Այսօր կառավարությունը յուրահատուկ հյուր ուներ: Հինգշաբթի օրով, կառավարության նիստի օրով, այն էլ` այն ժամին, երբ գործադիրի անդամները ներկայանում են նիստի, թղթապանակը թևի տակ, բավականին լավ տեսքով արագ-արագ աստիճաններից իջավ և քայլերը դեպի դուռն ուղղեց Հայաստանի երկու վարչապետերի եղբայրը` Արմեն Սարգսյանը: Բնական էր, որ Սարգսյանի համար կառավարության շենքը ժամանակին ջրի ճամփա եղած կլիներ. Սարգսյանների ընտանիքը Հայաստանի այն եզակի ընտանիքն է, որը միանգամից երկու վարչապետ տվեց, ընդ որում, վարչապետերից մեկը պատմության մեջ մտավ ոչ թե պարզապես շարքային վարչապետ, այլ՝ սպարապետ-վարչապետ:
«Պարո՛ն Սարգսյան, կարո՞ղ է Ձեզ պաշտոն են տալու, որ եկել եք կառավարություն»: Արմեն Սարգսյանը ժպտաց. «Չէ´, ես էդպես չեմ էլ ձգտում, ուղղակի երբեմն այցելում եմ, գալիս, բարևում եմ ընկերներիս»:
Բարևելու համար կառավարության շենք եկած Արմեն Սարգսյանը, նկատելով իրեն լուսանկարելը, ինչպես նաև նախարարների շարժը, որ շտապում էին նիստի, ոտքը կախ գցեց: Գործադիրի կաբինետից Սարգսյանին առաջինը մոտեցավ և բարևեց Վերահսկիչ պալատի փոխնախագահ Լևոն Յոլյանը: Ծանոթ-ընկերները ջերմ բարևեցին իրար, «ոնց ես-ոնց չես» ասացին, որից հետո «ջանսաղություն» մաղթեցին, և Յոլյանը քայլերն ուղղեց վերև:
Սարգսյանը դարձյալ պատրաստվեց հեռանալ, մեկ էլ տեսավ, որ Պաշտպանության նախարարն է շարժվում դեպի շենք, և էլի ոտքը կախ գցեց: Հաջորդ բարևողը Տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն էր: Վարդանյանը գնաց, Սարգսյանը դարձյալ մնաց Սեյրան Օհանյանին սպասելով, որը հակառակի նման հենց կառավարության շենքի դռների մեջտեղում միջադեպի մեջ ընկավ զոհվածներից մեկի հոր հետ: Հայրը հավանաբար բորբոքված էր, ինչը նախարարին դրդեց կանգնել և առաջարկեց անցնել ավելի մեկուսի տեղ` խնդրի պարզաբանման համար: «Ռազբորկան» ահագին երկար տևեց. Սարգսյանը կանգնած սպասում էր` նայելով անցնող, բայց արդեն չբարևող կառավարության անդամներին, ինչը ևս հասկանալի էր:
Նոր նախարարներից քչերը կարող էին Վազգեն Սարգսյանի հետ ծանոթ եղած լինել. այդպես, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արթուր Գրիգորյանն անցավ և չբարևեց, չբարևեց նաև Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որը, բնականաբար, հաստատ կճանաչեր Արմեն Սարգսյանին, բայց Երիցյանի չբարևելու պատճառներն էլ ուրիշ կարող էին լինել. կամ՝ թիկնապահի բռնած անձրևանոցի տակ անձրևից պաշտպանվող և կառավարության շենք նոր-նոր մտած նախարարը պարզապես խառն էր և չնկատեց Սարգսյանին, կամ՝ չի բացառվում նաև, որ լավ ոստիկան Արմեն Երիցյանը պարզապես չցանկացավ նկատել ազատություն ստացած նախկին հանցագործին:
Ի տարբերություն վարչապետ-եղբայրների, Արմեն Սարգսյանն էլ պատմության մեջ մտավ, բայց արդեն ոչ թե որպես բարձրաստիճան պաշտոնյա, այլ իբրև Հանրային հեռուստախորհրդի առաջին նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու: Դատարանը ապացուցված համարեց այն փաստը, որ Սարգսյան-կրտսերը 75 հազար դոլար էր տվել` Նաղդալյանին սպանությունը կազմակերպելու նպատակով: Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, սակայն 2008 թ. սեպտեմբերին վաղաժամկետ պայմանական ազատություն ստացավ: Ի դեպ, Սարգսյանին ազատություն շնորհվեց հենց Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, ում հետ բարևելու համար էլ, հավանաբար, այսօր կառավարություն էր եկել, ըստ դատավճռի, նախկին հանցագործը: Ի դեպ, Արմեն Սարգսյանին ազատ արձակելուց հետո Նաղդալյանի ընտանիքը բավական բողոքեց, և հավանաբար որպես փոխհատուցում՝ Նաղդալյանի կինը` Դիանա Մնացականյանը, նշանակվեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար, որոշ ժամանակ աշխատեց, հետոտեղափոխվեց այլ աշխատանքի, բայց, անկախ ամեն ինչից, Արմեն Սարգսյանը մնաց ազատության մեջ:
Սարգսյանին բարևող վերջին անձնավորությունն արդեն Սեյրան Օհանյանն էր. սպասումն արդարացավ, Սեյրան Օհանյանը մոտեցավ, տեսնելով Սարգսյանին՝ զարմացախառն ժպտաց, ողջագուրվեց՝ «տեսա գալիս ես, ասի` բարևեմ, նոր դուրս գամ»-ին պատասխանեց՝ «ո՞նց ես, ախպեր ջան»-ով, մի երկու խոսք փոխանակեց, որից հետո Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբոր ոդիսականը կառավարության շենքում ավարտվեց:
Հետո էլ ասում են, թե Հայաստանում ընդդիմությանը հալածում են, ասում են, թե Հայաստանում անհանդուրժող են: Ինչպես տեսնում ենք, Հայաստանում հանդուրժող են ոչ միայն հանցագործների, սպանություն պատվիրողների նկատմամբ, այլև ընդդիմության առաջնորդների հարազատների հանդեպ (Արամ Զավենի Սարգսյանն անհաջող վարչապետությունից հետո տեղափոխվեց ընդդիմության շարքերը, հիմա էլ, չնայած «Հանրապետություն» կուսակցությունից մնացել են երևի թե միայն Արամ Սարգսյանն ու նրա տեղակալը, բայց Վազգեն Սարգսյանի եղբայրը շարունակում է բոցաշունչ ելույթներ ունենալ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներում և համարվում է ՀԱԿ-ի կազմի մեջ մտնող առանցքային կուսակցություններից մեկի լիդերը): Ցավոք, այդ հանդուրժողությունը ոչ միշտ է բոլորի վրա տարածվում. որպես կանոն, դա դրսևորվում է բացառությունների ձևով: Ի դեպ մեր տեղեկություններով Արմեն Սարգսյանի հետ վերջերս հանդիպել է նախագահ Սարգսյանը: Ասում են եղել է պաշտոն ստանձնելու առաջարկ, թե ինչ կլինի պատասխանը դեռևս հայտնի չէ, բայց Դուբայում հյուրանոց, Հայաստանում ոչ պակաս կարողություններ ունեցող Սարգսյանը կարծես թե հակված չէ մտնելու պաշտոնի «լծի տակ»:
- 16:56Ցանկացած սուբկուլտուրա օտարացում է հասարակությունից
- 14:26Անխնա հատվում են Նորատուսի և Փամբակի անտառները
- 19:11Թե ինչ պատահեց, երբ…
- 20:28Ինչո՞ւ են բանակին և՛ վատը, և՛ թանկը տալիս
- 20:02Անարդարության որջից արդարությու՞ն են պահանջում
- 18:03Ոսկե՞, թե՞ չեչոտ ծիրան
- 11:11Հանցագործություն` ուկրաինական ձվի ներկրմամբ
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
- 19:13Ինչպես Յիրիկյանը դարձավ կիսաստված, ու՞մ հաշվին
- 18:47Ղարաբաղցին կմարսի՞ քցելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.