Այսօր առավոտյան օրս սկսեցի «ՇԿԻԴ հանրապետությունը» ֆիլմով, ու ակամայից սկսեցի զուգահեռներ անցկացնել: Երբ երեխան ընկնում է մանկատուն, նա գիտի, որ կյանքն առջևում է, իսկ երբ ծեր մարդն է ընկնում ծերանոց, նա էնտեղ սպասում է, մինչ իր երկրային կյանքն ավարտվի…
Չորրորդ գյուղում գտնվող, ինչպես իրենք են ասում, ծերերի տունը, բավականին մեծ համալիր է` բաղկացած տարիքավորների՝ ծերերի և անօթևանների ապաստաններից: Ծերերինն իր հերթին ունի երկու բաժանմունք՝ համեմատաբար առողջների ու անկողնային ծերերի, որոնց խնամք է պետք, ինչպես նրանք են անվանում՝ «հիվանդանոց»-ը: Խնամում են սանիտարներն ու բուժքույրերը՝ օրը երեք անգամ տակդիրներն են փոխում, հաց են ուտացնում: Բայց միևնույնն է, անկողնային ծերերին խնամելը շատ բարդ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ սանիտարների աշխատավարձը 40000-ից չի անցնում, այսինքն՝ օրական 1000 ու մի քիչ ավել դրամով այդ սանիտարները խնամում են այնպիսի հիվանդների, որոնց խնամքի համար դրսում վճարում են ժամը 1000 դրամ: Բաժանմունքում ծանր հոտ կար. ծերերի, վատ պայմանների, կերակուրի միախառնված հոտն անտանելի էր։ Ասում են, որ այդ շինությունը ի սկզբանե սխալ է սարքված, օդափոխման համակարգը բացակայում է, դրա համար էլ ծանր հոտը չի անցնի ինչքան էլ մաքրություն անեն: Բայց այդ դեպքում կարելի է գոնե անկողնային բաժանմունքը տեղափոխել մեկ այլ մասնաշենք. մարդկային տարրական պայմաներից զուրկ բնակտարածքում անօգնական մարդկանց պահելը մեղք է։ Ի վերջո այստեղ մարդիկ են, որ դուրսուներս անել չեն կարողանում ու դատապարտված են զօրուգիշեր գարշահոտ շնչելու։
6 մասնաշենքից 2-ն է վերանորոգված. 2009 թ.-ից արդեն գործում է ջեռուցման համակարգը։ Նոր տնօրենը ԲՀԿ-ից Արմեն Գյուրջյանն է, որի նշանակվելուց հետո բոլոր սենյակներին Ծառուկյանը հեռուստացույցներ է բաժանել: Վերանորոգել ու կահավորել են ընդհանուր միջանցքը և որոշ սենյակներ. հիմա վերանորոգված սենյակները մեկումեջ են: Բնակիչները հպարտությամբ ցույց էին տալիս կենտրոնական ջեռուցման ռադիատորները:
Ծեր խնամյալների թոշակներից 8000 դրամ պահվում է նրանց սննդի համար, մնացածը նրանք ծախսում են ինչի վրա ուզում են: Չնայած բուժկետերում դեղորայքի,տակդիրների առատություն էր տիրում` դեղորայքի համար ծերերից յուրաքանչյուրին նախատեսված է օրական 46 դրամ, այսինքն՝ ամսական 1380 դրամ: Էդ ի՞նչ դեղորայք կարելի է գնել այդ գումարով, էն էլ ծերերի համար, որ հազար ու մի հիվանդություն ունեն: Բուժանձնակազմը շատ դժգոհ է դրանից, քանի որ երբ թանկ դեղ է պետք լինում, նրանք ստիպված ընդհանուրի են բերում հաշվարկները, որպեսզի կարողանան մի հիվանդին հատկացնել իր թանկ դեղամիջոցը:
Ծերերն ամենից շատ ուշադրության կարիք ունեն. Լենա տատիկը Լենինականից է, ծնվել է 1936թ., ունի երկու որդի, երկուսն էլ ապրում են Երևանում: Ավարտել է Լենինականի բուժտեխնիկումը, ողջ կյանքն աշխատել է հիվանդանոցներում որպես բուժքույր, մեծ մասը Մանկական հիվանդանոցում, եղել է միակ մանկական մասսաժի մասնագետը, և իր մասնագիտությունը սովորեցրել է նաև ուրիշ շատերին։
«Ես շատ լավ եմ ապրել, ամուսինս ինձ շատ լավ է պահել: Տղաներիս երկուսին էլ պարապել եմ տվել, պոլիտեխնիկ են ավարտել: Հետո մեկը գնաց Գերմանիա, էստեղ իրա նկարը մի աղջկա ցույց տվեցի՝ հավանեց, համաձայնվեց ամուսնանա, նշանդրեք արեցի առանց տղուս, ասում էին՝ բա փեսեն ո՞ւր ա, նկարն էի ցույց տալիս: Տենց ամուսնացրեցի տղուս հեռակա: Հետո էլ փոքր տղուս ամուսնացրեցի: 1998թ. թողեցի փոքրին ստեղ ու գնացի մեծիս մոտ, ապրեցի ընդեղ 3 տարի, հետո 2001-ին եկանք Հայաստան: Եկա տեսնեմ, երեք տունս էլ ծախել են երեխեքը: Թե ո՞նց են ծախել առանց ինձ, չգիտեմ, բայց իրավաբանն ասեց, որ ինչ-որ բան փոխելու համար արդեն ուշ ա», — պատմում է Լենա տատիկը:
Հետո փոքր տղան գնացել է Ամերիկա, տարիուկես մնացել ու հետ էր եկել ինչ-որ գումարով, որով էլ Մալաթիայում տուն են գնել: Էդ տունն էլ, չգիտես ինչու, վաճառել են ու ծաղկանոցներ գնել, որն էլ էլի չկա՝ ընկել են ինչ-որ մախինացիաների մեջ: Հիմա մեկն ապրում է Աբովյանում `վարձով, ինքն էլ մյուս տղայի զոքանչի տանն է ապրել:
«Ես 30 հազար թոշակ էի ստանում, համ էլ երեխա էի պահում, 30 հազար էլ տեղից էր գալիս, սաղ տուն էի տալիս: Բայց տղուս զոքանչը դժգոհ էր, ու հա ասում էր, թե ես ինչի՞ պետք ա իրա տանն ապրեմ: Հետո բարի մարդիկ խորհուրդ տվեցին դիմել ծերանոցի համար: Հիմա ստեղ իմ առաջին Նոր Տարին եմ դիմավորելու: Լավ ա ստեղ լինեմ, քան խալխի մուննաթը վրես լինի: Զոքանչը անկողինս պատուհանից դուրս էր գցել, ո՞նց մնայի: Տղես ասում էր, որ իրանք աշխատանք չունեն, ես էլ թոշակ եմ ստանում, համ էլ էդ երեխու փողը, ասում էր՝ մի գնա, մենք չենք կարա ապրենք: Մի քիչ փող ունեի հավաքած բանկում, էդ էլ Մալաթիայի տան վախտերով հլա առան ձեռիցս, ավտո առան, տարան խփեցին` սարքեցին «գարմոշկա»… Իրար միս էին ուտում, կռվում էին, հիմա չեն խոսում իրար հետ: Մայրը պիտի ջիգյար չունենա, որ ջիգյար ա ունենում, սենց ա դառնում՝ ընկնում ա չոլերն ու առանց կոպեկ»:
Մի խոսքով, Լենա տատիկը հայտնվել է ծերանոցում իր տղաների անխոհեմ գործարքների և նրանց անկարգ ու անբարո վերաբերմունքի շնորհիվ՝ իրար ու մոր նկատմամբ: Նա տղաներին արգելել է այցելել իրեն, մեկ-մեկ մեկը զանգում է, իսկ մյուսից նա տեղեկություններ է ստանում քրոջ աղջիկներից, որոնք շփում ունեն որդիների հետ:
Իրինան՝ Իրա, ինչպես նրան անվանում են բոլորը, կուլտուրայի բաժնի վարիչն է պաշտոնապես, իսկ իրականում` ծերերի միակ ուրախությունը, նրանց ժամանցի կազմակերպիչը, այլ կերպ ասած՝ «կուլտմասսովիկ», հոլի պես պտտվում է ծերանոցով, բոլորը նրան ժպտալով են ողջունում, երևում է, որ սիրում են, հարցնում են, թե ե՞րբ է շաբաթը գալու, որովհետև շաբաթ օրերին համերգ է լինում իրենց մոտ, ամեն անգամ գալիս են տարբեր կազմակերպություններից, երիտասարդներ, երեխաներ ու ուրախացնում են ծերերին:
Դե, իսկ ծերերն էլ տարբեր են լինում, ինչպես բոլոր մարդիկ: Կան կռվարարներ՝ սկանդալիստներ, որ ամեն ինչից դժգոհ են, կան լավատեսներ, ովքեր նույնիսկ էս իրավիճակում հետաքրքրություններ են գտնում, զբաղվում են ինչ-որ բանով, կան էնպիսինները, որ ուղղակի ավլում են, գործում են, մեկը միջանցքում արդուկի սեղան էր դրել ու արդուկ էր անում, մյուսը՝ կերակուր էր պատրաստում, ավելի ճիշտ ճաշարանի կերակուրն էր «տան համի սարքում» սոխառածով, համեմունքներով համեմելով: Նույնիսկ սիրահարվում են ու ամուսնանում, ոմանք մի քանի անգամ:
«Մի կին ունեինք, ամիսը մեկ ամուսնանում էր, կրակն էինք ընկել: Ես եմ իրենց «ամուսնացնում», սկզբում, ոնց որ ԶԱԳՍ-ում են անում, ժամանակ եմ տալիս մտածելու, հետո «ամուսնացնում» եմ ու առանձին սենյակ տալիս: Եթե յոլա են գնում՝ ապրում են, կան, որ շատ երկար, ոնց որ Էմմա տատիկն ու Կառլեն պապիկը, նրանք միասին են արդեն 10 տարի, փախստականներ են Բաքվից, ծանոթացել են Դիլիջանում, հետո տեղափոխվել են էստեղ: Գնանք, ինքներդ կտեսնեք», — ասում է Իրան:
Մտանք սենյակ, որը հանրակացարան էր հիշեցնում` երկարուկ` մոտ 18 մետր, իր սանհանգույցով, և, ի տարբերություն նախկինում տեսածներիս, առանց վերանորոգման: Ծերուկները որքան կարողացել էին տան շնորհք էին տվել սենյակին, ինչ-որ տնական մանր-մունր բաներ արել: Տուն ա էլի, ուղղակի փոքր շատ: Բայց իրենք ասում են, որ գոհ են:
Ծանթոցանք նաև Ջեմմա տատիկի ու Մնացական պապիկի հետ: Նրանք ծանոթացել ու «ամուսնացել» են հենց էս ծերանոցում:
«Սկզբում իջնում էի Ջեմմայի մոտ կոֆե խմելու, հետո էլ տենց էլի, գցեցինք-բռնեցինք, որ ավելի լավ կլինի միասին ապրենք, մի տան նման: Հիմա լավ ա սենց, ավելի ուրախ ա», — ասում է Մնացական պապիկը, «Մենակ թե էս կնիկը դադար չունի, հա գործ ա անում, լվացքը տանում — անում են մեզ համար, բայց ինքը մեկ ա՝ դնում ա ու ստեղ ա անում»: Իրոք, գոգնոցը հագին ու նորահարսի ժպիտով Ջեմմա տատիկը արդուկում էր ամուսնու շալվարը: Բալկոնը վեր էին ածել խոհանոցի, չորանոցի, սրճարանի, ինչի ասես, սիրով համաձայնվեցին լուսանկարվել:
Տուն-ինտերնատ գործուղում են սոցիալական ծառայությունները խնամյալի դիմումի համաձայն: Բայց, ըստ մեր ունեցած տեղեկությունների, այստեղ ընկնելու համար հարկ է մի կլորիկ գումար վճարել, այլապես կարող ես անհույս սպասել «քո տեղին»։
Լուսինե Վայաչյան
Հ.Գ.Այս նյութը պատրաստվել է մոտ երկու տարի առաջ, վստահ ենք, որ տարեցների խնդիրները այսօր էլ նույնն են, ու եթե փոխվեն անունները, միևնույնն է դրանից իրականությունը չի փոխվի:
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 14:09Շարունակիր ապրել
- 13:10Սիրո իմ վարկածը
- 12:10Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են
- 11:40Ջարդուփշուր եղած կյանք. Ոչ մի կին արժանի չի ծեծվելու
- 12:19Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 12:30Կոաքսիլ/Սեդալգին = գանգրենա/մահ, կամ՝ դեղատունը նույն «բարիգն» է
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.