Ես հայտնագործություն եմ կատարել` ինձ մրցանակ է հասնում։ Չեմ ասում, թե միանգամից` Նոբելյան, բայց այս հնարավորությունը ևս պետք չէ բացառել։
Հայտնագործությունս վերաբերում է սև խոռոչներին, ավելի ճիշտ` ես առաջ եմ քաշել սև խոռոչների առաջացման մի նոր մեխանիզմ, կառուցել եմ համապատասխան տեսություն, փորձարարորեն հայտնաբերել եմ բնության մեջ դրանց գոյության բոլոր ապացույցներն ու ցույց եմ տվել սև խոռոչի կոնկրետ օրինակ, հետազոտել եմ վերջինիս ֆիզիկական բնութագրերը և ժամանակային դինամիկան։
…Սկսեմ մի քիչ հեռվից, որպեսզի շարադրանքս հիմնավոր լինի և կուռ կերպով ձևակերպված, ինչպես ես դա անում եմ միշտ։ …Ուրեմն այսպես։ Օրերս աչքովս ընկավ Մանե Հակոբյանի մի հետաքրքիր հոդված-հարցազրույց` Երևանում կայացած մի գիտաժողովի մասին, որի թեման սև խոռոչների ֆիզիկան էր։ Կարդացի, լավ էլ հոդված էր, բայց վերջում տեսնեմ ինչ–որ մարդիկ՝ ոնց որ թե մի «թայֆից» (կներեք, ժողովուրդ ջան, էս բառի համար. շատ մտածեցի, բայց դրա գրական տարբերակը չգտա, ի դեպ, թե գիտեք՝ ասեք), կարծիքներ են գրել ու քարկոծել էն ֆիզիկոսներին, որոնք զբաղված են էդ թեմայով։
Էդ մարդկանց ասելիքն էն է, որ ոչ մի սև խոռոչ էլ չկա։
Օրինակ, մի մեկնաբանող, ներկայանալով Գիտնական անվամբ, գրել է՝ «Սև խոռոչը դեռ չի հայտնաբերված, քվանտային տեսությունը հանդիսանում է ֆորմալ-մաթեմատիկական կառույց միայն, որի ֆիզիկական իմաստը այդպես էլ մնում է չբացահայտված»։ Է հա, դե մարդիկ ասացին, որ դեռ լիովին բացահայտված չէ, աշխատում են այդ ուղղությամբ։
Իսկ մի ուրիշն էլ՝ Վեհարի Արաքելյանը, գրել է. «Բնական է, շատերը չգիտեն, որ այսօրվա գիտությունը ուղղորդվում է մի բուռ մեծահարուստների ոհմակի կողմից, որոնց եկամուտները շարունակում են ուռճանալ համատարած տգիտության պայմաններում»: Հիմա տգիտությունը ո՞րն է. ընդունե՞լը, թե՞ չընդունելը։
Ճշմարտության քուրմը ավելի սրամիտ դուրս եկավ, նա էլ, թե՝ «Մանեն ամեն դեպքում մեղավոր է. ես կասեի հա վհուկ է: Վառել է պետք Մանե Հակոբյանին՝ սենց բան տպելու համար: Կեցցե՛ Հայոց Միջնադարը»։
Մեկնաբանությունները` մեկնաբանություններ, բայց թեման իսկականից հետաքրքիր է՝ Սև խոռոչներ։ Ի՞նչ բան է դա։ Ընկա մտքերի գիրկը։ Նորից ու նորից կարդացի հոդվածը ու փորձեցի ի մի բերել ձեռք բերած հիմնարար գիտելիքներս սև խոռոչների տեսության բնագավառում և համադրել այդ ամենն իմ տեսածի, իմացածի, հասկացածի ու առողջ բանականության հետ։ Հարցն, այո, մտատանջող է` արդյոք կա՞ն այդ սև խոռոչները բնության մեջ, թե՞ չկան։ Հարցը կարևոր է, քանի որ սև խոռոչների հնարավոր քվանտային հատկությունների ուսումնասիրությունը կարող է օժանդակել ամբողջական գրավիտացիայի քվանտային տեսության կառուցմանը, ինչը շատ էական առաջընթաց կհանդիսանա տեսական ֆիզիկայի և, ընդհանրապես, բնության մասին մեր հիմնարար պատկերացումների տեսակետից։
Մտածում եմ ու մտածում։ Ուրեմն, հոդվածում գրված է, որ տեսականորեն, սև խոռոչներ կարող են առաջանալ տարբեր սցենարներով, մասնավորապես` զանգվածեղ տիեզերական մարմինների (աստղեր, գալակտիկաների միջուկներ և այլն) սեղմման արդյունքում կամ մեծ էներգիաներով միջուկային ռեակցիաների արդյունքում։ Ուրեմն, հնարավոր են տարբեր սցենարներ։ Հետաքրքիր է՝ էլ ի՞նչ մեխանիզմներ են հնարավոր, ի՞նչ տարբերակներ կան…
Եվ ահա այստեղ, ո՛վ հաջողություն, ո՛վ տիեզերական ձիրք ու ո՛վ ի վերուստ ինձ բաժին ընկած օժտվածություն, ինձ այցելեց ֆորտունան։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին այցելել էր իմ նախորդներին` Արիստոտելին, Գալիլեյին, Նյուտոնին, Էյնշտեյնին։ Այցելեց, և ես կատարեցի դարի մեծագույն հայտագործություններիից մեկը։ Ես հայտնաբերեցի՛ սև խոռոչների առաջացման ևս մեկ ճանապարհ ու՝ գլխավորը, որը իմ տեսությունը շատ ընդհանրական է ու կարող է հիմք հանդիսանալ շատ այլ տեսությունների համար։ Այո՛, ես հայտնաբերեցի։ Դա սև խոռոչների առաջացման կոռուպցիոն ճանապարհն է։ Ընկերներ, ինչո՞ւ եք սև խոռոչներ փնտրում տիեզերքում՝ լարելով, ավելի ու ավելի հզորացնելով աստղադիտակները, կամ ինչո՞ւ դրանք փնտրել երկրի միջուկում կամ ինչ-որ միջուկային ռեակցիաներում. ընկերնե՛ր, սև խոռոչներն այստեղ են՝ ուղիղ մեր քթների տակ, միայն թե մենք անո՛ւնը ճիշտ չենք ասում. մենք դրան անվանում ենք` ՀՀ պետբյուջե!
Պետք է շտապ դիմել լեզվի տեսչություն, որպեսզի սև խոռոչ և ՀՀպետական բյուջե անվանումներն այսուհետ դիտվեն՝ որպես հոմանիշներ։
Հիմա բացատրեմ՝ մեջբերելով հոդվածից միտք՝ «Սև խոռոչը հանդիսանում է Էյնշտեյնի Հարաբերականության ընդհանուր տեսության տարօրինակ լուծում, այսինքն՝ այնպիսի լուծում, ըստ որի՝ գոյություն ունի, այսպես կոչված, իրադարձությունների հորիզոն՝ այնպիսի մի սահման, որից այն կողմ գտնվող որևէ մարմին չի կարող դուրս գալ այդ տիրույթից»։
Տեսնո՞ւմ եք։ Որեմն՝ մեր պետական բյուջեն հե՛նց վերոնշյալ իրադարձությունների հորիզոնն է, որտեղ մտնող գումարն այլևս դուրս չի գալիս։ Համենայն դեպս, գիտնականները չեն հայտնաբերել արտահոսք։ Նվազագույնը, դատելով գիտության բյուջեի` անհետացման եզրին գտնվող չափից, հաստատ ոչինչ դուրս չի գալիս։ Առավել ևս, որ նույն պատկերն է մնացյալ բոլոր բնագավառներում, բայց դե հիմնական չափանիշը բյուջեի` գիտությանն ուղղված մասն է, քանի որ հենց գիտությունն է մեր գերակա ոլորտը։
«Այսինքն՝ այնտեղ գործում է գրավիտացիայի այնպիսի հզոր դաշտ, որ անգամ լույսի մասնիկները չեն կարող հեռանալ»։
Էդ գրավիտացիայի հզոր դաշտը մեր առաջնորդ–էլիտա–օլիգարխիայի անսպառ ախորժակն է, տիրույթն էլ, որից ոչինչ չի կարող դուրս գալ, անգամ՝ լույսի մասնիկը, նրանց անկուշտ «ստամոքս–գրպանը», որի մեջ ընկածն այլևս չի հասնում ո՛չ երկրի տնտեսությանը, ո՛չ ժողովրդին։
Հարցն էլ այն է, որ «առայժմ այդպիսի օբյեկտների գոյության վերջնական ապացույցներ չկան, քանի որ ուղիղ տեսանելի չեն, նրանց գոյության մասին կարելի է դատել միայն կողմնակի ճանապարհով. օրինակ՝ ելնելով այն ազդեցությունից, որ այդ օբյեկտները գործում են իրենց շրջապատող տիեզերական այլ օբյեկտների վրա»։
Հիմա, նույնաբար՝ մեզ համար էլ տեսանելի չէ սև խոռոչը, բայց, ելնելով բյուջե մտնող գումարի, այսինքն` մեր քաղաքացիների կատարած աշխատանքի, անվերադարձ անհայտանալուց, գալիս ենք եզրակացության, որ այնտեղ կան ինչ–որ խժռող մարմիններ։ Հավանականությունն էլ այն է, որ դրանք գործում են վերոնշյալ պաշտոնյաների անձնական գրպանների տեսքով։ Հիմա պա՞րզ է։
Դե, ոնց որ ասում են՝ հայի բախտ։ Հենց մե՞ր երկրին պիտի ռաստ գար էդ սև խոռոչը, ու հենց մե՞ր բյուջեին։ Բայց ի՞նչ կարող ենք անել. ունենք այն, ինչ ունենք, հետևաբար մտածել է պետք…
Եվ ես մտածել եմ ելք, եզրահանգում, որին մինչ օրս չի հանգել ոչ մի գիտական միտք՝ պիտի անզիջում պայքար մղել սև խոռոչների դեմ, պիտի ջարդուփշուր անել դրանք, որպեսզի բյուջե մտնող գումարի ու այնտեղից դուրս եկողի միջև ոչ մի լումայի տարբերություն չլինի։
Առավել ևս՝ եթե մի տեղից լույսն անգամ չի կարողանում դուրս գալ, պիտի վերջը տալ դրա, թե չէ՝ երկրին կտիրի կղերականության և ղեկավարության կողմից տարածվող արհեստածին խավարը, որի նշաններն, ի դեպ, արդեն երևում են։ Եղիցի՛ լույս։
Տեսա՞ք ինչ կատարվեց. տարիներ շարունակ ֆիզիկոսները գլուխ են ջարդում սև խոռոչների խնդրի վրա, բայց վերջնական հայտնագործության հեղինակը դուրս եկա ես՝ բանասեր Արամ Պապայանս։
Արամ Պապայան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.