Երեկ քարոզարշավն ուղեկցվել է նշանակալի իրադարձություններով, որոնք էական լարվածություն և ինտրիգ են ստեղծում ընտրական գործընթացում:
ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանի և հանրապետականների, ի մասնավորի` կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան պատերազմը, թերևս, նորություն չէ: Նորությունն այն է, որ երեկ կրթության նախարարը` քաղաքական հարցադրումների կողքին, «գոտկատեղից ներքև» հարվածներ է հասցրել:
ԱԳ նախկին նախարարը գրել է իր սիրած թեմաների մասին` քաղաքական մենաշնորհ, քաղաքային գործող իշխանության ոչ էֆեկտիվ կառավարում: «…Երևանն իր տնտեսական հնարավորություններով, քաղաքապետի և ավագանու սահմանադրական լիազորություններով կարող է ոչ թե կատարողի դերում լինել, այլ թելադրողի: Պատկերավոր ասած՝ Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի վարչապետն է, որը կարող է իր ուրույն տնտեսական քաղաքականությունը վարել, աշխատատեղեր ստեղծել, արտաքին ներդրումներ ներգրավել և, անկախ կառավարության կամքից, լուծել երևանցիների առջև ծառացած կենցաղային խնդիրները: Մայիսի 5-ին մայրաքաղաքի ղեկը վերցնելու դեպքում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ոչ միայն քաղաքական հակակշիռ է լինելու իշխող ուժին, այլև հակակշիռ ու մրցակից է լինելու կառավարությանը, նրա վարած տնտեսական քաղաքականությանը: Այսպիսի իրավիճակից միայն ու միայն կշահի երկիրը, քաղաքը և յուրաքանչյուր քաղաքացի: Մայիսի 5-ին քաղաքի իշխանությունը վստահելով ոչ իշխանական ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ Դուք առնվազն երկրում սկիզբ կդնեք քաղաքական մթնոլորտի առողջացմանը, մրցակցության ու հակակշիռների մեխանիզմի հաստատմանը, ինչը երկիրը կդնի ժողովրդավարական զարգացման ճիշտ ճանապարհի վրա: Ընտրություններին ընդամենը մի քանի օր է մնացել: Այս մեկ ամսվա ընթացքում ես և մեր կուսակցության քարոզչական թիմերը եղել ենք Երևան քաղաքի վարչական բոլոր շրջաններում, նրանց կենտրոններից մինչև բակեր ու ծայրամասեր: Միանշանակ կարող եմ ասել, որ բնակիչները մեծ պահանջներ չեն դնում: Իմ խորին համոզմամբ՝ չկա ժողովրդի կողմից բարձրացված որևէ խնդիր, որը թեկուզ այսօրվա բյուջեի հնարավորությունների սահմաններում լուծելի չլինի: Այստեղ պետք է քաղաքական կամք, սրտացավություն, հոգատարություն, նոր մտածելակերպ և քրտնաջան աշխատանք՝ առանց նեղ շահերի հետապնդման: Երևանի բյուջեի ծախսումներում կորուստներն ու մսխումները շատ են: Քաղաքային իշխանությունները չեն կարողացել իրենց առաջ դնել ճիշտ առաջնահերթությունները…»,-իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է ԲՀԿ-ի ցուցակի առաջին համարը:
Արմեն Աշոտյանի պատասխանը շատ ավելի անձնավորված է: Նա գրել է. «Երկրում քաղաքական հակակշիռների համակարգի տեսաբան—ճարտարապետն իր ողջ ճարտասանությամբ և ճկունամտությամբ այդպես էլ չի կարողացել արտաբերել գեթ մեկ ընկալելի բացատրություն, թե ինչու իր քաղաքական թիմը «ձեռքերը լվաց» նախագահական ընտրություններին»:
Արմեն Աշոտյանի մեկնաբանությամբ՝ Երևանի մասին հանկարծակի հիշած գործիչներն այդպես էլ չեն կարողանում ընկալելի բացատրություն տալ, թե ինչու երևանցու խնդիրներով սկսեցին մտահոգվել միայն ընտրությունների նախաշեմին, մինչ այդ էլ ունենալով հրաշալի հնարավորություններ բարձրաձայնելու մայրաքաղաքային բազում հոգսերի մասին թե՛ Ազգային Ժողովում, թե՛Կառավարությունում, թե՛ Երևանի ավագանիում: «Երևանի դարդ ու ցավով «ահավոր» մտահոգված Վարդան Օսկանյանը քարոզարշավի ողջ ընթացքում այդպես էլ չկարողացավ երևանցիների հետ հանգիստ ու նորմալ շփում հաստատել, այդպես էլ չկարողացավ միայնակ գեթ մեկ հանդիպում անցկացնել»,- կարծիք է հայտնել Արմեն Աշոտյանը և հավելել. «Ավելի լավ չէ՞ր լինի գոնե Գագիկ Ծառուկյանի ձեռքը բռնած շրջել Երևանում, քան տիկին Զոհրաբյանի փեշի տակ աքլորանալ խոսացող դեմքերից խրոնիկ հոգնած և աշխատող ձեռքեր գնահատող երևանցիների առջև»,- գրել է նա։ Արմեն Աշոտյանը համաձայն չէ այն գնահատականի հետ, որ ՀՀԿ-ն «բռոնյա» է արել Երևանը, բայց Վարդան Օսկանյանին էլ հիշեցնում է, որ Երևանը հաստատ նաև քաղաքական «խոպանի» տեղ չէ:
Այս հեռակա և, անկեղծ ասած, տհաճ բանավեճն ինձ զարմացնում է, հատկապես` հանրապետականների, նրանց հաղթական հայտարարությունների համատեքստում:
Կամ իսկապես սոցհարցումների հրապարակված տվյալներն իրական չեն և ԲՀԿ-ի գործոնն իրապես անհանգստացնում է հանրապետականներին, կամ էլ` ՀՀԿ-ԲՀԿ հակադրության հիմքում այլ, հասարակությանն անհայտ, ընտրությունների հետ չառնչվող թեմա է: Գուցե դեր ունեն երկրորդ և երրորդ նախագահների հարաբերությունների, ներիշխանական նոր վերադասվորումների գործոնները: Սրանք, սակայն, լոկ ենթադրություններ են, որոնք կհաստատվեն կամ կհերքվեն առաջիկա օրերին:
Անցած օրվա մյուս ինտրիգը ՀԱԿ-ի պաշտոնական հաղորդումն էր հանցագործության մասին: Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը դատախազությունից պահանջում է ստուգել Տարեն Մարգարյանի հայտարարագրված սեփականության օրինականությունը և քրեական գործ հարուցել գործող քաղաքապետի դեմ:
Այս դիմումի իրավական հեռանկարը պարզ է, ավելի ստույգ` պարզ է, որ այն ընթացք չի ունենա:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը համատեղության կարգով նաև «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահն է, իսկ այս միությունն առաջիկա ընտրություններում սատարում է հենց Մարգարյանի թեկանածությունը:
Քաղաքական իմաստով` ընտրությունից ընդամենը մի քանի օր առաջ անտագոնիզմի տարրեր են առաջանում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում:
Մյուս կողմից բացահայտվում են ՀԱԿ ընտրարաշավի հիմնական առանձնահատկությունները` հակաքարոզչություն ՀՀԿ-ի հանդեպ և երկակի ստանդարտներ: Միամիտ կլինի կարծել, օրինակ, որ ԲՀԿ-ի ցուցակում չկան թեկնածուներ, որոնց հարստության աղբյուրը նույնպես, մեղմ ասած, մաքուր չէ: Բայց այս մասին ՀԱԿ-ում լռում են` հավատարիմ իրենց առաջնորդի «քաղաքագիտական հայտնի վերլուծության» տառին ու ոգուն: Երբեմնի համաժողովրդական շարժումը վերածվել է քաղաքական սեկտայի, որը խճճվել է ՀՀԿ-ԲՀԿ իրական կամ թվացյալ հակասությունների լաբիրինթոսում:
Հիմա` բուն քարոզարշավի մասին:
Երեկ Տարոն Մարգարյանը հանդես է եկել միանգամից մի քանի կարգավիճակով:
Նա, որպես քաղաքապետ, ընդունել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսին, որպես ՀՖՖ գործկոմի անդամ` կտրել է Ֆուտբոլի ակադեմիայում բացված նոր խաղադաշտի կարմիր ժապավենը: Իսկ երեկոյան` արդեն քաղաքապետի թեկնածուի կարգավիճակով, մասնակցել է Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ընտրողների հետ հանդիպմանը: Մարգարյանն ավանցիներին ոչինի չի խոստացել, փոխարենն ասել է, որ Ավանի օրինակով` բարեփոխումներ է իրականցնելու ողջ Երևանում:
Հարցազրույցներ են տվել հանրապետական պատգամավորներ Գագիկ Միանասյանն ու Ռազմիկ Զոհրաբյանը և հավաստիացրել են, որ առաջիկա ընտրություններում իրենց կուսակցությունը հաղթելու է:
ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանը հանդիպել է լրագրողներին և հավաստիացրել է, որ իրենց հաղթանակի դեպքում` քաղաքային իշխանությունը քաղաքական և տնտեսական լուրջ հակակշիռ կլինի կառավարությանը:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ վստահ է, որ այս ընտրություններում հաղթելու է «Բարև Երևան» դաշինքը: Այս մասին նա հայտարարել է ասուլիսում, ապա մասնակցել է քարոզարշավին` Դավիթաշեն ու Աջափնյակ համայնքներում:
«Բարև Երևան» դաշինքը դատապարտել է ՀՀԿ վարքագիծը: Հայտարարության մեջ ասված է, որ կառավարող կուսակցությունը խոչընդոտում է դաշինքի քարոզարշավին:
ՀԱԿ ցուցակի առաջին համար Վահագն Խաչատրյանը ՆՓԱԿ-ում անդրադարձել է գաղափարախոսություններին և քաղաքային կառավարման վրա դրանց ունեցած ազդեցությանը:
ՀԱԿ-ն, այսօրվա համաքաղաքային հանրահավաքից առաջ, երեկ քարոզարշավ է իրականացրել Աջափնյակում:
ՀՅԴ ավագանու թեկնածուները, կուսակցության ղեկավարներն երեկ եղել են միանգամից չորս համայնքում` Աջափնայակում, Դավիթաշենում, Շենգավիթում և Կենտրոնում: ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանն ասել է, որ իրենց խնդիրն` իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել է, որ այսօրվա Երևանն ագահության հետևանք է և խոստացել է` հաղթելու դեպքում, իշխանությունից հեռացնել ռաբիսներին և անգրագետներին:
ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանն էրեբունցիներին խոստացել է մայրաքաղաքի համաչափ զարգացում, աշխատատեղերի ստեղծում:
«Առաքելություն» կուսակցության առաջին համարն անդրադարձել է բնակֆոնդի խնդրին: Մեսրոպ Առաքելյանն ասել է. «Ակնհայտ է, որ 10-20 տարի անց Երևանի բնակֆոնդի մեծ մասը անպետք է լինելու շահագործման համար: Հաշվի առնելով փաստը, որ մենք նոր սերնդի կուսակցություն ենք, հետևաբար, մենք ընդգծում ենք այն խնդիրների լուծման կարևորությունը, որոնք կարող են ծագել 10-20 տարի հետո»:
Այսօրվանից` մինչև ընտրարշավի ավարտը, Ազատության հրապարակում սկսվում է հանրահավաքների շքերթը:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.