խուսափել խրախուսանքից: Եթե Դուք կարողանաք պլանավորել, թե քանի չեմպիոն եք տալու, մենք դա կարող ենք բյուջեում նախատեսել, բայց պլանի չկատարման պատասխանատվությունը պետք է վերցնեք ձեզ վրա,- իբր կատակի տվեց վարչապետը և փորձեց սվաղել անհաճո բացահայտումը:
Հետո արդեն վարչապետը զգաց, որ նախարարների աշխուժանալն այնքան էլ իր շահերից չի բխում, եթե ամեն մեկը որ սկսի ինչ-որ բան ասել, Աստված գիտե` ուր կարող է հասնել… հիշեցրեց իր հանձնարարականը` ամբողջությամբ տիրապետել իրենց ոլորտներին, թե ինչ է արտադրվում իրենց ոլորտներում, ինչքան հարկ կարելի է հավաքել: «2012 թվականն էլ կարող է ճգնաժամային լինել, մեր ուժերը պետք է ուղղվեն ռեզերվների և ռեսուրսների բացահայտման վրա»,- հրահանգեց վարչապետը:
Շարունակում են մանրամասներ պարզվել վնասազերծված ավազակախմբի վերաբերյալ.
Պարզվել է, որ հանցախմբի պարագլուխ համարվող Գուրգեն Հայրապետյանի եղբորորդին` Արա Հայրապետյանն, այն երիտասարդն է, որ օրեր առաջ ինքնասպան էր եղել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: 28-ամյա Հայրապետյանը ինքնասպան էր եղել սեպտեմբերի 15-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում, կախվելու միջոցով: Հիշեցնենք որ նա գրություն էր թողել, որով խնդրել էր կատարվածի համար ոչ ոքի չմեղադրել, որ իր արարքը պայմանավորված չէ պատժի կրմամբ, այլ ունի անձնական դրդապատճառներ: Արան, 2008թ. ապրիլի 22-ին դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման ավազակության եւ կողոպուտի փորձի համար:
Նրա ավագ եղբայրը` 32-ամյա Արամ Հայրապետյանը ներկայումս կալանավորված է բանդիտիզմի եւ ավազակային հարձակումների հոդվածներով:
Հանցախմբի մեկ այլ անդամի մասին ևս ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվել է, որ 19-ամյա Քյարամ Ամոյանը, ով հայտնի քրեական «հեղինակություն», ազգությամբ եզդի «Ճակոյի» ազգականն է, 2008 թվականի մարտի 1-ի գիշերը, խանութները թալանողներից մեկն է եղել եւ այդ պատճառով դատապարտվել է ազատազրկման:
Մեկ շաբաթ առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը մասնակցում էր Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին:
Ըստ հավաստի աղբյուրների` Ծառուկյանի ընկերակցությամբ և նույն ինքնաթիռով Մոսկվա է մեկնել նաև Ռոբերտ Քոչարյանը: Ասում են` հենց Մոսկվայում էլ կայացել է մեծ քաղաքականություն վերադառնալու Քոչարյանի որոշումը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.