29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Օրեր առաջ բացահայտվեց Աբովյան քաղաքում «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատիրոջ սպանությունը, որը տեղի էր ունեցել այս տարվա հոկտեմբերի 2-ին: Այս մասին ոստիկանության տրամադրած տեղեկությունները չափազանց ժլատ են: Դա թերևս իր պատճառներն ունի: Նախնական վարկածով, սպանությունը կատարվել էր գիշերային ակումբի պարուհու պատճառով:
Դեպքն, իրոք, տեղի է ունեցել Նանարիկ կեղծանունով սթրիփ պարուհու պատճառով: Սպանվածը, սթրիփ ակումբի սեփականատերը` եղել է Նանարի սիրեկանը: Սպանության մեջ կասկածվող Երեւանի բնակիչ 24-ամյա Հրանտ Ալոյանը, ևս ինտիմ կապի մեջ է եղել աղջկա հետ:
Հենց Ալոյանի հետ հանդիպման գնալիս էլ, օպերատիվ տվյալներ իրացնելով «No Problem» հյուրանոցային համալիրում ոստիկանները ձերբակալել են դեռևս հոկտեմբերից հետախուզման մեջ գտնվող 24ամյա երիտասարդին:
Այնթափ գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Հովակիմյանը, ով «Էլիզա» գիշերային ակումբի սեփականատերն էր, Նանարի համար արել է ամեն հնարավորը, որպեսզի աղջիկը ոչնչի կարիք չունենա. մեքենա է գնել նրա համար, ապահովել նրան: Սակայն աղջիկը միաժամանակ մտերմություն է արել նաև Հրանտի հետ:
Դեպքի օրը Հայկ Հովակիմյանը գնացել է Աբովյան քաղաքում գտնվող աղջկա տուն, որը, ըստ որոշ տեղեկությունների ինքն է գնել Նանարի համար: Սակայն Նանարի փոխարեն տանը «գտել» է Հրանտին, սկսվել է ռազբորկա, որի ժամանակ էլ Հայկը հայհոյել է Հրանտին:
Վրեջինս դաժանաբար ծեծի է ենթարկել, իր նանարի ընկերոջը: Որից հետո գիշերային ակումբների անվտանգության հարցերով զբաղվող երկու տղաներ, որոնցից մեկն ի դեպ` դատավորի որդի է, ակումբի սեփականատիրոջը հասցրել են հիվանդանոց` Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, մեքենան թողել հիվանդանոցի բակում և հեռացել: Ասում են վնասված է եղել Հովակիմյանի գլխի հատվածը: Հայտնի չէ, եթե նրանք այդ ժամանակ, չվախենային ու ծեծված տղամարդուն հանձնեին բժիշկներին կհաջողվե՞ր փրկել նրա կյանքը: Չի բացառվում, որ մարդը մահացած լինի մեքենայում` զրկված լինելով առաջին օգնությունից, ինչպես որ չի բացառվում, որ հիվանդանոց է հասցվել Հովակիմյանի դիակը:
Ինչև, Հետախուզման մեջ գտնվող Հրանտ Ալոյանը, այս ամբողջ ժամանակ առանձնապես չի էլ թաքնվել ոստիկաններից, թե ինչ նպատակ է հետապնդել նրան միայն երկու ամիս անց գտնելը, այս պահին դժվար է ասել. Շատ հնարավոր է, որ դա արվել է օպերատիվ նկատառումներից ելնելով: Սակայն չի բացառվում նաև, որ այն պայմանավորված լինի սպանություն կատարած անձի հանգամանքով:
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով դատաքննությունը, սակայն այն հետաձգվել է դատավոր Արմեն Խաչատրյանի աշխատանքի չներկայանալու պատճառով: Դատարանից մեր թղթակցին հայտնել են, որ ամենայն հավանականությամբ դատավոր Արմեն Խաչատրյանը կտեղափոխվի աշխատելու այլ դատարանում, սակայն դեռևս այդ մասին հրաման չկա, ինչը նշանակում է, որ նա դեռ այս դատարանում իր լիազորությունները չի դադարեցրել: Այսինքն պարզ չէ, թե ինչու դատավորն այսօր չի աշխատանքի չի ներկայացել:
Ի դեպ, դատավոր Արմեն Խաչատրյանի նկատմամբ նոյեմբեր ամսին Արդարադատության խորհրդի կողմից կարգապահական վարույթ է հարուցվել, որի արդյունքում նա նկատողություն է ստացել և պահվում է նրա աշխատավարձի 25 տոկոսը:
“Դատավոր Ա. Խաչատրյանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով հիմք են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար”, նշվում է արդարադատության խորհրդի կայացրած որոշման մեջ։ Մասնավորապես, խորհուրդն արձանագրել է, որ դատավորը խախտել է անձի պաշտպանական իրավունքը:
Տեղեկություններ կան, որ Արմեն Խաչատրյանը տեղափոխվելու է աշխատելու Արաբկիր և Զեյթուն-Քանաքեռ համայնքների վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Փաստորեն դատավոր Արմեն Խաչատրյանի տեղափոխվելուց հետո Ստեփան Հովակիմյանի ու Վահրամ Քերոբյանի գործով նշանակվելու է նոր դատավոր, ով, ըստ կարգի, նոր դատաքննություն պետք է սկսի:
Մինչ այս դատավոր Արմեն Խաչատրյանը շարունակ մերժել է Ստեփան Հովակիմյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Սաֆարյանի միջնորդությունները` անթույլատրելի ճանաչել խոշտանգումներով ձեռք բերված ինքնախոստովանական ցուցմունքները: Դատավորը նույնիսկ իր զարմանքն է հայտնել, որ իր մերժումներից հետո փաստաբանը նորանոր միջնորդություններ է ներկայացնում:
Ինչպես արդեն ներկայացրել ենք Ծեծելով, մերկացնելով ցուցմունքն են կորզել հրապարակման մեջ, Ստեփան Հովակիմյանն ու Վահրամ Քերոբյանը մեղադրվում են “Մոսկվա” կինոթատրոնի դրամարկղից ավելի քան 5 միլիոն ՀՀ դրամ և 10 հազար ՌԴ ռուբլի գողանալու մեջ:
Փաստաբանի հավաստմամբ, մեղադրանքի հիմքում դրված է միայն խոշտանգումներով ձեռք բերված ինքնախոստովանական ցուցմունքները:
Գործը քննվել է Երևանի Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնում և անմարդկային վերաբերմունքն ու խոշտանգումները Ստեփան Հովակիմյանի նկատմամբ կիրառվել են Երեւանի քաղաքային վարչությունում: Այս վարչությունն առավել հայտնի է ոչ թե իր քննած օբյեկտիվ գործերով, այլ մարդկանց հոշոտելով ու նրանց նկատմամբ գործեր սարքելով, ինչպես Ստեփանի դեպքում է տեղի ունեցել: Հայտնի են նաև խոշտանգողների անունները, սակայն դատախազությունը փորձ էլ չի անում միջոցներ ձեռնարկել նրանց դեմ և օլիմպիական հանգստությամբ դատարանում մեղադրանքն է պաշտպանում:
Անգրագետ ու չկայացած քննիչները կամ նրանց պետ Անտոնյանը փորձում են հարցերը լուծել գեղական կարգով, հատկապես, երբ նրանց ձեռքում հայտնվում են գրագետ ու կիրթ մարդիկ` ինչպիսին մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս Ստեփան Հովակիմյանն է: Հենց այս տեսակի մարդկանց գոյությունն է նրանց քիչ թե շատ սանձում հասարակության մեջ, սակայն այլ բան է, երբ նրանք որսում են այս տեսակին: Կհարցնեք` ինչի համար: Պատասխանը պարզ է. միայն նրա համար, որ տարբերվում են իրենց տեսակով: Մի խոսքով, տեսակի կռիվ է մեր երկրում:
Հայտնի չէ, թե ինչպես կվարվի նոր նշանակվող դատավորը կորզված ցուցմունքների պարագայում: Նշենք միայն, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը անթույլատրելի ապացույց ճանաչեց խոշտանգման ենթարկած քննիչների կողմից կորզված ինքնախոստովանական ցուցմունքները և արդարացման դատավճիռ կայացրեց Սաշա Դավթյանի գործով:
Շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հենց այդ գործը նկատի ունենալով դատավոր Ռուզաննա Բարսեղյանին շնորհեց “Ազատության պաշտպանի մրցանակը”:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Lragir. am
Էս տարին ինձ համար 50/50 տարի էր, ոչ լավ, ոչ վատ: Էն, որ հրեղեն առյուծի տարին իր առաքելությունը կատարեց, լինելով փոփոխությւոնների տարի, փաստ ա: Իսկ փոփոխություններ եղան առաջին հերթին իմ մեջ՝ արթնացավ խորը քնած քաղաքացիական գիտակցությունս,բարձրացավ հասարակական ակտիվությունս: Արթնացավ որովհետև պա՞հն էր եկել, թե՞ որովհետև արթնացրեցին (ականջդ կանչի Արա Նեդոլյան), էական չի, կարևորը, որ ես հիմա մարդ, կին, բուդդիստ, գրող, լրագրող, հայ լինելուց բացի նաև գիտակից քաղաքացի եմ, ինչը և ցանկանում եմ իմ բոլոր հայրենակիցներին: Եթե իմն ա արթնացել, ուրեմն բանը բանից անցել ա, ուրեմն, ոնց որ ասում էր վերջերս ռուս գրող Շենդերովիչը, երբ խոսում էր Ռուսաստանում ազգայնամոլների՝ ֆաշիստների սանձարձակությունների մասին, մեջբերելով Անդրեյ Պլատոնովի խոսքը՝ ժամանակն ա եկել հասկանալու, որ «իմ ժողովուրդն առանց ինձ լիարժեք չի…»
Լավ եղեք, լավ տարի լինի, անուշ բաներ բերի, բարի դռներ բացի, սրտեր ամոքի, նոր ցավ չստեղծի, տագնապ փարատի, ու հույս ներշնչի, հավատի դուռ բացի ու ճամփա ցույց տա: Մեզ բոլորիս, մեր հայ ժողովրդին, ողջ աշխարհին անխտիր, առանց ջոկելու թշնամի թե բարեկամ, ես ցանկանում եմ, որ այս նոր տարին լինի արժանի իրեն հասցված հրեղեն առյուծի բերած փոփոխություններին՝ մտածող մարդկանց մոտ քաղաքացիական գիտակցության զարթոնքին, որ ինչպես ասում էր էլի Շենդերովիչը, «Էլ չմնանք նստած մեր ֆեյսբուքներում, երբ տեսնում ենք, որ մի քիչ էլ, ու մենք կկորցնենք մեր երկիրը…»
Մենք ենք կերտում մեր ապագան: Մենք ենք մեր երկրի տերը: Մենք ենք որոշում, թե ինչպիսին այն պիտի լինի: Մենք ենք պատասխան տալու անգործունակության ու անտարբերության համար մեր սերունդների առջև, որոնք մեզ կորակեն ոչ այլ ինչ, քան վախկոտ ֆեյսբուքիստներ, որոնց խոսքը ֆեյսբուքից դուրս չի գալիս ու ոչինչ չի փոխվում: Մենք, ֆեյսբուքյան նախաձեռնություների մեջ ընդգրկված հազարավոր ՀՀ քաղաքացիներս, մենք, որ ամենօրյա շփման մեջ ամենքս իր ամպլուայում ընդվզում ենք, քննարկում և ելքեր փնտրում, մենք, որ հիմնականում այդ ելքերը գտնում ենք, ու հետո էլ ոչինչ չենք կարողանում անել, որովհետև, ինչպես ասաց ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը՝ «հա, դեմն առնենք, բայց սրա համար համակարգված և հզոր պայքար ա պետք, էս պահի դրությամբ ակտիվ մասսա կա բայց մի տեսակ քաոտիկ և անհամակարգելի ա…երևի դրան էլ ա էվոլուցիա պետք …»
Ուրեմն, ես բոլորիս ցանկանում եմ, որ էս տարին մեզ համար լինի շատ ակտիվ էվոլյուցիոն տարի, ու որ հաջորդ տարին մենք ոչ միայն զգանք մեզ մեր երկրի տերը, այլև իրականում լինեք, ուրեմն՝ տեր կանգնենք իրար ու մեր ունեցածին:
Լուսինե Վայաչյան
Երեկ ձուն երևանյան խանութներից անհետացել էր, իսկ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում էր 80 դրամով, այսօր այն դարձել էր 120- 150դրամ։ Քաղաքում լուր տարածվեց, որ սննդի ներմուծողների թագավոր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Թուրքիայից ձու է բերում։ Վերջին 10 տարիներին Հայաստանում թռչնաբուծությունն այնքան էր զարգացել, որ լիարժեք ձևով ապահովում էր բնակչության պահանջարկը, ձու արտադրող փոքր ու մեծ տնտեսությունների համար արդիական էր դարձել նույնիսկ արտահանման համար պայմաններ ստեղծելու հարցը։
Այս ֆոնին Լֆիկ Սամոյի ձվով զբաղվելու մասին լուրն անհավանական թվաց, մինչև որ երեկ երեկոյան էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց այս մասին։ Իհարկե, առանց Սամվել Ալեքսանյանի գործոնը նշելու։ «Ներկայումս արտադրողների և ներմուծողների հետ համատեղ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ` ուղղված հավի ձվի մանրածախ շուկայում իրավիճակի կայունացմանը, այդ թվում` ձվի պահանջարկի ապահովմանը ներկրման ծավալների հաշվին», — ասված է հայտարարության մեջ։ Ներմուծողների «կայֆը» հասկանալի է ` պետությունը պարտվեց, իսկ նրանք նախատոնական օրերին հերթական անգամ միլիոններ կդնեն գրպանները ։
Բայց թե ինչ «նակաուտ» կստանա 2010-ի ավարտին մտահոգ դեմքով սուպերմարկետներում թափառող, առանց այդ էլ Նոր տարվա տոնը, իր համար բեռ համարող «միջին» հայ բնակիչը, իր ամանորը հարամած կառավարության ջանքերից, հայտնի է միայն էկոնոմիկայի նախարարությանը։
«Ակնկալում ենք, որ ստեղծված իրավիճակը առաջիկայում կկայունանա, և ամենակարճ ժամկետներում տեսանելի կլինեն իրականացվող միջոցառումների արդյունքները»,- ասում են նախարարության «խելոքները», իսկ թխվածքն արդեն թանկացել է, և հենց ձվի գնի գերաճն է դրա պատճառը։ Այսօր տորթի մեկ կտորը «ցեխերը» վաճառում են 350-400 դրամով՝ քաղցրավենիք սիրող հայերի համար աննախադեպ թվեր։ Մնում է «ստոլիչնիի» ձուն, որը շատ տնային տնտեսուհիներ արդեն միմյանց խորհուրդ են տալիս ուղղակի բացառել բաղադրատոմսերից, ասելով, որ, ախր, ձվով պատրաստած մայրաքաղաքային աղցանն ավելի շուտ է փչանում։ Եւ ուրեմն, ո՞վ շավեց ներմուծումից, Լֆիկից և նրա «Սիթիներից» բացի։ Արձագանքե՜ք։
Նախագահի վերահսկողական ծառայության` երկու օր առաջ հրապարակած ուսումնասիրությունները հաստատեցին լուրերը, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը շուտով պաշտոնանկ կարվի:
ՀՀ Վերահսկիչ պալատը Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետին` Տավուշի մարզի ղեկավար Արմեն Ղուլարյանին այսօր «արդարացրեց»` մարզում կատարած ուսումնասիրության արդյունքը որակելով «դրական երևույթ» և հնարավորություն տալով Ղուլարյանին` ռեկորդային ցուցանիշներ սահմանել մարզպետության ասպարեզում, թեև ինչ-ինչ, բայց մարզպետի պաշտոնավարել-չպաշտոնավարելը որոշողը Իշխան Զաքարյանը չէ: Սակայն Իշխան Զաքարյանն այն մարդն է, ում ղեկավարած կառույցի ուսումնասիրությունը կարող է հիմք դառնալ այս կամ այն պաշտոնյային ասպարեզից հեռացնելու համար: Ամենաթարմ օրինակը` Վազգեն Խաչիկյանի հետ կատարվածը:
Եվ այսպես, ՎՊ-ն այս տարվա ապրիլից ուսումնասիրություններ էր սկսել Տավուշի մարզում. մարզպետարանում և համայնքներում: Ստուգման ժամանակահատվածն ընդգրկել է 2008, 2009թթ. և 2010թ. առաջին կիսամյակը: Ստուգումներից պարզվել է, որ Տավուշի մարզը ոչ մի բանով չի տարբերվում մյուս մարզերից. այստեղ հայտնաբերվել են այն նույն խախտումները, ինչ մյուս մարզերում:
Քաղաքաշինության բնագավառում 51 օբյեկտներից 28-ի ուսումնասիրությունը բացահայտել է 98 097 500 դրամի խախտում: Առողջապահության բնագավառում պետական բյուջեին վնաս է հասցվել 11 708 000 դրամի չափով, կրթության ասպարեզում` 4 646 000 դրամի չափով: Մարզի սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներում իրականացված աշխատանքի 22%-ի ստուգման արդյունքում հայտնաբերվել է ընտանեկան նպաստի տրամադրման 221 խախտում, որի հետևանքով 88 ընտանիք զրկվել են նպաստի իրավունքից: Իսկ չհավաքագրված վարձավճարների գումարը կազմել է 9 113 800 դրամ:
Այդպես, Տավուշի մարզպետարանի ստուգումների ժամանակ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 144 955 800 դրամ: Սակայն սա դեռ ամենը չէ: Արմեն Ղուլարյանը պատասխանատու է նաև համայնքներում տիրող իրավիճակի համար: ՎՊ-ն ստուգել է 4 քաղաք` Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, և 10 գյուղական համայնք, որտեղ արձանագրված խախտումների ընդհանուր ծավալը կազմել է 295 521 000 դրամ:
Այս ամենով հանդերձ, Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի` Տավուշի մարզում անցկացվող արտագնա նիստում հայտարարեց, որ Տավուշի մարզում իրենք ականատես եղան «դրական երևույթի»: Իսկ «դրական երևույթն» այն էր, որ նույն այդ նիստում մարզպետը` խախտումները լսելուց հետո սկսեց մեկ առ մեկ բացատրել. Քաղաքաշինության բնագավառում ՎՊ-ի հայտնաբերած խախտումը վերականգնվել է 79 970 000 դրամի չափով` մի մասը աշխատանքով, մնացածը` գումարով: Արմեն Ղուլարյանն ասում է, թե խախտումներն իրենց մեջ օբյեկտիվ պատճառներ էլ ունեն. օրինակ, նախագծերը կազմված են եղել վաղուց` 5-6 տարի առաջ, իսկ արդեն շինարարության փուլում նոր ծախսեր կարող են ի հայտ գալիս, ինչն էլ խախտման հիմք է դառնում (մարզպետի այս փաստարկը կարելի է բավական հիմնավոր համարել` հաշվի առնելով, որ, օրինակ, 5-6 տարի առաջ Արարատի ցեմենտի գործարանը Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ չէր սահմանել աբսուրդային այն գները, որ գործում են այսօր-Լ.Կ.), կամ` շինարարությունը անորակ է որակվել, սակայն անորակ է կատարված եղել միայն մի հատվածը:
Այն բանից հետո, երբ ՎՊ-ն մարզպետին տեղեկացրել է առողջապահական հաստատություններում իր ստուգումների մասին, վերջինս խորհրդակցություն է հրավիրել, կանչել է վերը նշված հիմնարկների ղեկավարներին, պատասխանատուներին կարգապահական տույժերի ենթարկել, իսկ այն հաստատությունների ղեկավարներին, որոնց պաշտոնավարման ժամկետը մոտեցել է ավարտին և որոնք թույլ են տված եղել առավել կոպիտ խախտումներ, տեղեկացրել, որ այլևս չեն պաշտոնավարելու: Նույն կերպ պատժվել են դպրոցների տնօրենները. ստուգվել են դպրոցների միայն մի մասը, սակայն խախտումները քննարկվել են բոլոր 81 տնօրենների ներկայությամբ: Այստեղ ևս միտումնավոր խախտումներ կատարածներին արգելվել է մասնակցել տնօրենների հավաստագրման գործընթացին: Կարգապահական տույժեր են ստացել նաև սոցիալական ծառայությունների աշխատակիցները, որոշ աշխատակիցներ էլ հեռացվել են աշխատանքից:
Ինչ վերաբերում է համայնքներում հայտնաբերված խախտումներին, ասյտեղ ևս լուրջ քայլեր են ձեռնարկվել գումարների վերականգնման ուղղությամբ. տեղական տուրքի պարտքը վերականգնվել է 65%-ով, հողի հարկի ապառքի վերականգնումը կազմել է 34%, գույքահարկի գծով` 71% վերականգնում է եղել, իսկ վարձակալության տրված հողերի վարձավճարները հաջողվել է համայնքային բյուջե մուտքագրել 56%-ի չափով:
Այդպես, Տավուշի մարզպետարանում արձանագրված խախտումները վերականգնվել են 70%-ով, համայքներինը` 60%: Հենց սա էր Իշխան Զաքարյանի մատնանշած «դրական երևույթը», այն, որ մինչև Վերահսկիչ պալատի խորհրդի նիստը 60,65, 70%-ի չափով գումար է վերականգնվել: «Երեք տարիների մեր ստուգումների մեջ սա առաջին դեպքն է»,-հայտարարեց ՎՊ նախագահը: ՎՊ նախագահի վրա դրական տպավորություն էին թողել նաև մարզպետի պատժիչ գործողությունները. «խնդիր չենք դնում պատժել, բայց եթե թույլ են տվել խախտումներ, պիտի պատժվեն»:
Եվ այսպես, Վերահսկիչ պալատի այս ուսումնասիրությունը ևս ցույց տվեց, որ Հայաստանում խախտումներ և ապօրինություններ թույլ չտվող մարզեր, համայնքներ ու պաշտոնյաներ չկան: Տավուշի մարզը բացառություն լինել չէր կարող` անգամ եթե այնտեղի մարզպետը չտես պաշտոնյաներից չէ, որոնք փորձում են իրենց տրված շանսը օգտագործել սեփական բյուջեն լցնելու նպատակով. Ղուլարյանը մարզում 1990թ.-ից Իջևանի քաղաքապետն էր, իսկ 1999-ից մինչ օրս ղեկավարում է Տավուշը` արդեն մարզպետի կարգավիճակով: Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետին հաջողվեց, իհարկե, այս անգամ համոզել, որ ինքն այդ խախտումների հետ կապ չունի և իր գլխի վրայից մի փոքր շեղել պաշտոնազրկման դամոկլյան սուրը, սակայն հաշվի առնելով Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների փորձը կարելի է համոզված ասել, որ եթե անգամ հաջորդ տարի էլ այստեղ ուսումնասիրություն կազմակերպվի, դարձյալ կարելի է ականատես լինել միլիոնների խախտումների ու չարաշահումների: Իսկ սա արդեն մեր նման փոքր ռեսուրսների տեր պետության համար պարզապես կործանարար է:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Ձվեր հաշվելու ժամանակը եկավ, ինչպես և մասնագետները կանխատեսում էին, ձմռանը, ամանորից առաջ։ Հաշվեցին, և տեսան, որ կորցրել են։ Դեռեւս մայիսին, երբ «X GPOUP»-ը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ հանցավոր համաձայնությամբ դեմպինգ սկսեց ձվի շուկայում, այն «իրենով անելու» մտադրությամբ, թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը մեզ հետ զրույցում կանխատեսեց, որ դեկտեմբերին 1-ին ձվի գինը հասնելու է 80 դրամի։ Այս նույն պրոգնոզը թռչնաբույծները, համապատասխան հաշվարկներով ուղարկել էին վարչապետին և ՏՄՊՊՀ նախագահին, խնդրելով օգնել։
Բայց պետությունն օլիգարխի մեջքին կանգնեց։ Ավելին, պետությունը օլիգարխի մեջքին կանգնած էր դեռեւս 2009 թվականից, երբ մի շարք խոշոր ձեռնարկություններ հակաճգնաժամային միջոցներ ստացան ՀՀ կառավարությունից։ Այդ միջոցները, որոնք անհրաժեշտ էին Հայաստանի ձեռնարկություններին չսնանկանալու համար, վարչապետ Տիգրան Սարգսյանը բաժան-բաժան արեց ամենահզորների միջեւ։ Նրանց թվում էր ԵԹՖ տեր, Ջրաշխարհի Խաչիկը, որն այժմ վաստակել է նաև ձվի Խաչիկ անունը։ Այն ժամանակ պետությունը ԵԹՖ-ին 3 մլն եվրո աջակցություն հատկացրեց։ Իսկ «ԱՐԱՔՍ» թռչնաֆաբրիկային, որը կրկին ձվի Խաչիկինն է, որպես 300 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկության, 3 տարով ազատեց ԱԱՀ-ից։ Եվ վերջապես ձվի Խաչիկին տրվեց բանակը ձվով մատակարարելու իրավունքը։ Այսպես պետությունը ստեղծեց բոլոր պայմանները Խաչատուր Խաչատրյանի համար, որպեսզի նա կայուն թվեր ստանա։ Ինքն էլ ուրախացավ, և որոշեց, որ հիմա կարող է «կզացնել» հակառակորդներին, և ինքնարժեքից ցածր գնով ձու վաճառելով, սնանկացնել նրանց։ Հուլիսին ձվի շուկայական գինը ռեկորդային ցածր նիշի հասավ՝ 20 դրամ հատը։ Փոքր տնտեսությունները, որոնք սկսել էին շնչել և բազմանալ, ուղղակի ։ Հանրապետությունում հավի զանգվածային մորթ սկսվեց։ Չկարողանալով ձուն պահել, շատերն այն ուղղակի թափում էին, թաղում էին ամայի վայրերում, ինչը աղքատության խնդիր ունեցող երկրի համար ուղղակի հանցագործություն էր։ ԵԹՖ-ին պետականորեն «աճեցնելու», մարդկանց գլխին պատուհաս դարձնելու հարցը դեռեւս հուլիսին մի քանի անգամ դրել ենք ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի առաջ։ Պատասխանը հետևյալն էր. «Էդ մի քանի գործոնները՝ գումար է ստացել կառավարությունից, ՊՆ-ի պատվեր, մեզ հայտնի չեն։ Ինչ վերաբերում է ԱԱՀ-ի արտոնութանը` տեղյակ ենք։ Հրապարակային որոշում է եղել, և դա նպաստել է «Արաքսի» արտադրական հզորությունների ավելացմանը, նոր տեխնիկա և նոր տեխնոլոգիաներ են ներդրվել»։ Այսօր Շաբոյանը լռում է, ինչը հասկանալի է։ «Чукча не читатель, чукча писатель», — հայտնի տրամաբանությամբ։ Եվ ի վերջո, հո չի կարող խոսել «շեֆի» Տիգրան Սարգսյանի դեմ՝, որի թիմից է ինքը և որն իրեն այդ պաշտոնին է նստեցրել։ Այսպես էլ ապրում ենք. կառավարությունը «սատկացրեց» ձվի արտադրությունը, բայց ձվերը հիմա կորցնելով, արտակարգ միջոցներ է ձեռնարկում, ու էլի տուժողը ժողովուրդն է, որի առաջնային համարվող ուտելիքներից ևս մեկը գնային անտարմաբանական` գրեթե եռակի թռիչք ունեցավ։
Շաքե Թերզյան
Այս տարեվերջին բնորոշ կարելի է համարել «շունը տիրոջը չի ճանաչում» ասույթը: Այսինքն, մի ժամանակահատված, երբ հոգնած են բոլորը ու ոչ ոք հավես չունի հետևել որևէ գործընթացի, բոլորը զբաղված են տարին փակելով ու ամանորյա գերագույն անիմաստ հարբեցողությանը պատրաստվելով: Այսինքն` ժամանակահատված, երբ շատ հարմար է որևէ բան «եփել» և բոլորին անակնկալի բերել: Զորօրինակ, հենց Ամանորին Ֆիդել Կաստրոն Կուբայում փոքրիկ զինյալ գործողությամբ զավթեց իշխանությունը, անակնկալի բերելով բռնապետ Բատիստային…
Ուստի, ավելորդ չենք համարում դիտարկել, թե ո՞վ ու ինչպե՞ս օգտագործեց այդ «ոսկյա ժամանակահատվածի» սկիզբը: Անշուշտ, պետք է խոստովանենք, որ ամենատխմար ձևով օգտագործողը եղավ ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը, որն այդպես էլ չկարողացավ դուրս գալ «կովերի ամուսինների» մասին դատողությունների մակարդակից ու 20 տարվա մեջ արձանագրեց զրոյական աճ:
Ոչ ոք, բնականաբար, ոչինչ չի հիշի նրա կողմից հրապարակած «ահավոր տնտեսական անկման» հեռանկարի թվերից, ոչ հակառակորդները, ոչ էլ ճամբարակիցները: Ոչ ոք հավես չունի: Հիշվեց միայն մեկ բան` նրա խոստովանությունը, որ թունդ հակառակորդ է Հայ առաքելական եկեղեցու.«Հայոց պետականության կորուստները հիմնականում տեղի են ունեցել հենց եկեղեցու պատճառով։ Ինչպե՞ս կարող է դա եկեղեցի լինել, եթե չի պատկանում որևէ քրիստոնեական ճյուղի և 1500 տարի չի փոխվում։ Անպատժելի մի կառույց է դա՝ Քրիստոսի և հավատքի հետ, իմ կարծիքով, կապ չունեցող։ Մի՞թե դա պարզ չէ։ Եթե եկեղեցին կրթությամբ է զբաղվում, առողջապահությամբ, այդ եկեղեցին պետության կարիք չունի։ Գտնում եմ, որ այն զգալիորեն պետք է բարեփոխվի, և չեմ գտնում, որ տերտերների կամայականությունը՝ ոչինչ չփոխելու, պետք է գերակայի։ Մեկ անգամ տեսե՞լ եք հայ առաքելական եկեղեցու եկամուտների ու ծախսերի բալանսը մամուլում տպված։ Որտեղի՞ց այդ փողերը։ Ո՞վ է սահմանում մոմի գինը»:
Բնականաբար, Բագրատյանը դրանով ավելացրեց ՀԱԿ-ի նկատմամբ հակակրանքը: Իրենց քրիստոնյա համարող հայերը նրան միանգամից կասեն` դու հայ քրիստոնյա չես: Իսկ հեթանոսները կատաղել են նրանից, որ նախկին վարչապետը եկեղեցու այիբ է համարում այն, ինչը ազգահավատները համարում են եկեղեցու գործունեության օգտակարության միակ վկայությունը. Քրիստոնեության որևէ համաշխարհային ճյուղին չպատկանելը ու բացառապես հայերինն ու հայկական լինելը և ավանդապահությունը` 15 դարի ընթացքում չփոխվելը: Ինչ վերաբերում է եկեղեցու ֆինանսական բալանսը մամուլում տպելու առաջարկին, ապա դա ընկալվում է մոտավորապես այնպես, ինչպես կընկալվեր ընտանիքի առագաստը տպելու պահանջ… Պարզ է, որ Բագրատյանի այդ մոտեցումը տեղավորվում է ՀԱԿ-ի` ավանդական բոլոր սրբությունները պսակազերծելու և ցեխի հետ խառնելու ռազմավարության մեջ, սակայն ազգերը, առավելևս` հայերի պես հնագույն ազգը, սովորաբար այդպիսի «նորարարություններին» հույժ բացասաբար են վերաբերում:
Ինչևէ, մի կողմ թողնենք ՀԱԿ-ին, և անցնենք նախաամանորյան շրջանն առավել արդյունավետությամբ օգտագործած գործիչներին: Այդպիսին է, անկասկած, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Ամանորից 10 օր առաջ հանդիպեց Ռուսաստանի փաստացի տիրակալ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման բովանդակության մասին գործնականում ոչինչ հայտնի չէ, նույնիսկ նրա խնամի Վալոդը, մամուլի վկայությամբ, դրանից անտեղյակ է: Եվ ամեն ինչ գնում է ենթադրությունների գիրկը: Ամենաքաջատեղյակ ենթադրողներից մեկը` Գալուստ Սահակյանը, պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ ներքաղաքական կյանքի վրա ոչ մի էական ազդեցություն չունի: Մյուս կողմից, նա նշում է, որ ՀՀ երկրորդ նախագանը երբեք ՀՀ ազգային-պետական շահի դեմ ոչինչ չի անի: Այսինքն` հնարավորություն ունի, բայց չի անի:
Սակայն Ռոբերտ Քոչարյանն այդքան հասարակ ֆիգուր չէ: Նախ` ինչպե՞ս եղավ, որ արդեն գրեթե 2 տարի գործում են լրատվամիջոցներ, որոնք «քըխ» են ասում և՜ Սերժ Սարգսյանին, և՜ Լևոն Տեր-Պետրոսյանին, երբեմն նույնիսկ այդ երկուսի համատեղ դավադրության տեսությունն են առաջ քաշում: Այդպիսի ուղեգծի պահպանումը, այդպիսի տեղեկատվական դաշտի բավականին լայն հատվածում, այդքան տևական ժամանակ ահագին փող արժե, իսկ Ռ. Քոչարյանը «ձեռքից պինդ» անձնավորություն է… Հենց այնպես ներդրում չի անի:
Հաջորդը` այդ ինչպե՞ս եղավ, որ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի այն խոսքին, որ ինքը ոչ ոքի վերջնագիր չի ներկայացնում, այլ ԲՀԿ-ին ներկայացրել է պահանջներ` ճիշտ այնպես, ինչպես ներկայացնում է ՀՀԿ-ին, հանկարծ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն իրենից ոչինչ չի պահանջել: Ո՞ր դեպքի համար է նա «ոտատեղ» անում, հո չի կարող լրջորեն հուսալ, որ ինքնուրույն կարող է ինչ-որ խաղ խաղալ:
Եվ չենք կարող չհիշատակել մեր գործընկեր Լուսինե Կեսոյանի սենսացիոն բացահայտումը օգոստոսի 18-ին Երևանի էլիտար ակումբներից մեկում Ալեքսանդր Լուկաշենկոյի և Մեհրիբան Ալիևայի գաղտնի հանդիպման վերաբերյալ: Թեև Բելառուսի նախագահը գագաթնաժողովի օրերին ապրում էր Գագիկ Ծառուկյանի դղյակում, սակայն այդպիսի հանդիպում կազմակերպելը հաստատ նրա խելքի բանը չէ: ՀՀ գործող նախագահի մերձավորագույն շրջապատից որևէ մեկը նույնպես դժվար թե գլուխը դներ այդպիսի «շառ» գործի տակ, որը սպառնում է սկանդալային անկանխատեսելի հետևանքներով: Մնում է Ռոբերտ Քոչարյանը, որի կապերը (որ ձևավորվել են ոչ միայն 10 տարվա նախագահության, այլև դրան նախորդող 15 տարիների ընթացքում) միանգամայն պիտանի են այդպիսի գործողությունը գլուխ բերելու համար:
Ինչևէ, Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի լուրջ ֆիգուր է, քան շատերը կարծում են: Եվ նրա լռությունն ամենևին չի նշանակում, որ նա չկա: Չէ՞ որ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանին լռության 10 տարուց հետո 2008-ին հաջողվել էր աշխատացնել պետական համակարգում պահպանված իր կադրերին, ապա Ռոբերտ Քոչարյանին առավելևս դա կհաջողվի: Ու ապարատը մաքրելը չի օգնի` նույն Քոչարյանը 10 տարի պետական մեքենան մաքրում էր «լևոնականներից», սակայն այդպես էլ մինչև վերջ չկարողացավ:
Եվ հիմա նա ունի ահագին պոտենցիալ` Պուտինից ստացած որոշակի երաշխիքներ, մարդիկ պետական ապարատում, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու այլ ուժերի` իր հանդեպ ունեցած ստվերային պարտավորությունները, մեծ փողեր, լրատվական դաշտ, այդ թվում` հեռուստաեթեր, 25 տարում կուտակած կապեր ներսում ու դրսում… Եվ գրեթե ակնհայտ է, որ 2011-ին նա շռնդալից վերադառնալու է հրապարակային քաղաքական դաշտ: Շատերի համար` անսպասելի, քաջատեղյակ փոքրամասնության համար` միանգամայն սպասելի: Նամանավանդ, որ վարչապետափոխության նախադրյալներն էլ արդեն երևում են …
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Կոմիտասի անվան այգում այսօր բացվեց «Դելֆինարիում նեմո» ժամանցի կենտրոնը, որն արդեն մի քանի ամիս է, ինչ բուռն քննարկումների առիթ է դարձել: Նախագծի հրապարակման օրից սկսած` մի խումբ բնապահպաններ և հասարակական կազմակերպություններ հանդես եկան այդ ծրագրի դեմ: Պատճառաբանելով և բնության վնասները, և դելֆիններին, որոնք պետք է ներկրվեն արտերկրից:
Սակայն որևէ լուրջ հիմնավորում, այդ կառույցի կողմ և դեմի մասին այդպես էլ հանրությանը չներկայացվեց։ Մարդկանց համար է վտանգը, թե՞ դելֆինները չեն համակերպվի, այս ողջ ընթացքում պարզ չդարձավ։ Նախկին քաղաքապետն ասում էր. «Ես եմ սարքում, ու Երևանում լինելու է դելֆինարիում»։
Օրումեջ, ամեն անհեթեթ առիթով ասուլիսի վազող մեր չինովնիկները այդպես էլ չբարեհաճեցին պաշտոնապես հերքել կամ հաստատել կողմ և դեմ կարծիքները։
Ինչևէ, հակադելֆինարիա պայքարը շարունակվեց նաև այսօր: Նախ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը և «Էկոդար» ՀԿ-ի նախագահ Հրայր Այվազյանը հրավիրեցին հերթական ասուլիսը`սպասվող վտանգներին մասին։ Բողոքի ալիքը շարժվեց Կոմիտասի անվան զբոսայգի, որտեղ մի քանի տասնյակի հասնող մարդիկ պաստառներով` «Դերլֆինները Հայաստանում բերվել են անօրինական ձևով», «Կենդանիները պետք է ապրեն բնական միջավայրում, ոչ ենք ասում դելֆինների անհումանիստական շահագործմանը» կոչերով:
Չնայած դրան` նկատվում էր հերթեր`տոմսեր ձեռք բերելու համար և մեր հարցերին պատասխանող քաղաքացիները բավականին գոհ էին, որ մայրաքաղաքում կա նման ժամանցի կենտրոն` երեխաների, ինչու չէ նաև մեծահասակների համար: Դելֆինարիումի պատասխանատուները այդպես էլ չկարողացան ցուցարարներին հեռացնել, սակայն բացումը տեղի ունեցավ։
Ի հիշատակ ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծելով սպանված 20-ամյա Զարուհի Պետրոսյանի:
Վաղը` նոյեմբերի 25-ին, Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, յոթ հասարակական կազմակերպություններ՝ «Կանանց իրավունքների կենտրոն», «Հասարակություն առանց բռնության», «Կանանց ռեսուրսային կենտրոն», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «PINK Armenia»-ն, «Զանգակատուն» և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» բողոքի ակցիա և երթ կանցկացնեն Երևանում` ի հիշատակ ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծելով սպանված 20-ամյա Զարուհի Պետրոսյանի:
Երթի մասնակիցները Կասկադ համալիրից շարժվելու են Հանրապետության հրապարակ, որի ընթացքում էլ կազմակերպվելու է ստորագրահավաք` կնոջ սպանության գործով դատավարությանն արդար ընթացք տալու և հանցանքի ուժգնությանը՝ մահվան հասցրած բռնություն, համարժեք դատավճիռ կայացնելու պահանջով:
Այդ ընթացքում կանցկացվի նաև դրամահավաք, որից հավաքված գումարը կփոխանցվի Զարուհու երեխայի համար բացվելիք հաշվեհամարին: Այս նախաձեռնությամբ կմեկնարկի Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16-օրյակն, ու կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը:
Զարուհու մահից հետո յոթ ՀԿ-ները ստեղծել են նախաձեռնող խումբ, որի նպատակն է հասարակական հնչեղություն տալ այս դեպքին և հետամուտ լինել քրեական գործի ընթացքին:
Կոչ եմ անում բոլոր գիտակից կանանց ու նաև տղամարդկանց միանալ ակցիային: Ցանկացած տիպի բռնություն հանցանք է: Առավելևս, հանցանք է ընտանեկան ու ընտանեկան սեռական բռնությունը, որը հիմնականում տեղի է ունենում հարազատ մարդկանց միջև, ընտանիքում, ու դրա ականատեսն են լինում հարևանները, հարազատները ու լռում են: Զարուհին ավելի շատ մեր լռության զոհն է, եթե հասարակությունը տանից լսվող ճիչին արձագանքեր, պախարակեր, բանը չէր հասնի նրան, որ մայր ու որդի երկարատև կտտանքներից հետո սպանեին աղջկան: Զարուհին չկա, նրան մենք այլևս օգնել չենք կարող: Բայց մենք կարող ենք օգնել մեր կողքի մարդուն, ով այսօր ունի մեր կարիքը, անել այնպես, որ էլ զոհեր չլինեն:
Սա իրականում պայքար չէ ընդդեմ, սա պայքար է` համար. կյանքի, տարրական արժանապատվության, կարեկցանքի ու մարդկային արժեքի համար: Միացե´ք քաղաքացիական հասարակության կայացմանը, ո´չ ասեք ընտանեկան բռնությանը, անտարբերությանը, բարբարոսությանը, ֆաշիզմին: Մարդու կյանքն ամենաթանկը պիտի լինի մեր արժեքային համակարգում:
Լուսինե Վայաչյան
Ներքին Սաքսոնիայի Լյունեբուրգի ծննդատներից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել երկու նորածինների հայրերի միջև: Այդ մասին է տեղեկացնում «Berliner Kurier» հրատարակչությունը:
Հակամարտության պատճառ է հանդիսացել մայրերից մեկի նկատողությունը:
28 ամյա կինը կատակել է, թե իր կողքի պալատում ծնված երեխան նման չէ իր հորը: Այդ կատակից հետո կանայք վիճել են, այնուհետև դիմել իրենց ամուսիններին: Օգնության հասած ամուսինները հարձակվել են միմյանց վրա, որոնց բաժանել են ոստիկանության աշխատակիցները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.