«Ես 30 տարի ոստիկան եմ եղել, հիմա ուզում եմ լինել լավ փրկարար»,- երեկ հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ի պատասխան հարցի, թե իրակա՞ն են արդյոք խոսակցությունները, թե շուտով ԱԻ նախարարի աթոռը թափուր է մնալու, քանի որ Երիցյանին պատրաստվում են նշանակել ՀՀ ոստիկանապետ:
Լավ փրկարար դառնալ ցանկացող Արմեն Երիցյանը արդեն երեք եռամսյակ ջանում է հասնել իր ցանկությանը: Երիցյանն իր պաշտոնավարումը նշանավորեց նախարարությանն առանձին շենք ստեղծելով. ԱԻ նախարարության հաշվեցուցակի մեջ մտնող Սեյսմիկ ծառայության` Դավիթաշենում գտնվող շենքը իր տարածքով որոշվեց վերածել նախարարության: «Սա դառնալու է քաղաք` քաղաքի մեջ»,- Փրկարարի օրը հայտարարեց նախարարը: Կառավարությունը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ընդառաջ գնաց Երիցյանի ցանկություններին. եթե ոչ յուրաքանչյուր կառավարության նիստի ժամանակ, ապա գոնե նիստը մեկ` միլիոններ էին տրամադրվում Արտակարգ իրավիճակների նախարարությանը` հիմնականում շենքի շինարարության հարցերը լուծելու համար: Եվ մինչ Երիցյանը զբաղվում է շենք-քաղաք-նախարարություն կառուցելով, Հայաստանում արտակարգ իրավիճակները անպակաս են: Որոշ իրավիճակների նախարարը կարողանում է ժամանակին դիմագրավել, բայց դրանց կողքին կան նաև այնպիսիք, որոնց մասին, պարզվում է, նախարարն անգամ գլխի չի ընկել:
Մկները արտակարգ չեն, մկները սովորական են
Հայաստանում այսօր մկների աննախադեպ համաճարակ է մոլեգնում: Մկները գրոհել են դաշտերն ու այգիները: Քիչ էր, որ գյուղատնտեսությունը 30-40 տոկոս անկում էր արձանագրել այս տարի, ինչը գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը փորձում է բացատրել ոչ թե ապաշնորհ կառավարմամբ, այլ մեղքը գցում է եղանակային պայմանների վրա, հիմա էլ մկներն են դարձել կատարյալ փորձանք: Հարյուրավոր հեկտարներ պարզապես ոչնչացված են, հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաների ոչնչացումը, եթե ինչ-որ տեղ ծանոթ էր և բացատրելի, ապա այս տարվա մկները մի յուրահատկություն են ձեռք բերել` նրանք արդեն ոչնչացնում են այգիները. սկսում են ծառերի բներից և բարձրանում վեր. Արմավիրի, Արարատի մարզերի ամբողջական գյուղեր կանգնել են կործանման եզրին: Արդյո՞ք սա արտակարգ իրավիճակ չէ՞, թե՞ արտակարգ իրավիճակը անպայմանորեն պետք է մարդկային կորուստներով ուղեկցվի, որ նման բնորոշում ստանա: Թվում էր, թե լավ փրկարար լինել ցանկացող Արմեն Երիցյանը արդեն իսկ պետք է մտահոգ լիներ այս խնդրով, հատկապես` հաշվի առնելով այն, որ թե´ ԱԻ, թե´ գյուղնախարարությունները ղեկավարվում են ՕԵԿ քվոտայով: Սակայն պարզվում է` Արմեն Երիցյանին գյուղնախարարությունից ո´չ դիմել էին այս հարցով, ո´չ էլ բազմազբաղ նախարարն էր ժամանակ ունեցել մտածել մկների մասին:
«Կարծում եմ` գյուղնախարարությունն իրավասու է և կարող է զբաղվել այդ հարցերով, եթե ոչ, մենք կարող ենք օգնել, կապ չունի, թե դա որ կուսակցության քվոտան է, բոլորն իմ ընկերներն են, բոլորի հետ ես աշխատում եմ, եթե իրենք դիմեն, մենք անպայման կօգնենք: Ես խոստանում եմ, նախարարի հետ անպայման կխոսեմ, եթե կարիք լինի, անպայման կզբաղվենք»:
Ո՞վ է մեղավոր, որ հարյուրավոր հեկտարները ոչնչացվում են, գյուղացիներն անօգնական են, չգիտեն ինչ անեն (վիճակն իսկապես այնպիսին է, որ միայն պետական միջամտությամբ է հնարավոր մկների արշավի դեմն առնել), իսկ Արտակարգ իրավիճակների նախարարը չգիտի էլ, որ նման արտակարգ իրավիճակ է առաջացել. մեղավորը Գերասիմ Ալավերդյանն է, թե՞ ԱԻ աշխատակազմը, որ սպասում են դիմումների, որպեսզի գրանցեն այս կամ այն երևույթը որպես արտակարգ իրավիճակ:
Երբ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ակտիվ պատգամավորիներից մեկին դիմեցի` ասելով, թե ինչու՞ չեք բարձրացնում մկների հարցը, չգիտե՞ք` ի՞նչ է կատարվում մարզերում, վերջինս հաստատեց, որ իսկապես վիճակը լուրջ է, իսկ հետո կատակի տալով ասաց` ես ի՞նչ զբաղվեմ, թող շեֆը զբաղվի էդ հարցով` ցույց տալով ԱԺ նախագահին: Գուցե Գերասիմ Ալավերդյանի՞ն էլ է այդ նրբագույն պահը հետ պահում` անխնա պայքար հայտարարելու գյուղատնտեսության անկումը 100 տոկոս դարձնել սպառնացող մկներին:
Ձեռքներն էին համբուրում
Վերջերս մեծ հրդեհ էր բռնկվել նաև Մատենադարանի շրջակայքում. հարակից սեփական տները բռնկվել էին կրակով, ամեն ինչ կատարվել էր գիշերով և բավական մեծ տարածք կրակի ճարակ էր դարձել: Անգամ խոսակցություններ գնացին, թե այդ ամենը կազմակերպված է եղել, քաղաքապետ Բեգլարյանին էին մատնացույց անում: Տարածքը ավելի քան լավն էր, քաղաքի կենտրոն, այդ տեղում նոր շինարարություն էր նախատեսվում, այնպես որ ամեն ինչ տրամաբանության մեջ էր և նման սցենարը բացառել չէր կարելի: Արդյո՞ք սա դիտավորություն էր, թե՞ դժբախտ պատահար, ի՞նչ է մտածում այդ մասին ոստիկան-փրկարար Արտակարգ իրավիճակների նախարարը:
«Ես եղել եմ դեպքի վայրում, տեսչությունն է եղել այնտեղ, մի տարեց կին գազը օգտագործելու ժամանակ կրակը շատ բարձր էր արել, չէր կարողացել անջատել: Ոստիկանները բացատրություն են վերցրել, ինքը հասցրել է իր թոռնիկին վերցնել և փախնել: Եվ այդտեղից էլ ամբողջ հրդեհը բռնկվել է, ոստիկանները ցուցմունք են վերցրել և թերթերը որ գրել էին, թե հատուկ մենք ուշ ենք գնացել, նման բան չի եղել, մենք գնացել ենք կոնկրետ ժամին»,- հրդեհի վայրի օպերատիվ իրավիճակը նկարագրեց նախարարը, իսկ նրա լրատվական ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը, ավելացրեց. «Մեր ձեռքներն էին համբուրում, որովհետև էդ մասշտաբի, էդ մակարդակի հրդեհ և ոչ մի զոհ, նման բան դեռ չէր եղել»:
Հո հայտարարելով ու պլատֆորմ գրելով չի՞
Երեկ դեկտեմբերի 7-ն էր, սակայն հենց երեկ էլ հիշելով աղետը, մեկ անգամ ևս փաստվեց, որ այսօր իրականացվող շինարարությունը հեռու է սեյսմակայուն լինելուց: Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը երեկ հայտարարել էր.
«Արտակարգ իրավիճակների նախարարության շենքը Նաֆ-Նաֆի տնակն է հիշեցնում: Եթե արտակարգ իրավիճակների նախարարության շենքը փլուզվի, ո՞վ է ղեկավարելու աղետի դեպքում կազմակերպական աշխատանքները»:
Արմեն Երիցյանը իր հերթին հայտարարեց, թե հեչ էլ Նաֆի-Նաֆի տնակ չի, լավ էլ շենք են կառուցել:
Նման «լավ շենքեր» կառուցել էին նաև Գյումրիում, այն էլ մի ամբողջ թաղամաս, սակայն Մուշ-2 թաղամասը շինարարության հանձնումից մեկ ամիս անց ապացուցեց, որ բոլոր չափանիշներն ունի` մտնելու Գինեսի ռեկորդների գիրք. շենքերի առանձին բնակարաններ սկսեցին փլվել տառացիորեն մեկ ամիս հետո: Սա արտակարգ իրավիճա՞կ է, թե՞ ոչ: ԱԻ նախարարությունը միայն պետք է սպասի՞ երկրաշարժերի կամ նման փլուզումների, մարդիկ զոհվեն, որպեսզի նոր գնա և զբաղվի հարցերո՞վ: Ի՞նչ է մտածում նախարարը համատարած անորակ շինարարության վերաբերյալ:
«Լինսի հիմնադրամով կառուցված շենքերը բոլորը համապատասխանում են այդ նորմերին» — ասաց նա:
Էլիտար առանձին շենքերը ևս համապատասխանում են նորմերին, այն շենքերը, որոնք կառուցում են լուրջ մասնագետները, կառուցվում են բարձր որակով: Սակայն դրանց կողքին կան բազում այլ շենքեր, և դրանք որքան հեռանում են մայրաքաղաքից, այնքան ավելի անհուսալի վիճակում են հայտնվում, որոնք շատ քիչ են տարբերվում «Գլենդել-Հիլզ» ընկերության կառուցած և շահագործած Մուշ-2 թաղամասից:
«Մենք էդ շինարարության հետ ընդհանրապես կապ չունենք, իմ գործընկերներին կհանձնարարեմ, կնայեն, կտեսնենք: Հենց դրա համար էլ մենք կունենանք շուտով աղետի ռիսկերի նվազեցման պլատֆորմը, որտեղ կոնկրետ յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության առջև դրված են խնդիրներ, յուրաքանչյուրն իր առջև դրված խնդիրները կկատարի և մենք որպես համակարգող կհամակարգենք»:
Պլատֆորմերի և միջգերատեսչական հանձնաժողովների արձանագրային որոշումների սիրահարը Արմեն Երիցյանի կուսակցական շեֆն է` Արթուր Բաղդասարյանը: Երիցյան-նախարարը պատրաստվում է արձանագրային որոշումներով բավարարվե՞լ` ղեկավարի օրինակով, թե՞ (հաշվի առնելով այն, որ Արմեն Երիցյանը կանգնած է եղել «Օրինաց երկիր» կուսակցության ակունքներում, քանի որ նրան էր հանձնարարվել այս կուսակցության կուրացիան, չի բացառվում, որ ոչ թե Արմեն Երիցյանն է սովորել Արթուր Բաղդասարյանից, այլ հակառակը), ի վերջո, նախարարը կարող է նաև ձեռքը խփել սեղանին և թույլ չտալ, որ իր փրկարարները այդքան շատ ստիպված լինեն փրկել:
«Ես էնքան եմ իմ ձեռքը խփում… Ես կրակն եմ ընկնում իմ ձեռքը խփելով, թողեք իմ խփածների տակից դուրս գամ, թշնամիներս էնքան շատացել են… Ես պատրաստ եմ, իմ գործընկերների հետ գնալու ենք առաջ, եթե զգամ, որ չեմ կարողանում, ես ունեմ էդ տղամարդկությունը, որ թողնեմ դուրս գամ»,-պահի տակ անկեղծացավ նախարարը:
Դե, եթե լավ ոստիկան Արմեն Երիցյանը, լավ է աշխատում, եթե իսկապես այդքան ցանկանում է լավ փրկարար դառնալ դուրս գալ պետք չի երկրին «փրկարարներ» են պետք…
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.