«Հայկական Վարկած» օրաթերթը մոտ երկու ամիս առաջ հարցազրույց էր խնդրել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: Հարցերն ուղարկվել էր տիկին նախարարին` ծանոթանալու: Որից հետո մենք հարցազրույցի հրավերի փոխարեն ստացանք, պատրաստի հարցազրույցի գրավոր տարբերակը: Քանի որ տիկին Հակոբյանը անչափ զբաղված է, մենք որոշեցինք տպագրել նրա պատասխանները, «կենդանի» հարցազրույցը թողնելով ավելի հանգիստ օրերի:
— Շատերը կարծիք են հայտնում, որ Սփյուռքի նախարարությունը որոշ դեպքերում կրկնում է պետական այլ մարմինների ֆունկցիաներ` չունենալով հստակ ֆունկցիա: Ի՞նչ կասեք այս առթիվ:
— Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է 3 տարի առաջ, եւ արդեն բավական աշխատանք է արել Հայրենիք-Սփյուռք գործակցությունն ընդլայնելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ, հայապահպանության, մեր հայրենակիցներին ազգային ինքնության գաղափարի շուրջ համախմբելու ուղղությամբ: Եւ օր օրի ավելի ակնհայտ է դառնում, որ մեր նախարարությունն անհրաժեշտ ազգապահպան կառույց է, եւ ունի իր հստակ խնդիրներն ու նպատակները, որոնք հետեւողականորեն իրագործում է: Իմ կարծիքով նախարարությունը պետք է ստեղծվեր մեր երրորդ հանրապետության ստեղծումից անմիջապես հետո, որովհետեւ պետական գերատեսչական ամեն մի օղակ խիստ ծանրաբեռնված է իր աշխատանքով, իր համապատասխան գործառույթներով, եւ չի կարող լիարժեք ու նպատակային զբաղվել Սփյուռքի հարցերով ու խնդիրներով: Պետք էր մի կառույց, որը նպատակային ու համակարգված կաշխատեր սփյուռքյան համայնքների, կառույցների, կազմակերպությունների հետ, հասկանար, ճանաչեր, ուսումնասիրեր նրանց գործունեությունը եւ համապատասխան ծրագրեր առաջադրեր: Այդ առաքելությունը ստանձնել է սփյուռքի նախարարությունը, նաեւ համակարգելով բոլոր գերատեսչություններում` Սփյուռքի հետ կապված աշխատանքները:
Նախարարությունը ստեղծելով ՀՀ Նախագահը նրա առջեւ հստակ քաղաքական-ռազմավարական խնդիրներ դրեց: Դրանք են.
- Հայապահպանություն, հայ ինքնության պահպանմանն աջակցություն եւ խրախուսում ամենատարբեր ձեւերով
- Հայ ներուժի հայտնաբերում, համախմբում եւ օգտագործում Հայրենիքի զարգացման եւ առաջընթացի համար
- Հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակում եւ իրականացում
Սրանք այն գործառույթներն են, որոնք որեւէ նախարարության գործառույթը չեն կրկնում, այլ համագործակցության արդյունքում առավել կազմակերպված եւ բովանդակային տեսք են ստանում:
Քսանմեկերորդ դարում Հայկական պետականության եւ աշխարհասփյուռ հայության առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են նոր որակ, ձեւ եւ բովանդակություն հաղորդել հայոց պետականության ամրապնդման եւ հայապահպանության գրավականին՝ Հայաստան-Սփյուռք գործակցությանը, հենվելով առավելապես մարդկային, մշակութային եւ սոցիալական կապիտալի, հասարակական լիարժեք ինտեգրման եւ մրցունակության կռվանների վրա:
Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական նպատակը պատմական Հայրենիքում հաստատված կամ արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, արցախցու կամ սփյուռքահայի հիմնարար իրավունքների եւ ազատությունների, նրա օրինական շահերի պաշտպանությունն է՝ միջազգային իրավունքի շրջանակներում եւ իհարկե, հայ ազգային ինքնության որակների պահպանությունը:
Իր ստեղծման օրից Սփյուռքի նախարարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական, տնտեսական, մտավոր, գիտակրթական, հոգեւոր-մշակութային կարողությունների ու ջանքերի համախմբմանը: Մեր կողմից իրականացված ծրագրերը, համաժողովները, ձեռնարկները նպատակաուղղված են Հայոց ցեղասպանության ճանաչման, ԼՂՀ-ի խաղաղ կարգավորման հիմնախնդիրների աջակցմանը, հայապահպանությանը, հայրենաճանաչմանը:
Ավելացել է սփյուռքահայերի վստահությունը պետության, նախարարության նկատմամբ, ինչը նշանակում է` նրանք գիտեն, որ Հայրենիքում կա մի տեղ, ուր իրենց կլսեն, կօգնեն, կուղղորդեն, կառաջնորդեն, որովհետև իսկապես էլ սփյուռքահայը կարող է չկողմնորոշվել, թե անծանոթ միջավայրում եւ պայմաններում որ խնդրի համար ում է պետք դիմել:
Մեր նախարարությունը, ի տարբերություն մյուս նախարարությունների, որոնք զբաղվում են Հայաստանի 3,5 միլիոն ազգաբնակչության խնդիրներով, աշխատում է աշխարհով մեկ սփռված մեր 7 միլիոն հայրենակիցների համար եւ նրանց կառույցների հետ:
Մենք խրախուսում ենք, որ 7 միլիոնից ավելի սփյուռքահայերից շատերը իրավական կապի մեջ մտնեն պետության հետ` դառնան երկքաղաքացի: Ծոցագրպանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունենալը յուրօրինակ հպարտություն, հաճույք է, եւ Հայրենիքից հեռու ապրող հայ մարդու համար դա Հայրենիքի մի մասնիկն է, մասունքը, որ կարծում եմ` պետք է ունենա յուրաքանչյուր հայ, առավել եւս, որ շուտով լրանում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, եւ հայ ժողովուրդն աշխարհին ապացուցելու շատ բան ունի` իր միասնությամբ, համախմբվածությամբ, ինչու չէ, նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվով, որպեսզի այս փոքր հողակտորը հայտարարի, որ ինքը ոչ թե երեք միլիոն քաղաքացիների պետություն է, այլ հինգ, յոթ, տասը… միլիոն քաղաքացիների: Սա շատ կարեւոր է: Իսկ երկքաղաքացի դառնալու համար շատ հեշտացված է ՀՀ օրենսդրությունը, այդ թվում եւ ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով:
— Ձեր ղեկավարած նախարարությունը պարբերաբար առաջարկում է կառավարությանը` ներել արտերկրում գտնվող այն երիտասարդներին, ովքեր հրաժարվել են զինծառայությունից: Դուք սա բացատրում եք մեկնած երիտասարդներին հայրենիք վերադարձնելու անհրաժեշտութամբ, այլք պնդում են, որ այս նախաձեռնությունն ավելի է խրախուսում արտագաղթը` սպառնալով երկրի անվտանգությանը:
— Այս հարցում, իհարկե, կարող են լինել տարբեր մոտեցումներ: Իհարկե, յուրաքանչյուր երիտասարդի սահմանադրական պարտականությունն է ծառայել հայոց բանակում: Սակայն իրադարձությունների բերումով 100 հազարավոր մարդիկ 90-ականներին հեռացել են հայրենիքից եւ հազարավոր երիտասարդներ մեծացել ու դաստիարակվել են արտերկրում, չգիտեն հայերեն, իրենք մտացածին չեն լքել երկիրը` բանակից խուսափելու համար: Շատ խիստ, կտրուկ, անհանդուրժողական մոտեցման դեպքում մենք հաստատ կկորցնենք նրանց եւ այլեւս Հայաստան չեն գա:
Բայց եթե հանդուրժողական, ներողամիտ մոտեցում ցուցաբերենք, հնարավորություն կստեղծենք, որ այդ երիտասարդները գան Հայրենիք եւ ազատվեն քրեական հետապնդումից:
Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ մեր դիրքորոշումը կնպաստի հայրենիքից երիտասարդների հեռանալուն, ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ եթե մարդը որոշել է հեռանալ, նա կգտնի միջոց եւ ճանապարհ: Մեր խնդիրն է փոխել մթնոլորտը, ստեղծել բարյացակամ եւ վստահելի հարաբերություններ:
— Ձեր անձն ու նախարարությունը վերջերս ներքաշված էին տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ: Մասնավորապես, շաբաթներ շարունակ հասարակությունը հետևում էր Ձեր և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն Թամարա Պողոսյանի հրապարակային վեճին: Ի՞նչ է սա. անարդյունավետ կառավարման հետևա՞նք, Ձեր կողմից լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իսկապես տիկին Պողոսյանը թույլ էր տվել խախտումներ:
— Իմ եւ Թամար Պողոսյանի մեջ որեւէ հրապարակային վեճ չի եղել: Ես որեւէ հրապարակային ելույթ չեմ ունեցել: Այնպես, որ Ձեր հարցը կոռեկտ չի դրված: Հիմնադրամը ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որն էլ 2010թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է որոշում եւ առաջարկել է գործադիր տնօրենին կատարել այն: Այդ որոշումը «դուր չի եկել» տնօրենին եւ նա էլ ելույթներ է ունեցել: Հոգաբարձուների խորհրդի կամ նրա նախագահի կողմից լիազորությունների չարաշահում չի եղել:
Վերջերս էլ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը բավարարեց Թամար Պողոսյանի դիմումը եւ նրան ազատեց աշխատանքից:
— Ինչպե՞ս եք կարողանում ներդաշնակեցնել Սփյուռքի տարբեր հատվածների իրարամերժ շահերը: Գտե՞լ եք այդ բանաձևը:
— Փաստ է, որ Սփյուռքը բազմաշերտ է, բազմակարիք, բազմակարծիք: Կան տարբեր դիրքորոշումներ, յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր առանձնահատկությունները. դրանք կարելի է բացատրել բնակության երկրի ազդեցությամբ, պատմական անցյալով, ազգային հոգեկերտվածքով, քաղաքական, մշակութային ազդեցություններով եւ այլն: Այս ամենը մեր հարստությունն է եւ պետք է կարողանանք ճիշտ օգտագործել: Դրանք ճիշտ ձեւակերպելու եւ ներկայացնելու դեպքում կարող ենք միավորող, համախմբող դեր կատարել:
Շատ քննարկումներ են լինում գաղափարական-քաղաքական հարցերի, Սփյուռք-Հայրենիք կապերի, Սփյուռքի ինքնակազմակերպման տարածքների առանձնահատկությունների մասին:
Մենք հաճախ ենք հանդիպում գիտական, վերլուծական, համահայկական կառույցների ղեկավարներին, որովհետև նրանց հետ քննարկելու բազում հարցեր կան և նրանց հետ որոշակիացվում են մեր գործունեությունը, նախանշվում են հետագա քայլերը:
Սփյուռքի համախմբանը, նրա հայրենասիրական ներուժին առանձնակի ազդակներ են հաղորդում ՀՀ Նախագահի ելույթները, որոնք վերաբերում են հայոց ցեղասպանության, ԼՂՀ-ի խնդրի խաղաղ կարգավորման հիմնախնդիրներին: Մեր գործունեությամբ, Հայաստանում իրականացվող բարեփոխումների շնորհիվ պետք է օգնենք, որ Սփյուռքն ավելի համախմբվի, ավելի կազմակերպված լինի, ավելի հավատա եւ վստահի Հայրենիքին:
Կա անհանգստություն հայ գործարարների շրջանում: Մեր հայրենակիցները գալով Հայաստան` իրենք են ընտրում իրենց բիզնես գործընկերոջը և, ցավոք, երբեմն պատահում են մարդիկ, որ փորձում են խաբել սփյուռքահայերին: Մենք պետք է հետամուտ լինենք բոլոր դեպքերին, պարզենք մեղավորներին, որ անազնիվն էլ պատժվի, Սփյուռքում էլ համոզվեն, որ Հայաստանում բիզնեսը հնարավոր է եւ ձեռնտու: Եթե սկզբնական շրջանում հարկային, մաքսային, բանկային համակարգեր չունեինք, տնտեսական օրենքներ չկային, սփյուռքահայ գործարարները` ոգևորված Հայաստանի անկախությամբ, ուզում էին օգնել, սակայն սխալներ եղան, դրանք օբյեկտիվ սխալներ էին, ապա այսօր մենք ունենք միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրություն եւ ակնկալում ենք ավելի ակտիվ ներդրումներ Հայրենիքում:
Մանավանդ, որ վերջերս էլ ՀՀ Նախագահը հայտարարեց, որ նրանք, ովքեր Հայաստանում նոր արտադրություն կկազմակերպեն, ապա կստանան հարկային արտոնություններ: Այսինքն` պայմանները գրավիչ են և հիմա, երբ աշխարհը տնտեսական առումով ձևափոխվում է, մեր հայրենակիցները պետք է իմանան, որ այստեղ կա էժան աշխատուժ, բարենպաստ պայմաններ, կարող են միջազգային շուկան ուսումնասիրել և Հայաստանում այնպիսի արտադրություն կազմակերպել, որ մրցունակ լինի միջազգային ասպարեզում:
Մեզ համար նաեւ աշխատատեղերի ստեղծումը էական է, որը կնպաստի արտագնա աշխատանքի կանխմանը: Պետական քաղաքականությունն այսօր փոխվել է. եթե առաջ ասում էինք` եկեք, օգնեք Հայաստանին, այսօր ասում ենք` եկեք, գործ դրեք, շահ ունեցեք: Մենք կոտրում ենք այն կարծրատիպերը, որ Հայրենիքին միայն օգնել է պետք, մենք ասում ենք` եկեք Հայրենիքում եկամուտ ստացեք: Սա քաղաքականության փոփոխություն է, որ կարող է կրճատել արտագաղթն ու աղքատությունը, ավելի զորացնել Հայրենիքը:
Համոզված եղեք, որ հայերին շատ բան է միավորում, համախմբում` լեզուն, մշակույթը, պատմությունը, հավատը, ազգային մտածողությունն ու հոգեբանությունը:
Մեր բանաձեւն աշխարհասփյուռ հայերի հետ աշխատանքը կազմակերպելու. “Ճանաչել, վստահել, գործակցել”:
— Ի՞նչ ծրագրեր ունի նախարարությունը:
— Եթե չզլանաք ու բացեք նախարարության կայքը եւ “Հայերն այսօր” էլեկտրոնային թերթը, որտեղ մանրամասն լուսաբանվում են մեր բոլոր ծրագրերը, դուք լիարժեք պատկերացում կկազմեք մեր աշխատանքների ծավալի մասին:
Նախարարությունն իրականացնում է ամենատարբեր ծրագրեր` ուղղված Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Դրանցից կուզենայի առանձնացնել հատկապես մասնագիտական համաժողովները: 2009-2010թթ. կազմակերպվել է 11 մասնագիտական համաժողով եւ գիտաժողով, որոնք քիչ չեն նաեւ այս տարում:
Կարեւորում եմ նաեւ ԵՊՀ- ում սփյուռքագիտության ամբիոնի բացումը, սփյուռքագետ մագիստրոսների պատրաստումը, ինչպես նաեւ` ՀՀ ԳԱԱ արվեստի, գրականության ինստիտուտներում սփյուռքի բաժինների ստեղծումը:
Նախարարությունը, մասնավորապես, մշակում եւ իրականացնում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր, նպաստում է համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, Սփյուռքի ամենօրյա եւ մեկօրյա դպրոցների զարգացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, դպրոցներին դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով ապահովմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանն ու տարածմանը, այլալեզու եւ այլադավան հայերի շրջանում հայկական ազգային ինքնության հաստատմանն ու արմատավորմանը, աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությանը եւ սփյուռքի հայ երիտասարդների ուխտագնացությանը Մայր Հայրենիք եւ այլն:
Ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու պարբերականը, որի հիմնական նպատակն է նպաստել տեղեկատվական ընդհանուր միջավայրի ձևավորմանը, աշխարհի տարբեր երկրներում լույս տեսնող հայկական թերթերի և էլեկտրոնային լրատվամիջոցների միջև տեղեկատվության փոխանակման, համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: Պարբերականի կայքում տեղադրվում է նաև էլեկտրոնային շաբաթաթերթը PDF տարբերակով, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած համայնքում հրատարակել այն:
2011- ին ընդլայնվելու է արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը փոխարկիչի շտեմարանը: Ծրագրի հիմքում ընկած թարգմանչական շտեմարանը, պարբերաբար համալրվելու է նաև բառարանային շտեմարանը` տարեկան 5.000 բառ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում իրականացնել բարդ մասնագիտական տեքստերի արագ և որակյալ թարգմանություն:
Օրերս տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ համացանցում տեղադրված լեզվաբանական գիտելիքների համահայկական կենտրոնի բացումը: Կենտրոնի նպատակն է ստեղծել հայոց լեզվով հավաքվող գիտելիքների համահայկական շտեմարան (էլեկտրոնային հենք), որտեղ կներառվեն ինչպես ընդհանուր օգտագործման բառեր, այնպես էլ գիտահասարակական տերմիններ և դրանց բացատրություններ: Դա կնպաստի տարբեր աղբյուրներում ցրված հայերեն բառերը և տերմինները հավաքել մեկ ընդհանուր կենտրոնում, ինչպես նաև կկանխի դրանց կորուստը` գրքային բառարանների շարքից կամ գործածությունից դուրս գալու հետեւանքով:
Ներկայումս կենտրոնի www.translator.am կայքի օգտատերերին մատուցվող ծառայություններն են. արևելահայերեն- արևմտահայերեն- անգլերեն իմաստային թարգմանությունները, արևելահայերեն–արևմտահայերեն- անգլերեն բացատրական բառարանների շահագործումը, արևելահայերենով և արևմտահայերենով ներկայացվող տեքստերի ավտոմատ սրբագրումը: Կենտրոնի զարգացման առաջիկա ծրագրերից է թարգմանվող լեզուների կազմում ավելացնել ռուսերենն ու թուրքերենը:
«էլեկտրոնային գրադարան» ծրագրի շրջանակներում ստեղծվել և անընդհատ համալրվում են համահայկական հայալեզու գրադարանային ռեսուրսները:
«Մեր մեծերը» ծրագրի նպատակը երիտասարդությանն իր ազգի մեծերի կյանքին ու գործին ծանոթացնելն է: Ծրագրի շրջանակներում իրականացվում են Սփյուռքի նշանավոր անհատների մեծարման միջոցառումներ, կազմակերպվում են հեռուստահաղորդումներ, պատրաստվում են գրքույկներ, թերթոններ, ձայնագրություններ և տեսահոլովակներ:
2009- 2010թթ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են Շառլ Ազնավուրը, Քըրք Քըրքորյանը, Վազգեն Վեհափառը, Ալեք Մանուկյանը, Վարդգես Սուրենյանցը, Լևոն Շանթը, Պողոս Նուբարը, Մխիթար Սեբաստացին, Լազարյան եղբայրները և Միսաք Մանուշյանը:
2011թ. «Մեր մեծեր» են հռչակվել Գարեգին Նժդեհը, Մոնթե Մելքոնյանը, Պետրոս Դուրյանը և Ջիվանին:
Նախատեսվում է հրատարակել Մոնթե Մելքոնյանին նվիրված գիրք, Պետրոս Դուրյանի և Ջիվանու կյանքն ու գործունեությունը ներկայացնող առանձին գրքույկներ, խտասալիկներ, Գ. Նժդեհի մասին նկարահանել տեսաֆիլմ:
2011 թվականի ընթացքում կազմակերպվել և իրականացվել են «Հայ կնոջ դերը Սփյուռքում» գիտաժողովը, Առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների համաժողովը, ինչպես նաեւ` «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովը` Սփյուռք ունեցող պետությունների համապատասխան կառույցների ղեկավարների մասնակցությամբ, հայ բժիշկների, սրտաբանների, ճարտարապետների համաժողովները:
Այս օրերին հայաստանում են գտնվում Սփյուռքի ԶԼՄ-ի «Երիտասարդ լրագրողների դպրոցի» մասնակիցները, որոնք արդեն ավարտել են պարապմունքները Երեւանի պետական համալսարանում եւ զբաղված են ավարտական աշխատանքներով:
Հուլիսի 14 — 20 կկազմակերպվի Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցը:
Շատ եմ կարեւորում սեպտեմբերի 18- 19 անցկացվելիք Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողով:
Հոկտեմբերին կկազմակերպվի «Ոսկե շերեփ» համահայկական խոհարարական մրցույթ, «Այլակրոն հայերի հիմնախնդիրները Սփյուռքում» կլոր սեղան, Սրտաբանների համաժողով, Հայ ֆերմերների համաժողով:
Նախարարությունն իրականացնում է համահայկական մրցանակաբաշխություն` հետևյալ անվանակարգերով.
- «Կտոր մը Հայրենիք» — երիտասարդական գիտական հետազոտությունների մրցանակաբաշխություն` նվիրված Հայաստանի անկախության 20- ամյակին,
- «Մայրենիի լավագույն ուսուցիչ» — Սփյուռքի կրթօջախներում աշխատող հայոց լեզվի, հայոց պատմության ուսուցիչների մրցանակաբաշխություն,
- «Լավագույն երիտասարդական կազմակերպություն» — Սփյուռքի համայնքներում գործող երիտասարդական, ուսանողական կազմակերպությունների, համայնքային երիտասարդական կառույցների մրցանակաբաշխություն:
Ստեղծվում է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքէջ, որի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, ներկան և զարգացման հեռանկարները, պատրաստում և հեռարձակում ենք ֆիլմաշարեր, տեսահոլովակներ և հեռուստա եւ ռադիոհաղորդումներ Հայաստան— Սփյուռք գործակցության վերաբերյալ:
Հրատարակության է նախապատրաստվում «Հայկական Սփյուռք» 2010 թվականի տարեգիրքը:
Արդեն երրորդ տարին գործում է Սփյուռքի երիտասարդության Հայաստան պարբերական այցելությունների «Արի Տուն» ծրագիրը: Այս տարի ծրագիրը մեկնարկել է հունիսի 20- ին եւ կտեւի մինչև սեպտեմբերի 25- ը` տասը փուլով (բյուջեով նախատեսված է մասնակիցների թիվը հասցնել 800- ի):
Սփյուռքագիտության ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման, կազմակերպման նպատակով աջակցում ենք ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի մագիստրանտներին: Օրերս տեղի ունեցավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կազմում գործող սփյուռքագիտության ամբիոնի առաջին շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Իրականացնում ենք Հայաստանի անկախության 20- ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր եւ այլն:
— Ի՞նչ է պատրաստվում անել Հրանուշ Հակոբյանը` խորհրդարանական ընտրություններից հետո: Ձեզ ո՞ր աշխատանքն է ավելի հոգեհարազատ` պատգամավորի՞, թե՞ նախարարի:
— Դեռեւս Խորհրդային Հայաստանի տարիներին ես ընտրվել եմ Գերագույն խորհրդի անդամ, անկախության տարիներին` բոլոր Ազգային ժողովի գումարումներին պատգամավոր եմ եղել, հանդես եմ եկել բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով: Պառլամենտական աշխատանքը ինձ համար հոգեհարազատ ու կարեւոր է միշտ: Ես երբեք չեմ ընտրվել ընտրվելու համար, շատ կարեւոր եմ համարում օրինաստեղծ գործունեությունը: Կարծում եմ օրենքներն են, որ փոխում են երկիրը:
Նախարար եմ նշանակվել ՀՀ Նախագահի հրամանագրով: Գիտեի, որ այս բնագավառը շատ հետաքրքիր, դժվարին եւ պատասխանատու բնագավառ է, որը գործ ունի 7 միլիոն մարդու հետ, որոնք շատ ակնկալիքներ ունեն Հայրենիքից եւ նոր ստեղծվող կառույցից: Եւ առանց վարանելու կարող եմ ասել, որ իմ համախոհների հետ, ՀՀ Նախագահի հովանավորությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը կայացավ: Նաեւ օրենսդրական գործչի աշխատանքն է ինձ համար հոգեհարազատ: Սակայն իրարից խիստ տարբեր են:
Ինչ մնում է խորհրդարանական ընտրություններից հետո ինչ կլինի, կապրենք, կտեսնենք: Ես ՀՀԿ անդամ եմ եւ Հանրապետության Նախագահի որոշումն ինձ համար որոշիչ կլինի: Կաշխատեմ այնտեղ, որտեղ ավելի նպատակահարմար կգտնի, որտեղ իմ հնարավորություններն ու գիտելիքներն ավելի անհրաժեշտ կլինեն:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.