Ընկերներիցս մեկն ասեց՝ մի լուսանկարիչ ուզում է նկարել ինքնասպանության փորձի դիմած մարդկանց, կուզե՞ս լուսանկարվել: Քանի որ նախկինում ունեի չհաջողված էդպիսի փորձ, քանի որ ըստ իմ աշխարհընկալման էս կյանքիդ վերջ տալով մի այլ կյանքի սկիզբն ես դնում, ու վատ ես դնում, համաձայնվեցի պատմել պատմությունս (որն այստեղ շարադրել դեռ պատրաստ չեմ),ու լուսանկարվել: Էդպես ծանոթացա Կարենի հետ:
Կարեն Միրզոյան՝ ազատ լուսանկարիչ է արդեն 3 տարի, համագործակցում է գրեթե բոլոր համաշխարհային (դոկումենտալ և լրագրողական) հայտնի ամսագրերի ու թերթերի հետ: Միաժամանակ աշխատում է մի քանի պրոյեկտների վրա՝ ինքնասպանության թեմայով, չճանաչված երկրների (Աբխազիա, Հարավային Օսեթիա, Ղարաբաղ), նաև Թուրքիայի ու Հայաստանի սահմանի, Իրանի անդեգրաունդ մշակույթի, Ռուսաստանում, Բելառուսում, Լիբանանում ու էլի մի շարք երկրներում ևս ունի պրոյեկտներ, Ամերիկայում նկարում է այն մայրերին, ովքեր զավակներ են կորցրել իրաքյան պատերազմում: Ունի բազմաթիվ մրցանակներ: Նա միակն է, որ այս տարի հեղինակավոր Magnum Foundation-ից (Magnum Agency) ստացել է երեք տարբեր մրցանակ: Այդ նույն Magnum Foundation-ը նրան մտցրել է 20 լուսանկարիչների ցանկի մեջ, որոնք մեծ ներդրում են կատարել համաշխարհային լուսանկարչության մեջ: Կարենն տարիքով ամենափոքրն է ՝ 29 տարեկան, նրա անվան կողքին լեգենդների անուններ են՝ Eugene Richards, Paolo Pellegrin, Larry Towell, Gilles Peress, Simon Norfolk, Alex Majoli, այդ մարդիկ 50-70 տարեկան են: Չնայած նրան, որ կարող է ունենալ 99% զբաղվածություն, աշխատակցել այնպիսի անունով ամսագրերի ու թերթերի, ինչպիսիք են «Репортер», «Newsweek» ու «New yorker», «New york times» ու «Wall street», գերադասում է անել սեփական պրոյեկտները:
— Բա ո՞նց ես փող աշխատում, որ ինքդ ես որոշում ինչ նկարես:
— Դե, ասենք, «Репортер»-ին ասեցի իմ իդեան, նրանք ֆինանասավորում են, ես գնում եմ ֆոտոներ եմ անում, պատմություններն եմ բերում, ու էդպես, վարձատրվում եմ: Բայց դա էն աշխատանքը չի, որ ինձ ասեն՝ գնա սոցիալական բաներ նկարի, կամ ինչ-որ ուրիշ բան: Ես ինքս եմ ընտրում, աշխատատուն գաղափարը կամ վերցնում է, կամ՝ ոչ:
— Ինչի՞ համար ես դու անում էս պրոյեկտը, ի՞նչը քեզ դրդեց դրան, ինչի՞ մասին է:
— Մի շրջան եղավ կյանքումս, երբ իրար հետևից ինձ մոտ մարդիկ ինքնասպան եղան, կամ փորձեր արեցին: Ես շատ էի ցնցված, ու ուզեցի ինչ-որ կերպ արտահայտվել: 2005 թվից ես լուսանկարում եմ մարդկանց, որոնք փորձել են ինքնասպանության փորձ անել, և ինչ-ինչ պատճառներով դա նրանց չի հաջողվել: Ես նաև ձայնագրում եմ նրանց, լսում նրանց պատմությունները, հարցեր եմ տալիս, թե ի՞նչ էին նրանք մտածում, ի՞նչն էր նրանց դրդել դրան, և հիմա ինչ են մտածում, ինչպե՞ս է փոխվում նրանց կյանքը: Սկզբում նպատակ ունեի 12 տարբեր երկրներում նկարել մեկական պորտրետ 12 հոգու: Ես հույս ունեմ, հաջորդ տարի ստեղծել կայք, որտեղ կլինեն նրանց ֆոտոներն ու պատմությունները, իհարկե պետք է նորից համաձայնեցնեմ, հնարավոր է նրանք մտքափոխ են եղել էս ընթացքում, ու չեն ուզենա, որ իրենց տեսնեն հարազատներն ու բարեկամները: Հայաստանում դա ավելի հաճախ է պատահում: 2005թ. ես նկարել եմ մարդկանց, որոնց մի մասը հիմա էլ չի ուզում ներկայացված լինել պրոյեկտում: Բայց կան մարդիկ, որոնք ուզում են իրենց պատմության մասին հայտնել, ասել, որ դա ելք չի: Իմ նպատակն էլ է դա, որպեսզի մարդիկ, որոնք հիմա են գտնվում դժվարությունների մեջ, տեսնեն այդ մարդկանց, իմանան նրանց պատմությունները, ու բացառեն իրենց համար այդ կերպ պրոբլեմները լուծելու` ինքնասպանության տարբերակը:
— Իսկ որո՞նք են հիմանական դրդապատճառները:
— Տարբեր երկրներում տարբեր են: Բայց կա երեք անփոփոխ լիդեր՝ ընտանեկան վիճակը, ֆինանսական պրոբլեմներն ու դժբախտ սերը: Դրանք հավասար են: Բելառուսում օրինակ, շատ են նարկոտիկներից հուսահատ ինքնասպանությունները: Մարդիկ հոգնելով իրենց կախվածությունից գնում են կանխամտածված քայլի՝ ներարկում են իրենց չափաբաժնից շատ թմրանյութ: Թմրադեղերի ու խմիչքի ազդեցության տակ հաճախ նաև կատարվում են այլ դրդապատճառներով ինքնասպանության փորձեր:
Ամերիկայում շատ են դեպքերը, երբ մարդիկ մենակությունից, կամ հասարակությունում իրենց տեղը չգտնելու պատճառով գնում են ինքնասպանության: Եվրոպայում էլ են հիմանականում էդ պատճառով ինքնասպանություններ գործում: Նորվեգիան, որ սոցիալապես ապահով երկիր է, և թվում է, թե ի՞նչ պատճառ պիտի լինի, երկար տարիներ գլխավորել է ինքնասպանության վիճակագրական սանդղակը: Հիմա տարբեր հետազոտություններում լիդերները տարբեր են, բայց պատկերը հիմնականում հետևյալն է՝ Բելոռուսն ու Ռուսաստանը առաջին և երկրորդ տեղերում են փոխնիփոխ, նաև Ճապոնիան ու եվրոպական երկրները: Ռուսաստանում պատճառը նաև խմիչքն է: Եվրոպայում, ԱՄՆ, Կանադա նաև՝ նարկոտիկները: Ճապոնիայում շատ են մասսայական ինքնասպանության դեպքերը, կամ իսլամական ֆունդամենտալիզմի երկրներում` «շահիդների» դեպքերը, բայց դա արդեն կրոնական դրդապատճառներ են:
— Իսկ դու հոգեբանների հետ համագործակցում ես:
— Ինձ համար մարդկանց պատմություններն ավելի կարևոր են, քան հոգեբանի վերլուծությունը, նրանք ինձ ավելի են օգնել հասկանալու, ինչո՞ւ են մարդիկ դիմում ինքնասպանության: Իհարկե ինտերնետից ես հոգեբանական վերլուծություններ կարդում եմ:
— Դու քո պրոյեկտը անում ես արդեն վաղուց` 2005 թվից սկսած: Ինչպե՞ս ես պատկերացնում այն ավարտուն տեսքով:
— Ամեն երկրում 10-12 մարդ եմ նկարելու, կայքը լինելու է միակողմանի, այսինքն՝ այնտեղ դրված են լինելու մարդկանց ֆոտոներն ու պատմությունները: Նաև 4-5 երկրներում անում եմ դիմանկարների շարք, ու դա ուղեկցվելու է նաև մարդկանց պատմած պատմությունների աուդիոյով: Հետագայում, կայքում գրանցվելով ամեն մարդ կարող է դնել իր ֆոտոն ու պատմել իր պատմությունը: Անտեղ չի լինելու ֆորում, կամ այլ` քննարկելու կամ արձագանքելու հնարավորություն, մարդիկ միայն մտնելու են ու պատմություններ կարդան, նայեն ինքնասպանների լուսանկարները:
— Պրոյեկտը կոմերցիա չի՞ հետապնդում: Դու ներկայացնելո՞ւ ես այն ինչ-որ մրցանակային ցուցահանդեսի, կամ փառատոնի:
— Բոլորովին, ոչ արվեստի դաշտում, ոչ կոմերցիա, ոչ կարիերային ինչ-որ նպատակ չկա։ Նպատակը մեկն է՝ մարդկանց, որոնք ուզում են նման քայլի դիմել, օգնել հետ կանգնելու դրանից: Մարդկանց պատմությունները, որտեղ նրանք պատմում են, թե ինչի՞ են եկել, ինչի՞ են հասել իրենց մտորումներում ինքնասպանության փորձից հետո, ինչպե՞ս են գնահատում կյանքը, վերաբերվում դրան:
-Տոկոսային հարաբերակցությամբ փոշմանողներն են շատ, թե՞ հակառակը:
Հիմնականում, այն մարդիկ, որոնք համաձայնվում են նկարվել` փոշմանողներն են: Իսկ մարդիկ, որոնք հաստատակամ են, շատ քիչ են` մոտ 3-5%, նրանք չեն էլ ուզում խոսալ դրա մասին: Նրանց մոտ դա գաղափարախոսութուն է:
— Ինքնասպանության ձևերը, մեթոդներն ինչ-որ տարբերակումով՝ ազգային, սոցիալական, ինետլեկտուալ, կտրուկ զանազանվո՞ւմ են:
— Դե, որոշ բաներ կան իհարկե՚, բայց հիմնական ձևերը նույնն են՝ երակները բացել, կախվել ու բարձությունից ցած նետվել:
— Իսկ քո հանդիպած ամենանրբին, ամենակատարյալ ձևը ո՞րն է:
— Կար մեկը, որը երկար պատրաստվում էր դրան, մարելով բոլոր պարտքերը, ներողություններ խնդրելով բոլորից, ում նեղացրել էր, կարգավորելով կյանքն իր շուրջն այնպես, որ այն առանց իրեն շատ չփոխվի՝ ու թողել գնացել էր ուրիշ երկիր կորելու ու մեռնելու: Այնպես, որ դա ոչ թե ցուցադրական էր, մարդկանց ինչ-որ բան ապացուցելու համար, դա էդ մարդու շատ լուրջ որոշումն էր: Շատերն են կորում մեր տեսադաշտից, ոչ ոք չի իմանում նրանք ո՞ւր են, հնարավոր է այդ կորածների մեջ կան այդպիսիք: Կա նաև հակառակը. որ մարդիկ դա անում են ավելի շատ էպոտաժի համար, տպավորություն թողնելու, մեղադրական սրտաճմլիկ նամակներ են գրում: Խաղում են:
— Բայց ես դեպքեր գիտեմ, որ խաղն էնքան է տարել մարդուն, որ նա ազարտի, աֆեկտի մեջ ընկնելով գնացել է մինչև վերջ, ինքն էլ չգիտակցելով, որ խաղը վեր է ածվել իրականության:
— Այո, էդպիսի դեպքեր էլ կան, ու էդ դեպքերում չհաջողված ինքնասպանության փորձերը դժվար կրկնվեն, մարդն արդեն ինքն իրենից՝ է սկսում վախենալ, ու էլ նմանատիպ քայլեր չի ձեռնարկում: Հիմնականում նրանք դա անում են, որ մարդիկ իմանան, թե ինչքան վատ են իրենք, որ էդպիսի բան են անում:
— Հիմա կայքը ե՞րբ պատրաստ կլինի:
— Ինչպես ամեն լավ բան, սա էլ դժվար է արվում, չեմ հասցնում, հույս ունեմ՝ շատ շուտով: Ամեն մարդ պետք է կյանքում մի լավ բան անի, որ ապրել ուզի: Ես սա եմ անում:
Լուսինե Վայաչյան
Լուսանկարներում՝ Կարեն Միրզոյանն ու նրա «դեմքերը»
Իգոր Տիխել, ծնվել է 1970 թ։ Իր երեք ինքնասպանություններից վերջինի փորձը նա կատարել է 2004թ: Իգորը տառապում էր տուբերկուլյոզով, և մի թոքը հեռացված էր: Երբ հասկացել է, որ իր կյանքը կրճատվել է, ընկել է դեպրեսիայի մեջ: Հիվանդանոցում նա որոշել է ավելացնել իր դեղորայքի չափաբաժինը: Նրա ծրագիրը հաջող էր ընթանում, մինչև բժիշկը նկատելը… Նա փրկել է Իգորի կյանքը. Այսօր, Իգորը կոթողներ է քանդակում, ապրում է Մինսկի կենտրոնում, ունի նաև բնակարան Ռուսաստանում. Նա շատ ակտիվ է աշխատանքում և սիրում է կյանքը:
Յանա Ռուսակևիչը միշտ իրեն զգացել է սեփական տնից, ընտանիքից դուրս: «Ես լաց եմ եղել համարյա ամեն օր: Եթե ես մի շաբաթ չէի ուտում, ոչ ոք չէր էլ նկատում, ուշադրություն չէին դարձնում: Ոչ ոք ինձ չէր սիրում այնպես, ինչպես ես էի ուզում»- պատմել է Յանան: Երբ նա 13 տարեկան էր, ուզել է գնալ դիսկոտեկ իր ընկերների, ու մի աղջկա հետ, որին սիրում էր: Ծնողները թույլ չեն տվել: Նա դեղահաբեր է կուլ տվել: Դա նրա առաջին ինքնասպանության փորձն էր: Նա այժմ շնորհակալ է ծնողներին իր կյանքը փրկելու համար: Չնայած դրան, Յանայի մոտ էլի են եղել ինքնասպանության փորձեր: Մի անգամ նա կտրել է իր երակները, որ ամուսինն իր նարկոտիկներին ձեռք չտա: Ավելի ուշ, երբ իմացել է, որ իր սիրելի ընկերուհին իրեն խաբում ու դավաճանում է, որոշել վերջ դնել կյանքին, թռչելով պատուհանից: Ըստ նրա, այդ ինքնասպանության մղումներն իր մոտ ինքստիքյան են առաջանում: Նա ասում է, որ ամեն անգամ իրեն ապուշ է զգում, երբ փորձում է վերջ դնել կյանքին: Բայց, երբեմն, ինքը զգում է, թե ոնց է աշխարհն իրար խառնված, ու մեռնելը` դա ելք է…
Միքայել՝ նկարիչ Ժոդինո քաղաքից, ներկայումս անվտանգության ծառայող է աշխատում գործարանում: Հինգ տարի առաջ նա ինքնասպանության փորձ է կատարել, կրակելով իր կրծքին: Նա ինքնասպանության մասին մտքեր հաճախ է ունեցել, բայց այդ փորձը շատ ինքնաբուխ է ստացվել՝ Միքայելը ծնողների տանը գտել է ատրճանակ ու կրակել իր վրա: Կրակելուց հետո հենց ինքն էլ շտապ օգնություն է կանչել, որ փրկեն կյանքը: Այդ րոպեներին նա ցավ չի զագացել, անտանելի ու երկարատև ցավն ավելի ուշ է եկել: Դրանից հետո՝ նա աշխատել է դիահերձարանում: Հիմա ամուսնացած է, երջանիկ ու լիովին խորացել է արվեստում ցանկանում է ընդունվել Պրահայի գեղարվեստի ակադեմիա:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.