Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է հասարակածին. կրքերը գնալով թեժանում են:
Երեկ Երևանում գրանցվել է նախընտրական առաջին բախումը:
ՀԱԿ-ը, ինչպես և խոստացել էր, մեկնարկ տվեց բավականին ագրեսիվ քարոզարշավի: Գլխավոր դատախազության շենք մոտ իրենց ազատազրկված ընկերոջ՝ Տիգրան Առաքելյանի ազատությունը պահանջելուց հետո, Կոնգրեսի մի քանի տասնյակ երիտասարդներ՝ պլակատներով «Տարոն՝ հանցագործ», «Սերժիկ ՝ մարդասպան» կարգախոսներով շարժվել են դեպի քաղաքապետարան՝ պահաջելու համար, իրենց ձևակերպմամբ, հանցագործ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ակցիայի ընթացքում մի քանի անգամ բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև:
Երկու կողմն էլ իրենց ոչ ադեկվատ են պահել: Հարկ չկար ոստիկանների այդքան մեծ ներկայության՝ ցուցարարների սակավամարդության ֆոնին: Սա միայն ավելի է բորբոքում կրքերը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հայտնի բովանդակությամբ վանկարկումներն ու պլակատները, ոստիկաններին անարգելու դեպքերը նույնպես՝ նման են պրովոկացիայի:
Որ մեր իշխանավորները հրեշտակներ չեն՝ վաղուց է հայտնի: Որ դրա մասին ՀԱԿ ջահելները վաղուց գիտեին, ու երեկվա ակցիան ընդամենը ծառայեցվում էր նախընտրական արշավին՝ դարձյալ անհերքելի փաստ է:
Երեկ տեղի ունեցածն ինձ խորհելու, որոշակի եզրահանգումներ անելու առիթ տվեցին:
Իսկապես, ինչո՞ւ են մեր պաշտոնյաներն այսքան անկուշտ, ինչո՞ւ է Հայաստանում պաշտոնն ասոցացվում հարստության, ամենակարողության հետ: Տարոն Մարգարյանի անձնական բազմաթիվ հատկանիշներ գնահատում եմ, բայց հնարավո՞ր չէ բավարարվել ավելի համեստ կենցաղով, ապրելակերպով:
Դառնանք ՀԱԿ-ին: Արդյո՞ք Տարոնն է այս երկրում ամենակոռումպացված պաշտոնյան: Իհարկե՝ ոչ: Կամ՝ եթե նույնիսկ Տարոնն է այդ պաշտոնյան, ինչո՞ւ հիմա՝ ընտրարշավի ժամանակ, հիշեցին այդ մասին և ոչ թե՝ ավելի վաղ: Հազիվ թե որևէ մեկը հավատա, որ ՀԱԿ ղեկավարությանը ժողովրդի թալանված լինելն է հետաքրքրում, այլապես այդ կուսակցության համագումարում այդքան չէր խրախուսվի մեկ այլ օլիգարխի գործունեություն: Կասեք՝ երկակի ստանդարտ: Համաձայն չեմ. ես կասեի պրագմատիկ հաշվարկ: Մեկին գովում են, որովհետև նրանից «սնվում» են, մյուսին փնովում են, որ «հերոսանան», իրենց չեղած վարկանիշից մի քանի մանդատ ծնեն:
Ի դեպ, որ ՀԱԿ-ը նպատակային գնում է ընտրական գործընթացում տրամադրությունների արմատականացման՝ վկայում է մեկ այլ հանգամանք ևս. կոնգրեսականներն այսօր՝ երեկվա միջադեպից հետո, երթ են նախատեսել Ավան համայնքում, որտեղ օբյեկտիվորեն և իսկապես ուժեղ են գործող քաղաքապետի դիրքերը:
Մինչ երիտասարդները՝ քաղաքապետարանի պատերի տակ, Տարոնին հանցագործ էին անվանում՝ նա ակտիվ շրջայցերի մեջ էր:
Նկատե՞լ եք՝ մեր իշխանության ներկայացուցիչները խիստ արվեստասեր, մշակութասեր են դառնում հենց ընտրությունների ժամանակ: Տ. Մարգարյանն երեկ այցելել է Նկարիչների միություն՝ նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսին:
Իր մշակութային ծարավը հագեցնելուց հետո՝ քաղաքապետի հանրապետական թեկնածուն ուղևորվել է Քանաքեռ, Զեյթուն համայնք՝ ժողովրդի հետ կիսվելու «ընդհանուր դարդ ու ցավով»:
Զարմանալի ժողովուրդ են էս հանրապետականները: Գրեթե բոլոր ընտրություններում, գոնե պաշտոնապես, նրանք Երևանում չեն պարտվել: Հիմա մի տեսակ թաքնվել են Տարոնի թիկունքում և արտահայտություններ են անում, որոնցով, կամա թե ակամա, հարվածում են հենց իրենց կուսակցության հեղինակությանը: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն երեկ ասուլիսում ասել է, որ երևանցիները Տարոնին սիրում են, եթե նույնիսկ ՀՀԿ-ին ատում են: Կրթության նախարար Արմեն Աշոտյանն էլ թե՝ կարող է հանրապետականին այնքան չեն սիրում, որքան սիրում են Տարոնին:
Խեղճ ընտրող, դե արի ու մայիսի 5-ին էդ անիծյալ ընտրաթերթիկում՝ ՀՀԿ թեկնածուի փոխարեն, գտիր Տարոն Մարգարյան թեկնածուի անունը: Եղավ Րաֆֆի Հովհաննիսյանինը, որ իր ստացած քվեների մասին խոսելիս՝ շարունակաբար պնդում է, որ «Նոր Հայաստանն» է հաղթել՝ համեստությունից, թե մեծամտությունից դրդված: Բայց եթե Րաֆֆին իր անձը քողարկում է «Նոր Հայաստան» բարձրագոչ բրենդով, հանրապետականները ցուցանակ են ընտրել Տարոնին:
Հա, ի դեպ, գործող քաղաքապետը լավ կանի՝ հետևելով Սերժ Սարգսյանի օրինակին, հանդիպումների գնա միայնակ: Թե չէ՝ իր որոշ թիմակիցներ՝ քծնանքի թեժ պահին, կորցնում են տիրապետումը, բանականությունը և… գործող քաղաքապետին համեմատում են կենդանիների հետ: Ճարտարապետ Լևոն Իգիթյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին ասել է. «Քաղաքապետարանում պարապ ման եկող չկա: Ինքը շան պես աշխատում ա…: Ես սենց մարդ` էսքան աշխատանք սիրող, չեմ տեսել»: Տեսաք՝ ինչ անհարմար բան ստացվեց…
ԲՀԿ ներկայացուցիչները՝ համամասնական ցուցակի առաջին համար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, երեկ հանդիպել են Աջափնյակ համայնքի Շիրազ փողոցի բնակիչների, նաև՝ հաշմանդամների հետ: Քաղաքապետի թեկնածուն դարձյալ խոսել է քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտության մասին:
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հյուրընկալվել է 7or.am կայքի տաղավարում, անխնա քննադատել է իշխանությանը, առաջիկա ընտրություններում կարևորել է ընդդիմության հաղթանակը, ասել է, որ համագործակցում են ՀԱԿ-ի հետ, մասամբ՝ ՀՅԴ-ի, տողատակերով խայթել է «Ժառանգություն» կուսակցությանը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն երեկ ելույթ է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հավաքին և առաջնահերթ խնդիր է համարել ընդդիմության համախմբումն ու հաղթանակն Երևանի ավագանու ընտրություններում: Դաշնակցականները նաև բակային հանդիպումներ են ունեցել Դավիթաշեն և Քանաքեռ, Զեյթուն համայնքներում:
Երբեմն օգտակար է, որ մեր պաշտոնյաները դուրս են գալիս իրենց կաբինետներից և շփվում են հասարակ մարդկանց հետ: Նրանք նորովի են բացահայտում կյանքը: ՕԵԿ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանը բացառություն չէ: Նա «Հրապարակ» օրաթերթին ասել է. «Բացահայտումներ շատ եղան: Խորությամբ տեսա, թե ինչ է տեղի ունենում Երևանում, զգացի երևանցուն` բակային հանդիպումների ժամանակ, այնպիսի հարցեր առաջ քաշվեցին, որոնց վրա երբեք ուշադրություն չէի դարձրել, որոնց տեղյակ չեմ եղել մինչ այժմ, որոնք նաև, ի դեպ, ինձ շատ զարմացրին: Ընդ որում, դրանց մեծ մասը հարցեր էին, որոնք հնարավոր էր և հենց տեղում, շատ արագ լուծել: Ասենք` երթուղային տաքսիների խնդիրը: Տարածքներ կան, որտեղ մարդիկ 40 րոպե, մեկ ժամ սպասում են, աշխատանքից ուշանում, ոտքով են գնում: Մանկապարտեզները, դպրոցները հեռու են կիլոմետրերով, երեխաներն այնտեղ հասնելու համար նույնպես ոտքով են գնում: Կարելի է, չէ՞, լուծել ադ հարցը: Կամ` աղբահանությունը: Բազմաբնակարան շենքերում վիճակն ահավոր է, առնետները մուտքեր, բնակարաններ են մտնում: Կան շրջաններ, որտեղ կոյուղի չկա: Լուծման կարոտ հարցերն իսկապես շատ-շատ են: Ընդ որում, կան խնդիրներ, որոնք շատ լուրջ գումարներ չեն էլ պահանջում, ցանկություն ու սրտացավություն է պետք պարզապես»:
«Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը հյուրընկալվել է «Մեդիա կենտրոնում»: Նա խոսել է իրենց ծրագրերի մասին և հույս է հայտնել, որ երևանցին կվստահի նորաստեղծ ուժին:
Սուրեն Սուրենյանց
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.