Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի գողացված կտավների վերաբերյալ մեր հետաքննությունը կարծես թե հետաքրքրություն է առաջացրել մամուլում եւ իրավապահ մարմիններում: Առայժմ անհասկանալի է, թե ինչ ուղղությամբ է այս աշխուժությունը` հետքերը թաքցնելո՞ւ, թե՞ մեծ նկարչի գործերն ազգին վերադարձնելու: Ներկայումս գործով զբաղվում է ԱԱԾ-ն: Ճիշտ է, մեզ համար անհասկանալի պատճառով նկարների ճակատագիրը հետաքննվում է կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քննչական խմբի ղեկավար Արտյոմ Գրիգորյանի հետ զրույցի մանրամասները, քննությանը չվնասելու նպատակով, հարկ չենք համարում հրապարակել, սակայն կարող ենք ենթադրել, որ անվտանգության մարմիններին լրջորեն անհանգստացրել է տեղեկությունը, որ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի տնից 2003 թվականին գողացված նկարները հնարավոր է եղած լինեն նաեւ Շահումյանի շրջգործկոմի առաջին քարտուղար Ռուդիկ Վարդանյանի տանը: Այն ավելի ուշ է թալանվել` 2003 թվականի օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը:
Գողը` Հրայր Վանյանը, դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ գողոնը թաքցնողը` Վարուժան Գեւորգյանը, 5 տարվա ազատազրկման: Հենց Վարուժան Գեւորգյանն էր, ով, ի գիտություն բոլորի, մեր թերթի միջոցով այսքան տարի անց հայտարարեց, որ Ռուդիկ Վարդանյանի տանը նկարներ են եղել` փաստ, որը ոստիկաններն ու դատախազությունը թաքցրել էին եւ շարունակում են թաքցնել հանրությունից: Ըստ Վարուժան Գեւորգյանի, 2007 թվականին նկարների առկայության մասին ինքը հայտնել է նաեւ դատախազությանը, որը գործ էր հարուցել: Պաշտոնյաներ էին հարցաքննվել, սակայն հետագայում այս վարույթը կարճվել է հանցակազմի բացակայությամբ:
Ընդ որում՝ խուզարկության սանկցիաներ են եղել, որոնք կասեցվել են՝ չիրականացված: Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ դա արվել է նախագահականից: Մենք դեռ ավելի մանրամասն կանդրադառնանք այս պատմությանը, իսկ հիմա նշենք միայն, որ քննության ընթացքը ղեկավարել է այն ժամանակ քննիչ, իսկ ներկայումս թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ Վարդան Մուրադյանը: Բացառված չէ, որ նկարների շուրջ հայտնված նոր տեղեկությունները հետաքննելիս ԱԱԾ աշխատակիցները որոշ բարձրաստիճան իրավապահների եւ հայտնի պետական գործիչների անուններ եւս ի հայտ բերեն եւ իրենք էլ հայտնվեն ինտրիգների դաշտում:
ԴԻՄՈՒՄ ԵՄ ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻՆ
Բաժբեուկ-Մելիքյանի նկարների հետքը, որը հայտնվեց մեր թերթում, անհանգստացրել էր նաեւ նախկինում «մշակութային» լրագրող, արձակագիր, քրեական աշխարհի գիտակ համարվող Սերգեյ Գալոյանին: Հուլիսի 18-ին նա ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ կոչ արեց լրագրողներին՝ թարմ պահել գողացված նկարների թեման, «դատափետել» իրավապահ մարմիններին, պահանջել, որ նրանք քայլեր ձեռնարկեն, գտնեն նկարները եւ վերադարձնեն հայ ազգին: Միաժամանակ գրողը դիմեց հանցագործ եւ բիզնես աշխարհների ներկայացուցիչներին՝ ներազդել Վարուժան Գեւորգյանի վրա, որ նա էլ իր հերթին օգնի հետ բերել նկարները:
«Դիմում եմ առաջինը քեզ՝ Վարուժան Գեւորգյան, ապա նաեւ դիմում եմ Հայաստանում, Մոսկվայում, աշխարհի բոլոր տեղերում ապրող հայ գործարարներին ու կոլեկցիոներներին, օրենքով գողերին եւ քրեական հեղինակություններին, արտիստներին ու քաղաքականությամբ զբաղվողներին… Օգնեք, թող Վարուժանը Երեւան բերի Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի գողացված նկարները: Եթե դա ձեզ հաջողվի, ապա հայ մշակույթի մի ընտիր ադամանդ կփրկեք, նաեւ չեք թողնի, որ այս մարդը՝ Վարուժանը, եւ նրա սերունդն անեծքի տակ ընկնեն, որովհետեւ նա չգիտի, թե ինչ է արել»,- ասաց Սերգեյ Գալոյանը:
Վարուժան Գեւորգյանին զայրացրել է Սերգեյ Գալոյանի անդրադարձը, նաեւ լրագրողների անտարբերությունը, որոնց հետաքրքիր են նկարները, իսկ կենդանի մարդու դժբախտությունը` ոչ: Հիշեցնենք, որ նա Մոսկվայում է: Ասում է, որ նախկին ՔԿՀ պետ Սամվել Հովհաննիսյանն իբր նրան ուղարկել է Պետերբուրգի իր բարեկամների մոտ, որոնք իրեն վաճառքի համար բարձր գներով կոշիկներ են տվել` զույգը 5,5 դոլար: Այն դեպքում, երբ նման կոշկեղենի զույգը Մոսկվայում 4 դոլարի չի հասնում: Վարուժանն ահռելի պարտքեր է կուտակել, հայտնվել է աղքատության եզրին, որից հետո, իր իսկ պնդմամբ, ՔԿՀ նախկին պետն իրենից կրկին նկարներ է պահանջել՝ այս վիճակից իրեն հանելու դիմաց: Սամվել Հովհաննիսյանը կտրականապես ժխտում է նրա հայտնած տվյալները:
ԳՈՂԻՆ ՉԻՆՈՎՆԻԿ ԴԱՐՁՐԻՔ
Սերգեյ Գալոյանի հայտարարությունն ինտերնետով կարդալուց հետո Վարուժանը մեզ երեկ հետեւյալ էլեկտրոնային նամակն ուղարկեց Մոսկվայից: «Պարոն Գալոյան, նախ, ի՞նչ է նշանակում «դիմում» օրենքով գողերին: Եթե խնդրեմ, կասե՞ք՝ որ գողն է դիմում ընդունում: Մի դիմում էլ կա, շտապ ընդունող է պետք: Դիմում գողերին` գողերին սարքեցիք քարտուղարուհի, չինովնիկ, պատգամավոր, թաղային, ժեկի աշխատող, եւ Դուք դեռ ինչ-որ բաներ եք գրել օրենքով գողերի մասին: Ես լավ գիտեմ, որ Դուք տեղյակ եք ամեն ինչից, նույնիսկ այն, ինչը որ շատ գեղեցիկ, բայց տգետ ձեւով թաքցնում են Ձեր իսկ ասած քաջարի իրավապահ աշխատակիցները:
Դուք դատախազության մարդն եք: Պարոն Գալոյան, ես կորած չեմ, որ ինձ գտնեն, եւ ոչ էլ փախչում եմ որեւիցե մեկից: Անպատասխանատու ենթադրություններ եւ հայտարարություններ մի արեք՝ չճանաչելով մարդուն: Կամ ի՞նչ պետք է ձեռնարկեն «մեր քաջարի իրավապահները»: Ինչ որ կարողացել են, արդեն ձեռնարկել են ու կիսվել են ոմանք՝ ըստ դիրքի եւ պաշտոնի: Իսկ կասե՞ք, թե այդ ո՞ր գողն ինձ պիտի ինչ-որ բան ասեր կամ ուղղություն ցույց տար: Ձեր լսած գողերի հետ ես անձամբ ծանոթ եմ: Նրանք բոլորն ինձ էլ գիտեն, իմ ապրածն էլ: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ իմ մոտ արդեն նկար չկա:
Ես բազմիցս ասել եմ եւ գրել եմ՝ որտեղ են նկարները եւ ում պատերն են զարդարում: Ի՞նչը վերադարձնեմ, եթե բոլորը տվել եմ: Կամ ի՞նչ գործարարների եք դիմում: Այդքան լավ դիմող եք, դիմեք գործարար Արսենյան Գուգոյին: Հարցրեք, թե որտեղի՞ց նրան «Բաշինջաղյան» կամ այլ կտավներ, եւ ի՞նչ ծագում ունեն դրանք: Ինչու Դուք չգիտե՞ք, որ էդ Ձեր ասած բոլոր գործարարներն էլ գող են, ամեն մեկը մի քանի անգամ դատված ու մանր, խայտառակ բաների համար: «Կլիչկեքով» դատեք՝ կիմանաք: Թե՞ Դուք ընդամենը տեղեկություններ եք ստուգում կամ ուզում եք ուրիշի կողմից ասվեն անուններ: Հարգելի Գալոյան, այդ Դուք ունեք քրեական հեղինակություններ: Ես ավելի մեծ հեղինակությունների կարծիքներն եմ հաշվի առնում: Ասենք՝ Սեւակի կամ Տացիտի:
Իսկ որ խնդրեմ, էդ անեկդոտը մի հատ էլ կպատմե՞ք: Քաղաքական գործիչ Հայաստանի: Այն մարդկանց մասին է խոսքը, որ Փարաքարի աթոռի համար «մամայի արեւ» սուտ երդումնե՞ր են տալիս: Դրա՞նք են Ձեր քաղաքական գործիչները: Ես գող չեմ ու երբեք ոչ մի բան չեմ գողացել, դա Ձեզ մոռացել են ասել դատախազությունում: Պարոն Գալոյան, Աստվածաշնչի այդ ո՞ր մասում է գրված, որ նկարներն իրենց տներում թաքցնողները կամ դրանցից հասույթներ ստացողները չեն անիծվում, իսկ ես անիծվում եմ եւ անվճար ուղեգիր եմ ստանում դեպի գեհեն: Այ քեզ ապուշությո՜ւն: Ինչ վերաբերում է նկարներին, ապա իմ պարտքն եմ համարում եւս մեկ անգամ հիշեցնել. նկարները ոմանց կողմից նախ գողացվել են Լավինիայի բնակարանից, հետո հայտնվել են Ռուդիկ Վարդանյանի տանը ու նոր հայտնվել ինձ մոտ:
Սա կարեւոր հանգամանք է եւ ճշմարտություն է: Նախաքննության ժամանակ մեզ թույլ չեն տվել, որ շատ բաներ գրվի: Օրինակ, զենքի պահը, գեներալ Լեբեդից ստացած «կորտիկի» մասին, Մոնղոլ խանի անտիկվար թրի: Չեն պահանջել, որ մենք մեր ցուցմունքներում նշենք այս իրերը: Իսկ նկարները քիչ գրեցին: Ընդամենը երեք նկար, որոնք առգրավվեցին հենց քաղմասում»:
Վարուժան Գեւորգյանը վրդովված էր նաեւ մեր՝ լրագրողներիս պահվածքով, որոնց հետաքրքրում են միայն մեռած կտավները, այլ ոչ թե մարդկային ճակատագիրը, այն, որ ինքը հայտնվել է օտար քաղաքում, աղքատության եզրին:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
- 13:10G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է
- 15:10Բացահայտվել է հերթական հանցավոր խմբի գործունեությունը. ԱԱԾ
- 14:12Ճանաչիր ինքդ քեզ ու արա քո գործը
- 14:31Եկեղեցին այժմ հույս դնելու չէ
- 17:19«Ժամանակի մեքենա».Ազատագրական պատերազմի ֆիզիկոսը. (լուսանկարներ)
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 13:58Կոռուպցիայի դեմ «պայքարի» նոր ձևեր ՊՆ-ում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.