Հարգելի ընթերցող, Ձեր ուշադրության ենք ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի «Տաշքենդ» վիպակը՝ գրողի 78-ամյակի կապակցությամբ.
Մի անպատմելի մեծ, մի համաշխարհային ճամփորդությունից Ջանդառ Թեվանը եկա՜վ: Եկավ ծիծաղեց-ծիծաղեց ու քաշեց ոտի տակ մի որձ մորթեց, ինքը կարծես և նշանավոր հյուր էր, և հյուրի առաջ որձ մորթող հին Թեվիկը: Կինը՝ Սոփին, Մյուս Թեվանը՝ Սիրունը, սրա նորահարսը կանգնել նայում էին թե ինչ է անում ու ինչ է ասում, կարծում էին լավ հարբած է, հիմա կընկնի մի օրուգիշեր կքնի, բայց քաշեց ոտի տակ որձ մորթեց շուրջերկրյա ճամփորդությունից հետո: Շուրջերկրյա՝ այսինքն որ երեք օր առաջ այստեղից կորչում ենք, չգիտենք երեք օր որտեղ ենք, ինչերեն ու ինչ ենք խոսում, ու անընդհատ բենզինի ու սերկևիլի հոտ է գալիս, ու երեք օր հետո մեկ էլ տեսնում ենք այստեղ ենք՝ Սոփնի, նորահարսի, Մյուս Թեվըկի ու նորամանուկի առաջ. գերանդին Քեղուտ խոտհարքում գցում, տաքությունը մեջքներիս տված մեզ խփում ենք Նավ-ուրթի ձիերին ու Կեչուտ ծմակով, Ջարխեչով, Ղազախով, Հայի-Թուրքի Ոսկեպարներով երեք օր ձիով, ոտով, Երևան-Թբիլիսի գունավոր ավտոբուսով մի լա՜վ պտտվում, հետո մեզ ավտո են տալիս՝ մեր պատվավոր բեռնատարով գալիս մեր դռանը կանգնում, մեր ձեռքին երեխայի մի ճիպոտ ենք տեսնում ու ասում «էս ի՞նչ ճիպոտ է, էս ո՞վ է մեզ տվել» և ծիծաղում ու հին երազի պես զոռով հիշում ենք, որ երեք օր առաջ գնդապետական գլխարկը մենք ետ ենք դրել ու Քեղուտ լանջերից նայել Արկանք լանջերին և մեր աչքից առաջ մեր սիրտն է վկայել՝ որ նորահարսի դեմից ոչխարը կտրել են, գերանդին այդպես էլ գցել ու Աճարկուտ ծմակով խփվել ենք դեպի Նավ-ուրթի ձիերը՝ երեք ձին, մեր ձեռքն ուրեմն Քեղուտից գլորվելիս է ճիպոտը պոկել ու երեք օր այդպես բռնել — կարծես ուրիշի ձեռք լինի ու ճիպոտն ուրիշի ձեռքի լինի, և այդ ամբողջ ժամանակ կնոջ, սերկևիլի, զարզանդի ու փոշու հոտ է գալիս, ահա՛, մի հաղթական արշավանքից Ջանդառ Թեվանը եկավ. եկավ գլխարկը դրեց թարեքին ու ծիծաղեց.
— Պա-պա-պա-պա,- ասաց,- սա գլխարկ չի՝ սրբած թուր է, ժողովրդին ճղում, միջով գեներալի նման անցնում է: Հա՜ա,- ասաց,- Ջարխեչավանքից մինչև Ոսկեպար ու Կարմիր-կամուրջ ժողովուրդը ճղվում ու երկու կողմից պատվի է բռնում:
Գրպանում օղու մի կիսատ շիշ կար, նստել ծնկների վրա ֆսֆսում էր, ասացին հիմա մի լավ կքնի, ասացին պառկիր վրադ շոր գցենք, բայց չքնեց — քաշեց ոտի տակ մի որձ մորթեց: Կարծեցին պայմանավորված է, հյուր են ունենալու, բայց ոչ — զուտ իրենց չորսի համար քաշեց ու որձերից մեկը մորթեց:
Կատակ էր թե շիտակ, միլիցիայի գնդապետ Վլադիմիր Մելիքյանի գլխարկը դեր ունեցել էր թե չէր ունեցել՝ այդ էր. իրեն ողջ-առողջ ու դեպի խումհար մի բան էլ դենը և հաշված քսանհինգ որձից բացի Ջանդառս բերել էր՝
Սոփըկի ու նորահարսի համար ծաղկավոր երկու շալ. ուզում են գլխներին գցեն, ուզում են՝ ուսներին, երկու ձևով էլ շատ էր սազում, դառնում էին թուրքի խանում, բերել էր՝ Թեվանի երեխայի համար երկու կիլոյաչափ մի մեծ կտոր հալվա, ծալովի մի դանակ Թեվանի համար, 2 ռ. 75 կ. օղու կիսատած կանաչ շիշը (մեքենայի խցիկում կեսը բկից կում-կում խմել էր՝ որ գազի տաք հոտից չքնի), շալերն ուրեմն ասացինք, հարսների համար ծաղկավոր երկու շալ, գրպանի տակերում երեք հատիկ խակ զկեռ՝ որ պոկել էր Ջարխեչավանքի զկռուտներից, բայց խակ էին եղել ու Սոփնի բկում մնացին, ինչպես որ Ջարխեչավանքի առաջ ուրիշ պատճառով Ջանդառի բկում էին մնացել, ուրեմն գրկած մի ձմերուկ ու ռադիոյի վեց հատ լիցք՝ պոլնի պարյադոկ, Դաղստանը կողոպտել բերել էր, ու գրպանում եղել էր երեք ռուբլի փող՝ մի հատիկ երեքնոց, ձեռքին՝ երեխայի մի ճիպոտ, գլխին՝ գնդապետական գլխարկը: Եկավ կանգնած տեղը ֆսֆսաց-ֆսֆսաց, ձեռքի ճիպոտը տեսավ, ասաց.
— Էս ի՞նչ ճիպոտ է, էս ի՞նչ երեխայի ձեռից եմ առել:
Այդ երեք ռուբլուց՝ մի հատ այդ երեքնոցից էլ ինքը լրիվ անտեղյակ էր եղել, այսինքն տեղյակ չէր եղել որ ունի, կարծել էր լրիվ էնպես է, Երևան-Թբիլիսի լուսավոր ավտոբուսի վարորդի ու էդ ամբողջ գունավոր ժողովրդի առաջ խայտառակ էր եղել. վարորդն ասել էր՝ «գյուղացի չե՞ս, շորիդ ամեն ծալում հազար ռուբլի փող կա», Ջանդառը՝ «չէ, այտա. չենք հրաժարվում՝ ունենք, բայց անպատրաստ ենք դուրս եկել, տեղից մեզ դեպքն է կտրել» և ձեռքը գրպանն էր տարել ու իրոք խայտառակություն՝ ծալած այդ երեքնոցը. հիմա լավ չենք հասկանում՝ ինքը վարո՞րդն էր իրենից թիֆլիսյան ֆոկուսով գցել, Ջանդառն ի՞նքն էր երբևէ խանութ գնացել ու առուտրից հետո մոռացել գրպանում, թե՞ Վլադիմիր Մելիքյանի բաճկոնի հետ Երևանից այդպես էլ եկել է, չնայած՝ ոչ, Համբոյի աղջիկը գրպանները շուռ է տալիս, լվանում, արդուկում և ուղարկում մաքուր արդուկած:
Առավոտվա դառը ժանգառքի հետ եկավ սուլեց, մոնղոլի նրա կարճաոտ-լայնաթիկունք կերպարանքը սայթաքեց, քրքջաց, ու հին գերեզմանների մոտից ձմերուկը գրկից գլորվեց: -Այտա, բռնի՛ր,- ծիծաղեց,- ջարխեչեցին փախավ, կալկոխ արա, բռնի՛ր:
Մյուս Թեվանը շապիկով-վարտիքով գոմի ետևն էր, չարքի խփածի պես սրսփաց ու մեզը կիսատ մնաց: Քնաթաթախ կռտած կարմիրը շեղակի ընդառաջ թռավ ձմերուկին, հպարտ գլուխը բարձր ու թաթն անընդհատ խփելու պատրաստ գնաց ձմերուկի հետ, բայց «ախպոր» հոտն առավ, կլանչեց ու ետ նետվեց: Էդ ի՜նչ լաց ու կարոտ էր, կարծես ոչ թե երեք օրվա՝ բանակային ծառայության երեք տարվա բացակայություն էր եղել, գետնին տափակվել, սողում ու ծմրում էր. չնայած կռտած է, բայց դե էլի որձ է — լակոտ շան նման, քածի նման ծմրում ու նվում էր, ասում էիր կարոտից հիմա կհանգչի. իրար երեսի թռան, թավալվեցին ու իրար մի լավ լիզեցին՝ որ նոր հանգստացան: Մյուս շները՝ ոչինչ, կանգնել նայում էին:
— Դե լավ, դե լավ, — կանգնեց ասաց,- շան տղա. որ կարոտից էդպես սատկում ես՝ քու պետական պարտավորությունը մյուս անգամ լավ կկատարես, թե չէ քու Ջանդառը կգնա ու էլ չի գա: — Բայց խեղճ շունը միաժամանակ ինչպե՞ս լիներ այստեղ և այնտեղ, չէ՞ որձերն իր հոտից չէին տարել:
Եղյամ էր դրել, այսինքն դեռ եղյամ չէր, բայց սառն էր: — Մյուս Թեվանը մի ոտի կոշիկը կորցրեց, բայց կարողացավ բռնել ղ ա զ ա խ ի հաստակեղև, մուգ կանաչ՝ համարյա թե սև ձմերուկը, Ջանդառի մի պարապ արտահայտությունից արդեն որոշեց՝ որ Ղազախի ու մեր արանքում կայարան է եղել ջ ա ր խ ե չ ե ց ի անշնորհք հիմարի տունը, դագանակ քաշելու նման՝ մի րոպեում բերանը դառնությունով լցվեց և այդ պահին ճիշտ այն որոշեց՝ ինչի վրա Ջանդառը երեք օր ֆսֆսացել էր, այսինքն՝ որ եկող տարի այս օրը, երբ երեխաները դպրոցի համար սարերից իջած կլինեն, ջարխեչեցի հիմարը հաշված ու ընտրված քսանհինգ որձ կկորցնի ու այդպես էլ կկորցնի, և ընկերոջն ընդառաջ գնաց շապիկ-փոխանով ու բաճկոնն ուսերին, իրենց լեզվով իրար մի երկու բառ ասացին՝ և ջարխեչեցու մասին որոշումը հաստատվեց,- բայց ասում ենք, մեզն ինչպես որ կիսատ էր մնացել ու կեսը ետ ներս քաշվել, Սիրունն այդպես թթված էլ մնաց:
Չասենք թե դանակի նվերը հաշվի չառավ, ռադիոյի լիցքերը առավ. դանակը բացեց, զննեց, հավանեց, բայց ծալեց ու դրեց թարեքին՝ կարծես իրենը չէր, իրեն չէին նվիրել: Դաշույն չէր, բայց շեղբի վրա դաշույնի ակոս ուներ, լավ պոզուկճղակ էլ կտաշեր, լավ մորթ էլ կաներ ու թևի հաստության բոխի էլ կկտրեր, գոմեշի եղջյուրից սարքած պինդ կոթի ծայրին էլ երկաթե օղակ ուներ, այսինքն կաշվե գոտուց պիտի կախեր, բայց չկախեց, ծալեց դրեց թարեքին: Ռադիոյի վեց հատ լիցքը. դանակ-սրել է, գերանդի թե ռադիո՝ տեխնիկայի հարցերը նրա վրա են, — ռադիոյի ետևը բացեց, հանգած հները հանեց, նորերը կարգով-խնամքով տեղավորեց, և ճիշտ առավոտյան հատուկ համերգի ժամն էր, գյուղի աշխատավորների համար Լուսիկ Քոշյանը երգում էր, նոր կոշիկները ձեռքին՝ նրա երեխան անկողնում թաթիկները պար ածավ, երկու օր առաջ հերն էր կոշիկները գյուղի խանութից բերել ու երեխան կոշիկները ծոցում էր քնել,- բայց ջարխեչեցի հիմար աղքատին զրկելու որոշումից բերանն ինչպես որ դառնացել էր՝ ինքն էլ իր բերանի նման այդպես դառն էր ու դառն էլ մնաց, կարծես ոչ կորո՛ւստ էր գտնվել ու ոչ էլ ընկե՛ր վերադարձել, համերգից ու հարսների ուրախությունից մի կողմ կացավ ու այդպես էլ մնաց:
Հարսներն ասացին չգիտենք, գյուղից ինչ եկել տեսել է բացակա ես՝ էդ է: Ջանդառի Սոփի՛ն ասաց, թե չէ Մյուսի նորահարսը ի՜նչ կարողություն կամ ինչ իրավունք ունի՝ որ նայի ու ամուսնու տրամադրությունը հասկանա. դժվար է լսում, ականջները երեխայի վրա ծանրացան կամ հենց դպրոցից է այդպես, թե չէ կնկամեռ, երկու կնիկ փոխած սարվորին էդ ո՜վ դպրոցական աղջիկ կտար, — կապույտ աչքերով ուշադիր նայում ու բան չի հասկանում, դեռ չէր հասկացել՝ որ քսանհինգ որձը իր առջևից է կորել: Ջանդառն ասաց. — Հա: — Հա ասաց, պատճառը դե եթե մեր բացակայությունն է եղել՝ հիմա ներկա ենք, իսկ եթե ուրիշ բացակայություն է՝ ոչ մի կորուստ էս աշխարհում անկորուստ չի գտնվում, այսինքն որ կորչի ու նույնությամբ գտնես: Ասաց. «Թե նկատել եք՝ ձին եկե՞լ է»: Ասացին՝ ի՞նչ ձի: Ծիծաղեց ասաց՝ ես էլ եմ ասում, ի՞նչ ձի:
Կարծում էին կքնի, ասում էին հիմա հացուպանրով թեյ կխմեմ, օրն իր կարգով կգնա, բայց բռնեց իր վերադարձը տոն սարքեց: Բայց ուրախությունը դեռ մի կարգին չէր տաքացել, Մյուսը վեր կացավ՝ թե ես գնացի. ո՞ւր. Տաշքենդ. ի՞նչ Տաշքենդ. ես Տաշքենդ ախպեր ունեմ, գնում եմ բերեմ. ա-է՜էէ:
Սոփին որձի արյունը շների համար բռնում էր, շռայլ թագավորի նման Ջանդառս ամանին քացի տվեց, այսինքն թե էդ ինչ խնայողություն է, հաղթած իշխան ենք եկել՝ իրավո՞ւնք չունենք հողին մի որձի արյուն տալ, — ամանը վզի տակից ոտքով ետ հրեց, մորթը կարծես բարձր հյուրերի ներկայությամբ էր լինում: Արյունը հյուրերի մոտ չեն բռնում, ծծվում կորչում է, չեն թողնում շները լիզեն, հյուրերի առաջ շների երեսից էլ են ամաչում, փորոտիքը դեն են ածում՝ որ քաղաքացիները չասեն գյուղացիք խնայող են, չէ՞ կողմնակի ձևով նրանք են հասկացրել, թե քաղաքում իբր մի առակ կա՝ որ ասում է. «գյուղացին եթե հավ է մորթում՝ ուրեմն կամ հավն է հիվանդ, կամ ինքը»: Բայց թույլ տվեց, ամանը վզի տակ քաշեցին, արյունը մինչև վերջին պուտը բռնեցին, փորոտիքը կտրտեց՝ որ դեսուդեն քարշ չտան, արյան հետ խառնեց, դրեց շների առաջ: Երբ թուրքը մորթ է անում՝ կողքին պիտի լուռ երեխայի նման կանգնես, նայես ու սովորես: Մեր բարեկամ թուրքերը մեզ սովորեցրել են, որ ոչխարը մի թիզ կարմիր աղիքից բացի դեն-գցելու բան չունի, բայց շների համար պիտի հնարես: Նույնիսկ լեղին. եթե լնդերից խախուտ ես՝ տաք լեղիով պիտի ողողես ու թքես, ժանգն սպանում ու ատամներդ պնդացնում է, իսկ եթե ատամներդ առողջ են՝ ավելի է առողջացնում: Էրաթաթերի կրճիկները կտրեց գցեց շներին, լյարդի զուտ կեսը կտրեց տվեց կարմիր գելխեղդին: Ասաց.
— Հրեն-հա՜ա, վեց հատ ձմերուկ էլ հրեն Ցիցքարա սեղաններում ունեք, ոչխարն ով դենը քշեց՝ մի հատը շալակելու է:
Սոփին կտրել էր, Թեվանի՝ Մյուսի նորամանուկը ձմերուկի միջուկին վրա էր ընկել, կարմիր քաղցրի մեջ լող էր տալիս:
Շներին կշտացրեց ասաց.
— Դե ձեզ տեսնեմ, էսօրվա չոբանը զուտ դուք եք, մենք էսօր մեծ հարսանքի ենք:
Հարսանքատեղից բոլորս էլ դժվար ենք հեռանում. կարմիր գելխեղդն ու մյուսը՝ որ իրենց համարում էին Ջանդառի շունը, դժվար գնացին, բայց գնացին. բերանները լիզելով պպզած մի քիչ մնացին այդտեղ ու իրենց ոչխարի ետևից գնացին. մյուս երկուսը՝ որ իրենց համարում էին Մյուս Թեվանինը, գնացին իրենց տիրոջ մոտ պպզեցին ու դեսը նայեցին: Նրանց տերը գյուղից երկու օր առաջ ինչպես հագած-կապած եկել էր՝ ձեռքերը գրպաններում այդպես էլ կանգնած էր, նույնիսկ չասաց ոտս մեկնեմ որձի ոտին դնեմ, հոգեվարքի մեջ եղբորս սրունքը ծեծում է: Նորամանուկը, ուշադիր նայող ու ծանր լսող նորահարսը, Ջանդառի Սոփին ու ինքը Ջանդառը ինչքան էլ ասացին՝ Մյուսի կողքերից շները չհեռացան, Մյուսը մինչև չբարկացավ ու չկռացավ իբր քար վերցնելու՝ այդտեղ պպզած նայում էին: Գիշերը ավտոյով ճամփա էին եկել, ավարված ու ետ-խլված քսանհինգ որձը գոմերի արանքում թափված էին ու այդպես մնալու էին թերևս մինչև իրիկուն ու մյուս առավոտ, — ասացին շները այդ կտրկանը ամբողջ ոչխարի տեղ են ընդունում ու դրանց պատճառով չեն հեռանում, բայց մյուս երկուսն ինչու հասկացան ու գնացին. Թեվանի ոտից սրանք ուղղակի չէին կտրվում: Եթե ճիշտ խոսենք, շներին հետը եթե գյուղ տարած չէր եղել՝ որձերը չէին կորչի. երեխայի հետ ղունղունացող երեկվա դպրոցականի առջևից մեկ-մեկ ընտրել ու քշել էին: Բայց մենք մեզ ձախորդ ու անտղամարդ կհամարենք, եթե եկող աշնան մեր նշանավոր գիշերը փարախում ջարխեչեցու կինը լինի: Ասացինք լավ է, որ գոնե տիրոջ խոսքը բանի տեղ են դնում, բայց այդ րոպեին նորամանուկը թաթիկը մեկնեց — հիմա էլ հին գերեզմանոցի գլխից էին պպզած նայում: Ջանդառն ասաց.
— Վատ ես սովորեցրել, վատ. թուրքի շուն լիներ ու ասեր գնա ու նստեր նայե՞ր:
Ձեռքերը գրպաններում՝ Մյուսը սիրուն երեսը բարձրացրեց ու աչքերն իր նման ճպճպացրեց.
— Բա ես ի՞նչ անեմ՝ որ երեխայի պես փեշիցս պոկ չեն գալիս:
— Չգիտեմ,- ասաց,- էն արա՝ որ շներիդ վրա ռեխս ավել-պակաս չբացեմ:
Ջանդառն այդ մասին միայն այդքանն ասաց, բայց այդքանն էլ չէր կարելի. խեղճ նորահարսը վերջապես կսկսեր հասկանալ, որ որձերն իր առջևից էին կորել. Սոփին՝ նորահարսի դասատուն և առհասարակ երկուսի ամբողջ տնտեսության տիրուհին, օղու կիսատ շիշն առած եկավ, խցկեց Ջանդառի բերանը, և նորահարսը նայեց ու սովորեց, որ ամուսնուն երբեմն այդպես, երբ նա դանակը ձեռքին գործի է ու նրա սպիտակ, շեկ մազոտ ձեռքերն արյունոտ են, քո ձեռքով պիտի խմեցնես… բայց Սիրուն Թեվիկը խեղճ նորահարսին երբ էր իր վրա այդքան իրավունք տալու: Մի կում թե մի երկու՝ Ջանդառը խմեց ու տեղնուտեղը լրիվ ծիծաղ դառավ մոնղոլի կանաչ աչքերը կուլ գնացին:
— Այ տնաքանդ,- ասաց,- վառեց. բերել դատարկ փորս ես ածում, չես ասում էս տղեն երեք օրուգիշեր ոչ հացի երես է տեսել, ոչ տեղաշորի: Կերածս եղել է՜,- ասաց,- տերտերի մի խակ զկեռ:
Մեր բարեկամ թուրքերը մեզ սովորեցրել են, որ ոչխարի մսի վրա կացին բանեցնելը հանցանք է — ոսկրախաղերով-խաղերով, դանակը ձեռքիդ մեջ խաղացնելով պիտի մանրես, կացինը ոսկորը փշրում է: Ջանդառը թուրքի նման մի երկու կտոր խաղերով-ոսկրախաղերով կտրեց ու,- Դալո՜ոոյ,- ասաց,- աստանավիս, Մելիքյան, գլուխդ վրայիցդ ընկնում է: — Բայց Մյուս Թեվանը՝ Սիրունը, գործին տեր չէր կանգնում. իր նշանավոր կապույտ կոստյումը հագին, ձեռքերը գրպաններում՝ ետխլված որձերի կողքին պտտվում ու մի տեսակ օտարի նման զննում էր, կարծես կամ որձերն էին ուրիշի, կամ ինքն էր ուրիշ: Ջանդառն ու Սոփին մարդուկնիկ իրար նայեցին ու առանց բառերի իրար ասացին. դրա պարոնությունը բռնել է: Սոփիկը տնավարի բարկացավ, թե գնա շորերդ փոխիր ու էս մսին արի տիրություն արա, բայց սիրուն երեսը նա դարձրեց ու թարս նայեց, այսինքն թե էս կաստյումը որ քո ամուսնու հագին լինի՝ քո կարգադրությունները նրան կանես: Ու դեռ ավելին. խեղճ նորահարսի վրա, ձմերուկը չնայած Սոփին էր կտրել, բարկացավ՝ թե ուրեմն չի կարելի երեխային այդպես ձմերուկի մեջ կորցնել: Դրա քաղաքավարությունն իսկապես բռնել էր:
— Բեր,- ասաց Ջանդառը,- բեր. շիշդ դեմ արա՝ էս անտերը թող մի քիչ լուսավորվի:
Կնոջ ձեռքից մի երկու կում էլ խմեց, ծիծաղեց ու թավալվեց: — Էս անտերի դմակը տեսա՝ հիշեցի,- ասաց,- դմա՜կ, դմա՜կ, դմա՜կ, տղերք, փափո՜ւկ, ուսդ տակն ես տալիս թե չէ՝ գլուխդ մեջը թաղվում է:
Բայց Մյուսն ըստ երևույթին մտադիր էր կոտրել նաև Ջանդառի տրամադրությունը: Այնտեղից այստեղ թե՝
— Իբր որ բերել ես՝ ի՞նչ,- ասաց,- էս ո՞ւմն են:
Ասացին կամ ական չեն, կամ մերը չեն, բայց նրա խոսքն այդ մասին չէր. ասաց.
— Ումը որ են՝ թող գան իրենք ճանաչեն, թե չէ՝ ես ինչ գիտենամ ումն են,- և սիրուն երեսը բարձրացրեց ու աչքերը իր նման ճպճպացրեց:
Ջանդառիս հոգսը չէր, խմել ու քունը գլխին ծիծաղում էր: — Արի,- ասաց,- եկեք,- ասաց,- այ նորահարս, մոտ կանգնիր՝ որ դու էլ լսես. Ջանդառը կինո է տեսել, ձեզ պատմում է: Թեվա՜ն,- կանչեց,- Ջարխեչավանքը գիտե՞ս՝ էն որ իրենք ասում են Հաղարծին: Տղերք, կնի՜կ, կնի՜կ, կնի՜կ, բոլորն էլ ռսի ու բոլորն էլ ինժեների: Աստանավիս, Մելիքյան: Ներողություն, բանակում էինք Մելիքյան — դերժի, դարմայեդ: Օդային գնացք են կապել, օդով գալիս երկնքից իջնում, Ջանդառիս ուսերին նստում են: Կնի՜կ, կնի՜կ, կնի՜կ, ծանը՜ր. Ջանդառս գլուխը տակն է տալիս թռցնում ձիուն՝ նկարիչը նկարում է: Ջանդառս ձեռները մեկնում, խտտում պտտում նկարվածին վեր է բերում ուղիղ գետնին — էդ Լուսյան մի՜ն: Ջանդառս ուսը դմակի տակն է տալիս ու թռցնում ձիուն՝ նկարիչը նկարում է — էդ Դուսյան երկո՜ւ: Ջանդառս գլխարկը գլխին ուղղում ու պատրաստ կանգնում է — էս Նադյան էլ երե՜ք: Ջանդառս քրտնե՜լ ջուր է կտրել, բայց օտար ժողովրդի առաջ ամաչում ու քրտինքը ետ է քաշում, ազնիվ խոսք, խակ զկեռն էլ բկումն է մնացել, այ դրա տերն էլ էդտեղ մեռնի: Ջանդառիս գլխարկը մի աղջկա գլխի նկարվեց. աղջի՞կ էր, տիկի՞ն էր՝ էդ էլ ինքը կգիտենար. բայց որ ձին երեսուն կնկա տակ նկարվել է՝ էդ երդվելու բան չի:
Սոփիկը դե կին է, դեռ Ջարխեչավանք էլ հայտնի էր, որ այդ պատմության առաջ Սոփիկն իրեն կին է պահելու, այսինքն պռոշները սեղմելու ու չի լսելու, բայց Թեվիկը. ինքը չուրախացավ, մի բացատրություն էլ իրենից չհանեց, մի քիչ էլ ինքը չբազմացրեց՝ բավական չի, եկավ կանգնեց թե՝
— Էդ ի՞նչ ես պատմում, արա:
Այդ թատրոնը երևի իրոք պատահել էր, Ջանդառս նորից սկսեց.
— Ես երեսուն եմ ասում՝ դու քառասուն ու հիսուն իմացիր. — Ջանդառդ էդքան մեկ-մեկ խտտել դրել է ձիուն, նկարիչը նկարել է:
Աչքերը փակեց ասաց.
— Ի՞նչ ձի:
Ջանդառը խեղճացավ ու վիզը ծռեց: — Սիմոնի խեղճ յաբուն,- ասաց:
— Բա հիմա ո՞ւր է,- ասաց:
— Չի եկե՞լ,- խեղճացավ: — Գոտիկս գլխից հանեցի, ասացի դու գնա, պիտի որ եկած լինի:
Խեղդում էր, ուղղակի խեղդում էր, չէր ասում էսքան տարվա ախպերս ու ընկերս է: — Տերը որ հարցնի՝ էդպես էլ կպատմես,- ասաց,- կասես Ջարխեչաձորում կապը գլխից հանեցի, ասացի էս գելուգողի միջից դու առանց ինձ դուրս արի, ես գունավոր ավտոբուս եմ նստում ու չգիտեմ ինչի ետևից ուր գնում: — Ու բերանն սպիտակել էր, աչքերը ճպճպում էին: Ու սովորություն ունի՝ աչքերը փակում ու երեսը բարձրացնում է, փակ աչքերի վրա բարակ կոպերը թրթռում են, բարակ, սպիտակ շրթունքների կոշտությունը դե սարի կոշտ եղանակից է:
— Ներողություն,- ասաց (Ջանդառը).- հարցը մեր կողմից լավ չէր մտածվել, ներողություն: Այսինքն դեռ ժամանակ չէինք ունեցել՝ որ քննենք ու հասկանանք, շնորհակալություն:
— Դե ուրեմն ձենդ կտրիր,- ասաց:
Բայց Ջանդառը պայմանը տեղնուտեղը մոռացավ: — Այտա՜,- ծիծաղեց,- բա որ ասեմ խտտեցի՝ ասեմ խտտեցի ի՞նչ արի:
Այդ հիմար բերանբացության վրա Թեվիկը մատը տնկեց, բայց թե՛ մատը տնկված մնաց ու թե՛ Ջանդառի բերանը՝ հիացմունքից բաց. Աճարկուտ մեծ ծմակի գլխով՝ Նավ հին ուրթի ուղիղ մեջտեղը, ուղիղ Նավի կենտրոնում, իրարից այնքան հեռու՝ որ տեսնողն ասի երեքն են ու երկուսը չեն և իրար այնքան մոտիկ՝ որ նայողը տեսնի ու ասի նրանց երեքի հին միությունն է, գլուխները բարձր կանգնել էին Ռոստոմի շիկաբաշ հովատակը, Ավագի պառավ մադյանը, Սիմոնի կարմիր յաբուն՝ Ծմակուտի վերջին ձիերը, — Նավի մյուս երեսի ձորից արածելով-արածելով դուրս էին եկել ու այս երեսի լանջերն իջեցնելուց առաջ մի րոպե կանգնել մեր ծանոթ, մեր հայրենի, մեր արդեն պառավ աշխարհի դեմ՝ որ հնձած արտերով, ցելերով, անտառներով, բացատներով ու կենտ ծառերով գնում է մինչև՜ Քռի տաք մշուշները:
Ուրեմն ուրցով, աղով, Սոփիկը պահած սոխ ուներ՝ սոխով ու պատկերացրեք համարյա թե զուտ իրենով, այսինքն համարյա թե առանց ջրի, ինչպես որ քաղաքացի հյուրերն են մեր պղնձի վրայից մեզ դենն անում ու պատրաստի մսից իրենց խաշլաման իրենք դնում, խաշլամա էին դրել, մսի քաղցր հոտն արդեն ելնում էր, իրար կողքի նստել ու սպասում էին գոնե մի քիչ եփի, ու Ջանդառ Թեվանը հանցանքը վրան առավ, գնդապետական գլխարկի հովանոցը ետ հրեց ու Աճարկուտ մեծ ծմակի գլխով նայեց Նավ հին ուրթին, որտեղից տարել փաստորեն ձին կորցրել էր, — գլխարկը ետ դրեց ու հիացմունքից սառավ:
— Գյոզընղադընեմ է՜,- թուրքերեն ասաց,- բախտ է, բախտ:
Դեպքը պատահելու հետ, հենց նույն րոպեին, երկինքը մթնել ու Ջանդառիս աստղը դուրս էր եկել. դուրս եկել Ջանդառիս առաջն էր ընկել ասել՝ գլխարկն աչքերիցդ բարձրացրու ու ետևիցս արի, քո կորստի տեղը ես գիտեմ: Եղել էր, որ Ջանդառս սխալվել, զուր տեղը ճանապարհ ու ժամանակ էր կորցրել, Ջարխեչավանքի կինոն դե մեր պատճառով չեղավ, էդ չհաշվենք, մի ամբողջ գիշեր քարացել, Կեչուտի թփուտներում անտեղի սպասել էր՝ թե խեղճ գողը հիմա գալու իրենով է ընկնելու, իզուր, բայց աստղը հետո ասել էր. սխալվեցիր, տղա, հիմա էլ էսպես գնանք:
Ջանդառի աչքերը լցվեցին, Ջանդառս օրիորդի պես լաց եղավ: — Այտա,- ասաց,- այտա՜… եկել է, էն թշնամի ձորից ուրեմն դուրս է եկել, եկել հայրենիք:
Ձին, հասկանում ենք, ամեն տեղ ձի է (Ղազախի ու Կենտրոնի մորթարանները մոռանանք), բայց մեր սիրտը մի քիչ թուլանում է՝ երբ մեր Ծմակուտի ձիերին, տղերքին, գնացած աղջիկներին, վաճառված կովերին, աստծու գառներին պատկերացնում ենք օտարության մեջ, կարծում ենք նրանք բոլորն էլ մեզ նման կարոտ ու տխրություն ունեն, օտար իրիկվա մեջ կանգնում են ու լացները գալիս է:
— Այտա,- ասաց,- այտա… որ ավտոբուսի խնդիր առաջացավ՝ գոտիկս վզից հանեցի, ասացի հիմա դու ու քու խելքը, ճանապարհը մենակ ես գտնելու, թե գտար՝ ասացի, աստծու չափ շնորհակալ կլինեմ, թե չգտար՝ ուրեմն իմացիր, որ Ջանդառը քու տիրոջը մի մեծ վատություն արեց: Հայրենիքն ուրեմն քաշե՜լ,- ասաց,- էն ձորից հանել է:
Մյուսը գործկոմի նման կաստումավորված, դժգոհ, այսինքն որ ինչ էլ անես՝ անգոհ է, կանգնած էր, — Ջանդառը որբևայրի կնկա նման այնքան ուրախացավ ու տխրեց, քիթը վեր-խմելով այնքան լաց եղավ ու ծիծաղեց, որ Սոփիկը վրան բարկացավ.
— Իրենց գլուխն էլ հողեմ, իրենց ձիու գլուխն էլ. պետքները լիներ՝ իրենց դռներին կպահեին, հրեն փողը մուծել ավտո են առնում, հերիք է,- ասաց:
— Չէ, Սոփո, չէ,- ասաց,- դու կնիկ ես, չես հասկանա. ավտոյի դեմ խոսելը մեր բերանի բանը չի… է՜, ջահել ժողովրդի գունավոր ավտոբուս… ավտոն լավ է, բայց մեր ձին: — Եվ իր արդարությունը նրանից խնդրելով վիզն այնպես խնդրողական ծռեց՝ որ Սոփին կարմրեց ու երեսը շուռ տվեց: Էդ էլ ուրեմն ծիծաղի առանձին նյութ էր, երեք օրում կարգին ուրեմն կարոտելս էր: Էսքան տարվա մարդուկնիկ ենք՝ երեսին մի անգամ կարգին չենք նայել տեսնենք ինչ տեսքի է և ետևից մի անգամ չենք նայել տեսնենք ինչ ձևի է, Դսեղա մեր քեռոնք ինչպես որ ասացին քեզ համար աղջիկ ենք հավանել ու որ անունն էլ իմացանք Օհանի Սոփնի նման Սոփի է, ասացինք ուրեմն էդ է, Թեվիկ-Սոփիկ: Ասաց՝ «հողեմ ջարխեչա լրբերիդ գլուխը», այսինքն թե հավատում է՝ որ ամուսինն այնտեղ ուրախության է եղել, բայց սրտի խորքում իսկական եղելությունը գիտեր — որ խեղճ տղան նրանց տակ տանջահար է եղել և, ձիու վերադարձի համար եթե այդքան ուրախանում է, ինքն է ուրեմն սարսափի առաջ կանգնած եղել:
Ինչպես որ դեպքն էր հանկարծահաս, Քեղուտի լանջերից ձորի ու ձմեռանոցների գլխով Նավ-ուրթ՝ նա նշան էր դրել Ռոստոմ Մելիքյանի հպարտ շիկաբաշին, որ ձի չէ՝ ձիու հին ժամանակների կայծակ է, բայց տիրոջ պես հպարտ ու իրասածի՝ Ջանդառին մոտ չէր թողել, ասել էր դու իմ Ռոստոմը չես: Ավագի պառավ զամբիկը հանգիստ բռնվել էր, բայց այդ դեպքում շիկաբաշն ու յաբուն նրա ետևից կգնային — թաքուն հետախուզության փոխարեն Չինգիզխանի բացաշկարա օրդու: Կանգնել վիզը ծռել, Սիմոն քեռու յաբուին խնդրել էր. ախպեր ջան, խնդրվում եմ, մոնղոլիս կարճ ոտներով հասնելու եմ է՜ Պողոսքիլիսա ու Ջարխեչ, ախպեր ջան, էս է ձմեռ է գալու՝ սարում մնալու ենք Ջանդառս ու դու, կթողնեմ դեզիցս խոտ կուտես: Յաբուն կանգնել, թառանչել ու իրեն բռնել էր տվել, համարեք թե ասել էր. որ Ջանդառն ես՝ գնանք: Զուտ մի գիշեր Կեչուտ անտառում Ջանդառի տակ քարացել էր, մի երկու տղամարդը չհաշված՝ զուտ քառասուն կնոջ տակ Ջարխեչավանքում նկարվել էր…
Բայց մեր խոսքը ձիերի մասին չէ. ձիերը Նավ-ուրթից այս կողմի վրա իջան, բաց լանջի խանձլկուտներում էին. Ջանդառ Թեվանի մասին էլ չէ — Մյուսի՝ Սիրուն Թեվըկի մասին է:
Լոբու չոր սարին քեզ օրինակ, անծիծ-անքամակ մի սև ղարաչին երեխայի նրա արբունքն ինչպես որ խլեց ու նրան նվազ թողեց, կին արարածը ինչքան որ քաղցր կլինի և ինչքան որ լեղի՝ զոհված եղբոր, համարիր հոր անթույլատրելի կինը, Թեվանի կյանքն այդպես գլխին խփածի նման էլ գալիս է, ասում ես ակունքը ի՜նչ հիմնավոր են պղտորել: Սխալ կապած բեռան պես՝ ասում ես հիմա շուռ կգա, հիմա ձորը կընկնի թարսված, շփոթված գալիս է: Որ, օրինակ, օրինակի համար ենք ասում, երեխան խեղդվելով տուն ընկնի՝ թե միլիցավորված բժիշկները գերեզմանից մամային հանում են և անծիծ-անքամակ ճոթռաբերան սև ռադիոյի մոգոնանքն իսկույն տարածվի ժողովրդի մեջ՝ թե առձեռն թույնի կարծիք կա, Թեվանը Վարդոյին թույնով սպանել է, ուրեմն պատկերացրեք: Ու քեզ գերեզմանին մոտիկ չթողնեն, ու ժողովուրդը քեզանից ետ քաշվի և նույնիսկ Ջանդառը քո ճանապարհից մի կողմ կենա ու հավատա՝ թե հնարավոր է, որ դու հացի հետ թույն տված լինես քո երեխաների մորը՝ քո ախպորը, քո հնձվորին, քո տան մշակին: Ու հետո մի անմեղության թուղթ, մի բացսիրտ հայտարարություն, դժբախտ հղիության մասին մի տեղեկանք չտան՝ այսինքն որ Հովտի բժիշկը արնով է գցել — լուռ քաշվեն տեղի կիսաջոջերի հետ լակելու-լափելու ու քեզ թողնեն թշնամի իրիկվա մեջ այնպես մոլորված, որ նույն անծիծ-անքամակի՝ ծմակուտյան մեր սև ռադիոյի բաց ծաղրը թշնամական երեկոյի մեջ բարեկամի կանչ թվա՝ «տեգրս անպարտ դուրս եկավ, ախչի՜, սպիտակ ուլս ո՞ւր է՝ տեգորս սուրբ ոտի տակ մորթում եմ. եսի՜մ, ասում եք թույնն ինքը չի տվել»: Որ, օրինակ, օրինակի համար ենք ասում, իր եղբոր զավակը՝ իր արյունը, փաստորեն եղբայրը, մեծը՝ պեպենոտը, գրասենյակի դռանը ժողովրդի առաջ խփի փռի ու բանակային ոտները շեք-տված գլխին կանգնի, ուրեմն պատկերացրեք: Իբր թե ինքը միշտ այդպես կուսակցական-բանակայնորեն մաքուր է մնալու, Ծմակուտ անկարգ գյուղում իր ապագան մաքուր է պահելու — մաքրում է նաև մոր հին պատիվը: Իբր՝ հազար ներողությունը բերվելու է ոչ թե անգիտակից արբունքը պղտորված, փաստորեն աղջիկ-երեխայի պես լլկված Թեվկին, այլ տաքացած լաչառին: Այսինքն մենք իրավունք չունենք առանց մեր եղբոր ընտանիքի հետ խորհրդի նստելու մեզ համար նոր կին բերել, նրա խնդրանքով կոստյում հագնել ու գյուղամեջ ելնել — մենք գյուղամիջի տղա չենք. չէ՞ մի մատ երեխան էլ ոչխարաշանը գյուղում ասում է կորիր, ոչխարդ ո՞ւր է, գնա ոչխարիդ մոտ… այսինքն թե ոչխարաշան տեղը գյուղն ու գյուղամեջը չի, և շունը մի մատ երեխայի առաջ էլ պոչն իրեն է քաշում ու լուռ հեռանում իր սարերը, իսկ երեխայից նեղացել է թե չի նեղացել՝ անհայտ է -քաշվում է իր ոչխարի մոտ:
Բայց ինքն էլ իր մեղքն ունի, այսինքն չասենք թե ինքը լրիվ անմեղ անտեղյակ է. դե եթե գիտեիր՝ որ քո տեղը սարի ոչխարն է, էլ ինչո՞ւ էիր քեզ իզուր գյուղամեջ հանում, որ հին հանցանքդ իբր թե միտները բերեն ու խփեն փռեն. եթե հասկանում էիր, որ ում էլ ուզես՝ քո սրտի ուզածը նրանց սրտով չի լինելու, ինքդ էլ գոնե այնքան տղամարդկություն չունես, որ ամենօրյա ճնշման առաջ կույրուխուլ լինես, էլ ինչո՞ւ էիր խեղճ աղջկան բերում՝ որ հետո դուրս անես ու քոնոնց առաջ գնաս փորահաց մշակի նման հաշվետու լինես ասես. հա, ախպեր, ես ձայն չունեմ, չկամ, դուք եք ու ձեր խոսքն է, իմ երեխաների վրա դուք ում բերեք՝ նա է: Քո իրական առաջնորդը եթե քո եղբոր ընտանիքն ու գյուղի ձայնն է, էլ ինչո՞ւ էիր իբր թե առաջնորդ կարգում ինքդ քեզ:
Հիմա էլ վեր կացավ՝ թե ես գնացի Տաշքենդ, Տաշքենդ եմ գնում, այսինքն Միջին Ասիա: Ջանդառին ու Սոփնին տարավ կանգնեցրեց ետ-ավարված որձերի մոտ, ետևներից նորահարսն ու նորամանուկն էլ գնացին, կանգնեցին ու նայեցին՝ թե ինչ է ասում ու ինչ է ցույց տալիս, հայրիկից իրենք ինչ են սովորում, տարավ որձերի մոտ կանգնեցրեց, ձեռքերը գրպաններում ինքը մտավ որձերի մեջ ու թե՝ էս ո՞ւմ ապրանքն են, անտեղի էս ի՞նչ ես ետ բերել, և աղջիկ-երեխայի իր սիրուն երեսը պարզեց ու սարի սիրուն արևի մեջ աչքերը ճպճպացրեց:
Ասավ (Ջանդառը).
-Էդ ի՞նչ ես ասում, արա, որ էս էլ մի ժամ է ասում ես՝ չեմ հասկանում:
Ասավ (Սիրունը).
-Էն է զահրումար եմ ասում:
Ասավ.
— Բա քու էդ հարցը իմ էս ուրախությա՞ն օրն էր բռնելու:
Ասավ.
— Իբր որ ուրախացել ես՝ էդ ինչի՞դ վրա ես ուրախացել:
— Ո՜նց թե,- ասավ: Ասավ.- Դիլիջանից ու Ղազախից հետ աշխարհը պտտել եմ, ուրիշ որ բան չլինի՝ զուտ երեսուն ռուս եմ խտտել: Ախչի,- ասավ,- մի էդ արաղը դրա բերանը տուր՝ տեսնենք ինքն ուրախանում է թե չէ:
Կիսատ շիշը թևի տակ ու ձեռքը բերանին՝ Սոփին ասավ (Մյուսին).
— Ախպերո, վայ թե մերը չեն՝ էս քնակոլոլ շաշը չի ջոկում:
Ասավ (Մյուսը).
— Ես չգիտեմ, թող ինքը խոսի:
Վերջը, ինքը ասավ՝ նրանք ասացին, ինքը ոտքով մեկ-մեկ խփեց ու հարցրեց՝ նրանք ճանաչեցին ու ասացին, և քսանհինգ որձից ոչ մեկը իրենցը՝ իրենն ու Ջանդառինը չէր: Ասաց.
— Թող գան իրենց անտերին տեր լինեն, ես իրենց մշակը չեմ: — Եվ ձեռքերը կապույտ կոստյումի գրպանում՝ ավարի միջից դուրս եկավ:
Ջանդառն ասավ.
— Արդար ես: Բայց մենք ի՞նչ բանի կենանք:
Սիրուն երեսը բարձրացրեց, խուփ կոպերը թրթռացին, ասաց.
— Ես գնում եմ էնիքը՝ Տաշքենդ:
Որձերից երեքը Վլադիմիր Մելիքյանի անունով էին: Հազար ինը հարյուր ուրեմն քառասունվեց թվի ամռանը միլիցիայի լեյտենանտ Վլադիմիր Մելիքյանը տասը տարվա բացակայությունից եկել ասել էր քաղաքում մի մաքուր աղջիկ չկա, մեր Համբո հորեղբոր Աղավնու հետ նշանվել, կարմիր սիրուն շոր էր հագցրել ու նշանածի հետ ձիերով եկել էին սարը՝ որ սարերով գնան Դիլիջան, էնտեղից էլ Երևան: Կարմիր շորը հագին՝ Աճարկուտ մեծ ծմակից դուրս եկան, Նավ-ուրթի բաց լանջին լեյտենանտը ատրճանակը հանեց ու իրար վրա երեք անգամ կրակեց, և դեմ-դիմաց Արկանք խոտհարքում զենքի կարոտ ինչքան երեխա, նշանվելու պատրաստ աղջիկ ու զոհվածի ինչքան կին կար՝ կարոտից թուլացան, զոհվածների ցամաքած այրիներն ասացին. «երանի՜… Վլադիմիր Մելիքյանը եկել նշանածին սարերով-սարերով տանում է Երևան քաղաքը ցույց տա»: Մեր եղբայր Օհանը կոլխոզի ոչխարի մեջ մի անձնական որձ ուներ, քառասունմեկ թվի ամառվանից մի մեծ նպատակով պահում էր՝ որ մեր Ալեքսան եղբոր վերադարձի հետ նրա ոտի տակ մորթի, բայց որ սև թուղթը ականատես վկայով հաստատվեց՝ որձն արդեն հազար հոգսի առաջ էր, չխնայեց, քաշեց մորթեց Վլադիմիր Մելիքյանի ոտքի տակ, քանի որ պատերազմից շատ առաջ մինչև չորրորդ դասարանը մի նստարանի էին նստել, չորրորդից Օհանը փախել էր սարերը գառնարած, իսկ Վլադիմիր Մելիքյանը, որպեսզի Հովտի դպրոցական ճանապարհին խուլիգանություն ու ծխել չսովորի, ուղարկվել էր միլիցիայի դպրոց ու Երևան քաղաքում հասել լեյտենանտի բարձր պաշտոնին: Լեյտենանտն ուզեց նագանը նվիրել Օհանին, բայց Օհանի մի աչքը խավար էր ու զենքից վախենում էր, երեսը շուռ տվեց: Խավար աչքը Օհանը կկոցեց, մահակը մեկնեց ու հոտի մեջ ցույց տվեց՝ թե էն ոչխարը քոնն է, քանի ծնեց ու ինչ որ բերեց՝ քոնն է: Հազար ինը հարյուր ու քառասունվեց թվի քաղցած ամառվանից համարվեց, որ մեր հորեղբորորդի Վլադիմիր Մելիքյանը այստեղ ոչխար ունի, և նրանց անգիր պայմանը մեր եղբոր կորստից հետո էլ կա, եթե աստված չանի միլիցիայի գնդապետ Մելիքյանը բացակայի՝ պայմանն աշխատելու է նրա որդիների ու Ջանդառ Թեվանի վրա:
Բնիկ հովտեցի անասնաբույժը (այլանդակ լակում է), երբ Օհանի ոչխարը հանձնաժողովը երկու Թեվանի վրա կիսում էր, ասաց. «Շան որդի, ձեր անասնաբույժը մի երևանցու պատիվ չունի՞. էդ ո՞նց է միլիցիան ձեր առաջ ոչխար կունենա, մենք չենք ունենա», ու բերեց մի երկու սատկածը պահ տվեց: Պահ տվեց ու տակն ամեն ավտո ընկնելով, կենտրոնից ամեն հյուր ունենալով՝ շշերն առած գալիս են, իրենք գալիս ջոկում մորթում, արաղը մինչև տակը խմում, Սոփնի պահուստն էլ գտնում ցամաքեցնում ու գնում են: Ու ամեն գնալով ասում է. «Վախեք ոչ, հաշիվս կորցրել չեմ, մնաց մինը»: Ինչ որ է, մեկն իսկապես դեռ նրանն էր:
Մինչև հիվանդությունն ու մահը և մահից հետո էլ պատկերացրեք դեռ մի երկար ժամանակ մեր մեծ եղբայր Օհանը մեր երեք տնտեսության, ամբողջ ֆերմայի և Ծմակուտն ինչքան սար ունի՝ առհասարակ մեր սարերի տերն էր, նրա Սոփին էլ՝ տիրուհին: Ո՞ւմ է պետք անթագավոր թագուհին, Օհանի մահով նրա Սոփին բախտից խռովեց, մեր երեքի ընդհանուր եղած-չեղածից ինչը որ իրենցը համարեց՝ հավաքեց ու սարերից իջավ: Խոսքով խնդրելը դժվար էր, առավել դժվարը հասկանալի մի բացատրություն գտնելն էր, անխոս մոլորված նայեցինք, ասացինք ինքը կհասկանա ու չի անի, այսինքն մեզ վրա տիրուհի կմնա — չմնաց. ծանր էր լինել հարազատ այն վայրերում, ուր ամուսինը եղել էր երգուկատակով, եղել էր ու հիմա չկար, ամայի էին: Հատուկ՝ մարդ էր ղրկել ու Սիրունի վրայից պահանջել Օհանի դանակը ու ռադիոն՝ որ Մելիքյանի քսան տարվա նվերն էր. այսինքն թե դանակն ու ռադիոն պիտի լռեն ու մնան, չպիտի երգեն: Մեր բարևը չի առնում, և մենք էլ ամաչում ենք կանգնել բարևել, հարցնել, չգիտենք ինչից ենք ամաչում, թե՞ մենք էլ մեր հերթին ենք մահվան վրա նեղացած: Քաղաքներում տղա ու մարդի-գնացած աղջիկ ունի՝ այսինքն փեսա, նրանք էլ դե ընկերներ կունենան, ասում ենք իրենց ընկերներին երբ ուզում են թող հավաքեն, ուզում են խմբով գան, ուզում են մենակ — իրենց հին հայրենիքն ու հորենական տունը նրանց առաջ որբևայրի չի լինելու, այսինքն երբ դռանը մի երկու հավ է լինում ու մի քանի մարգ լոբի. զուտ մի չորս-հինգ լավ որձ Օհանի անունով ենք պահում: Երկու Թեվանս էլ պատերազմում զոհված եղբայր ունենք, Ջանդառս՝ մեկ, Մյուսս՝ երկու, ու երկուսիս ծնողն էլ տարիքով մեծ էին, համարիր որ մեզ պապ կգային, իսկ տղա-երեխան, ով ինչ ուզում է ասի, ջահել ծնող է սիրում, այսինքն որ և ընկե՛ր լիներ ու թուրքերեն ու վրացերեն ուշունց սովորեցներ, և հա՛յր ու նրանից դու քաշվեիր, բայց մեր ծնողները պապեր էին եղել ու հին խավար ժամանակներում մեզ ունեցել էին. մեր երկուսի վրա հերահոտ ընկեր Օհանը եղավ, մեզ Ջանդառ նա կնքեց, այսինքն ժանդարմ, Մյուսի նման խեղճ գառանը անծիծ-անքամակ սև գիշանգղի ճանկերից Օհանն ազատեց, աչքն այսինքն կուչ-ածավ, գլուխն իր նման ետ քաշեց ու դագանակը երկուսի արանքով մեկնեց — էդ ի՞նչ բանի եք, էդ հայ-քրիստոնեություն չեղավ, չի կարելի. հետո՝ ոչխարի դժվար բնույթը մեր երկուսին էլ Օհանը սովորեցրեց, մենք նրանից սովորեցինք, մանավանդ՝ Մյուսը, քանի որ Ասորենց տղերքը մինչև այդ ոչխար ոչ ունեցել էին, ոչ էլ ոչխարած էին տվել, և մեր համարիր սոցիալիստական պարտավորությունն է Օհանի զավակների առաջ այն լինել, ինչ որ մեզ համար ինքը եղավ. չորս-հինգ որձը նրանցն է:
Մեր երկու ընտանիքի երեք զոհից նկար միայն Ակոփն է թողել, նրանց Մանվելն ու մեր Ալեքսանը զուտ էնպես՝ եղել են ու չկան: Մեր զոհի անմեռ պատկերը մեր նանի լուռ մրմունջն էր, մեր Սերգո հոր մոտ այսինքն իրավունք չէր ձենով գանգատվել ու լաց լինել, ու մեր հոր վայրիվերո, էստեղից, էնտեղից իրար գցած հայերեն-թուրքերեն զարզանդելի բայաթին՝ որ քսան-երեսուն տարի հանդերում մենակ դնդնաց-դնդնաց ու բերեց մեր ախպեր Օհանի վրա երգեց, էլ առիթ չէր լինելու, ու մեր զոհին քաջ ավազակ, Անդրանիկ փաշա զորավար, գյուղխորհուրդ, սուրբ Բարձրաքաշ վանքի դռան մատաղ ու կոմունար էր հռչակում. իր տարիքի մեծերը մեր նոր սերնդի առաջ ամաչեցին ասացին խելքդ որ ետ ես տվել՝ ձենդ ուրեմն կտրիր, նոր սերունդն էլ զարմացած՝ Մելըքանց տունն ուրեմն զո՞հ է ունեցել, էս ի՞նչ Ալեքսան է երգվում, էդ ո՞ւմ հերն է եղել. ոչ մեկի հերը — մեր անժառանգ, աննկար, անհետ ախպերը. յոթ-ութ տարեկան հասած տղա էինք, պատկերը մենք էինք պահելու, բայց անտեր մնա ժամանակը — նրա անմեղ տեղը գալիս Օհանի շարժմունքն ու պատկերն է կանգնում: Էն ժամանակվա համալսարանն էլ ու միջնակարգն էլ յոթնամյակն էր, անմեռ ոսկի վկայականը շրջանակի մեջ ապակու տակ հրեն պատից կախած է, յոթի վկայականը եթե պատկեր է՝ մեր զոհի նկարն ուրեմն էդ է: Մեր Ալեքսան եղբայրը՝ Ծմակուտի ըռխավոր գյուղամիջի դեմ մեր անլեզու տան իրավաբանը, գնում է Դսեղա մեր քեռոնց Հովհաննես Թումանյանի անունով մեր անունը Հովհաննես գրի, բայց գնում տեսնում է Թեվան ենք. Ղեվանտ Վրացյանի օձիքը հավաքում է թե մերոնք ինչո՞ւ պիտի Օհան ու Թեվան լինեն, ձերոնք՝ Մարսել ու Մարսելյոզ: Ղեվանտի օձիքը, ոչ, քառասունմեկ թվի հունիսի քսաներեքին է հավաքել՝ դե որ էդքան լավ խոսում ես, ինձ հետ ճակատ ես գալու. գնացին ու էդպես էլ գնացին ու ասեկոսի սուտնուճիշտը իրենց հետ տարան: Ղեվանտ Վրացյանն ասում է՝ նախ և առաջ ձեր տանը մի Հովհաննես արդեն կա, Օհանը Հովհաննեսն է, հետո՝ ձեր թաղում մի Թեվան էլ կա, կմեծանան իրար Թեվիկ կասեն ու կոլխոզի գառը միասին կպահեն: Դժգոհ չենք, բայց գնացինք դպրոց տեսանք ոչ Թեվան ենք, ոչ էլ Հովան — Մոնղոլ ու Գելխեղդ ենք: Դասից ու դասատվից վախեցանք փախանք սարերը, եկանք տեսանք մի երկու անուն էլ էստեղ ունենք՝ Մոնթ ու Վարդապետ. սառն անձրևը խփել մեզ քարին ծեփել էր ու որ պարկը վեղար արած կանգնել մնացել էինք՝ էդ ուրեմն Մոնթ ու Վարդապետ էինք, իսկ որ Վլադիմիր Մելիքյանի պաշտոնական գլխարկը մեր գլխին լավ հարմար նստեց՝ էդ էլ արդեն Ջանդառ ու Ջանդառ էինք՝ ժանդարմ, մեր ախպեր Օհանը գլխարկը դրեց մեր գլխին ու Ջանդառ կնքեց: Մեր սարվորությանը Օհանը դեմ էր. ինչպես որ նախկին հներում Ծմակուտի խեղճ տավարի առաջ սարերի ճամփան էր կտրված թուրքի չոբանի դագանակով, այդպես էլ մերը՝ Օհանի, և ինչպես որ մերոնց հին տավարի ձորի տապ շոգից ու ճանճից իրեն սարերի քամուն էր տալիս ու պոզն արնակոլոլ ետ ձորն ընկնում, այդպես էլ մենք էինք դպրոցից փախչում ու մեր դեմը Օհանի մահակն էր, չէր ուզում, Մելըքանց Սերգոյի տնից մի Հովհաննես Թումանյան հանելու մեր զոհի պատվիրանն ուզում էր մեզանով կատարի, բայց թե մեզ համար զոհից էլ թանկը ինքը Օհանն էր, չէինք կարողանում փեշից պոկվել: Փսլինքը մեր քթից կախվել էր, տոպրակը վեղար արած սառել քարին կպել էինք, ծիծաղեց, մեր անունը Մոնթ ու Վարդապետ դրեց, ասաց դե լավ: Օրիորդ դասատու վարիչուհի Սիրանուշ Վրացյանը ձի նստեց մեր ետևից չորս անգամ եկավ սարը, չորեքթաթվում ու ոչխարի մեջ էինք մտնում, այսինքն թե փախստական Թեվանը չենք ու խոյ ենք — մի ծիծա՜ղ: Ասում էր դատի կտամ, այսինքն թե իրավունք չէր երեխայի ապագան ճնշել, բայց թե մեր բաժին պարոնը քաղաքում արդեն լեյտենանտ էր, իսկ աշխատավորն ուզում էր միշտ այստեղ, գառնարած, Թեվիկ, Թեվո և դեռ Վարդապետ ու Ջանդառ մնալ: Ֆերմայի ղեկավարը Մնացականյան Համիկ հորեղբայրն էր, օրիորդ Վրացյանի ամեն գալով գլուխը որևէ ձորում պահում էր, ուրախ էր՝ որ չոբանների ցեղը նոր չոբան է տալիս և ուրախ էր՝ որ աղջիկը քաղաք Երևան գնաց: Գյուղի գլխավոր հոգսատարը՝ գոդի Արտոն, Համիկ հորեղբորը համոզել, որբևայրի մեծ Սոփնին ֆերմա կթվոր էր ղրկել՝ որ Օհանի աչքի առաջ լինի, իրար տեսնեն ու հավանեն. նախատեսվածի պես՝ Սոփնին ուզելու հարցն առաջացել էր, մեր հալիվորը գյուղից ասել էր կարելի է, բայց Օհանը դեռ ազատ էր, Մյուս Թեվիկն էլ՝ մի խայտառակ կապից հանկարծ ու վերջնականապես շատ ուժեղ կտրված, — օրիորդ Վրացյանի ամեն գալով-գնալով, այսինքն որ մադյան ձիու լայն գավակն էր ու մադյանի վրա իր գավակը, խուլիգանությունը տղերքին կալնում էր, չէին ասում կողքներիս անհասկացող երեխա կա. մեր ախպեր Օհանը բռնեց մեզ ոչխարի միջից հանեց՝ թե դասատվի ձեռը չի տալիս, դասատուն գնացել է, ու էդ տժտժան շոգին Արկանք խոտհարքներից ղրկեց է՜ Նավ-ուրթի լանջերը՝ թե վրացու թիֆլիսա մուրթելը Թեվըկի մոտ է, գնա բեր. երբ դեմ-դիմաց Աճարկուտ լանջերին էինք՝ ձեն տվեց թե վռազիլ մի, քեզ չարչարիլ մի, կամաց գնա. էն է խամուտի նման բան է, գլխովդ ճիտդ գցիր ու հանգիստ արի: Մինչև հիմա չգիտենք մուրթելն ինչ է, մոտավորապես կռահում ենք, բայց առավել ևս հասկանում ենք նրա կատակի խոր մարդկային իմաստը — ժողովրդական զզվանքի ու արհամարհանքի անդունդ ձորից Սիրուն Թեվըկին հանում էր. այսինքն պատկերացնում ենք, որ ժողովուրդը նրան քշել է անելք ձորը ու քարը ձեռին կանգնած է, բայց մեր ախպեր Օհանը ձեռը մեկնել ասում է՝ վախիլ մի, դուրս արի:
Ժողովրդական սիրո արժեքը մենք գիտենք. ժողովուրդը ինքը հնարում, ուրախանում ասում է՝ «Ջանդառի խոսքն է, Ջանդառն ասել է». բերանդ առանց մի թուրքերեն բառի, այսինքն բերանդ դատարկ ու ձեռդ էլ դատարկ՝ գնում մեջները կանգնում, աջուձախ թուրքերեն ես խոսում իմաստը իրենք իրենցից հնարում, ծափ տալիս ծիծաղում ու ասում են վար, այսինքն թե ճիշտ հասցեով ենք գնացել. համարիր անծանոթ տղերքը Դսեղա հեռու երկրում նայում տեսնում են աղջիկը արդար կաթնակեր է, ասում են Ծմակուտ մի Թեվան կա, անունը Ջանդառ է, սիրտը միամիտ տղա է, արժե՝ որ էս աղջիկը նրան հասնի: Եվ ուրեմն պատկերացնում ենք նաև ժողովրդական արհամարհանքը. ինչ լավ արարք էլ անում ես՝ նայում, տեսնում ու լռում են — չեն հավատում, արարքի տերը դու չես, դու արժանի չես նման արարքի: Չմեղադրենք. եթե տասներեք-տասնչորս տարեկանը մենք չենք եղել ու Սիրունն է եղել, եթե տաքացած լաչառից ինքն է նկատվել ու մենք չենք նկատվել, ուրեմն ասենք՝ որ մեր բախտն ուղղակի բերել է, չասենք՝ թե դա բախտը չի եղել ու մենք ենք եղել:
Դռնեդուռ էին, այստեղի մի քիչ բարձր խոսքը այնտեղ կլսվեր, տանն էլ երեք տղա-երեխա կար, ինքը Շուշանն էլ անվախ ավազակի աղջիկ էր, բայց տաքացել խելագարվել է, աչքին հրացանավոր փախստական է երևում, գնացել կեսրարի տանը ձեռները ծոցում նստել էր՝ թե տեսնող է եղել, գյուղում փախստական կա, Թեվանին պիտի տաս՝ գիշերը տանս քնի: Աշխարհին ամեն մեկս մեր աչքով ենք նայում ու մեր ուզածն ենք տեսնում. լույս-դառած Նիկալ խեղճ պապը տվել է. ասել է՝ «էդ հարցնելու բան չի, աղջիկ ջան, իրա ախպոր երեխեքին պիտի փետով էլ ապահովի, նրանց մորն ուրախացնի էլ, ինքն էլ է երեխա, բայց վտանգի առաջ պիտի մեծանա՝ ախպոր տան վրա պաշտպան արծիվ դառնա»: Որբ գառան պես երևի գցած տարել է տուն անծիծ-անքամակ սև ջադուն, երեխայի մայան կտրել: Թեվիկը նվազ մնաց. Ասորենց տղերքը առանց էդ էլ մի հատուկ թափի չեն, բայց Թեվիկը նույնիսկ իրենց տղերքի մեջ է նվազ: Ամուսնու թիկունքին պաշտպան թագուհու նման կանգնած՝ լուսահոգի Վարդոն խոտհարքում նրա չարչարանքի վրա ծիծաղում էր, խորամանկ որևէ պատրվակով նրան խոտհարք չէր թողնում, ասում էր չարչարված է, թող էլ չչարչարվի ու ծիծաղում էր: Չգիտենք որևէ մեկի խոսքուխորհրդով թե իր նման արդար՝ Օհանը չգիտենք ինչ գործով մտնում է հանցանքի տուն ու չի հավատում, ասում է չի եղել ու բաժանում է, խավար աչքը այսինքն կկոցում, մահակը երկուսի արանքով մեկնում ու սխալ եմ տեսել: Անամոթ տաքացածն ասում է. «Քո՛ռ, դե որ էդպես է՝ ինձ ուզիր, ես չպիտի անմարդ մնամ»: Օհանն ասում է. «Կուզեմ, ձենդ կտրիր»: Ժամանակն ահա այդքան աղքատ էր, խակ երեխային մարդ էր համարել: Կյանքը գնում է, իսկ օրինավոր, բացճակատ ապահովությունը չկա ու չկա: Իրեն հազար ձևի պաշտպանեց. «Ես ուրիշի աղջիկ եմ, ինքն ուրիշի տղա — դրա ամոթը ո՞րն է». «Հենց իմանանք ինձ Ակոփի համար չէին ուզել՝ ախպոր համար էին ուզել». «Էսինչը, էսինչը, էսինչն ու էսինչը Համբոյի հետ են կապված, էսինչը՝ էսինչի — ձեր տան ամոթը ես ձեր տանն եմ պահել, եկեք շնորհակալ եղեք». «Էդ ոնց է մեծ տղամարդը ջահել աղջիկ կուզի, ջահել կնիկը իրենից մի երկու տարով փոքր տղա չի ուզի». «Էդ խի՞, էնպես ժողովուրդ չկա՞, որ ախպերը զոհված ախպոր կնկան ուզի — հենց իմանանք մի թուրք էլ մենք ենք». «Ինձ պիտի դուրս գցեի ու սրա, սրա, սրա նման գեշ վարա՞կ բերեի». «Բա էն լա՞վ կլիներ, որ երեք որբը բերաններով տայի ու ինձ համար երգելով գնայի նոր մարդ ուզեի»: Երևում էր, որ խեղճը գիշերները կրծել է ու դատարանի համար լավ պատասխաններ է պատրաստել՝ հասարակության բերանը ծեփելու է, բայց Ծմակուտ ի՜նչ դատ ու հրապարակ — լսողը թքում, տուն էր մտնում ու իր տղա-երեխայից զզվում: Նրա ախպեր Ռոստոմը հպարտ երեսը շուռ տվեց ու մինչև գերեզման նրա հետ չի խոսելու, նրա Տիգրան միլիցիա հայրը կարմիր ձիու վրա գազազեց. «Աա՜ադ, ջինսը… նավթ լցնեմ վառեմ»:
Ինչպես եթե շունը հովվի ետևից գա սարը և հովիվը ճամփին վրան բարկացած ու նույնիսկ մի հատ հասցրած լինի ու շունը մի քիչ հեռվից գա՝ իբր թե ինքը այդ հովվինը չի, բայց իրականում միայն նրանն է, Օհանի ետևից Թեվանն այդպես լուռ եկավ սարը: Ճամփին ինչ էր խրատել կամ ինչ էր ծաղրել,- չէ՞ ծիծաղած կլիներ, Թեվըկի արարքը վերջ ի վերջո չէ՞ անհասկացող մոզու արարք էր,- այդ մասին չխոսվեց, ինչպես նաև այն մասին, թե Ասորենց տղերքից հովիվ կլինի՞, Ասորենք սարվոր կդառնա՞ն, սարի ժողովրդի մեջ այդ դեպքը առհասարակ չքննվեց, բոլորը լուռ ուղղակի գիտեին, որ սարերի թագավոր մեր ախպերը հանդի վիրավոր կենդանի՞ ասենք, վիրավոր շո՞ւն ասենք, գլխին խփած երեխա՞, տրորված ծաղի՞կ, բերել բուժում է, հասակը կամաց շտկում է:
Բայց գյուղի ղեկավարությունը մեծ Սոփնին Օհանի համար նախատեսված ղրկելով ինչքան հեռատես, այդքան էլ անհեռատես էր եղել՝ որ վարչության նիստով Շուշանին պահեստապետ էր դրել, ղրկել սարը: Նրանք էլ իրենց մարդասիրությունն ունեին — պահեստի եղած-չեղածից ձեռքի հետ երեք որբին կպահի: Մարդն էդ է՝ փոքրերին մեծացնի, մեծերին ճնշի: Օհանն ի՞նչ աներ, Թեվըկին ետևը գցած գնար թուրքերը չոբա՞ն, թուրքի քոռ Ահմադը էս երկրի ամբողջ չոբանությունից Օհանին գերադասում էր, կանգներ ասեր Շուշանը եթե սարում՝ Թեվիկը գյուղո՞ւմ է լինելու, հանձնվեր ասեր ուլս ահա գցում եմ ռեխդ՝ կե՞ր: Օհանը, ամբողջ չոբանությունը կանգնեց՝ թե մեր մթերքի պահեստապետը դա չպիտի լինի, մենք դրան հանձնելու մթերք չունենք: Խեղճ սարվորի դեմ մնաց մենակ, և արդեն չգիտես ում խղճաս: Ասաց. «Բոլորդ իմ որբերի թշնամին եք»: Համիկ հորեղբայրը Տիգրանի հին ավազակության ընկերն էր և, բացի այդ, վարքից թույլ էր եղել ու դեռ շատ ուժեղ թույլ էր, զսպությունը-անզսպությունը նրա համար հարց չէր եղել ու հարց չէր, ինչպես որ ավազակության տարիներին էր եղել՝ որձաշան, որձաձիու, առհասարակ որձ անասունի իր հոգսից որտեղ կարողանում էնտեղ էլ ազատվում էր ու նրա կարծիքով էդ էր, այսինքն այդ մասին նա հոգս ու կարծիք չուներ,- ֆերմայի ղեկավարը դեռ ինքն էր, կանգնեց ասաց. «Ես իմ վարչության որոշմանը դեմ չեմ կենա, ղրկել են՝ թող աշխատի»: Այսինքն թե ինչ ուզում է լինի, բայց իր վարքը էդ ժողովրդի մեջ Շուշանի բերանը չընկնի: Թևավորվե՜ց Շուշանը, թև առավ. «Քաղաք Մոսկվա Ստալընին նամակ տեմ գրիլ՝ որ մեծ ախպորը Հիտլերն է սպանել, փոքրին էլ հրես Մելըքանց խավարն է սպանում»…
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.