Ապրիլի 9-ին մեր ժողովուրդը կարող է նոր խոսք ասել համաշխարհային քաղաքականության մեջ: Դա տեղի կունենա, եթե գործող և, ըստ պաշտոնական տվյալների, վերընտրված նախագահին զուգահեռ՝ Ազատության հրապարակում երդմնակալության արարողություն անցկացնի նաև նախագահական ընտրություններում երկրորդը ճանաչված, սակայն իրեն դե ֆակտո ընտրված համարող Րաֆֆի Հովհաննիսյանը:
Դատելով երեկվա հանրահավաքում հնչած ելույթների հռետորաբանությունից՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը տրամադրված է դառնալ քաղաքագիտական նորարարության հերոս: Չնայած՝ ապրիլի 9-ի միջոցառումը նա համարում է ոչ թե իր, այլ Նոր Հայաստանի երդմնակալությունը ու շատերին հասկանալի չէ, թե ընտրության մասնակից չհանդիսացող այս «Նոր Հայաստանը» ինչպես է երդվելու Սահմանադրության և Ավետարանի վրա: Չնայած՝ Րաֆֆու խոսքը միշտ էլ աչքի է ընկել երկիմաստությամբ, վերամբարձությամբ, երբեմն իռացիոնալիզմի հասնող զգացմունքայնությամբ, որի պատճառով չի հասկացվել՝ նրա արածը հացադո՞ւլ է, թե՞ ծոմ, նա Սերժի հրաժարակա՞նն է պահանջում, թե՞ նույն այդ Սերժից պաշտոններ է ուզում:
Նկատենք, հանուն արդարության, որ տվյալ պարագայում Հովհաննիսյանի կերպարում խտացել է մեր ազգայնին մենթալիտետը: Եվ եթե ընդդիմության առաջնորդի արածը արտառոց է օտարների համար և «երկու նախագահ» ֆենոմենը կարող է խթանել Հայաստանում զբոսարջության զարգացմանը, ապա հայերիս համար մի բանից երկուսն ունենալն ոչ միայն նորություն չէ, այլ կասեի՝ բնավորության գիծ է, ազգային ապրելակերպի մաս: Դատեք ինքներդ. մենք ունենք երկու հայկական պետություն՝ Հայաստան և Լեռնային Ղարաբաղ (այս առումով համեստորեն զիջում ենք մեկ տասնյակից ավելի պետություն ունեցող արաբներին), երկու լեզու, երկու կաթողիկոս, Արևմտյան և Արևելյան Հայաստաններ, տեղացի և «ախպար» հայեր և այլն: Ի՞նչն է խանգարում, որ ունենանք երկու նախագահ, որոնցից մեկի երդմնակալությունը կարող են օրհնել Էջմիածնի, մյուսինը՝ Կիլիկիո Մայր աթոռի հովվապետերը:
Այսքանը մեր ազգային մենթալիտետի մասին, իսկ հիմա խոսենք քաղաքական անցուդարձից՝ պարզելու համար՝ մենք իներցիայի՞, թե՞ իրապես նոր Հայաստանի գաղափարի կրողներ ենք, որն այնքան տարողունակ և բովանդակալից կլինի, որ իր քաղաքական սահմաններում կարող է տեղավորել և Սերժ Սարգսյանին, և Րաֆի Հովհաննիսյանին, և թե տեսանելի և ստվերում գտնվող մյուս խաղացողներին:
Ինչո՞ւ չստացվեց երկխոսությունը
2013-ի նախագահական ընտրությունները կարող էին քաղաքական նոր մշակույթի հիմքերը դնել, մանավանդ, որ լարվածությունից և փոխադարձ որակումներից զերծ քարոզարշավը, դրան հաջորդած Սարգսյան — Հովհաննիսյան հանդիպումը, նույնիսկ ռոմանտիկ սիրավեպ հիշեցնող, սակայն ռացիոնալիզմ պարունակող նամակագրությունը նման նախադրյալներ պարունակում էին: Քաղաքական նոր մշակույթի հիմքում պետք է լինեին հանդուրժողականությունը, մրցակցությունը, քաղաքական հստակ օրակարգի առկայությունը: Նշած հիմքերի շարքում բացակայում են ջրբաժանը, բարիկադը. բառեր, որոնք այնքան նույնանում են մեր 20-ամյա քաղաքական անտագոնիստական համակարգի հետ: Սակայն եթե ավարտված ընտրական ցիկլի առաջատարները շարունակ խոսում են փոխադարձ հանդուրժողականության մասին, բայց ապրլի 9-ի հիվանդագին շեշտադրումով, ապա այս ամսաթիվն էլ, ըստ էության, դառնում է նախագահական այս ընտրություններով մեկնարկած քաղաքական նոր գործընթացի ջրբաժանը, բարիկադը:
Իշխանություն — ընդդիմություն երկխոսությունը մեզանում չի կայանում ընդհանրական և կոնկրետ պատճառներով:
Նախ, մենք չունենք երկխոսության մշակույթ. 2011-ին դրա ծիլերը դրվեցին, բայց ինստիտուտը, անձնական գործոններով չպայմանավորվող ինստիտուտը չկայացավ:
Երկրորդ, ժամանակն է, որպեսզի մեր քաղաքական ընտրանին հասկանա, որ երկխոսությունը բացառում է սեփական քաղաքական մաքսիմալիզմի իրացման հնարավորությունը՝ դիմացինի հաշվին: Կարճ ասած՝ երկխոսության ավարտին հաղթողներ և կապիտուլյացիայի ենթարկվողներ չեն լինում:
Կոնկրետ դեպքում, Սարգսյան — Հովհաննիսյան կամ իշխանություն — ընդդիմություն երկխոսությունը չկայացավ, որովհետև բացակայում էր հստակ քաղաքական օրակարգը: Սարգսյանը փորձում էր և է երկխոսությունը ծառայեցնել իր լեգիտիմության ամրապնդմանը, նպաստավոր պայաններում ինագուրացիայի անցկացմանը, Հովհաննիսյանը ձգտում է առավելագույնս օգուտներ քաղել «փետրվարի 18» կոչվող իր քաղաքական կապիտալից՝ խճճվելով առաջադրվող պահանջների լաբիրինթոսում: Երկու տարբեր օրակարգեր, որոնք չեն կարող երկխոսություն ծնել, մանավանդ որ՝ այդ օրակարգերի հետևում երևում են շատ կոնկրետ մարդկանց, բայց ոչ հանրային շահերը:
Զարգացման ռացիոնալ և իռացիոնալ տարբերակներ
Տարիներ առաջ, երբ ՀԱԿ-ը պահանջում էր խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ, ասել եմ, որ ընտրությունների պարագայում էականը դրանց որակն է, ոչ թե՝ հերթական կամ արտահերթ լինելը: Հիմա էլ նույն կարծիքին եմ ու առավել քան վստահ եմ, որ նախագահական կամ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը նոր որակ չեն հաղորդելու մեր քաղաքական համակարգին: Արտաքուստ նման կարծիք արտահայտում են նաև իշխանության ներկայացուցիչները, սակայն բովանդակային միանգամայն այլ հարթության մեջ. Նրանք կարծում են, որ փետրվարի 18-ին որակով, գրեթե իդեալական ընտրություններ են անցկացրել: Ես բացարձակապես այդ կարծիքին չեմ, պարզապես մտածում եմ, որ ոչ թե առանձին վերցրած կոնկրետ ընտրությունն է ձևավորում նոր քաղաքական մշակույթ, այլ հակառակը՝ նոր որակի մշակույթն է նպաստում լավ ընտրությունների անցկացմանը: Այս թեզի շրջանակում եմ կարևորում նախ քաղաքական նոր մշակույթի ձևավորումը:
Ըստ այդմ, տեսնենք թե քայլերի կամ գործողությունների ինչ հնարավոր զինանոց ունեն քաղաքական գլխավոր սուբյեկտները:
«Ժառանգության» ղեկավարը կարող է մնալ հրապարակում, չընդունել ընտրությունների արդյունքները, ինքզինքն նախագահ կարգել, բայց այդ դեպքում հասկանալի չէ, թե նա ինչ է ասելու օրըստօրե նոսրացող ցուցարարներին. Մանավանդ որ՝ ապրիլի 9-ից հետո նրանցից շատերը հասկանալու են, որ իրենք ապրում են ընդամենը վիրտուալ Հայաստանում, իսկ իրականն այն է, ինչ տեղի ունեցավ Մարզահամերգայինում: Իհարկե, այդ իրականը, տվյալ պարագայում, այնքան էլ գեղեցիկ չէ ու անչափ օտարված է Քաղաքացու Հայաստանից, որը դեռ չի էլ ձևավորվել, սակայն իրապես տարբեր է լինելու Հայաստանի մասին Սերժի կամ Րաֆֆու պատկերացումներից:
Րաֆֆին կարող է հիշել նաև Սարգսյանին հասցեագրված իր կադրային առաջարկների մասին, թուղթ ու գրիչով գնալ նախագահական՝ հանդիպման. Մի բան ինքը կզիջի, մի բան նախագահը: Բայց այդ դեպքում նա պետք է մոռանա Ազատության հրապարակի բարձրագոչ հռետորաբանությունը, ընդդիմադիր կարգավիճակը ու համակերպվի Հանրապետականի կոալիցիոն կրտսեր գործընկերոջ կարգավիճակին: Սա է քաղաքագիտության աքսիոման:
Սակայն «Ժառանգության» առաջնորդն ունի նաև ռացիոնալ լուծումների հնարավորություն: Բայց այդ դեպքում նա պետք է թարգի քաղաքական ջիհադիզմը, ընդունի ընտրությունների արդյունքները (չշփոթել Սերժ Սարգսայանին շնորհավորելու հետ), իշխանությանն առաջարկի բարեփոխումնրի «Ճանապարհային քարտեզ»՝ հետևյալ բովանդակությամբ.
1.քաղաքական բաց համակարգ ստեղծելուն ուղղված բարեփոխումների իրականացում, որը հիմքեր կստեղծի արդյունավետ կառավարման, քաղաքական մրցակցության, ընտրական ինստիտուտների վերականգման համար.
2.տնտեսության բնագավառում հակամենաշնորհային, հակաօլիգարխիկ միջոցառումների իրականացում՝ քրեաօլիգարխիկ կապիտալիզմը լիբերալ-դեմոկրատականի փոխակերպելու համար.
3.դատաիրավական բարեփոխումների իրականացում՝ որպես գրավական քաղաքական, տնտեսական, հանրային բնականոն հարաբերությունների հաստատման
4.օրենսդրորեն ընդդիմությանը վերահսկողական լիազորությունների տրամադրում: Նման պրակտիկա գոյություն ունի, օրինակ, Գերմանիայում:
Նման «Ճանապարհային քարտեզը» կարող է դառնալ լուրջ հաղթաթուղթ նաև Սերժ Սարգսանի համար, ով հետևողական բարեփոխումներ անցկացնելու դեպքում՝ կարող է ձերբազատվել քրեաօլօգարխիկ համակարգի կապանքներից: Այդ դեպքում 2017-2018թթ-ի ընտրությունների օրինականությունը մեծապես երաշխավորված կլինի:
Սուրեն Սուրենյանց
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.