Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն իր վրա էր վերցրել «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրի նախկին ղեկավար Էդվարդ Բեզոյանի փաստաբանի պարտականությունները: Իսկ փոխվարչապետը որոշել է փաստաբան դառնալ երեկ տեղի ունեցած կողոպուտից հետո, ինչի շնորհիվ բացահայտվեց, թե ինչ կարողություն է կուտակել ԾԻԳ-ի նախկին ղեկավարը, թեև կողոպուտը, բնականաբար, ի ցույց էր դրել կարողության ընդամենը մի մասը. հափշտակիչները տարել էին 200 հազար դոլար արժողության ոսկե զարդեր և 60 հազար դոլար կանխիկ գումար: Որտեղի՞ց Բեզոյանին այդքան գումար. բնականաբար՝ կեցցե՛ Քըրք Քըրքորյանը և «Լինսի» գումարները: Սա հասկանում են ՀՀ բոլոր գիտակից քաղաքացիները:
Ավազակային հարձակումը կատարվել էր Բեզոյանի առանձնատան վրա, որը ևս հարյուրհազարներ արժի, իսկ ամեն ինչից քաջատեղյակ հափշտակիչները սեյֆը դրել էին Բեզոյանի թանկարժեք ավտոմեքենայի մեջ և հենց դրանով հեռացել: Մամուլի հրապարակումների ուշադրության կենտրոնում, իհարկե, ոչ այդքան հիշյալ կողոպուտն էր ու դրա մանրամասները, որքան կողոպուտի հետևանքով բացահայտված Բեզոյանի թալանածը:
Բեզոյանի անձնական փաստաբանի դերը ստանձնած Արմեն Գևորգյանն այսօր պարզաբանումներ է տվել: Նա հայ հանրությանն է տրամադրել իր «ունեցած տեղեկությունները», ըստ որոնց՝ պրն Բեզոյանի ունեցվածքը «Լինսի» հիմնադրամի հաշվին չի կուտակվել: Փոխվարչապետը հայտնել է, որ «Լինսի» հիմնադրամի կողմից Հայաստանում ծրագրերի իրականացումից անկախ` պրն Բեզոյանը և նրա ընտանիքի անդամները հանդիսանում են նախագծային և շինարարական խոշոր մասնավոր ընկերությունների հիմնական սեփականատերեր, որոնցից որոշները գործունեություն են ծավալում 1990-ականների սկզբներից: Այդ ընկերություններն ակտիվորեն մասնակցել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցման ծրագրին և այսօր էլ շարունակում են մասնակցել իրականացվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի:
Արմեն Գևորգյանի նման բարձրակարգ փաստաբան ունենալ կերազեր երևի թե յուրաքանչյուր ոք. Էդվարդ Բեզոյանը ևս, կարծում ենք, անչափ շնորհակալ կլինի դրա համար: Իհարկե, ՀՀ փոխվարչապետը որոշել է փաստաբանություն անել ոչ այնքան հանուն Էդվարդ Բեզոյանի, որքան՝ հանուն «Լինսի» հիմնադրամի հեղինակության: Փաստաբանության ամբողջ իմաստը հետևյալ մտքի մեջ էր. «Մարդկայնորեն անթույլատրելի է նաև, որ նման ցավալի դեպքերն օգտագործվում են հայրենանվեր ծրագրերի շահարկման և վարկաբեկման նպատակով: Օգտվելով առիթից` ցանկանում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ «Լինսի» հիմնադրամի միջոցներով ծրագրերն իրականացվել և իրականացվում են նպատակային և առավելագույնս արդյունավետ»:
Ոչ մի գնով չէր կարելի թույլ տալ, որ ԾԻԳ-ի տնօրենի կարողությունը ստվեր գցեր «Լինսի» վրա` անկախ նույնիսկ այն հանգամանքից, որ հենց այդ ԾԻԳ-երի տնօրենների և հայաստանյան մեծահարուստների կարողությունն էր «Լինսի» ծրագրի ֆինանսավորման դադարեցման պատճառը:
Արմեն Գևորգյանը փորձել է փաստարկներ ներկայացնել հօգուտ Բեզոյանի, թե ինչպես կարող էր ԾԻԳ-ի տնօրենն այդքան կարողություն ունենալ, և ակամայից բացահայտել է Հայաստանում հարստությունների կուտակման սխեմաներից մեկը, ինչը նույնպես որևէ մեկի համար գաղտնիք չէր, բայց այսօր հրապարակավ հնչել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից: Որ ԾԻԳ-ի տնօրենը կարող էր «Լինսի» գումարները գրպանած չլինել, միանգամայն ընդունելի է. գրպանելու կարիք չկա, քանի որ Հայաստանում մշակված է «գրպանանման» շատ ավելի խելացի տարբերակ, ինչը բացահայտել է փոխվարչապետի իր փաստաբանական ճառի մեջ:
Ամեն ինչ արվել է շատ ավելի մտածված ձևով. ճանապարհաշինության «ԾԻԳ»-ի տնօրենը և նրա ընտանիքի անդամները բացել են նախագծային և շինարարական խոշոր մասնավոր ընկերություններ, որոնք էլ հաղթող են ճանաչվել «Լինսի» և մի շարք այլ նմանատիպ ծրագրերում: Փոխվարչապետի խոստովանությամբ, Բեզոյանը գումարներ է աշխատել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից: Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, մարդիկ ձգտում են պաշտոնների ոչ թե այդ պաշտոնի համար սահմանված պետական աշխատավարձը ստանալու, այլ՝ որ կարողանան այդ պաշտոնի միջոցով դառնալ տենդերների հաղթողներ: Բնական է, որ ԾԻԳ-ի տնօրենը եթե ունեցել է շինարարական կազմակերպություններ, ընդ որում, վարչապետի շեշտած հոգնակի թիվը` ընկերություններ, ցույց է տալիս, որ Բեզոյանը շատ ավելի խելացի կերպով է իր բիզնեսն առաջ տարել. ճարպիկ ձեռներեցը բացել է մի քանի ընկերություն, որպեսզի տարբեր մրցույթների ժամանակ տարբեր ընկերություններ հաղթող ճանաչվեն: Տերը կմնա նույնը, իսկ ընկերությունները տարբեր անուններով տեղ կգտնեն հաշվետվություններում, իսկ Քըրք Քըրքոյանը, ենթադրաբար, չէր ստուգելու, թե ում են դրանք պատկանել իրականում, այսինքն` ով է տրված գումարի դիմաց հատուցել անորակ շինարարությամբ` գրպանելով գումարի մի մասը:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանում ամեն ինչ արվում է օրինականության սահմաններում. Էդվարդ Բեզոյանը ևս, նույն օրինականությունը պահպանելով, կարողացել է կարողություն դիզել տարիներ շարունակ և կշարունակեր դիզել նաև հետագա տարիներին, եթե չլիներ այս միջադեպը, և հանրությունը չտեղեկանար, թե ինչ գումարների հետ են խաղում ԾԻԳ-երի ղեկավարները և նրանց հովանավորները:
Հ.Վ. Այս կարգի աղմուկից խուսափելու համար է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաների տները թալանողների և նրանց քրգործերի մասին ինֆորմացիան գաղտնի է պահվում: Ճիշտ է, ՀՀ վարչապետի՝ երբ նա ԿԲ նախագահ էր, ՕՎԻՐ-ի նախկին պետի ու էլի շատերի տները թալանողները բանտում են ու իրենց պատիժը կրելու են, ինչպես ասում են, «կալենդարնի», բայց սրա մասին չի բարձրաձայնվում հենց միայն այն պատճառով, որ հանրությունը չտեղեկանա նրանց ունեցվածքի չափից:
- 16:56Ցանկացած սուբկուլտուրա օտարացում է հասարակությունից
- 14:26Անխնա հատվում են Նորատուսի և Փամբակի անտառները
- 19:11Թե ինչ պատահեց, երբ…
- 20:28Ինչո՞ւ են բանակին և՛ վատը, և՛ թանկը տալիս
- 20:02Անարդարության որջից արդարությու՞ն են պահանջում
- 18:03Ոսկե՞, թե՞ չեչոտ ծիրան
- 11:11Հանցագործություն` ուկրաինական ձվի ներկրմամբ
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
- 19:13Ինչպես Յիրիկյանը դարձավ կիսաստված, ու՞մ հաշվին
- 18:47Ղարաբաղցին կմարսի՞ քցելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.