Խորը հաղորդությունն ամենևին էլ լցված չէ բառերով ու ձայներով, մանավանդ, որ բոլոր բառերն արդեն հետապնդված ու հալածված են։ Եթե կարողանայինք մի պահ անջատել քաղաքի ձայնը, խլացնել նրա ինտերաղմուկը, միգուցե այն իր պատկերաշարով ավելի ընկալելի ու սիրելի լիներ մեզ։ Կամ՝ հեռացնեինք բոլոր խրոխտ խոսողների աուդիո–ուղերձները և ուղիղ նայեինք նրանց համր կադրերին. համա թե թամաշա կլիներ՝ աչքերի խաղը, ժեստերի լեզուն, ծեքծեքուն բերանի պլաստիկան։ Ձայները տեղով մեկ փորձություն են և չարժեն պատկերի մի մանրամասն անգամ հենց միայն նրա համար, որ խանգարում են հասնել ամենաերանավետ եզերքին՝ լռությանը։ Իսկ քաղաքը ծորացող խզզոցի ու փսլինքի մեջ չկորցնելու համար հաստատ մի մեծ ու հզոր լռության ակցիա է պետք.
Ի գիտություն բոլոր ոստիկանների՝
Եթե քաղաքի վրա բարձրացած, պարաններով կապկպված մի աղջիկ տեսնեք, նրան փրկելու, առավել ևս քաշքշելու փորձեր չանեք։ Հիշեք, որ աղջիկը լուռ է լինելու մինչև վերջ և չի պատասխանելու անգամ խաչաձև հարցերի։
Քաղաքն այդ օրն, ի վերջո, լռություն է լսելու՝ մնջախաղի աղջիկ Նարե Հայկազյանի կատարմամբ, և այդ գաղափարն անձամբ ժամանեց, գիտե՞ք, հենց այս զրույցի ամենախոսքաշատ ժամին։
–Նարե, բառերից զզվեցինք արդեն։ Ինձ թվում է՝ գալիս է իսկական Ձեր ժամանակը՝ ժեստերով, լուռ շփվելու ճիշտ ժամանակը։
–Հա՞, իսկապե՞ս։ Ավելի լավ։ Մանավանդ, որ անձնական որևէ հաստատուն բան չեմ ստեղծել մինչև հիմա։ Ամեն բան եղել է անանձնական, հավատացեք։
–Այ, եթե փորձենք անջատել մեր իշխանավորների ձայնն ու նայել նրանց պատկերներին, ի՞նչ մնջախաղ կտեսնենք, ինչպե՞ս են նրանք խաղում։
–Վայ, միանգամից ճակատային հարց տվեցիք։ Այնտեղ խաղ չկա, հասկանո՞ւմ եք։ Խաղն ունի սկիզբ, կուլմինացիա և ավարտ։ Եվ մի շահագրգռության պահ էլ ունի՝ լինել։ Եվ կարևոր չէ, թե դու ինչ ռակուրսի մեջ ես։ Կարևորը՝ ներկա լինես։ Ես նրանց նայելիս իմ ներկայությունը չեմ զգում։ Մի տեսակ, կատարողական, պարտադիր խաղ է ստացվում. Ոչ կանոններ կան, ոչ ձեռնոց է նետվում, ոչ էլ որևէ շահագրգռություն կա ընդհանրապես։
–Օրինակ, պետության առաջին դեմքերի լուռ խաղը՝ ժեստերը, դիմախաղը, ի՞նչ ուղերձ ունեն։
–Դա մի հարատև սյուժետային կոնցեպտ է։ Պետք է շատ ուշադիր հետևել և հասկանալ, թե ուր է տանում։ Չնայած՝ ասեմ անկեղծ. հիմա ես ապաքաղաքական եմ։ Այստեղ շատ եմ բախումներ ունեցել։
–Չեմ կարծում, թե սա քաղաքական հարց է։ Ես Ձեզ մաքուր մասնագիտական հարց ուղղեցի. նրանց ժեստերից Դուք ավելի լավ կզգաք, թե իրականում ինչ կա խաղի խորքում։
–Ինքս երբ դիտում եմ որևէ բան՝ կերպարը կամ սիրում եմ, կամ՝ չեմ սիրում, ընդունում եմ, կամ՝ չեմ ընդունում։ Ձեր ասած թատրոնի անունը ես չգիտեմ, մանավանդ, որ անավարտ է այն, ինչ տեսնում եմ։ Բայց, ամեն դեպքում, իմ նախընտրած գործը չէ դա։ Իսկ ընդհանրապես, պետք է կերպարին հավատալ՝ նրա աչքերին։ Կարևոր է հավատալը։
–Տպավորություն է, որ այստեղ միայն բառերն են բանում։ Ամենաժիրը նրանք են։
–Ես հիշեցի, որ բոխչես հավաքած, թավջութակով առաջին անգամ ինստիտուտ դիմեցի։ Բոլոր առարկաներից 5 ստացա, բայց մարքսիզմ-լենինիզմից կտրեցին։ Եվ ես բարձրացա բողոքելու ռեկտորի մոտ, և ռեկտորն ինձ ասաց՝ «Մեզ ապոլիտիկ դերասաններ պետք չեն»։ Այդ օրը ես իմ կոչումն ստացա։ Ինձ համար քաղաքագիտությունը միշտ էլ ծուռ գիտություն է եղել։
–Չէ, այս գաղափարը սպառնում է սևեռուն դառնալ, և ես պիտի շարունակեմ. կներեք՝ իսկ եթե փորձենք քաղաքի ձայնն անջատել, զուտ պատկերաշարով ի՞նչ կերևա։
– Հիմա եթե քաղաքի ձայնն անջատես, ավելի մեծ դժգոհություն կլսես։ Պարապություն, անհուսություն կա քաղաքում։ Առաջ գոնե օպերայի կենտրոնում աղունիկներ կային, կարապի լճում՝ կարապներ, քեզ հետ ապրող, շնչող կենդանիներ, նրանց կարելի էր լսել։
–Միշտ ցանկացել եմ հասկանալ, օրինակ, Չապլինը ավելի շատ կինո՞ է, թե՞ թատրոն, մնջախաղ։ Բայց այսօր արդեն ժանրերը, ֆորմաներն այնքան տարրալուծվեցին, որ այդ հարցն անհեթեթ դարձավ։ Բայց, ամեն դեպքում, լռությունը համ կինո, համ թատրոն չէ՞։ Եվ միգուցե հենց այդ պատճառո՞վ է սկսվել համր ֆիլմերի բումը։
–Լռության աշխարհը միշտ իմ տարերքն է եղել։ Իմ ծննդից սկսած՝ ես այդ աչքերով եմ աշխարհին նայել։ Ինձ համար ձայնը միշտ կարևոր է խոսքից։ Իսկ ժեստի աշխարհը միշտ կգնա ինձ հետ։ Նկարն էլ է նույնը. Նրանք մտնում են լուռ կոնցեպտի մեջ։
Իմ կարծիքով, կարևոր են ոչ թե գաղափարները, այլ կարիք ներկայացնելը։ Ես չեմ սիրում գաղափար խաղալ։ Դա գաղափար է այն ժամանակ, երբ դրվում է տեսակի պաշտպանության խնդիր, որպեսզի տեսակները տարանջատվեն։ Ա՛յ, դրա համար, երբ Դուք ասում եք՝ ձայներն անջատենք, ես մոտավորապես հասկանում եմ, որ Դուք խոսում եք միատեսակ և բազմատեսակ աշխարհների մասին։ Վախենում եմ Ձեզնից արդեն, Վարդ։
–Դա օրինաչափ է. ես էլ Ձեզնից եմ վախենում, երբ բեմի վրա եք՝ աշխատանքի մեջ։
–Ես հիմա ինձ բռնեցի. ես իմպրովիզի սիրահար եմ, չէ՞։ Սիրահարը քիչ է, խելագար եմ։ Ես էլ կարող եմ ինձ բաներ թույլ տալ, որ բոլոր կանոններից դուրս է։ Դրա համար ինձ էքստազիստ կարող էին ասել։ Ստեղծագործող մարդը պետք է ազատ տարածքում մնա։ Միշտ։
–Իսկ մենք ի՞նչ ենք արել միշտ. ոհմակով լցվել ենք կրեատիվ, վառ մարդու վրա և չենք հանգստացել, մինչև նրա արյունը չտեսնենք, նրան չհասցնենք մահվան դուռը։ Առանձնապես չեք շեշտում, բայց ինչպես հասկանում եմ՝ հենց դա է Ձեզ դուրս հանել երկրից։
–Լավ էլ ասացիք։ Այո։ Հենց այդպես էլ եղել է։ Եվ դա ընդամենը մի պատմություն չէր։ Նրանք ամենուր են։ Պանտոմը, միմը՝ ազատ թռչուն է։ Եթե նրանց կենտրոնացնում ես, նրանք մեռնում են։ Մարսել Մարսոն մինչև իր կյանքի վերջը իր երազած թիթեռին բռնում էր։ Ո՞վ է տարիք սահմանել։ Այստեղ, փաստորեն, երբ ազատ խոսում ու մտածում ես, պարզվում է՝ լավ չէ։ Չես մարսում։ Բայց գիտե՞ք, դա միայն Հայաստանում չէ։ Ազատ ստեղծագործողի խնդիրը մեծ խնդիր է։ Ինչ արվել է այնտեղ, ես կուզեի այստեղ արվեր։ Մեծամտության նոտա չկա, ուղղակի պետք է այստեղ արտահայտվեի։ Ու սա իմ մասին չէ։ Ընդհանրապես, իմ արվեստն իմ մասին չէ։
–Երբ մարդը խփվում, արյունոտվում է, ազատությո՞ւն է կորցնում, թե՞ ավելի է պնդանում ու կարծրանում, ավելի հաստատուն է դառնում իր դիրքերում։
–Սովորաբար հերոսանում ես ինքնազոհողությամբ։ Բայց ես կուզեի, որ զոհեր չլինեն։ Ընդհանրապես, ազատության ցանկացած տենչ զոհեր է պահանջում։ Ու հիմա ես Ձեզ եմ հարցնելու՝ ասացեք ինձ, ի՞նչ է ազատությունը։
–Ազատությունն, իհարկե, վերևում է՝ երկնքում։ Բայց երկրի վրա ազատությունը երևի այն է, երբ ինքդ քեզնից էլ չես ամաչում։
–Բայց Դուք Ձեր չամաչելով չպիտի կոխոտեք ուրիշի սահմանները։
–Անշուշտ։ Բայց հիմա Դուք ամաչո՞ւմ եք Ձեզնից։ Ուզում եմ հասկանալ՝ ազա՞տ եք։
–Ոչ։ Ես չեմ ամաչում ինձնից։ Ես բեմի մարդ եմ և հանգիստ կարող եմ ինքս ինձ ծաղրել։ Մտնում ես իմպրովիզի մեջ ու չգիտես, թե ինչպես դուրս կգաս այդտեղից։ Իսկ այնտեղ միայն գեղեցիկ մնալու համար չես մտնում։ Այդ պահին ամեն ինչ կարող է պատահել քեզ հետ։ Բայց մի բան հաստատ է՝ եթե լավը պաշտպանված է պուճուր անկյուններով, այդ գունդը կարող է մեծանալ։
–Այո, հենց պուճուր անկյուններում են կայանում աշխարհի մեծ ու լավ բաները։ Բայց հենց գալիս մտնում է մեծ հրապարակ՝ մեյդան, տեղում ապականվում է։ Ճիշտն ասած, ես այսօր վախենում եմ, որ Հրանտ Մաթևոսյան սիրելը մոդա է դարձել։ Դա նշանակում է զանգվածային հարձակում Մաթևոսյանի գրի վրա։ Կարող են հոշոտել, չէ՞։
–Դուք հակազդող բան եք ասում։ Եթե մի բան ապականվելու է, թող ապականվի։ Նայեք, ֆիլմեր եմ նայում՝ սիրուն, գժական պատկերներով։ Ապշում եմ, որ այդպես գեղեցիկ կարող են ամեն բան մատուցել։ Մեկ էլ տեսնում եմ, որ այդ գեղեցկության տակ մի հատ սիստեմ կա՝ դանակային սիստեմ, որ ձայնը լսվում է՝ դըխկ, դըխկ։ Բոլորս կանչված ենք ռոբոտիզմի, ծես է ամեն ինչ ու այդ ծիսակատարության մեջ ապրում ու մեռնում ենք կատարելով։ Հավերն էլ են նույն սիստեմի մեջ, մարդիկ էլ, բոլորն էլ…
–Լավ, Դուք գնացիք Ամերիկա։ Կարո՞ղ եք երկու բառով ասել՝ ի՞նչ է Ամերիկան։
–Օրենքի երկիր, որը հնարավորություն է տալիս քեզ գտնելու։ Եթե դու աշխատող մարդ ես, Ամերիկան քեզ կընդունի գրկաբաց։
–Դուք գնացիք այնտեղ Ձեր լուռ արվեստով. լեզվական խոչընդոտներ չկային և պիտի որ կարողանայիք մասնագիտական դաշտում Ձեզ գտնեիք։ Բայց ինչքան լսեցինք՝ կոճակ, կար, շոր–մոր։ Ինչո՞ւ։
–Էդ կոճակ–կարն իմ նախաձեռնությունն էր, որովհետև ուզեցի լինել ինձ հպատակ, իմ զգեստների աշխարհում։ Կարել չգիտեի՝ սովորեցի և որոշեցի իրացնել սեփական երևակայությունս, ինչի համար շատ ուրախ եմ և ինչն այստեղ չէի անի։ Հետո հնարավորություն ունեցա իմ կոճակավորված երևակայությունը հանել բեմ՝ շոուներ անել։ Մարդիկ գնեցին և կրեցին իմ զգեստները։ Բայց թողեցի, որովհետև դա չէ իմ գործը։ Իմ հաղթանակն այն էր, որ ես իմ կտավներն սկսեցի սարքել, ցուցահանդեսներ անել. տեղյակ եք երևի։ Հորիցս եկած՝ գենիս մեջ կար նկարը, քանդակը։ Կարևորը, որ հոգևոր քաղցի մեջ չեմ եղել։ Իսկ մնջախաղ՝ միշտ անում եմ, երբ տեսնում եմ, որ հասունացել է մեջս որևէ փոքրիկ էտյուդ։
–Ասացեք ինձ խնդրեմ՝ Ամերիկայի և Հայաստանի հասարակական թատրոնը. երբ նայում ես այդ հասարակությանն ու մեզ, նրանց լուռ թատրոնը շա՞տ է մեզնից տարբեր։
–Գիտե՞ք, նրանց խենթերը իսկական, լավ խենթեր են։ Իսկ մերոնք այդ խենթության իմաստը լավ չեն հասկացել։ Սահմաններն էլ են տարբեր։
–Երբ դրսերից վերադառնում եք Ձեր մնջախաղի թատրոն, այն շա՞տ է դուրս թվում մշակութային այսօրվա համատեքստից։
–Մնջախաղի թատրոնում չեմ նայել և ոչ մի ներկայացում։
–Ինչո՞ւ չեք նայել։ Ձեզ հետաքրքիր չէ՞։
–Գիտե՞ք, չեմ էլ հրավիրվել։ Թե չէ սիրով կգնայի։ Իմ սիրտը, հաստատ, խռոված չէ։
–Տոմս գնեք և գնացեք՝ որպես հանդիսատես։
–Չգիտեմ էլ, թե որտեղ են նրանք հիմա, ներկայացում կա՞, թե՞ չկա։ Բայց անպայման կգնամ։ Եկել եմ հենց ներկայացումներ դիտելու։ Ի դեպ, գնացի Գյումրի, նայեցի ներկայացումներ։ Հրաշալի երիտասարդություն տեսա այնտեղ։ Մշակութային այդ իզոլացված տարածքում թատերական հրաշալի մթնոլորտ կա։ Հասարակությունը վազելով ներկայացումների է գնում։ Էլի փշաքաղվեցի, որ խոսեցի։
–Իմ համեստ կարծիքով, ժամանակակից արվեստը, ընդհանրապես, ակցիաներ պետք է անի, տարբեր արվեստների միքսեր պետք է ունենա, շատ ֆորմուլաներ պետք է խառնի իրար։ Ցավոք, ես չեմ տեսնում այդպիսի զարգացումներ։
–Եթե անտարբեր ես և ֆիքսված ընչաքաղցության վրա, նման բաները կայանալ չեն կարող։ Եվ դա վախկոտություն է։ Առհասարակ, փողոցից է սկսվում կենդանի շփումը։ Տները մեզ տրված են միայն ապահով քնելու համար։
–Երևանում տեսնո՞ւմ եք քաղաքային և քաղաքակրթական ընդգծված տարածքներ։
–Այո, ահագին նոր դիսցիպլիններ են մտել, կարճացել, արագացել է շատ բան։ Բաներ կան, որ գովելի են։ Բայց ընդհանուր՝ ինչ-որ քնաբեր կա։
–Ես էլ եմ զարմանում, որ էներգիայով լցված ժողովուրդը շատ դանդաղ է շարժվում։ Զարմանալի դանդաղ տեմպ կա երկրում։ Մենք դեռ դինամիկ հասարակություն չենք. դանդաղ ենք մտածում։ Ժամանակի 24-ժամյա բյուջեն մեզ համար փող չէ։
–Դե, որ մտածում ես և մտածածդ չի իրագործվում, փտախտի, դեֆորմացիայի է ենթարկվում։ Շատ տաղանդավոր մարդիկ կային, որ այսօր լճացել են։ Որովհետև ժամանակին իրենց ասելիքը տեղ չեն հասցրել։ Ամեն ինչ տրվում է, որ փոխանցես։ Այդպես չէ՞։ Դե, ասեք Ձեր կարծիքը։
–Ես հիմնականում տալիս եմ հարցեր, որոնց պատասխանը չգիտեմ։
–Դուք չեք փոխարինի ինձ, ես չեմ փոխարինի Ձեզ։ Սա է, երևի, ճշմարտությունը։
–Ինձ թվում է՝ այսօր երկրում բաշարողների կաստա կա, հենց այդպես՝ բաշարողների, ովքեր ապրում ու գործում են բոլոր տարածքներում։ Որ դուռը բացում ես՝ նրանք են։ Եվ հատկապես մշակութային տարածքներ են նրանք լցված։ Եվ այնքան հիմնավոր են այնտեղ նստել։ Միշտ ուզում եմ իմանալ՝ Հայաստանո՞ւմ է այս խնդիրն այսպես, թե՞ դրսում էլ՝ ավանգարդում նրանք են։
–Դա ամենուր է։ Իսկ հայերն ամենուր են այդ կոալիցիաներն ստեղծում։ Մարդը եթե չգտնի իր ներքին ազատությունը, նրանց կուլ կգնա։
–Երեկ, թե այսօր՝ դարձաք ՀՀ քաղաքացի։ Ի՞նչ է տալիս այն Ձեզ։
–Դառնալով չէ, գեներով է, լինելով է։ Ինչ էլ քեզնից խլեն թղթաբանությամբ կամ կնիքով, խլողը մի օր պատասխան է տալու։ Երևանի արյունն ու փոշին իմ մեջ է։ Եվ հեռուն ու մոտն այստեղ կապ չունի։
–Ինձ թվում է՝ շատ եք մենակ։ Ինչո՞ւ եք մենակ մնացել։
– Ես ուզում եմ Ձեզ ծափ տալ։
–Ինչո՞ւ։ Չէ՞ որ ծափն էլ աղմուկ է։ Ի միջիայլոց, ծափերով կարելի է խորտակել ցանկացած մեկին։ Երբ լուռ լսում ես որևէ մեկին, դա հենց ծափահարություն է։
–Ես միշտ ասում եմ՝ ամենալավ հանդիսատեսը և ունկնդիրը պետք է լինի հենց ինքը՝ ստեղծագործողը։ Մեր կյանքը դեկադաների արանքում է՝ ցանելու, հնձելու շրջաններ կան։ Ինչ որ կատարվում է՝ պատասխան է լինելու։ Ով կորցրել է՝ գտնելու է, թեկուզ ուրիշ տեղ։ Չի կարող այսպես ամեն ինչ ունայնանալ։ Չի կարող։ Մենք չենք մեզ ծնել։ Մարդիկ այսօր ինքնաֆետիշացմամբ են զբաղված, դրա համար էլ պարալիզում է տեղի ունենում։ Եթե դու սեր չունես, ավելի լավ է գնաս, կորես սարերում։ Գնա այնտեղ քեզ փնտրի. գոռգոռա, լացի, փնտրի, քեզ գտի, նոր իջի մարդկանց մոտ։
Հարցազրույցը՝ Tert.am-ի, շարունակությունն՝ այստեղ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.