29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Սիրելի հայրենակիցներ,
Քանի որ արդեն մի քանի ամիս է, ինչ մենք բոլորս մասնակից ենք մի կոնկրետ քաղաքական գործընթացի, ես առանց նախաբանի կանգ կառնեմ երկու հարցի վրա, որոնցից առաջինը վերաբերում է մարտի 1-ի սպանությունների բացահայտման խնդրին, իսկ մյուսը՝ Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ երկխոսության հեռանկարին։ Բնականաբար, ես ծրագրել էի անդրադառնալ նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպմանը, բայց քանի որ, իմ տպավորությամբ, նրա մանրամասները գաղտնի են պահվում, ապա առայժմ զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից։ Բավարարվեմ միայն հիշեցնելով, որ
Կոնգրեսի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման ցանկացած ծրագրի վերաբերյալ, կախված է բացառապես նրանից, թե որքանով է այն ընդունելի Ղարաբաղի ժողովրդի ու իշխանության համար։ Իսկ այժմ անցնեմ ելույթիս բուն նյութին։
Քաղբանտարկյալների եւ Ազատության հրապարակի հետ կապված խնդիրները վերջնականապես լուծված համարելով, այսուհետեւ մենք մեր ուշադրությունը կենտրոնացնելու ենք մարտի 1-ի ոճրագործության բացահայտման վրա։ Թեեւ իրավապահ մարմինները, կարծես-թե, փութաջանորեն լծվել են Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականի (20.04.2011)
կատարման գործին, բայց տպավորություն է ստեղծվում, որ մենք կրկին ականատես ենք դառնում նիկոյանական տիպի մի նոր խեղկատակության։ Պատճառներից մեկը թերեւս տվյալ հանձնարարականի անորոշությունն է, քանի որ նրանում ընդամենը «թափ եւ ընդգծված ակտիվացում է ակնկալվում մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում»։ Մինչդեռ խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակությունը եւ միջազգային հանրությունը հստակորեն պահանջում են ոչ թե մարտի 1-ի դեպքերի, այլ կոնկրետ տասը սպանությունների բացահայտում՝ դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով, առաջին հերթին, ոճրագործության պատասխանատուների նկատմամբ ուշացած արդարադատության իրականացմամբ։ Ի շարս բազմաթիվ միջազգային
փաստաթղթերի, այդ պահանջն ամենայն մանրամասնությամբ ձեւակերպված է, մասնավորապես, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի ս.թ. ապրիլի 14-ի եւ Եւրոխորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի մայիսի 9-ի զեկույցներում։ Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ նշված պահանջը չի կատարվել, միջազգային հանրությունը եւս, Հայաստանի հասարակության նման, մարտի 1-ի էջը փակված չի համարելու։ Ի դեպ, հիշյալ զեկույցներում արված են նաեւ մի շարք արժեքավոր մասնագիտական դիտողություններ ու առաջարկներ, որոնք, հաշվի առնվելու պարագայում, կարող են մեծապես նպաստել սպանությունների բացահայտման եւ նրանց պատասխանատուների ինքնության ճշտման գործին։ Ավելին, նրանցում տրված է անգամ սպանությունների բացահայտման բանալին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում ոստիկանության գործողությունները կարգավորող հրամանների համակարգի վերհանումը, ինչը թույլ կտա պարզել, թե վերից-վար ինչպես են իջեցվել հրազենի եւ հատուկ միջոցների կիրառման հրամանները, եւ հետեւաբար ովքեր են մահվան դեպքերի կոնկրետ պատասխանատուները։ Խնդիրն աղճատելու մյուս պատճառը մարտի 1-ի իրադարձությունների վերաքննության հանձնարարումն է այն նույն մարմնին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, որը երեք տարի շարունակ զբաղված է եղել ոճրագործության բացահայտ պարտակմամբ, եւ ընդհուպ, այն ընդդիմության վրա բարդելու հանցավոր ջանադրությամբ։ Շինծու գործերով բանտերը նետելով ընդդիմության հարյուրավոր ներկայացուցիչների, քննչական ծառայությունն այդպես էլ նրանցից ոչ ոքի մարտի 1-ին զենք կրելու, հրազեն օգտագործելու, նռնակ նետելու, մեքենա հրկիզելու
կամ խանութ թալանելու մեղադրանք չառաջադրեց եւ վերջիվերջո ստիպված եղավ հրաժարվել նաեւ ընդդիմությանը վերագրվող իշխանության յուրացման նախնական մեղադրանքից, որը կազմում էր իշխանության ձեռնարկած ուժային գործողությունների արդարացման հիմքն ու իրադարձությունների պաշտոնական վարկածը։ Ուշագրավ է, որ վերջերս ընդդիմության կապը
մեքենաների հրկիզումների, խանութների թալանի եւ բուն սպանությունների հետ, ըստ էության, բացառեց նաեւ ոչ այլ ոք, քան ինքը Ռոբերտ Քոչարյանը, հայտարարելով, կամ ավելի ճիշտ, խոստովանելով բառացիորեն հետեւյալը. «Ակներեւ է, որ մահվան բոլոր դեպքերն արձանագրվել են հանրահավաքից զգալի տարածության վրա՝ ճիշտ այնտեղ, որտեղ մեքենաներ էին վառում եւ
խանութներ թալանում» («Մեդիամաքս». 10.05.2011)։ Այսպիսով, չանտեսելով հանդերձ Հանրային խորհրդի նախագահի այն հանճարեղ եւ ֆորմալ տրամաբանության տեսակետից անթերի միտքը, որ «եթե հանրահավաք չլիներ, մարդիկ չէին գնդակահարվի», պետք է վերջնականապես արձանագրել, որ զանգվածային անկարգություններն ու սպանությունները ընդդիմության գործողությունների հետ կապելու բոլոր փորձերն իսպառ ձախողվել ու ի դերեւ են ելել, ինչը նշանակում է, որ դրանց իրագործողներին ու կազմակերպիչներին հետաքննությունը պարտավոր էր, ու եթե մինչ օրս թերացել է, ապա գոնե
այժմ պարտավոր է փնտրել բոլորովին այլ տեղ։ Դրա համար, ինչպես արդեն նշվեց, նախեւառաջ անհրաժեշտ է վերհանել ոստիկանության գործողությունները կարգավորող հրամանների համակարգը, եւ ապա՝ վերականգնել մարտիմեկյան ոճրագործությանը հանգեցրած պետական միջոցառումների ու պաշտոնական հայտարարությունների շղթան, որի գլխավոր օղակներն են.
– Ռոբերտ Քոչարյանի 2008 թ. փետրվարի 23-ի հայտարարությունը ընդդիմության բողոքի ցույցերը «իշխանության ապօրինի զավթման փորձ» որակելու եւ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու մտադրության մասին.
– ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի փետրվարի 23-ի հրամանը ապօրինի զինվորական կառավարման մարմնի ձեւավորման եւ Երեւան քաղաքում բանակի զորամիավորումների կենտրոնացման վերաբերյալ.
– Փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Մ. Մարուքյանի՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ» հարուցած Թ. 58200608 քրեական գործը.
– Փետրվարի 29-ին ԵՊՀ ուսանողության հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանի արած այն հայտարարությունը, որ «իրավապահ մարմինները բավական ուժ եւ հնարավորություն ունեն սահմանադրական կարգը պահպանելու համար, եւ որ հարթակում կանգնած շատ շատերը երկար տարիներ անց են կացնելու բանտերում».
– Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից Ազատության հրապարակում իրականացված վայրագ գործողությունը, որը պատճառ դարձավ մի քանի ժամ անց Մյասնիկյանի արձանի մոտ առաջացած տարերային ցույցի՝ ասպարեզ բացելով իշխանական սադրիչների սանձարձակ գործունեության համար.
– Մարտի 1-ին պաշտպանության նախարարության մի պահեստից իշխանությունների հրահանգով հավաքագրված 950 սադրիչների միատեսակ համազգեստի տրամադրումը՝ նրանց սովորական ցուցարարներից տարբերելու համար.
– Եւ վերջապես, մարտի 1-ի ցերեկվա իրադարձությունների ընթացքում, Արտակարգ դրության հայտարարումից ժամեր առաջ, ցուցարարների դեմ բանակի ստորաբաժանումների կիրառումը։
Ահա, իշխանությունների հրապարակային սպառնալիքների եւ գաղտնի միջոցառումների այն չարաբաստիկ շղթան, որի մեթոդիկ գործադրումն էր, որ նախնական ծրագրի համաձայն, հանգեցրեց մարտի 1-ի դիվային սպանդին, նպատակ հետապնդելով մեկընդմիշտ ահաբեկել ժողովրդին եւ կոտրել նրա պայքարի ոգին՝ ավազակապետության գոյությունը հավերժացնելու եւ
երկրի անխնա թալանը շարունակելու համար։ Ուստի եթե քննչական ծառայությունն իսկապես հետամուտ է սպանությունների բացահայտման գործին, ապա պարտավոր է դրվագ առ դրվագ հետաքննել այդ շղթայի բոլոր օղակները, որից հետո ոճրագործության հեղինակների ինքնության ճշտումը կդառնա պարզ խնդիր։ Քանի դեռ այդ սպանությունները չեն բացահայտվել, զոհերիընտանիքներն ու վիրավորները բավականաչափ նյութական փոխհատուցում չեն ստացել եւ ոճրագործները չեն կանգնել դատարանի առջեւ, արդարադատության նկատմամբ հասարակության վստահության վերականգնման եւ ներազգային համերաշխության մթնոլորտի հաստատման մասին անիմաստ է խոսել՝ հանգամանք, որն իրենց վերոհիշյալ զեկույցներում հարկ են համարել հատուկ ընդգծել նաեւ Պրեսկոտը, Ֆիշերն ու Համմարբերգը։ Ավելացնենք, սակայն, որ մարտի 1-ի սպանությունների բացահայտումն ու դրանց իրականացնողների դատական հետապնդումը ոչ միայն կամ ոչ այնքան արդարադատության, որքան քաղաքական խնդիր է՝ նման ոճրագործության կրկնությունը հիմնովին բացառելու նկատառումով։ Հակառակ դեպքում մենք որեւէ կերպ ապահովագրված չենք ապագայում նույնպիսի ողբերգության կամ ազգային խայտառակության առջեւ կանգնելու հավանականությունից։
Հայաստանի ներքաղաղաքական կյանքի ամենակարեւոր իրադարձությունն, անշուշտ, Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ հնարավոր երկխոսության հարցի քննարկումն է։ Ինչպես ձեզ հայտնի է, ս.թ. հունիսի 17-ին այդ հարցին ընդարձակ հայտարարությամբ անդրադարձել է Սերժ Սարգսյանը։ Ամենեւին մտադրություն չունենալով հանգամանորեն վերլուծելու այդ հայտարարությունը, ես ուզում եմ միայն զուտ փաստական բնույթի մեկ-երկու դիտարկում կատարել։ Հայտարարության սկզբնամասում Սարգսյանը պնդում է. «Երկխոսության մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ եւ այսուհետ եւս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը։ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը՝ բոլոր քաղաքական ուժերին եւ հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել։ Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույնը»։ Չգիտեմ, թե ինչպես է իշխանությունը երկխոսել կամ համագործակցել ժամանակին իր կողմից հաճախորդ, դհոլ եւ իդիոտ հորջորջված ուժերի հետ, բայց Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի հետ, ավելի քան երեք տարի, նա խոսել է բացառապես գեբելսյան քարոզչության, գնդակոծության, բանտերի, ոստիկանական ու հարկային տեռորի լեզվով։ Սարգսյանը նաեւ ավելացնում է. «Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է։ Մենք ենք սկսել այդ գործընթացը, եւ դա… ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի»։ Չեմ առարկում, միայն հարց եմ տալիս. եթե իսկապես այդպես է, ապա ինչո՞ւ նման նախաձեռնությամբ հանդես չեկաք երեք տարի առաջ, երկու տարի առաջ, կամ թեկուզ մեկ տարի առաջ, այլ միայն այն բանից հետո, երբ Կոնգրեսը
ներկայացրեց երկխոսության համար անհրաժեշտ երեք նվազագույն պայմանները եւ սահմանեց դրանց կատարման կոնկրետ ժամկետներ։ Մի՞թե պարզ չէ, որ իշխանությունը երբեք Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսելու մտադրություն չի ունեցել, այլ իսկզբանե իր առջեւ բոլորովին այլ խնդիր է դրել, այն է՝ ճզմել, ոչնչացնել, արմատախիլ անել իր գոյությանը կամ հանգիստ կյանքին
սպառնացող այդ հզոր քաղաքական ուժը, եւ միայն այդ ուղղությամբ ձեռնարկված բոլոր փորձերի ձախողումից հետո է, որ վերջերս ստիպված է եղել տեղի տալ ու փոխել իր վարքագիծը։ Այսքանն իմիջիայլոց՝ պատմական ճշմարտությունն արձանագրելու համար։ Իսկ այժմ՝ ըստ էության։ Կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել Սերժ Սարգսյանի մի այլ բնորոշ մտքի վրա. «Ես
դրական եմ գնահատում,– գրում է նա,– Հայ Ազգային Կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը եւ հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել։ Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ»։ Մի կողմից՝ գնահատելի է, իհարկե, որ Սարգսյանը գիտակցում է գործընթացի կարեւորությունը, բայց մյուս կողմից՝ տարակուսանք է առաջացնում նրա կողմից երկրորդական, զուտ արարողակարգային խնդիրների հարուցումը, ինչն ինքնին այդ գործընթացը խափանելու վտանգ է պարունակում։ Խոստովանում եմ, հակառակ գործադրածս բոլոր ջանքերին, իմ ակադեմիական պատրաստությունը չի բավարարում հասկանալ, օրինակ, «երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են» նախադասությունը։ Իմ համեստ կարծիքով՝ այդ բառերը գրեթե հոմանիշներ են, իսկ եթե պահանջվում է դրանք
անպայման միմյանցից տարբերել, ապա ամենահարմար բացատրությունը թերեւս հետեւյալն է. երկխոսությունը երեւույթի բովանդակությունն է, իսկ բանակցությունը նրա ձեւը։ Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ ընդգծելով հանդերձ գործընթացի կարեւորությունը, Սերժ Սարգսյանն ինչ-ինչ պատճառներով առայժմ չի կարողանում կողմնորոշվել երկխոսության
կամ, նույնն է թե, բանակցության ձեւաչափի հարցում։ Վստահ եմ, սակայն, որ դա ընդամենը նրա շրջապատի անհասկացողությամբ կամ իրավիճակի անսովորությամբ պայմանավորված ժամանակավոր անորոշություն է, որը շուտով կհաղթահարվի։ Մենք խնդրարկու չենք, որ, ինչպես մեզ առաջարկվում է, դռնեդուռ ընկած, հարցեր բարձրացնենք տարբեր իշխանավորների
առջեւ։ Այդպիսի երկխոսություն չի լինում, որովհետեւ ցանկացած երկխոսություն կողմերի հավասարություն է ենթադրում։ Հետեւաբար, որքան էլ իշխանությունը համառի, միեւնույն է, վերջիվերջո մեզ հետ խոսելու է պատշաճ, այսինքն՝ պատվիրակության մակարդակով։ Ավելորդ չեմ համարում ձեզ հիշեցնել խնդրի առնչությամբ օրեր առաջ իմ արած հետեւյալ կարճառոտ հայտարարությունը. «Երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ։ Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեեւ քաղաքական տեսակետից շահի։ Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը։ Իսկ մեծ հաշվով՝ մենք բոլորս, այսինքն երկիրն ու ժողովուրդը» («ՀԺ». 10.06.2011)։ Կարծում եմ, ասվածը հիմնավորելու կարիք չկա, քանի որ այդ մասին ես հանգամանորեն խոսել եմ մայիսի 31-ի հանրահավաքում։ Խնդիրը Հայ Ազգային Կոնգրեսի կամ իշխանության ամբիցիաների ու նեղկուսակցական շահերի բախումը չէ, այլ ներքաղաքական խոր ճգնաժամի հաղթահարումն ու երկրի առջեւ կանգնած գերվտանգավոր մարտահրավերների դիմագրավումը, որի միակ միջոցը,
առ ի չգոյե ուրիշ ելքերի, ինստիտուցիոնալիզացված երկխոսությունն է։ Երկխոսություն՝ այո՛, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ, որոնցից գլխավորը արտահերթ ընտրությունների անցկացումն ու սահմանադրական կարգի վերականգնումն է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր նպատակը ոչ թե անպայման իշխանության հասնելն
է, այլ օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձեւավորումը։ Եթե արդար ընտրությունների արդյունքում հաղթի որեւէ այլ քաղաքական ուժ, այդ թվում ներկա իշխանությունը, մենք առաջինը կշնորհավորենք նրան։ Սկզբունքի տեսակետից՝ դա Կոնգրեսի եւ անձամբ ինձ համար գուցե ավելի մեծ հաղթանակ լինի, քան իշխանական աթոռներին բազմելը։
Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները թութակի պես աջուձախ կրկնում են, թե իբր Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան։ Այսինքն՝ 2008թ. կեղծված նախագահական ընտրությունը հիմք չէ, մարտի 1-ի սպանդը հիմք չէ, հարյուրավոր քաղաքական գործիչների զնդանումը հիմք չէ, հիմք չեն նաեւ՝ Ազգային Ժողովի զրոյական վարկանիշը, սոցիալ-տնտեսական խորագույն ճգնաժամը, համատարած կոռուպցիան, աղետալի չափերի հասած արտագաղթը, խելահեղ գնաճը, Ղարաբաղյան խնդրի բարդացումը եւ այլն։ Ուրիշ ի՞նչ հիմք է պետք արտահերթ ընտրությունների եւ իշխանափոխության համար,
երբ քաղաքակիրթ երկրներում դրանք տեղի են ունենում թվարկվածների համեմատ շատ ավելի երկրորդական խնդիրների պատճառով։ Համաշխարհային վերջին տնտեսական ճգնաժամի առաջացրած սոցիալական դժգոհությունների հետեւանքով եւրոպական յոթ երկրներում արտահերթ ընտրությունների միջոցով կառավարություններ փոխվեցին։ Դա է ներքաղաքական
լարվածության թուլացման միակ քաղաքակիրթ մեխանիզմը, որովհետեւ իշխանության հանդեպ ժողովրդի անվստահության դրսեւորումը պետք է անպայման իրավական ելք ունենա։ Այլապես, ամենուրեք տեղի կունենար այն, ինչ տեղի է ունենում արաբական երկրներում, եւ ինչի առթիվ դիպուկ կերպով արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը. «Պարոնայք իշխանավորներ,– գրում է նա,– եթե, օրինակ, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին կամ Թունիսի նախկին նախագահ Բեն Ալիին հարցնեք՝ համոզված եղեք, նրանք ձեզ խորհուրդ կտան միանշանակորեն կառչել ընդդիմության առաջարկից։ Բեն Ալին եւ Մուբարաքը ցավով կարձանգրեն, որ իրենք կամ չեն ունեցել երկխոսությամբ իշխանությունից հեռանալու հնարավորություն, կամ չեն օգտվել
դրանից» («ՀԺ». 21.06.2011)։ Ժողովրդավարական երկրներում, ինչպես արդեն նշվեց, արտահերթ ընտրությունները
ներքաղաքական ճգնաժամերի լուծման կամ սոցիալական լարվածության թուլացման սովորական ընթացակարգ են, իսկ ցինիկների տեսակետից՝ գոլորշի բաց թողնելու միջոց։ Մինչդեռ մեր իշխանությունները դրանից վախենում են, ասես, ժանտախտից։ Եւ դա բնական է, քանի որ բռնապետություններն ընդհանրապես, եթե հնարավորություն ունենային, ո՛չ արտահերթ եւ ո՛չ իսկ հերթական ընտրություն չէին անցկացնի։ Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ չէ, որ կախված է նրանց կամքից, եւ գալիս է մի պահ, ինչպես, օրինակ, դա եղավ արաբական երկրներում, երբ բռնապետությունները հարկադրված են լինում գնալ արտահերթ ընտրությունների։ Հայաստանն այժմ գտնվում է այդպիսի վիճակում։ Ուստի որքան էլ մեր իշխանավորները համառեն ու փորձեն
ժամանակ ձգել, միեւնույն է, նրանք վաղ թե ուշ կանգնելու են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարկադրանքի առջեւ։ Իշխող վարչախումբը մինչ այժմ կորցրել է Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի առողջացման, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սեփական դիրքերի ամրապնդման երկու
պատեհություն՝ մեկը 2008թ. ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, մյուսը՝ 2009թ. մարտի 3-ին, տնտեսական ճգնաժամի կիզակետը խորհրդանշող դրամի փոխարժեքի գահավիժման պահին։ Կորցնել նաեւ ներկա պատեհությունը, կնշանակի սպառել մեր երկրի արժանապատիվ ապագայի կերտման վերջին հույսը։ Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, եւ առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը։
Հունիսի 30-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հայտնել է, որ նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար: Նոր քարտուղարը Կոսովոյում ՄԱԿ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Լամբերտո Զանյերն է:
Նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին հաղորդվում էր, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը Թուրքիայի ներկայացուցիչն է: Թուրքիան այդ պաշտոնի համար առաջարկել էր դիվանագետ Էրսին Էրչինին, սակայն, նրան, ըստ ամենայնի, Եվրոպայում չեն աջակցել:
Հիշեցնենք, որ նախկին գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոն իր պարտականությունները կատարել է 2 տարի անընդմեջ:
Թուրքիայի տնտեսությունն աճել է 11%–ով։ Այս տարվա առաջին եռամսյակի մասին, ինչպես հաղորդում է «Անկարա» գործակալությունը, նշվում է Թուրքիայի վիճակագրական խորհրդի հաղորդագրությունում:
Ըստ այդ տվյալների՝ Թուրքիան 2011թ. առաջին եռամսյակում ամենամեծ տնտեսական աճն է ունեցել աշխարհում՝ առաջ անցնելով Չինաստանից:
Թուրքիային 9,9% տնտեսական աճով հաջորդում է Արգենտինան։ Իսկ Չինաստանը 9,7% աճով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
2011թ. առաջին եռամսյակում Էստոնիայի տնտեսությունն աճել է 8,5%–ով, Սինգապուրինը՝ 8,3%–ով, Հնդկաստանինը՝ 7,8%–ով, Հոնգ Կոնգինը՝ 7,2%–ով, Լիտվայինը՝ 6,9%–ով, Իսրայելինը՝ 6,8%–ով, Ինդոնեզիայինը՝ 6,5%–ով, Թայվանինը՝ 6,5%–ով, Շվեդիայինը՝ 6%–ով:
Անցյալ տարի ես գրել էի 72 համարի ավտոբուսի վարորդներից ոմանց հոգեկան հավասարակշռության կասկածներիս մասին՝ 72 համարի «գիժ» ավտոբուսը :
Չնայած մի տարի է անցել, ու ոչինչ չի փոխվել 72-ի գծում, բայց այն ժամանակ ես մենակ էի, իսկ էս մի տարում շատ բան է փոխվել, ես հենց դրանով էլ կարեւորում եմ ես անցած տարին՝ քաղաքացիական պահանջատիրական գիտակցություն ձեւավորվեց հասարակության մի բավականին մեծ մասի մոտ: Մանավանդ դա վառ արտացոլվում է Ֆեյսբուքում:
Ֆեյսբուքյան ակտիվիստները մետրոյի թանկացմանը դեմ՝ Դեմ ենք մետրոյի թանկացմանը, անդամները բաց նամակներ են հղել հուլիսի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Դրանց բովանդակությոնը կարելի է ծանոթանալ քաղաքացիական նախաձեռնությունների լուսաբանման կայքում՝ http://organize-now.am: Նախաձեռնության անդամները պատրաստվում են թանկանալուն պես մարդաշատ բողոքի ակցիա անցկացնել մետրոյի կայարաններից մեկում, այն կայարանում, որը կընտրվի հարցման միջոցով:
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏՐԱՆՍՊՈՐՏ քաղաքացիական նախաձեռնությունը վերջնականապես կազմավորվել է 18.06.2011 թվականին` երկրի տրանսպորտի վիճակով մտահոգված երիտասարդների կողմից այս կարգախոսի շուրջ՝ «Արժանապատիվ տրասնպորտ` արժանապատիվ քաղաքացիների համար»:
Մենք պահանջելու ենք ՀՀ կառավարությունից իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ տրանսպորտ` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:
«Արժանապատիվ տրանսպորտ» ասելով` խմբի անդամները պատկերացնում են հետեւյալը.
1.Ոչ ոք չի կռանում տրանսպորտում:
2.Ոչ ոք չի մնում դրսում, չի ուշանում, նեղություն չի կրում տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով:
3. Տրանսպորտը սպասարկում է հասարակությանը նաեւ կեսգիշերից հետո:
4. Տրանսպորտում չի հնչում երաժշտություն:
5.Վարորդը չի ծխում:
6.Վարորդի հետ մինիմալ շփում:
Պահանջում ենք բոլոր երթուղայինների չվացուցակները միջոցառման անդամները պատրաստվում են գնալ Հայավտոկայան ՓԲԸ գրասենյակի մոտ ու պահանջել ժամանակացույցը:
«Ես այսպես եմ պատկերացնում. մոտ 20 հոգով վաղը՝ հունիսի 1-ին գնում ենք գրասենյակի մոտ, մեկ հոգի մտնում է ներս եւ պահանջում է: Եթե նրան մերժում են՝ երկրորդն է մտնում ու պահանջում, հետո երրորդը, չորրորդը…
Եթե բոլորին մերժում են, բոլորով մտնում ենք ներս եւ հայտարարում ենք /նաեւ նկարահանում ենք/, որ իրենք խախտում են մեր տեղեկացված լինելու իրավունքը, որը երաժշախորված է ՀՀ Սահմանադրությամբ, եթե չեն մերժում, վերցնում ենք չվացուցակները եւ աշխատանքի բաժանում անում՝ որոշում ենք, թե ով որ համարի երթուղայինի աշխատանք է վերահսկելու. այսպես մենք մի քանի օրում կոնկրետ փաստացի արդյունք կունենանք: Չվացուցակ պահանջողները պետք է պատրաստ լինեն վճարելու տպելու կամ պատճենահանման գումարը, դա օրենքն է պահանջում. յուրաքանչյուրս եթե առավելագույնը 500 դրամ տա, ամբողջը կտպագրենք», -գրել է լրագրող, ակտիվիստ Արման Ղարիբյանը:
Հետագայում նա հավելել է. «Զանգահարեցի «Հայավտոկայան»ՓԲԸ, ասացին, որ գրավոր կարող ենք դիմել, կտրամադրեն չվացուցակները: Ովքե՞ր են ստորագրելու գրավոր դիմումի տակ»: Սա էլ դիմումը՝
Պահանջում ենք ժամանակացույցը
«Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության
Գլխավոր տնօրեն Վարդան Սողոմոնյանին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից
Նրանց ներկայացուցիչ` Արման Ղարիբյան
Հասցե`
Հեռախոս`
Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի պրն Սողոմոնյան,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում ենք մեզ տրամադրել տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը սպասարկող երթուղային տաքսիների, ավտոբուսների չվացուցակների պատճենները:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում ենք տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում ենք գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող ենք ուղղել հարցումը:
(Պատրաստ ենք վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):
Կանխավ շնորհակալ ենք`
Ով ուզում է ստորագրել սրա տակ, թող մոտենան «Ձեռքերի» արձանի մոտ, «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ, ժամը 13.00-16.00»:
Ես անձամբ, կպահանջեի նաեւ ավտոբուսների ժամանակացույցը, երեկ երեք հատ հենց էդ նույն՝ 72 համարի ավտոբուս մի ուղղությամբ գնացին, իսկ հակառակ ուղությամբ գնացողին 40 րոպե սպասել եմ, վարորդն ասեց՝ «քուր ջան, մենք ի՞նչ, դիսպեչերն ա ասում երբ քշենք, մենք էլ քշում ենք»:
«Ես հաստատ պարապ չեմ, չեմ էլ հիշում, թե վերջին անգամ քանի տարի առաջ եմ պարապ եղել, բայց կանեմ այդ գործը, մենք պետք է հաշվարկենք կոնկրետ խախտումները, արձանագրենք, մի գործ, որը իբր տրանսպորտի տեսչությունն է կատարում», — ասում է Արմանը:
Տեսնենք ի՞նչ ավարտ կունենա ակցիան: Քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացման լույսի տակ ինձ թվում է, թե մենք ինքնակառավարվող, ինքներս մեր հարցերը հոգացող ու լուծող հասարակաություն ենք: Բա էդ դեպքում մեր ինչի՞ն է պետք պետությունը, էլ ո՞ւմ ենք հարկեր վճարում: Ըստ իս, համակարգը պետք է աշխատի, ու էդ ժամանակ ոչ ոք չի մտածի կարգեր կամ տիրակալներ փոխելու մասին, ուզում է սատանան էլ լինի նախագահ, չի կարողանա օրենքին հակառակ բան անել, ու իմ ու քո կեցությունը, ապահովությունն ու իրավունքները կապ չեն ունենա նրա ով լինելու հետ: Գուցե՞ կգա այդ օրը, ու ես էլ չեմ լինի: Բայց, էս պահանջատիրական տեմպերով եթե շարժվենք, իմ հաշվարկով առանց որեւէ ցնցումների, 10 տարի հետո կունենանք բավականին հոծ պահանջատիրական քաղաքացիական հասարակություն, որն էլ կկարողանա թելադրել պայմաններ ու աշխատացնել ժողովրդի ծառաներին:
Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները թեւակոխել են հաջորդ փուլ, որի գլխավոր խնդիրն է բարելավել հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունները: Այս մասին հունիսի 30-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Ըստ նրա, մարտ-ապրիլ ամիսների ընթացքում բարեփոխումների շրջանակում իրականացվող ծրագրերի ընդհանուր դիտարկումը ցույց է տվել, որ դրանք դրական են գնահատվում ոլորտի աշխատողների կողմից, եւ դրանց շնորհիվ ոլորտում դրական միտումներ է նկատում նաեւ հանրությունը£
Սուրեն Քրմոյանը նշեց, որ բարեփոխումները միաժամանակ ի հայտ են բերում նաեւ բացասական երեւույթներ կազմակերպչական, վարքագծային եւ ֆինանսական խնդիրներ£ Ըստ նրա, արձանագրված թերությունները օրեր առաջ քննարկվել են նախարարի մոտ, ով հանձնարարական է տվել բուժհաստատությունների տնօրեններին վերլուծել բացահայտված թերությունները, կարգապահական պատասխանատվության ենթարկել թերացած աշխատակիցներին ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատելը:
ԱՆ աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ նախատեսվում է փոխել առողջապահական հաստատությունների կառավարման համակարգը. յուրաքանչյուր հաստատությունում ձեւավորվելու են կառավարման խորհուրդներ, որոնք լուծելու են հաստատության բոլոր ռազմավարական խնդիրները: Խորհուրդներում, բացի առողջապահության նախարարության ներկայացուցիչներից, ներգրավվելու են հասարակական ու ֆինանսական կազմակերպությունների, աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչներ£ Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել նաեւ բուժհաստատություններում վճարումները կանոնակարգելու վերաբերյալ:
Ս.Քրմոյանը անդրադարձավ նախօրեին արձանագրված միջադեպին կարիճի խայթոցից տուժած անձը զանգահարել էր շտապօգնության ծառայություն, նրան ասել էին, որ չեն կարող իրեն օգնել: Ըստ նախարարության պատասխանատուի, հիվանդը չի հայտնել, որ խոսքը կարիճի խայթոցի մասին է: Սակայն նախարարությունում քննարկվում է հեռախոսազանգին պատասխանող դիսպետչերի գործողությունների օրինականության հարցը նա պարտավոր էր կապվել հիվանդի բնակության տարածքի շտապօգնության ծառայության հետ եւ տեղեկացնել դեպքի մասին: «Սպասվում է տվյալ անձի ազատու»,- ասաց Ս.Քրմոյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ, միջազգային փորձագետներ:
Շուրջ երկու և կես տարի տևած աշխատանքի արդյունքում հանձնաժողովը ավարտել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները: Պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքներն ավարտվել են` դրանց ոչ գաղտնի արդյունքների հրապարակմամբ: Վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթղթում անդրադարձ կա ՀՀ ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների և ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին, կադրային խնդիրներին, զինված ուժերի կարողությունների պլանավորման տարբեր սցենարներին, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքի ապագա տեսլականին: Ներկայացնելով պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. ՙՌազմավարական վերանայման նպատակն էր ապահովել առկա սպառնալիքների բացահայտման, դրանց դիմագրավման համար անհրաժեշտ ռազմավարության մշակման, պահանջվող կարողությունների պլանավորման, ծրագրման և բյուջետավորման աշխատանքների տրամաբանական կապ՚:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը իր ելույթում կարևորեց պաշտպանության ռազմավարական վերանայումը զինված ուժերի կարողությունների ընդլայնման ու կատարելագործման տեսանկյունից:
ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների վերաբերյալ իրենց տեսակետները արտահայտեցին նաև Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի խորհրդատու-փորձագետներ Ջոն Դրևինկևիչը և Անտոնիուս Բերնարդսը:
Միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստի ժամանակ տարբեր գերատեսչություններ ներկայացնող հանձնաժողովի անդամները և հայաստանյան ու միջազգային փորձագետները Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և պաշտպանության նախարարի համատեղ հրամանով պարգևատրվեցին շնորհակալագրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Միխայիլ Գավրիլյուկն հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի և ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոյի ունեցվածքի մեծ մասի վրա կալանք է դրվել:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կալանք է դրվել Տիմոշենկոյի և Լուցենկոյի` նախաքննության ընթացքում «հայտնաբերված» ունեցվածքի վրա։
Հայտնի է, որ որ Լուցենկոյի կալանքի տակ վերցված ունեցվաքի արժեքը կազմել է մոտ 1, 78 մլն գրիվնի է (ավելի քան 200 000 դոլար), իսկ Տիմոշոնկոյի ունեցվածքի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Գավրիլյուկի խոսքերով մասնագետները շարունակում են փնտրել և բացահայտել նրանց հարազատների անուններով ձևակերպված ունեցվածքը:
Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է 2009թ. Ռուսաստանի հետ գազի շուրջ պայմանագրեր կնքելու ժամանակ ծառայողական պարտականությունները վերազանցելու և պետությանն ավելի քան 1,5 մլրդ գրիվնիի չափով վնաս հասցնելու մեջ։ Բացի այդ, նախկին վարչապետը մեղադրվում է ջերմոցային գազերի արտանետման համար քվոտաների վաճառքից ստացված 480 մլն եվրոն ոչ նպատակային ծախսելու, ինչպես նաև շտապ օգնության 1000 մեքենաները գնելու ժամանակ ծառայողական պարտականությունները և իշխանությունը վերազանցելու համար:
Իսկ Լուցենկոն մեղադրվում է պետական միջոցները վատնելու և ծառայողական պարտականությունները վերզանցելու մեջ։ Նա 2010թ. դեկտեմբերից գտնվում է անազատության մեջ:
Մեծ Բրիտանիայում այսօր պետական կառույցների աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են հայտարարել: Աշխատակիցները հանդես են գալիս կենսաթոշակային համակարգի բարեփոխման դեմ, որը կառվարությունը ընդունել է որպես կոշտ տնտեսման միջոց:
Բարեփոխումները ենթադրում են թոշակի անցնելու տարիքի բարձրացում, ինչպես նաև կենսաթոշակային հիմնադրամներին թոշակի գումարի մուծման ավելացում: Իշխանությունները պնդում են , որ նման քայլը թույլ կտա պայքարել բյուջեի դեֆիցիտի դեմ:
Որպես բողոքի ակցիա ողջ երկրով մեկ այսօր փակ են դպրոցների մեծ մասը, չեղյալ են հայտարարվել ավիաչվերթների զգալի մասը:
Հուլիսի 4-ին Հայաստան է ժամանում Grand Orient De France օթյակի Մեծ Վարպետ պարոն Գի Արսիզեն (Guy Arcizet):
Փաստորեն Հայաստանում պաշտոնական հողի վրա են դնում մասոնական ժողովի կայացումը: Մեծ Վարպետի այցի ընթացքում նախատեսված են մի շարք պաշտոնական հանդիպումներ: Հաղորդվում է, որ դրանք մեկ անգամ ևս կարտացոլեն Հայաստանի և Ֆրանսիայի պատմական և մշակութային ընդհանրություններն ու կապերը: Մեծ Վարպետը հանդիպումներ կունենա նաև օթյակի անդամների հետ:
Պարոն Գի Արսիզեն կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Մեծ Եղեռնի նահատակների, նաև բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին:
Իր առաջին պաշտոնական այցը Հայաստան Մեծ Վարպետը կավարտի մամլո ասուլիսով, որը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Golden Palace հյուրանոցի «Մեծ Հայք» սրահում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.