Հունիսի 12-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: Սկզբում դրանց մասնակցելու հայտ էր ներկայացրել 24 կուսակցություն, սակայն Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK) չհաստատեց 6-ի մասնակցությունը. արդյունքում մնաց 18 կուսակցություն: Ըստ ամենայնի, հիմնական պայքարն ընթանալու է վարչապետ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ), քեմալական ուղղությունը ներկայացնող, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) և Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) միջև: Չպետք է մոռանալ նաև քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության (ԽԺԿ) մասին, որն ընտրությունների ժամանակ հանդես է գալու անկախ թեկնածուներով (խորհրդարանում կուսակցական խմբակցություն ձևավորելու հեռանկարով): Հիշեցնենք, որ թուրքական խորհրդարան մուտք գործելու համար քաղաքական կուսակցություններից պահանջվում է հաղթահարել 10 տոկոսանոց նախընտրական բարձր արգելքը: Ներկայիս դրությամբ դա ի վիճակի են անել միայն երեք կուսակցություն` ԱԶԿ, ԺՀԿ, ԱՇԿ:
Ընտրություններից առաջ այս երեք կուսակցությունները ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը: ԱԶԿ-ն միանգամից երկու գրքույկ թողարկեց. դրանցից մեկում նշված էին երկրի ձեռքբերումները նրա իշխանության 8.5 տարիների ընթացքում, իսկ մյուսում ներկայացվում էր, թե իր հաղթանակի դեպքում երկիրն ինչ ձեռքբերումներ կարող է ունենալ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության /ԹՀ/ հիմնադրման 100-ամյակը): Դրանում ԱԶԿ-ն շատ կարևոր խոստումներ է տալիս` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատներում:
Ներքին. Թուրքիան լինելու է առավել ժողովրդավար և ազատական երկիր: Վերացվելու է 1980 թվականի սեպտեմբերի 12-ին ԹՀ ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման արդյունքում 1982 թվականի նոյեմբերի 7-ին ընդունված «ռազմականե սահմանադրությունը: Փոխարենը մշակվելու է նոր սահմանադրություն:
Մինչև 2023 թվականը ԹՀ-ն տնտեսական պլանում տեղ է զբաղեցնելու աշխարհի առաջատար երկրների (G-20) տասնյակում (ներկայումս 16-րդն է)1: ՀՆԱ-ն 2023 թվականին կազմելու է 2 տրիլիոն 64 միլիարդ դոլար (2015-ին` 1 տրիլիոն 76 միլիարդ դոլար, 2019-ին` 1 տրիլիոն 486 միլիարդ դոլար): Նախորդ տարի այն կազմել է մոտ 740 միլիարդ դոլար: Մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը 2023-ին կազմելու է 25.076 դոլար (2015-ին` 14.000 դոլար, 2019-ին` 18.685 դոլար), նախորդ տարի այն կազմել է 10.079 դոլար: Արտահանումը 2023-ին հասնելու է 500 միլիարդ դոլարի (2015-ին` 201 միլիարդ դոլար, 2019-ին` 317 միլիարդ դոլար): Ի դեպ, երբ 2002 թվականին ԱԶԿ-ն եկավ իշխանության, թուրքական արտահանումը կազմել էր ընդամենը 36 միլիարդ դոլար, իսկ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը` 2.300 դոլար:
Մեծ ուշադրություն է հատկացվելու զբոսաշրջության զարգացմանը: Մինչև 2023 թվականը զբոսաշրջիկների թիվը հասցվելու է 50 միլիոնի, որոնք 50 միլիարդ դոլարի եկամուտ կապահովեն երկրին (2002-ին` 13 միլիոն զբոսաշրջիկ և 12 միլիարդ դոլար): Հարկ է նշել, որ 2010 թվականին ԹՀ է այցելել 28.6 միլիոն զբոսաշրջիկ: Այդ ցուցանիշով ԹՀ-ն աշխարհում զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ զբոսաշրջությունից ստացված եկամուտների ցուցանիշով (20.8 միլիարդ դոլար)` 9-րդ տեղը: Փաստորեն, 2010 թվականին զբոսաշրջիկների թիվը, 2002 թվականի համեմատ, աճել է 116 %-ով, իսկ դրանից ստացված եկամուտները` 74.8 %-ով: Կանխատեսվում է, որ այս տարի ԹՀ կայցելի 30 միլիոն զբոսաշրջիկ, որոնք 25 միլիարդ դոլարի եկամուտ կապահովեն երկրին:
Մեծ զարգացում են ապրելու 100.000 և ավելի բնակչություն ունեցող քաղաքները: Ստամբուլը, որը 2023 թվականին ունենալու է 17 միլիոն բնակչություն, տեղ է զբաղեցնելու աշխարհի 10 ֆինանսական կենտրոնների շարքում, նրա եվրոպական ու ասիական հատվածներում կառուցվելու են նոր «քաղաքներե: Իզմիրը դառնալու է աշխարհի 10 խոշորագույն նավահանգիստներից մեկը: Անկարայի կենտրոնը «Էսենբողաե օդանավակայանին կապվելու է երկաթգծով. առաջիկա երկու տարիներին նրա մետրոպոլիտենի համար կառուցվելու է 44 կիլոմետր երկաթգիծ:
Ստամբուլի մեջտեղով հեղուկանավերի և խոշոր առևտրանավերի անցմանը վերջ տալու նպատակով ԱԶԿ-ն առաջ է քաշել նրա եվրոպական հատվածում «Ստամբուլյան ջրանցքիե կառուցման նախագիծը, որը միմյանց է կապելու Սև և Մարմարա ծովերը: Այն ունենալու է 40 կիլոմետր երկարություն, 150 մետր լայնություն և 25 մետր խորություն և նախատեսված է լինելու ժամանակակից խոշոր նավերի (300 մետր) անցման համար:
Ի դեպ, հունական կողմը խիստ դժգոհությամբ ընդունեց այս լուրը` ԹՀ-ին մեղադրելով սևծովյան նեղուցներով նավարկությունը կանոնակարգող 1936 թվականի Մոնտրեի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից ձերբազատվելու փորձի մեջ: Բացի այդ, հունական կողմը նշեց, որ դրանով ԹՀ-ն ցանկանում է միայնակ վերահսկել ռուսական ու միջինասիական նավթի փոխադրումը դեպի Էգեյան ծով: Չպետք է մոռանալ, որ նեղուցներն ունեն միջազգային ջրերի կարգավիճակ, իսկ ահա «Ստամբուլյան ջրանցքըե2 գտնվելու է բացառապես Թուրքիայի իրավասության ներքո:
Արտաքին. Նախ նշվում է, որ ԱԶԿ-ի իշխանության տարիներին Թուրքիան կարգավորել է իր հարաբերությունները գրեթե բոլոր հարևանների հետ, ակտիվ դիրքորոշում է ցուցաբերել միջազգային ասպարեզում (միջնորդական ու խաղաղապահ), աջակցել է քաղաքակրթությունների (Արևմուտք և Արևելք) երկխոսությանը, ավելացել է այն երկրների թիվը, որոնց հետ վերացվել կամ մեղմացվել է անցագրային ռեժիմը, հաջող գործունեություն է ծավալել ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամի կարգավիճակում, որի թեկնածության դերում ԹՀ-ն նորից կներկայանա 2015–2016 թվականներին:
Նշվում է, որ ԹՀ-ն շարունակելու է ԵՄ-ին լիիրավ անդամակցությանն ուղղված ռազմավարական քայլերը: ԵՄ-ին լիիրավ անդամակցությունն Անկարային հնարավորություն կընձեռի ավելացնելու սեփական ազդեցությունը տարածաշրջանային և գլոբալ խնդիրների հարթման ժամանակ: ԱԶԿ-ն շարունակելու է Արտասահմանաբնակ թուրքերի գերատեսչության միջոցով աջակցել եվրոպական երկրներում բնակվող թուրքերին ու նրանց ազգակից ժողովուրդներին: ԱԶԿ-ն հանդես է գալու նրանց ինտեգրման և ոչ թե ձուլման օգտին:
ԹՀ-ն շարունակելու է ԱՄՆ-ի հետ քաղաքական ինտենսիվ երկխոսությունը, որն առնչվում է նաև Իրաքին, Աֆղանստանին, արաբական աշխարհի զարգացումներին, մերձավորարևելյան խաղաղ գործընթացին, Կովկասում ու Բալկաններում կայունությանն աջակցելուն: ԱԶԿ-ի արտաքին քաղաքականության համակ ուշադրության կենտրոնում են գտնվելու Կիպրոսը, Մերձավոր Արևելքը, թյուրքական երկրները, Աֆրիկան, Արևելյան ու Հարավարևելյան Ասիան, Լատինական Ամերիկան և վերջապես Ռուսաստանն ու Կովկասը: Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը նոր հնարավորություններ է ընձեռում Կովկասում, Միջին Ասիայում և այլ շրջաններում ռուս-թուրքական նոր համագործակցության համար: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱԶԿ-ն շարունակելու է աջակցել ադրբեջանական տարածքների «օկուպացմանե վերացմանը և խնդրի բանակցային ճանապարհով կարգավորմանը: Փաստորեն, ԱԶԿ-ի այս լայնամասշտաբ արտաքին քաղաքականությունը ենթադրում է համարժեք քաղաքական կամք, տնտեսական ու քաղաքական ռեսուրսների առկայություն, ինչպես նաև ներքաղաքական խնդիրների բացակայություն:
Ինչ վերաբերում է ԺՀԿ-ին, ապա այն շեշտը դրեց քրդական գործոնի վրա: ԺՀԿ-ն հրապարակեց «Արևելյան ու Հարավարևելյան Անատոլիայի զարգացմանե նախագիծը, որում քրդերին խոստանում էր. ա) քրդաբնակ արևելյան ու հարավարևելյան շրջանների նկատմամբ ճնշումների վերացում և համընդհանուր խաղաղության հաստատում, բ) «Քրդական հարցիե բացառապես ժողովրդավարական կարգավորում, գ) նախընտրական 10 տոկոսանոց արգելքի նվազեցում, դ) չլուծված խնդիրների և անհետ կորածների վերաբերյալ հանձնաժողովների ստեղծում, մեղավորների պատժում, ե) ԵԽ-ի պահանջով տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխում, զ) հատուկ լիազորություններ ունեցող դատարանների վերացում, է) 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջման մեղավորների պատժում, ը) որպես համընդհանուր խաղաղության օրինակ` Դիարբեքիրի բանտի վերածում թանգարանի, թ) «Գյուղական պահապաններիե համակարգի վերացում, ժ) մայրենի լեզվով ուսուցման թույլտվություն, մշակութային ձուլման վերացում, մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ցուցաբերում, ժա) մինչև 2023 թվականը քրդաբնակ շրջաններում 9.5 տոկոսանոց տնտեսական աճի արձանագրում, 365 միլիարդ դոլարի ներդրում: Սակայն, հազիվ թե քրդերը հավատան իրենց դահիճ Աթաթուրքի ավանդույթները պաշտպանող և ներկայացնող ԺՀԿ-ին: Իսկ ահա ԱՇԿ-ի ծրագրի հիմքում ընկած է բնակչության շրջանում ազգայնական հայացքների վերհանումը, ինչի համար խիստ քննադատության է ենթարկվում իշխող ԱԶԿ-ն, որի «ղեկավարման պատճառովե ԹՀ-ի տարածքային ամբողջականությունը «հայտնվել է վտանգի տակե: Մայիսի 5-ին թուրքական «Միլլիյեթե թերթը հրապարակեց այս տարի ԹՀ-ում տարբեր հետազոտական կենտրոնների (Konsensus, Metropoll, Andy-Ar, USADEM, ANAR, GENAR, MARMARA, Trend, ORC, IKSara) անցկացրած 34 հարցախույզների արդյունքներից կազմված միջին ցուցանիշները: Դրանց համաձայն` ԱԶԿ-ն ստացել է քվեների 46.95%-ը, ԺՀԿ-ն` 26.55%-ը, ԱՇԿ-ն` 11.85%-ը, ԽԺԿ-ն` 5.81%-ը, մնացածը` 8.84%-ը: Ի դեպ, ապրիլի 13-27-ը Թուրքիայի 81 նահանգներից 60-ում անցկացրած հարցախույզի արդյունքներով` GENAR հետազոտական կենտրոնը սահմանել էր այն առավելագույն նշաձողը, որը կուսակցությունները կարող են գրանցել ընտրությունների ժամանակ. ԱԶԿ` 57.6%, ԺՀԿ` 36.7%, ԱՇԿ` 28.3%, ԽԺԿ` 9.6%: Ուշագրավն այն է, որ ընտրություններից առաջ ԱԶԿ-ն փորձեց որոշակիորեն ազդել անգամ այս հարաբերակցության վրա և հարվածներ հասցնել իր մրցակիցներին: Փետրվարին շուկայում հայտնվեց «Դերսիմցի հայ Եմուշ խանումի որդի ինժեներ Քեմալըե խորագրով գիրքը, որում պատմվում էր ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական արմատների մասին (մորական կողմից): Միանգամից աչքի է զարնում գրքի տպաքանակը` 100.000 օրինակ: ԺՀԿ-ն գիրքը որակեց որպես պատվիրված` չնշելով, թե ով է պատվիրել այն. բավական ակնհայտ է, թե ով էր շահագրգռված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այդպիսի գրքի ի հայտ գալով, որն արագորեն տարածվեց նաև թուրքական խորհրդարանում:
Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ ԱՇԿ փոխնախագահների պաշտոնից հրաժարական են տվել և իրենց թեկնածությունը ստիպված են եղել հանելու Ռեջաի Յըլդըրըմը և Մեթին Չոբանօղլուն: Ընդ որում, ԱՇԿ-ն նրանցից առաջինի թեկնածությունն առաջադրել էր Ադանայում, իսկ երկրորդինը` Քըրշեհիրում: Թուրքական լրատվամիջոցները սա որակեցին որպես «երկրաշարժե: ԱՇԿ փոխնախագահները ստիպված եան այդ քայլին գնալու, քանի որ ինտերնետում, չգիտես որտեղից, հայտնվեցին նրանց ինտիմ կյանքի լուսանկարներն ու տեսանյութերը3: Թաքնված տեսախցիկի օգնությամբ նկարահանված այդ կադրերում երևում են, թե ինչպես են թուրք ազգայնականները թեթև վարքի տեր կանանց հետ զրուցում քաղաքականության, խորհրդարանական ընտրությունների և սեռական հարցերի շուրջ:
Մայիսի 7-ին հայտնվեց ևս մեկ «սեռականե տեսագրություն: Այս անգամ դրա զոհը դարձան Ստամբուլի նահանգի ԱՇԿ նախկին նախագահ Իհսան Բարութչուն և ԱՇԿ կազմակերպչական հարցերով փոխնախագահ Բյուլենթ Դիդինմեզը: ԱՇԿ-ն նրանց թեկնածությունն առաջադրել էր Ստամբուլում: Այս ամենը, հիրավի, կարող է կործանարար հետևանքներ ունենալ ԱՇԿ-ի համար, որը, հարցախույզների համաձայն, թուրքական խորհրդարանում գոյատևման պայքար է մղելու: ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելին տեղի ունեցածի համար անմիջապես մեղադրեց ԱԶԿ-ին (Էրդողանին), որի զինանոցում, թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, առկա է ևս 8 նմանատիպ տեսագրություն:
Ապրիլի 18-ին YSK-ն վետո դրեց ԽԺԿ 7 անկախ թեկնածուների (Լեյլա Զանա, Գյուլթան Քըշանաք, Հաթիփ Դիջլե և այլք) վրա` դա պատճառաբանելով նախկինում նրանց դատված լինելով: Դրանից հետո ԽԺԿ-ն սպառնաց բոյկոտել խորհրդարանական ընտրությունները, ապա քրդերը զանգվածաբար ոտքի ելան և քաոսային իրավիճակ առաջացրին Թուրքիայի տարբեր շրջաններում: Ապրիլի 19–29-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում զոհվեց 2 մարդ, ձերբակալվեց 880-ը, որոնցից կալանվեց 120-ը: Այս ամենն առաջացրեց ԱԶԿ վերնախավի խոր մտահոգությունը, քանի որ սեփական վարկանիշը հայտնվել էր մեծ վտանգի տակ: Արդյունքում` YSK-ն հետքայլ կատարեց և նրանց թույլատրեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որով և հարուցեց թուրք ազգայնականների դժգոհությունը: Փաստորեն, զուր չէր, որ ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն մինչ այդ Էրդողանին կնքել էր «երկրի գլխավոր դատախազե մականվամբ` նկատի ունենալով «Բալյոզե ռազմական հեղաշրջման և «Էրգենեքոնե ահաբեկչական կազմակերպության դատավարությունների ընթացքը:
Հետաքրքիր է, որ ընտրություններից առաջ «հարվածե ստացավ նաև ԱԶԿ-ն: Մայիսի 4-ին սևծովյան Քասթամոնուից Անկարա վերադարձող Էրդողանի ավտոշարասյունը ենթարկվեց զինված հարձակման, ինչի արդյունքում զոհվեց և վիրավորվեց մեկական ոստիկան: Սակայն Էրդողանը չէր գտնվել դրա մեջ, քանի որ նախապես ուղղաթիռով Քասթամոնուից մեկնել էր Ամասիա: Սա ծանոթ ձեռագիր էր, և ինչպես նախկինում դիպուկ նկատել է թուրքական ընդդիմության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը, Էրդողանի դեմ նմանատիպ «մահափորձերըե միտված են նրա վարկանիշի բարձրացմանը:
Այսպիսով, բոլոր կանխատեսումներով` առաջիկա ընտրություններում հաղթանակ է տանելու ԱԶԿ-ն, ինչը կլինի նրա երրորդ անընդմեջ հաղթանակը: ԱԶԿ-ն պայքարելու է 550 հոգանոց մեջլիսում առնվազն 367 մանդատ (2/3) ստանալու համար, ինչը հնարավորություն կընձեռի խորհրդարանում անցկացնելու ցանկացած օրինագիծ: Դրա համար անհրաժեշտ է, որ ԱԶԿ-ն ստանա քվեների մոտ 50%-ը:
ԺՀԿ-ն փորձելու է ստանալ քվեների նվազագույնը 25%-ը` դրանով իսկ բարելավելով իր նախորդ ցուցանիշը: ԱՇԿ-ն այս ընթացքում իրեն վարկաբեկել է և այս անգամ պայքարելու է թուրքական խորհրդարանում գոյատևման համար: Իսկ ԽԺԿ-ն իր շուրջ 60 անկախ թեկնածուների միջոցով պայքարելու է 81 նահանգներից միայն 39-ում և մտադիր է խորհրդարանում մեծացնել սեփական ներկայացուցչությունը` դա հասցնելով 35-40 մանդատի (2007 թվականին ևս քրդերը հանդես եկան անկախ թեկնածուներով, ինչը հանգեցրեց նրան, որ երկրի արևելյան ու հարավարևելյան շրջաններում, ուր գլխավորապես ապրում են քրդեր, նրանք հասան նշանակալից հաջողության` խորհրդարանում ձեռք բերելով 21 մանդատ):
Հայկ Գաբրիելյան
ՙՆորավանք՚ հիմնադրամ
16 մայիսի 2011թ.
* * * * * *
1. 2010 թվականին ԹՀ տնտեսությունը 8.9% աճ է արձանագրել, ինչն աննախադեպ իրադարձություն էր նրա ավելի քան 87-ամյա պատմության ընթացքում: Այդ ցուցանիշով ԹՀ-ն Եվրոպայում զբաղեցրել է 1-ին տեղը, իսկ աշխարհում` 3-րդ տեղը (Չինաստան` 10.3% ու Արգենտինա` 9.2%): Մայիսի 6-ին բրիտանական The Economist պարբերականը գրեց, որ ԱԶԿ-ի հենց տնտեսական ղեկավարման ունակությունն է հանդիսանում առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա հաղթանակի գլխավոր գրավականը:
2. Մինչ այդ էլ նշվում էր, որ Էրդողանը երազում է մինչև 2023 թվականը կառուցել «թուրքական Սուեզի ջրանցքըե, որը սևծովյան Սամսունից ձգվելու է մինչև միջերկրածովյան Յումուրթալըք (գրեթե նույն երթուղին, ինչ «Սամսուն-Ջեյհանե նավթամուղը): Անատոլիայի մեջտեղով անցնելիք այս ջրանցքն ունենալու է մոտ 500 կիլոմետր երկարություն, 80 մետր լայնություն, 22 մետր խորություն և նախատեսված է լինելու միջին մեծության նավերի համար:
3. Հետաքրքիր է, որ գրեթե մեկ տարի առաջ` 2010 թվականի մայիսի 10-ին, նույն պատճառով ստիպված էր եղել հրաժարական տալ ԺՀԿ նախկին նախագահ և թուրքական ընդդիմության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալը: Դրանից օրեր առաջ թուրքական «Վաքիթե թերթի համացանցային տարբերակում հեռարձակվել էր Դենիզ Բայքալի և նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջև սեռական հարաբերությունների տեսագրությունը, որը դարձյալ նկարահանվել էր թաքնված տեսախցիկի միջոցով: Այն ժամանակ Բայքալը հայտարարել էր, որ այդպիսի դավադրությունն անհնար կլիներ իրագործել առանց իշխանական ջանքերի:
- 18:20Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են՝ որքան զինտեխնիկա են ստացել Ռուսաստանից
- 17:00Սամցխե-Ջավախքում հոգևորականի կողմից անչափահաս տղաների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերը կուսումնասիրվեն Վատիկանում
- 18:15Ստամբուլը կունենա ամենամեծ հնարավորություններով օդանավակայանն աշխարհում. Էրդողան
- 14:21Անկարայում սպանդի հրամանը Էրդողանն է տվել. թուրք սյունակագրի ուշագրավ հոդվածը
- 12:35Շարքային ադրբեջանցիները չեն ցանկանում պատերազմել հայերի հետ. «Մենք պատրաստ չենք պատերազմի»
- 17:46Ադրբեջանցիները պահանջում են ՊՆ-ից չթաքցնել զոհերի իրական քանակը
- 13:10Ադրբեջանն անընդհատ հրաժարվում է ցանկացած տեսակի համագործակցությունից. Էդվարդ Նալբանդյան
- 10:37Հայաստանը դեռ խորհրդային ժամանակներից որպես ժառանգություն մնացած միջուկային մարտագլխիկներ ունի, մտածե՞լ եք. ադրբեջանցի քաղաքագետ
- 12:25Արցախի հարցում հնարավոր է նշանակալից շրջադարձ կատարվի. Azatutyun.am
- 17:17Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը խուճապ է առաջացրել Ադրբեջանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.