Գյումրու Մուշ 2 թաղամասի շինարարությունն ընթանում էր փակ գոտում։ Երբեմն – երբեմն համակենտրոնացման ճամբարի կանոններով կազմակերպված շինարարական հրապարակում աշխատող առանձին բանվորների ու վարպետների միջոցով տեղեկություններ էին սպրդում, որ «Գլենդել Հիլզ»-ի կառուցած շենքերը խայտառակություն են, ամեն ինչ արվում էր, որ դրանք հնարավորինս արագ լռության մատնվեն, որ հատկապես լրատվամիջոցները այդ մասին չհամարձակվեն անգամ ծպտուն հանել:
Նախորդ տարվա դեկտեմբերին «Գլենդել Հիլզ»-ն ինձ դիմավորեց 50 հոգանոց ախրանիկների բանդայով, որոնք ամեն ինչ արեցին, թույլ չտալու մուտք գործել շինհրապարակ և տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ:
Հետագա ուսումնասիրություններս պարզեցին, որ Հայաստանի Հանրապետությունում «Գլենդել Հիլզ» ընկերությունը ինչ-որ առանձնահատուկ լիազորություններով օժտված կազմակերպություն է։ Շիրակի մարզպետարանում հայտնեցին, թե իրենք իրավասու չեն վերահսկելու շինարարության որակը, որ, իբր դա հսկայական գումարների հետ կապված գործ է ու միայն այս ընկերությունն է, որ բարի է գտնվել հանձն առել նման ծավալի աշխատանք:
Փաստորեն, «Գլենդել Հիլզը» Գյումրու աղետյալների համար թաղամաս էր կառուցում, բայց թե´ քաղաքապետարանը, թե´ Շիրակի մարզպետարանը, թե´ ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդամենը դիտորդի ու սպասողի կարգավիճակում էին, իսկ որակի վերահսկողություն որևէ կառույց չէր իրականացնում:
Ինչու՞: Որովհետև, ըստ որոշ խոսակցությունների, «Գլենդել Հիլզ» ընկերությունը պատկանում է ՀՀ նախագահի եղբայր, պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին: Եղբոր սխալներն սրբագրելու թե մեկ այլ պատճառով, անգամ արյունակցական սերտ կապը չփակեց ՀՀ նախագահի աչքերը, որ չտեսնելու տար շինարարությունում առկա թերությունները:
Նախագահն այցելեց շինհրապարակ իմ այցից մեկ երկու օր հետո։ Սարգսյանը տեսավ այն, ինչ թույլ չտվեցին տեսնել լրագրողին: Հետևանքը` մարզպետարանում գումարված խորհրդակցությունն ու խիստ հանձնարարականները` շտկել ամեն ինչ և նոր միայն կազմակերպել բնակարանների բաշխումը: Չլիներ նախագահի այցը, «Գլենդել Հիլզը» դեռ դեկտեմբեր-հունվարին էր պատրաստվում ավարտել շինարարությունը:
Նախագահի հանձնարարականով բնակարանների բաշխումը հետաձգվեց. 2010թ. հուլիսի 9-ին, ապա հանդիսավոր պայմաններում դրանք հանձնվեց 20 տարի տնակներում ապրող և բնակարանի հույսով ապրող աղետյալներին: Նախագահն անձամբ մասնակցեց հանձնմանը, բաժակ բարձրացրեց գյումրեցիների հետ, լսեց շնորհակալական խոսքեր և նայելով արտաքինից կոկած բնակարաններին, երևի կարծեց, թե իր ասածը տեղ է հասել և նորամուտ նշողները խնդիրներ չեն ունենա:
2010թ. օգոստոսի 17-ին, երբ «Մուշ 2» թաղամասում հարցուփորձ էի անում, մարդիկ, ճիշտ է, խուսափողական տոնով, բայց հավատացնում էին, թե ամեն ինչ կարգին է: Հատկապես մի տղամարդ` քարոզարշավների մեջ կոփված գովաբանողի ճարտարությամբ սկսեց մի առանձահատուկ եռանդով փառաբանել շենքերը, թե «ամեն ինչ հոյակապ է, ի՞նչ է եղել, որ, էդ հատուկենտ դժգոհողները նրանք են, որ ամեն ինչից դժգոհ են, բա ո՞նց, մանր-մունր բաներ են, էդ էլ մենք կանենք, հո ամեն ինչ ուրիշի վրա գցելով չի՞»:
«Սազանդարը» Գյումրու «Մուշ 2» թաղամասի 16-րդ շենքից էր: Իմ հեռանալուց հետո, նույն գիշերը այդ շենքի բնակարաններից մեկի առաստաղն ամբողջությամբ փլվեց` ջարդելով կահկարասին, բարեբախտաբար, բնակիչները փրկվել էին շինարարների թողտվությամբ առաջացած «երկրաշարժից»:
«Մուշ 2» թաղամասում ամենաաչքի զարնողը բնակիչների վախեցած ու կաշկանդված վիճակն էր. Ցավն այն է որ երկիրը հասել է նրան որ ասող – խոսող անկաշկանդ հումորով գյումրեցին հիմնովին դեգրադացվի և դառնա երկչոտ, անհամարձակ` վախենալով ասել այն, ինչ մտածում է:
Սկզբում թվաց, թե հիմնական խնդիրը միայն ջրի բացակայությունն է. ջրագծերը պատրաստ էին, բայց քանի որ բնակարանները դեռ ամբողջությամբ բնակեցված չէին, ջուրը չէին միացրել, այդ իսկ պատճառով թաղամասի բնակիչները իրենց կարիքները հոգում էին դույլերով ջուր կրելով, ինչը, հուսով էին, ժամանակավոր երևույթ էր:
Սակայն հետագա համառ ուսումնասիրությունները միանգամայն այլ պատկեր բացեցին. Բնակիչներից մեկը խոսքի մեջ բերանից թռցրեց, թե «էնքա~ն թերություններ կան, կուզեք` գնացեք առաջին շենք` «բըլի գը»»:
Առաջին շենքի առաջին մուտքի առաջին հարկում շինարարական աղբի մի մեծ կույտ էր: Այդ կույտը, պարզվեց, երկու ամիս առաջ նորամուտ նշած բնակարանի լողասենյակի պատերի ու առաստաղի պոկվելու հետևանքն էր: երբ բողոքի տուտը բացվեց, բնակիչներն իրար խառնված, մեկը մյուսին հերթ չտալով, շտապում էին իրենց բնակարան կանչել և ցույց տալ իրենց մոտ տիրող վիճակը: «Ըսիգ տուն չէ, որ տվել են, ըսիգ եղբայրական գերեզմանոց է», ասաց բնակիչներից մեկը:
Բոլոր բնակարաններում սարսափելի գարշահոտություն էր, քանի որ կոյուղին ոչ մի շենքում չէր գործում: «Բա ո՞նց եք անում» հարցին մի տարիքով կին պատասխանեց. «Գնում եմ ուրիշի տունն եմ անում, բայց դե ինչքա՞ն կարաս ուրիշի զուգարանից օգտվես»:
Նախագահը Գյումրու աղետյալներին հանձնել էր, այսպես կոչված, եվրոբնակարաններ` սալիկապատված, ամեն ինչ տեղը-տեղին: Երկու ամիս հետո, երբ նախագահի հանձնարարականով արագությամբ կպցված սալիկները պոկվել-թափվել էին, բնակիչները սկսել էին հերթով հայտնաբերել թերությունները: «Ըսիգ կաֆել կպցնել է՞, աշե, աշե, կլեյի հետք կտենի՞ս, բետոնի վրա խփել են, ո´չ ցեմենտ կա, ո´չ բան, բա հլը´ տես ըդոնց դրած դուռը»: Բնակչի մատնանշած դուռն իսկապես շինարարական արվեստի «գլուխգործոց էր». դռան և պատի միջև «շինարարները» խցկել էին ամեն ինչ, բացի նրանից, ինչ պետք էր. ջարդուփշուր եղած սալիկներ, փայտի կտորտանք, իսկ ցեմենտի, գաջի հետք, չկար: Խայտառակությունն ամենուր էր և բնակարանից բնակարան պատկերն ավելի վատթար էր: «Մի հատ կծվի, թթվի տեղ չկա». քաղաքացու համար առաջին հայացքից այդքան էլ կարևորություն չունեցող հանգամանքը, աստիճանաբար ավելի հասկանալի էր դառնում. նախ, բնակարանների նախագիծը չափից դուրս անհաջող էր, սենյակները շատ փոքր, անհարմար, ներքնահարկ չկար և, որ ամենակարևորն էր և ամենախոսունը` բոլոր բնակիչներին պաշտոնապես արգելել էին մեխ խփել պատերին: «Փլե´ գը», բացատրում էին բնակիչները, ստացվում էր, որ անգամ սեփական ուժերով պահարան ամրացնելու հնարավորություն չկար. ահա թե ինչպիսի բնակարաններ էր հրամցրել «Գլենդել Հիլզը» աղետյալներին: Ի դեպ, մի մխիթարիչ հանգամանք. փլված հատվածներն այս ընկերությունում հանձն էին առել վերականգնել սեփական ուժերով:
«Մուշ 2» թաղամասի շինարարությունը կատարվել էր անցյալ տարի Ռուսաստանից ստացված 500 մլն դոլար վարկի հաշվին, որը երկրի ղեկավարությունը հատկացրեց ընկերությանը` Գյումրու բնակարաշինական ծրագիրն ավարտին հասցնելու համար: Ասում են, թե սկզբնական շրջանում այստեղ մասնագետներ շատ քիչ են եղել. վարձել են տարբեր մարդկանց, մոտ մեկ ամիս աշխատացրել, հետո հեռացրել` առանց վճարելու: Հետևանքը` հանձնելուց երկու ամիս հետո փլված տները:
Բնակարանների հանձնման ժամանակ շինարարության որակից քաջատեղյակ մասնագետներն ասում էին, թե թաղամասը հենց առաջին ձմռանը ցույց կտա իր բոլոր թերությունները և բավական է մի ձմեռ, որ «Մուշ 2»-ից այլևս ոչինչ չմնա: Ստացվում է` ոչ ցածր տոկոսադրույքով վերցված վարկը, որը դեռ հարկավոր է մարել, մսխվեց` առանց օգուտի, իսկ վնասի մասին անգամ մտածելն է վտանգավոր. Աստված գիտե, թե ինչ կկատարվի, եթե շենքերը իսկապես չդիմանան և փլվեն։ Ինչ զոհեր կարող է դարձյալ տեսնել աղետի գոտու կարգավիճակից դեռ դուրս չեկած Գյումրին:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Հ.Գ. Գյումրիի Մուշ-2 թաղամասի նորակառույց, նոր շահագործման հանձնված շենքերի բնակարաններում արձանագրված շինարարական թերությունների կապակցությամբ, որոնց մասին բազմաթիվ լրատվամիջոցներ հաղորդումներ էին տվել օգոստոսի 18-ին, պարզաբանում է տվել շինարարությունն իրականացրած Գլենդել Հիլզ ընկերությունը:
“Գլենդել Հիլզ» ՓԲԸ մասնագետները տվել են Գյումրիի Մուշ 2 թաղամասում շահագործման հանձնված բնակարաններից մեկում առաստաղի գաջային հատվածի վնասման և թափվելու պատճառների նախնական գնահատականը: Ըստ այդմ, շինարարության ընթացքում երկաթբետոնե աղյուսի (панель) մեջ ջուր է հավաքվել, որը որոշակի դեպքերում չի կարող նկատվել կամ բացահայտվել ստուգումների ընթացքում: Ժամանակի ընթացքում ջուրը ներծծվելով գաջապատ հատվածի մեջ և խոնավեցնելով այն, թուլացրել և վնասել է: Իսկ դրա վերջնականապես վնասմանն ու թափվելուն նպաստել է նույն առաստաղից ջահի տեղադրման (կախելու) կանոնների խախտումը. ջահը կախվել է ոչ թե ծանրության կենտրոն վերցնելով երկաթբետոնե կոնստրուկցիայի հատվածը, այլ առաստաղի գաջապատ հատվածը:
Շինարարական որևէ չափանիշով տեղի ունեցածը փլուզում չի համարվում: Արդյունքում` այն վնասվել է ամբողջությամբ: Ի դեպ, հենց այդպիսի դեպքերի համար է մեր ընկերությունը հայտարարել երաշխիքային սպասարկաման ժամանակահատված:
Ուշագրավ է, որ իրավիճակը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվել է ուռճացված, մեկ աղբյուրից, առանց պատճառների մասին տեղեկանալու փորձի և որևէ իրավասուի հետ խորհրդակցելու:
Ամեն դեպքում, ցավում ենք տեղի ունեցածի համար և տեղեկացնում, որ վնասվածքի հետևանքներն ամբողությամբ կվերացվեն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքը եզակի է, և մյուս բնակարանների բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն”, ասված է ընկերության հանրային կապերի եւ տեղեկատվության վարչության տարածած պարզաբանման մեջ:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.