Վերջին շրջանում ՀՀ բանակում գերհասունացած ճգնաժամը դարձել է հասարակական քննարկման ամենացավոտ ու ամենակարևոր թեման։ Վերջին պայթյունը, իհարկե, «youtube» ցանցում շրջանառվող տեսանյութն է, որտեղ ստորացման, ճնշումների, ծեծի են ենթարկվում երիտասարդ զինծառայողներ, որոնք կրում են ՀՀ Զինված ուժերի համազգեստ:
Պաշտպանության նախարարության արձագանքն այդ տեսանյութին սպասելի էր։ Ինչ-որ ուժեր կամ մարդիկ մեղադրվում են ՀՀ Զինված ուժերի վարկաբեկման, նման կարգի նյութերի պատրաստման ու կանխամտածված տարածման մեջ։
Այն, որ նման նկարահանում կատարելը բանակում բավական դժվար ու գրեթե անհնարին է, կարելի է ենթադրել, սակայն փաստը փաստ է, որ հասարակության շրջանում կասկածի նշույլ իսկ չկա, որ եթե նույնիսկ այս տեսանյութում եղածը սադրանք է, ՀՀ զինված ուժերում նման դեպքերը համատարած են։Այդ են վկայում Կառավարության շենքի դիմաց օրեցօր ավելացող սևազգեստ կանայք ու տղամարդիկ, ովքեր սգում են իրենց առողջ, մարտունակ ու հաճախ միակ որդիների կորուստը ոչ թե պատերազմի դաշտում, այլ խաղաղ պայմաններում։ Նրանք բոլորը պահանջում են արդարադատություն, որ չեն ստանում, փոխարենը հանդիպում են համատարած փակ դռների։ Նամակներ են ուղղում տարբեր ատյանների ու պաշտպանության նախարարին, սակայն մատնվում անտարբերության։
Այդ ոչ սակավաթիվ դեպքերը լռության էինք մատնում նաև մենք` լրագրողներս. Տարիներ շարունակ` նույնիսկ մեկ տասնամյակից ավելի, բանակի թեման մի տեսակ արգելված էր, ազգային անվտանգության հարց էր, ու արատավոր երևույթների մասին գրելը գրեթե դավաճանություն էր որակվում, հիմա էլ ոմանք նույն կարծիքի են։ Բայց ցավը եկավ ու ընդհուպ մոտեցավ մեզ` ազդարարելով, որ ջայլամի քաղաքականությամբ առաջ չես գնա։ Հայկական բանակի թեման միշտ էլ եղել է արգելվածների շարքում` սկսած 1990–ականներից, երբ պատերազմ էր, և գրեթե առանց տարիքային սահմանափակման ում բռնում, տանում էին բանակ։ Այդ իրադրությունը ոչ ոք չէր վիճարկում հրապարակավ, դե պատերազմ էր, պարզ է, մարդիկ ռազմաճակատին պետք էին։ Բայց թե ինչ էր այդ մարդկանց հետ կատարվում զինվորական համակարգում, խոսվում էր բոլորիս տներում։ Քիչ չէին մարդիկ, ովքեր վաճառեցին իրենց բնակարանը քաղաքի կենտրոնում, որ ազատվեն ռազմաճակատում թնդանոթի միս դառնալու սարսափելի հեռանկարից։ Մնացածները, իրենց կամքին հակառակ, հայտնվեցին առաջին գծում` առանց որևէ պատրաստվածության. ոմանք անիմաստ զոհվեցին, ոմանք հրաշքով փրկվեցին։ Իսկ այն, որ անփորձները միայն խանգարում էին մարտական գործողությունների ժամանակ, վկայում էին պատերազմն անցած ու կռվել իմացող տղաները։
Վաղամեռիկ արվեստագետ Ալեքսանդր Մելքոնյանն անցել էր ողջ պատերազմն ու հրաշալի տիրապետում էր մարտական արվեստին։ Հիշում եմ նրա բառերը. «Ախր ոչ ոք չի հասկանում, որ էս փողոցից հավաքած մարդիկ մեր գլխին իսկական ջառմա են. դեմից կրակում են, մարդ չի կողմնորոշվում` սրա՞ն փրկի, թե՞ կռվին մասնակցի, համ էլ վախից քարանում են, ինչ ասում ես, չեն էլ լսում»։ Հա, էդպիսի մարդիկ կային նաև իմ ծանոթների շրջանում։ Ոմանց բռնել տարել էին հենց փողոցից, ոմանց երկար հետապնդել ու անգամ հետևից կրակել էին, ու այդ մարդիկ երկար ժամանակ կորցրել էին անգամ խոսելու ունակությունը, ոմանք էլ ուղղակի փախան խուլ հեռավոր վայրեր։ Իսկ այդ ամենի ֆոնին բարձրաստիճան զինվորականները մի ահռելի հարստություն կուտակեցին` կյանքի դիմաց մեծ գումար պահանջելով Երևանի փողոցներով անցնող քաղաքացուց։ Էս ամենի մասին գրելն ու բարձրաձայնելն էն ժամանակ արգելված էր, ու մինչ այժմ էլ չեն խոսում` լռությունը շարունակվում է։ Թե թիկունքում քանի զինվոր է դաժանաբար հոշոտվել ու սպանվել այդ պատերազի տարիներին, ոչ ոք չի իմանա, դա պարզ է, բայց, ա´յ, դրանից հետո եկող ժամանակաշրջանի մասին խոսուն փաստեր կան։
Մինչ այժմ էլ նույնն է, ոչինչ չի փոխվել. մեջբերեմ 2010–ի հունիսի 27–ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մոր՝ Պաշտպանության նախարարին ուղղված բաց նամակից մի հատված. «….Արյունն ու խայտառակությունը մաքրելու միակ ճանապարհը արդար քննություն անցկացնելն է, որը հենց սկզբից ընթանում է ահավոր թերություններով….. Նրանք, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ, միտումնավոր փաստերն աղավաղելով, իբրև թե հանուն հայկական բանակի պատվի գործը քշում են առաջ, նրանք ևս ազգի և հայրենիքի դավաճաններ են, և դրանով ավելի են գցում բանակի պատիվը` արյան ու խայտառակության խարան դնելով բանակի ու նրա ղեկավարության ճակատին»։
Իրականում ո՞վ է արատավորում հայկական բանակի անունը, ո՞վ է պատասխանատուն, որ հայ մայրերն արդեն հայտարարում են, թե նման բանակին զինվոր չունեն տալու։ Դե, այս ամենը, իհարկե, չի կարելի ծածկել ու կեղծ պատիվ հորինել.ախր, այս համատարած անվստահության ու ստի մթնոլորտում հայրենիքը պաշտպանողների թիվն է պակասում։
Զարուհի Հովհաննիսյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.