Նորմալ, կայացած երկրներում` նման հարցադրումն իսկ, աննորմալ կդիտվեր, որովհետև երկրի նախագահը, որը նաև գերագույն գլխավոր հրամանատարն է, չի կարող տեղյակ չլինել, ավելին` չղեկավարել այնպիսի կարևոր օպերացիան, ինչպիսին է`Շուշիի ազատագրումը: Ավելորդ է ասել, որ Շուշիի ազատագրումը շրջադարձային նշանակություն ունեցավ ղարաբաղյան պատերազմում:
Բայց Հայաստանն օրինաչափություններից դուրս երկիր է, մեզանում շահարկումների առարկա կարող է դառնալ ցանկացած հարց, այդ թվում` այնպիսիններն, որոնք առնչություն ունեն ղարաբաղյան պատերազմի հետ:
90-ական թթ-ից սկսած` Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչել են քննադատություններ` առ այն, որ նա տեղյակ չի եղել Շուշիի ազատագրման օպերացիային, ավելին` նրա ընդդիմախոսներն այնպես էին ներկայացնում իրավիճակը, որ երկրապահ ջոկատները հայկական նշանավոր մշակութային կենտրոնն ազատագրել են` ի հեճուկս առաջին նախագահի ցանկությունների:
Այս թեման ուղղակի կամ անուղղակի շահարկվել է այն փուլերում, երբ երկրում տեղի են ունեցել ներքաղաքական սրացումներ:
Օրինակ, 90-ականների ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանն, որը նաև կարճատև մի փուլում եղել է ՀՀ Պաշտպանության նախարար, իր հրապարակային ելույթներում անընդհատ նսեմացնում էր առաջին նախագահի ավանդը ղարաբաղյան պատերազմում: Նույն միտումն էր նկատվում 1998-ի իշխանափոխության օրերին, երբ իշխանության ուժային բլոկի ղեկավարները Տեր-Պետրոսյանին մեղադրում էին ԼՂ հարցում ունեցած իբրև թե պարտվողական դիրքորոշման մեջ:
Այս թեմաները դարձյալ օրակարգ իջան 2008թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ առաջին նախագահը խախտեց լռության ուխտը և վերադարձավ հրապարակային քաղաքականություն. նրա հիմնական ընդդիմախոսի ճամբարից հնչում էին տեսակետներ, թե իբր Տեր-Պետրոսյանի վերադարձը վտանգելու է ԼՂ հիմնահարցի հայանպաստ լուծման գործընթացը:
Ավելի կոնկրետանանք քննարկվող խնդրի վրա: Ինչո՞ւ են որոշ մարդիկ պնդում, թե նախկին նախագահը նույնիսկ տեղեկացված չի եղել Շուշիի ազատագրման օպերացիայի մասին:
Հիմնականում, նրանք երկու մոտիվ են առաջ քաշում.
- Տեր-Պետրոսյանը 1992թ-ի մայիսի 8-9-ին` Շուշիի ազատագրման օրը, եղել է Թեհրանում, որտեղ Իրանի նախագահի միջնորդությամբ բանակցում էր Ադրբեջանի ղեկավարի հետ:
- Հայաստանի բանակը դեռ ամբողջովին կազմավորված չէր, իսկ Շուշին գրավել են այն ջոկատները, որ իբրև թե դուրս էին իշխանության վերահսկողությունից:
Անկեղծորեն խոստովանեմ, որ բերված փաստարկները բավականին թույլ են, խոցելի, դրանցում անզեն աչքով էլ նկատելի է ներքաղաքական համատեքստը:
Այս հարցն ինձ էլ ժամանակին շատ հետաքրքրել է, և ես փորձել եմ ինքս ինձ համար ճշտումներ անել հենց առաջին աղբյուրներից:
Մի անգամ առաջին նախագահին ուղիղ տեքստով հարցրեցի` իր ու Շուշիի օպերացիայի առնչության մասին` հնչող շահարկումների համատեքստում:
Տեր-Պետրոսյանը միայն ժպտաց…
Կապ ունեցե՞լ է առաջին նախագահը Շուշիի ազատագրման օպերացիայի հետ:
1999թ-ի մայիսին այս հարցը տվել եմ նաև երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանին: Վազգենը ժպտաց և պատասխանեց` ո՞վ կարող էր նման լուրջ բան անել առանց նախագահի իմացության:
Վազգենի պատասխանն իմ համար սպառիչ էր, վերջնական, կարծես` ես գտա ինձ հուզող հարցի պատասխանը: Որպես քաղաքացի, պատմաբան` ինձ բավարարված զգացի:
Այնուամենայնիվ, կան այլ փաստեր, որոնք հաստատում են, որ ղարաբաղյան պատերազմը ղեկավարվել է հենց այդ օրերի իշխանության կողմից:
Սակայն մինչ դրանց անդրադառնալը` նկատենք, որ 1992-ին, այո, բանակը դեռ ձևավորման փուլում էր, բայց պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն էր, որը բացարձակ հեղինակություն ուներ Արցախում մարտնչող երկրապահ ջոկատների շրջանում:
Հիմա մի քանի հավելյալ փաստերի մասին, որոնք վկայում են, որ Հանրապետության առաջին նախագահը տեղյակ է եղել և գործուն մասնակցություն է ունեցել Շուշիի ազատագրման օպերացիայի կազմակերպմանը:
Այսօր մի շարք կայքեր իրենց էջերում զետեղել են 21-ամյա վաղեմության մի տեսանյութ, որում Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատար, Շուշիի օպերացիայի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը, Տեր-Պետրոսյանին զեկուցում է օպերացիայի հաջող ավարտի մասին և նրան պատվոգիր է հանձնում:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին որևէ մեկը չի կարող մեղադրել որևէ առաջնորդի հանդեպ ունեցած կույր հավատի մեջ: Նա Շուշիի օպերացիայի և դրանում Տեր-Պետրոսյանի մասնակցության մասին ասել է. «Լևոն Տեր—Պետրոսյանը երկրի նախագահն էր և որպես գերագույն գլխավոր հրամանատար չէր կարող չիմանալ գործողությունների անցկացման ստույգ ժամկետների մասին: Ավելին. նա ինքն էր որոշում կարևոր հարձակողական գործողությունների ժամկետները: Եվ այն օրերին նա նույնիսկ քննադատվում էր դրա համար: Մասնավորապես Շուշիի ազատագրումը կարող էր տեղի ունենալ մի քանի շաբաթ շուտ, սակայն Լևոն Տեր—Պետրոսյանը որոշել էր, որ գործողությունը պետք է տեղի ունենա մայիսի 8-ին, հավանաբար այն պատճառով, որ Շուշիի ազատագրման տոնը մենք նշեինք Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրը»:
Ես և կամ որևէ մեկը կարող ենք քաղաքական համակրանք կամ հակակրություն ունենալ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ, բայց մեր քաղաքական սիմպատիաները չպետք է սրբագրեն պատմությունն, եթե մենք` ինքներս, հարգում ենք մեզ ու մեր ժողովրդին:
Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթանակի խորհրդանիշ չէ, բայց նաև հենց նրա իշխանության և անձամբ նրա քաղաքականության շնորհիվ է հնարավոր դարձել հաղթնակը ղարաբաղյան պատերազմում, և մասնավորապես` Շուշիի ազատագրումը:
Սա է պատմական ճշմարտությունը` ներքաղաքական զարգացումներից ու համատեքստից դուրս:
«Ժամանակի մեքենան» վարեց Սուրեն Սուրենյանցը
- 10:39«Ժամանակի մեքենա». «Մերկուրի-18» գաղտնի ծրագիրը. Հայաստանը դատապարտվել էր մահվան
- 17:19«Ժամանակի մեքենա».Ազատագրական պատերազմի ֆիզիկոսը. (լուսանկարներ)
- 10:46ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան. Բարեփոխողները
- 12:02ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան. Ճգնաժամային վարչապետները
- 16:25ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան. Լևոն Տեր-Պետրոսյանի ալյանսը կոմունիստական նոմենկլատուրայի հետ
- 12:31ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան (մաս երկրորդ)
- 18:11ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից՝ մինչև Տիգրան Սարգսյան
- 18:31ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Բորիս Բերեզովսկուն սպանեց սեփական սեռական այլասերվածությո՞ւնը
- 16:33«ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ». Ինչ էին փնտրում «Այլմոլորակայինները» «Աստվածների նստավայրում»
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.