Հայաստանի նման երկրները, փառք Աստծո, չեն դարձել գաղտնի Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների փորձերի առաջին փորձադաշտ: Դրանք փորձարկել են այլ վայրերում: ԳՄՕ-ների ներկրումը Հայաստան սկսեց աճել 90-ական թվականներին, հատկապես մարդասիրական օգնության խողովակով` որպես ճգնաժամային իրավիճակում հայտնված երկիր: Այդպիսի առաջին մթերքներից էր սերմացու կարտոֆիլը, հետո սոյան, որ որպես օգնություն բաժանում էին մարդկանց: Նկատենք, որ անցումային շրջանում տեղի ունեցավ բնակչության կենսամակարդակի կտրուկ անկում, որն ուղեկցվեց ֆերմերներին ցույց տրվող պետական օգնության գործնական բացակայությամբ: Անվճար ցանքանյութը, բնականաբար, սկսեց դուրս մղել տեղական տեսակները:
Այնուհետև Հայաստան ներկրված ԳՄՕ մթերքներին միացան լոլիկի սերմերը, տոմատները, արագ աճող ծառերի տնկիները (բարդի), պահածոյացված եգիպտացորենը, օսլան և այլն: Այսինքն, հայկական շուկան ԳՄՕ-ների ներխուժման առջև անպաշտպան գտնվեց:Այսօր հարց է` ո՞ւմ թույլտվությամբ մեր երկիր ներխուժեցին ԳՄՕ-ները, որոնք ի սկզբանե նախատեսված էին տասնյակ միլիոնների հասնող բնակչություն ունեցող պետությունների համար, որոնք խնդիր ունեին հոծ բնակչություն կերակրելու: 90-ականներին աչք փակեցին` երկիրը դժվարին վիճակի մեջ է արդարացմամբ, հիմա` նույնը. սա հավասար է ազգային դավաճանության: Մի բուռ ժողովուրդ կերակրելու համար պետք չէ ձեռք մեկնել մի բանի, ինչից բոլոր նորմալ պետությունները հրաժարվել են: Ու հետն էլ թմբկահարել, թե անվճար սերմացու են բաժանում:
Գլխավոր խնդիրն այն է, որ այդ մթերքները վերամշակված կենդանի օրգանիզմներ են, որտեղ պահպանված է ԴՆԹ-ն, որը կարող է սերունդներին փոխանցել ձեռքբերովի, ոչ բնական ժառանգական նյութը:
Այս հարցով արդեն տագնապի ազդանշան են հնչեցնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի սննդի կազմակերպությունը, միջազգային բնապահպանական կազմակերպությունները: Եվրոպական շատ երկրներ ընդհանրապես արգելել են ԳՄՕ-ների ներմուծումը, քանի որ այդ երկրների գիտնականների ուսումնասիրությունները հաստատել են, որ ԳՄՕ-ների օգտագործումը կարող է հանգեցնել մարդու օրգանիզմի համար անբարենպաստ, ինչպես նաև անդառնալի փոփոխությունների:
Գիտնականները հարցնում են` որքանո՞վ է ԳՄՕ-ն անվտանգ օրգանիզմի համար, ու հարցը դեռևս անպատասխան է: Այդ դեպքում խնդիր է ծագում` ի՞նչ չափի ԳՄՕ կարելի է օգտագործել գյուղատնտեսության մեջ, և դրանք արդյոք հղի չե՞ն ծանր, նույնիսկ անդառնալի հետևանքներով:
ԳՄՕ-մթերքի օգտագործման հարցը մնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մանդատի մեջ: Այնուամենայնիվ, ներկայում ԱՀԿ-ն միանշանակ պատասխան չի տվել, թե գենետիկորեն ձևափոխված արտադրանքը մարդու համար ռիսկի գործոն համարվու՞մ է, թե ոչ: Ամեն դեպքում, ԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ գենետիկայի մեթոդների օգտագործումն ընդունում է միայն բուժական նպատակներով և բացառում է մարդու միջամտությունը բնությանը, ինչը կարող է հետագայում ծանր հետևանքներ ունենալ: Աշխարհում այժմ սկիզբ է առել հասարակական խոշոր շարժում, որը պահանջում է սահմանափակել ԳՄՕ-ների տարածումը:
Վիճահարույց իրադրությունը հասունացրեց այս խնդրի օրենքով կարգավորման անհրաժեշտությունը: Այս ուղղությամբ միջազգային առաջին փաստաթուղթը կենսավտանգության վերաբերյալ 2000 թ. Մոնրեալում 130 երկրների կողմից ստորագրված Կարթագենի արձանագրությունն է, որով փաստորեն սահմանվեցին ԳՄՕ-ների տեղափոխման միջազգային կանոնները:
ԳՄՕ-ների ներմուծումը պետությունների անվտանգությանը սպառնալու դեպքում, Արձանագրությունը նրանց թույլ է տալիս կիրառել նախազգուշության սկզբունքը և արգելել ԳՄՕ-ի ներկրումը: Այս սկզբունքը կարճ կարելի է արտահայտել հետևյալ բառերով` «մի վնասիր» կամ «մի շտապիր»:
Մի շարք եվրոպական երկրներ որոշում են ընդունել մակնշել ԳՄՕ-մթերքը: Այսպես, ըստ Եվրոպայի խորհրդի հրահանգի, մթերքի մեջ ԳՄՕ-ի 0,9 տոկոս պարունակության դեպքում ապրանքի մակնշման վրա պետք է լինի համապատասխան գրառում:
Բայց և այնպես, ԳՄՕ արտահանող երկրների (Կանադա, ԱՄՆ) կողմից Եվրախորհրդի վրա մեծ ճնշում է գործադրվում: Ամերիկյան մայրցամաքը պահանջում է հրաժարվել մթերքի մակնշումից: Մասնագետները զգուշացնում են` Հայաստանը պետք է խոհեմ գտնվի ու պաշտպանված լինի ԳՄՕ-ների անվերահսկելի օգտագործումից:
ԵՊՀ մանրէաբանության և բույսերի կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կդթ Յուրի Պոպով. «Ինչ վերաբերում է ԳՄՕ վնասակարությանը, դրա մասին դեռ վաղ է խոսել, դա հայտնի կլինի մի քանի սերունդ հետո: Երկրագնդի բնակչության աճին զուգահեռ` նրան կերակրելու խնդիրն առանց ԳՄՕ-ի չի լուծվի, այս հարցում ես համամիտ եմ իմ կոլեգային՝ Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Գլեբային, որն ասում է` ապագան ԳՄՕ-ներինն է: Այլ հարց է, թե որքանո՞վ է նպատակահարմար մեր` դեռևս համեմատաբար մաքուր երկիրը, որն օազիս է իր էկոլոգիական բնամթերքով, ընդունել այդ սերմացուն, այլ ոչ թե շեշտը դնել հենց մեր էկոլոգիապես մաքուր արտադրանքի վրա: Մեր մթերքն այլևս չի լինի բազմազան ու բազմահամ, արդեն չկան մեր որոշ սորտերը, իսպառ վերացել է տեղական լոլիկը, վերանում է կարտոֆիլը: Հայաստանն այն մասշտաբները չունի, որ էապես ազդի համաշխարհային սննդահարցի լուծման վրա: Կարծում եմ, պետք չէ շտապել, պետք է զգուշանալ նաև Monsanto Company-ից, քանի որ հայտնի է նրա մոնոպոլ դերը ողջ աշխարհում, պետք չի մտնել գործարքի մեջ պետական մակարդակով»:
Գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքի տարածումն աշխարհում նույնքան բռնի պրոցես է, որքան Monsanto Company-ի, Coca-Cola-ի ու նման այլ գլոբալ կորպորացիաների լոբբինգը: Դրանք տարածվում են տեղական փոքր բիզնեսների հաշվին` ճնշելով ու ոչնչացնելով նրանց: ԱՄՆ-ում գենետիկորեն մոդիֆիկացված ցորենի կամ այլ հատիկազգիների տարածման համար հաճախ սկզբից դիմում են ֆերմերներին` նրանց առաջարկելով ընդունել իրենց պայմաններն ու ստորագրել համագործակցության շատ թանկարժեք պայմանագիրը: Բնականաբար, մեծ մասը մերժում են, սակայն դրանով գործը չի ավարտվում: Այդ առաջարկը ներկայացրած կորպորացիան ինքնաթիռով թաքուն շաղ է տալիս իր գենամոդիֆիկացված սերմերն իրեն մերժած ֆերմերի դաշտերի վրա ու վարակում դրանք: Ապա, երբ բերքը հասունանում է, այդ կորպորացիան գալիս է «ստուգելու» դաշտերը ու, իբր ի զարմանս իրեն, հայտնաբերում, որ իր սերմերն այդտեղ աճում են:
Իհարկե, դրան հետևում է դատական երկար ու տանջալի գործընթաց, ամեն ինչից անտեղյակ ու ցնցված ֆերմերն ստիպված է լինում արդարանալ, բայց մեկ է` դա չի օգնում, նա տանուլ է տալիս, ու իր արտերը գնում է մեկ այլ` հնազանդ ֆերմեր կամ հենց Monsanto-ն` այնտեղ իր ԳՄՕ-սնունդն աճեցնելու համար: Դրանից բացի, դաշտն այնպես է վարակվում, որ եթե նույնիսկ ֆերմերը հաղթի դատարանում, միևնույն է` այլևս չի կարողանա երկար ժամանակ նորմալ սերմեր աճեցնել այդ նույն դաշտում, ու ի վերջո` ստիպված է լինելու նորից գնել կորպորացիայից…
Հիմա մեր կառավարությունը սեփական կամքով սեփական ժողովրդին կախվածության մեջ է գցում մի կորպորացիայից, որը օվկիանոսից անդին է: Արդյո՞ք դա կարևոր ռազմավարական խնդիր չի, արդյո՞ք ազգային անվտանգության կամ տարրական ինքնապաշտպանական խնդիր չկա, արդյո՞ք սրանով չենք վտանգում պետականությունը` ի դեմս առողջության: Հարցին այս տեսանկյունից խնդրեցի պատասխանել տեղեկատվական անվտանգության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանին.
«Ինչպես և ցանկացած կախվածության դեպքում` բազմաթիվ խնդիրներ եմ տեսնում, նախևառաջ՝ ազգային անվտանգության ոլորտի խնդիրներ։ Monsanto ընկերությունը հայտնի է իր մենաշնորհային դիրքով, ստվերային ու շատ հաճախ ագրեսիվ գործողություններով։ Եթե Հայաստանի գյուղատնտեսությունը կախման մեջ է դրվում մենաշնորհային դիրքեր ունեցող ընկերության արտադրանքից, ապա այդ ընկերությունը բացառիկ լծակներ է ստանում Հայաստանին պայմաններ թելադրելու առումով։ Հայտնի է նաև, որ Monsanto-ն շատ ագրեսիվ, եթե չասենք՝ թալանչիական, արտոնագրային քաղաքականություն է վարում (օրինակ՝ սերմերը պաշտպանված են հեղինակային իրավունքով, գյուղացուն պարտադրվում է գնել միայն որոշակի արտադրողների պարարտանյութեր` բարձր գներով և այլն): Հնարավոր է` հիմա դրա մասին չեն խոսում, բայց ապագայում փաստի առաջ են կանգնեցնելու, և այլընտրանք չենք ունենալու»։
Չեմ կարող հաստատ ասել, բայց կասկածներ ունեմ, որ մեզ ծախում են Monsanto-ին, որը համաշխարհային գերակայություն է հաստատում ԳՄՕ-ի միջոցով: Իմ սուբյեկտիվ կարծիքով` աշխարհում ընթացող ամեն ինչի դիրիժորը Monsanto-ն է, նաև նմանատիպ գերկորպորացիաները, իսկ մեր վարչապետն էլ, նախագահն էլ` նրանց կատարածուներն են:
- 12:28«Մանկապիղծ» խարանը չի մաքրվում
- 9:44Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 16:11Հա՛լալ ա Պուտինին. Հեքիաթ արտագաղթի մասին
- 13:04Սմայլիկի ու ժպիտի մասին/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին»
- 14:09Շարունակիր ապրել
- 13:10Սիրո իմ վարկածը
- 12:10Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են
- 11:40Ջարդուփշուր եղած կյանք. Ոչ մի կին արժանի չի ծեծվելու
- 12:19Ինչպիսի՞նն են մեր երիտասարդները
- 12:30Կոաքսիլ/Սեդալգին = գանգրենա/մահ, կամ՝ դեղատունը նույն «բարիգն» է
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.