Սիրիայի ողբերգական ճգնաժամի մասին չափազանց շատ են խոսել ինքնակոչ վերլուծաբաններն ու փորձագետները, տարածելով ապատեղեկատվություն և վտանգելով հայ համայնքի ապահովությունը:
Այս օրհասական ժամին, քաղաքական խակ կարծիքներ աջ ու ձախ սփռելու փոխարեն, Սփյուռքը պետք է կենտրոնանա սիրիահայերին շուտափույթ անհրաժեշտ մարդասիրական աջակցություն տրամադրելու վրա:
Ողջունելի է, որ հայկական կազմակերպությունները դրամահավաք են ձեռնարկել` Սիրիայում հայերի կարիքները բավարարելու նպատակով: Ավելի առաջ գնալով, որոշ երկրներում, սոցիալական, կրոնական և քաղաքական կազմակերպությունները համատեղ մարմիններ են ստեղծել անհրաժեշտ օգնությունը համակարգված ձևով հավաքելու համար: Հուսով ենք, որ այդ խմբերը շուտով հանդես կգան հայտարարությամբ՝ սիրիահայերի կոնկրետ կարիքների, հավաքվելիք գումարի և այդ միջոցների բաշխման մեխանիզմների վերաբերյալ:
Համասփյուռքային կառույցի բացակայության պատճառով, որը կներկայացներ աշխարհասփյուռ բոլոր հայերին և կզբաղվեր նրանց հավաքական խնդիրներով, այժմ յուրաքանչյուր համայնք փորձում է ձևավորել իր սեփական միացյալ մարմինը: Որոշ դեպքերում, միևնույն համայնքում մեկից ավելի միասնական մարմիններ են ստեղծվել՝ յուրաքանչյուրը մի կոնկրետ խնդրով զբաղվելու համար: Ավելորդ կրկնություններից խուսափելու համար նախընտրելի է յուրաքանչյուր համայնքում ձևավորել մեկ միասնական մարմին, որը կունենա առանձին խնդիրներով զբաղվող իր ենթահանձնախմբերը:
Բացի այդ, երկու այլ համահայկական մարմիններ կարող են վճռական դեր խաղալ այս հումանիտար ճգնաժամում` մեկը Սիրիայից դուրս, իսկ մյուսը՝ երկրի ներսում, որին կհանձնարարվի բոլոր աղբյուրներից եկող մարդասիրական օգնության համակարգումն ու բաշխումը.
1. Սիրիայից դուրս գտնվող մարմինը, որը դեռ չի ձևավորվել, կհամակարգի ոչ միայն Սփյուռքից և Հայաստանից ստացվող օգնությունը, այլև, որն ավելի կարևոր է, օժանդակություն կապահովի կառավարություններից, միջազգային կազմակերպություններից (ՄԱԿ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ) և ոչ կառավարական կազմակերպություններից:
2. Սիրիայում նորաստեղծ համահայկական մարմնի կազմի մեջ մտնում են հայկական բոլոր կրոնական և բարեգործական կազմակերպությունները: Նրա պարտականությունների մեջ են մտնում համայնքի կարիքների մասին արտաքին աշխարհին տեղեկացնելը, դրսի օգնության ստացումը և դրա բաշխումը ամբողջ երկրի հայերին:
Սիրիայի հայ համայնքի հսկայածավալ կարիքների համապարփակ գնահատում դեռ չի կատարվել, սակայն արդեն իսկ պարզ է, որ միլիոնավոր դոլարներ են պահանջվելու հազարավոր կարիքավոր ընտանիքների սննդի, ջրի, բուժօգնության, վառելիքի, էլեկտրաէներգիայի, և անապահով ուսանողների ուսման վարձի համար: Չափազանց կարևոր է, որ այդ օգնությունը բաժանվի նաև այն բոլոր մարդկանց, որոնք ապրում են հայկական թաղամասերում կամ դրանց հարևանությամբ՝ անկախ նրանց էթնիկական կամ կրոնական պատկանելությունից:
Նման համաշխարհային լայնամասշտաբ դրամահավաք իրականացնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է մտածի իր այս տարվա հեռուստամարաթոնը սիրիահայերի օգնությանը նվիրելու մասին: Խոշոր կազմակերպություններին և բարերարներին պետք է խնդրել, որպեսզի առատաձեռն նվիրատվություններ կատարեն՝ Սիրիայում հայկական պատմական ներկայությունը պահպանելու համար, որտեղ հայերը հաստատվել էին ցեղասպանությունից դարեր առաջ: Համահայկական հիմնադրամն արդեն իսկ ձեռնարկել է իր առաջին քայլը՝ հատուկ բանկային հաշիվ բացելով Երևանում՝ Սիրիայի համար նվիրատվություններ խնդրելու նպատակով, որտեղ մինչ այժմ հավաքվել է 50 հազար դոլար: Այս գումարը ծախսվել է Հալեպից Հայաստանի ամառային ճամբարներ հարյուրավոր երեխաների տեղափոխման համար:
Պետք է անհապաղ միջոցներ հայթայթել՝ Հայաստան ժամանակավորապես կամ մշտապես տեղափոխված սիրիացիների բնակարանային և կենցաղային ծախսերը հոգալու համար: Այժմ պահը չէ վիճելու այն դժվար երկընտրանքի մասին, թե նրանց պետք է օգնել, որ մնան Սիրիայում, թե հեռանան այնտեղից, քանզի նրանց գոյությունը վտանգված է: Յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել սիրիահայերի ցանկություններն ու դատողությունները և աջակցել նրանց անձնական որոշումներին: Վերջիվերջո, երբ նրանց կյանքը վտանգի տակ է, նրանց նախընտրությունը չպետք է կասկածի տակ առնվի: Նաև ժամանակը չէ դատողություններ անել սիրիահայ ապաստանյալներին Հայաստանի կառավարության կողմից հատկացված օգնության որակի կամ քանակի մասին: Նման գնահատականներ կարելի է տալ ավելի ուշ, երբ փոթորիկը հանդարտվի:
Վերջապես, չնայած ֆինանսական աջակցությունն այս պահին առավել հրատապ է, սակայն հավասարապես կարևոր է սիրիահայերին ուղերձ հղել այն մասին, որ նրանք միայնակ չեն այս օրհասական պահին: Սիրիահայերը պետք է զգան, որ բոլոր հայերը և այլ բարի մարդիկ մեծապես մտահոգ են նրանց բարեկեցության մասին և հնարավոր ամեն ինչ անում են նրանց փրկության համար:
Նման հուսատու և հոգատար ուղերձը էական նշանակություն ունի ոչ միայն սիրիահայերի, այլ նաև համայն հայության համար: Որևէ մի համայնքի ցավը պետք է կիսեն բոլոր հայերը՝ շտապ օգնության ձեռք մեկնելով տուժած համայնքին, որովհետև նրանք բոլորը մի մեծ ընտանիքի զավակներն են: Փոխադարձ օժանդակության այս ոգին պետք է բոլոր համայնքներին վստահություն ներշնչի, որ դժբախտության պահին, նրանց չեն թողնի բախտի քմահաճույքին:
Հաշվի առնելով Սիրայում հայերի այս ծանր իրավիճակը, եկե’ք մի կողմ թողնենք բոլոր այլ քննարկումները և շտապ աջակցենք նրանց:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.