ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը Սևանա լճի հետ կապված հիմնախնդիրներին վերաբերող նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Հարգելի պարոն Գլխավոր դատախազ,
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Սևանա լճի հետ կապված մի շարք հարցերի վրա` ակնկալելով դատախազության համարժեք արձագանքը:
Առաջին հարցը վերաբերում է Սևանա լճում արժեքավոր ձկնատեսակների արդյունաբերական պաշարների անհետացման փաստին: Եվ դա այն պայմաններում, երբ համաձայն ՀՀ կառավարության 2009թ. ծրագրով նախատեսված միջոցառումների և առաջնային խնդիրների իրականացման մասին ՀՀ բնապահպանության նախարարության հաշվետվության, որը տեղադրված է նախարարության կայքէջում` Սևանա լճի ջրի մակարդակը վերջին 8 տարիներին բարձրացել է 291սմ-ով, իսկ վերջին 6 տարիներին լիճ է բաց թողնվել 1.147.000 հատ իշխանի մանրաձուկ: Այդ հենքին Սևանա լիճ բաց թողնված իշխանի մեկ միլիոնը գերազանցող թիվը կասկած է հարուցում, քանի որ լճում իշխանի քանակության վրա այն, փաստացի, որևէ դրական ազդեցություն չի ունեցել: Մեր կարծիքով` նման իրավիճակի համար չկա որևէ օբյեկտիվ պատճառ:
Սևանա լճում ձկնապաշարների վերացման հիմնական պատճառը, մասնագետների կարծիքով, այն է, որ ձկան որսը լճում որևէ կերպ չի կարգավորվում: Իսկ եթե չկա ձկնորսության հստակ կանոնակարգ, ապա չի կարող լինել և արդյունավետ վերահսկողություն այդ կանոնակարգին հետևելու հանդեպ:
Ձկան որսի վերաբերյալ կանոնակարգի բացակայության մասին է խոսում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցմանը (ելից թիվ 1/22 1/11429` 25 հոկտեմբերի 2010թ.) ՀՀ բնապահպանության նախարարի տված պատասխանը: Սևանա լճում ձկան որսի գործող կանոնակարգ պարունակող փաստաթուղթ տրամադրելու` պատգամավորի խնդրանքին ի պատասխան, նախարարը հղում է կատարել ՀՀ կառավարության երկու որոշումներին (2002թ. օգոստոսի 22-ի N 1380-Ն և 2004թ. ապրիլի 8-ի N 646-Ն), որոնք չեն պարունակում Սևանա լճում ձկնորսության վերաբերյալ այնպիսի կոնկրետ պահանջներ, ինչպիսիք են ձկնորսության վայրերը, դրա թույլատրված և արգելված որսորդական պարագաները, որսի սեզոնի սկզբի և ավարտի ժամկետները, շաբաթվա` ցանցերով որսը թույլատրող օրերը, այն ձկնատեսակների ցանկը, որոնք թույլատրված է որսալ, դրանց որսի թույլատրելի ծավալները մեկ օրվա ընթացքում և այլն: Նախարարը հղում է արել նաև «Որսի ու որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքին, որն ընդհանրապես որևէ կապ չունի Սևանա լճում ձկնորսության հետ: Սևանա լճում ձկնորսության արդյունավետ կարգավորման բացակայության մասին են վկայում նաև ԶԼՄ-ներում հրապարակված բազմաթիվ հոդվածները: Բացակայում է անգամ մանրավանդակ ցանցերով ձկնորսություն իրականացնելու արգելքը, ինչի անհրաժեշտությունն ակնհայտ է և ինչն, ի դեպ, հեշտ է ստուգել: Մանրավանդակ ցանցերով ձկան շուրջօրյա զանգվածային որսը, որն այժմ առկա է, հնարավորություն չի տալիս ձկներին հասնելու սեռական հասունության տարիքի: Բացի դրանից, լճից արժեքավոր ձկնատեսակների արդյունաբերական պաշարների վերացման պատճառ է լճի աղտոտումը բուսական մնացորդներով, կոյուղաջրերով, գյուղատնտեսական գործունեության արգասիքներով: Համաձայն Բնապահպանության նախարարության կանոնադրության (կկ. 7ա, 7բ, 8ա)` բոլոր այս հարցերը գտնվում են նրա իրավասության ներքո: Այսպիսով` լճից ձկների վերացման պատճառը, փաստորեն, Բնապահպանության նախարարության, նրա պետական բնապահպանական տեսչության և «Սևան» պետական ոչ առևտրային կազմակերպության անգործությունն է:
Երկրորդ հարցը վերաբերում է Սևանի մակարդակի բարձրացման հետևանքով ափամերձ տարածքների` բուսականությունից մաքրմանը: Մաքրման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն ամեն տարի գումարներ է հատկացնում` հիմնվելով Բնապահպանության նախարարության ներկայացրած հայտի վրա, սակայն ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն` և դա հաստատում են նաև մեր դիտարկումները, փաստացիորեն ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներ չեն իրականացվում: Չնայած, համաձայն Բնապահպանության նախարարության վերոհիշյալ հաշվետվության, 2005թ. մաքրվել է 92 հեկտար, 2006թ.` 123 հա, 2007թ.` 95 հա, 2008թ.` 95 հա, 2009թ.` 600 հա տարածք: Այսպիսով` ստացվում է, որ վերջին 5 տարում մաքրվել է ավելի քան 1000 հեկտար ափամերձ տարածք:
Համաձայն ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության` 2010թ. սեպտեմբերի 2-ին Գլխավոր դատախազության` պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Սևանի ափամերձ տարածքների մաքրմամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ: 2006-2008թթ. Բնապահպանության նախարարության կողմից Սևանի ափամերձ տարածքների մաքրման նպատակով հայտարարված մրցույթի հաղթողներ էին ճանաչվել «Ուայդ Գեյթ», «Թրի Գրեն» և «Գ.Էլոյան և որդիներ» ՍՊԸ-ները: Ստուգումների ընթացքում պարզվել է, որ 2006-2008թթ. «Ուայդ Գեյթ» ՍՊԸ-ի, իսկ 2009թ.-ին` «Թրի Գրեն» և «Գ.Էլոյան և որդիներ» ՍՊԸ-ների կողմից կատարված աշխատանքները չեն համապատասխանում նրանց հետ կնքված պայմանագրերով ամրագրված պահանջներին: Այդուհանդերձ` չկատարված աշխատանքն ընդունվել և հավաստվել է «Սևան» ազգային զբոսայգու և Բնապահպանության նախարարության աշխատակիցների կողմից: Քննության ընթացքում ձեռք բերված փաստերի հիման վրա գործեր են հարուցվել ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով (հոդ. 179, մաս 2, կետ 3, մաս 3, կետ 1, հոդ. 214, մաս 2, հոդ. 308 և 315, մաս 2): Գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Գլխավոր քննչական վարչություն` հետաքննության անցկացման համար: Մենք ողջունում ենք այս քրեական գործերի հարուցումը, միաժամանակ փաստում, որ թե’ ԶԼՄ-ների հաղորդումները և թե’ մեր դիտարկումները վկայում են, որ մաքրման աշխատանքների իրականացման որևէ տեսանելի նշաններ Սևանա լճի ափերի որևէ հատվածում չկան նաև 2010թ.-ին:
Երրորդ հարցը վերաբերում է Սևանա լճի ափամերձ տարածքներում գտնվող այն շենք-շինությունների ապամոնտաժմանը, որոնք կառուցված են 1905 մետրից ցածր (մինչև 2008թ.-ը` 1908մ-ից):
Համաձայն ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի` «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում հրապարակած տեղեկության (տես` «Դելովոյ էքսպրես» ռուսալեզու թերթի 2010թ. թիվ 24-ը), Սևանի ափամերձ տարածքներում ջրածածկ են լինելու 1.697 շինություն և կառույց, որոնցից պետական գրանցում ունեն միայն 481-ը, իսկ մնացած 1.216-ն ապօրինի են:
Մի շարք տարիների ընթացքում պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինները, «Սևան» ազգային զբոսայգու տարածքի օգտագործման իրավունքն իրացնող պետական կազմակերպությունները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին կանխել ապօրինի շինարարությունը` «չէին նկատում» լճի ափերին ընթացող զանգվածային շինաշխատանքները: ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 8-ի թիվ 613-Ն որոշման 14-րդ կետի համաձայն` ապօրինի շինարարությունը պարտավոր են կանխել, դադարեցնել և դրա հետևանքները վերացնել համայնքների ղեկավարները, եթե այդ տարածքները գտնվում են նրանց իրավասության ներքո: Համայնքների իրավասությունից դուրս տարածքներում ապօրինի շինարարության առկայության դեպքում դրա կանխման, դադարեցման և հետևանքների վերացման պարտականությունը, փաստացի, դրված է Գեղարքունիքի մարզպետի վրա: Բացի դրանից, ապօրինի շինարարության կանխման, դադարեցման և հետևանքների վերացման պարտականությունը, փաստացի, դրված է նաև ՀՀ բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային զբոսայգի» պետական ոչ առևտրային կազմակերպության վրա: Այստեղ ակնհայտորեն երևում են համայնքների ղեկավարների, Գեղարքունիքի մարզպետի, «Սևան» ազգային զբոսայգու» ղեկավարի ու Բնապահպանության նախարարության պատասխանատու անձանց կոռուպցիոն գործունեության հատկանիշները: Նշված անձինք առ այսօր շարունակում են արհամարհել օրենքի և ենթաօրենսդրական ակտերի պահանջները, անգամ այն բանից հետո, երբ իրենց իրավասության տակ գտնվող տարածքներում ապօրինի շինարարության վերաբերյալ փաստերը հանրության սեփականությունը դարձան:
Ջրածածկման ենթակա գոտում առկա 481 շենք-շինությունների թվում ակնհայտորեն կան ապօրինի ճանապարհով օրինականացվածներ: Մասնավորապես այդ 481-ից 263-ը, որոնք կառուցվել են վերջին տարիներին, պատկանում են «Լավանդա Սիթի» ընկերությանը: Այս ընկերության կառուցած օբյեկտների պետական գրանցումը բավականին կասկածելի է: Կարծում եմ` Գլխավոր դատախազությունը պետք է զբաղվի այս հարցով, քանզի այստեղ ևս նկատելի են կոռուպցիոն երևույթների դրսևորումներ պետական այն պաշտոնյաների կողմից, ովքեր կապ են ունեցել նշված կառույցների պետական գրանցման հետ: Չէ որ 1908մ-ից (իսկ 2008թ.-ից` 1905մ-ից) ցածր շինարարություն իրականացնելու արգելքը մտցվել էր դեռևս խորհրդային շրջանում` ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Ֆ.Սարգսյանի` 18.10.1978թ. թիվ 755 որոշմամբ: 2002թ. մայիսին ՀՀ կառավարությունը կրկնօրինակել էր այդ հրահանգը 12.05.2002թ.-ին ընդունված իր թիվ 927 որոշմամբ:
Սակայն 18.12.2008թ. թիվ 1563-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը փաստացի սկսեց անօրինական համարել բոլոր շինություններն ու կառույցները, որոնք գտնվում են 1905մ-ից ցածր` նախկին 1908մ-ի փոխարեն: Այսպիսով` հետին թվով «օրինականացվեցին» մի շարք շինություններ, որոնք մինչ այդ դասվում էին անօրինականների թվին:
Ինչ վերաբերում է Սևանի ափերին գտնվող և օրինականների թվին դասվող մյուս կառույցներին, ապա ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողովի տվյալներով` 62 գույքային միավորումներից միայն 19-ը իրավական հիմքեր ունեն պետությունից փոխհատուցում պահանջելու իրենց օբյեկտների ջրածածկման համար: Արդյոք դա չի՞ նշանակում, որ մնացած 43-ի պետական գրանցման հարցում ամեն ինչ չէ, որ օրինական է:
Չորրորդ հարցն այն մասին է, որ ափամերձ տարածքների վարձակալների մեծամասնությունը բնակչությանը զրկում է Սևանի ափին անարգել հանգստանալու հնարավորությունից` պահանջելով վճարել դրա դիմաց: Սրանով խախտվում է ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 13-ի թիվ 766-Ն որոշումը, համաձայն որի վարձակալությամբ ստացած լողափի գոտու տարածքների առնվազն 20%-ը վարձակալների կողմից պետք է ազատ ու անհատույց տրամադրվի լճի ափին հանգստանալ ցանկացողներին:
Հինգերորդ հարցը վերաբերում է Սևանի ափամերձ տարածքներում ծովի մակարդակի նկատմամբ նախկին 1908 մետրի փոխարեն սկսած 1905 մետրից շինարարության թույլատրման հիմնավորվածությանը: Կառավարության այս կամայական որոշումը (18.12.2008թ., թիվ 1563-Ն), որն ըստ երևույթին ընդունված է Սևանի ափերին օբյեկտների սեփականատեր հանդիսացող մի քանի օլիգարխի և բարձրաստիճան պաշտոնյաների մասնավոր շահերի սպասարկման նկատառումներով, գիտականորեն հիմնավորված չէ, քանի որ բացակայում է այս հարցով Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը: Մինչդեռ դա «Սևանա լճի մասին» օրենքի 19-րդ հոդվածի պահանջն է: Այս նույն` Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացության բացակայության պատճառով անօրինական է նաև կառավարության 14.09.2006թ. թիվ 1386-Ն որոշումը, որը սահմանում է փրփրաբաշ ալիքի առավելագույն բարձրությունը, ինչն էլ հիմք է հանդիսացել 1905մ նիշից վեր շինարարության սկզբունքային թույլատրման մասին կառավարության 18.12.2008թ. թիվ 1563-Ն որոշման ընդունման համար: Խորհրդային ժամանակաշրջանում Սևանա լճի խորը գիտական հետազոտությունների հիման վրա հայ գիտնականները եկել էին այն եզրակացության, որ լճի բնապահպանական հավասարակշռության վերականգնման համար ջրի մակարդակը պետք է բարձրացնել առնվազն մինչև 1903,5 մետրանոց նիշը: Այս թիվը օրենսդրորեն ամրագրվել էր: Սևանի ափերին օբյեկտների շինարարության թույլատվությունը տրվում էր սկսած 1908մ նիշից: Այդ որոշումը (թիվ 755` 18.10.1978թ.) ընդունվել էր ՀԽՍՀ նախարարների խորհրդի (կառավարության) կողմից` լճում ջրի մակարդակի հավելյալ բարձրացման կարիք առաջանալու դեպքում դրա` ևս մի քանի մետր բարձրացման հնարավորությունն ապահովելու նպատակով: Դա կարող էր տեղի ունենալ, եթե չարդարացվեին գիտնականների կանխատեսումները Սևանի ջրի անհրաժեշտ նվազագույն մակարդակի վերաբերյալ, որը կապահովեր նրա ինքնամաքրումը: Իր նոր` 18.12.2008թ. թիվ 1563-Ն որոշմամբ կառավարությունը, փաստորեն, ստանձնել է Սևանի ափերին տեղակայված օբյեկտների սեփականատերերին փոխհատուցելու պարտավորություն` լճում ջրի մակարդակը ևս մի քանի մետրով բարձրացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում: Մինչդեռ Սևանի ջրի մակարդակը 1903,5 մետրից ավելի բարձրացնելու անհրաժեշտությունն արդեն այսօր է տեսանելի` նոր և անչափ էական գործոնի` աշխարհում կտրուկ գլոբալ տաքացման ի հայտ գալու կապակցությամբ:
Հիմնվելով վերոգրյալի վրա` դիմում եմ Ձեզ ակնկալելով.
1. Ձեռնարկել համապատասխան միջոցներ ընդդեմ Բնապահպանության նախարարության, նրա բնապահպանական տեսչության և «Սևան» ազգային զբոսայգի» ՊՈԱԿ-ի` Սևանա լճում արժեքավոր ձկնատեսակների արդյունաբերական պաշարների անհետացման փաստով, որը տեղի է ունեցել բնապահպանական օրենսդրության և նշված նախարարության կանոնադրության պահանջների չկատարման, անգործության և լճում ձկների արդյունաբերական տեսակների քանակի վերականգնման նպատակով հատկացված բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման հետևանքով:
2. Իրականացնել դատախազական ստուգումներ 2010թ.-ին Սևանի ափամերձ տարածքները ծառերից ու թփուտներից մաքրելու աշխատանքներ իրականացրած կազմակերպությունների նկատմամբ` վերջիններիս հետ կնքված պայմանագրերում առկա պարտավորությունների կատարման փաստի առնչությամբ և պայմանագրային կետերի չկատարում հայտնաբերելու դեպքում նրանց, ինչպեսև Բնապահպանության նախարարության` նրանց աշխատանքն ընդունած պաշտոնատար անձանց հանդեպ հարուցել քրեական գործեր:
3. Քրեական գործեր հարուցել համապատասխան պաշտոնատար անձանց հանդեպ, պետական իշխանության (մարզպետարանի, Բնապահպանության նախարարության), տեղական ինքնակառավարման մարմինների, «Սևան» ազգային զբոսայգի» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` իրենց իրավասության ներքո գտնվող տարածքներում 1905մ նիշից (ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1563-Ն որոշման չեղյալ ճանաչելու դեպքում` 1908մ նիշից) ցածր ապօրինի շինարարության հանդեպ անգործության փաստով:
4. Իրականացնել դատախազական ստուգումներ` պարզելու համար Սևանա լճի ափամերձ տարածքներում ծովի մակարդակից 1905մ նիշից (իսկ կառավարության 2008թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1563-Ն որոշումն անվավեր ճանաչելու դեպքում` 1908մ նիշից) ցածր կառուցված և օրինականների թվին դասվող բոլոր 481 շենք-շինությունների պետական գրանցման օրինականությունը և օրինազանցությունների բացահայտման դեպքում հարուցել քրեական գործեր խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց հանդեպ:
5. Իրականացնել դատախազական ստուգումներ վարձակալների կողմից քաղաքացիների` Սևանա լճի ափ ազատ ու անհատույց մուտք ունենալու իրավունքի ապահովման կապակցությամբ և պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց ու վարձակալներին, ովքեր թույլ են տվել օրենքի խախտում, եթե այդպիսին կհայտնաբերվի:
6. Բողոքարկել ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 14-ի թիվ 1386-Ն և 2008թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1563-Ն որոշումները, որոնցով կառավարությունը խախտել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը և փաստացի օրինականացրել մինչ այդ անօրինականների թվին դասվող, ծովի մակարդակից 1905-1908մմ միջակայքում կառուցված օբյեկտները` որպես հակաօրինական և պետությանը մեծապես նյութական վնաս հասցնող:
Հուսով եմ, որ արդյունքների մասին կտեղեկացնեք գրավոր:
Հարգանոք`
Լարիսա Ալավերդյան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար
11 փետրվարի 2011թ.
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.