Օրինակ, պարո՛ն վարչապետ ջան, եթե ոչ մի տեղ, ոչ մի առիթով ոչ մի բան չասեք, կմտածենք՝ վարչապետ մարդ է, զբաղված է, կամ էլ երևի արտասահմանում է՝ օֆշորների կամ էդ շարքի՝ անկախ ձեր կամքից նվեր ստացած գումարների «բացահայտումների» և տերերին վերադարձնելու գործով։ Բայց դե որ խոսում եք, մենք էլ ստիպված ենք լինում բացատրել մարդկանց, թե ինչն ինչից հետո և թե ինչ նկատառումով նման բան ասաց մեր շատ հարգելի պարոն վարչապետը։ Բայց բացատրելն էլ հեշտ գործ չի. դե արի ու մարդկանց բացատրի, որ վարչապետի ամբողջ կյանքը բաղկացած է հակասություններից ու իրարամերժություններից։ Բա հակասություն չի ի՞նչ է, որ գիտնականները լրիվ անփող են, իսկ վարչապետի հաշվեհամարին, որտեղ առանց էդ էլ, նույնիսկ գիտնականների՛ համար դժվար հաշվելի գումար կար, անհայտ մի բարերար նորից տարել փող է գցել՝ վարչապետիս գցելով կրակը. դե հիմա պետության գործերը թող, սկսի որոնել էդ բարերարին, որ փողը վերադարձնես. իսկական Բարեկենդանի պատմությունը։
Երեկ էլ գիտելիքի օրն էր։ Ու էդքան գործերի մեջ մարդը ժամանակ է գտել, ուղերձ է հղել՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, դեռ մի բան էլ դժգոհողներ կան:
Իսկ ուղերձում ասվում է. (ներկայացնում եմ ամբողջությամբ)
«Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Կրթությունը, գիտելիքը մեր ժողովրդի արժեհամակարգի հիմքն են: Գիտելիք ունեցող մարդն ազգային հարստություն է, որի պահպանմանն է ուղղված մեր պետության ջանքերը: Լավ կրթություն, հարուստ գիտելիքներ ունեցողի համար մեր երկրում աստիճանաբար ստեղծվում են անհրաժեշտ հնարավորություններ, որպեսզի վերջինս իր ապագան կերտի Հայրենիքում: 21-րդ դարում պետություններն իրար հետ առաջին հերթին մրցում են գիտելիքահեն հասարակություններով: Մենք կարող ենք և պարտավոր ենք մեր արժանապատիվ տեղը զբաղեցնել աշխարհի այդ երկրների շարքում: Այդ ճանապարհին հսկայական է ձեր դերակատարությունը` սիրելի մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ և ուսանողներ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ` մաղթելով ամենայն բարիք»:
Մարդը լավ էլ ասում է՝ «Գիտելիք ունեցող մարդն ազգային հարստություն է, որի պահպանմանն է ուղղված մեր պետության ջանքերը»: Բանից դուրս է գալիս, որ մեր երկրում գիտնականն ընդհանրապես դասվում է գիտելիք չունեցողի դասում, քանի որ ազգային հարստություն համարվողը կստանար ամենաբարձր աշխատավարձը ու ոչ թե ամենացածրը, և հետո՝ նրանց պահպանմանն ուղղված և ոչ մի ջանք հնարավոր չէ արձանագրել։ Հակառակը՝ խնդրեմ. մեծահասակ սերունդը հեռացել է կյանքից, շատերի մոտ՝ արագացել է հեռանալը՝ պայմանավորված իրենց արհամարհած ու չարքաշ վիճակի հետ, երիտասարդ սերունդը հեռացել կամ հեռանում է արտասահման, մի մասն էլ թողել է գիտությունը՝ հիմնականում այն փոխարինելով տաքսիստությամբ (անձամբ ես մի քանիսին գիտեմ), միջին սերնդից էլ, եթե մի քանի ներկայացուցիչ մոմով–բանով հայտնաբերես, կհասկանաս, որ նրանք ուղղակի «Կարմիր գրքում», որպես անհետացող սերունդ, նշվելու արժանի նվիրյալներ են։
«21-րդ դարում պետություններն իրար հետ առաջին հերթին մրցում են գիտելիքահեն հասարակություններով: Մենք կարող ենք և պարտավոր ենք մեր արժանապատիվ տեղը զբաղեցնել աշխարհի այդ երկրների շարքում»:
Ասում եմ, չէ՞, մեր վարչապետի մոտ շատ հակասություններ կան. բա ախր 21–րդ դարի առաջին քառորդին ենք մոտենում, ո՞ւր է էդ գիտելիքահենք հասարակությունը. «անունը կա, ամանում չկա» ախր։
ՀՀ կառավարությունը 2010 թ. ընդունել է «ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը» 2011-2020 թվականների համար, ըստ որի` «2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը գիտալիքահենք տնտեսություն ունեցող, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ու մշակումների մակարդակով Եվրոպական գիտատեխնիկական տարածքում մրցունակ երկիր է»։ Մինչև 2020 թիվը, նախատեսված է, որ երկրում գիտության ֆինանսավորումը պիտի «մոտենա միջին եվրոպական չափանիշներին», այսինքն` ՀՆԱ-ի 0.24 տոկոսից հասցվի մոտ 2 տոկոսի։
3 տարի է անցել, ոչ մի քոռ լումա չի ավելացել, 2014-ի բյուջեն էլ արդեն մշակված է՝ գիտության մասով ոչ մի առանձնահատուկ փոփոխությամբ։ Էս ո՞նց պիտի հասցնեն 6 տարում ոչ թե թռիչք, այլ վագրի ոստյուն ապահովել։ Անխելք մարդ չեմ, բայց չեմ կարողանում հասկանալ, ժողովուրդ, մի հատ ինձ բացատրե՞ք։ Բայց մի կողմից էլ մտածում եմ՝ վարչապետ, նախագահ մարդիկ են, հո չխաբեցին…
Մի բան էլ ասեմ. ես՝ Արամս, ում ուզում եք՝ հարցրեք, ազնիվ, բարեխիղճ մարդ եմ, ասածս՝ արած է (չեմ ասում՝ խոսքս գործ է, որ հանկարծ ուրիշ բան չմտածեք)։ Դե ազնիվ մարդը մարդկանց վստահում է, բայց սա ոնց որ էդ դեպքը չէ… մտածում եմ… կարողա՞ էշի տեղ է դնում մեզ մեր վարչապետը, հը՞… աչքներիս թոզ փչում, սիրուն–սիրուն խոստումներ տալիս, մինչև որ «սրոկը» լրանա, գնա իր օֆշորների հետևից…
Ի դեպ, քանի որ վերը խոսք գնաց շատ աշխատասեր, համեստ ու սուսուփուս մի կենդանուց, բացատրեմ վերնագրի իմաստը։ 1–ինը Նապոլեոնի հայտնի խոսքն է եգիպտական պատերազմի ժամանակ, երբ ամենակարևոր խնդիրներից մեկը փոխադրամիջոցների անվտանգությունն ապահովելն էր։ Ճակատամարտի առաջին հրամաններից էր՝ «էշերին և գիտնականներին՝ մեջտեղ», այսինքն՝ ամենաապահով տեղում պահել ամենաթանկն ու ամենարժեքավորը։ 2–րդը՝ «Է՛շ, մի սատկի. գարուն կգա», խիստ ազգային է ու, հազար անգամ ներողություն խնդրելով մեր գիտական հանրությունից, ասեմ, որ՝ շատ սազական 2010 թ. ընդունված ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարության մասով։
Տեսնենք մեր գիտնականներից քանիսը կդիմանան մինչև փրկության կոդ Ավետյաց թիվ՝ 2020 թ.։
Եթե մինչև էդ թիվն ապրեցի, վարչապետիս պիտի խնդրեմ (համապատասխանաբար՝ եթե ինքն էլ ապրեց), որ «Դիմացկունության ու անխոնջ պայքարի հարատևության» շքանշանները ես անձամբ կախեմ մեր հատուկենտ գիտնականների հաղթական կրծքերին։
Ինչու եմ համոզված, որ հենց Տիգրան Սարգսյանն է լինելու վարչապետը՞, շատ պարզ. ինչպես Սայաթ-Նովան է ասել՝ Յիս էլ ուրիշ յար-վարչապետ չիմ սիրի, աշխարումըս դո՛ւն իս իմըն. Թե մե շափաթ քիզ չիմ տեսնի, կու կըտրիմ կիթառ-քամանչիս սիմըն…
Արամ Պապայան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.