Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն Ազգային Ժողովում ներկայացրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծ: Օրինագծի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսը ունի իր ուրույն կարծիքը.
«Կեղծված նախագահական ընտրություններով, ռազմական հեղաշրջմամբ իշխանության եկած վարչախումբը որդեգրել է օրենսդրական մի քաղաքականություն, որի հիմնական նպատակն է հետին թվով սրբագրել նախընտրական ու հետմարտյան շրջանում վարչախմբի գործած ծանրագույն հանցանքներն ու կամայականությունները, ՀՀ Սահմանադրության ու օրենքների բացահայտ խախտումներն ու ոտնահարումները: Ցանկալի նպատակին վարչախումբը փորձում է հասնել երկու ճանապարհով.
ա) Վերացվում, ուժը կորցրած են ճանաչվում խախտված ու ոտնահարված օրենսդրական նորմերն ու դրույթները, որով, իրենց կարծիքով, վերանում են իրավախախտումն ու հանցանքը:
բ) Պաշտոնեական դիրքի չարաշահման, իշխանազանցության հատկանիշներ պարունակող կատարված գործողությունները նոր օրենքներում ամրագրվում են որպես դրանք կատարած պաշտոնատար անձանց օրինական լիազորություններ:
Հաճախ էլ այս երկու մեթոդները միաժամանակ զուգակցվում են նույն օրենսդրական ակտը փոփոխելիս ու լրացնելիս: Այս տրամաբանությամբ են լրամշակվել ու «բարեփոխվել» «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքները, «ՀՀ ընտրական օրենսգիրքը», «ՀՀ քրեական օրենսգրքի» 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխությունները եւ մի շարք այլ օրենսդրական ակտեր, որոնցից մի քանիսի իրավական վերլուծությանն ու գնահատականին մենք ժամանակին հանգամանալի անդրադարձել ենք:
Եթե ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելը, նույնիսկ նոր օրենքներ ընդունելը վարչախմբի համար դժվար չէ, խնդիրը բոլորովին այլ է խախտված ու անտեսված սահմանադրական ինստիտուտների ու նորմերի դեպքում: Սահմանադրական փոփոխությունների իրականացումը բարդ, ծախսատար, ժամանակ պահանջող ու նաեւ դժվար իրականանալի խնդիր է: Ուստի այս դեպքում վարչախմբի իրավական խորհրդատուները ստիպված են դիմել իրավական ու տեխնիկական առավել նուրբ աճպարարությունների, որոնց իրական բովանդակության բացահայտումը երբեմն տեսական-իրավական գիտելիքներ ու պրակտիկ փորձառություն է պահանջում:
ՀՀ Ազգային Ժողովի մեծ օրակարգում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի լրամշակված նախագիծը: Այդպիսի օրենք ունենալու անհրաժեշտությունը թելադրված է 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 3-րդ մասը պարտադրում է. «Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով»: Սահմանադրության «Եզրափակիչ ու անցումային դրույթներ» գլխի 117-րդ հոդվածի 6-րդ կետը պահպանում է արտակարգ դրության հայտարարման նախկին (1995թ.-ի խմբագրությամբ) ռեժիմը, մինչեւ վերջինիս սահմանումը օրենքով: Սահմանադրության 117-րդ հոդվածի 1-ին կետն էլ իր հերթին ԱԺ-ի համար երկու տարի ժամկետ է սահմանել ՀՀ օրենսդրությունը սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու համար: Հիշեցնենք, որ այդ ժամկետը լրացել է 2007թ.-ի նոյեմբերի 27-ին:
Ուստի, մինչ այդ ժամկետի ավարտը ԱԺ-ն պարտավոր էր «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենք ընդունել: Եթե ԱԺ-ն այդ հարցում թերանում ու հապաղում էր, Սահմանադրության 49-րդ հոդ. 2-րդ մասի ուժով այդ թերության շտկմանը պետք է ձեռնամուխ լիներ Քոչարյանը, քանի որ «Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»: Փաստորեն ոչ ԱԺ-ն է հատկացված ժամկետում նման օրենք ընդունել իր նախաձեռնությամբ, ոչ էլ այն ժամանակ գործող նախագահն է դա նախաձեռնել, եւ քանի որ նախագահի հրամանագրերը չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին (Սահմանադրության 56-րդ հոդ.), ուստի 2008թ. Մարտի 1-ին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Քոչարյանի հրամանագիրը նաեւ զուտ իրավական, ֆորմալ առումով (բովանդակայինին՝ կանդրադառնանք ստորեւ) հակասում է գործող Սահմանադրության 55-րդ հոդ. 14-րդ կետի 3-րդ մասին, 117-րդ հոդ.-ի 1-ին կետին, 56-րդ հոդ.-ին, հետեւաբար’ հակասահմանադրական է իր ընդունման պահից, քանի որ Քոչարյանն իր հրամանագրով Արտակարգ դրության իրավական ռեժիմ է սահմանել, մինչդեռ, ինչպես ասվեց, Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի 3-րդ մասով այդ իրավական ռեժիմը պետք է սահմանվեր օրենքով: Իսկ հրամանագրի ստորագրման պահին նման օրենք չկար:
Արտակարգ դրության օրենքի անհրաժեշտության մասին իշխանությունները հիշեցին, երբ փաստահավաք խումբը մարտի 1-2-ի իրադարձություններում բանակի ներգրավման վերաբերյալ զեկույցում սահմանադրական ու օրենսդրական մանրակրկիտ վերլուծության արդյունքում «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Քոչարյանի հրամանագիրը գնահատեց որպես հակասահմանադրական: Զրկված լինելով այդ հրամանագիրը Սահմանադրական դատարանում վիճարկելու իրեն հասու որեւէ լծակից, Կոնգրեսը այդ միջնորդությամբ երկու անգամ դիմեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Վերջինս էլ անհեթեթ պատճառաբանություններով հրաժարվեց հրամանագիրը վիճարկելու իր սահմանադրական լիազորության գործադրումից, մտավախություն ունենալով, որ նույնիսկ վարչախմբին հլու հնազանդ Սահմանադրական դատարանը անհաղթահարելի դժվարություններ կունենա հրամանագիրը սահմանադրական ճանաչելու հարցում: Դրանով, սակայն, մարտի 1-2-ի իրադարձություններում բանակի հակասահմանադրական ներգրավման խնդրի արծարծումը ոչ միայն չնվազեց ու չդադարեց, այլեւ դարձավ հասարակական-քաղաքական քննարկումներում ամենից հաճախ բարձրացվող հարցերից մեկը: Բացի այդ, արտակարգ դրության ապահովման նպատակով զինված ուժերի կիրառումը վարչախմբի ռազմական հեղաշրջում իրականացնելու մեղադրանքի հիմնավորվածության գլխավոր ու անառարկելի ապացույցն է:
Ահա թե ինչու, ներկայացված մեղադրանքները հերքելու այլ ելք չգտնելով, վարչախումբը փորձում է օրենքի ընդունման միջոցով «օրինականացնել» «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» 2008թ. մարտի 1-ի հրամանագրով ՀՀ ԶՈՒ-ի ներգրավման անլուծելի դարձած թնջուկը: Ձեռքի հետ էլ նպատակադրվել է օրինականության շղարշով պատել հակասահմանադրական հրամանագրով իրականացրած այլ ապօրինություններ եւս:
Այժմ անդրադառնանք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետեւ՝ նախագիծ) ՀՀ Սահմանադրության հետ ունեցած մի քանի առանցքային հակասություններին, օրենսդրական թերություններին ու բացերին.
ա) Նախագծի 1-ին հոդվածից (որը վերնագրված է «Արտակարգ դրությունը եւ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացող հանգամանքները») այդպես էլ պարզ չէ, թե ինչ բնույթի ու ծագման հանգամանքներ, վտանգներ են, որ կարող են հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու համար: Սա ուղղակի կրկնում է Սահմանադրության 55-րդ հոդ.-ի 14-րդ կետի 1-ին մասի ընդհանուր ձեւակերպումը: Մինչդեռ հենց այս օրենքն է, որ պետք է բացեր ու մանրամասներ այն վտանգների ու իրադարձությունների շարքը (տարերային ու բնական աղետներ, զինված հանցավոր խմբերի անվերահսկելի գործունեություն, հասարակական լայն շրջանակների մասսայական անկարգություններ եւ այլն), որոնք ՀՀ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ են ներկայացնում, ուստի եւ արտակարգ դրություն հայտարարելու հիմք են: Օրենսդրական նորմի ձեւակերպման այս անորոշությունը վարչախմբին հնարավորություն կտա սույնը մեկնաբանել կամայականորեն եւ իր համար քաղաքական յուրաքանչյուր աննպաստ իրավիճակում երկրում արտակարգ դրություն հայտարարել, ինչպես դա արվեց 2008թ.-ի մարտի 1-ին, երբ ընդդիմությունը խաղաղ ու օրինական բողոքի ակցիաներ էր իրականացնում, եւ սահմանադրական կարգին սպառնացող որեւէ վտանգ իրականության մեջ գոյություն չուներ:
բ) Բացի այդ, նախագծում արտակարգ դրության հիմքերի հատուկ նախատեսումն ու թվարկումը հիմնավոր ու պատճառաբանված կդարձնեին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» նախագահի հրամանագիրը. նախագծի 4-րդ հոդվածը, սահմանելով հրամանագրի բովանդակային ռեկվիզիտները, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերն ու անհրաժեշտությունը նախատեսում է որպես պարտադիր բաղկացուցիչներ:
գ) Պակաս կարեւոր չէ, որ իրավաբանորեն ու օրենսդրորեն հիմնավոր ու պատճառաբանված հրամանագրի առկայությունը կդյուրացնի ԱԺ-ի կողմնորոշման խնդիրը՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» նախագահի հրամանագրի սահմանադրականության հարցում եւ տարակարծություններ չի հարուցի:
դ) Սահմանադրության տեսանկյունից առավել խնդրահարույց է «Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները եւ ուժերը» նախատեսող 9-րդ հոդվածը, որի 1-ին մասը սահմանում է, որ այդ նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, պաշտպանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները: Ավելին, նախագծի 9-րդ հոդ.-ի 3-րդ մասը նախատեսում է, որ նույն հոդվածի 2-րդ մասում թվարկված խնդիրների (բացառությամբ’ զանգվածային միջոցառումների կանխում եւ արգելում) լուծման նպատակով կարող են ներգրավել նաեւ ՀՀ զինված ուժերը: Նախ’ տերմինաբանական մեկ ճշգրտում, հստակեցում. նախագծում օգտագործված «պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերն ու միջոցները» եզրը բովանդակային առումով նույն «բանակն է»: Պաշտպանության նախարարությունը, բացի բանակից, որեւէ այլ ուժի եւ միջոցի չի տիրապետում: ՀՀ զինված ուժերն էլ մեծ մասամբ բանակն է’ գումարած ԱԱԾ-ի սահմանապահ զորքերը եւ ՀՀ ոստիկանության ներքին զորքերը:
Այժմ դիտարկենք, թե ՀՀ Սահմանադրությունը ի՞նչ խնդիրներ է դնում ՀՀ զինված ուժերի առաջ եւ ո՞ր դեպքերում եւ ի՞նչ պայմաններում է թույլատրում օգտագործել զինված ուժերը:
Սահմանադրության 8.2-րդ հոդվածը հռչակում է. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»: Հաջորդ նորմը՝ 55-րդ հոդվածի 13-րդ կետն է, որի 1-ին մասը սահմանում է. «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարվում է ռազմական դրություն, եւ կարող է հայտարարվել ընդհանուր կամ մասնակի զորահավաք, եւ որոշում է ընդունվում զինված ուժերի օգտագործման մասին»:
ՀՀ զինված ուժերի օգտագործմանը վերաբերող որեւէ այլ նորմ ու դրույթ մեր Սահմանադրությունը չի պարունակում: Ընդ որում, ՀՀ ԶՈՒ խնդիրները սահմանող 8.2-րդ հոդ.-ը ավելացվել է 2005-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ, մինչ այդ’ այս նորմը ամբողջովին բացակայել է մեր Սահմանադրությունից:
Վերը վկայակոչված սահմանադրական նորմերի բովանդակային վերլուծությունից հետեւում է.
ա) ՀՀ ԶՈՒ խնդիրը միայն ՀՀ պաշտպանությունն է արտաքին ոտնձգությունից,
բ) ՀՀ ԶՈՒ օգտագործման համար Սահմանադրությունը նախատեսում է երեք դեպք՝ Հանրապետության վրա զինված հարձակում, դրա անմիջական վտանգի առկայություն կամ հայտարարված պատերազմ եւ մեկ պայման՝ ռազմական դրության հայտարարում:
Քանի որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով» եւ ՀՀ նախագահի’ սահմանադրության 55-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները սպառիչ են (ինչպես եւ սահմանադրական բոլոր մարմիններինը) եւ օրենքներով ՀՀ նախագահին սահմանադրությամբ տրված լիազորություններից զատ’ լիազորություն տալ հնարավոր չէ, ուստի ակնհայտ է, որ ՀՀ նախագահը ԶՈՒ օգտագործման իրավունք ունի միայն Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված դեպքերում ու պայմանով:
Հետեւաբար, նախագծի բոլոր այն հոդվածներն ու դրույթները, որոնք նախատեսում են ԶՈՒ օգտագործում արտակարգ դրության ժամանակ’ բացահայտ հակասահմանադրական են: Նախագծի հեղինակներն էլ, գիտակցելով այս հանգամանքը, փորձել են իրենց խելքով սահմանադրական արգելքը շրջանցելու միջոց գտնել եւ նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասում հավելագրել են. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքով սահմանված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններին, կարգին ու սահմաններին համապատասխան»:
Հարգելիներս, նախագծով ինչ էլ որ մոգոնեք, ինչ տեսքով էլ այս օրենքն ընդունեք, զրկված եք արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը ՀՀ ԶՈՒ ներգրավման իրավունքից, դա ՀՀ Սահմանադրության կոպիտ ու ճչացող խախտում է: Զրկված եք նաեւ 2008թ. մարտի 1-ին «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի հակասահմանադրականությունը սույն օրենքի նախագծով քողարկելու, ծածկելու հնարավորությունից:
Ինչ խոսք, տարերային ու բնական աղետների՝ երկրաշարժի, ջրհեղեղի, երաշտի եւ այլ դեպքերում անհրաժեշտ է եւ կարող են օգտագործվել ԶՈՒ ավտոտեխնիկան, օդուժի միջոցները, ինչպես նաեւ զինծառայողների ֆիզիկական ուժը’ ժողովրդի տեղահանման, բեռների փոխադրման նպատակով, ինչպես նաեւ ծանր տեխնիկան’ որպես քարշակող ուժ: Բայց որպես ռազմական, զինական ուժ ու միավոր, ՀՀ Սահմանադրության համաձայն, կարող է օգտագործվել բացառապես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում, այն էլ’ ռազմական դրություն հայտարարելու պայմանով:
Նախագիծը ՀՀ նախագահին Սահմանադրությամբ չնախատեսված այլ լիազորություններով եւս օժտում է.
1. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, ի թիվս այլ պաշտոնատարների, նախատեսում է նաեւ ընտրովի պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց իրավասության ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում: Այս դրույթը հեշտությամբ կարող է տարածվել ԱԺ պատգամավորների վրա, ինչի հետեւանքով, արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում, հնարավոր է սահմանադրական ճգնաժամի առաջացում, քանի որ իրավունքի ուժով պետք է գումարվի ԱԺ արտահերթ նիստ:
2. Նույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը հրամանագրով նախատեսում է կուսակցությունների գործունեության կասեցում, որը չի կարող նախատեսվել ոչ օրենքով, ոչ էլ նախագահի հրամանագրով, քանի որ Սահմանադրության 100-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն’ նման լիազորությամբ օժտված է միայն Սահմանադրական դատարանը:
3. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասը ՀՀ նախագահին իրավունք է վերապահում կասեցնել արտակարգ դրության ժամանակ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը: ՀՀ նախագահը Սահմանադրության 55-րդ հոդվածով նման լիազորությամբ օժտված չէ:
Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքի նախագիծը լեցուն է բազմաթիվ այլ սխալներով, բացթողումներով ու հակասություններով, սակայն վկայակոչվածն էլ բավարար է եզրակացնելու, որ այս նախագիծը սահմանադրական լուրջ փորձաքննության ու իրավական լրամշակման կարիք ունի»:
Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնաժողով
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.