Ամուսնացած, ընտանիքավոր կանայք հոգսեր ունեն, որոնք դու չունես, նրանց կյանքն ուրիշ է: Չէ, դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք քո ընկերուհիները չեն, ուղղակի ոչ մի ընտանիքի մայր ի վիճակի չի լինի տրամադրել քեզ այն ժամանակը, որ քեզ պետք է միայնակ չզգալու համար, այդ պատճառով էլ քեզ շրջապատում են չամուսնացած կամ բաժանված կանայք: Կան հատուկենտ տղամարդիկ, ովքեր, չգիտես ինչու, չեն վերածվում սիրեկանների, այսինքն` ինչո՞ւ չգիտես, լավ էլ գիտես, որովհետև նրանք քո ընկերներն են, իսկ ընկերների հետ անկողին չեն կիսում:
Օրերն անցնում են միապաղաղ կենցաղային ճշտապահությամբ: Առավոտյան արթնանում ես, և միակ միտքը, որը ստիպում է քեզ անկողնուց վեր կենալ, դա առավոտվա սուրճն է, լուծվող «պելե», կամ` «նեսկաֆե», կամ` «յակոբս», կամ` «սովորական», նայած` ինչ ես գերադասում: Եթե ծխող ես` սիգարետով, եթե ոչ` ցավակցում եմ, սիգարետ ծխելով ավելի է իմաստնանում զարթոնքդ, որովհետև ծխելով` մտածելով ես սկսում օրդ: Ծխելը դա մի ծես է, որով միանում ես աշխարհի բոլոր ծխողներին, որտեղ գործում է մի ընդհանուր էներգետիկ դաշտ, և բոլոր ծխողները մտածում են, ու նրանց մտքերը միանում են քո մտքերին, ու դու դառնում ես ընդհանուրի` ծխողների բանակի մասնիկը: Ասում են՝ ծխելը վնաս է առողջությանը, սկսել են սիգարետի տուփերի վրա գրել զանազան սահմռկեցուցիչ բաներ, այդ նույն հաջողությամբ ջրմուղ վարչությունը, եթե խիղճ ունենար, կզգուշացներ, որ ծորակից ջուր խմելը վտանգավոր է առողջությանը, պարունակում է քլոր, և թվարկել այն բոլոր հնարավոր հիվանդությունները, որ առաջացնում է քլորը: Կամ փողոցի գովազդային պաստառներից մեզ կնայեր ահաբեկող, այլայլված մի դեմք, և ավտոմեքենաների տերերին կհաղորդեր, որ նրանք աղտոտում են շրջակա միջավայրը: Ու մտածում ես, որ ապրելն էլ է վնաս, դրանից մահանում են, ու շարունակում ես ծխել սիգարետդ ու ապրել: Հետո մանր-մունր տնային գործեր, հեռախոսազանգեր` ընկերներիդ ու հավանական գործատուներիդ, ընկերներիդ հետ խոսում ես նորություններից, քաղաքականությունից, երեկվա ֆիլմից կամ, պարզապես, դատարկաբանում ես: Գործատուներիդ հետ հնարավորինս հմայիչ ես խոսում, ինչը չի օգնում` իմացությանդ համապատասխան, օֆիսային աշխատանքների համար հարմար չես, քանի որ չունես երկար ոտքեր ու բարակ իրան, ու տասնութից քսանհինգի միջև տարիք, նեղ մասնագիտացում էլ չունես:
Սերնդիդ ողբերգությունն է: Սովետը անպատեհ փլուզվեց, այն նախապատրաստել էր քեզ գիտահետազոտական ինստիտուտներում կամ հաշվիչ կենտրոններում աշխատելու՝ 120, հետո` 150, իսկ եթե ինչ- որ ծառայողական բարձունքների հասնես` 200-250 ռուբլի աշխատավարձով ու անձիդ կարևորությունն ապահովող պետական պատվերով, որի հանձնումը պսակվում էր «պրեմիաներով»: «Պերեստրոյկան» բերեց ղարաբաղյան շարժմանը, որը գերտերության հոգևարքի հիմքը դրեց: Հետո, ինչպես բոլորը, նոր ժամանակներին ու նոր հասարակությանը ինտեգրվելու փորձեր, հիմնականում` ապարդյուն: Ով՝ ամուսնացավ, երեխա ունեցավ, ով՝ գերադասեց չունենալ, կամ չստացվեց:
Հետո, կեսօրին մոտ` կոմպյուտեր (եթե ունես), ինտերնետ, զանազան խաղեր, ինչ-որ բաներ ես կարդում, ֆորումներ հաճախում, զրուցում: Գրում ես երևի, շատերն են հիմա գրում: Հեռուստացույցն անպայման միացնում ես, նույնիսկ եթե չես նայում: Մի խոսքով, ժամանակ ես սպանում, մինչև աշխատանք ունեցող ընկերուհիներդ ու ընկերներդ ազատվեն ու հյուր գան : Ճաշեր ես եփում, տորթեր թխում երբեմն: Պետքական լինելու զգացողություն է տալիս, թե չէ հնարավոր չի ապրել միայն քեզ համար, անպայման պետք է հոգ տանես մեկի մասին:
Հետո կգան՝ կնստեք, կխոսեք, կծիծաղեք, կբամբասեք անպայման, թե չէ` ի՞նչ օր առանց բամբասանքի: Համ էլ ասում են՝ կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները, ուրեմն օգտակար է: Հավաքվում եք միշտ նույն խմբով, երեք-չորս-հինգ կին-արմատ, ու եթե բախտը ժպտա` մի երկու ընկեր: Ու էդ բոլորդ զանազան ինտերպրետացիաներով մարդկային փնջեր եք կազմում իրար շուրջ: Նստում եք մինչև ուշ երեկո, էդ ընթացքում որոշները գնում են, որոշները գալիս… Գիշերվա մոտ տաքսի են զանգում ու գնում: Եթե մեկը մնում է գիշերելու, կամ դու ես մնում, եթե հյուր ես գնացել` հաջողություն է, մի քանի օր մենակ չես լինի: Եվ այդպես շարունակ, քանի-քանի տարիներ:
Օրերից մի օր հայտնաբերում ես, որ վաղուց ամենահեռու երթուղիդ տնից շենքիդ տակի և մոտակա երկու-երեք խանութները գնալն է: Ճանապարհին մտածում ես՝ վատ է, երբ մոտակայքում սուպերմարկետ չկա, որ ստիպված ես մրգերն ու բանջարեղենն առնել մի տեղից, մսեղենը մի քիչ ավելի հեռու, հացը լավ է` թխում են անմիջապես շենքի տակ, համով հաց է, բայց ինչ -որ փչող-փքող հատկություն ունի, գիրանում ես, պետք է անցնել սև հացի, բայց դրա համար պիտի մի քիչ ավելի հեռու գնալ, իսկ եղանակը ցուրտ է, և դու էլ տնային շորերով ես ու նույնիսկ հողաթափերով: Բայց գնում ես, մրսելով ու սայթաքելով, գնում ես սև հացի ու զուգարանի թղթի համար այդ հեռու խանութը:
Քայլել չես սիրում, կամ հարթաթաթություն ունես, կամ` ռևմատիզմ, կամ` անպայման մի այլ տկարություն:
Տանն օգտագործվող զուգարանի թղթի որակն, ավելին քան սպառողական զամբյուղի մյուս ապրանքները, ցույց է տալիս սպառողի սոցիալական վիճակը: Բարգավաճողները, հարուստները օգտագործում են գունավոր, ծաղկավոր, հոտավետ ու թանկ թուղթ, առնում են բլոկներով: Փողը քիչ թե շատ գնահատողները` սպիտակ, եռաշերտ, որի մետրաժը ծաղկավորից մեծ է ու այնքան արագ չի սպառվում, ինչպես նախորդը: Միջին բարեկեցության ընտանիքները` տեղական արտադրության սպիտակ, բայց կասկածելի հումք ունեցող, կամ` «Կիևսկի»:
«Օբուխովո-կիևսկին» ուկրաինական արտադրության Հայաստան ներկրվող երևի թե ամենալայն սպառվող ապրանքանիշն է: Այս թուղթը բոլորիս ծանոթ է, սրանից գերադասում են օգտվել «սովետի» հոգեբանության մարդիկ նույնպես, ինչպիսիք են եթե ոչ մեր ծնողները, ապա տատիկ-պապիկներն անպայման, և նրանց տներում, ինչքան էլ փող տաս, թղթի այդ տեսակն է լինում: Նաև` միջին կարգի սրճարանների, շատ վճարովիների (օրինակ՝ «Տաշիրի»), «պրեստիժի» մասին չհոգացող օֆիսների զուգարաններում: Մի խոսքով, այս թղթից են առնում զուգարանի թղթի վրա չսևեռված բոլոր մարդիկ: «Կիեվսկին» ամենալայն սպառումն ունեցող թուղթն է: Հաջորդ խումբը տեղական 50 դրամանոց առնողներն են, սրանք կամ շատ վատ են ապրում, կամ էլ ժլատ են: Կա նույնիսկ 30 դրամանոց, ամենաաղքատներն են դա առնում, բայց աղքատների այն տեսակը, որն ամենօրյա սպառման ամենաանհրաժեշտ, բայց աննկատ այս ապրանքատեսակից կառչում է սոցիումի մեջ իր «մարդահաշիվը» տալու համար:
Գյուղերում, ասում են, թերթերն ու ժուռնալներն են հարգի, նախընտրական ծրագրերն ու բուկլետները լավ սպառում ունեն այնտեղ, երևի դրա համար էլ թեկնածուները միտինգներին մարդիկ են կարողանում հավաքել, մարդաքանակ ապահովել: Գալիս են, պլակատները տալիս են ձեռքը, ասում են` ինչ գոռալ, ու երբ բաժանում են ծրագրերը, վերցնում են, որքան կարողանում են ձեռք գցել: Սիրում է գյուղի մարդը նախընտրական եռուզեռը. բոլոր թեկնածուների միտինգներին գնա` ընտանիքը երկար ժամանակ ապահովված կլինի զուգարանի թղթով:
Դու, ամենայն հավանականությամբ, թվարկած խմբերից ոչ մեկին չես պատկանում, ավելի ճիշտ՝ չես կարող վերագրել պատկանելությունդ և ոչ մեկին, բայց վատ ես սովորել ծնողներիդ տանը, կամ էլ սևեռված ես թղթի վրա, առնում ես սպիտակ եռաշերտից, ու այդ պատճառով ստիպված ես քայլել:
Գնում ես, առևտուրդ անում ու վերադառնում մի կերպ տաքացրած բնակարանդ, որը կարող է լինել ուր ասես, և ամենևին էլ պարտադիր չէ, որ այն լինի քոնը, որովհետև դու միայնակ չես քո հայտնագործության մեջ: Հազարավոր չաշխատող ու միայնակ կանայք են դա մի օր հայտնաբերում, ովքեր հիմնականում շփվում են իրենց նման կանանց հետ։
Մի օր էլ, արդեն բոլորդ միասին, հայտնաբերում եք, որ հայտնվել եք մի փակ շրջանում, ուր միայն դուք եք, ուր գործող անձինք երբեք չեն փոփոխվում: Ձեր կյանքի պիեսի հեղինակը չկա, կորել է ինչ-որ տեղ, մահացել է, կամ` փախել երկրից, կարևոր չէ: Կարևորն այն է, որ հիմա մնացել եք առանց հեղինակի, և չգիտեք ինչ անել: Այդ հեղինակը չքվել է առանց ձեզ համար սյուժետային զարգացումներ գրելու, թողել է կյանքի քմահաճույքին: Դուք էլ չեք կարողանում առանց հեղինակի այլ կերպ ապրել, քան այս կյանքն է: Ու շարունակում եք ապրել…
Մի օր էլ հայտնաբերում ես, որ դուռդ թակում է փոստատարը և թոշակդ է բերում…
Լուսինե Վայաչյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.