Լուսինե Կեսոյան
Ոստիկանության օրը հանրապետության նախագահի կողմից ամենաբարձր պարգևի արժանացավ Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնին կից պետական պահպանության վարչության պահպանության բաժնի ոստիկանության վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ սերժանտ Միքայել Նորիկի Հովսեփյանը: ՀՀ ոստիկանապետը տոնի նախօրյակին ասել էր, թե նրան ներկայացրել է պետական մրցանակի, որի արդյունքում, փաստորեն, սերժանտը միանգամից պարգևատրվեց Արիության մեդալով: Սա այն անձնավորությունն է, որ մարտի 29-ին վնասազերծեց «Կոնվերս» բանկի Նոր-Նորքի մասնաճյուղ ներխուժած ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանին: Ենթական դարձավ հերոս, ղեկավարը` հանցագործ:
Մեր հարցմանը Հատուկ քննչական ծառայության պատասխանը որևէ բան չավելացրեց: ՀՔԾ բավարարվեց` պատմելով այն նույն հեքիաթը, ինչ լրատվամիջոցները գրել էին հենց նույն օրը: Նոր-Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանին այդ քայլին դիմելու դրդապատճառների մասին ոչ մի խոսք…
Հասկանալով հանդերձ ՀՔԾ-ի` նախաքննության փուլում իրավապահի կատարած հանցագործության վերաբերյալ որակումներից զերծ մնալու մարտավարությունը, այնուամենայնիվ, չենք կարող որոշակի դիտարկումներ չանել` փորձելով փնտրել, թե ի՞նչը կարող էր ոստիկանության սպային մղել նման քայլ կատարելու:
Եվ այսպես, վարկած առաջին. Արթուր Հակոբյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ, դրա համար էլ դիմել է նման քայլի:Քանի որ սա շրջանառության մեջ էր դրվել հենց ոստիկանների կողմից, մենք այս հարցը նույնպես ուղղել էինք ՀՔԾ-ին, սակայն պետական պաշտոնյաների նկատմամբ գործեր հարուցող կանտորան ոչ մի խոսք չասաց այս առնչությամբ: Մեր հարցումներին ի պատասխան Հակոբյանին մոտ կանգնած մարդիկ կտրականապես հերքեցին այս վարկածը. ինչ-ինչ, բայց թմրանյութ նա չէր օգտագործում. «դա բացառվում է», ասաց նրան բավական մոտ մի անձնավորություն:
Վարկած երկրորդ. Արթուր Հակոբյանին փող է պետք եղել, հանցագործը սոցիալական ծանր վիճակում է գտնվել, ասենք, ընտանիքի հիվանդ անդամին հարկավոր է եղել թանկարժեք դեղորայք հասցնել կյանքը փրկելու համար և այլն: Հափշտակած գումարը կազմել էր 37 800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո. 6695 դոլար: Քիչ չէ, իհարկե, սակայն սա հաստատ այն գումարը չէր, ինչի պատճառով կարելի էր զրկվել այն ամենից, ինչ ձեռք էր բերվել տարիների ընթացքում: Իսկ պահպանության բաժնի պետը փոքր պաշտոն չէր և նա բավական ունևոր անձնավորություն էր. միայն Չեխովի փողոցում Հակոբյանին է պատկանում վեցհարկանի նորակառույց էլիտար շենք: Հակոբյանների ընտանիքը տարբեր բիզնեսներ ունի: Հայր Հակոբյանը` դեռ խորհրդային տարիներից զբաղվել է ժավելի բիզնեսով, ձեռք բերելով «Ժավել» մականունը, ապահովել իր զավակներին:Այնպես որ, ավազակային հարձակման դրդապատճառի այս մի վարկածը նույնպես կարելի է հերքել:
Վարկած երրորդ. Սա մի փոքր կատակի նրբերանգ ունի, սակայն անգամ լուրջ տոնով կարծիք լսեցինք, թե ենթադրվում է, որ գուցե նման մի վարկած առաջ քաշեն` Հակոբյանին ազատ արձակելու համար: Այս վարկածի համաձայն, իբր Արթուր Հակոբյանն ասել է, որ գնացել է իր աշխատողին ստուգելու, թե ինչպես է վերջինս իրականացնում բանկի պահպանությունը: Ինչպես տեսանք, աշխատողն իրեն արդարացրեց: Բայց ի՞նչ ստացավ դրանից ղեկավարը:
Վարկած չորրորդ և այս պահին ամենահավանականը. Հակոբյանը պարտք է եղել, այսպես ասած, «վիզ» փող է պետք եղել, հնարավոր է`տարվել է կազինոյում, թղթախաղում և այլն, մի խոսքով, վրան հաշվիչ է միացված եղել, դրա համար էլ դիմել է նման քայլի: Սրան էլ հակադարձվում է այն պնդումը, թե ընտանիքը ունևոր էր և պարզապես հնարավոր չէր, որ եթե նա հորը կամ եղբորը ասեր, նրանք չտային: Այս մի վարկածը մի փոքր նման է երկրորդ վարկածին, բայց միաժամանակ տարբեր. մի բան է` ուղղակի գումարի կարիքը, այսինքն` սոցիալական ծանր վիճակը, մեկ այլ բան` «տալիքը»: Ասում են նաև, թե նա իր ենթակաների երկու երեք ամսվա աշխատավարձն է խաղացել ու տանուլ տվել խաղատանը,որը շտապ հետ բերելու համար դիմել է նման քայլի:
Եվ վերջապես` վարկած հինգերորդ, և ամենաանհավանականը` որը Հակոբյանին ճանաչողները առաջ քաշեցին տարբեր քննարկումներից հետո. ոստիկանության սպան նման քայլի դիմել է ազարտից ելնելով: Վերջինիս ճանաչողներից մեկը հայտնեց, թե Հակոբյանը բավական ֆիկստուլ անձնավորություն էր: Չի բացառվում, որ վերջինս նման քայլի դիմած լինի ուղղակի գրազի պատճառով:
Թե վարկածներից ո՞ր մեկը կարդարացնի իրեն կամ ՀՔԾ-ն ի՞նչ նոր վարկած առաջ կքաշի քննության ընթացքում, կերևա առաջիկայում: Սակայն անկախ դրդապատճառներից, փաստն այն է, որ տեղի ունեցածը պարզապես խայտառակություն է, հատկապես հաշվի առնելով, որ նման քայլի դիմողը ոստիկան է, ոստիկանության սպա, այն համակարգի ներկայացուցիչը, որի ղեկավարի ուշք ու միտքը իր ղեկավարած կառույցի հեղինակության բարձրացումն է: Ի դեպ, Արթուր Հակոբյանի եղբայրներից մեկը դիրիժոր է, մյուսն էլ ԱԱԾ պաշտոնյա, ով նույնպես ինչ որ տեղ տուժեց եղբոր պատճառով:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.