29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

28 | 29 | 30 | 01 | 02 | 03 | 04 |
05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 01 |
02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 |
Երեկ Շիրակի փողոցում Գագիկ Ծառուկյանին պատկանող երկհարկանի շինությունում, որը սովետի ժամանակ կոչվում էր «Մեբելի տուն», հետո էլ դարձավ կահույքի սրահ, բացվեց հայ-բելոռուսական առեւտրի կենտրոնը։
Չարբախցիները վաղուց էին սպասում այդ իրադարձությանը, հույսով, որ բելոռուսական սննդամթերքի գներն ավելի ցածր կլինեն, քան հարեւան՝ «Եզդու խանութ» կոչվող սուպերմարկետում։
Նրանց մի մասն էլ ուզում էր տեսնել «մեծն բարերար» Ծառուկյանին, որը բացմանը պետք է գար Բելոռուսի նախագահի ապարատի ներկայացուցչի՝ Նիկոլայ Կորպոտի հետ։
Ի դեպ, վերջին մի քանի տարում «Մեկ» կահույքի սրահ կոչվող այս թանգանոց խանութը Չարբախի ամենաամայի առեւտրի վայրերից էր։ Այստեղ ցուցադրված կահույքը անճաշակ էր, բայց աստղաբաշխական գների։
Վաղ առավոտից չարբախցիները դիրքավորվել էին Ծառուկյանի շենքի մոտ եւ լսում էին սովետական հիմնը, բելոռուսական երգեր եւ հայկական ռաբիս, որոնք պարբերաբար ընդհատվում էին «մեկ-մեկ, պչիյոմ-պրիյոմ» բացականչություններով։
Երբ հայտնվեցին Ծառուկյանն ու բելոռուսները կամերաների եւ բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ, հավաքված մարդիկ ուրախ դեմքերով առաջ նետվեցին, որ անվանի օլիգարխի հետ մտնեն խանութ եւ մասնակցեն բացմանը։
Բայց տհաճ տեսարան տեղի ունեցավ։ Ոստիկանները մարդկանց բրդբրդելով հետ մղեցին դռներից, եւ լայնաժպիտ օլիգարխը մասնակցեց բացմանն առանց ժողովրդի։ Մարդիկ մտան հետո, երբ կամերաները մաքրվել էին։
Երկրորդ հարկում ցուցադրված էին բելոռուսական «Հորիզոն» հեռուստացույցներ եւ սառնարաններ, ու գնորդներից ոմանք հիշեցին սովետական անցյալը։ «Եթե մեզ մոտ էլ սոցիալիզմ մնար, ինչպես Բելոռուսում, մենք էլ հիմա սենց ապրանքներ կունենայինք», -ասաց կանացից մեկը, իսկ տղամարդիկ անընդհատ պտտվում էին առաջին հարկում, օղու եւ գարեջրի տաղավարներում, զմայլվելով անծանոթ, գայթակղիչ տեսականիով։
«Գագոն Լֆիկի գործին խփում ա, արաղն ավելի էժան ա դրած», — եզրակացրեցին չարբախցիները։
Սյուզան Սիմոնյան
Ի՞նչը կարող է ավելի սարսափելի լինել, քան ծանր թմրամիջոցներ համարվող հերոինն ու կոկաինը … Պարզվում է` սովորական ցավազրկող հաբը կամ նյարդերը հանգստացնող դեղը, եթե այն ընկնում է թմրամոլի ձեռքը:
Այս խնդիրը վաղուց է արդիական Ռուսաստանում։ Այնտեղ վաղուց ի վեր բանը բանից անցել է։ Մեզ մոտ սկսեցին անհանգստանալ այն ժամանակ, երբ մի քանի այդպիսի դեղերի միջոցով պատրաստվող թմրանյութերի ներերակային օգտագործումը սկսեց հասնել մտահոգիչ չափերի:
Առողջապահության նախարարության նարկոլոգիական կլինիկայի կազմմեթոդական բաժնի վարիչ Սեդա Ջամալյանի խոսքերով` կլինիկայում բուժվողների մեջ շատ են «կոակսիլ»-ից եւ «սեդալգին»-ի ու բենզինի խառնուրդից պատրաստվող թմրամիջոցներից կախման մեջ ընկած մարդիկ: «Ահավոր ծանր վիճակում են գալիս, մարդիկ կան, որ բուժմանը չեն դիմանում, հրաժարվում, թողնում գնում են: Նույնիսկ հերոինից եւ կոկաինից կախվածությունը բուժելն ավելի հեշտ է, քան այս թույներից»,- խոստովանում է բժիշկը: Ինչպիսի՞ հետեւանքներ են ունենում «ինքնաշեն» թմրամիջոցները: Ներերակային թմրամիջոցներին բնորոշ ծանր հետեւանքներից (ՄԻԱՎ, հեպատիտներ, արյան վարակ, գերդոզավորում) բացի «կոակսիլը» առաջացնում է փտախտ եւ կուրություն: «Ներարկման տեղից սկսվում են բարդություններ, վերքը չի լավանում եւ վերածվում է փտախտի, որի պատճառով թեւը հեռացնում են: Մենք ունենք այդպիսի հիվանդներ, որոնց թեւը ամպլուտացիայի է ենթարկվել: Մյուս բարդությունը` ազդում է տեսողության վրա: Հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր օգտագործում են համակարգիչ, տեսողության լուրջ խնդիրներ են առաջանում, կուրանում են»,- ասում է Սեդա Ջամալյանը:
Նրա խոսքով` վատ հետեւանքներ է ունենում նաեւ «պենտալգին» եւ «սեդալգին» դեղերով պատրաստվող թմրամիջոցների օգտագործումը: «Գյումրիում դա արդեն դարձել է մոդայիկ ինչ-որ բան, խառնում են բենզինի հետ եւ ներարկում: Մեծ բարդություններ է առաջացնում, անձը շատ է փոխվում, դեգրադացվում, հնարավոր չի լինում բուժել նրան: Թեեւ դեռ լրիվ չի ուսումնասիրված, որովհետեւ նոր են սկսել դա օգտագործել»: Մտահոգիչ է հատկապես այն, որ այս ցավազրկող դեղերը հասանելի են բոլորին` էժան են եւ գտնվում են ազատ վաճառքում:
«Կոակսիլը», ինչպես ասացինք, արդեն հասցրել է լուրջ խնդիրներ առաջացրել Ռուսաստանում: Դրա օգտագործումը տարածված է հատկապես երիտասարդության շրջանում: Դեղ արտադրող ընկերության հետ դատական քաշքշուկներից եւ երկար քննարկումներից հետո միայն կարողացան խիստ վերահսկողություն սահմանել դեղի վաճառքի վրա:
Հայաստանում նույնպես փորձում են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, բայց թե ինչ կստացվի, դժվար է ասել: Ոստիկանության` թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչությունը եւ նարկոլոգիական կլինիկայի մասնագետները պնդում են, որ «կոակսիլը» պետք է ընդգրկել սահմանափակ շրջանառություն ունեցող հոգեմետ դեղերի ցանկում: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղագործական գործունեության կազմակերպման եւ դեղերով ու տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետ Մարինա Հարությունյանն ասում է, որ «կոակսիլը» կընդգրկվի հոգեմետ դեղերի ցանկում, եթե դեղի բաղադրատոմսում նշված լինի, որ պարունակում է հոգեմետ նյութեր: Յուրաքանչյուր դեղ Հայաստան մտնելուց եւ գրանցվելուց առաջ անցնում է լաբորատոր փորձաքննություն: «Կոակսիլ»-ի փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ այդ դեղը հոգեներգործող բաղադրիչներ չի պարունակում:
Դեղագործն ասում է, որ խնդիրը «կոակսիլ»-ով չի սահմանափակվում: Նեյրոլեպտիկ ցանկացած դեղամիջոց, այլ նյութերի հետ խառնելով, հնարավոր է ստանալ թմրամիջոց. «Նույնիսկ սովորական ցավազրկող դեղերից եւ աչքի կաթիլներից են ստանում, նշանակում է` բոլոր այդ դեղերը պետք է ընդգրկվե՞ն հոգեմետ դեղերի ցանկում»:
Չնայած այս հանգամանքներին, Մ. Հարությունյանի հավաստմամբ, առողջապահության նախարարությունն արդեն դիմել է «կոակսիլ» արտադրող ֆրանսիական ընկերությանը, որպեսզի դեղերի վրա մակնշեն հոգեմետ ազդեցության առկայությունը: Բայց ի՞նչ պատասխանի է սպասում նախարարությունը, եթե փորձաքննությունը ցույց է տվել, որ «կոակսիլը» նյարդեր հանգստացնող սովորական դեղամիջոց է, որը դուրս է գրվում բժշկի դեղատոմսով:
«Ինչ նշանակություն ունի, որ «կոակսիլը» հոգեմետ չէ: Դա մի դեղ է, որն առաջացնում է կախվածություն: Եթե դա օգտագործում են թմրամիջոց ստանալու համար, ուրեմն հսկողության տակ պետք է պահել այնպես, ինչպես ցանկացած ուրիշ թմրամիջոց»,- այս կարծիքին է նարկոլոգ Սեդա Ջամալյանը:
Կարծում եմ` առողջապահության նախարարության խնդիրը ոչ թե «կոակսիլը» հոգեմետ դեղ դարձնելն է, այլ դրա շրջանառությունը վերահսկելը եւ սահմանափակելը այնպես, ինչպես, օրինակ, արվում է թույների դեպքում: Համոզված եմ` առողջապահության նախարարությունը ոչ մեկին չի դիմել թույների մեջ հոգեներգործուն նյութեր փնտրելու եւ թմրամիջոցների շարքին դասելու խնդրանքով:
Իսկ բժշկի դեղատոմսով դուրսգրումը մեր երկրում չի կարող խոչընդոտ դառնալ նեյրոլեպտիկ դեղի ձեռքբերման համար, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում յուրաքանչյուր երրորդ մարդն ունի նյարդերը հանգստացնելու կարիք:
Մերի Ալեքսանյան
Վրեժ Շահրամանյանին այցս պայմանավորված էր IWPR «Խաղաղության ու պատերազմի լուսաբանման ինստիտուտի» կազմակերպած կլոր սեղանի ընթացքում ունեցած իմ ելույթով, որտեղ ես մեջբերել էի Նորայրի խոսքը, նա էլ իր հերթին մեջբերել էր իր էնդոկրինոլոգի խոսքից հատված: Վերջինս, երբ պարզել էր, որ Նորայրը բիոլոգիապես կին է, ուղարկել էր Վրեժի մոտ`ասելով, որ իբր բժիշկ Շահրամանյանը հանձն է առնում բուժել տրանսսեքսուալիզմը: Վրեժը զանգահարել էր ինձ ու հերքում էր պահանջում:
Համացանցում տիրող տրամադրությունները ևս խոսում էին այն մասին, որ լուրեր են տարածվել, թե Վրեժ Շահրամանյանը իրոք հանձն է առնում բուժել հոմոսեքսուալներին, ինչն էլ առաջացրել էր LGBTQ (լեսբի-գեյ-բիսեքսուալ-տրանսսեքսուալ-քուիր/համակիր) համայնքի ու նրա իրավապաշտպանների արդարացի զայրույթը։ Որոշեցի պարզել իրականությունը` արդյո՞ք համալսարանական կրթությամբ սեքսոլոգը չի ընդունում էն պարզ փաստը, որ 20 տարի է, ինչ Առողջապահության համաշխահային ասոցիացան հոմոսեքսուալիզմը այլևս հիվանդություն չի համարում: Իսկ դրանից հեղինակավոր կառույց ես դեռ չգիտեմ։
Հարմարավետ փոքրիկ սենյակ էր սեքսոլոգի սենյակը, ուր աշխատանքի սպեցիֆիկան պահանջում է մաքսիմալ հանգիստ մթնոլորտ: Ինձ դիմավորեց 30-ին մոտ ժպտերես ու հաճելի մի երիտասարդ: Չնայած նրան, որ ես ինտերնետում տեսել էի նրա նկարը, այնուամենայնիվ հանդիպումն անակնկալ էր, քանի որ ես սպասում էի տեսնել նոմենկլատուրային շառլատանի, բայց տեսա գրագետ ու բանիմաց մարդու:
Զրույցից պարզվեց, որ Վրեժը ոչ միայն այդպիսի անհեթեթություն չի ասել, ինչը նրա համար մասնագիտական մեծ սխալ կլիներ, ու բժշկական շրջանակներում նրան այլևս ոչ ոք լուրջ չէր ընկալի, այլ նաև առաջիններից է, որ հրապարակավ հայտարարում է, որ թե իգական, թե արական հոմոսեքսուալիզմը հիվանդություն չէ, ու պետք չէ մարդկանց բուժելու փորձեր անել: Դա նաև գիտակցված ընտրություն չէ, ուղղակի՝ սեռական կողմնորոշման երեք հիմնական` հետերոսեքսուալ (տարասեռական), բիսեքսուալ(երկսեռական) ու հոմոսեքսուալ(նույնասեռական կամ միասեռական) տեսակներից մեկն է։
Վրեժն ինձ ասաց, որ դեմ է միջազգային բժշկական տերմինները հայերեն թարգմանելուն, ու եթե ռուսերենում կան «пацеинт» ու «больной» բառերը, ապա դրանց հայերեն համարժեքը միայն «հիվանդ»-ն է. էդ պատճառով, երբ ասում ես, որ քեզ դիմել է հիվանդը, մարդկանց մոտ պատկերացում է ստեղծվում, թե դու քեզ այցելողին արդեն իսկ հիվանդ ես համարում («պաթոլոգիա» բառը սեքսոլոգիայի կենտրոնի աշխատակիցները դիտավորյալ հանել են «սեքսապաթոլոգ»-ի պոչից, որպեսզի մարդիկ չվախենան իրենց այցելելուց): «Ամբողջ հարցը հենց բառերի մեջ է, հայերենի բժշկական տերմինոլոգիան այդքան հաջող չի թարգմանված, ես վեր եմ թռչում որոշ տերմինների հայերեն թարգմանությունը լսելիս, օրինակ` սեռաբանություն»,- ասում է բժիշկը։
«Առողջապահություն» ամսագրի համարներում տպագրված հոդվածը վերնագրված է եղել «Հոմոսեքսուալիզմի ծագման ժամանակակից մի քանի տեսություններ»: Քանի որ Վրեժը դեմ է բժշկական միջազգային տերմինները հայերեն թարգմանելուն, նա այստեղ նույնպես օգտագործել է միայն «հոմոսեքսուալ» բառը, այդ վերնագրով էլ տվել է խմբագրություն, «համասեռամոլ»-ը վերնագրի մեջ ավելացրել են խմբագրողները։
Նա ասում է, որ ասուլիսներին սեքսուալ առողջության հետ կապված ինչպիսի թեմա էլ շոշափվելիս լինի, լրագրողներն անպայման բերում-հանգեցնում են հոմոսեքսուալիզմի մասին թեմաներին: Լրատվամիջոցները իբրև թե թարգմանում են ու գրում «համասեռամոլ», ինչպես ամսագրում էր. ստացվում է, որ օգտագործում ենք «համասեռամոլ» բառը, որը պարունակում է «մոլ, մոլի» վիրավորական արմատը. վաղուց Լեզվի ինստիտուտին պետք է պահանջ ներկայացնել այն գործածությունից հանելու` որպես անձը վիրավորող բառ:
Աղավաղման մեկ այլ օրինակ, էլի լեզվական: Վրեժն ասում է, որ հոմոսեքսուալիզմը հանվել է հիվանդությունների ցուցակից, մնացել է միայն մի տեսակ. մեջբերում եմ «Հետքի» լուսաբանումից՝ «էգոդիստոնիկ տեսակը, երբ մարդն ամուսնացած է, բայց միևնույն սեռի ներկայացուցչի նկատմամբ սեռական հակումներ ունի, ըստ մասնագետի, բուժելի է: Նրանք դիմում են մեզ, բացատրում` ինչ է իրենց հետ կատարվում, մենք էլ սկսում ենք բուժումը»:
Նախ` դա ասում է ոչ թե Վրեժը, այլ նույն Աոռղջապահության համաշխարհային ասոցիացիան: Հետո` հոդվածում ոչ մի տեղ չկա թարգմանությունը, թե ի՞նչ է էգոդիստոնիան, ու թե ինչի՞ց է բժիշկը բուժում պացիենտին: Էգոդիստոնիան հոգեկան շեղում է, թարգմանվում է մոտավորապես այսպես՝ ինքնաժխտում, իր ինչպիսին լինելը չընդունելու երևույթը: Հետեւաբար, Վրեժը բուժում է ոչ թե հոմոսեքսուալիզմը, այլ հոգեկան դիսբալանսը: Բնավ պարտադիր չէ, որ այն բխի միայն հոմոսեքսուալիզմը չընդունելուց, կարող են լինել ինքնաժխտման զանազան տեսակներ:
Այս դեպքում մարդը չի կարողանում ընդունել իր հակումը դեպի սեփական սեռը, ու նրա հոգեկան վիճակը դառնում է հիվանդագին: Իսկ բուժումն անցկացվում է հիմնականում հոգեթերապևտիկ մեթոդով. արդյունքում կամ մարդն ընդունում է իր բիսեքսուալ լինելը, քանի որ ավելի հաճախ այս տիպի էգոդիստոնիա է լինում, երբ մարդն ապրում է հակառակ սեռի զուգընկերոջ հետ, և կամ հակում է զգում դեպի նույն սեռը: Երբեմն լինում են էրոտիկ ժամանակավոր ֆանտազիաներ, դրանց վերանալուց հետո մարդը շարունակում է ապրել ընտանիքում:
Նույն ասուլիսից հատված մեջբերեցի` ասելով, որ Վրեժն իր խոսքի մեջ հոմոսեքսուալիզմը ուղղակիորեն համարում է հիվանդություն: Մեջբերում եմ. «Բայց մինչև մենք նրա հետ չխոսենք, մինչև չզրուցենք նրա հետ, չիմանանք նրա սեռական նախասիրությունների մասին, ոչ մի հաստատ ախտորոշում չենք կարող ասել»:
Բժիշկը պարզաբանում է. «Ախտորոշում ասելով` ես նկատի չունեմ, որ դա հիվանդություն է: Ուղղակի ռուսերենում «диагностировать» բառի հայերեն համարժեքը ախտորոշումն է, իսկ այս դեպքում ուղղակի լեզվական խնդիր է, որովհետև նույն ռուսերենում կա «диагноз-здоров», ինչի հայերեն համարժեքը կլինի՝ ախտորոշումը-առողջ: Բացի այդ, իրոք, մինչև անձը չանցնի սպեցիֆիկ սեքսոլոգիական հետազոտություն, ինչի արդյունքում անհատը կարող է բացահայտվել նրա այս կամ այն խնդիրը կամ դժվարությունը, որը սեքսուալ կողմնորոշում չի ճանաչում»։
Վրեժն ունի շատ բիսեքսուալ, հոմոսեքսուալ թե տղամարդ, թե կին պացիենտներ, որոնց նա ոչ թե հոմոսեքսուալիզմից է բուժում, այլ բուժում է նրանց հոգեկան լարվածությունը, օգնում է, որ նրանք իրենց հիվանդ չհամարեն, ու նաև փորձում է աշխատել նման երիտասարդների ծնողների հետ, որպեսզի նրանք չվանեն զավակին իրենցից միայն այն պատճառով, որ նրանք մեծամասության նման չեն ու չեն կարող սիրել հակառակ սեռին:
Ո՞ւմ է պետք Վրեժ Շահրամանյանի էժանագին հակա-RP-ը: Հաշվի առնելով մեր հետադեմ մենթալիտետն ու տիրող միջնադարյան պատրիարխալ մթնոլորտը` դա կարող է լինել ազգային անվտանգության հարց, քանի որ նույնասեռականներին դասում են աղանդների ու սուբկուլտուրաների շարքում, ու չեն ուզի թողնեն, որ հասարակությունը հանդուրժող դառնա նրանց հանդեպ: «Ազգը սերունդ չի տա, դա մերը չի, ներմուծված է». կամ ընդհանուր պայքար LGBTQ անձանց` իբրև «ազգակործան վիրուսի» դեմ: Այս պարագայում Վրեժին հոմոֆոբ ու հոմոսեքսուալիզմ «սուտի» բուժող ներկայացնելը՝ խեղաթյուրելով վերջինիս տված ասուլիսները, դժվար չէ պատկերացնել:
Բայց մի կողմ թողնելով նմանատիպ շերլոկհոմսյան հիպոթետիկ վարկածները` կարծում եմ, որ Շահրամանյանը զոհ է գնացել լեզվամտածողության թարգմանության պրոբլեմին, այն է՝ մտածում է ռուսերեն, խոսում հայերեն:
Մեջբերեմ Վրեժի խոսքը՝
«Համաձայն Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի` հոմոսեքսուլիզմը հիվանդություն չէ: Պետք է օգնել հոմոսեքսուալներին` կախված իրենց խնդիրներից: Պետք է հասկանալ, որ նրանք ոչ մեղավոր են, ոչ էլ այլմոլորակայիններ են: Նրանք մեզ նման մարդիկ են, որոնք տարբերվում են միայն սեռական կողմնորոշմամբ: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները լինեն առողջ, ինչ կողմնորոշվածություն ուզում է ունենան: Նրանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսիք կան: Իսկ պիտակավորելու, քարկոծելու փոխարեն պետք է տեղյակ լինել այդ երևույթի ծագման և զարգացման պատմությանը, որը ձգվում է ողջ մարդկության պատմությանը զուգահեռ, հասկանալ, որ անլուրջ քննադատական բևեռացումը միմիայն կհանգեցնի ագրեսիայի աճի: Ու ինչքան հանդուրժողականությունն աճի, էնքան մենք կունենանք առողջ ու գիտակից հասարակություն: Չի կարելի մերժել մարդուն` հիմք ընդունելով նրա սեռական կողմնորոշվածությունը»:
Վրեժի հետ խոսեցինք ոչ միայն էս թյուրիմացությունների մասին. դիտարկեցինք նաեւ ընդհանուր սեքսոլոգիական վիճակը մեր երկրում՝ այն իրոք անմխիթար վիճակում է գտնվում, մարզերում չկան մասնագետներ, մարդիկ տեղեկացված չեն: Վրեժը համաձայնեց, որ անհրաժեշտ է հասարակության տեղեկացվածությանը և հանդուրժողականությանը նպաստող նախագծեր մշակել և տարածել։
Շահրամանյանը սեքսոլոգ է, ով ուզում է, որ Հայաստանը, հայը մի քիչ դուրս գա կեղծ ավանդապաշտության ու ամոթի շրջանակներից, չամաչի ու չհապաղի իր սեքսուալ ցանկացած պրոբլեմներով դիմել սեքսոլոգին, ստանա որակյալ մասնագիտական օգնություն ու կարգավորի իր սեքսուալ կյանքը: Այդ ժամանակ երևի թե մենք կունենանք ավելի շատ սեքսուալ տեսանկյունից բավարարված ընտանիքներ, ու երջանիկ դեմքերը կգերակշռեն Երևանի փողոցներում:
Կարևորը, որ մարդիկ իրար հասկանան: Մնացածը ժամանակի հարց է:
Լուսինե Վայաչյան
«Հայաստանը չի կարող աճել միայն ներքին շուկայում ապրանքներ վաճառելով և շենքեր կառուցելով»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:
Սեպտեմբերի 9-ից 24-ը Երևանում էր գտնվում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը` Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Ռատնա Սահայի գլխավորությամբ:
Աշխատանքն ավարտելով` ԱՄՀ ներկայացուցիչներն այսօր իրենց գնահատականներն են ներկայացրել Հայաստանում տարվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ:
Որքան էլ Արժույթի միջազգային հիմնադրամը անհնարին է որակել իբրև Հայաստանի շահերով առաջնորդվող կառույց, որքան էլ այս կազմակերպությունը երբեմն ֆինանսավորում է այնպիսի ծրագրեր, որոնք այդքան էլ չեն բխում տվյալ երկրի շահերից, այնուամենայնիվ, անհնար է չհամաձայնել այս հեղինակավոր կառույցի նման գնահատականի հետ և անհնար է կասկածի տակ դնել վերջիններիս իրավացիությունը:
Շինարարությամբ տնտեսություն զարգացնելու անիրատեսության մասին ԱՄՀ-ն առաջին անգամ չէ, որ հայտարարում է. անգամ Հայաստանի երկնիշ ցուցանիշների «դարաշրջանում», որտեղ Հայաստանի` տնտեսական աճով «Կովկասյան վագր» դառնալու մեջ վճռորոշ գործոնը պատկանում էր հենց շինարարությանը, ԱՄՀ-ն զգուշացնում էր, որ շինարարության վրա «հիմնական ստավկա» դնել չարժե:
Դժվար է հավատալ, որ միջազգային կառույցի գնահատականները ծանոթ չէին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն այս տարվա գարնանը, հանդես գալով հարցազրույցով, դարձյալ շեշտեց շինարարության կարևորությունը:
«Հարաբերական միավորներով գրասենյակային տարածքների քանակով մենք աշխարհում գտնվում ենք վերջին տեղերից մեկում: 1 միլիոնից ավել բնակչություն ունեցող Երևանում կառուցվել է վարձակալության համար նախատեսված ընդամենը 5-6 գրասենյակային շենք: Մնացած բոլորը մի կերպ հարմարեցված շինություններ են` հեռու ժամանակակից պահանջներից: Մենք շատ հետ ենք եվրոպական երկրներից նաև ժամանակակից առևտրային հրապարակների տեսանկյունից: Այսինքն, շինարարության տեմպը երկար տարիներ պահպանելու ներուժը հսկայական է: Զարմանալի է` ինչպե՞ս կարելի է դա չհասկանալ:
Քննադատների տրամաբանությամբ, անհրաժեշտ էր արհեստականորեն արգելակել շինարարությունը հնարավոր ճգնաժամերի մտավախությամբ: Այդ տրամաբանությամբ ճապոնացիները պետք է կրճատեին ավտոմեքենաների ու էլեկտրոնիկայի, գերմանացիները` հաստոցների, սարքավորումների, չինացիները` տեքստիլի արտադրությունը և այդպես շարունակ` միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ում պահանջարկի հնարավոր անկումը կարող էր անդրադառնալ նրանց եկամուտների վրա: Դա դեպրեսիվ մտածելակերպ է»,- ասում էր նախկին նախագահը իր հայտնի հարցազրույցի մեջ և վերջում հորդորում կառավարությանը. «Անհրաժեշտ է համախմբել ջանքերը բնակարանային պահանջարկի պահպանման համար: Եղանակները բազմաթիվ են: Կարծում եմ` կառավարությունում արդեն կա այդ ըմբռնումը»:
Զարմանալի է, թե ինչպես այս ամիսների ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս գնահատականների հետ չեն հասցրել ծանոթանալ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները, որ նման «դեպրեսիվ մտածելակերպ» պարունակող զեկույցներով են հանդես եկել:
ՀՀ նախկին նախագահի գարնանային ակտիվությունն ու կառավարության քաղաքականության քննադատությունը խոսակցությունների ալիք ծնեց, թե Քոչարյանը պատրաստ է վերադառնալ մեծ քաղաքականություն և դրա դրդապատճառներից մեկը հենց այն է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը չի արդարացնում նրա հույսերը` հսկայական կապիտալ ներդրումներ պահանջած շինարարության արդյունք-բնակարանները վաճառելու առումով: Ինչպես երևում է, ՀՀ նախկին նախագահից դեռ էլի մի քանի հարցազրույց կպահանջվի` անձնական բիզնեսից բխող շահերը պետության տնտեսական քաղաքականության շահերի տեղ ներկայացնելու համար:
Հետգրություն
ԱՄՀ ներակայացուցիչները խոսել են նաև արտահանումը խրախուսելու, այլ ոչ թե վնասելու քաղաքականության անհրաժեշտության մասին, և իրենց զարմանքը հայտնել տնտեսվարողների վճարած ԱԱՀ-ի գերավճարների հաշվին ՀՀ կառավարության կուտակած պարտքի վերաբերյալ:
Լուսինե Կեսոյան
BBC News-ը տեղեկացնում է, որ Եգիպտոսի դատարանը միլիոնատեր Հիշամ Թալաատա Մուստաֆային դատապարտել է 15 տարվա ազատազրկման` լիվանցի երգչուհի Սյուզաննա Թամիմի սպանությունը կազմակերպելու համար:
Երկրորդ դատապարտյալ Մոխսեն Ալ-Սուխարին, որը կատարել է սպանությունը, ցմահ բանտարկության է դատապարտվել: 2009թ. մայիսին Ալ-Սուխարիին դատապարտել են մահվան, սակայն 2010թ. մարտին վերաքննիչ դատարանը փոխել է վճիռը, քանի որ միլիոնատերը բողոքել է հետաքննության ժամանակ տեղի ունեցած խախտումների համար: Երգչուհու սպանության գործը նորից պետք է ուսումնասիրվեր:
Սյուզաննա Թամիմին սպանել էին 2008 թ.: Ալ-Սուխարին մորթել է երգչուհուն վերջինիս` Դուբայում գտնվող բնակարանում: Որոշ տեղեկությունների համաձայն` երգչուհուն գլխատել էին:
Հետաքննությունից պարզվել է, որ նախկին ոստիկան, այնուհետև Մուստաֆայի թիկնապահ Ալ-Սուխարին համաձայնել է սպանել երգչուհուն 2 միլիոն դոլար ստանալուց հետո: Եգիպտացի միլիոնատերը սերտ հարաբերությունների մեջ է եղել երգչուհու հետ: Նա որոշել է սպանել աղջկան այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է ամուսնանալ իր հետ: Մուստաֆային ձերբակալել են 2008 թվականին:
Հիշամ Թալաատ Մուստաֆայի գործը մեծ աղմուկ բարձրացրեց արաբական աշխարհում: Մուստաֆան Եգիպտոսի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Վերջինս եղել է սոցիալ -դեմոկրատական կուսակցության անդամ և պատգամավոր:
Շատ են լինում ծիծաղելի ֆանտազիաներ, անհեթեթ երբեմն, չես կարողանում հասկանալ, թե ինչի՞ արդյունքում են էդ ֆանտազիաները ծագում տեսքից նորմալ մարդու մոտ: Օրինակ, կան տղամարդիկ, որոնք ուզում են կռվել, իսկականից կռվի բռնվել մեզ հետ: Տիկին Ռիման նախապատրաստում ա տանջատունը համապատասխան ձեւերով, ես հագնվում եմ «wrestling»- հագուստ՝ այսինքն «բարեցի» նման, ոնց որ ըմբշամարտիկ, կամ առանց օրենքների մարտեր որ լինում են, այ տենց: Մտնում ենք սենյակ, ուր Ռիման արդեն մատրաս ա դրել, որ մենք կռվենք: Էնքան ծիծաղելի ա էդ վախտ, դու ամեն ինչ մոռանում ես, էն, որ դու նեղ լատեքսի շոր ես հագել, կամ էլ որ էդ մարդը գրգռվում ա, սաղ էրոտիկ սեքսուալ մտքերը թռնում են, կորչում:
Էլի շատ ծիծաղելի բաներ կան: Կան, որ ասում են՝ իբր անմեղ, փոքրիկ աղջիկ են իրանք, ես էլ իրանց հետապնդում եմ, որ բռնաբարեմ: Նայում եմ էդ մարդուն՝ մեծ, չաղ, պապիկիս տարիքի, մորուքով, մտածում եմ ՝ «այ մարդ, գոնե մի պարիկ դիր գլխիդ, կամ աղջկա մի չուլ հագի, որ ինձ էդքան ծիծաղելի չլինի, որ կարենամ գործս անեմ»: Էդ փոքր սենյակում իմպրովիզացիա անելով` պետք ա թատրոնի թագուհի դառնաս: Իսկական պիես ա: Էս ծիծաղելն ա, որ ինձ հիշացնում ա էդ գործի մեջ, որ ես կարամ ուրախ լինեմ, որ ես մարդ եմ, որ կյանքս վատ չի: Ու հիշում եմ, որ վատ մարդ չեմ, որ մաքուր եմ ներքուստ, չնայած էս արտաքին այլասերվածություններին, որով զբաղվում եմ, որովհետեւ կյանքն ի վերջո հաճելի ա, լավ բան ա: Եթե կան ծիծաղելի բաներ, ուրեմն քո մարդկայնությունը չի կորել…
Մյուս աղջիկները՝ տիրուհիները, պատմում են նույն կլիենտի մասին, ով իրենց մոտ էր մի քանի ամիս առաջ, ասում էին, որ հա փորձում էր իրենց վրա նստել, ու պատմում էին, իրար խորհուրդ էին տալիս, թե ոնց անեն, որ կլիենտի հախից գան, որ իմանան ոնց պահի հաջորդ տիրուհին, եթե էդ կլիենտը իրան Մյուս աղջիկները՝ տիրուհիները, պատմում են նույն կլիենտի մասին, ով իրենց մոտ էր մի քանի ամիս առաջ, ասում էին, որ հա փորձում էր իրենց վրա նստել, ու պատմում էին, իրար խորհուրդ էին տալիս, թե ոնց անեն, որ կլիենտի հախից գան, որ իմանան ոնց պահի հաջորդ տիրուհին, եթե էդ կլիենտը իրան պատվիրի, նույնիսկ փորձում են հոգեվերլուծությամբ պարզել, թե ինչի՞ ա էդ մարդը ուզում էն, ինչ պիտի չուզի կոնկրետ իր սեռական շեղման դեպքում: Ինչ՞ կարա սպասի աղջիկը նրանից, ի՞նչ անի էս կամ էն դեպքում:
Ոնց ասել էի նախորդ նամակներում, շատ բարակ ա էդ գիծը ՝ ստորանալու ու ստորացնելու: Եթե գործդ լավ չես անում, տղամարդը ընթացքում երբեմն ուզում ա դեպի իրան շեղի սեսիան, այսինքն՝ ինքը քեզ ծեծի ու ստորացնի: Դու էլ, մտածելով որ շատ կվճարի, որոշ չափով երբեմն թույլ ես տալիս, որ շեղի… Իսկ պետք ա հասկանալ` երբ ասել «ոչ», երբ ա պետք խփել, երբ՝ ծիծաղել, ու ինչ անել, երբ լռություն է, երբ անելու էլ բան չկա: Պետք ա նաեւ լավ անես ամեն ինչ, որ ինքդ հավանես: Պետք ա ինքդ հարգես, երբ նրանք անհարգալից են լինում…
Աղջիկների հետ շատ լավ եմ զգում ինձ, նրանց հետ անցկացրած ժամանակս չեմ համարում կորած: Մեզ մոտ ուրիշ ձեւի ա, մնացած առեւտրային սեքս-բնագավառների նման չի, մենք իրար մրցակից չենք համարում մեզ, ոնց որ ուրիշ տեղերում: Նույնիսկ ստրիպտիզի պարողներն են իրար հետ «հագնում» ժամանակ առ ժամանակ, չնայած չես կարա ասես, որ իրանք սեքս-աշխատողներ են՝ չեն հարգում իրար որպես կին, որպես մարդ, միայն մրցակցություն ու գոյության պայքար: Մեզ մոտ չենք հայհոյում իրար, տենց բան չկա: Հակառակը՝ իրար «դուխ» ենք տալիս, որ ամեն մեկիս ինքնագնահատականը բարձրանա, որովհետեւ չես կարողանա տիրուհի լինել, եթե քեզ չհարգես որպես կին, չպաշտպանես ինքդ քեզ, քո ներքնաշխարհը: Եթե կեցվածքդ սկսի խղճահարություն առաջացնել, ապա կլիենտը հենց սեսիայի ժամանակ շատ հեշտ կարա շեղում անի:
Մի ուրիշ բան էլ կա՝ էստեղ քեզ ստիպում են, որ սահմաններդ հասկանաս, որ հասկանաս քո գերակշռությունը, առավելությունը ստրիպ պարողների կամ դրսի պոռնիկների նկատմամբ: Երբեք չեն ասի քեզ, որ նրանց պես վարվես: Նրանք վատն են, նրանք իրար են վաճառում եւ իրենց: Մենք մեր հատուկությունն ենք պահում ու պաշտպանում: Դա ա տիրուհու իսկական տիրությունն ու տիրապետությունը, որ ինքն առանձնահատուկ ա: Դրա համար էս գործի մեջ, ի տարբերություն մարմնավաճառության, չկան առնող, գիժ, խելագար մարդիկ: Պետք ա քո տիրապետությունը պահես միշտ, չմոռանաս քո ուժը, քո դիրքը, քո յուրահատուկությունը: Աղջիկները մեծամասամբ շատ առողջ են սնվում. Սալաթներ են ուտում, ձկնեղեն, միս շատ չեն օգտագործում, ալկոհոլ չեն խմում: Ու բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ ունեն: Յոգայից մինչեւ անասնաբուժություն, կավագործությունից մինչեւ պոեզիա…
Հայրիշխանությունը բոլոր կանանց սարքել ա նույնը, մենք ենք ստեղծում մեր յուրահատուկ լինելը, մեր տարբերություններն ու պաշտպանում ենք դա: Իսկ էս գործի մեջ անպայման պետք ա սահմանները հստակ պահես, թե չէ ինքդ քեզ չես հարգի:
Աղջիկները գիտեն, որ սա իրանց գործն ա, բայց որ շատ «կինոյի» նման գործ ա: Իրար հարց են տալիս՝ «Ո՞նց էր սերիադ», ու մեկ-մեկ նենց լավ մոմենտներ են լինում, երբ տիրուհիներից մեկը, կլիենտին ավելի ստորացնելու համար, նրան զոռով, կապկպած ու շղթայած բերում, մեզ ցույց ա տալիս, ստրկացնում ա դրան մեր առաջ: Ու մենք ծիծաղում ենք էդ մարդու վրա, որը դրանից ավելի ա գրգռվում…
Մենք գիտենք, որ փոքրամասնություն ենք էս աշխարհում, մի աշխարհում, ուր կինը վաճառվում ա, ուր ենթարկում են թրաֆիքինգի, կան մարմնավաճառներ, որոնց ցավ են պատճառում, ծեծում, ինչ ասես կարան անեն նրանց հետ…
Մենք հատուկ ենք, մենք պաշտպանված ենք, մենք էլիտար ենք, ու մենք իրար հասկանում ենք:
Դժվար ա էս գործի դրական ու բացասական կողմերը համեմատել ու որոշել`որն ա շատ, բայց ասեմ, որ դրական կողմերը հաճախ գերակշռում են: Հաջորդ պատմությունը դրա մասին կլինի:
Շարունակելի
Լուսինե Վայաչյան
Սիրված ու շնորհալի երգչուհի Էռնա Յուզբաշյանը որոշել է հիմնական բնակություն հաստատել Հայաստանում։ Նա ասաց, թե ցանկանում է, որ իր դուստրը դաստիարակություն ստանա հայկական հողում:
Շուտով 70-ականների փոփ երգչուհի Էռնա Յուզբաշյանը հայ հանդիսատեսին կներկայանա «Միայն քեզ համար» համերգային ծրագրով: Համերգային ծրագիրը հովանավորելու է «Արմավիա» ընկերությունը։
Այն հարցին, թե երգչուհին պատրաստվու՞մ է «խաղալ» այսօր էստրադայում տեղի ունեցող «խաղերով» և կհամաձայնի՞ «փող կտաս` կերևաս» պայմանին, ասաց.«Ես չեմ ցանկանում մրցակցության մեջ մտնել, չունեմ ամիսը մեկ տեսահոլովակներ նկարահանելու հնարավորություն և չեմ խաղալու այսօրվա խաղերով»։
Երկար տարիներ բեմում անցկացրած երգչուհին ունի միայն հանդիսատեսի վերաբերմունքի կարիքը .«Ես մրցանակների համար չէ, որ բեմ եմ դուրս գալիս, ինձ համար ամենամեծ մրցանակը հանդիսատեսի սերն է»: Այն հարցին, թե պլանավորվա՞ծ է համերգի ընթացքը, նա պատասխանեց`չթաքցնելով, որ ինքն անկանխատեսելի է և իսկական խելառ նույնիսկ պլանավորված համերգների ժամանակ:
Կոնֆուցիոսի խոսքերը լավ համահունչ են մեր երկրի հասարակական կարգերին. «Ամոթ է լինել աղքատ հարուստ պետության մեջ, անբարոյական է լինել հարուստ աղքատ պետության մեջ»,- այսպես է մտածում պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, սիրված ռեժիսոր և դերասան Նիկոլայ Ծատուրյանը։
— Պարոն Ծատուրյան, վերջին ժամանակներում խիստ հազվադեպ է դարձել հայ մտավորականի հայտնությունը: Ո՞ւր են մեր մտավորականները:
— Մտավորականությունը երբեք ձեռնտու չի եղել պետական կառույցներին, որովհետև նրանց ոչխարի հոտ է պետք, ոչ թե անհատներ, որոնք քննադատեն, չհավանեն, ինչ-որ ուղղություն ցույց տան: Սովետի ժամանակ, այնուամենայնիվ, կային դասեր, կային բանվոր դասակարգ, գյուղացիություն, կար մտավորականություն: Այսօր շատ բաներ վերացել են: Ո՞ւր է բանվոր դասակարգը: Չկա: Ինչպե՞ս կարող է լինել պետություն առանց բանվոր դասակարգի: Նշանակում է` ոչինչ չի արտադրում, բայց շատ հաջող կերպով մեր ժողովուրդը այդ բացը լրացրեց` բանվորությունը վերացավ , զարգացավ առևտրական խավը: Չորս կողմն առևտրականներ են, իսկ այս պայմաններում մտավորականները մտել են ծակերը և ննջում են: Ինչպես օրինակ` ես. մտել եմ վիրտուալ աշխարհ և չեմ ուզում շփվել այս աշխարհի հետ, որովհետև այնքան բացասական էմոցիաներ է հաղորդում մեր իրականությունը, որ չես ուզում շփվել: Մտավորականությունը հոգնել է «պայքար-պայքար մինչև վերջից»:
— Եվ ինչպե՞ս եք բնորոշում մեր հասարակությունը:
— Մեր հասարկությունը 2 մասից է բաղկացած: Կա ազգ, և կա ժողովուրդ: Հիմա 90%-ը ժողովուրդ է, 10%-ը` ազգ: Ամբողջ կյանքում ատել եմ ամբոխը, զզվել եմ հերթերից, անգամ հերթով նախագահին բարևելուց: Սարոյանը «Փրկություն կղզում» ասում է. «Առանձին-առանձին վերցրած` բոլոր մարդկանց սիրում եմ, նույնիսկ իմ ազգի թշնամիներին, որովհետև գիտեմ, որ մարդն ընդունակ չէ գազանության, գազան է դառնում ամբոխը»: Էս բոլոր միտինգները, որ կան, պայքար չեն, պարզապես մի քանի հոգի հմայում են ամբոխին, որ հետո իրենք նստեն աթոռին ու սկսեն գռփել: Մեր ժողովուրդը կարծես զոմբիացել է, որովհետև եթե նայում են «32 ատամ», սերիալներ, որոնք հեղեղել են արվեստի աշխարհը. սա սպանդ է: Բոլոր արժեքները խեղաթյուրվել են:
— Գուցե պատճառը ուղղորդողի, առաջնորդողի բացակայությո՞ւնն է:
— Իոնեսկոյի ռնգեղջյուրի սինդրոմն է. կարծես բոլորը ռնգեղջյուր են դառնում: Այնքան է ժողովրդի ճաշակը փչացել, ուղղորդելն անգամ վտանգավոր է: Մի անեկդոտ կա` բանվորները խոսում են, մեկը ասում է` տղերք, վեր կենանք, մի բան անենք: Մյուսն ասում է`բա որ հանկարծ նորից հաղթե՞նք: Այսինքն` կարող է նորից հեղափոխություն լինի, ու ավելի վատ լինի: Դեմոկրատիան լավ բան է, բայց կարևոր է, թե ում ձեռքն ես տալիս: Շատերը հիանում են «32 ատամ»-ով կամ նմանատիպ գործերով:
Այդպիսիներին համեմատում եմ գազանանոցում կապիկներով հիացող երեխաների հետ, բայց շատ քչերը` արժանապատիվներն են առյուծի վանդակին մոտենում: Այսօր մեր մտավորականները սոված, խեղճ միայնակ առյուծի նման գցված են վանդակի մեջ: Կապիկների համար վանդակը սովորական բան է, կարող են թռչկոտել, իսկ միայնակ առյուծը տխուր է: Մեր մտավորականը այսօր այդ առյուծն է:
— Ո՞րն է մեկուսացման պատճառը:
— Ձեռք են քաշել: Եթե մտավորականությունը շատ մտնի այս կյանքի մեջ, կաղքատանա, որովհետև հոգևոր սնունդ չկա: Երբ անհատներով ենք չափում, մեզ մոտ ամեն ինչ լավ է. սպորտը լավ է, անհատ նկարիչները լավ են, իսկ թատրոններում, ինչպես Սոս Սարգսյանն է ասում, օդ չկա, ինչպես օրինակ` վրաց թատրոնում, որտեղ մտավորականությունը պարտադիր հաճախում է թատրոն: Մեր մտավորականությունը ծպտված է: Ծպտված է, որովհետև աղքատ է, անփող է: Արժեքները փոխված են, և երկիրն այսօր օլիգարխների ձեռքում է: Ամեն ինչ կախված է փողից, դրա համար էլ մտավորականը լուռումունջ է : Կոնֆուցիոսի խոսքերը լավ համահունչ են մեր երկրի հասարակական կարգերին. «Ամոթ է լինել աղքատ հարուստ պետության մեջ, անբարոյական է լինել հարուստ աղքատ պետության մեջ»: Երկար տարիներ են պետք, որ ամեն ինչը իր տեղն ընկնի: Իզուր չէ գրված «Խաչագողի հիշատակարանը», որովհետև մեզ մոտ շատ են խաչագողները: Մենք չենք հոգնում կրկնել մեր սխալները: Հայ մարդը միշտ անհատ է եղել, դրա համար էլ չի կարողանում պետականություն ստեղծել: Դա է պատճառը, որ ամեն ինչ մասնատված, աղճատված է, դրա համար էլ մտավորականները մտել են տները: Ցեղակույտի ենք վերածվում: Շատերը նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ հարուստ գրականություն ունենք: Հալեպում շատ գրական բացահայտումներ արեցի, որոնցից տեղյակ էլ չենք: Էսպես էլ ապրում ենք: Մենք ենք, մեր ճահիճը:
— Հատկապես որտե՞ղ եք վտանգ տեսնում:
— Վտանգն այն է, որ երկիրը կարող է երկիր չդառնալ, քանի դեռ շարունակվում է էս հսկայական արտահոսքը: Երեքուկես միլիոնանոց երկրից մեկուկես միլիոնն այստեղ չէ, և քանի դեռ շարունակվում է հայկական էս գաղթը, մենք այնքան փոքրաթիվ կդառնանք, որ արդեն չենք մտնի համաշխարհային կազմակերպությունների շարքը, օգնություններ չենք ստանա, որովհետև այն երկիրը, որը մեկ միլիոնից պակաս է, ոչ օգնություն է ստանում, ոչ էլ երկիր է: Կորցրած հողեր ենք պահանջում: Բա որ տա՞ն: Ղարաբաղ են վերցրել, մարդ չի ապրում: Ղարաբաղցին փախել է, եկել Երևան: Գնում ես տասնյակ կիլոմետրեր ազատագրված տարածքներով, մարդ չի ապրում: Եթե անգամ մեր հողերը տան, ոչ մի հայաստանցի այնտեղ չի գնա ապրելու, կգնան միայն արևմտահայերը: Ասենք թե երեք միլիոն հայ մտնի ապրելու, իսկ 30 միլիոն քրդե՞րը: Վաղը, մյուս օրը եթե ընտրություններ լինեն, կստացվի պառլամենտ` երեսունը մեկի հարաբերությամբ` 30 քուրդ և 1 հայ: Մենք էլի հյուրեր կլինենք մեր հողում: Շատերի համար տարօրինակ է, բայց ես գտնում եմ, որ քանի դեռ հայը երկու երեխայից ավել չի ունենում, փրկությունը չի լինի: Շատ երեխաներ պիտի ունենանք, որովհետև երբ փոքր երկիրը շատանում է ժողովրդով, իրենից անկախ պահանջ է ունենում տարածվելու, մի տեղ էլ ունենալու: Իսկ քանի դեռ մի բան էլ դատարկվում ենք` էսպես ենք ապրում: Երբ ակվարիումի մեջ շատ ձկներ են դնում, չեն աճում, պիտի մեծացնես տարածքը, ծաղիկը երբ դնում ես փոքր սափորի մեջ, չի աճում: Որպեսզի ազգը ծաղկի, պիտի այնքան շատանա, որ իրեն մեծ տերիտորիա պետք լինի: Ասում են` ինչ պայմաններ են, որ երեխա ունենանք, իսկ մեր պապե՞րը, որ 6-7 երեխա էին ունենում, մի՞թե լավ էին ապրում: Ախր այսպես կարող ենք և վերանալ, ինչպես Բյուզանդիան, Ասորեստանը: Ծրագիր չունենք: Ազգային ծրագիր:
— Ե՞րբ չի կարողանում լռել Նիկոլայ Ծատուրյանը:
— Ես ոչնչին լուրջ չեմ նայում և ամեն ինչում ծիծաղելին եմ տեսնում: Ցավում եմ, որ մեր ժողովուրդը հումորն էլ է կորցրել:
— Իսկ երբ խռովում եք, հուզվում…
— Երբեք չեմ խռովում, աշխատում եմ հիանալ գոնե այն փոքր խոտով, որ ասֆալտը ճեղքելով դուրս է գալիս:
— Այնուհանդերձ հավատո՞ւմ եք մեր երկրի ապագային:
— Եթե չհավատայի, հիմա Ամերիկայում կլինեի, ինչպես շատերը: Չնայած հնարավոր է, որ վերջում ասենք` խելոքը նրանք են, բայց միևնույն է հավատում եմ:
— Ինչի՞ վրա է Ձեր հույսը:
— Ես սիրում եմ, որ երբ մի գաղափար է ծնվում, մեր ժողովուրդը միաբանվում է: Դրա վառ ապացույցը ֆուտբոլն է, երբ հայերն են խաղում, կամ Ղարաբաղյան շարժումն էր, թեև, ցավոք, շուն-շան որդիք օգտվեցին դրանից, բայց ազգը միավորվեց մի գաղափարի շուրջ: Ուրեմն եթե մեր ազգը նպատակ դնի` մեր երկիրը իսկապես պետություն դարձնելու, կփրկվի: Դրա համար էլ մեզ պետք է մտավորականություն: Կառավարության անդամների ու դեպուտատների 90%-ը բութ ուղեղներ են, որ անգամ չեն հասկանում` թատրոնը ինչ բան է: Ծնվել են իրենց գյուղերում, իրենց ակումբում սուտ թատրոն են տեսել ու մինչև հիմա դրա մեջ են: Դրա համար էլ արվեստը չի զարգանում, որովհետև եթե մի ղեկավար գա թատրոն` ներկայացում դիտելու, ժողովուրդն էլ օրինակ կունենա: Չնայած թատրոնից թատրոն չեն գնում, որովհետև մեր պառլամենտի ժողովները հենց թատրոն են, որ կան: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մեր ազգը մի իսկական ծրագիր կմշակի, որովհետև իրականում խելոք ազգ ենք:
— Ձեր խոսքը` ուղղված մտավորականին:
— Մեր մտավորականները միշտ իրարից անջատ են գործում. երբ մեկի գաղափարը ցայտուն է և մյուսի հետ չի բռնում, անջատվում են: Բարեբախտաբար, կարող են միանալ այն խնդրի շուրջ, որը պետությանն է վերաբերում: Բայց առանձին-առանձին վերցրած ամեն մեկը պետության զարգացման իր ուղին է տեսնում: Իսկ մասսանե՞րը` ուր տարան-տարան: Ամբողջ խնդիրն այն է, որ տանողները սխալ են տանում: Ցավոք:
— Ինչպիսի՞ երկիր եք երազում Ձեր թոռնիկների համար:
— Երազում եմ թոռներս ապրեն նորմալ, կարգին երկրում: Իսկապես դեմոկրատական, օրենք ճանաչող երկրում: Պարզ է, որ մենք չենք տեսնի, բայց գոնե նրանք տեսնեն:
Հարցազրույցը վարեց Կարինե Ջանջուղազյանը
Նորայր, Գագիկ, Կառլեն…
Էռնա, Նատա, Կատյա, Էլյա, Լորենա, Լայմա, Վիկա, Քրիստինա, Սիլվա…
Սրանք այն տրանսսեքսուալներն են, որոնց ես անձամբ ճանաչում եմ, որոնք իմ ընկերներն են, ծանոթներն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Շատ-շատերը կան, որ չեմ ճանաչում: Նրանք ներքուստ մի սեռի էության զգացողություն ունեն, սեռական ու սոցիալական վարքագիծ՝ հակառակ սեռի մարմնի ու սոցիումով պարտադրված դերի մեջ բանտարկված, ու սեփական երկրում չունեն սեռափոխության վիրահատություն անցնելու հնարավորություն:
Բոլորս էլ սխալական ենք, այդ թվում նաեւ Աստված:
Մենք գետերի հուներ ենք փոխում, տափաստաններ ենք ծաղկեցնում, մենք դեմքեր ենք «հավաքում» մեզ դուր չեկած սեփականների տեղ, արհեստական ինտելեկտ ու բանականություն ենք ստեղծում ու օգտագործում, մենք հսկայական հեկտարներով գենետիկորեն փոփոխված բույսեր ենք աճեցնում ուտում, արհեստական արեւային վաննաներ ենք ընդունում, մենք երեխաներ ենք ստանում կոլբաների միջից, շուտով երեւի արհեստական մարդ էլ կկլոնավորենք…
Աշխարհում ամենուր մարդիկ սեռ էլ են փոխում, բայց ոչ Հայաստանում: Ինչո՞՚ւ մեր սիրելի դերասանուհի Շերի դստեր որդի դառնալը մենք ընդունում ենք, բայց մեր մեջ ապրող տրանսսեքսուալների նույն սեռափոխությունը հայերիս թվում է սրբապղծություն, իսկ օրենսդրական բյուրոկրատական ապարատն ու հնացած բժշկական մոտեցումներն այն անհնար են դարձնում Հայաստանում:
Տրանսսեքսուալիզմը (փոխսեռականություն) շատ երկրներում դասվում է գենդերային՝ սեռական իդենտիֆիկացիայի՝ նույնականացման հիվանդությունների շարքին, որի միակ բուժումը սեռափոխության վիրահատությունն է: Հայաստանում, ցավոք, դա հնարավոր չէ իրականացնել: Մեր տրանսսեքսուալները սեռը փոխելու համար պետք է դիմեն զանազան խորամանկությունների, քանի որ մեզ մոտ չկա ո´չ օրեսնդրական, ո´չ առողջապահական հիմք այդ կարգի վիրահատություններն օրինական դաշտում իրականացնելու համար:
Նրանք պետք է գնան արտասահման, օրինական կամ զարտուղի ճանապարհներով, երկար ճանապարհ անցնեն նախ քաղաքացիություն ստանալու համար, հետո էլ զանազան հոգեբանական հետազոտություններ անցնեն, փող գտնեն հորմոնային թերապիայի ու վիրահատության համար, և եթե ամեն բան ստացվի, փոխեն սեռը` համապատասխան իրենց գենդերային ինքնազգացողության ու հետո առհավետ մոռանան հայրենիք վերադառնալու մասին, քանի որ փաստաթղթեր չկան. այստեղ նրանք ոչ ոք են՝ ոչ էն սեռի են, որով գնացել են, ոչ էլ նոր:
Պարզվում է` մենք ունենք օրենսդրությամբ նախատեսված այսպիսի մի կետ.
Հոդված 70. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը կազմվում է հետեւյալ դեպքերում.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կազմակերպությունը տվել է սեռի փոփոխության մասին սահմանված ձեւի փաստաթուղթ:
Այստեղ խնդիր է ծագում արդեն բժիշկների հետ: Ողջ աշխարհում տրանսսեքսուալիզմն ախտորոշվում է մեկ-երկու տարիների ընթացքում, որի ընթացքում մարդն ապրում է իրեն ցանկալի գենդերային դերում: Հետո, եթե այլ հոգեբանական շեղումներ չեն գրանցվում, ախտորոշվում է տրանսսեքսուալիզմ: Հայաստանում այդպիսի բժշկական հաստատություններ չկան: Այստեղ մաքսիմում կարող են ուղարկել կարիոտիպի անալիզի, հետազոտել քրոմոսոմային կապերն ու ըստ դրա որոշել` բիոլոգիապես կի՞ն է, թե՞ տղամարդ, թե՞ երկսեռ է: Նույնիսկ այդ դեպքում պլաստիկ վիրաբույժն իրավունք չունի վիրահատելու. օրինական թույտվություն չունի, չեն տալիս: Իսկ եթե քրոմոսոմները չունեն երկսեռական կապեր, ապա մարդուն ուղղակի ուղարկում են հոգեբույժի մոտ` «բուժվելու» ու «նորմալ» մարդ դառնալու:
Մեր բժիշկները կամ չգիտեն, կամ չեն ուզում իմանալ, որ երկսեռն ու փոխսեռը տարբեր բաներ են: Ողջ հանրապետությունում չկան մասնագիտացված էնդոկրինոլոգներ ու հոգեբույժներ, ովքեր կարող են տալ այդ ախտորոշումը:
Նորայրը տղամարդու իր էությամբ գոյատեւում է կանացի մարմնի մեջ: Նա շատ երկար ճանապարհ է անցել, փնտրել է հոգեբաններ, այլ ինստիտուտներ, որտեղ կարող է անցնել այդ հետազոտությունն ու ստանալ փաստաթուղթ, որ նա տրանսսեքսուալ է ու իրավունք ունի վիրահատվելու: Ժամանակին կապվել է Մոսկվայի քաղաքային հոգեբանության ու էնդոկրինոլոգիայի կենտրոնի (այդ կառույցը եւ Ռուսատանի մի շարք այլ կառույցներ իրավասու են տալ այդպիսի փաստաթուղթ ) ղեկավար Ստեփան Մաթեւոսյանի հետ: Նա ասել էր, որ Հայաստանում նման ինստիտուտ չկա, բայց ուզում էր բացել: Որոշ ժամանակ անց ասաց՝ քանի որ նման մարդիկ Հայաստանում քիչ են, ապա ինքն էլ դրանով չի զբաղվում:
Երեւանում Նորայրը հանձնել է կարիոտիպային անալիզ, որը ցույց է տվել կանացի քրոմոսոմային կապեր: Նրան ասել են, որ ինքը բիոլոգիապես կին է, եւ էնդոկրինոլոգը նրան խորհուրդ է տվել «բուժվել» սեքսոպաթոլոգ-հոգեթերապեւտ Վրեժ Շահրամանյանի մոտ, որը չգիտես ինչ բժշկական մեթոդներով հանձն է առնում «բուժել» ողջ ԼԳԲՏ հայությանը: Երբ Նորայրն ասել է, որ Առողջապահության համաշխարհային ասոցիացիան վաղուց է հանել տրանսսեքսուալիզմը հոգեկան հիվադությունների շարքից, ու ինքը նման բուժման կարիք չունի, բժիշկը հասկացել է, որ նա քաջատեղյակ է, եւ ի պատասխան դրան` առաջարկել է մեկնել Ռուսաստան` ասելով, որ Հայաստանում այլ բուժման ձեւ չկա:
Հիմա Երեւանից ու Հայաստանից հույսը բոլորովին կտրել է, բայց արտերկրում էլ, եթե երկրի քաղաքացի չես, շատ բարդ է այդ ամենի իրականացումը: Կարող ես միայն մեկնել Թայվան կամ այլ երկիր, ուր անլեգալ կատարում են նմանատիպ վիրահատություններ: Ասում է, որ մենք իրավականորեն ունենք այդ կետը, որով կարելի է անձնագիր փոխել: Ասում է նաեւ, որ մեր բժիշկները տգետ են, ու քանի որ եթե ունես բժշկական փաստաթուղթ, բայց ձեւը պարզ չէ, ու պարզ էլ չէ, թե ումից կարելի է պարզել, նրանք մի մասնագետից մյուս մասնագետի մոտ են ուղարկում մարդուն:
Մեկը մյուսից տեղյակ չեն, բժիշկները հղում են տալիս օրենսդրական բացերին, օրենքն էլ ասում է՝ բերեք բժշկական փաստաթուղթ: Բժիշկներն էլ ի՞նչ կարող են տալ, եթե անգամ տրանսսեքսուալիզմն ու հերմոֆրոդիտիզմն իրարից չեն տարբերում: Եթե քեզ մոտ XX46 է, անկախ նրանից դու քեզ ինչ սեռի ես զգում, դու կին ես ու վիրահատության կարիք չունես: Վիրաբույժը վերջինն է այս շղթայի մեջ, նա չի կարող որևէ բան անել առանց օրինական թույլտվության ու հոգեբանի, էնդոկրինոլոգի ու սեքսոպաթոլոգի եզրակացության:
Միջազգային պրակտիկայում ընդունվել է F64.0 տրանսսեքսուալիզմ ախտորոշումը, իսկ Հայաստանում ոչ մի կառույց դա չի անում: Նորայրը դեռ ոչ մի հայ բժշկի չի հանդիպել, ով գիտի, թե իրականում ինչ է տրանսսեքսուալիզմը: Նորայրը հարցի մասին բավականին ինֆորմացիա ունեցող գրագետ մարդ է, բայց չէ՞ որ կան այնպիսիները, որ չգիտեն ոչինչ, վաղ հասակում են դիմում բժշկի, նրանց սխալ ուղու վրա են դնում, ուղարկում «բուժվելու», համարում են հոգեկան հիվանդ` դրանով իսկ առավել բարդացնելով նրանց բաժին ընկած առանց այդ էլ դժվար կյանքը…
Նորայրը կարծում է, որ սեռափոխության վիրահատության մասին խոսելիս պետք է ամենավերջում անդրադառնալ վիրաբույժներին: Մինչեւ նրանց հասնելը շատ բան կա մեզ մոտ, որ պետք է անել:
Մենք Նորայրի հետ միասին փորձեցինք ինչ-որ բանից սկսել, ինչ-որ քայլեր անել, որպեսզի կարողանանք իմանալ, թե ինչն է անհնարին դարձնում նման վիրահատությունների իրականացումը Հայաստանում, եւ ո՞ւմից ի՞նչ ենք պահանջում:
1. Պետք է բժշկական ուսումնական հաստատություններում, ուր ամեն ինչ շատ հին է, սկսած դասագրքերից վերջացրած «սովետական» դասախոսներով ու մենթալ հայկական բարքերով, ուշադրությունը սեւեռել գենդերային նույնականացման գիտական մոտեցումների ու խնդիրների վրա:
2. Պետք է բժիշկներին իրազեկել՝ մի խումբ էնդոկրինոլոգների, հոգեբանների ու հոգեվերլուծողների, սեքսոպաթոլոգների ու էնդոկրինոլոգների ուղարկել` միջազգային նորմերին համապատասխան վերապատրաստվելու:
3. Մեզ պետք է կառույց, ինստիտուտ, հիվանդանոց, ուր մարդիկ կկարողանան դիմել, հետազոտություն անցել ու ստանալ ախտորոշում:
4. Պետք են բարձրակարգ էնդոկրինոլոգներ, ովքեր գիտեն, թե ինչ է պետք տրանսսեքսուալներին, ու կկարողանան նրանց ճիշտ բուժում նշանակել, եւ քանի որ սեռափոխությունից հետո էլ հորմոնային թերապիան ցմահ է, կարողանան տրանսսեքսուալներին ճիշտ սպասարկել:
5. Եւ վերջում միայն, այդ ամենից հետո, ըստ բնականոն պահանջարկի կհայտնվեն վիրաբույժներ, ովքեր պատրաստ կլինեն իրենց ծառայություններն առաջարկել:
6. Պարզաբանել ու հստակեցնել հոդված 70 գ. կետում խոսվող «սեռի փոփոխության մասին սահմանված ձեւի փաստաթղթի» ձեւն ու բովանդակությունը:
Եթե առաջիկայում հնարավոր լինի այս քայլերն իրականացնել, բավականին մեծ առաջխաղացում կունենանք Հայաստանում սեռափոխության վիրահատությունները հնարավոր դարձնելու հարցում:
Լուսինե Վայաչյան
Ինֆորմացիոն աջակցությունը՝ http://trans-armenia.blogspot.com/ կայքի
Այս տարի կառավարությունը որոշել է ուսուցչի տոնը նշել առանձահատուկ ձևով: Նախ այն դարձվեց հատուկ տոն, դրա համար առանձնացվեց հատուկ ամսաթիվ` հոկտեմբերի 5-ը: Այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի առաջարկին` փոփոխություն մտցնել բյուջեում և գումար հատկացնել` ուսուցչի տոնը հավուր պատշաճի կազմակերպելու համար. «որոշվեց 9195,7 հազար դրամ հատկացնել «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու և 7.300.0 հազար դրամ` «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթների հաղթողներին ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով»։
Այս հարցի քննարկումը կառավարության միապաղաղ նիստում մի փոքր աշխուժություն մտցրեց: Նախ երիտասարդ նախարար Արմեն Աշոտյանը իր` ժամանակակից տղամարդ լինելը ապացուցեց նրանով, որ առաջարկեց շեղվել ընդունված ավանդույթներից և ամեն տարի ընծայվող «Ժիգուլու» փոխարեն գոնե այս տարի առանձնանալ և նվիրել արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա. քանի որ գնվում են ընդամենը երկուսը, նախատեսվող գումարի սահմաններում կարելի է նաև այլ մակնիշի ավտոմեքենա ձեռք բերել: Ֆինանսների նախարարը փորձեց խնայողություն անել` ասելով, թե այդ գնով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա հնարավոր չէ ձեռք բերել, Աշոտյանը` թե կարելի է «Հյունդայի» մակնիշի փոքր չափերի ավտոմեքենա վերցնել: Այստեղից նախարարներն աշխուժացան, սկսեցին իրենց իմացած մակնիշների ավտոմեքենաները թվել, իսկ ներքևում` մամուլի սրահում աշխատող լրագրողները` իրենց իմացածը կամ սիրածը` սկսած «Bently»-ից, մինչև վարչապետը վերջ դրեց խոսակցությանը և հայտարարեց հարցի լուծված լինելու մասին`ասելով` «ուսուցիչների վրա չի կարելի տնտեսել»:
Ուսուցչի տոնին իր ներդրումը ձգտեց ունենալ նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա առաջարկեց ոչ թե պարզապես ուսուցչի տոն անել, այլ դա դարձնել «համահայկական», որ ուսուցչի տոնը լինի ոչ միայն Հայաստանի Հանրապետության ուսուցչի, այլև սփյուռքահայ ուսուցչի տոն: Դարձյալ միջամտեց վարչապետը, սակայն այս անգամ Հրանուշ Հակոբյանի անկեղծ ցանկության վրա սառը ջուր լցրեց` բացատրելով, որ այդ դեպքում մենք մյուս տոների նկատմամբ ևս պետք է այս մոտեցումը կիրառենք. չէ՞ որ մենք ունենք նաև ֆինանսական աշխատողի օր, փրկարարի օր…
Այդպես, Հրանուշ Հակոբյանի կոնստրուկտիվ առաջարկը` ուսուցչի տոնը վերափոխել «Հայաստանի Հանրապետության և սփյուռքահայ ուսուցիչների համահայկական տոն»-ի, ջրվեց:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.