Ստորև շարադրվածն իմ անձնական, սուբյեկտիվ կարծիքը չէ: Շարադրվածն առավելապես հոգեբական փաստեր և մեխանիզմներ են, որոնց հետ հաշվի չնստել հնարավոր չէ:
Մեր պատկերացումները մեր մասին: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ մեր ազգային ինքնության, ազգային հոգեկերտվածքի (մենթալիտետ) վերաբերյալ պատկերացումներում շատ հաճախ ենք հանդիպում որակումների, կարծիքների ու գնահատականների, որոնք առավելապես բացասական բնույթ են կրում («Հայերը միասնական չեն», «Հայերն օրինապաշտ չեն» և այլն և այլն): Հարկավոր է նկատի ունենալ, որ առօրյա գիտակցության մակարդակում այդ պատկերացումները միշտ էլ առավելապես ստերեոտիպ (կարծրատիպային) բնույթ են կրում և այս հանգամանքը բնութագրական է ոչ միայն հայերիս, այլև մարդկային ցանկացած հանրության համար:
Ստերեոտիպի բնորոշումը և դրա առաջացումը: Ստերեոտիպն այս կամ այն երևույթի վերաբերյալ լայնորեն տարածված, կայուն, մակերեսային և հաճախ միանգամայն սխալ պատկերացումն է: Ստերեոտիպ պատկերացումները հենց այնպես չեն ձևավորվում, դրանք ծնունդ են առնում մարդկանց (հանրույթի) կյանքում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցության արդյունքում` որպես այդ իրադարձություններին տրվող բնական հոգեբանական ռեակցիա (հակազդում): Երբեմն այս կամ այն հանրությանը որոշակի ստերեոտիպեր դիտավորյալ կերպով ներշնչվում են նաև դրսից` համապատասխան քարոզչության միջոցներով:
Ցեղասպանության տրավման և դրա ծնած ստերեոտիպերը: Ցեղասպանությունը կորստյան տրավմա է: Ցեղասպանությունն այնպիսի ահռելի տրավմա է, որն ախուսափելիորեն բարդույթներ է ծնում ոչ միայն ցեղասպանություն տեսածների, այլև նրանց սերունդների մոտ, քանի որ այդ սերունդների ներկայացուցիչներն իրենց նույնացնում են իրենց էթնոսի հետ: Ցանկացած հանրության մեջ այդ նույնացումը շատ խորն է և ազգային/էթնիակական ինքնագիտակցությունը անհատական ինքնագիտակցության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Ցանկացած քիչ թե շատ նշանակալի կորստյանը հետևող բնական ռեակցիան դեպրեսիան է (ընկճախտ): Ինչպե՞ս է այն դրսևորվում: Դեպրեսիայի դրսևորումների մեջ կան հիմնական, առանցքային ախտանիշներ, որոնք կազմում են դեպրեսիայի միջուկը: Մնացած դրսևորումները խմբվում են այդ առանցքային ախտանիշների շուրջը` ինչպես խաղողի հատիկները ճութի ճյուղերի վրա: Որո՞նք են դեպրեսիայի ամենակարևոր դրսևորումները: Ցանկացած բռնությունների, ճնշումների ենթարկված մարդու մոտ անխուսափելիորեն տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ անկում: Այդ անկումը դրսևորվում է մեղավորության, անզորության, անարժանության, ոչ մի բանի պիտանի չլինելու, ինքն իրեն արհամարհելու, ատելու, դատապարտելու, մեղադրելու, միևնույն ժամանակ նաև վրեժի, բռնացողի հանդեպ ատելության չափազանց ինտենսիվ զգացումներով, շրջապատողներից կարեկցանք հայցելու և արդարությունը վերականգնելու սպասումներով, խնդրանքներով կամ պահանջներով: Իսկ երբ շրջապատողների (իմա` ցեղասպանություն իրականացնողների և միջազգային հանրության) վարքը չի համապատասխանում այդ սպասումներին, առաջ են գալիս հիասթափություններ, որոնք կարող են ուժեղացնել սեփական անզորության զգացումը, հուսահատությունը, լիովին իռացիոնալ բնույթ կրող ինքնախարազանումները: Տրավմային տրվող պատասխան հակազդումն ուղեկցվում է ագրեսիվ ապրումներով, ատելությամբ: Այդ ագրեսիան դրսևորվում է երկու ուղղություններով: Այն ուղղվում է մի կողմից բռնացողի, ագրեսորի դեմ, մյուս կողմից էլ` (ինչը շատ կարևոր է ու հատկանաշական) առավել մեծ չափով ուղղվում է հենց իր դեմ: Դեպրեսիան, հայտնի բնորոշմամբ, դեպի ներս ուղղված զայրույթ է, դեպի ներս ուղղված ագրեսիա: Դեպրեսիայի կարևորագույն դրսևորումը մտածողության խանգարումներն են: Մարդը միմիայն իրեն է մեղադրում իր կյանքում տեղի ունեցած բոլոր բացասական իրադարձությունների համար, ընդսմին այդպիսի գնահատումը լինում է կատարելապես իռացիոնալ և զուրկ որևէ տրամաբանական հիմնավորումներից: Բայց դեպրեսիայի վիճակում գտնվող մարդը չգիտի, որ իր մտածողությունը խանգարվել է և համոզված է լինում, որ իր այդ գնահատումները միանգամայն ճշմարիտ են և համապատասխանում են իրականությանը: Օրինակ. Երկրաշարժի ժամանակ երեխային կորցրած ծնողն իրեն էր մեղադրում երեխայի զոհվելու համար և դա պատճառաբանում էր այսպես. «Եթե ես նրան այդ օրը դպրոց չուղարկեի, ապա այդպես չէր լինի»: Բայց որտեղի՞ց նա կարող էր իմանալ, որ այդպիսի բան է լինելու:
Դեպրեսիան հանգեցնում է ընկալման ֆիլտրի (սև ակնոցի) առաջացմանը, որի արդյունքում մարդն իր կյանքից ընկալում է միմիայն բացասական, տհաճ իրադարձությունները, ապագայից որևէ դրական բան չի սպասում, ընկնում է հոռետեսության և հուսահատության գիրկը: Նա սկսում է առաջնորդվել ոչ թե իրականության փաստերով, այլ այդ փաստերը սկսում է հարմարեցնել իր խաթարված ընկալմանը, տարատեսակ «հիմնավորումներ» և «ապացույցներ» է բերում իր այդ ընկալումներն արդարացնելու համար:
Հետևանքները: Դեպրեսիայի ամենավտանգավոր դդրսևորումներից մեկն էլ այն է, որ ինքնագնահատականի կտրուկ անկումը հանգեցնում է իր մասին (տվյալ դեպքում` սեփական էթնոսի մասին) բացասական կայուն ստերեոտիպերի ձևավորմանը, արմատավորմանը և տարածմանը, իսկ տրվամայի հետևանքները չհաղթահարվելու դեպքում` նաև դրանց մշտական վերարտադրմանը: Տրավմային հաջորդող ժամանակաշրջաններում ցանկացած բացասական, տհաճ իրադարձություններ և երևույթներ ակտիվացնում են այս ստերեոտիպերը և դրանց ազդեցությունը:
Այսպիսով. դեպրեսիայի առանցքը կազմում են մտածողության խանգարումները, ընկալման լիակատար իռացիոնալությունը, ինքնամեղադրանքները (ամոթի, մեղավորության սուր, այրող զգացումները) և ինքնախարազանումները: Մարդիկ սկսում են իրենց մեղադրել ու դատապարտել այն բաների համար, որոնցում նրանք, օբյեկտիվորեն ոչ մի մեղք չունեն: Եվ սա լիովին համապատասխանում է նաև ցեղասպանության պարագային:
Մերօրյա ստերեոտիպերը: Դեպրեսիայի վերը շարադրված դրսևորումները ստանդարտ ռեակցիաներ են և ինչպես տեսնում ենք, այդ բոլոր ռեակցիաները մեզ մոտ դիտվում են ցեղասպանության համատեքստում և ազգային ինքնության վերաբերյալ պատկերացումներում: Գրեթե ամեն քայլափոխին կարելի է հանդիպել այսպիսի տեսակետների, իբր բացառապես միայն մենք ենք մեղավոր կատարվածի համար, քանի որ միասնական չենք եղել, քանի որ պարզապես թույլ ենք տվել, որ մեզ մորթեն, չենք պայքարել և այլն և այլն և այլն: Նույն դասին են պատկանում նաև «մենք շատ դավաճաններ ունեցող ազգ ենք», «մենք իրար պահող չենք, միասնական չենք» և սրանց նման ստերեոտիպերը: Ինչպես արդեն նշվեց, այսպիսի ստերեոտիպերի ազդեցության տակ գտնվող մարդիկ փորձում են անգամ հիմնավորել այդ իռացիոնալ ընկալումները` պատմական ինչ-ինչ իրադարձություններ կամ դրվագներ մատնանշելով, առանձին դեպքերի սուբյեկտիվ մեկնաբանումներն ընդհանրացնելով: Բայց նրանք իրենց դատողությունները կառուցում են առավելապես գեղարվեստական գրականությունից վերցված դրվագների, կամ էլ պատմական փաստերի սուբյեկտիվ ժամանակագրության, ինչ-որ մարդկանց սուբյեկտիվ դիտարկումների հիման վրա: Մինչդեռ իրականությունը և գեղարվեստական գրականությունը կամ պատմական իրադարձությունների սուբյեկտիվ ժամանակագրությունը բացարձակապես տարբեր բաներ են: Հավելեմ, որ դրական ձեռքբերումները, հաջողությունները չտեսնելու և արժեզրկելու հետ միասին դեպրեսիային բնորոշ է ևս մեկ մեխանիզմ. միմիայն բացասական երևույթները տեսնելը և դրանք անհիմն կերպով ընդհանրացնելու մեխանիզմը:
Եզրակացություն: Հարկավոր է չմոռնալ էթնիկական/ազգային բացասական ստերեոտիպերի երկրորդ աղբյուրի մասին ևս: Այն, որ այդ ստերեոտիպերը հաճախ մեզ ներշնչված են լինում նաև դրսից: Թեև ստերեոտիպերի ձևավորման մեջ, ըստ իս, այս աղբյուրը երկրորդային նշանակություն ունի: Բացասական ստերեոտիպերը կայուն են, հեշտությամբ տեղի չեն տալիս և դրանք հաղթահարելու համար համապատասխան ծրագրված քարոզչություն և քաղաքականություն պետք է վարվի: Հուսալը, թե ժամանակի ընթացքում այդ ստերեոտիպերն ավտոմատ կերպով կվերանան, իրատեսական չէ: Դրանք ավտոմատ կերպով չեն չքանա, այլ շարունակաբար կվերարտադրվեն, քանի դեռ տրավմայի հետևանքները վերացված չեն: Ցեղասպանության տրավմայի լավագույն բուժումն, ինչ խոսք, կլիներ ազգային և պետական մակարդակներում նորանոր նշանակալի հաջողությունների հասնելը, ձեռքբերումներ ունենալը: Դա կօգնի վերականգնելու խաթարված ինքնագնահատականը: Լիակատար բուժումը կլիներ պատմական արդարության վերականգնումը և համարժեք փոխհատուցում ստանալը: Բայց սա չափազանց դժվար խնդիր է, որի համար տևական ժամանակ և համազգային ջանքեր են պահանջվում: Հարցի լուծումը, բնականաբար, միայն մեզանից չի կախված: Բայց մենք պարտավոր ենք առավելագույն ջանքեր թափել այդ ուղղությամբ:
Բացասական ստերեոտիպերից ձերբազատվելը կարևոր խնդիր է, քանի որ հենց այս ստերեոտիպերն են մեծապես պայմանավորում մեր հավակնությունների մակարդակը, սեփական ուժերի ու հնարավորությունների նկատմամբ մեր հավատի և վստահության աստիճանը, և, ի թիվս այլ գործոնների, պայմանավորում մեր վարքն ու գործողությունները տեղական ու միջազգային մակարդակներում:
Ու թեև մինչ օրս ցեղասպանության սոցիալ-հոգեբանական որևէ լուրջ վերլուծություն չի իրականացվել, անչափ կարևոր է հասկանալը, թե ինչու և ինչպես են ձևավորվում ազգային/էթնիակական բացասական ստերեոտիպերը, որպեսզի սկսենք ձերբազատվել դրանցից:
Բարդույթներից ազատվելու ժամանակն է:
Հրաչյա Ամիրյան
Հոգեբան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.